«Հայաստանի Հանրապետության վարչապետի 2023 թվականի մարտի 14-ի N 270-Լ որոշման մեջ լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշման նախագիծ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Հայաստանի Հանրապետության վարչապետի 2023 թվականի մարտի 14-ի N 270-Լ որոշման մեջ լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշման նախագծի ընդունման
1․ Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
Ներկայումս ՀՀ ՆԳՆ ոստիկանության կազմում գործում է Ինֆորմացիոն կենտրոնը, որի հիմնական գործառույթը պետական հաշվառումների իրականացումն է։ Մասնավորապես՝ վարչությունը պատասխանատու է հաշվառումների վարման (հետախուզվող անձանց, ոստիկանության հետ համագործակցող անձանց, օպերատիվ հաշվառման գործերի ու դրանցով անցնող անձանց, անհայտ կորածների, չճանաչված դիակների, մեղադրյալների, դատապարտված անձանց, օպերատիվ և հատուկ հաշվառման արխիվային գործերի, նախկին աշխատողների արխիվային գործերի, հանցագործությունների և դրանք կատարած անձանց, ոստիկանության կողմից քննության ենթակա վարչական իրավախախտում կատարած անձանց, հափշտակված և կորած տարբեր առարկաների, տրանսպորտային միջոցների, հացագործությունների հետ կապված իրերի փաստաթղթերի, արժեթղթերի և այլն), հաշվառման շտերմարանների ադմինիստրացիայի, ստացված ինֆորմացիայի, փաստաթղթերի օրինականության, իսկության, ամբողջականության ստուգման, դրա նկատմամբ վերահսկողության, հաշվետվությունների պատրաստման, իրավասու սուբյեկտներին և անձանց համապատասխան տեղեկատվության տրամադրման, արխիվի վարման և ոչնչացման համար։
Ոստիկանության բարեփոխումների շրջանակներում որդեգրված կարևոր մոտեցումներից էր այն, որ ոստիկանության կազմում պետք է լինեն միայն բուն ոստիկանական գործառույթներ իրականացնող ստորաբաժանումներ, իսկ աջակցող, ինչպես նաև այլ մասնագիտական գործառույթներ սպասարկող, քաղաքականության մշակմամբ զբաղվող ստորաբաժանումները պետք է լինեն ՆԳ նախարարության կազմում։ Այսպիսով, դեռևս բարեփոխումների առաջին փուլից նախատեսվում էր, որ հաշվառումների վարմամբ զբաղվող ստորաբաժանումը պետք է լինի ՆԳՆ կազմում։
Միաժամանակ ՆԳ նախարարության և ոստիկանության գործունեության մոնիթորինգի արդյունքում վեր հանվեցին մի շարք այլ խնդիրներ և բացթողումներ, որոնք կապված են Ինֆորմացիոն կենտրոնի գործունեության հետ և վկայում են Ինֆորմացիոն կենտրոնի վերափոխման և վերաիմաստավորման անհրաժեշտության մասին։
Կոնկրետ խնդիրներին անդրադառնալիս անհրաժեշտ է նշել, որ հաշվառման հիմք հանդիսացող փաստաթղթերը գալիս են ՆԳՆ թղթային եղանակով, բացակայում է համապատասխան թվային հարթակը։ Դրա հետևանքով տեղի են ունենում ուշացումներ, մարդկային ռեսուրսների ոչ արդյունավետ օգտագործում, առաջանում է թղթային մեծ արխիվ պահելու անհրաժեշտություն։ Համապատասխան վերլուծական գործիքներ նույնպես առկա չեն։ Առկա ծրագրային ապահովումը ներկայացնում է միայն հիմնական վիճակագրական տվյալները։ Արդյունքում, թղթային եղանակով ստացվող ու ոչ ամբողջական տեղեկատվության, վիճակագրության վերլուծության ու հետազոտական գործիքների բացակայության պայմաններում Ինֆորմացիոն կենտրոնից ստացված տվյալները և հաշվետվությունները չեն արտացոլում հանցավորության իրական պատկերը երկրում և հետևապես չեն կարող լիարժեք կիրառվել քաղաքականության մշակման և հանցավորության կանխարգելման, դրա դեմ պայքարի առաջնահերթությունները և քայլերը որոշելիս։ Իսկ հանավորության դեմ պայքարի արդյունավետ քաղաքականության հիմքը նաև ճշգրիտ վիճակագրությունն ու հանցավորության համապարփակ վերլուծությունն են։
Միջազգային փորձի ուսումնասիրությունը փաստում է, որ թվայնացված հաշվառումների, համապատասխան վերլուծական ու արհեստական բանականության գործիքների կիրառմամբ հնարավոր է շատ ավելի արդյունավետորեն կատարել համապատասխան պետական հաշվառումները, վերլուծել առկա իրավիճակը, հասկանալ հանցավորության շաժընթացը ու կառուցվածքը, կանխատեսել հիմնական առաջիկա մարտահրավերները, դրա հիման վրա կատարել տարաբնույթ հետազոտություններ՝ վեր հանելով իրավապահների գործունեության ուժեղ ու թույլ կողմերը, հիմնական բացթողումները, հանցավորության կանխարգելման ու դրա դեմ առավել թիրախային պայքարի կազմակերպման համար անհրաժեշտ քայլերը։ Վիճակագրական տվյալների նման համապարփակ ուսումնասիրությունն է, որ թույլ է տալիս քաղաքականություն որոշող սուբյեկտներին ապացուցահեն որոշումներ ընդունել հետագա աշխատանքները պլանավորելիս։
ԵՄ-ում, ընդ որում և՛ ԵՄ մարմինների մակարդակում, և՛ անդամ պետությունների մակարդակում, նմանօրինակ մարմինները կամ ստորաբաժանումները ունեն աշխատանքի հետևյալ փուլային մոդելը՝
● Տվյալների/վիճակագրության հավաքագրում, հաշվառում,
● Վերլուծության/հետազոտությունների իրականացում,
● Քաղաքականության, առաջարկությունների մշակում, համագործակցության ապահովում։
Անհրաժեշտ է նաև նշել, որ ԵՄ երկրներում նման գործառույթներ իրականացնող մարմինները գործում են նախարարությունների, ոստիկանության ենթակայությամբ կամ հանդիսանում են անկախ վերլուծական կամ գիտահետազոտական մարմիններ։
ԵՄ չափանիշներին համապատասխան հանցավորության տվյալների հավաքագրումն ու վերլուծությունը, ինչպես նաև դրանց հիման վրա փաստահեն քաղաքականությունների մշակումը կարևոր նշանակություն ունեն վիզաների ազատականացման գործընթացում Հայաստանի Հանրապետության կողմից իրականացվող քայլերի համատեքստում, քանի որ բխում են հանցավորության դեմ արդյունավետ պայքար և հասարակական անվտանգության բարձր մակարդակ ապահովելու անհրաժեշտությունից։
Հաշվի առնելով միջազգային լավագույն փորձը, ինչպես նաև ՆԳ նախարարության կողմից վեր հանված հանցավորության կանխարգելման և հանցավորության դեմ պայքարի քաղաքականության և առաջնահերթությունների որոշարկման համար հանցավորության վերաբերյալ հստակ վիճակագրության, վերլուծությունների ու քաղաքականությունը ուղղորդող հետազոտությունների իրականացման անհրաժեշտությունը՝ գտնում ենք, որ ՆԳ նախարարության կազմում պետք է ստեղծել նոր ստորաբաժանում, որը կմիավորի Ինֆորմացիոն կենտրոնի կատարած գործառույթները՝ նոր մեթոդների ու սկզբունքների կիրառմամբ, ինչպես նաև նոր գործառույթներ՝ առկա տեղեկատվության վերլուծություն ու հետազոտությունների իրականացում, տեղեկատվության ու ուղղորդող առաջարկների ապահովում։ Այսինքն, իրականացվող փոփոխությունը չի լինելու Ինֆորմացիոն կենտրոնի մեխանիկական տեղափոխում Ոստիկանությունից ՆԳ նախարարության կառուցվածք, այլ ենթադրելու է հանցավորության վիճակագրության մշակման ու վերլուծության ուղղության ամբողջական վերափոխում։
«Ոստիկանության բարեվարքության և կարգապահական կանոնագիրք» օրենքի և հարակից օրենքների նախագծերի փաթեթի ընդունմամբ ապահովվել են Ինֆորմացիոն կենտրոնի նախարարություն տեղափոխման համար օրենսդրական հիմքերը։ Ելնելով վերոնշյալից՝ անհրաժեշտ է կատարել համապատասխան փոփոխություններ ենթաօրենսդրական իրավական ակտերում՝ նախարարության կազմում նման ստորաբաժանման ձևավորումը ապահովելու համար։
2. Առաջարկվող կարգավորման բնույթը․
