Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր Ո Ւ Մ
«ՄԱՐՏԻՆ ԽՈՐԵՆԻ ՇԱՀԲԱԶՅԱՆԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Մարտին Խորենի Շահբազյանը ծնվել է 1999 թվականի մայիսի 23-ին: Ավարտել է Երևանի Սայաթ-նովայի անվան երաժշտական դպրոցը՝ պրոֆեսոր Սվետլանա Դադյանի դասարանը: 5 տարեկան հասակում դարձել է Էլեկտրոստալ քաղաքում անցկացվող երաժշտական դպրոցներ աշակերտների 8-րդ մրցույթի դափնեկիր: Սովորել և ավարտել է Չայկովսկու անվան մասնագիտացված երաժշտական դպրոցը: Մարտին Շահբազյանը ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի «Կատարողական արվեստ» մասնագիտության «Գործիքային կատարողականություն - դաշնամուր» մասնագիտության բակալավրիական ծրագիրը: Աշխատել է Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում: Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի 3-րդ կուրսում ERASMUS կրթաթոշակով ուսումը շարունակել է Ֆինլանդիայի Տուրկուի կիրառական գիտությունների համալսարանի արվեստի ակադեմիայում: Սովորել և ավարտել է նաև Թեքսասի Քրիստոնեական համալսարանի դաշնամուրային բաժինը: Այժմ սովորում է Թեքսաս նահանգի Ֆորթ Ուորթ քաղաքի Թեքսասի Քրիստոնեական համալսարանի (TCU) «Artist diploma» հետմագիստրոսական ծրագրի 2-րդ կուրսում: Նա որպես մենակատար և նվագակցող 2 տարի շարունակ աշխատել է Թեքսասի Քրիստոնեական համալսարանի ուսանողների հետ:
Մարտին Շահբազյանը վաղ տարիքից մասնակցել է բազմաթիվ միջազգային մրցույթների, փառատոների, արժանացել մրցանակների, հանդես է եկել համերգներով:
Մարտին Շահբազյանի համար երաշխավորագրեր են ներկայացրել Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստներ Էդուարդ Թադևոսյանը, Ռաիսա Մկրտչյանը, Տիգրան Մանսուրյանը, երաժիշտ և դաշնակահար Տիգրան Համասյանը, Թեքսասի Քրիստոնեական համալսարանի պրոֆեսոր, լարային գործիքների ամբիոնի վարիչ Միխայիլ Գալագանովը, «Պիանո Կամպուս» միջազգային մրցույթի նախագահ-հիմնադիր Պասկալ Էսկանդը:
ՀՀ կառավարության 2020 թվականի օգոստոսի 6-ի N 1300-Ա, 2022 թվականի հունիսի 17-ի N 888-Ա և 2024 թվականի հուլիսի 4-ի N 1021-Ա որոշումների համաձայն Մարտին Շահբազյանը ստացել է պարտադիր զինվորական ծառայությունից տարկետում:
Մարտին Շահբազյանը 2024 թվականին տարկետում ստանալուց հետո շարունակել է իր ստեղծագործական գործունեությունը, մասնավորապես՝
- 2024թ. «Villahermosa» դաշնամուրի միջազգային մրցույթին արժանացել է 1-ին մրցանակի.
- 2024թ. «TCU» երաժշտական դպրոցի կողմից արժանացել է Ջուդիթ Սողոմոնի անվան կամերային երաժշտության մրցանակի.
- 2025թ. «Piano Campus» միջազգային մրցույթի եզրափակչում արժանացել է Բրոնզե Piano Campus մրցանակի:
Մարտին Շահբազյանը 2025-26թթ. հրավիրվել է եվրոպական տարբեր քաղաքներում մի շարք համերգներով մասնակցելու Piano Campus-ի հաջորդ համերգաշրջանում:
Մարտին Շահբազյանը մշտապես ընդգրկում է դասական և ժամանակակից հայ կոմպոզիտորների ստեղծագործություններն իր համերգային ծրագրերում: Բացի դասական դաշնակահարի կարիերիայից բազմաթիվ համերգներ է ունեցել տարբեր ժանրերում իր սեփական պրոգ/ռոք/ֆոլկ տրիոյի հետ, որտեղ նա դաշնակահար, երգիչ և կոմպոզիտոր է: Նա նաև ստեղծագործել է «Հովնան» թատերական ներկայացման համար:
2024-2025թթ. ԱՄՆ Թեքսաս նահանգում Van Cliburn Concert Hall-ում հանդես է եկել իր հերթական մեծ մենահամերգներով:
Հաշվի առնելով Մարտին Շահբազյանի անցած ստեղծագործական ուղին, նրա ներդրումը հայ մշակույթում, ինչպես նաև Հայաստանն ու հայ մշակույթը միջազգային հարթակներում ըստ արժանվույն ներկայացնելը և խոստումնալից ապագան՝ առաջարկում ենք Մարտին Շահբազյանին ազատել պարտադիր զինվորական ծառայությունից:
Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջանում և պետական բյուջեի ծախսերում ավելացում չի նախատեսվում:
Նախագիծը չի բխում ռազմավարական փաստաթղթերից: