<ՕՊԵՐԱՏԻՎ-ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ> ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ> ՕՐԵՆՔԻ, ՀԱՐԱԿԻՑ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԵՎ <ՏԵՂԵԿՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻ ՀԱՎԱՔՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ (ՄՇԱԿՎԱԾ, ԾՐԱԳՐԱՎՈՐՎԱԾ, ՀԱՐՄԱՐԵՑՎԱԾ) ՀԱՏՈՒԿ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՌԵՎՏՐԻ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ, ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ> ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԵՐ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
<ՕՊԵՐԱՏԻՎ-ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ> ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ> ՕՐԵՆՔԻ, ՀԱՐԱԿԻՑ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԵՎ <ՏԵՂԵԿՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻ ՀԱՎԱՔՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ (ՄՇԱԿՎԱԾ, ԾՐԱԳՐԱՎՈՐՎԱԾ, ՀԱՐՄԱՐԵՑՎԱԾ) ՀԱՏՈՒԿ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՌԵՎՏՐԻ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ, ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ> ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱ¬ԳԾԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Անձի, հասարակության և պետության անվտանգության, այդ թվում՝ տեղեկատվական անվտանգության ապահովման կարևորագույն տարրերից է հանդիսանում տեղեկատվության գաղտնի ստացման համար նախատեսված հատուկ տեխնիկական միջոցների շրջանառության և օգտագործման նկատմամբ պետական վերահսկողությունը։ Ներկայումս տեղեկատվության գաղտնի ստացման համար նախատեսված հատուկ տեխնիկական միջոցների վերաբերյալ օրենսդրորեն կարգավորված են միայն դրանց ներմուծման, արտահանման և օգտագործման հետ կապված հարաբերությունները։ Մասնավորապես, <Օպերատիվ–հետախուզական գործունեության մասին> օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ արգելվում է գաղտնի տեղեկություններ ստանալու համար նախատեսված (մշակված, ծրագրված, հարմարեցված) հատուկ տեխնիկական և այլ միջոցների օգտագործումը և օպերատիվ-հետախուզական միջոցառումների անցկացումն օրենքով չլիազորված պետական մարմինների, դրանց ստորաբաժանումների կամ ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից: ՀՀ քրեական օրենսգրքի 204-րդ և 206-րդ հոդվածներով պատասխանատվություն է նախատեսված տեղեկության գաղտնի հավաքման համար նախատեսված տեխնիկական հատուկ միջոցների օգտագործմամբ մարդու անձնական կամ ընտանեկան կյանքի և նամակագրության, հեռախոսային խոսակցությունների և հաղորդակցության այլ ձևերի գաղտնիությունն ապօրինի խախտելու համար։ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի 2015 թվականի մարտի 11-ի N 2-Ն հրամանով սահմանված է տեղեկատվության գաղտնի ստացման համար նախատեսված հատուկ տեխնիկական միջոցների՝ Հայաստանի Հանրապետության մասքային տարածք ներմուծման և Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքից արտահանման ընթացակարգը, որի համաձայն՝ ֆիզիկական անձանց կողմից որպես անձնական օգտագործման ապրանքներ հատուկ տեխնիկական միջոցների (որոնց ցանկը սահմանված է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի 2015 թվականի ապրիլի 21-ի N 30 որոշմամբ) ներմուծումը և (կամ) արտահանումն արգելվում է, իսկ իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը նշված ապրանքների ներմուծումը և արտահանումն իրականացնում են լիցենզիայի հիման վրա, որը տրվում է Ազգային անվտանգության ծառայության կողմից։ Մինչդեռ, ՀՀ օրենսդրությամբ կարգավորված չեն տեղեկատվության գաղտնի ստացման համար նախատեսված հատուկ տեխնիկական միջոցների արտադրության և իրացման հետ կապված հարաբերությունները։
<Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին> օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին> և հարակից օրենքների նախա¬գծերի ընդու¬նու¬մը պայմանավորված է տեղեկատվության գաղտնի ստացման համար նախատեսված հատուկ տեխնիկական միջոցների արտադրության և շրջանառության հետ կապված հարաբերությունները կարգավորելու անհրաժեշտությամբ: Մասնավորապես, վերջին տարիներին տեղեկատվական և արտադրական տեխնոլոգիաների զարգանումը (տեղեկատվություն ամրագրող սարքերի չափերի փոքրացում, տեղեկատվությունն անլար եղանակով փոխանցող սարքերի, միկրոչիպերի մատչելիություն, լրտեսական ծրագրերի հասանելիություն և այլն) հանգեցրել է տեղեկատվության գաղտնի ստացման համար նախատեսված հատուկ տեխնիկական միջոցների արտադրության հեշտացմանը։ Միաժամանակ՝ ժամանակակից հասարակությունը մեծապես կախված է թվային տեխնոլոգիաներից, ինչի արդյունքում մարդկանց անձնական տվյալներն ավելի շատ են հայտվնում թվային տիրույթում և դառնում խոցելի։ Արդյունքում, անհրաժեշտություն է առաջացել օրենսդրորեն սահմանել նման հատուկ տեխնիկական միջոցների արտադրության և առևտրի հստակ պահանջներ և վերահսկողություն։
Տեղեկատվության գաղտնի ստացման համար նախատեսված հատուկ տեխնիկական միջոցների արտադրության և շրջանառության հետ կապված հարևաբերությունների կարգավորումը կարևոր է անձի՝ Սահմանադրությամբ ամրագրված հիմնական իրավունքերի ապահովման համար։ Մասնավորապես, ՀՀ Սահմանադրությունը երաշխավորում է յուրաքանչյուր անձի մասնավոր և ընտանեկան կյանքի, բնակարանի անձեռնմխելիությունը, ինչպես նաև անձնական տվյալների պաշտպանությունը։
Միաժամանակ, տեղեկատվության գաղտնի ստացման համար նախատեսված հատուկ տեխնիկական միջոցների՝ առանց հսկողության արտադրությունը կարող է առաջացնել անվտանգային ռիսկեր։ Մասնավորապես, առանց պատշաճ հսկողության այդ միջոցները կարող են հասանելի դառնալ ահաբեկիչների, հանցավոր խմբավորումների կամ օտարերկրյա հատուկ ծառայությունների համար։ Բացի այդ, նման միջոցների արտադրությունը կարող է նպաստել հանցանքների կատարմանը (մարդու, պետության անվտանգության դեմ ուղղված հանցագործություններ, հափշտակություններ և այլն)։
Ներկայումս բազմաթիվ պետությունների ազգային օրենսդրություններով վերահսկողության գործիքակազմեր են նախատեսված տեղեկատվության գաղտնի ստացման համար նախատեսված տեխնոլոգիաների արտադրության և իրացման համար։
Ռուսաստանի Դաշնությունում լիցենզավորման պահանջ է նախատեսված տեղեկատվության գաղտնի ձեռքբերման համար նախատեսված հատուկ տեխնիկական միջոցների մշակման, արտադրության, դրանց վաճառքի, ինչպես նաև վաճառքի նպատակով ձեռքբերման հետ կապված գործունեություն համար ։ Լիցենզիան տրամադրվում է Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայության կողմից։
Տաջիկստանի Հանրապետությունում ևս լիցենզավորման պահանջ է նախատեսված տեղեկատվության գաղտնի ձեռքբերման համար նախատեսված հատուկ տեխնիկական միջոցների մշակման, արտադրության, դրանց վաճառքի, ինչպես նաև վաճառքի նպատակով ձեռքբերման հետ կապված գործունեության համար։
Լատվիայի օրենսդրությամբ ֆիզիկական անձանց արգելվում է ձեռք բերել, պահել կամ օգտագործել ապրանքների և ծառայությունների ազգային ցանկով սահմանված ստրատեգիական նշանակություն ունեցող այնպիսի հատուկ տեխնիկական և ծրագրային ապահովման միջոցները, որոնք հատուկ նախատեսված են կամ հարմարեցված են օպերատիվ–հետախուզական միջոցառումների իրականացման համար։ Նման հատուկ տեխնիկական և ծրագրային ապահովման միջոցների պահման, արտադրության, տեղափոխման, վաճառքի, սպասարկման, ներմուծման, արտահանման, տարանցիկ փոխադրման համար նման գործունեությամբ զբաղվող սուբյեկտը պետք է ունենա հատուկ թույլտվություն (լիցենզիա), որը տրամադրում է Լատվիայի պետական անվտանգության ծառայությունը։
Ղազախստանի օրենսդրությամբ լիցենզավորման պահանջ է նախատեսված օպերատիվ–հետախուզական միջոցառումների անցկացման համար նախատեսված հատուկ տեխնիկական միջոցների մշակման, արտադրության, վերանորոգման և իրացման գործունեության համար։ Լիցենզիան տրամադրվում է Ղազախստանի Հանրապետության արդյունաբերության և շինարարության նախարարության կողմից, որը համաձայնեցվում է Ղազախստանի Հանրապետության ազգային անվտանգության կոմիտեի հետ։ Գործունեության վերաբերյալ եզրակացությունը տրամադրում է Ղազախստանի Հանրապետության ազգային անվտանգության կոմիտեն։
Միաժամանակ, <Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին> օրենքի 31-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ ներքին դիտումը, նամակագրության և այլ ոչ թվային հաղորդակցության վերահսկումը, թվային, այդ թվում՝ հեռախոսային հաղորդակցության վերահսկումը և ֆինանսական գործարքների վերահսկումն անցկացվում են միայն այն դեպքերում, երբ առերևույթ առկա են հիմքեր՝ կասկածելու, որ անձը կատարել է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործություն։ Իրավական այս նորմից հետևում է, որ դատարանի որոշում պահանջող՝ վերը նշված օպերատիվ-հետախուզական միջոցառումներն անցկացվում են ավարտված այն հանցագործությունների կապակցությամբ, որոնք հայտնի չեն եղել վարույթ իրականացնող մարմնին, և որոնցով քրեական վարույթ չի նախաձեռնվել, քանի որ քրեական վարույթի շրջանակներում նախնական դատական վերահսկողությամբ օպերատիվ-հետախուզական միջոցառումները փոխարինվում են համանման գաղտնի քննչական գործողություններով։
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 96-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ քրեական վարույթի շրջանակներից դուրս անցկացված օպերատիվ-հետախուզական գործունեության արդյունքով դատարանի որոշմամբ ձեռք բերված ձայնագրությունները, տեսագրությունները, տեսաձայնագրությունները և այլ օբյեկտիվ փաստաթղթերը ճանաչվում են արտավարութային փաստաթուղթ և կցվում վարույթի նյութերին այն դեպքում, երբ օպերատիվ-հետախուզական միջոցառումն իրականացվել է հանցագործությունը կանխելու, խափանելու կամ անձին հանցանքի կատարման պահին կամ դրանից անմիջապես հետո բացահայտելու նպատակով: Այսինքն՝ որպես ապացույց են դիտարկվում օպերատիվ-հետախուզական գործունեության այն արդյունքները, որոնք վերաբերում են հանցավոր ոտնձգությունների նախապատրաստության կամ հանցափորձի փուլերում ծավալվող գործողություններին։
Օպերատիվ-հետախուզական և քրեադատավարական ոլորտների ներդաշնակությունը կարևոր պայման է օպերատիվ ճանապարհով ստացված տվյալները քրեական վարույթում օգտագործելու համար։ Սակայն նշված համակարգերի ուսումնասիրությունը թույլ է տալիս առանձնացնել իրարամերժ ուղղություններ։ Մի կողմից՝ ներքին դիտումը, նամակագրության և այլ ոչ թվային հաղորդակցության վերահսկումը, թվային, այդ թվում՝ հեռախոսային հաղորդակցության վերահսկումը, ֆինանսական գործարքների վերահսկումն անցկացվում են ծանր կամ առանձնապես ծանր ավարտված հանցագործության առկայության դեպքում, մյուս կողմից՝ օպերատիվ-հետախուզական գործունեության արդյունքները դիտարկվում են որպես ապացույց, եթե վերաբերում են նախապատրաստվող, կատարվող ծանր կամ առանձնապես ծանր հանցագործություններին։ Ստացվում է, որ <Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին> օրենքով նախատեսված կարգավորումը չեղարկում է նշված միջոցառումների արդյունքների քրեադատավարական օգտագործման հետագա հնարավորությունը։
Առաջարկվող կարգավորման բնույթը
<Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին> օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին> և հարակից օրենքների նախագծերոով առաջարկվում է հստակեցնել տեղեկության գաղտնի հավաքման համար նախատեսված (մշակված, ծրագրավորված, հարմարեցված) հատուկ տեխնիկական միջոցների արտադրության առանձնահատկությունները և սահմանափակումները։ Մասնավորապես․
– տեղեկության գաղտնի հավաքման համար նախատեսված հատուկ տեխնիկական միջոցների արտադրությունը թույլատրվելու է միայն համապատասխան օպերատիվ–հետախուզական միջոցառում կամ հատուկ տեխնիկական միջոցի կիրառմամբ այլ գործառույթներ իրականացնելու իրավասություն ունեցող պետական մարմինների (այդ թվում նաև՝ օտարերկրյա) կողմից իրացվելու դեպքում,
– հստակեցվելու է տեղեկության գաղտնի հավաքման համար նախատեսված հատուկ տեխնիկական միջոցների արտադրությամբ և առևտրով զբաղվող սուբյեկտների շրջանակը։ Մասնավորապես, նման գործունեությամբ զբաղվելու հնարավորություն են ընձեռնվելու է միայն իրավաբանական անձանց,
– տեղեկության գաղտնի հավաքման համար նախատեսված հատուկ տեխնիկական միջոցների արտադրությամբ և առևտրով զբաղվելու համար նախատեսվելու է լիցենզավորման պարտադիր պահանջ, ընդ որում՝ նման լիցենզիաները տրվելու են հինգ տարի ժամկետով,
– տեղեկության գաղտնի հավաքման համար նախատեսված հատուկ տեխնիկական միջոցների արտադրության և առևտրի լիցենզիա տալու համար նախատեսվելու է պետական տուրք՝ բազային տուրքի 1500-ապատիկի չափով,
– տեղեկության գաղտնի հավաքման համար նախատեսված հատուկ տեխնիկական միջոցների շրջանառության նկատմամբ վերահսկողությունն իրականացվելու և համապատասխան լիցենզիաները տրամադրվելու են Ազգային անվտանգության ծառայության կողմից։
Տեղեկության գաղտնի հավաքման համար նախատեսված հատուկ տեխնիկական միջոցների արտադրության և առևտրի լիցենզավորման կարգը, ժամկետները, լիցենզիա ստանալու համար դիմած անձանց ներկայացվող պարտադիր պահանջներն ու պայմանները, ինչպես նաև լիցենզիա ստանալու համար ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, լիցենզիայի ձևը սահմանվելու են Կառավարության կողմից՝ նախագծերով նախատեսված կարգավորումներին համապատասխան։
Նախագծերի ընդունումից հետո պետական եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չեն առաջանա։
Ակնկալվող արդյունքը
Նախագծերի ընդունման արդյունքում․
– կապահովվի տեղեկության գաղտնի հավաքման համար նախատեսված հատուկ տեխնիկական միջոցների արտադրությունը միայն այն մարմինների համար, որոնց օրենքով վերապահված է նման միջոցներ կիրառելու լիազորություն,
– կսահմանափակվի տեղեկության գաղտնի հավաքման համար նախատեսված հատուկ տեխնիկական միջոցների արտադրության տեխնոլոգիաների հասանելիությունը՝ նվազեցնելով դրանք հանցավոր նպատակներով օգտագործելու ռիսկերը,
– կնախատեսվեն անօրինական գաղտնալսման, կիբեռհանցագործությունների և մարդու իրավունքների խախտումների ռիսկերը զսպող գործուն կառուցակարգեր,
– տեղեկության գաղտնի հավաքման համար նախատեսված հատուկ տեխնիկական միջոցների արտադրության ոլորտի կազմակերպությունների (այդ թվում՝ օտարերկրյա) համար կստեղծվեն առավել բարենպաստ պայմաններ՝ թափանցիկ միջավայրում և հստակ սահմանված իրավական և տեխնիկական չափանիշների կիրառմամբ Հայաստանի Հանրապետությունում տնտեսական գործունեություն իրականացնելու համար։
<Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին> օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին> օրենքի նախագծի ընդունմամբ նպաստավոր պայմաններ կստեղծվեն նաև ինչպես հանցագործության բոլոր փուլերում ներքին դիտում, նամակագրության և այլ ոչ թվային հաղորդակցության վերահսկում, թվային, այդ թվում՝ հեռախոսային հաղորդակցության վերահսկում և ֆինանսական գործարքների վերահսկում օպերատիվ-հետախուզական միջոցառումների անցկացման, այնպես էլ՝ դրանց արդյունքներն արտավարութային փաստաթուղթ ճանաչվելու տեսանկյունից։
Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
Նախագծերի ընդունումը բխում է Ազգային ժողովի 2021 թվականի օգոստոսի 26-ի N ԱԺՈ-002-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարության (2021-2026թթ.) ծրագրի 1-ին գլխի 1․3․ Պաշտպանության ոլորտ. զինված ուժերի բարեփոխումներ. ենթախգլխից, համաձայն որի՝ բարեփոխվելու է տեղեկատվական անվտանգության և կիբեռանվտանգության ոլորտը: Տեղեկատվական սպառնալիքների և մարտահրավերների մշտադիտարկման, վերլուծության, տեղեկատվական հակազդման և պայքարի միջոցառումների արդյունավետ իրականացման նպատակով կատարելագործվելու է օրենսդրական դաշտը:
-
Продолжительность
29.12.2025 13.01.2026 -
Тип
Закон
-
Область
Безопасность
-
Министерство
Служба национальной безопасности
-
Test
Просмотры 472
Принт
Оставить предложение
Вы можете оставить комментарий только после регистрации в сайте и после входа в систему.
Ваш комментарий будет опубликован в течение 2 рабочих дней, после подтверждения администратором сайта.
Представленные предложения можно найти в разделе Краткое содержание .