«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 16-Ի N 710-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 14-Ի N 898-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
—–––––––––– 2025 թվականի N - Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 16-Ի N 710-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 14-Ի N 898-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1․ Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի մայիսի 16-ի «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը և Հայաստանի Հանրապետության առանձին բնակավայրերի ցանկերը հաստատելու մասին» N 710-Լ որոշման N 1 հավելվածի 12-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 12.1-ին կետով՝
«12.1. Անհատական բնակելի տան կառուցման համար նախատեսված հողամասի ձեռքբերման համար աջակցությունը տրամադրվում է հետևյալ ընթացակարգով՝
- ձեռք բերվող հողամասի գնահատման նպատակով շահառուն դիմում է գործընկեր ֆինանսական կազմակերպությունների հետ համագործակցող՝ անշարժ գույքի գնահատման ընկերություններից որևէ մեկին և ստանում անշարժ գույքի գնահատման հաշվետվությունը (այսուհետ՝ հաշվետվություն).
- շահառուն Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայություն (այսուհետ՝ ծառայություն) է ներկայացնում հաշվետվությունը և բնակելի կառուցապատման հողամասի առուվաճառքի պայմանագիրը, որի արժեքը չի կարող գերազանցել 4 մլն դրամը և հաշվետվության մեջ նշված շուկայական արժեքը․
- ծառայությունը 3 աշխատանքային օրվա ընթացքում հողամասի առուվաճառքի պայմանագրում նշված վաճառողի բանկային հաշվին է փոխանցում պայմանագրով սահմանված գումարը՝ այդ մասին պատշաճ ծանուցելով շահառուին.
- գործընկեր ֆինանսական կազմակերպությունը, անհատական բնակելի տան կառուցման նպատակով հիփոթեքային վարկ տրամադրելիս հաշվի է առնում նաև հողամասի ձեռքբերման համար շահառուին տրամադրված աջակցությունը, այսինքն՝ կառուցապատման վարկի չափը սահմանվում է առավելագույնը տվյալ ընտանիքին հասանելիք աջակցության և հողամասի ձեռքբերման նպատակով տրամադրված աջակցության տարբերության չափով, ինչպես նաև այս դեպքում կառուցապատման վարկը տրամադրվում է բացառապես պետական աջակցությամբ ձեռք բերված հողամասի վրա կառուցապատում իրականացնելու նպատակով.
- շահառուն կարող է օգտվել հողամասի ձեռքբերման համար նախատեսված աջակցությունից, եթե իրեն հասանելիք աջակցության չափի (հաշվարկվում է հողամասի գտնվելու վայրի և հավաստագրում ներառված ընտանիքի անդամների թվի հիման վրա) և հողամասի արժեքի տարբերությունը պակաս չէ 5 մլն դրամից.
- հողամասի ձեռքբերման նպատակով աջակցություն ստացած շահառուն չի կարող հրաժարվել անհատական բնակելի տան կառուցման հավաստագրից, այն ենթակա է պարտադիր իրացման։»։
2․ Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի հունիսի 14-ի «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի իրականացման կարգը հաստատելու մասին» N 898-Լ որոշման հավելվածի 3-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 3.1-ին և 3.2-րդ կետերով՝
«3.1. Բնակարանի կամ կառուցվող շենքից բնակարան գնելու իրավունքի կամ անհատական բնակելի տան ձեռքբերման հավաստագրի կամ անհատական բնակելի տան կառուցման հավաստագրի իրացման արդյունքում առաջացած դրական մնացորդն իրացվում է հետևյալ ընթացակարգով՝
- եթե բնակարանի կամ կառուցվող շենքից բնակարան գնելու իրավունքի կամ անհատական բնակելի տան ձեռքբերման կամ անհատական բնակելի տան կառուցման (այդ թվում՝ հողամասի ձեռքբերման) նպատակով տրամադրված հիփոթեքային վարկի չափը փոքր է տվյալ ընտանիքին հասանելիք աջակցության չափից (հաշվարկվում է ձեռքբերվող կամ կառուցվող անշարժ գույքի գտնվելու վայրի և հավաստագրում ներառված ընտանիքի անդամների թվի հիման վրա), ապա այս դեպքում կազմակերպության կողմից հիփոթեքային վարկի գծով վճարման ժամանակացույցը և վճարումն իրականացնելու համար անհրաժեշտ այլ տեղեկությունները համապատասխան ծրագրային ապահովման միջոցով ծառայությանը տրամադրելուց հետո ինքնաշխատ եղանակով ձևավորվում է դրական մնացորդի իրացման հավաստագիրը, որն ուղարկվում է դիմողի կողմից դիմում-հայտարարության մեջ նշված էլեկտրոնային փոստի հասցեին.
- դրական մնացորդի իրացման հավաստագիրը ստանալուց հետո շահառուն դիմում է կազմակերպություն որոշման N 1 հավելվածի 13-րդ կետով սահմանված ուղղություններով այն իրացնելու համար։ Ընդ որում, շահառուն կարող է դիմել ինչպես իրեն հիփոթեքային վարկ տրամադրած կազմակերպություն, այնպես էլ այլ կազմակերպություն.
- շահառուի հետ վերանորոգման կամ գյուղատնտեսական նշանակության հողամասի ձեռքբերման նպատակով վարկի տրամադրման վարկային պայմանագիր կնքելուց և վարկը փաստացի հատկացնելուց հետո, կազմակերպությունը ծառայությանն է տրամադրում վարկի գծով վճարման ժամանակացույցը և հետևյալ տեղեկությունները՝
ա. շահառուի անուն, ազգանուն, հայրանուն,
բ. անձը հաստատող փաստաթուղթ,
գ. հանրային ծառայությունների համարանիշ,
դ. վարկի տեսակը (գյուղատնտեսական նշանակության հողամասի գնման վարկ, որի դեպքում նշվում է նաև հողամասի հասցեն ու մակերեսը, կամ վերանորոգման վարկ),
ե. վարկի չափը,
զ. վարկային պայմանագրի համարը, կնքման ամսաթիվը,
Է. կազմակերպության հաշիվը.
- եթե շահառուն դրական մնացորդի իրացման հավաստագիրն իրացնում է որոշման N 1 հավելվածի 13-րդ կետի ինչպես 1-ին, այնպես էլ 2-րդ ենթակետերով սահմանված ուղղություններով, ապա կազմակերպությունը սույն կետի 3-րդ ենթակետով սահմանված տեղեկատվությունը ծառայությանը տրամադրում է առանձին՝ ըստ յուրաքանչյուր ուղղության.
- ծառայությունն ամսական պարբերականությամբ կազմակերպության հաշվին է փոխանցում աջակցության գումարները՝ ըստ սույն կետի 3-րդ ենթակետում նշված ժամանակացույցի (ժամանակացույցերի)։ Ժամանակացույցով նախատեսված վճարումները (աջակցության գումարի սահմանաչափին համապատասխան) չիրականացնելու դեպքում ժամկետանց պարտավորությունների համար տույժերը, տուգանքները վճարում է ծառայությունը.
- եթե դրական մնացորդի իրացման հավաստագիրն իրացվել է գյուղատնտեսական նշանակության հողամասի գնման ուղղությամբ, ապա այն վարկի գործողության ընթացքում ենթակա չէ օտարման.
- եթե շահառուն դրական մնացորդի իրացման հավաստագիրը ցանկանում է իրացնել կահույքի կամ կենցաղային տեխնիկայի գնման ուղղությամբ, ապա այս դեպքում աջակցության գումարը ծառայության կողմից փոխանցվում է վաճառողի բանկային հաշվին՝ համապատասխան հաշիվ ապրանքագրի հիման վրա՝ այն ստանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում։ Ընդ որում, շահառուն դրական մնացորդի իրացման հավաստագիրը կարող է իրացնել բացառապես նախապես սահմանված ապրանքատեսակների գնման համար։
3.2. Որոշման N 1 հավելվածի 14-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված պայմանի ստուգման նպատակով յուրաքանչյուր տարվա հունվարի 1-ից 15-ն ընկած ժամանակահատվածում իրականացվում է բնակարանի կամ կառուցվող շենքից բնակարան գնելու իրավունքի կամ անհատական բնակելի տան ձեռքբերման կամ անհատական բնակելի տան կառուցման կամ 2024 թվականի մայիսի 16-ից հետո գործող հիփոթեքային վարկի մարման աջակցության հավաստագրերն իրացրած շահառուների տվյալների (անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան օրը, ամիսը, տարին, անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարը) ինքնաշխատ համադրում Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տվյալների շտեմարանում առկա՝ այդ շահառուների սահմանահատման վերաբերյալ տվյալների հետ։ Սույն որոշման 3-րդ կետի 4-րդ ենթակետի համաձայն՝ անհրաժեշտ տեղեկատվության ստացումն ապահովվում է տեղեկատվական համակարգերի փոխգործելիության միջոցով։»։
3․ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 5-օրյա ժամկետում հաստատել դրական մնացորդի իրացման հավաստագրի օրինակելի ձևը, ինչպես նաև այդ հավաստագրով ձեռք բերվող կահույքի և կենցաղային տեխնիկայի ցանկը։
4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության Ն․ Փաշինյան
վարչապետ
-
Продолжительность
25.03.2025 10.04.2025 -
Тип
Pешение
-
Область
Социальное обеспечение
-
Министерство
Министерство труда и социальных вопросов
Просмотры 329
Принт
Оставить предложение
Вы можете оставить комментарий только после регистрации в сайте и после входа в систему.
Ваш комментарий будет опубликован в течение 2 рабочих дней, после подтверждения администратором сайта.
Представленные предложения можно найти в разделе Краткое содержание .