«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 16-Ի N 710-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 14-Ի N 898-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 16-Ի N 710-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 14-Ի N 898-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ
1․ Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
ՀՀ կառավարության 2024 թվականի մայիսի 16-ի թիվ 710-Լ որոշմամբ հաստատվել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը (այսուհետ՝ Ծրագիր), որի նպատակն է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց սոցիալական և տնտեսական ներառումը՝ Հայաստանի Հանրապետությունում երկարաժամկետ բնակության համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու միջոցով։
ՀՀ կառավարության 2024 թվականի հունիսի 14-ի թիվ 898-Լ որոշմամբ հաստատվել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի իրականացման կարգը։
2024 թվականի հունիսի 15-ից մեկնարկել է բնակարանի կամ կառուցվող շենքից բնակարան գնելու իրավունքի կամ անհատական բնակելի տան ձեռքբերման հավաստագրերի տրամադրման գործընթացը, հուլիսի 15-ից մեկնարկել է անհատական բնակելի տան կառուցման հավաստագրերի տրամադրման գործընթացը, գործող հիփոթեքային վարկի մարման աջակցության հավաստագրերի տրամադրման գործընթացը մեկնարկել է օգոստոսի 1-ից։
ՀՀ կառավարության 2024 թվականի հունիսի 14-ի թիվ 898-Լ որոշման 3-րդ կետի 3-րդ և 4-րդ ենթակետերով սահմանված է, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը՝
ա) մինչև 2025 թվականի ապրիլի 1-ը Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը պետք է ներկայացնի հավաստագրի իրացման արդյունքում առաջացած դրական մնացորդի իրացման ընթացակարգը.
բ) մինչև 2025 թվականի մայիսի 1-ը Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության հետ համագործակցելով պետք է ապահովի Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի մայիսի 16-ի N 710-Լ որոշման N 1 հավելվածի 14-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված պահանջի ստուգման համար անհրաժեշտ տեղեկատվության ստացումը տեղեկատվական համակարգերի փոխգործելիության միջոցով։
2․ Առաջարկվող կարգավորման բնույթը
Հիմնվելով վերոնշյալ հանձնարարականների վրա՝ սույն նախագծով սահմանվում են դրական մնացորդի իրացման և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության հետ տեղեկատվության փոխանակության, ինչպես նաև անհատական բնակելի տուն կառուցելու դեպքում հողամասի ձեռքբերման ընթացակարգերը։ Մասնավորապես՝
- Նախագծի 1-ին կետով սահմանվում է անհատական բնակելի տան կառուցման համար նախատեսված հողամասի ձեռքբերման համար աջակցության տրամադրման ընթացակարգը։ Իրավակիրառ պրակտիկայում ծագել են խնդիրներ գործընկեր ֆինանսական կազմակերպությունների կողմից հողամասի ձեռքբերման նպատակով վարկավորում իրականացնելու գործընթացում։ Հաշվի առնելով խնդրի կարևորությունն, ինչպես նաև այն հանգաանը, որ ծրագրի շրջանակում խրախուսվում է անհատական բնակելի տների կառուցումը, առաջարկվում է հողամասի ձեռքբերման գործընթացն իրականացնել առավել արդյունավետ եղանակով, այսինքն ոչ թե հիփոթեքային վարկավորմամբ, այլ անմիջապես գումարը վաճառողին փոխանցելու միջոցով՝ համապատասխան փաստաթղթերի առկայության դեպքում։
- Նախագծի 2-րդ կետով սահմանվում է բնակարանի կամ կառուցվող շենքից բնակարան գնելու իրավունքի կամ անհատական բնակելի տան ձեռքբերման հավաստագրի կամ անհատական բնակելի տան կառուցման հավաստագրի իրացման արդյունքում առաջացած դրական մնացորդի իրացման ընթացակարգը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության հետ տվյալների փոխանակության ընթացակարգը՝ շահառուների սահմանահատման վերաբերյալ տեղեկատվության ստացման նպատակով։
3․ Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը
Նախագիծը մշակվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից` շահագրգիռ գերատեսչությունների հետ համագործակցությամբ:
4․ Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխության մասին
Նախագծի ընդունման կապակցությամբ 2025 թվականի համար պետական բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։
5․ Ակնկալվող արդյունքը
Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ից և 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների համար բնակարանային հասանելիության ապահովումը։
6․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
Նախագիծը բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի թիվ 1363-Ա որոշման հավելվածով հաստատված՝ ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրի «1.2 ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐ» գլխի 1-ին պարբերության 1-ին մասից, այն է՝ «Արցախի հետպատերազմյան վերականգնումը, տնտեսական կյանքի աշխուժացումը, տեղահանված բնակչության սոցիալական խնդիրների լուծումը, մշակութային ու կրոնական ժառանգության պահպանումը լինելու են Կառավարության ուշադրության կենտրոնում:», ինչպես նաև «4.6 ԱՇԽԱՏԱՆՔ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ» գլխի 1-ին պարբերության 4-րդ մասից, այն է՝ «Իրականացվելու են ծրագրեր՝ ուղղված կացարանի կարիք ունեցող ընտանիքների բնակարանային խնդիրների լուծմանը:»։
-
Продолжительность
25.03.2025 10.04.2025 -
Тип
Pешение
-
Область
Социальное обеспечение
-
Министерство
Министерство труда и социальных вопросов
Просмотры 328
Принт
Оставить предложение
Вы можете оставить комментарий только после регистрации в сайте и после входа в систему.
Ваш комментарий будет опубликован в течение 2 рабочих дней, после подтверждения администратором сайта.
Представленные предложения можно найти в разделе Краткое содержание .