Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. 2018 թվականի փետրվարի 9-ի Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 27-րդ հոդվածում.

1) 5.1-5.5-րդ մասերը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.

«5.1. Դատարանի կազմը փոխվելու կամ դատական կազմում փոփոխության դեպքում գործի (վերաքննիչ բողոքի) քննությունը շարունակվում է ընդհատման պահից, բացառությամբ առաջին ատյանի դատարանում գործի դատաքննությունն ավարտված լինելու դեպքերի, կամ եթե առաջին ատյանի դատարանը (վերաքննիչ դատարանը) պատճառաբանված որոշում է կայացնում գործի (վերաքննիչ բողոքի) քննությունն սկզբից սկսելու մասին: Գործի դատաքննությունն ավարտված լինելու դեպքում գործի դատաքննությունը վերսկսվում է, եթե առաջին ատյանի դատարանը չի կայացնում պատճառաբանված որոշում՝ գործի քննությունն սկզբից սկսելու մասին:

5.2. Գործը վարույթ ընդունելու մասին առաջին ատյանի դատարանի որոշման հետ մեկտեղ գործին մասնակցող անձանց ուղարկվում է ծանուցում՝ այն ստանալու օրվանից 7-օրյա ժամկետում գործի քննությունն ընդհատման պահից շարունակելու, իսկ դատաքննությունն ավարտված լինելու դեպքում՝ դատաքննության փուլից վերսկսելու, կամ գործի քննությունը սկզբից սկսելու մասին դիրքորոշում ներկայացնելու իրավունքի մասին: Դիրքորոշում ներկայացնելու ժամկետի ավարտից հետո՝ եռօրյա ժամկետում, առաջին ատյանի դատարանը կայացնում է սույն հոդվածի 5.1-ին մասով սահմանված որոշումներից մեկը:

5.3. Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքը (գործը) վարույթ ընդունելու որոշմամբ կայացնում է վերաքննիչ բողոքի քննությունն ընդհատման պահից շարունակելու մասին որոշում, եթե նույն որոշմամբ չի պատճառաբանում վերաքննիչ բողոքի քննությունն սկզբից սկսելու անհրաժեշտությունը:

5.4. Եթե սույն հոդվածով նախատեսված կարգով գործի (վերաքննիչ բողոքի) քննությունը շարունակվում է ընդհատման պահից, սակայն գործի (վերաքննիչ բողոքի) քննության համար սույն օրենսգրքով սահմանված և մնացած ժամկետը պակաս է մեկ ամսից, ապա այդ ժամկետը երկարաձգվում է մեկ ամսով, իսկ եթե տվյալ գործի (վերաքննիչ բողոքի) քննության համար սույն օրենսգրքով նախատեսված ժամկետը մեկ ամիս է կամ պակաս է մեկ ամսից, ապա տվյալ գործի (վերաքննիչ բողոքի) քննության համար՝ սույն օրենսգրքով նախատեսված ժամկետով:

5.5. Գործի (վերաքննիչ բողոքի) քննությունն ընդհատման պահից շարունակելու մասին որոշում կայացվելու դեպքում գործի (վերաքննիչ բողոքի) քննությունը շարունակվում է գործի (վերաքննիչ բողոքի) քննության ընդհատման՝ դատարանի կազմը փոխվելու կամ դատական կազմում փոփոխության պահից:».

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 5.6-րդ և 5.7-րդ մասերով.

«5.6. Գործի (վերաքննիչ բողոքի) քննությունն ընդհատման պահից շարունակելու դեպքում մինչև գործի (վերաքննիչ բողոքի) քննության ընդհատման պահն ավարտված դատավարական ժամկետները չեն վերսկսվում, իսկ դատավարության մասնակիցները չեն կարող կատարել այնպիսի գործողություններ, որոնց կատարման ժամկետը լրացել է մինչև գործի (վերաքննիչ բողոքի) քննության ընդհատման պահը:

5.7. Գործի (վերաքննիչ բողոքի) քննությունն ընդհատման պահից շարունակվելու դեպքում մինչև գործի (վերաքննիչ բողոքի) քննության ընդհատման պահը կատարված գործողությունները կամ ընդունված որոշումները պարտադիր են և ունեն իրավական ուժ այնպես, ինչպես դատարանի կազմի կամ դատական կազմում փոփոխություն տեղի չունենալու դեպքում:»:

 

Հոդված 2. Օրենսգրքի 29-րդ հոդվածի.

1) 2-րդ մասում «Նախնական դատական նիստի ավարտից հետո մինչև դատաքննության ավարտն ինքնաբացարկ կամ բացարկ կարող է հայտնվել, եթե այն հայտնող անձը հիմնավորում է, որ ինքնաբացարկի կամ բացարկի հիմքը ծագել կամ իրեն հայտնի է դարձել նախնական դատական նիստի ավարտից հետո և մինչև այդ չէր կարող հայտնի լինել» բառերից հետո լրացնել «կամ եթե տեղի է ունեցել դատարանի կազմի փոփոխություն և գործի քննությունը շարունակվել է ընդհատման պահից:» բառերով.

2) 3-րդ մասում «Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարանում բողոքի քննությունն սկսվելուց հետո մինչև բողոքի քննության ավարտն ինքնաբացարկ կամ բացարկ կարող է հայտնվել, եթե այն հայտնող անձը հիմնավորում է, որ ինքնաբացարկի կամ բացարկի հիմքը ծագել կամ իրեն հայտնի է դարձել բողոքի քննությունն սկսվելուց հետո և մինչև այդ չէր կարող հայտնի լինել» բառերից հետո լրացնել «կամ եթե Վերաքննիչ դատարանում տեղի է ունեցել դատական կազմի փոփոխություն և բողոքի քննությունը շարունակվել է ընդհատման պահից:» բառերով:

 

Հոդված 3. Օրենսգրքի 160-րդ հոդվածում՝

1) վերնագիրը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ՝ «Գործի վարույթը կասեցնելու, վերսկսելու կարգը և հետևանքները».

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 4-րդ և 5-րդ մասերով.

«4. Գործի վարույթը կասեցնելու մասին որոշում կայացնելու օրվանից կասեցվում է նաև գործի քննության՝ սույն օրենսգրքի 179.1-ին հոդվածով սահմանված կամ դատարանի որոշմամբ երկարաձգված ժամկետը, որի հաշվարկը վերսկսում է գործի վարույթը վերսկսելու մասին որոշում կայացնելու օրվանից:

5. Գործի վարույթը կասեցնելու, ինչպես նաև գործի վարույթը վերսկսելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասին դատարանի որոշումը վերացվելու դեպքում գործի քննության՝ սույն օրենսգրքի 179.1-ին հոդվածով սահմանված կամ դատարանի որոշմամբ երկարաձգված ժամկետի հաշվարկը վերսկսում է վերաքննիչ դատարանի դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելու օրվանից:»:

 

Հոդված 4. Օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասում «անմիջականորեն» բառից հետո լրացնել «, բացառությամբ դատաքննության փուլում դատարանի կազմը փոխվելու կամ դատարանի կազմը փոխվելու հիմքով դատաքննությունը վերսկսելու դեպքերի, երբ գործին մասնակցող անձանց համաձայնությամբ դատարանը կարող է որոշում կայացնել նախքան դատարանի կազմի փոփոխությունը հետազոտված ապացույցները դատական նիստում հետազոտված համարելու վերաբերյալ՝ առանց դրանք անմիջականորեն հետազոտելու» բառերով:

 

Հոդված 5. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 179.1-ին հոդվածով.

«Հոդված 179.1. Դատարանում գործերի քննության ժամկետը

1. Գործն առաջին ատյանի դատարանում քննվում և լուծվում է հայցադիմումը (դիմումը) վարույթ ընդունվելուց հետո ողջամիտ ժամկետում, բայց ոչ ավելի, քան վեց ամսվա ընթացքում, եթե այլ բան նախատեսված չէ սույն օրենսգրքով:

2. Դատարանը կարող է պատճառաբանված որոշմամբ ոչ ավելի, քան երկու անգամ երկարաձգել սույն հոդվածի 1-ին մասում նշված ժամկետը՝ յուրաքանչյուր դեպքում առավելագույնը վեց ամիս ժամկետով:

3. Սույն հոդվածով նախատեսված կարգավորումները կիրառելի չեն սնանկության գործերի և պետության գույքային և ոչ գույքային շահերի պաշտպանության և ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերի նկատմամբ:»:

 

Հոդված 6. Եզրափակիչ մաս և անցումային դրույթ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Սույն օրենքը տարածվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո ներկայացված հայցադիմումների (դիմումների) հիման վրա հարուցված գործերի վրա։

 

 

   

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. 2013 թվականի դեկտեմբերի 05-ի Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 12-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 2.1-2.8-րդ մասերով.

«2.1. Վարչական դատարանում գործի քննությունը, իսկ վերաքննիչ դատարանում բողոքի քննությունն անցկացվում են դատարանի անփոփոխ կազմով, բացառությամբ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերի: Վարչական դատարանի կազմը փոխվելու կամ կազմում փոփոխության դեպքում կայացվում է գործը (վերաքննիչ բողոքը) վարույթ ընդունելու մասին որոշում:

2.2. Վարչական դատարանի կազմը փոխվելու կամ դատական կազմում փոփոխության դեպքում գործի (վերաքննիչ բողոքի) քննությունը շարունակվում է ընդհատման պահից, բացառությամբ վարչական դատարանում գործի դատաքննությունն ավարտված լինելու դեպքերի, կամ եթե վարչական դատարանը (վերաքննիչ դատարանը) պատճառաբանված որոշում է կայացնում գործի (վերաքննիչ բողոքի) քննությունն սկզբից սկսելու մասին: Գործի դատաքննությունն ավարտված լինելու դեպքում գործի դատաքննությունը վերսկսվում է, եթե վարչական դատարանը չի կայացնում պատճառաբանված որոշում՝ գործի քննությունն սկզբից սկսելու մասին:

2.3. Գործը վարույթ ընդունելու մասին վարչական դատարանի որոշման հետ մեկտեղ գործին մասնակցող անձանց ուղարկվում է ծանուցում՝ այն ստանալու օրվանից 7-օրյա ժամկետում գործի քննությունն ընդհատման պահից շարունակելու, իսկ դատաքննությունն ավարտված լինելու դեպքում՝ դատաքննության փուլից վերսկսելու, կամ գործի քննությունը սկզբից սկսելու մասին դիրքորոշում ներկայացնելու իրավունքի մասին: Դիրքորոշում ներկայացնելու ժամկետի ավարտից հետ՝ եռօրյա ժամկետում, վարչական դատարանը կայացնում է սույն հոդվածի 2.2.-րդ մասով սահմանված որոշումներից մեկը:

2.4. Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքը (գործը) վարույթ ընդունելու որոշմամբ կայացնում է վերաքննիչ բողոքի քննությունն ընդհատման պահից շարունակելու մասին որոշում, եթե նույն որոշմամբ չի պատճառաբանում վերաքննիչ բողոքի քննությունն սկզբից սկսելու անհրաժեշտությունը:

2.5. Եթե սույն հոդվածով նախատեսված կարգով գործի (վերաքննիչ բողոքի) քննությունը շարունակվում է ընդհատման պահից, սակայն գործի (վերաքննիչ բողոքի) քննության համար սույն օրենսգրքով սահմանված և մնացած ժամկետը պակաս է մեկ ամսից, ապա այդ ժամկետը երկարաձգվում է մեկ ամսով, իսկ եթե տվյալ գործի (վերաքննիչ բողոքի) քննության համար սույն օրենսգրքով նախատեսված ժամկետը մեկ ամիս է կամ պակաս է մեկ ամսից, ապա տվյալ գործի (վերաքննիչ բողոքի) քննության համար՝ սույն օրենսգրքով նախատեսված ժամկետով:

2.6. Գործի (վերաքննիչ բողոքի) քննությունն ընդհատման պահից շարունակելու դեպքում գործի (վերաքննիչ բողոքի) քննությունը շարունակվում է գործի (վերաքննիչ բողոքի) քննության ընդհատման՝ վարչական դատարանի կազմը փոխվելու կամ դատական կազմում փոփոխության պահից:

2.7. Գործի (վերաքննիչ բողոքի) քննությունն ընդհատման պահից շարունակելու դեպքում մինչև գործի (վերաքննիչ բողոքի) քննության ընդհատման պահն ավարտված դատավարական ժամկետները չեն վերսկսվում, իսկ դատավարության մասնակիցները չեն կարող կատարել այնպիսի գործողություններ, որոնց կատարման ժամկետը լրացել է մինչև գործի (վերաքննիչ բողոքի) քննության ընդհատման պահը:

2.8. Գործի (վերաքննիչ բողոքի) քննությունն ընդհատման պահից շարունակվելու դեպքում մինչև գործի (վերաքննիչ բողոքի) քննության ընդհատման պահը կատարված գործողությունները կամ ընդունված որոշումները պարտադիր են և ունեն իրավական ուժ այնպես, ինչպես վարչական դատարանի կազմի կամ դատական կազմում փոփոխություն տեղի չունենալու դեպքում:»:

 

Հոդված 2. Օրենսգրքի 84-րդ հոդվածում.

1) 1-ին մասում «Գործը դատաքննության նախապատրաստելը և բուն դատաքննությունը պետք է իրականացվեն ողջամիտ ժամկետներում,» բառերը փոխարինել «Վարչական դատարանում գործերը քննվում և լուծվում են հայցադիմումը (դիմումը) վարույթ ընդունվելու պահից ողջամիտ ժամկետում, բայց ոչ ավելի, քան վեց ամսվա ընթացքում,» բառերով.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 1.1-ին մասով.

«1.1. Վարչական դատարանը կարող է պատճառաբանված որոշմամբ ոչ ավելի, քան երեք անգամ երկարաձգել սույն հոդվածի 1-ին մասում նշված ժամկետը՝ յուրաքանչյուր դեպքում առավելագույնը վեց ամիս ժամկետով:»:

 

Հոդված 3. Օրենսգրքի 94-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 4-րդ մասով.

«4. Գործի վարույթը կասեցնելու մասին որոշում կայացնելու օրվանից կասեցվում է նաև գործի քննության՝ սույն օրենսգրքի 84-րդ հոդվածով սահմանված կամ դատարանի որոշմամբ երկարաձգված ժամկետը:»:

 

Հոդված 4. Օրենսգրքի 95-րդ հոդվածում.

1) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 3.1-ին մասով.

«3.1. Գործի վարույթը վերսկսելու մասին որոշում կայացնելու օրվանից վերսկսում է նաև գործի քննության՝ սույն օրենսգրքի 84-րդ հոդվածով սահմանված կամ դատարանի որոշմամբ երկարաձգված ժամկետի հաշվարկը:»:

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 5-րդ մասով.

«5. Գործի վարույթը կասեցնելու մասին վարչական դատարանի որոշումը վերացվելու դեպքում գործի քննության՝ սույն օրենսգրքի 84-րդ հոդվածով սահմանված կամ դատարանի որոշմամբ երկարաձգված ժամկետի հաշվարկը վերսկսում է համապատասխան վերադաս դատարանի դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելու օրվանից:»:

 

Հոդված 5. Օրենսգրքի 112-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 5-րդ մասով.

«5. Դատաքննության փուլում վարչական դատարանի կազմը փոխվելու կամ վարչական դատարանի կազմը փոխվելու հիմքով դատաքննությունը վերսկսելու դեպքերում վարչական դատարանը, դատավարության մասնակիցների համաձայնությամբ, կարող է որոշում կայացնել նախքան վարչական դատարանի կազմի փոփոխությունը հետազոտված ապացույցները դատական նիստում հետազոտված համարելու վերաբերյալ՝ առանց դրանք անմիջականորեն հետազոտելու:»:  

 

Հոդված 6. Օրենսգրքի 114-րդ հոդվածի 5-րդ մասում «հետազոտված» բառից հետո լրացնել «կամ սույն օրենսգրքի 112-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված կարգով դատական նիստում հետազոտված համարված» բառերով:

 

Հոդված 7. Եզրափակիչ մաս և անցումային դրույթ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Սույն օրենքը տարածվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո ներկայացված հայցադիմումների (դիմումների) հիման վրա հարուցված գործերի վրա։

  • Обсуждалось

    14.07.2025 - 29.07.2025

  • Тип

    Закон

  • Область

    Юстиция

  • Министерство

    Министерство юстиции

Отправить рекомендацию по электронной почте

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 2326

Принт

Предложения

Վահագն Գրիգորյան

21.07.2025

Կամ ինչպե՞ս եք պատկերացնում, որ պարզեցված վարույթներով գործերը քննվեն 3-4 ամսում (փաստացի՝ 5-6), և այդ պայմաններում բարդ գործերի քննության համար սահմանված լինի, որպես կանոն, 6-ամսյա ժամկետ։ Կամ արդյո՞ք տեղյակ եք, որ Քաղ. դատ․ օրենսգրքով սահմանված՝ աշխատանքային վեճերի քննության ժամկետներն այսօր ոչ ոքի կողմից չեն պահպանվում։ Ոչ թե այն պատճառով, որ դատավորները վատն են, այլ՝ այն պատճառով, որ այդ ժամկետն ի սկզբանե սխալ և չհիմնավորված էր (ինչը դժվար չէր ի սկզբանե հասկանալ)։ Մի խոսքով, ԲԱՐԴ քաղաքացիական գործերի քննության համար «կանոնը» 1 տարին է, իսկ «կարմիր գիծը» 3 տարին է, այլ ոչ թե՝ այն ժամկետները, որոնք գրել եք նախագծում։ Առավել ևս, ձեր կողմից վկայակոչված միջազգային փորձն ընդհանրապես չի հիմնավորում ձեր նախագիծը։ Կարո՞ղ եք ասել, թե ով է «պահանջում», որ ՀՀ-ն գործերն ավելի կարճ ժամկետներում քննի, քան թե զարգացած կամ զարգացող եվրոպական երկրները։ Պետք չի փորձել Հռոմի պապից ավելի կաթոլիկ լինել։ Դատավորը, որն ամեն ինչ անելու է, որ գործն արագ քննի, չի կարող որակյալ քննություն ապահովել և որակով դատական ակտ կայացնել։

Վահագն Գրիգորյան

21.07.2025

Առանց այդ էլ, շատ դատավորներ արդեն դժգոհ են այն փաստից, որ ստիպված են report-ներ գրել՝ գործերի քննության ժամկետների երկարաձգման պատճառների վերաբերյալ։ Այսինքն, նորմալ դատավորները, ովքեր լավ մասնագետ են, այսօր արդեն բավականին ժամանակ են ծախսում, որ «հիմնավորեն», թե ինչու է x գործի քննությունը տևում ավելի երկար, քան թե սահմանված է ԲԴԽ-ի որոշմամբ։ Մինչդեռ ավելի լավ կլիներ, եթե դատավորն իր ժամանակը ծախսեր բովանդակային բաների վրա (այլ ոչ թե գործի քննության ժամկետի երկարումը հիմնավորելու)։

Վահագն Գրիգորյան

21.07.2025

Մի խոսքով, ավելանալու է արագությունը, բայց կատաստրոֆիկ (կրկնում եմ՝ ԿԱՏԱՍՏՐՈՖԻԿ) տուժելու է որակը։ Բացի այդ, դատական պրոցեսը բոլորի համար դառնալու է շատ ավելի լարված և տհաճ։ Դատավորն աշխատելու է նիստերը նշանակել՝ «օր առաջ» սկզբունքով՝ անհրաժեշտ գործողությունները կատարելու համար նորմալ ժամանակ չտալով և խախտելով օրինակ իմ՝ այլ գործեր ևս միաժամանակ վերցնելու իրավունքը, աշխատանքի միջոցով ամսական եկամուտ գեներացնելու իրավունքը, հանգստի իրավունքը և այլն։ Իսկ սրանք ավելի կարևոր արժեքներ են, քան թե ԲԱՐԴ դատական գործերի՝ 6 ամսում քննությունն ապահովելը, որը ոչ մեկին հետաքրքիր չէ։ Դուք այս մոտեցմամբ սպանելու եք և փաստաբանական բիզնեսը, և արդարադատության որակը։ Մինչդեռ ՈՉ ՄԵԿ (ոչ մի ողջամիտ մարդ) չի բողոքում ԲԱՐԴ գործերի քննության ձգձգումներից։ Բոլորս էլ հասկանում ենք, որ եթե գործը բարդ է, ուրեմն բոլորն էլ ժամանակի կարիք ունեն, այդ թվում դատավորը։ Ի վերջո, դատավորը ևս մեքենա չէ և AI չէ (և պետք էլ չի, որ լինի)։ Եթե ուզում եք «հասարակության գոհունակության մակարդակը» բարձրացնել, մտածեք ՎԱՐՉԱԿԱՆ գործերի մասին, այլ ոչ թե քաղաքացիական։ Մտածեք էն մասին, որ ՔՐԵԱԿԱՆ գործերը անհիմն չձգձգվեն այն պատճառով, որ «կալանավորին դատարան տանելու համար մեքենա չկա»։ Մարդիկ առավելապես դժգոհ են ՎԱՐՉԱԿԱՆ և ՔՐԵԱԿԱՆ գործերի ժամկետների ձգձգումից։ Քաղաքացիական գործերի մասով ևս կան որոշ դժգոհություններ, բայց դրանց լուծման ճանապարհը ոչ թե սա է, այլ՝ որոշ դատավորներին պաշտոնից հեռացնելը (ինչի հնարավորությունը ԲԴԽ-ն ունեցել է, սակայն չի իրագործել)։

Узнать больше
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: