ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԲՈՒՍԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
«Բուսաբուծության աջակցության 2025 թվականի ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանի հանրապետության ինքնաբավության մակարդակի բարձրացման, գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքատարածությունների ավելացման և արտադրողականության բարձրացման անհրաժեշտությամբ։
2․ Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.
Համաձայն ՀՀ Վիճակագրական կոմիտեի հրապարակումների վերջին տարիներին հանրապետությունում գարնանացան հացահատիկային, հատիկաընդեղեն, ցանքատարածությունների նվազում է արձանագրվում, մասնավորապես 2023 թվականին 2020 թվականի համեմատ հատիկաընդեղեն մշակաբույսերի ցանքատարածությունները նվազել են շուրջ 577 հա-ով։ Գարնանացան գարու ցանքատարածությունները 2020 թվականի համեմատ 2023 թվականին նվազել են 10210 հա-ով, գարնանացան ցորենինը՝ շուրջ 180 հա-ով, իսկ բազմամյա խոտաբույսերի ընթացիկ տարվա ցանքը 2020 թվականի համեմատ նվազել է շուրջ 567 հա-ով։ Միաժամանակ ՀՀ կառավարության 2024 թվականի մարտի 24-ին N 384-Լ որոշմամբ հաստատված «Բուսաբուծության աջակցության ծրագիրը» դրական ազդեցություն ունեցավ ցանքատարածությունների մակերեսների ավելացման վրա, մասնավորապես համաձայն ՀՀ ՎԿ հրապարակումների գարնանացան հացահատիկային մշակաբույսերի ցանքատարաությունները ավելացան 5206 հա-ով, հատիկաընդեղեն մշակաբույսերինը՝ 378 հա-ով, իսկ բազմամյա խոտաբույսերինը՝ 1209 հա-ով։
Հարկ է նշել, որ աշնանացան ցորենի ցանքատարածությունները 2022 թվականին իրականացված Աշնանացան ցորենի արտադրության խթանման աջակցության ծրագրից հետո 2023 թվականին նվազել են 14 111 հա-ով (ՀՀ ՎԿ հրապարակման համաձայն կազմել է 55032 հա), իսկ 2024 թվականի ՀՀ մարզպետարաններից ստացված օպերատիվ տեղեկատվության համաձայն՝ 2023 թվականի համեմատ նվազել են շուրջ 12 318 հեկտարով՝ կազմելով 42714 հա։ Վերոնշյալը մեծապես պայմանավորված է այն հանգամանքով, որ 2023 թվականին պետական աջակցության ծրագիրը չի իրականացվել, ինչպես նաև շուկայում արձանագրվել է ցորենի կտրուկ գնանկում, որի արդյունքում տեղական արտադրության ցորենը դարձել է ոչ մրցունակ։ Դրան զուգահեռ ներկա իրավիճակում հանրապետությունում պարենային անվտանգության ապահովման խնդիրը շարունակում է մնալ խոցելի։
Միաժամանակ, անասնաբուծության ոլորտի զարգացման համար չափազանց կարևոր է հանրապետությունում կերի բազայի ապահովումը, հաշվի առնելով, որ թռչնաբուծության, խոզաբուծության ճյուղերի համար նախատեսված խտացված կերերի մեծ մասը ներմուծվում է արտերկից։ Անհրաժեշտ է փաստել, որ գյուղատնտեսական կենդանիներին տրվող համակցված կերերի բաղադրիչների տեսականու ընդլայնումը և առավել բարձր սննդարարությամբ խտացված կերերի ընդգրկումը հնարավորություն կտա էականորեն բարձրացնել գյուղատնտեսական կենդանիների մթերատվությունը և զգալիորեն նվազեցնել արտարդրվող կենդանական ծագման մթերքների ինքնարժեքը։
Ներկա իրավիճակում գյուղատնտեսական հիմնական մշակաբույսերի մշակության ընթացքում սահմանված ագրոտեխնիկական միջոցառումները պատշաճ կերպով չեն իրականացվում, չեն կիրառվում մշակության նորագույն տեխնոլոգիաներ, որի հիմնական պատճառը պահանջվող ֆինանսական միջոցների բացակայությունն է և անհրաժեշտ գիտելիքների պակասը։ Ուստի անհրաժեշտ է պահանջված ագրոտեխնիկական միջոցառումների իրականացման և արդյունավետ տեխնոլոգիաների ներդրման նպատակով բուսաբուծությամբ զբաղվող տնտեսավարողների համար ապահովել ֆինանսական միջոցների հասանելիությունը, ինչպես նաև տրամադրել մասնագիտական խորհրդատվություն։
Հանրապետությունում գյուղատնտեսական մշակաբույսերի համախառն արտադրանքի նվազումը սպառնում է պարենային անվտանգությանը։ Միաժամանակ, գյուղատնտեսական տարբեր մշակաբույսերի ցանքատարածությունների վերլուծությունը ըստ տարիների՝ վկայում է, որ հանրապետությունում բուսաբուծության ոլորտում գյուղատնտեսական տարբեր մշակաբույսերի ցանքատարածությունների նվազման կանխումը կամ նույն ցուցանիշի պահպանումը հնարավոր է ոլորտում պետական աջակցության մեխանիզմների կիրառման միջոցով։ Հանրապետությունում պարենային անվտանգության ապահովման նպատակով պետք է իրականացվի գարնանացան հացահատիկային, հատիկաըդեղեն և բազմամյա կերային մշակաբույսերի տեղական արտադրություն խթանման ծրագիր։
3․ Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը.
Հանրապետության գյուղատնտեսության ոլորտում իրականացվող պետական քաղաքականությունը նպատակաուղղված է պարենային անվտանգության ապահովմանը, չօգտագործվող գյուղատնտեսական նշանակության հողերի նպատակային օգտագործմանը, բուսաբուծության և անասնաբուծության ճյուղերի զարգացմանը, ըստ գոտիների հիմնավորված, նպատակային և արդյունավետ մշակության իրականացմանը, համախառն արտադրանքի ծավալների ավելացմանը, արտահանման ծավալների աճին և տնտեսավարողների եկամուտների ավելացմանը։
4․ Կարգավորման նպատակը և բնույթը.
Կարգավորման նպատակն է բարձրացնել պարենային անվտանգության մակարդակը՝ հացահատիկային (աշնանացան և գարնանացան ցորենի, գարնանացան գարու, եգիպտացորենի, վարսակի, հաճարի) և հատիկաընդեղեն (ոլոռ, լոբի, ոսպ, սիսեռ) մշակաբույսերի և կերային մշակաբույսերի (առվույտ, կորնգան, կերի ճակնդեղ) ցանքատարածությունների ընդլայնման միջոցով, ընդ որում նախատեսել վերոնշյալ մշակաբույսերի մշակությունը ըստ ՀՀ մարզերի։
Ծրագրի շահառու կարող է հանդիսանալ մինչև 100 հա մակերեսով (բացառությամբ տնամերձ հողատարածքների) աղյուսակում ներառված մշակաբույսերի մշակություն իրականացնող տնտեսավարողը, ընդ որում, ծրագրի շրջանակում յուրաքանչյուր շահառուի կողմից մշակվող ցանքատարածությունների հանրագումարը չի կարող գերազանցել 100 հա-ը, իսկ միևնույն հողամասի նկատմամբ համասեփականատերերի առկայության դեպքում ծրագրից կարող է օգտվել համասեփականատերերից միայն մեկը։
Ծրագիրն իրականացվում է հետևյալ պայմաններով՝
1) ծրագրի շրջանակներում խթանվում է N 1 աղյուսակում նշված մշակաբույսերի տեսակների մշակությունը, որը պետք է իրականացվի N 1 աղյուսակում սահմանված Հայաստանի Հանրապետության համապատասխան մարզի (համայնքի) տարածքում.
2) յուրաքանչյուր շահառու Հայաստանի Հանրապետության համապատասխան մարզում կարող է իրականացնել մի քանի տեսակի մշակաբույսերի ցանք.
3) գարնանացան հացահատիկային և կերային մշակաբույսերի ցանքը պարտադիր պետք է կատարվի մինչև տվյալ տարվա հունիսի 1-ը (բացառությամբ գարնանացան հացահատիկային մշակաբույսերի ցանքն Ամասիա համայնքի վերին ենթաշրջանում (նախկին Արփի համայնք) պետք է կատարվի մինչև տվյալ տարվա հունիսի 10-ը), եգիպտացորենի ցանքը Հայաստանի Հանրապետության Արարատի և Արմավիրի մարզերում պետք է կատարվի մինչև տվյալ տարվա մայիսի 20-ը, հատիկաընդեղեն մշակաբույսերինը՝ մինչև տվյալ տարվա հունիսի 10-ը, իսկ աշնանացան ցորենինը՝ մինչև տվյալ տարվա նոյեմբերի 15-ը, որոնց հսկողությունն իրականացնում են համայնքները.
4) անհրաժեշտության դեպքում ծրագրի պայմանների և պահանջների վերաբերյալ շահառուներին նախարարության կողմից կարող է տրամադրվել անվճար խորհրդատվություն, միաժամանակ ըստ մշակաբույսերի անհրաժեշտ ագրոտեխնիկական միջոցառումների մասին խորհրդատվություն ներկայացված է NN 2, 3, 4, 5 6 և 7 աղյուսակներում.
5) յուրաքանչյուր շահառուի հաշվով տրամադրվող փոխհատուցման գումարի առավելագույն հանրագումարը չի կարող գերազանցել 11,0 մլն դրամ (110 000 դրամ X 100 հա) գումարը (հաշվի առնելով ծրագրով սահմանված մեկ հեկտարի հաշվով առավելագույն փոխհատուցման գումարը՝ 11․0 մլն դրամ).
6) ծրագրի շրջանակներում թույլատրվում է խառը ցանքերի իրականացումը, ընդ որում, հավաստագրված և լաբորատոր փորձաքննության ենթարկված պետք է լինեն միայն հիմնական մշակաբույսի սերմերը և փոխհատուցումը տրամադրվում է հիմնական մշակաբույսերի համար նախատեսված փոխհատուցվող գումարի հաշվով.
7) ծրագրի շահառուները նույն հողամասի վրա գյուղատնտեսական մշակաբույսերի մշակության նպատակով կարող են օգտվել նաև ոռոգման արդիական համակարգերի ներդրման համար նախատեսված աջակցությունից, սակայն միևնույն հողատարածքում միևնույն մշակաբույսի մշակության համար չեն կարող օգտվել պետական աջակցության այլ ծրագրերից։
10․ Յուրաքանչյուր շահառուի կողմից կատարված ծախսերի 50 տոկոս փոխհատուցման գումարը հաշվարկվում է տվյալ մշակաբույսի ցանքատարածության մեկ հեկտար մակերեսի վրա հիմնական աշխատանքների՝ վարի, ցանքի, բերքահավաքի և սերմի արժեքի միջին շուկայական գներով, որոնք ներկայացված են NN 8, 9, 10, 11, 12 աղյուսակներում (հաշվարկման համար հիմք են հանդիսանում Հայաստանի Հանրապետության մարզերից հարցումների արդյունքում ճշտված հանրապետության միջին շուկայական գները)՝
- գարնանացան հացահատիկային մշակաբույսերի, յուրաքանչյուր 1 հեկտար մակերեսի վրա մշակության հիմնական ծախսերը (վար, ցանք, բերքահավաք և սերմի արժեք) կազմում են 140 000 դրամ, իսկ եգիպտացորենինը՝ 170 000 դրամ.
- աշնանացան ցորենի յուրաքանչյուր 1 հեկտար մակերեսի վրա մշակության հիմնական ծախսերը (վար, ցանք, բերքահավաք և սերմի արժեք) կազմում են 160 000 դրամ․
3) հատիկաընդեղեն մշակաբույսերի յուրաքանչյուր 1 հեկտար մակերեսի վրա մշակության հիմնական (վար, ցանք, բերքահավաք և սերմի արժեք) ծախսերը կազմում են 200 000 դրամ.
4) կերային մշակաբույսերից առվույտի, կորնգանի յուրաքանչյուր մեկ հեկտար մակերեսի վրա առաջին տարվա ցանքի և մշակության հիմնական (վար, ցանք, բերքահավաք և սերմի արժեք) ծախսերը կազմում են 220 000 դրամ, կերի ճակնդեղինը՝ 160 000 դրամ։
11․ Փոխհատուցումը տրամադրվում է հետևյալ սահմանաչափերով՝
- գարնանացան հացահատիկային մշակաբույսերի մշակության յուրաքանչյուր 1 հեկտար մակերեսի հաշվով՝ 70 000 դրամ, իսկ եգիպտացորենի մշակության յուրաքանչյուր 1 հեկտար մակերեսի հաշվով՝ 85 000 դրամ.
- աշնանացան ցորենի մշակության յուրաքանչյուր 1 հեկտար մակերեսի հաշվով՝ 80 000 դրամ․
3) հատիկաընդեղեն մշակաբույսերի մշակության յուրաքանչյուր 1 հեկտար մակերեսի հաշվով՝ 100 000 դրամ.
4) կերային մշակաբույսերից՝ առվույտի, կորնգանի 1 հեկտար մակերեսի մշակության հաշվով՝ 110 000 դրամ, կերի ճակնդեղի համար՝ 80 000 դրամ։
5․ Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Սույն նախագիծը մշակվել է Էկոնոմիկայի նախարարության կողմից:
6․ Ակնկալվող արդյունքը.
Նախագծի ընդունման արդյունքում կբարձրանա հանրապետության պարենային ինքնաբավության մակարդակը, մշակվող վարելահողերի տարածքները կավելանան 35 950 հեկտարով, այդ թվում՝ աշնանացան ցորենը՝ 17 000 հեկտարով, գարնանացան հացահատիկային և հատիկաընդեղեն մշակաբույսերի ցանքատարածությունները կավելանան 16 700 հեկտարով, որից եգիպտացորենը՝ 1200 հեկտարով, հատիկաընդեղեն մշակաբույսերը` 500 հեկտարով), կերային մշակաբույսերինը (առվույտ, կորնգան, կերի ճակնդեղ) ` 2250 հեկտարով, կբարձրանա արտադրողականությունը, ինչպես նաև կնվազի ներմուծման ծավալները։
7․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ:
Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության ոլորտի տնտեսական զարգացումն ապահովող հիմնական ուղղությունների 2020-2030 թվականների ռազմավարության «բարելավել պարենային անվտանգությունը և սնուցումը» առաջնահերթությունում կարևորվում է պարենամթերքի տեղական արտադրության ծավալների ավելացումը։