Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

 

1.        Կարգավորման ենթակա խնդիրը.

2020 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ է մտել Հայաստանի Հանրապետությունում հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության ոլորտները կարգավորող օրենսդրական փաթեթը, որը ներառում է «Հաշվապահական հաշվառման մասին», «Աուդիտորական գործունեության մասին» և «Հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության կարգավորման և հանրային վերահսկողության մասին» ՀՀ օրենքները։ Նոր կարգավորումներով ներդրվել է հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության ոլորտների կարգավորման՝ «մասնագիտացված կառույցներ-հանրային վերահսկողության խորհուրդ» մոդելը և ոլորտի կարգավորման որոշ գործառույթներ պատվիրակվել են մասնագիտացված կառույցներին, իսկ որոշները՝ հանրային վերահսկողության խորհրդին։ Օրենսդրական փոփոխությունների արդյունքում անհրաժեշտություն է առաջացել վերանայել նաև նշված ոլորոտները կարգավորող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերը։

 

2 Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության ոլորտները կարգավորող օրենսդրական փոփոխություններով պայմանավորված իրականացվել է ոլորտը կարգավորող իրավական ակտերի ուսումնասիրություն։ Արդյունքում անհրաժեշտություն է առաջացել ուժը կորցրած ճանաչել ՀՀ կառավարության մի շարք որոշումներ, քանի որ նոր օրենսդրությունը չի նախատեսում նման կարգավորումներ կամ դրանք վերապահված են այլ մարմնի։ Ընդ որում, նոր օրենքների անցումային դրույթներով սահմանվել է նախկինում գործող կարգավորումներից նոր համակարգին անցում կատարելու ժամանակացույցը։ Մասնավորապես, նախկինում կարգավորումների համաձայն տրված հաշվապահի և աուդիտորի որակավորման վկայականների համար սահմանվել է վերջնաժամկետ, որը սպառվել է 2025 թվականի դեկտեմբերին։

Իրականացված ուսումնասիրությունների արդյունքում բացահայտվել են նաև ՀՀ կառավարության որոշումներ, որոնք վաղուց կորցրել են իրենց արդիականությունը, սակայն իրավական առումով շարունակում են գործել։

Միաժամանակ, 2021 թվականի մարտի 4-ին «Հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքում տեղի ունեցած փոփոխության արդյունքում հանրային հատվածի հաշվապահի որակավորում ունեցող հաշվապահների և հանրային հատվածի կազմակերպություններին հաշվապահական ծառայություններ մատուցող անձանց հաշվառման կարգը սահմանելու ՀՀ կառավարության լիազորությունը փոխանցվել է ՀՀ ֆինանսների նախարարությանը։

Վերոգրյալով պայմանավորված, մշակվել է «ՀՀ կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ)։ Մասնավորապես, Նախագծով նախատեսվում է ուժը կորցրած ճանաչել ՀՀ կառավարության հետևյալ որոշումները.

1) 1996 թվականի օգոստոսի 8-ի N 245 – որոշմամբ սահմանվել է Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների հաշվապահական հաշվեկշռի արտարժութային և արտարժույթով արտահայտված հաշիվների վերագնահատման կարգը, որը դադարել է կիրառվել ՀՀ-ում ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտների ներդրման պահից.

2) 1998 թվականի հուլիսի 24-ի N  457 – որոշմամբ սահմանվել է «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքով նախատեսված` Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմինը, ինչը ներկայումս կարգավորված է օրենքով.

3) 2003 թվականի օգոստոսի 8-ի թիվ 1048-Ն – որոշմամբ հաստատվել է Հայաստանի Հանրապետությունում հաշվապահների որակավորման կարգը։ Այս գործառույթը ներկայումս պատվիրակված է մասնագիտացված կառույցին, իսկ որոշմամբ հաստատված կարգով տրված բոլոր վկայականները ուժը կորցրել են 2025 թվականի դեկտեմբերին.

4) 2005 թվականի փետրվարի 3-ի թիվ 122-Ն - որոշմամբ սահմանվել է աուդիտ իրականացնող անձանց կողմից կնքված պայմանագրերի գրանցամատյանի ձևը և դրանց վարման կարգը։ Գործող օրեսդրությունը նման կարգավորումներ չի նախատեսում.

5) 2005 թվականի փետրվարի 3-ի թիվ 123-Ն - որոշմամբ կանոնակարգվում են աուդիտորների որակավորման հետ կապված հարցեր։ Այս գործառույթը ներկայումս պատվիրակված է մասնագիտացված կառույցին և կարգավորված է համապատասխան որոշումներով.

6) 2008 թվականի օգոստոսի 14-ի թիվ 1007-Ն – որոշմամբ հաստատվել է աուդիտորների որակավորման նպատակով մասնագիտացված կառույցի հավատարմագրման կարգը, ինչը ներկայումս կարգավորված է օրենքով.

7) 2011 թվականի մարտի 31-ի թիվ 318-Ն - որոշմամբ սահմանվել է «Աուդիտորական գործունեության մասին» ՀՀ օրենքով նախատեսված` Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմինը, ինչը ներկայումս կարգավորված է օրենքով.

8) 2012 թվականի հունվարի 26-ի թիվ 82-Ն - որոշմամբ հաստատվել է աուդիտ իրականացնող անձանց կողմից ներկայացվող եռամսյակային հաշվետվության ձևը, այն լրացնելու և ներկայացնելու կարգը։ Աուդիտորական կազմակերպությունների գործունեության հսկողությունը ներկայումս վերապահված է այն մասնագիտացված կառույցին, որին անդամակցում է  և աուդիտորական կազմակերպությունը.

9) 2012 թվականի մարտի 22-ի թիվ 346-Ն և 2013 թվականի հունիսի 13-ի թիվ 778-Ն - որոշումներով կանոնակարգվում են Հայաստանի Հանրապետությունում աուդիտորական ծառայությունների իրականացման լիցենզավորման հետ կապված հարաբերությունները։ Գործող օրեսդրությամբ աուդիտորական ծառայությունների իրականացումը չի հանդիսանում լիցենզավորման ենթակա գործունեության տեսակ.

10) 2013 թվականի փետրվարի 7-ի թիվ 89-Ն և թիվ 99-Ն - որոշումներով կանոնակարգվում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի աուդիտորական գործունեության հսկողության տեսչության կողմից իրականացվող ստուգումների հետ կապված հարաբերությունները։ Գործող օրեսդրությամբ աուդիտորական կազմակերպությունների և աուդիտորների կողմից մատուցվող աուդիտորական ծառայությունների որակի հսկողության պահանջների պահպանման արտաքին գնահատման գործառույթը վերպահված է մասնագիտացված կառույցներին և հանրային վերահսկողության խորհրդին, իսկ դրա հետ կապված հարաբերությունները կարգավորված են համապատասխան իրավական ակտերով.

11) 2015 թվականի հունվարի 22-ի թիվ 82-Ն որոշմամբ սահմանվել է հանրային հատվածի հաշվապահի որակավորում ունեցող հաշվապահների և հանրային հատվածի կազմակերպություններին հաշվապահական ծառայություններ մատուցող անձանց հաշվառման կարգը։ 2021 թվականի մարտի 4-ին «Հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքում տեղի ունեցած փոփոխության արդյունքում հանրային հատվածի հաշվապահի որակավորում ունեցող հաշվապահների և հանրային հատվածի կազմակերպություններին հաշվապահական ծառայություններ մատուցող անձանց հաշվառման կարգը սահմանելու լիազորությունը վերապահվել է ՀՀ ֆինանսների նախարարությանը։

 

3 Առաջարկվող կարգավորման բնույթը.

Հաշվի առնելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասը, այն է՝ նորմատիվ իրավական ակտը, բացառությամբ Սահմանադրության, ուժը կորցրած է ճանաչվում իրավաստեղծ մարմնի, դրա իրավահաջորդի կամ համապատասխան լիազորություններով օժտված մարմնի որոշմամբ, մշակվել է Նախագիծը:

 

       4 Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Նախագիծը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից:

 

 

5. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

Նախագիծը բխում է ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագիր «6. Ինստիտուցիոնալ զարգացում» բաժնի «6.4 Ինստիտուտների և գործառույթների արդիականացում» կետից՝ նպաստելով հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության ոլորտների կարգավորման առաջադեմ համակարգի ներդրմանը և ապահովելով գործադիր իշխանության մարմինների գործառույթների միասնական ու օպտիմալ կառուցակարգեր։

 

6 Նպատակը և ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունմամբ ուժը կորցրած կճանաչվեն հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության ոլորտը կարգավորող մի շարք ՀՀ կառավարության որոշումները, որոնք չեն բխում ոլորտը կարգավորող գործող օրեսդրության պահանջներից:

 

7. Պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների վերաբերյալ.

Նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:    

  • Տևողություն

    27.03.2026 13.04.2026
  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Ֆինանսական

  • Կարգավիճակ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 36

Տպել

Առաջարկներ`

Թողնել առաջարկ

Առաջարկ 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Ավելացնել հաջորդ առաջարկը

Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և հետո:

Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:

Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում:

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: