<ՕՊԵՐԱՏԻՎ-ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ> ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ> ՕՐԵՆՔԻ, ՀԱՐԱԿԻՑ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԵՎ <ՏԵՂԵԿՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻ ՀԱՎԱՔՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ (ՄՇԱԿՎԱԾ, ԾՐԱԳՐԱՎՈՐՎԱԾ, ՀԱՐՄԱՐԵՑՎԱԾ) ՀԱՏՈՒԿ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՌԵՎՏՐԻ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ, ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ> ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
<ՕՊԵՐԱՏԻՎ-ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ> ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» 2007 թվականի հոկտեմբերի 22-ի ՀՕ-223-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 7-րդ հոդվածում՝
1) 3-րդ մասում «գաղտնի տեղեկություններ ստանալու համար նախատեսված (մշակված, ծրագրված, հարմարեցված)» բառերը փոխարինել «տեղեկության գաղտնի հավաքման համար նախատեսված (մշակված, ծրագրավորված, հարմարեցված)» բառերով․
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 4-րդ մասով․
«4․ Տեղեկության գաղտնի հավաքման համար նախատեսված (մշակված, ծրագրավորված, հարմարեցված) հատուկ տեխնիկական միջոցների արտադրությունը (հատուկ տեխնիկական միջոցների, դրանց հիմնական բաղկացուցիչ մասերի, դրանցում կիրառվող ծրագրային ապահովման միջոցների հետազոտությունը, մշակումը, նորոգումը, փորձարկումը, պատրաստումը, հավաքումը) թույլատրվում է միայն համապատասխան օպերատիվ–հետախուզական միջոցառում կամ հատուկ տեխնիկական միջոցի կիրառմամբ այլ գործառույթներ իրականացնելու իրավասություն ունեցող պետական (այդ թվում՝ օտարերկրյա) մարմինների կողմից իրացվելու պայմանով։ Հատուկ տեխնիկական միջոցների արտադրությամբ և առևտրով կարող է զբաղվել միայն այն իրավաբանական անձը, որն օրենքով սահմանված կարգով ստացել է նման գործունեությամբ զբաղվելու լիցենզիա։ Հատուկ տեխնիկական միջոցների արտադրությամբ և առևտրով զբաղվող իրավաբանական անձանց արգելվում է հրապարակել կամ այլ անձանց փոխանցել պետական մարմիններին վաճառած հատուկ տեխնիկական միջոցների վերաբերյալ ցանկացած տեղեկատվություն, բացառությամբ լիցենզավորող մարմնին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով փոխանցվող տեղեկությունների։ Տեղեկության գաղտնի հավաքման համար նախատեսված (մշակված, ծրագրավորված, հարմարեցված) հատուկ տեխնիկական միջոցների արտադրության և առևտրի լիցենզավորման կարգը, պայմանները և լիցենզիայի ձևը սահմանում է Կառավարությունը։»։
Հոդված 2. Օրենքի 31-րդ հոդվածի 4-րդ մասում «անցկացվեն,» բառից հետո լրացնել «նախապատրաստում է, կատարում է կամ» բառերը:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
<ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ> ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1.<Ազգային անվտանգության մարմինների մասին> 2001 թվականի դեկտեմբերի 28-ի ՀՕ-294 օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 5․7-րդ կետով․
<5․10) վերահսկում են տեղեկության գաղտնի հավաքման համար նախատեսված (մշակված, ծրագրավորված, հարմարեցված) հատուկ տեխնիկական և այլ միջոցների մշակման, արտադրության և շրջանառության բնագավառի գործունեությունը․>։
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
<ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ> ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. <Լիցենզավորման մասին> 2001 թվականի մայիսի 30-ի ՀՕ-193 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 26-րդ հոդվածի 3-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ․
<Տեղեկության գաղտնի հավաքման համար նախատեսված (մշակված, ծրագրավորված, հարմարեցված) հատուկ տեխնիկական միջոցների արտադրության և առևտրի համար լիցենզիաները տրվում են հինգ տարի ժամկետով:>։
Հոդված 2. Օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի <1. ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ> բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.1-ին կետով․
5.1․ Տեղեկության գաղտնի հավաքման համար նախատեսված (մշակված, ծրագրավորված, հարմարեցված) հատուկ տեխնիկական միջոցների արտադրության և առևտրի լիցենզիա ԿՄ - - - - Հ Վ
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
____ _____________ 2025 թվականի N _______-Ն
ՏԵՂԵԿՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻ ՀԱՎԱՔՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ (ՄՇԱԿՎԱԾ, ԾՐԱԳՐԱՎՈՐՎԱԾ, ՀԱՐՄԱՐԵՑՎԱԾ) ՀԱՏՈՒԿ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՌԵՎՏՐԻ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ, ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ և 17-րդ հոդվածի 2-րդ մասերով, 43-րդ հոդվածի 2-րդ մասի՝ լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների աղյուսակի 1-ին բաժնի 5․1-ին կետով, «Օպերատիվ–հետախուզական գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել`
1) տեղեկության գաղտնի հավաքման համար նախատեսված (մշակված, ծրագրավորված, հարմարեցված) հատուկ տեխնիկական միջոցների արտադրության և առևտրի լիցենզավորման կարգը և պայմանները՝ համաձայն N 1 հավելվածի.
2) տեղեկության գաղտնի հավաքման համար նախատեսված (մշակված, ծրագրավորված, հարմարեցված) հատուկ տեխնիկական միջոցների արտադրության և առևտրի լիցենզիայի ձևը` համաձայն N 2 հավելվածի.
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
« »______ 2025թ.
Երևան
Հավելված N 1
ՀՀ կառավարության 2025 թվականի ___________ ___-ի N ____-Ն որոշման
ԿԱՐԳ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐ
ՏԵՂԵԿՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻ ՀԱՎԱՔՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ (ՄՇԱԿՎԱԾ, ԾՐԱԳՐԱՎՈՐՎԱԾ, ՀԱՐՄԱՐԵՑՎԱԾ) ՀԱՏՈՒԿ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՌԵՎՏՐԻ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետությունում տեղեկության գաղտնի հավաքման համար նախատեսված (մշակված, ծրագրավորված, հարմարեցված) հատուկ տեխնիկական միջոցների արտադրության և առևտրի (այսուհետ՝ լիցենզավորման գործունեություն) լիցենզավորման կարգը, լիցենզիա ստանալու համար դիմած իրավաբանական անձանց (այսուհետ` հայտատու) ներկայացվող պարտադիր պահանջներն ու պայմանները, ինչպես նաև լիցենզիա ստանալու համար ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերը:
2. Լիցենզավորման ենթակա՝ տեղեկության գաղտնի հավաքման համար նախատեսված (մշակված, ծրագրավորված, հարմարեցված) հատուկ տեխնիկական միջոցների արտադրությունը ներառում է լիցենզիայի հիմքով՝ արտադրական գործընթացում Կառավարության 2008 թվականի հուլիսի 31-ի N 810-Ն որոշման հավելվածով նախատեսված հատուկ տեխնիկական միջոցների, դրանց հիմնական, բաղկացուցիչ մասերի, դրանցում կիրառվող ծրագրային ապահովման միջոցների հետազոտությունը, մշակումը, նորոգումը, փորձարկումը, պատրաստումը, հավաքումը:
3․ Լիցենզավորման ենթակա՝ տեղեկության գաղտնի հավաքման համար նախատեսված (մշակված, ծրագրավորված, հարմարեցված) հատուկ տեխնիկական միջոցների առևտուրը ներառում է լիցենզիայի հիմքով՝ սույն կարգի 2-րդ կետում նշված գործունեության արդյունքում ստացված պատրաստի արտադրանքի իրացումը:
4․ Լիցենզավորման գործունեության լիցենզավորումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը (այսուհետ՝ լիցենզավորող մարմին):
5. Լիցենզավորման գործունեության լիցենզիայի տրման համար գանձվում է պետական տուրք` «Լիցենզավորման մասին» և «Պետական տուրքի մասին» օրենքներով սահմանված կարգով և չափով։
6. Լիցենզիայի վերաձևակերպման, լիցենզիայի գործողության կասեցման, դադարեցման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Լիցենզավորման մասին» օրենքով:
2. ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՅՄԱՆՆԵՐՆ ՈՒ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
7. Լիցենզավորման գործունեությամբ զբաղվող լիցենզավորված անձինք պարտավոր են լիցենզավորման ենթակա տվյալ գործունեությունն իրականացնել միայն լիցենզիայում նշված վայրում:
8. Ելնելով պետության և հասարակության շահերի պաշտպանության անհրաժեշտությունից` լիցենզավորման գործունեության լիցենզիա ստանալու համար հայտատուն պարտավոր է ապահովել հետևյալ պարտադիր պայմանները և պահանջները՝
1) լիցենզավորված գործունեության իրականացման վայրում սեփականության իրավունքով կամ այլ իրավական հիմքով օգտագործվող՝ հայտարարված աշխատանքների և ծառայությունների կատարման համար անհրաժեշտ տարածքների (գրասենյակներ, լաբորատորիաներ, արտադրամասեր, պահեստներ և այլ օբյեկտներ) առկայությունը․
2) սույն կետի 1-ին ենթակետով նախատեսված տարածքները պետք է ունենան անհրաժեշտ պայմաններ (տարածքի պահպանության, անցագրային ռեժիմի, տեսահսկման, ազդանշանային համակարգերի, զետեղարանների, ծրագրային միջոցների ներդնում և այլ), որոնք ապահովում են արտադրանքի, արտադրությանը (դրանց տեխնոլոգիաներին) առնչվող բոլոր սարքավորումների, փաստաթղթերի և էլեկտրոնային կրիչների պահպանությունն ու պաշտպանությունը, ինչպես նաև համապատասխանեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նման տարածքներին ներկայացվող պարտադիր պահանջներին․
3) սեփականության իրավունքով կամ այլ իրավական հիմքով օգտագործվող՝ հայտարարված աշխատանքների և ծառայությունների կատարման համար անհրաժեշտ տեխնիկական միջոցների և սարքավորումների առկայություն․
4) հայտատուի հետ աշխատանքային հարաբերություններում գտնվող առնվազն մեկ աշխատակցի առկայություն, որն ունի բարձրագույն մասնագիտական կրթություն և համապատասխան մասնագիտական պատրաստվածություն, որն անհրաժեշտ է լիցենզավորված գործունեություն իրականացնելու համար.
5) տեղեկության գաղտնի հավաքման համար նախատեսված (մշակված, ծրագրավորված, հարմարեցված) հատուկ տեխնիկական միջոցներ արտադրելու կամ իրացնելու մասին պայմանագրի կամ համաձայնության առկայություն՝ կնքված այդպիսի հատուկ տեխնիկական միջոցների կիրառմամբ գործառույթներ (օպերատիվ–հետախուզական գործունեություն, գաղտնի քննչական գործողություններ և այլն) իրականացնող պետական (այդ թվում՝ օտարերկրյա) մարմնի հետ։
9․ Լիցենզավորման գործունեությունում չեն կարող ներգրավվել այն անձինք, որոնց նկատմամբ քրեական հետապնդում է հարուցված կամ ովքեր դատապարտվել են պետական, անձնական, ընտանեկան, բժշկական, որդեգրման, առևտրային, ապահովագրական, հարկային, մաքսային, կենսաթոշակային, ծառայողական, բանկային կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք հանդիսացող տեղեկությունների ապօրինի ձեռքներման, հավաքման, պահման, օգտագործման, հրապարակման, ոչնչացման, վնասման հետ կապված հանցագործության համար՝ անկախ դատվածությունը մարված կամ վերացված լինելու հանգամանքից։
10․ Լիցենզիա չեն կարող ստանալ այն հայտատու կազմակերպությունները, որոնց մասնակիցները, իրական շահառուները, կարգադրիչ, այլ կառավարչական կամ վերահսկողական գործառույթ իրականացնող անձինք, ինչպես նաև նրանց փոխկապակցված անձինք չեն համապատասխանում սույն կարգի 9-րդ կետի պահանջներին։
11. Հայտատուն լիցենզիա ստանալու համար լիցենզավորող մարմին է ներկայացնում՝
1) լիցենզիա ստանալու մասին հայտ, նշելով՝
ա. անվանումը, կազմակերպաիրավական ձևը, գտնվելու և գործունեություն իրականացնելու վայրը (վայրերը), պետական գրանցման համարը,
բ. լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը, որը հայտատուն մտադիր է իրականացնել,
գ. տեղեկության գաղտնի հավաքման համար նախատեսված (մշակված, ծրագրավորված, հարմարեցված) հատուկ տեխնիկական միջոցի անվանումը, տեսակը և նկարագիրը, որի արտադրությամբ և առևտրով հայտատուն մտադիր է զբաղվել․
2) կանոնադրության պատճենը.
