Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ

Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней

Номер Автор предложения, дата получения Статус Содержание предложения Прикрепленные файлы Заключение Article
1 2 3 4 5 6
1 Վահագն Գրիգորյան 21.07.2025 19:44:51 Վատ գաղափար է։ Դուք անընդհատ փորձում եք արհեստականորեն կրճատել դատավարության ժամկետները՝ դատավարության բովանդակային կողմի հաշվին։ Քաղաքացիական դատավարության էական սկզբունքներից է անմիջականության սկզբունքը, որից բխում է, որ դատավորը ԱՆՄԻՋԱԿԱՆՈՐԵՆ պետք է հետազոտի ապացույցները և այդ հետազոտման ընթացքում պետք է լսի կողմերի դիրքորոշումները, հարցերը և այլն։ Ապացույցների հետազոտման փուլը ձևականություն ՉԷ։ Դատավորն իրավունք չունի և չպետք է իրավունք ունենա վճիռ կայացնել՝ այլ դատավորի հետազոտած ապացույցների հիման վրա։ Նման արդարադատությունն ընդամենը ձևականություն է։
2 Վահագն Գրիգորյան 21.07.2025 19:51:28 Պարզ գործերի համար գոյություն ունեն պարզեցված ընթացակարգեր, նոտարական ընթացակարգեր և այլն։ Իսկ ոչ պարզ գործը չի կարող 6 ամիս տևել։ Մեկ տարին նվազագույն անհրաժեշտ ժամկետն է՝ հաշվի առնելով տարատեսակ օբյեկտիվ գործոններ (արձակուրդ, հետաձգման հարգելի հիմքեր և այլն)։ Բացի այդ, չի կարելի կողմերին զրկել խոսելու, միջնորդություններ անելու, առարկություններ ներկայացնելու հիմքից՝ բացառապես այն պատճառով, որ պետությունը որոշել է, որ գործերը 6 ամսում պետք է քննվեն։ Դուք ո՞ւմ շահերից ելնելով եք սա անում։ Նորից եմ կրկնում, պարզ գործերի համար գոյություն ունեն պարզեցված ընթացակարգեր։ Այս 6 ամիսը (որը շատ սեղմ ժամկետ է) դուք ցանկանում եք սահմանել ԲԱՐԴ (ոչ պարզ) գործերի համար, ինչը անընդունելի է։ Դատական գործի տևողությունը պետք է լինի 1 տարի, որը պետք է հնարավոր լինի երկարացնել մինչև 3 տարի։ 3 տարվա ժամկետը բոլոր դեպքերում միշտ բավարար կլինի բարդ գործերով բովանդակային արդարադատություն իրականացնելու համար։
3 Վահագն Գրիգորյան 21.07.2025 19:53:57 Իսկ նախագծի տրամաբանությամբ ի՞նչ է տեղի ունենալու, եթե դատարանը խախտի գործի քննության առավելագույն ժամկետները։ Դատավորի նկատմամբ մեխանիկորեն կարգապահական վարո՞ւյթ է հարուցվելու։ Դատավորը ազատվելու է պաշտոնի՞ց։ Սա անընդունելի մոտեցում է։ Սա բերելու է նրան, որ դատավորներին չի հետաքրքրելու արդարադատության բովանդակային կողմը, իրենց դատական ակտերի որակը, կողմերին արտահայտվելու հնարավորություն տալը։ Դատավորը փորձելու է հնարավորինս արագ «ազատվել» այն գործից, որի ժամկետը մոտենում է ավարտին։
4 Վահագն Գրիգորյան 21.07.2025 20:00:42 Բացի այդ, որտեղի՞ց եք վերցրել այդ 6-ամսյա ժամկետը։ Ո՞վ է ասել, որ ՈՉ ՊԱՐԶ գործերը պետք է քննվեն այդքան արագ։ Ո՞վ է ասել, որ մեր փաստաբանական համայնքը պատրաստ է դրան։ Ո՞վ է ասել, որ մեր տնտեսական համակարգը պատրաստ է դրան։ Մարդիկ ՀՀ-ում հիմնականում վճարունակ չեն, և ըստ այդմ՝ փաստաբանները ստիպված քանակապես շատ գործեր են վերցնում, որ կարողանան ամսական եկամուտ ապահովել։ Ինչպե՞ս են փաստաբանները հասցնելու նման արագության տակ աշխատել, եթե տնտեսապես ստիպված են շատ գործեր վերցնել։ Դուք տեղյա՞կ եք, որ օրինակ Դանիայում մարդիկ 15,000 USD հայցագին ունեցող գործերով ընդհանրապես չեն դիմում դատարան, քանի որ մոտավորապես այդքան գումար էլ պետք է վճարեն փաստաբանին։ Այ երբ որ ՀՀ-ում կլինի Դանիայի նման տնտեսական վիճակ, փաստաբանները կկարողանան իրենց թույլ տալ վերցնել քիչ դատական գործեր, այդ ժամանակ էլ կկարողանան ԲԱՐԴ գործերով 6 ամսվա ընթացքում ամբողջ անհրաժեշտ աշխատանքը կատարել (այդ թվում՝ օրինակ 15 օրը մեկ դատական նիստերի հաճախել, ինչը ներկայումս անհնար է)։
5 Վահագն Գրիգորյան 21.07.2025 20:05:23 Ես արդեն պատկերացնում եմ, թե որոշ դատավորներ ինչպես են մերժելու փաստաբանների հիմնավորված միջնորդությունները (օրինակ՝ ապացուցման բեռը փոփոխելու մասին միջնորդությունը, արձակուրդի հիմքով նիստը հետաձգելու մասին միջնորդությունը և այլն), որպեսզի ստիպված չլինեն լրացուցիչ աշխատել և «պատճառաբանված որոշում» կայացնել՝ գործի քննության ժամկետը լրացուցիչ 6 ամսով երկարաձգելու համար։ Մարդկային բնույթն է այդպես. դատավորները հիմնականում միշտ էլ խուսափելու են ավելորդ աշխատանքից, որի արդյունքում տուժելու ենք մենք։ Իսկ բարեխիղճ դատավորները (ովքեր չեն խուսափի լրացուցիչ աշխատելուց) մի օր կհոգնեն այս չհիմնավորված վերահսկողությունից ու ընդհանրապես դուրս կգան դատական համակարգից։ Արդյունքում կունենանք դատական համակարգ՝ բաղկացած այնպիսի դատավորներից, ովքեր «գնալու այլ տեղ չունեն» (ինչը շատ վատ է, քանի որ դա խոսում է դատավորի ցածր մասնագիտական որակների մասին)։
6 Վահագն Գրիգորյան 21.07.2025 20:14:54 Մի խոսքով, ավելանալու է արագությունը, բայց կատաստրոֆիկ (կրկնում եմ՝ ԿԱՏԱՍՏՐՈՖԻԿ) տուժելու է որակը։ Բացի այդ, դատական պրոցեսը բոլորի համար դառնալու է շատ ավելի լարված և տհաճ։ Դատավորն աշխատելու է նիստերը նշանակել՝ «օր առաջ» սկզբունքով՝ անհրաժեշտ գործողությունները կատարելու համար նորմալ ժամանակ չտալով և խախտելով օրինակ իմ՝ այլ գործեր ևս միաժամանակ վերցնելու իրավունքը, աշխատանքի միջոցով ամսական եկամուտ գեներացնելու իրավունքը, հանգստի իրավունքը և այլն։ Իսկ սրանք ավելի կարևոր արժեքներ են, քան թե ԲԱՐԴ դատական գործերի՝ 6 ամսում քննությունն ապահովելը, որը ոչ մեկին հետաքրքիր չէ։ Դուք այս մոտեցմամբ սպանելու եք և փաստաբանական բիզնեսը, և արդարադատության