«ՀԱՐԿԱԴԻՐ ԱՃՈՒՐԴԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 4-Ի N 526-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 2-Ի N 245-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՐԿԱԴԻՐ ԱՃՈՒՐԴԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 4-Ի N 526-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 2-Ի N 245-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
11.04.2024 թվականին Ազգային ժողովի կողմից ընդունվել է «Կատարողական վարույթի մասին» օրենքը (այսուհետ՝ նաև Օրենք) և 30-ից ավել հարակից այլ օրենքներ։ Օրենքի ընդունման արդյունքում անհրաժեշտություն է առաջացել նաև փոփոխություններ կատարել համապատասխան ենթաօրենսդրական ակտերում:
Օրենքի փոփոխությունների արդյունքում անհրաժեշտություն է առաջացել նաև փոփոխություններ կատարել համապատասխան ենթաօրենսդրական ակտերում: Տվյալ դեպքում, հաշվի առնելով Օրենքի 80-րդ հոդվածի 3-րդ մասի կարգավորումը, ըստ որի՝ հարկադիր աճուրդին մասնակցելու լիազորություն ունեցող պետական մարմինների ցանկը սահմանում է Կառավարությունը, անհրաժեշտություն է առաջացել որոշմամբ սահմանել այդ մարմինների ցանկը: Ընդ որում, չնայած ներկայումս գործող որոշմամբ սահմանված է պահանջի դիմաց գույքն ընդունելու լիազորություն ունեցող պետական մարմինների ցանկը, այնուամենայնիվ, այն չի համապատասխանում Օրենքով որդեգրված նոր մոտեցումներին, ինչպես նաև չի բխում Օրենքի լիազորող նորմից:
Օրենքի 6-րդ հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության օգտին կայացված ակտերի կատարման վարույթով որպես պահանջատեր հանդես է գալիս այն պետական մարմինը, որի վրա օրենսդրությամբ դրված է տվյալ պահանջով Հայաստանի Հանրապետության անունից գործելու լիազորություն։ Ընդ որում, վարչական ակտերի և դատախազի որոշումների կատարման վարույթներով որպես պահանջատեր հանդես է գալիս համապատասխանաբար տվյալ որոշումը կայացրած վարչական մարմինը և դատախազությունը, իսկ Հայաստանի Հանրապետության օգտին դատական (վարութային) ծախսերի բռնագանձման վերաբերյալ կատարողական վարույթով որպես պահանջատեր Հայաստանի Հանրապետության անունից հանդես է գալիս պետական եկամուտների բնագավառում լիազորված պետական մարմինը, եթե, դատական ակտի համաձայն, դատական (վարութային) ծախսերը ենթակա չեն գանձման որևէ այլ պետական մարմնի օգտին: Այնուամենայնիվ, իրականացված ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ տարբեր պետական մարմինների մասնակցությունը աճուրդներին նպատակահարմար չէ, և աճուրդին մասնակցելու լիազորություն պետք է ունենա մեկ մարմին, որը կունենա համապատասխան լիազորություն հանդես գալու պետության անունից և ձեռք բերելու գույք կամ կատարելու հաշվանց, ինչպես նաև տնօրինելու այդպիսի պետական գույքը:
«Պետական գույքի կառավարման մասին» օրենքով Պետական գույքի կառավարման կոմիտեին տրված լիազորությունների շրջանակի ուսումնասիրությունը վկայում է, որ վերջինս կոչված է ապահովել պետական գույքի կառավարման ոլորտում իրականացվող քաղաքականության միասնականությունը, այդ թվում՝ իրականացնելու պետական գույքի կառավարումը և սպասարկումը, արդյունավետ օգտագործումը, համակարգելու պետական գույքի գույքագրման ու հաշվառման աշխատանքները, պետական գույքի կառավարման ոլորտում Հայաստանի Հանրապետության անունից կնքելու գործարքներ, պետական գույքի օտարման գործընթացում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կազմակերպելու և իրականացնելու աճուրդներ և մրցույթներ, ապահովելու օտարման ենթակա պետական գույքի վաճառքի կազմակերպումը, իրականացնելու պետական գույքի վարձակալության և անհատույց օգտագործման տրամադրումը:
Այսինքն՝ կոմիտեն իրավասու է իրականացնելու աճուրդի արդյունքում պետության սեփականություն դարձած գույքի պատշաճ կառավարումը, այդ թվում՝ որոշելու այդպիսի գույքի հետագա ճակատագիրը: Այս համատեքստում, պետք է հաշվի առնել նաև այն հանգամանքը, որ հանրային իշխանության համապատասխան մարմինը, ով հանդիսնում է կոնկրետ գործով պահանջատեր, ըստ էության, այդպիսի գույքն օտարելու կամ որևէ կոնկրետ եղանակով կամ կոնկրետ ժամկետում այլ կերպ տնօրինելու պարտականություն չունի:
Հետևաբար անհրաժեշտ է սահմանել մեկ մարմին, որը լիազորված կլինի տնօրինել նաև աճուրդի արդյունքում ձեռք բերվող և պետական սեփականություն համարվող գույքը: Ըստ այդմ, Կառավարության որոշմամբ նախատեսվում է Հայաստանի Հանրապետության անունից հարկադիր աճուրդին մասնակցելու լիազորություն ունեցող պետական մարմինը սահմանել Պետական գույքի կառավարման կոմիտեն, որը լիազորված կլինի նաև տնօրինել աճուրդի արդյունքում ձեռք բերվող և պետական սեփականություն համարվող գույքը:
Միաժամանակ, հաշվի առնելով, որ պետական մարմնի կողմից գույքի ձեռքբերումը ենթադրում է գնման գործընթացի կազմակերպում, իսկ հարկադիր աճուրդի արդյունքում գույքի ձեռքբերումը ենթադրում է որոշակի առանձնահատկություններ, անհրաժեշտություն է առաջացել նաև փոփոխություն կատարել Կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի «Գնումների գործընթացի կազմակերպման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 526-Ն որոշման մեջ:
Մասնավորապես, նշված գործընթացում Հայաստանի Հանրապետության անունից հարկադիր աճուրդին մասնակցելու լիազորություն ունեցող պետական մարմինը պետք է մասնակցի նախապես հայտարարված աճուրդին, եթե պետության կարիքներից ելնելով անհրաժեշտություն է առաջացել ձեռք բերել աճուրդով իրացվող գույքը: Այս դեպքում դասական մրցակցային ընթացակարգերի կիրարկումը գործնականում անհամատեղելի է հարկադիր աճուրդի օրենքով սահմանված պահանջների և ժամանակային սահմանափակումների հետ։ Ուստի անհրաժեշտ է իրավական հնարավորություն սահմանել հարկադիր աճուրդի արդյունքում գույքի ձեռքբերումը կազմակերպել մեկ անձից գնման ընթացակարգով՝ բացառիկության սկզբունքով։ Ընդ որում, նշված հիմքով յուրաքանչյուր առանձին գնման գործընթացի կազմակերպման համար պատվիրատուն, այն է Հայաստանի Հանրապետության օգտին կայացված ակտերի կատարման վարույթով որպես պահանջատեր հանդես եկող մարմինը, պետք է ստանա Կառավարության թույլտվությունը: Այդ մարմինը պետք է Կառավարություն ներկայացնի համապատասխան հիմնավորումներ, ինչը հիմք կհասնդիսանա գնման գործընթացի կազմակերպումը թույլատրելու և գույքը ձեռք բերելու համար: Միաժամանակ, Կառավարության՝ գնման գործընթացի կազմակերպումը թույլատրելու որոշմամբ անհրաժեշտ կլինի սահմանել այն պայմանները, որով Հայաստանի Հանրապետության անունից հարկադիր աճուրդին մասնակցելու լիազորություն ունեցող պետական մարմինը պետք է մասնակցի աճուրդին: Նախագծի մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է գնման ընթացակարգերի կազմակերպման պայմանների ճկունության ապահովմամբ և առաջարկվող մոտեցումը կնպաստի հարկադիր աճուրդով գույքի ձեռքբերման հիմնավորվածության ու արդյունավետության բարձրացմանը:
Կառավարության որոշման ընդունումը բխում է նաև Վարչապետի 25․05․2024 թվականի N 699–Ա որոշումից, որով հաստատվել են Կատարողական վարույթի մասին և ««Հրապարակային սակարկությունների մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին օրենքների կիրարկումն ապահովող միջոցառումները, և որում ի թիվս այլ ակտերի, Օրենքի կիրարկումն ապահովելու համար նախատեսվել է «Հարկադիր աճուրդին մասնակցելու լիազորություն ունեցող պետական մարմինների ցանկը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մարտի 2-ի N 245-ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» կառավարության որոշման նախագծի մշակումը և ներկայացումը Վարչապետի աշխատակազմ։
2․ Առաջարկվող կարգավորումն ու ակնկալվող նպատակը.
Նախագծով առաջարկվում է սահմանել հարկադիր աճուրդին մասնակցելու լիազորություն ունեցող պետական մարմինների ցանկը, գնման գործընթացի առանձնահատկությամբ պայմանավորված լրացում կատարել Կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման մեջ և ուժը կորցրած ճանաչել Կառավարության 2006 թվականի մարտի 2-ի N 245-ն որոշումը:
Մասնավորապես, նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության անունից հարկադիր աճուրդին մասնակցելու լիազորություն ունեցող պետական մարմինը սահմանել Պետական գույքի կառավարման կոմիտեն, որը հարկադիր աճուրդին կմասնակցի գնման գործընթացը կազմակերպելու թույլտվության վերաբերյալ Կառավարության որոշմանը համապատասխան։
Նախագծով առաջարկվում է Կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի «Գնումների գործընթացի կազմակերպման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 526-Ն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված կարգի 23-րդ կետի 4-րդ ենթակետով նախատեսված ցանկը լրացնել նոր կետով, ըստ որի Հայաստանի Հանրապետության օգտին կայացված ակտերի կատարման վարույթով հարկադիր աճուրդում գույքի ձեռքբերում կարող է իրականացվել յուրաքանչյուր առանձին դեպքում գնման գործընթացը կազմակերպելով Հայաստանի Հանրապետության կառավարության թույլտվությամբ: Միաժամանակ առաջարկվում է սահմանել, որ գնման գործընթացը կազմակերպելու Կառավարության թույլտվությունը ստանալու համար Հայաստանի Հանրապետության օգտին կայացված ակտերի կատարման վարույթով որպես պահանջատեր հանդես եկող մարմինը Կառավարություն է ներկայացնում գույքը ձեռք բերելու անհրաժեշտության վերաբերյալ հիմնավորումներ: Ընդ որում, այս դեպքում Հայաստանի Հանրապետության անունից հարկադիր աճուրդին մասնակցելու լիազորություն ունեցող պետական մարմինը աճուրդին մասնակցում է գնման գործընթացը կազմակերպելու թույլտվության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված պայմաններով: Կառավարությունը որոշմամբ սահմանում է գնման գործընթացի կազմակերպման համար անհրաժեշտ տվյալները, այդ թվում՝ գույքի ձեռքբերման արժեքի առավելագույն չափը, որը չի կարող ավել լինել գույքի շուկայական գնահատված արժեքի 100 տոկոսից:
Նախագծի ընդունման արդյունքում կապահովվի Կատարողական վարույթի մասին օրենքի պատշաճ կիրարկումը, ինչպես նաև հնարավորություն կընձեռնվի հարկադիր աճուրդով իրացվող գույքի ձեռքբերումն իրականացվել մեկ անձից գնման ձևով՝ Կառավարության համապատասխան թույլտվության հիմքով:
3․ Իրավական ակտի նախագիծը մշակող պատասխանատու մարմինը.
Նախագիծը մշակվել է Արդարադատության նախարարության Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից։
4․ Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.
Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չկա, պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չեն նախատեսվում:
5․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.
Նախագծի մշակումը բխում է՝
- Կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշման Հավելված 1-ում Արդարադատության նախարարությանը վերապահված 19-րդ նպատակից՝ «Հարկադիր կատարման համակարգի բարեփոխումների կատարում՝ միտված կատարողական վարույթի արդյունավետության բարձրացմանը, ներառյալ թվայնացման և էլկետրոնային համակարգերի գործարկման միջոցով».
- Կառավարության 2022 թվականի հուլիսի 21-ի N 1133-Լ որոշման Հավելված 1-ով հաստատված Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարության 11-րդ ռազմավարական նպատակից՝ «Հարկադիր կատարման համակարգի բարեփոխումներ».
- Վարչապետի 25.08.2022թ. թիվ 977-Լ որոշմամբ հաստատված գնումների համակարգի զարգացման հայեցակարգից բխող միջոցառումների ծրագրի 3.3. նախատեսված՝ «Համակարգային վերլուծությունների աջակցություն և իրականացում» միջոցառումից (ակնկալվող արդյունքը՝ մրցութային, պլանավորման և պայմանագրերի կառավարման գործընթացների շարունակական ուսումնասիրությունների իրականացման արդյունքում՝ ռիսկերի բացահայտում և կառավարում, արդյունավետության բարձրացում):
-
Обсуждалось
23.10.2025 - 07.11.2025
-
Тип
Pешение
-
Область
Принудительное исполнение судебных актов
-
Министерство
Министерство юстиции
-
Test
-
Ссылка на исходную версию
https://e-draft.am/projects/8499
Просмотры 1103
Принт