3) սույն կարգի 8-րդ կետի 1-ին ենթակետում նշված՝ հայտարարված աշխատանքների և ծառայությունների կատարման համար անհրաժեշտ տարածքների սեփականության կամ առնվազն լիցենզիայի համար հայցվող ժամանակահատվածի չափով վարձակալության կամ ենթավարձակալության կամ օգտագործման իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենը, ինչպես նաև շինության վարձակալության կամ անհատույց օգտագործման մասին կնքված պայմանագրի պատճենը․
4) սույն կարգի 8-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված պահանջների պահպանումը հավաստող անհրաժեշտ փաստաթղթերը․
5) տարածքի պահպանությունն իրականացնելու մասին կնքված պայմանագրի պատճենը. (ներկայացվում է առկայության դեպքում).
6) սույն կարգի 8-րդ կետի 3-րդ ենթակետում նշված տեխնիկական միջոցների և սարքավորումների առկայությունը հավաստող անհրաժեշտ փաստաթղթերը․
7) սույն կարգի 8-րդ կետի 4-րդ ենթակետում նշված աշխատակիցների հետ կնքված աշխատանքային պայմանագրերի պատճենները, կամ քաղվածք՝ աշխատանքի ընդունման իրավական ակտից.
8) սույն կարգի 8-րդ կետի 4-րդ ենթակետում նշված աշխատակիցների կրթությունն ու մասնագիտական պատրաստվածությունը հաստատող փաստաթղթերի պատճենները․
9) սույն կարգի 8-րդ կետի 5-րդ ենթակետում նշված՝ կնքված պայմանագրի պատճենը, դրա հավելվածները և (կամ) լրացումները, իսկ պայմանագրի բացակայության դեպքում՝ հայտատուի և գնորդի մտադրությունների մասին վկայող այլ փաստաթղթի պատճենը․
10) լիցենզավորման ենթակա գործունեությունն սկսելու նախատեսվող ժամկետը, որը չի կարող ավելի ուշ սկսվել, քան լիցենզիայի հայտ ներկայացնելու օրվանից երկու տարվա ընթացքում․
11) լիցենզավորման գործունեությանն առնչություն ունեցող անձանց (ներառյալ՝ հայտատու կազմակերպությունում կարգադրիչ, այլ կառավարչական կամ վերահսկողական գործառույթ իրականացնող) ցանկը, այդ անձանց անձնագրերի, ինչպես նաև նրանց հետ կնքված աշխատանքային պայմանագրերի պատճենները կամ աշխատանքի ընդունման իրավական ակտերի քաղվածքները։
12․ Լիցենզիա ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերը կարող են լիցենզավորող մարմնին հանձնվել առձեռն կամ փոստով կամ էլեկտրոնային համակարգի միջոցով՝ Կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 24-ի N 1283-Ն որոշմամբ սահմանված կարգով: Պետական գաղտնիք պարունակող փաստաթղթերը հանձնվում են «Պետական գաղտնիքի մասին» օրենքի պահանջների պահպանմամբ։
3. ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
13. Լիցենզավորող մարմինն ստուգում է հայտատուի կողմից հայտին կից ներկայացված տեղեկությունների համապատասխանությունն օրենքով, ինչպես նաև սույն կարգի 2-րդ գլխով սահմանված պայմաններին և պահանջներին:
14․ Լիցենզիա ստանալու մասին հայտում կամ կից փաստաթղթերում ոչ էական թերությունների (վրիպակների, ոչ իրավաբանական անճշտությունների, թվաբանական սխալների և նման այլ բացթողումների) առկայության, ինչպես նաև փաստաթղթերը թերի լինելու դեպքում լիցենզավորող մարմինը դրանք հայտնաբերելու պահից 2 աշխատանքային օրվա ընթացքում հայտատուին առաջարկում է 5 աշխատանքային օրվա ընթացքում վերացնել թերությունները՝ նախազգուշացնելով «Լիցենզավորման մասին» օրենքի 29-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված հետևանքի մասին:
15․Լիցենզավորող մարմինը սույն կարգի 13-րդ կետով նախատեսված ստուգումն իրականացնում է ներկայացված փաստաթղթերի, հայտատուի գործունեության վայրի և աշխատակիցների ուսումնասիրման, ինչպես նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին, կազմակերպություններին հարցումներ ուղարկելու, տեղեկատվական համակարգերում առկա տեղեկությունների վերլուծության միջոցով՝ Լիցենզավորող մարմնի ներքին իրավական ակտերով սահմանված կարգով։
16. Լիցենզավորող մարմինը, հայտատուի կողմից սույն կարգի 11-րդ կետում նշված բոլոր փաստաթղթերը ներկայացվելուց հետո՝ 23 աշխատանքային օրվա ընթացքում տրամադրում է լիցենզիան կամ մերժում է լիցենզիայի տրամադրումը՝ օրենքով սահմանված կարգով:
17. Լիցենզիան տալիս է Լիցենզավորող մարմինը` հինգ տարի ժամկետով:
18. Լիցենզիան պետք է բովանդակի հետևյալ վավերապայմանները (տեղեկատվությունը)`
1) լիցենզավորող մարմնի անվանումը.
2) լիցենզիայի սերիան և համարը.
3) լիցենզիան տալու ամսաթիվը.
4) լիցենզիայի գործողության ժամկետը.
5) գործունեության այն տեսակը, որի իրականացման համար տրվել է լիցենզիան.
6) արտադրվող հատուկ տեխնիկական միջոցի տեսակը.
7) իրավաբանական անձի անվանումը, գտնվելու վայրը (հասցեն).
8) գործունեության իրականացման վայրը (հասցեն).
9) Լիցենզավորող մարմնի լիազորված անձի ստորագրությունը և այդ մարմնի պետական զինանշանի պատկերով կնիքի դրոշմը:
19. Լիցենզիա ստանալու հայտը մերժվում է, եթե`
1) հայտատուն անհրաժեշտ տեղեկություններ չի ներկայացրել կամ ներկայացրել է ակնհայտ կեղծ կամ խեղաթյուրված տեղեկություններ կամ ներկայացված փաստաթղթերը թերի են և սահմանված ժամկետում այդ թերությունները չեն վերացվել.
2) ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին.
3) հայտատուն օրենքի կամ իր կանոնադրության համաձայն իրավունք չունի զբաղվելու տեղեկության գաղտնի հավաքման համար նախատեսված (մշակված, ծրագրավորված, հարմարեցված) հատուկ տեխնիկական միջոցների արտադրությամբ և առևտրով.
4) չի վճարվել օրենքով սահմանված պետական տուրքը․
5) ապահովված չեն սույն կարգով սահմանված պահանջները կամ պայմանները.
6) լիցենզիայի տրամադրումը հակասում է միջազգային անվտանգության ապահովման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորություններին.
7) լիցենզիայի տրամադրումը կարող է սպառնալիք հանդիսանալ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգությանը կամ շահերին․
8) օրենքով նախատեսված այլ դեպքերում:
20․ Լիցենզավորված իրավաբանական անձինք լիցենզավորող մարմին են ներկայացնում լիցենզավորված գործունեության վերաբերյալ եռամսյակային հաշվետվություններ` լիցենզավորող մարմնի սահմանած ձևին համապատասխան:
21. Լիցենզավորված գործունեության ընթացքում լիցենզավորված անձի կողմից լիցենզավորման համար սահմանված պարտադիր պայմանների և պահանջների փոփոխման դեպքում (ներառյալ համապատասխան որակավորում ունեցող մասնագետի, տեխնիկատեխնոլոգիական հագեցվածության փոփոխման) լիցենզավորված անձը 15-օրյա ժամկետում լիցենզավորող մարմնին հայտնում է իրականացված փոփոխության մասին` կցելով համապատասխան փաստաթղթերը:
Հավելված N 2
ՀՀ կառավարության
2025 թվականի ___________ ___-ի
N ____-Ն որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
Լ Ի Ց Ե Ն Զ Ի Ա 000000
Տրված՝ _____ ________________ 20 թ.
__________________________________________________________
(գործունեության տեսակը)
___________________________________________
(իրավաբանական անձի անվանումը)
___________________________________________
(իրավաբանական անձի գտնվելու և գործունեություն իրականացնելու վայրը)
_____________________________________________________
(արտադրվող հատուկ տեխնիկական միջոցի տեսակը)
Գործողության ժամկետը՝ 5 տարի
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն
___________________
(ստորագրությունը) ________________________
(անունը, ազգանունը)
-
Продолжительность
29.12.2025 13.01.2026 -
Тип
Закон
-
Область
Безопасность
-
Министерство
Служба национальной безопасности
-
Test
Просмотры 470
Принт
Оставить предложение
Вы можете оставить комментарий только после регистрации в сайте и после входа в систему.
Ваш комментарий будет опубликован в течение 2 рабочих дней, после подтверждения администратором сайта.
Представленные предложения можно найти в разделе Краткое содержание .