04.11.2025
ԿԱՐԾԻՔ
«Հայաստանի Հանրապետության «Հանրային ծառայության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ
2025 թ․ հոկտեմբերի 28-ին ՀՀ արդարադատության նախարարության կողմից e-draft հարթակում հանրային քննարկման է ներկայացվել Հայաստանում լոբբիստական գործունեության թափանցիկությանը վերաբերող ՀՀ «Հանրային ծառայության մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ)։
Ստորև ներքոստորագրյալ կազմակերպություններս ներկայացնում ենք մի շարք դիտարկումներ ու առաջարկություններ նշված նախագիծը բարելավելու, ինչպես նաև, ընդհանուր առմամբ, լոբբինգի թափանցիկությունն ապահովելու նպատակով:
1. Նախագծի մշակումը բխում է ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության 2023-2026 թթ․ գործողությունների ծրագրի Գործողություն 1.23-ից, որով նախատեսված է «Ներդնել լոբբիստական գործունեության (ոչ իրավաչափ ազդեցության) վերաբերյալ կարգավորումներ»։ Չնայած որ գործողության ձևակերպմամբ հստակեցված չէ ներդրման մարմինների շրջանակը, ՀՀ արդարադատության նախարարությունը տվյալ նախագիծը ներկայացնելիս սահմանափակվել է միայն գործադիրում լոբբինգի թափանցիկության խնդրի կարգավորմամբ։ Անշուշտ, գնահատելի է, որ նախագիծը նախատեսում է լոբբինգի ազդեցության ենթակա իրավաստեղծ գործունեության բավականին լայն շրջանակ, այն է՝ «նորմատիվ, լոկալ կամ անհատական իրավական ակտեր ընդունելուն, փոփոխելուն, լրացնելուն կամ ուժը կորցրած ճանաչելուն ուղղված գործունեությունը»։ Միաժամանակ, հարկ է նշել, որ «լոբբիստական գործունեություն» հասկացության տակ ողջ աշխարհում հասկացվում է ոչ միայն գործադիրի, այլև առավել ևս խորհրդարանի պատգամավորների օրենսդիր գործունության, ինչպես նաև ՏԻՄ-երի կողմից որոշումների վրա ազդեցության նպատակ հետապնդող գործունեությունը, որոնք կարգավորումից դուրս են մնացել և չեն կարող ապահովել հակակոռուպցիոն ռազմավարությամբ սահմանված նպատակների իրացումը։ Այսինքն, նախագիծը միանշանակ ողջունելի է, սակայն ոչ բավարար։
Առաջարկ
● Նախատեսել պատգամավորների իրավաստեղծ գործունեության վրա ազդող լոբբիստական գործունության թափանցիկությունը կարգավորող դրույթներ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում, ինչպես նաև ՏԻՄ-երի վրա ներգործության թափանցիկությունը կանոնակարգող դրույթներ՝ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքներում։ Միաժամանակ ձեռնարկել քայլեր շուտափույթ ապահովելու համար պատգամավորների և համայնքների ավագանիների, ինչպես նաև համայնքային հայեցողական պաշտոն զբաղեցնող անձանց վարքագծի կանոնների ընդունումը և համապատասխան էթիկայի հանձնաժողովների ձևավորումը։