20.11.2025
1. 201-րդ հոդվածի 1.1 մասում անհրաժեշտ է հստակեցում, թե մյուս՝ կենդանի մնացած ամուսնու մահվանից հետո ինչպես է առաջինը մահացած ամուսնու մասը ժառանգվելու: Արդյոք այն համարվելու է ամբողջը երկրորդ ամուսնու սեփականությունը, ինչը ենթադրվում է այս փոփոխությամբ և անցնելու է ընդհանուր հիմունքներով երկրորդը մահացած ամուսնու ժառանգներին, թե ամեն մի ամուսնու մասը ժառանգվելու է առանձին-առանձին նրանց ժառանգների կողմից:
Եթե առաջին դեպքը դիտարկենք, ապա ստացվում է, որ առաջինը մահացած ամուսնու ժառանգները (որոնք կարող են լինել և ըստ օրենքի և ըստ կտակի ժառանգներ) ուղղակի զրկվելու են այդ գույքը ժառանգելու իրավունքից և այդ գույքը ժառանգելու են միայն այն ամուսնու ժառանգները, որը մահացել է վերջում:
Եթե երկրորդ դեպքը դիտարկենք, ուրեմն պետք է սահմանվի առաջինը մահացած ամուսնու ժառանգման առանձնահատկությունները: Այսինքն ինչ կարգով և ժամկետներում են առաջինը մահացած ամուսնու ժառանգները ընդունելու ժառանգությունը և ինչ կարգով ու ժամկետներում այն ստանան, քանի որ ներկայիս քաղաքացիական օրենսգիրքը ժառանգության ընդունման և ժառանգության իրավունքի վկայագրի ստացման նման կարգավորում չունի:
2.Անհրաժետ է հստակեցնել, թե ինչպես է կենդանի մնացած ամուսինը տնօրինելու այդ գույքը առաջինը մահացած ամուսնու մահվաից հետո (փոփոխությամբ՝ .. շարունակում է սեփականության իրավունքով պատկանել ... ): Հետևաբար կենդանի մնացած ամուսինը ունենալու է դրա լիարժեք տնօրինման իրավունք: Կրկին ստացվում է, որ առաջինը մահացած ամուսնու ժառանգները զրկվում են այդ գույքը որևէ ձևով ստանալու իրավունքից և ամբողջը, այդ թվում այդ գույքից ստացված եկամուտները, անցնելու են երկրորդ կենդանի մնացած ամուսնուն և հետևաբար նրանից հետո՝ նրա ժառանգներին:
3.Հոդվածում անհրաժեշտ է կարգավորում այն դեպքերի համար, երբ գույքը ձեռք է բերվել ամուսնության ընթացքում, սակայն ամուսնական պայմանագրով փոփոխվել է այդ գույքի ռեժիմը և սեփականության իրավունքով պատկանում է ամուսիններից մեկին: Արդյոք նման գույքերի նկատմամբ հնարավոր է գրանցել կողակցի սեփականության իրավունքը, թե ամուսնական պայմանագրի առկայությունը բացառում է կողակցի սեփականության իրավունքի գրանցումը:
4.Հոդվածը նման ձևով փոփոխելու դեպքում անհրաժեշտ է փոփոխություն կատարել նաև Քաղ.Օր-ի 1222-րդ հոդվածում, քանի որ միմյանց հակասելու են:
5.201-րդ հոդվածի 1.1 մասը ըստ էության վերաբերվում է անշարժ գույքին, իսկ հոդվածում ընտրված է ԳՈՒՅՔ եզրույթը, որը համաձայն քաղաքացիական օրենսգրքի իր մեջ ներառում է և անշարժ և շարժական գույքը, նաև գույքային իրավունքերը, դրամը և այլն: Անհրաժեշտ է հստակեցնել, որ վերաբերվում է միայն անշարժ գույքին: