««Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և ««Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծեր
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Զենքի շրջանառության կարգավորման մասին օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի ընդունման անհրաժեշտության
1. Ընթացիկ իրավիճակը, իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
Զենքի շրջանառության կարգավորման մասին օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածը սահմանում է Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները:
Նշված հոդվածի 1-ին մասի 38-րդ կետը սահմանում է հանրապետական գնդակապարկուճային հաշվառման քարտադարան հասկացությունը, համաձայն որի այն. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի լիազոր մարմնի կողմից վարվող՝ Հայաստանի Հանրապետության տարածքում կատարված չբացահայտված հանցագործությունների դեպքի վայրերից վերցված (հայտնաբերված) ակոսափող հրազեններից կրակված պարկուճների, գնդակների և հետքեր ունեցող փամփուշտների, Հայաստանի Հանրապետության տարածքում շրջանառվող ակոսափող զենքի (մինչև 12,7 մմ տրամաչափի), ինչպես նաև առգրավված, հայտնաբերված, կամավոր հանձնված, կորած (հափշտակված) զենքերի ձգաբանական հետազոտման ենթարկված և նմուշառված գնդակների, պարկուճների հավաքածու է:
2024 թվականի մայիսի 2-ին ՀՀ կառավարությունն ընդունել է «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն (այսուհետ՝ նաև ՊՈԱԿ) ստեղծելու մասին N 650-Ն որոշումը և հաստատել ՊՈԱԿ-ի կանոնադրությունը: ՊՈԱԿ-ը ձևավորվել է ՀՀ ներքին գործերի նախարարության (այսուհետ՝ ՆԳՆ) կազմում լուծարված փորձաքրեագիտական վարչության հենքի վրա և ներկայումս ՊՈԱԿ-ն է ՀՀ կառավարության սահմանած կարգով իրականացնում փորձաքննություններ, քրեագիտական հաշվառումներ: Հարկ է նաև նշել, որ հանրապետական գնդակապարկուճադարանի բաժինը ևս հանդիսանում է ՊՈԱԿ-ի կառուցվածքային ստորաբաժանում, որին և փոխանցվել է ՀՀ ներքին գործերի նախարարության կազմում նախկինում գործող փորձաքրեագիտական վարչության գործառույթները:
ՊՈԱԿ-ի կանոնադրության 1-ին կետի համաձայն՝ ՊՈԱԿ-ը ստեղծվել է քրեագիտական հետազոտությունների և դատական փորձաքննությունների բնագավառում գործունեություն իրականացնելու նպատակով: ՊՈԱԿ-ի կանոնադրության 9-րդ կետի համաձայն՝ ՊՈԱԿ-ն իր գործունեության առարկային և նպատակներին համապատասխան՝ ի թիվս այլ գործառույթների, կատարում է փորձաքննություններ պետական, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, ֆիզիկական և իրավաբանական անձանց նախաձեռնությամբ և պատվերով, ինչպես նաև իրականացնում քրեագիտական հաշվառումներ:
ՀՀ կառավարության 2024 թվականի մայիսի 2-ի թիվ 650-Ն որոշման 7-րդ կետի համաձայն՝ ՊՈԱԿ-ի կառավարումն իրականացնող լիազորված պետական մարմին է ճանաչվել ՀՀ քննչական կոմիտեն և վերջինիս վերապահվել է «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 14-րդ հոդվածով նախատեսված լիազորությունները:
«Ոստիկանության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2025 թվականի հոկտեմբերի 2-ի N ՀՕ-316-Ն օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով ուժը կորցրած են ճանաչվել «Ոստիկանության մասին» օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ, 6.1-ին կետերը, որոնց համաձայն ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը հանցագործություններ հայտնաբերելիս և բացահայտելիս իրավունք ունի կատարելու փորձաքննություններ՝ քրեական գործերով, գիտատեխնիկական հետազոտություններ՝ օպերատիվ-հետախուզական գործունեության նյութերով, ինչպես նաև իրականացնել քրեագիտական հաշվառումներ: Նշված օրենսդրական փոփոխությունների համաձայն՝ հանվել են ՀՀ ՆԳՆ ոստիկանությանը նախկինում վերապահված փորձաքննություններ կատարելու, Հայաստանի Հանրապետությունում շրջանառվող փաստաթղթերի նմուշօրինակների միասնական հավաքածու ստեղծելու և վարելու և այլ քրեագիտական հաշվառումներ իրականացնելու իրավասությունները:
Օրենքի 29-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ իրավաբանական և ֆիզիկական անձանց պատկանող քաղաքացիական և ծառայողական զենքը կարող է փոխանցվել ՀՀ ոստիկանություն` զենքը պահելու կամ փորձաքննության համար կամ ի տնօրինություն, մինչդեռ, ելնելով մատնանշված դրույթներից, ՀՀ ոստիկանության կողմից այլևս փորձաքննություն չի իրականացվում, այլ նրա կողմից ուղարկվում է ՊՈԱԿ՝ փորձաքննության:
Օրենքի 31-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ ակոսափող զենքը վաճառելու, նվիրելու, ժառանգելու դեպքում ստուգման նպատակով կրակելու համար այն ներկայացվում է փորձաքրեագիտական ստորաբաժանում, մինչդեռ զենքի նախնական ստուգողական կրակոց կատարվում է ՊՈԱԿ-ի կազմում գործող հանրապետական գնդակապարկուճադարանում, որի գործունեության կարգը սահմանում է Կառավարությունը:
Ելնելով վերոգրյալից՝ անհրաժեշտություն է առաջացել փոփոխություններ և լրացում կատարել Օրենքում, ինչպես նաև լրացում կատարել նաև «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» օրենք 11-րդ հոդվածում, որով սահմանված է ՀՀ քննչական կոմիտեի համակարգը, որի համաձայն ՀՀ քննչական կոմիտեի համակարգը ներառում է ՀՀ քննչական կոմիտեի կենտրոնական մարմինը, զինվորական քննչական գլխավոր վարչությունը, Երևան քաղաքի քննչական վարչությունը, մարզային քննչական վարչությունները: Մինչդեռ, վերոնշյալ հոդվածով ՊՈԱԿ-ի և դրա գործառույթների վերաբերյալ դրույթներ նախատեսված չեն:
2. Առաջարկվող կարգավորման բնույթը.
Նախագծով առաջարկվում է «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածում լրացնել ՊՈԱԿ-ի և դրա գործունեության վերաբերյալ դրույթներ, ինչպես նաև փոփոխություններ կատարել Զենքի շրջանառության կարգավորման մասին ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 38-րդ կետում, 29-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետում և 31-րդ 3-րդ մասում:
3. Ակնկալվող արդյունքը.
Նախագծի ընդունմամբ ակնկալվում է Հանրապետական գնդակապարկուճային հաշվառման քարտադարան հասկացության, ինչպես նաև փորձաքննության հետ կապված դրույթները համապատասխանեցնել գործող իրավակարգավորումներին, ինչպես նաև հստակեցնել ՀՀ քննչական կոմիտեի համակարգը՝ նախատեսելով ՊՈԱԿ-ի և դրա գործառույթների վերաբերյալ դրույթներ:
4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Նախագիծը մշակվել է ՀՀ քննչական կոմիտեի կողմից:
5. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.
Նախագծի ընդունման կապակցությամբ ՀՀ պետական բյուջեի եկամտային և ծախսային մասերում փոփոխություններ չեն նախատեսվում:
6. Նախագծի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի նախագծերը կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին.
Նախագծի ընդունմամբ անհրաժեշտություն կառաջանա Զենքի շրջանառության կարգավորման մասին ՀՀ օրենքից բխող ՊՈԱԿ-ի գործառույթներին վերաբերող ՀՀ կառավարության որոշումներում փոփոխություններ կատարելու մասին իրավական ակտերև ընդունել մինչ «Ոստիկանության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2025 թվականի հոկտեմբերի 2-ի N ՀՕ-316-Ն օրենքի ընդունումը՝ «Ոստիկանության մասին» օրենքի նախկին խմբագրությամբ 19-րդ հոդվածի 4-րդ մասից և 20-րդ հոդվածի 6.1-ին և 6.2-րդ մասերից բխող ՀՀ կառավարության որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին իրավական ակտեր:
7. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.
Նախագծի ընդունումը բխում է ՀՀ կառավարության 2022 թվականի հուլիսի 21-ի թիվ 1133-Լ որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարությունից բխող գործողությունների ծրագրի «Ռազմավարական այլ ուղղություններ» 12-րդ բաժնի «Ուղղակի արդյունքներ» ենթաբաժնի 5.2-րդ կետից, որի համաձայն դատական փորձաքննությունների 100 տոկոսը պետք է կատարվի դրանց կատարման համար սահմանված ողջամիտ ժամկետների որոշման չափանիշների հաշվառմամբ:
ՀՀ քննչական կոմիտե
-
Продолжительность
29.12.2025 14.01.2026 -
Тип
Закон
-
Область
Юстиция
-
Министерство
Министерство юстиции
-
Test
Просмотры 537
Принт
Оставить предложение
Вы можете оставить комментарий только после регистрации в сайте и после входа в систему.
Ваш комментарий будет опубликован в течение 2 рабочих дней, после подтверждения администратором сайта.
Представленные предложения можно найти в разделе Краткое содержание .