որակը։ Մինչդեռ ՈՉ ՄԵԿ (ոչ մի ողջամիտ մարդ) չի բողոքում ԲԱՐԴ գործերի քննության ձգձգումներից։ Բոլորս էլ հասկանում ենք, որ եթե գործը բարդ է, ուրեմն բոլորն էլ ժամանակի կարիք ունեն, այդ թվում դատավորը։ Ի վերջո, դատավորը ևս մեքենա չէ և AI չէ (և պետք էլ չի, որ լինի)։ Եթե ուզում եք «հասարակության գոհունակության մակարդակը» բարձրացնել, մտածեք ՎԱՐՉԱԿԱՆ գործերի մասին, այլ ոչ թե քաղաքացիական։ Մտածեք էն մասին, որ ՔՐԵԱԿԱՆ գործերը անհիմն չձգձգվեն այն պատճառով, որ «կալանավորին դատարան տանելու համար մեքենա չկա»։ Մարդիկ առավելապես դժգոհ են ՎԱՐՉԱԿԱՆ և ՔՐԵԱԿԱՆ գործերի ժամկետների ձգձգումից։ Քաղաքացիական գործերի մասով ևս կան որոշ դժգոհություններ, բայց դրանց լուծման ճանապարհը ոչ թե սա է, այլ՝ որոշ դատավորներին պաշտոնից հեռացնելը (ինչի հնարավորությունը ԲԴԽ-ն ունեցել է, սակայն չի իրագործել)։
7 Վահագն Գրիգորյան 21.07.2025 20:22:06 Առանց այդ էլ, շատ դատավորներ արդեն դժգոհ են այն փաստից, որ ստիպված են report-ներ գրել՝ գործերի քննության ժամկետների երկարաձգման պատճառների վերաբերյալ։ Այսինքն, նորմալ դատավորները, ովքեր լավ մասնագետ են, այսօր արդեն բավականին ժամանակ են ծախսում, որ «հիմնավորեն», թե ինչու է x գործի քննությունը տևում ավելի երկար, քան թե սահմանված է ԲԴԽ-ի որոշմամբ։ Մինչդեռ ավելի լավ կլիներ, եթե դատավորն իր ժամանակը ծախսեր բովանդակային բաների վրա (այլ ոչ թե գործի քննության ժամկետի երկարումը հիմնավորելու)։
8 Վահագն Գրիգորյան 21.07.2025 20:49:45 Կամ ինչպե՞ս եք պատկերացնում, որ պարզեցված վարույթներով գործերը քննվեն 3-4 ամսում (փաստացի՝ 5-6), և այդ պայմաններում բարդ գործերի քննության համար սահմանված լինի, որպես կանոն, 6-ամսյա ժամկետ։ Կամ արդյո՞ք տեղյակ եք, որ Քաղ. դատ․ օրենսգրքով սահմանված՝ աշխատանքային վեճերի քննության ժամկետներն այսօր ոչ ոքի կողմից չեն պահպանվում։ Ոչ թե այն պատճառով, որ դատավորները վատն են, այլ՝ այն պատճառով, որ այդ ժամկետն ի սկզբանե սխալ և չհիմնավորված էր (ինչը դժվար չէր ի սկզբանե հասկանալ)։ Մի խոսքով, ԲԱՐԴ քաղաքացիական գործերի քննության համար «կանոնը» 1 տարին է, իսկ «կարմիր գիծը» 3 տարին է, այլ ոչ թե՝ այն ժամկետները, որոնք գրել եք նախագծում։ Առավել ևս, ձեր կողմից վկայակոչված միջազգային փորձն ընդհանրապես չի հիմնավորում ձեր նախագիծը։ Կարո՞ղ եք ասել, թե ով է «պահանջում», որ ՀՀ-ն գործերն ավելի կարճ ժամկետներում քննի, քան թե զարգացած կամ զարգացող եվրոպական երկրները։ Պետք չի փորձել Հռոմի պապից ավելի կաթոլիկ լինել։ Դատավորը, որն ամեն ինչ անելու է, որ գործն արագ քննի, չի կարող որակյալ քննություն ապահովել և որակով դատական ակտ կայացնել։
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: