ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 18֊Ի 87֊Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի հունվարի 18֊ի N 87֊Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություն կատարելու մասին
Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը, ընթացիկ իրավիճակը և խնդիրները
ՀՀ կառավարության 18․01․2024թ․ «Օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվելու թույլտվություն տրամադրելու կարգը սահմանելու մասին» թիվ 87֊Ն որոշմամբ (այսուհետ՝ որոշում) կարգավորվում են օտարերկրյա քաղաքացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվելու թույլտվություն տրամադրելու հետ կապված իրավահարաբերությունները։
Որոշման 2֊րդ կետի համաձայն՝ պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ տնօրինող, դրանց օգտագործմամբ աշխատանքներ կատարող պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների կամ իրավաբանական անձանց ղեկավարները համապատասխան մարմնում աշխատանքային կամ ծառայողական անհրաժեշտությամբ կամ գիտական աշխատանք կատարելու անհրաժեշտությամբ պայմանավորված օտարերկրացուն պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվելու թույլտվությունները տրամադրում են ազգային անվտանգության հարցերով լիազորված պետական մարմնի (այսուհետ՝ լիազոր մարմին) համաձայնությամբ։ Միաժամանակ որոշման 4֊րդ կետով թվարկվում են լիազոր մարմնի համաձայնությունը ստանալու նպատակով վերջինիս ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, որոնք ստանալուց հետո լիազոր մարմինն անցկացնում է ստուգողական միջոցառումներ և «Պետական գաղտնիքի մասին» օրենքի 7֊րդ հոդվածի 2֊րդ մասի 6֊րդ կետով նախատեսված կառավարության որոշմամբ սահմանված ընթացակարգով համաձայնեցնում է թույլտվության ձևակերպումը կամ մերժում համաձայնեցումը։
«Պետական գաղտնիքի մասին» օրենքում (այսուհետ՝ Օրենք) 2025 թվականի մարտի 5֊ի ՀՕ֊43֊Ն օրենքով կատարված լրացումների արդյունքում սահմանվել է, որ Արտաքին հետախուզության ծառայությունում հանրային ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց, ինչպես նաև Արտաքին հետախուզության ծառայության հետ համագործակցող ֆիզիկական անձանց՝ պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվելու թույլտվություն տրամադրվում է Արտաքին հետախուզության ծառայության կողմից ընդհանուր կարգով, որի դեպքում համապատասխան ստուգողական միջոցառումներն իրականացնում է Արտաքին հետախուզության ծառայությունը՝ համագործակցելով լիազոր մարմնի հետ։
Հաշվի առնելով օրենքում կատարված փոփոխությունները և որոշումը օրենքին համապատասխանեցնելու անհրաժեշտությունը՝ մշակվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի հունվարի 18֊ի N 87֊Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» որոշման նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ)։
Կարգավորման առարկան, ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունման արդյունքում որոշման կարգավորման առարկան (Արտաքին հետախուզության ծառայության մասով) կհամապատասխանեցվի Օրենքում կատարված և ուժի մեջ մտած փոփոխություններին, մասնավորապես՝
1․ Արտաքին հետախուզության ծառայությունում աշխատանքային կամ ծառայողական անհրաժեշտությամբ կամ գիտական աշխատանք կատարելու անհրաժեշտությամբ պայմանավորված օտարերկրացուն պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվելու թույլտվությունները կտրամադրվեն Արտաքին հետախուզության ծառայության կողմից՝ առանց լիազոր մարմնի հետ համաձայնեցնելու․
2․ պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվելու թույլտվությունը Արտաքին հետախուզության ծառայության կողմից կտրամադրվի ընդհանուր կարգով, որի դեպքում համապատասխան ստուգողական միջոցառումները կիրականացվեն Արտաքին հետախուզության ծառայության կողմից՝ համագործակցելով լիազոր մարմնի հետ։
Որոշման 4֊րդ կետով լիազոր մարմնի համաձայնությունը ստանալու նպատակով վերջինիս ներկայացվող փաստաթղթերը լիազոր մարմնին ներկայացվելու փոխարեն ստուգման առարկա կդառնան Արտաքին հետախուզության ծառայության կողմից, իսկ թույլտվությունը կտրամադրվի կամ կմերժվի օրենսդրությամբ սահմանված ընդհանուր կարգով։
Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
Նախագիծն անուղղակիորեն բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18֊ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի մասին» N 1363֊Ա «Անվտանգություն և արտաքին քաղաքականություն» գլխի «Ազգային անվնատնգության մարմինների կայուն համակարգը» բաժնից, որի համաձայն նախատեսվում է ստեղծել Արտաքին հետախուզական ծառայություն, ինչպես նաև՝ Հայաստանի՝ մինչև 2050 թվականը վերափոխման ռազմավարությունից, որի տեսլականներից մեկը աշխարհի 10 ամենաարդյունավետ հետախուզական ծառայություններից մեկն ունենալն է, իսկ ուղղակիորեն բխում է «Պետական գաղտնիքի մասին օրենքում լրացումներ կատարելու մասին» 2025 թվականի մարտի 5֊ի ՀՕ֊43֊Ն օրենքի հոդվածներից։
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է ՀՀ արտաքին հետախուզության ծառայության կողմից։
Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության վերաբերյալ։
Նախագծի ընդունմամբ պետական բյուջեի եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։
-
Обсуждалось
13.05.2025 - 28.05.2025
-
Тип
Pешение
-
Область
Безопасность
-
Министерство
Служба внешней разведки
Просмотры 1857
Принт