Առաջարկվում է Հայաստանի Հանրապետության վարչապետի 2023 թվականի մարտի 14-ի «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության կանոնադրությունը հաստատելու մասին» N 270-Լ որոշման մեջ կատարել համապատասխան լրացումներ և փոփոխություն՝ ՆԳ նախարարության կազմում նախատեսելով նոր հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանում՝ «Հանցավորության վիճակագրության և հետազոտական կենտրոն» անվանումով։ Առաջարկվում է նաև ՆԳ նախարարության գործառույթների մեջ նշել հանցանքների, հանցանք կատարած անձանց, վարչական իրավախախտումների, հանցանքների ու վարչական իրավախախտումների նախականխման ու կանխման համար անհրաժեշտ այլ տեղեկատվության հաշվառումների իրականացումը, միասնական հանրապետական բազաների ձևավորումը, պաշտոնական վիճակագրության ձևավորումը, հասարակական անվտանգության ապահովման և հացավորության վիճակի, հանցավորության շարժընթացի համակողմանի վերլուծության իրականացումը, քրեածին իրավիճակի կանխատեսումը, դրա հիման վրա թեմատիկ, պարբերական հետազոտությունների իրականցումը և դրանց հրապարակումը, առկա մարտահրավերների ու ռիսկերի վերհանումը և դրանց չեզոքացման նպատակով համապատասխան որոշումների ընդունումը և իրականացման ապահովումը։ Այսպիսով, նոր ստորաբաժանումը կիրականացնի հետևյալ հիմնական գործառույթները․
1. Հանրապետական միասնական ու կենտրոնացված հաշվառումների վարում, այդ թվում՝ հանցագործությունների, վարչական իրավախախտումների, դրանք կատարած անձանց և այլն․
2. Համագործակցություն ՆԳՆ և ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ հետ, այլ պետական մարմինների հետ՝ տվյալների պատճաշ հավաքագրման նպատակով․
3. Ստացված ինֆորմացիայի ամբողջականության ու որակի նկատմամբ հսկողություն, տարբեր մարմիններից ստացված տվյալների ստանդարտացման ապահովում․
4. Տեղեկատվական թվային բազաների ադմինիստրացիա, արխիվացում ու ոչնչացում: Դրա իրավասությունն ունեցող սուբյեկտներին բազայի հասանելիության ապահովում․
5. Վիճակագրության ձևավորման ապահովում, թվային գործիքների, արհեստական բանականության կիրառմամբ տարբեր ուղղություններով առկա վիճակագրության վերլուծություն․
6. Ստացված վիճակագրության և վերլուծությունների ներկայացում իրավասու սուբյեկտներին, այդ թվում՝ ՆԳՆ համապատասխան ստորաբաժանումներ և այլ պետական մարմիններ (Քննչական կոմիտե, Գլխավոր դատախազություն, Հակակոռուպցիոն կոմիտե, Արդարադատության նախարարություն և այլն)․
7. Քաղաքացիներին, միջազգային կազմակերպություններին օրենսդրությամբ սահմանված դեպքերում տեղեկատվության տրամադրում․
8. Տարեկան, թեմատիկ և պարբերական այլ հետազոտությունների իրականացում (քանակական և որակական հետազոտական մեթոդների կիրառմամբ), դրանց վերաբերյալ հետազոտական նյութերի մշակում, որոնք պետք է պարունակեն խորքային վերլուծություններ հանցավորության և այլ իրավախախտումների վիճակագրության, շարժընթացի, միտումների, օրինաչափությունների, առանձին խումբ հանցանքների և իրավախախտումների, դրանց պատճառների ու նպաստող պայմանների մասին, ինչպես նաև հնարավոր լուծումների, արդյունավետության բարձրացման ուղիների ու աշխատանքի առաջնահերթ ուղղությունների մասին առաջարկություններ․
9. Առաջնային ռիսկերի գնահատում, դրանց քարտեզագրում, կանխատեսումների իրականացում․
10. Հանցավորության սցենարների ստեղծման և մոդելավորման գործիքների կիրառում՝ երկարաժամկետ կանխատեսումների ու ռազմավարության պլանավորման համար․
11. Առաջարկությունների, ուղղորդող այլ դիտարկումների և նյութերի տրամադրում ՆԳ նախարարությանը և ոլորտի այլ մարմիններին՝ քաղաքականության մշակման գործում կիրառելու համար․
12. Համապատասխան հետազոտական նյութերի հրապարակում ու հանրայնացում․
13. Առկա թվային, արհեստական բանականության գործիքների ուսումնասիրություն, դրանց որակի գնահատում․
14. Միջազգային փորձի ու միտումների ուսումնասիրություն, խնդիրների հայտնաբերում, ըստ հնարավորության` դրանց լուծումների մասին առաջարկների ներկայացում․
15. Համակարգի բարելավման ու նորարարական այլ մեթոդների ու գործիքների հետ կապված առաջարկների ներկայացում․
16. Աշխատողների կողմից թվային, վիճակագրական, արհեստական բանականության գործիքների կիրառման ընթացքի, որակի, թիրախայնության մոնիթորինգ ու գնահատում: Դրա վերաբերյալ աշխատողներին խորհրդատվության, մեթոդական աջակցության տրամադրում․
17. Կարողությունների զարգացման միջոցառումների, վերապատրաստումների պլանավորում և անցկացում, դրա վերաբերյալ առաջարկների ներկայացում։
Նման գործառույթների շրջանակներում գործունեության արդյունքում ակնկալում ենք․
1․ Վիճակագրական հաշվառման միասնական և արդյունավետ համակարգի ձևավորում
Թղթային հաշվառման համակարգը կփոխարինվի թվայնացված տվյալների բազաներով, ինչը կբարձրացնի տեղեկատվության մշակման արագությունն ու ճշգրտությունը, կկանխի կրկնվող կամ ոչ համադրելի տվյալների առկայությունը, և կբացառի մարդկային գործոնի ազդեցությունը։
2․ Տվյալների որակի բարձրացում և ստանդարտացում
Բոլոր իրավապահ մարմինների կողմից տրամադրվող տեղեկատվությունը կհավաքագրվի միասնական ձևաչափով, ինչը կապահովի հաշվետվությունների համադրելիությունը և թույլ կտա իրականացնել խորը վերլուծություններ՝ հանցավորության իրական պատկերի բացահայտման նպատակով։
3․ Հանցավորության շարժընթացի և միտումների ամբողջական պատկեր
Թվային գործիքների և արհեստական բանականության կիրառումը հնարավորություն կտա մշտապես վերլուծել հանցավորության կառուցվածքը, տարածքային բաշխվածությունը, հիմնական միտումները, ինչպես նաև կանխատեսել առաջիկա և երկարաժամկետ ռիսկերը և մարտահրավերները։
4․ Վերլուծական և հետազոտական կարողությունների զարգացում
Կենտրոնը կիրականացնի պարբերական և թեմատիկ հետազոտություններ՝ հանցավորության պատճառների, նպաստող պայմանների, օրինաչափությունների և կանխարգելման ուղիների վերաբերյալ, որոնց արդյունքները կծառայեն ապացուցահեն քաղաքականությունների մշակման հիմք ինչպես Ներքին գործերի նախարարության, այնպես էլ այլ պետական մարմինների համար, որոնք ունեն գործառույթներ հանցավորության դեմ պայքարի կամ դրա կանխարգելման ոլորտում։
5․ Հանցավորության կանխարգելմանն ուղղված ապացուցահեն քաղաքականության ձևավորում, դրա մշակման հետազոտական հենքի ապահովում
Վիճակագրական և վերլուծական նոր գործիքների կիրառումը հնարավորություն կտա առավել ճշգրիտ սահմանել հանցավորության կանխարգելման առաջնահերթ ուղղությունները և արդյունավետ օգտագործել պետական ռեսուրսները։ Հանցավորության վիճակագրական և վերլուծական տվյալների հիման վրա ՆԳ նախարարությունն ու այլ իրավապահ մարմիններ կկարողանան ավելի արդյունավետորեն պլանավորել հանցավորության կանխարգելման և դրա դեմ պայքարի միջոցառումները՝ հիմքում ունենալով հետազոտական մեթոդներով վեր հանված ճշգրիտ, փաստահեն տվյալներ։
6․ Միջգերատեսչական համագործակցության ուժեղացում
Տարբեր պետական մարմինների (Ոստիկանություն, Քննչական կոմիտե, Դատախազություն, Արդարադատության նախարարությանը ենթակա ծառայություններ և այլն) միջև տվյալների փոխանակումն ու համադրված աշխատանքը կնպաստեն իրավապահ համակարգի ընդհանուր արդյունավետության բարձրացմանը։
7․ Թափանցիկության և հանրային վստահության բարձրացում
Կենտրոնի կողմից պարբերաբար հրապարակվող հետազոտական և վիճակագրական նյութերը կբարձրացնեն հանրային իրազեկվածությունը հանցավորության իրական վիճակի վերաբերյալ՝ միաժամանակ ամրապնդելով պետական կառույցների հաշվետվողականությունը։
8․ Իրավապահ համակարգի ինստիտուցիոնալ կարողությունների զարգացում
Ստորաբաժանումը կդառնա գիտահետազոտական և վերլուծական գործունեության կենտրոն՝ ապահովելով մասնագիտական գիտելիքների կուտակում, նորարարական մեթոդների ներդրում և աշխատակիցների շարունակական կարողությունների զարգացում։
Բացի այդ, վեր հանված տեղեկատվությունը թույլ կտա իրավապահ համակարգին գնահատել ինչպես առանձին մարմինների, այնպես էլ դրանց ստորաբաժանումների ու կոնկրետ պաշտոնատար անձանց աշխատանքի թերությունները, բացթողումները ու հնարավոր խախտումները՝ այդպիսով ապահովելով անհրաժեշտության դեպքում համապատասխան խրախուսական կամ կարգապահական միջոցներ կիրառելու համար հիմնավոր տվյալներ։
9․ Իրավապահ քաղաքականության երկարաժամկետ կայունություն
Նոր համակարգը կապահովի տվյալների հավաքագրման, վերլուծության և որոշումների ընդունման գործընթացների ինստիտուցիոնալ շարունակականություն՝ նվազեցնելով անձերի կամ կառույցների փոփոխության ազդեցությունը քաղաքականության որակի վրա։
Վարչության գործունեությունը կունենա հանրապետական նշանակություն՝ ամփոփելով ու ստանդարտացնելով իրավապահ համակարգի բոլոր մարմինների տվյալները և գործունեության շղթայի արդյունքներով վերլուծական նյութեր և հետազոտություններ տրամադրելով նույն մարմիններին։ Այս համատեքստում սկզբունքային է այլ իրավապահ մարմինների հետ սերտ աշխատանքը և հետազոտական կարողությունների կենտրոնացումը նաև վերջիններիս գործունեության հետ կապված վերլուծությունների իրականացման համար։
3․ Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք․
Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության կողմից:
4. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ․
Նախագիծը բխում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի նոյեմբերի 15-ի N 1803-Լ որոշմամբ հաստատված՝ ոստիկանության բարեփոխումների իրականացման ռազմավարությունից բխող 2024-2026 թվականների գործողությունների ծրագրի 6-րդ ուղղության 4-րդ գործողությունից։
5. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները․
Նախագծի ընդունման դեպքում պետական բյուջեում ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
6. Ակնկալվող արդյունքը․
Նախագծի ընդունմամբ հնարավորություն կստեղծվի ապահովել հանցավորության (և այլ իրավախախտումների) վիճակագրության ձևավորման, վերլուծության և հետազոտությունների միասնական, արդյունավետ և ժամանակակից համակարգի ձևավորում՝ հիմք ընդունելով միջազգային լավագույն փորձն ու թվայնացման միտումները։
Նորաստեղծ Հանցավորության վիճակագրության և հետազոտական կենտրոնը հնարավորություն կտա ձևավորել համապարփակ, թվայնացված և ապացուցահեն տվյալների բազա, որն իր մեջ կներառի ինչպես քրեական, այնպես էլ վարչական իրավախախտումների վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն։
ՀՀ ներքին գործերի նախարարություն
-
Обсуждалось
23.10.2025 - 07.11.2025
-
Тип
Pешение
-
Область
Публичная служба, Гражданская служба, Управленческие правоотношениями, Общественное управление, Государственная служба
-
Министерство
Министерство внутренних дел
-
Test
Просмотры 1554
Принт