ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԴԱՍԻՉՆԵՐԻ (ՆԵՐԱՌՅԱԼ ԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՏՈՒԿ ՆՇՈՒՄԸ) ԵՎ ԴՐԱՆՑ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՏՐՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՑԱՆԿԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
«Բարձրագույն կրթության մասնագիտությունների, դրանց դասիչների (ներառյալ կարգավորող մասնագիտությունների վերաբերյալ հատուկ նշումը) և դրանց համապատասխան տրվող որակավորումների և համապատասխանության ցանկերը հաստատելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է բարձրագույն կրթության և գիտության ոլորտներում համակարգային բարեփոխումների ընթացքով և դրանց համար անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների ապահովման անհրաժեշտությամբ:
««Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը» հաստատելու մասին» և «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքների ընդունմամբ, ըստ էության, ամրագրվել են բարձրագույն կրթության ոլորտում միջազգային չափանիշներին համապատասխան կրթական միջավայր ապահովելուն միտված պետական նոր քաղաքականության ուղղությունները, որոնց էությունը կայանում է միջազգային մակարդակում մրցունակ բարձրագույն կրթության և բարձրագույն ուսումնական հաստատությունների եվրոպական չափանիշներին համապատասխանության, միջազգային վարկանիշավորման ցանկերում բուհերի առաջխաղացման ապահովում, արդի մարտահրավերներին պատրաստ, աշխատանքի և մասնագիտության մեջ կայացած անհատի ձևավորումը: «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքով ամրագրվել է բարձրագույն կրթության երեք մակարդակներ, որոնցում ուսումնառության հաջող ավարտին շնորհվում են համապատասխանաբար բակալավրի, մագիստրոսի և դոկտորի որակավորումներ: Բարձրագույն կրթության համակարգի արդիականացման, որակավորումների ազգային շրջանակի և արդյունքահեն (outcome-based) կրթության մոդելի կիրառման պայմաններում առաջանում է այնպիսի միասնական նորմատիվ դասակարգման մոդելի ձևավորման անհրաժեշտություն, որը կապահովի՝
· բարձրագույն կրթության կառուցվածքի համակարգայնությունը և կառավարելիությունը,
· միջազգային վիճակագրական ստանդարտների հետ համադրելիությունը,
· նորմատիվ կարգավորման թափանցիկությունը,
· կրթական ծրագրերի ճկունությունը՝ պահպանելով համակարգի կառուցվածքային ամբողջականությունը։
Նախագիծը միտված է ձևավորելու հիերարխիկ կառուցվածքի վրա հիմնված մասնագիտությունների և որակավորումների դասակարգչի ժամանակակից մոդել՝ որը ներառում է կրթության բնագավառները, պատրաստման ոլորտները, մասնագիտությունները և շնորհվող որակավորումները։
2. Առաջարկվող կարգավորման բնույթը.
ՀՀ բարձրագույն կրթության մասնագիտությունների և որակավորումների ցանկը (դասակարգիչը) կրում է նորմատիվ բնույթ և հանդիսանում է բարձրագույն կրթության համակարգի պետական կարգավորման գործիք։ Նախագծում սահմանվել է նաև «մասնագիտություն» հասկացությունը որպես՝ պետության կողմից հաստատված բարձրագույն կրթության տիրույթ, որը բնութագրում է շրջանավարտի մասնագիտական գործունեության լայն շրջանակը, տալիս է նրա մասնագիտական զբաղվածության սահմանները և միավորում է մեկ կամ մի քանի կրթական ծրագրեր։
Մասնագիտությունը հանդիսանում է համակարգի հիմնական դասակարգման միավորը և օգտագործվում է ռազմավարական վերլուծության, կադրային պահանջների կանխատեսման և պետական կրթական քաղաքականության ձևավորման և արդյունքների վերլուծության նպատակներով։
Առաջարկվող մոդելով հստակ տարանջատվում են կարգավորման մակարդակները՝
· մասնագիտություն — դասակարգման նորմատիվ միավոր,
· կրթական ծրագիր — լիցենզավորման և հավատարմագրման օբյեկտ,
· որակավորում — կոնկրետ կրթական ծրագրի ավարտի արդյունք, որը համապատասխանում է տվյալ մասնագիտության շրջանակներում բարձրագույն կրթության համապատասխան մակարդակին։
Առաջարկվող մոդելում լիցենզավորումն ու հավատարմագրումը կիրականացվեն բացառապես կրթական ծրագրերի մակարդակում։ Այս կարգավորումը կապահովի բուհերի ակադեմիական ինքնավարությունը և ծրագրերի բազմազանությունը՝ պահպանելով համակարգի նորմատիվ կառուցվածքային կայունությունը:
ՀՀ բարձրագույն կրթության մասնագիտությունների և որակավորումների ցանկը (դասակարգիչը) ապահովում է նաև համակարգի կառավարելիությունը և միջազգային համադրելիությունը։ Միջազգային հաշվետվողականության նպատակով կրթական ծրագրերը կոդավորվում են՝ համաձայն ISCED-F 2013 (International Standard Classification of Education) դասակարգման, որը մշակվել է UNESCO-ի կողմից։ Միաժամանակ միջազգային դասակարգումը կիրառվում է բացառապես որպես վիճակագրական համադրելիության գործիք և չի սահմանում ՀՀ բարձրագույն կրթության համակարգի ներքին նորմատիվ կառուցվածքը։
Հայաստանի Հանրապետության բարձրագույն մասնագիտական կրթության մասնագիտությունների և որակավորումների ցանկը հաստատվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 23-ի N 1191-Ն որոշմամբ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարաի 2024 թվականի մարտի 22-ի N 17-Ն հրամանով սահմանվել է գիտական աստիճաններ շնորհելու մասնագիտությունների անվանացանկը: Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության մասնագիտությունների և որակավորումների նոր ցանկի և դրանց դասիչների (ներառյալ կարգավորող մասնագիտությունների) հաստատումը, որպես միջազգային նոր զարգացումներին համահունչ գործիքակազմերի ներդրում, կստեղծի բարձրագույն կրթության համակարգի կառուցվածքային արդիականացման նորմատիվ հիմք, ապահովելով միջազգային համադրելիությունը և բարձրացնելով ոլորտի պետական կառավարման արդյունավետությունը։ ՀՀ բարձրագույն կրթության մասնագիտությունների և որակավորումների ցանկը (դասակարգիչը) ունենալու է դինամիկ բնույթ և պարբերաբար վերանայվելու է: Նախագծով վերոնշյալ ցանկերում ներառված մասնագիտությունները համապատասխանեցվում են նոր դասիչներին:
3. Ակնկալվող արդյունքը
«Բարձրագույն կրթության մասնագիտությունների,դրանց դասիչների (ներառյալ կարգավորող մասնագիտությունների վերաբերյալ հատուկ նշումը) և դրանց համապատասխան տրվող որակավորումների և համապատասխանության ցանկերը հաստատելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունումը թույլ կտա՝
· վերացնել մասնագիտությունների կրկնությունն ու ավելորդ մանրամասնեցումը,
· ապահովել միջազգային համադրելիությունը,
· ամրապնդել բարձրագույն կրթության և տնտեսության կապը,
· ստեղծել մասնագիտությունների և կրթական ծրագրերի թվային ռեեստրի հիմք,
· ապահովել մասնագիտությունների և որակավորումների ինտեգրումը որակավորումների ազգային շրջանակի հետ,
· բարձրացնել ռազմավարական պլանավորման, պետական կարիքների գնահատման և հաշվետվողականության արդյունավետությունը։
4. Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի էական ավելացման կամ նվազեցման վերաբերյալ.
«Բարձրագույն կրթության մասնագիտությունների և դրանց դասիչների (ներառյալ կարգավորող մասնագիտությունների վերաբերյալ հատուկ նշումը) և դրանց համապատասխան տրվող որակավորումների և համապատասխանության ցանկերը հաստատելու մասին» Կառավարության որոշման Նախագծի ընդունման կապակցությամբ ՀՀ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
5. «Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.
«Բարձրագույն կրթության մասնագիտությունների և դրանց դասիչների (ներառյալ կարգավորող մասնագիտությունների վերաբերյալ հատուկ նշումը) և դրանց համապատասխան տրվող որակավորումների և համապատասխանության ցանկերը հաստատելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունումը բխում է՝
1․ Հայաստանի մինչև 2050թ. վերափոխման ռազամավարության 1-ին «Կիրթ և կարողունակ քաղաքացի» ունենալու մեգանպատակի թիրախային արդյունքային ցուցանիշներին հասնելու պահանջից,
2․ «Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը» հաստատելու մասին» օրենքով սահմանված պահանջներից, մասնավորապես, Հոդված 1-ով հաստատված հավելված 1-ի`
1) 81-րդ կետի 1-ին ենթակետի «գ» պարբերությունից, այն է «նախնական, միջին մասնագիտական և բարձրագույն կրթական ծրագրերի ու մասնագիտությունների ցանկերի վերանայում աշխատաշուկայի պահանջներին համապատասխան և տարանջատում՝ ըստ որակավորումների ազգային շրջանակի կրթական մակարդակների նկարագրերի, դրանց համապատասխան որակավորումների ոլորտային շրջանակի սահմանում.»
2) 81-րդ կետի 5-րդ ենթակետի «զ» պարբերությունից՝ «զ. բարձրագույն կրթության մակարդակում կարգավորվող մասնագիտությունների հասկացության սահմանում և ներդրում։ Այս անհրաժեշտությունը կա, քանզի միջազգային փորձը ցույց է տալիս, որ առանձին մասնագիտություններ, ինչպես, օրինակ, բժշկությունը, մանկավարժությունը, ճարտարապետաշինարարությունը, իրավագիտությունը կարիք ունեն առանձին իրավակարգավորումների»,
3․ ՀՀ կառավարության 2023 մարտի 16-ի N351-Լ որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը» հաստատելու մասին» օրենքից բխող գործողությունների ծրագրի՝ «Բարձրագույն կրթություն» գլխի 1.1.2 կետի՝ «ՀՀ բարձրագույն մասնագիտական կրթության մասնագիտությունների և որակավորումների ցանկի արդիականացում (այդ թվում՝ կարգավորվող և միջոլորտային մասնագիտություններ)՝ ձևավորելով մասնագիտական խորհուրդներ»: