Добавить в избранное

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ», «ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ԵՐԵԽԱՅԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ», «ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ԵՐԵԽԱՅԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ» ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ», «ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ», «ԱՆԿԱՆԽԻԿ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

«Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Երեխայի իրավունքների և երեխայի պաշտպանության համակարգի մասին» օրենքն ընդունելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», «Անկանխիկ գործառնության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի (այսուհետ՝ Նախագծեր) մշակումը բխում է երեխայի իրավունքների պաշտպանության բնագավառում Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային որոշակի պարտականությունների լիարժեք իրականացման (երեխայի կարծիք արտահայտելու և լսված լինելու, երեխաներին բռնությունից պաշտպանելու, լավագույն շահի առաջնահերթության, ընտանիքում ապրելու, իրավունքներն ամբողջական ամրագրելու և այլն), կյանքի դժվարին իրավիճակում հայտնված, մասնավորապես՝ առանց ծնողական խնամքի մնացած երեխաների խնամքի և դաստիարակության առանձին ձևերի կանոնակարգման, կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների բացահայտման, ուղղորդման, երեխաների հետ առնչվող պետական և տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների ու գործառույթների հստակեցման, օրենսդրական կարգավորումներ պահանջող ու գործնականում հայտնաբերված տարաբնույթ բացերի, իրավական անորոշությունների, ինչպես նաև տեխնիկական վրիպակների կարգավորման անհրաժեշտությունից:

Դեռևս 2013 թվականին Երեխայի իրավունքների պաշտպանության կոմիտեն, ուսումնասիրելով Հայաստանի Հանրապետության, որպես Երեխայի իրավունքների մասին կոնվենցիան վավերացրած պետության, երրորդ և չորրորդ պարբերական զեկույցները, ներկայացրել էր եզրափակիչ դիտարկումներ[1], որտեղ հատուկ շեշտադրում էր կատարվել երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում տվյալների հավաքագրման և վերլուծության կարևորությանը, ինչը  հաշվի առնելով հնարավոր կլինի նախագծել ոլորտային քաղաքականությունները։ Թեև ներկայում առկա է տվյալների հավաքագրման գործիքակազմ, որը ևս ենթակա է արդիականացման, այուամենայնիվ նույնիսկ գործող տեղեկատվական համակարգում տվյալները բավարար չափով չեն հավաքագրվում և չեն արտացոլում առկա և ամբողջական վիճակը՝ քաղաքականություն մշակողներին հստակ պատկերացում չտալով առկա իրավիճակի մասին։ Նշվածից հետևում է, որ թեև ներդրվել են ջանքեր, սակայն անհրաժեշտ է ունենալ լիարժեք և համապարփակ տեղեկատվություն՝ կարիքահեն, երեխայի շահերից բխող քաղաքականություն վարելու համար, ինչն անշուշտ երեխայի լավագույն շահերին համապատասխանելուց զատ, անզեն աչքով կարելի է գնահատել նաև ծախսարդյունավետ՝ հաշվի առնելով մարդկային կապիտալի զարգացման գործում երկարաժամկետ և հիմնովին ներդրման հնարավորությունը՝ խուսափելով հատվածային և ոչ ճշգրիտ տեղեկատվության հիման վրա կառուցվող քաղաքականություններից։ Այս գործընթացը հնարավոր չէ կյանքի կոչել և գրանցել առավել էական նշանակություն ունեցող փոփոխություններ քանի դեռ համայնքային մակարդակում չկան երեխայի պաշտպանության պրոակտիվ աշխատանք իրականացնողներ։ Ներկայում, կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների հաշվառման համակարգում հաշվառված է շուրջ 10472 երեխա, որից՝ շուրջ 4200-ը ծառայություն է ստանում պետական կամ պետության կողմից պատվիրակված ցերեկային խնամքի կենտրոններում, շուրջ 722 անձ (ներառյալ՝ չափահաս անձինք, որոնք չունեն բնակության այլ վայր և շարունակում են խնամք ստանալ մանկատանը) շուրջօրյա խնամք է ստանում պետական հաստատություններում՝ ներառյալ ճգնաժամային հաստատություններում, 150 երեխա խնամք է ստանում խնամատար ընտանիքներում։ Արդյունքում, ստացվում է, որ կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների հաշվառման համակարգում հաշվառված երեխաների շուրջ 50 տոկոսը չունի կարիքահեն անհատական ծրագիր, չունի կյանքի դժվարին իրավիճակը հաղթահարելու հստակ պլանավորում, քանի որ չի ստանում ծառայություն որևէ հաստատության կողմից կամ չի բնակվում խնամատար ընտանիքում։ Տվյալ պարագայում այս երեխաներն ակամա հայտնվում են ինստիտուցիոնալացման բարձր ռիսկի գոտում միայն այն պատճառով, որ պետությունը չունի մասնագիտական այնպիսի ներուժ, որը կապահովի երեխայի պաշտպանությունը և կարիքահեն մոտեցում կցուցաբերի անկախ գտնվելու վայրից և որևէ կառույցում գրանցված լինելու հանգամանքից՝ դրանով կախնելով երեխայի՝ հաստատությունում հայտնվելը։ Ավելին, ներկայում այդ համակարգում հաշվառված երեխաների թիվը չի արտացոլում երկրում բնակվող կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների իրական պատկերը՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ երեխաների պաշտպանության դեպքերի բացահայտման նպատակով համայքների կողմից համակարգային աշխատանքներ չեն տարվում։ Սրան զուգահեռ, հաստատություններում տարիներ շարունակ խնամվում են երեխաներ, որոնց ընտանիքիների հետ բաժանումը կամ վերամիավորումը վաղ փուլում համապատասխանաբար կանխելու կամ նախաձեռնելու դեպքում՝ երեխաները կշարունակեին ապրել ընտանեկան միջավայրում։ Շուրջօրյա խնամք ստացող երեխաների թվում ընդհուպ մինչև 17 տարի մանկատանը բնակվող շահառուները վառ վկայությունն են համակարգի լրջագույն խնդիրների, համայնքում՝ երեխայի ընտանիքի մասնագիտական բավարար չափով ուղղորդման ու աջակցության բացակայության։ Համայնքային սոցիալական աշխատանքի գործընթացում երկիրն ունի գործառույթը վերաձևակերպելու անհրաժեշտություն, քանի որ այն ոչ թե իրավիճակի հրամայական է միայն, այլ երկարաժամկետ ներդրման մարտահրավեր, քանզի մեկ անգամ ինստիտուցիոնալացումն արդեն իսկ երեխայի հետագա զարգաման գործընթացում թողնում է իր բացասական հետևանքները՝ անկախ կառույցում տրամադրվող խնամքի բարձր որակից, իսկ երբ խոսվում է կրկնակի կամ ավել ինստիտուցիոնալացման մասին՝ դա արդեն ուղիղ վտանգ է հետագա 7-10 տարիների ընթացքում առողջ հասարակության ձևավորման գործում[2]։ Չնայած այն հանգամանքին, որ պետությունը վերջին տարիներին հիմնել է երեխաների ճգնաժամային աջակցության կենտրոններ և այն հնարավորություն է տալիս կարճաժամկետ աջակցության արդյունքում խուսափել ինստիտուցիոնալ խնամքից՝ վերլուծությունը ցույց է տալիս, որ պետական երեք կենտրոններում խնամվողների միջինում 22%-ն այնուամենայնիվ տեղափոխվում է շուրջօրյա երկարաժամկետ խնամքի[3]։ Ընտանիքի հետ աշխատանքը և դեպքերի վաղ փուլում բացահայտումն այն կարևոր աշխատանքներն են երկրի համար, որոնք այսօր էականորեն պայմանավորված են համայնքներում երեխայի պաշտպանության մասնագետների բացակայությամբ, որը պատճառ է անդառնալի դեպքերի՝ ուշ, իսկ երբեմն ուշացած բացահայտումների, որտեղ «երեխայի լավագույն շահ» հասկացության սահմանումն էականորեն փոխում է իր ձևակերպման ուղղսությունը։

Թեև 2013 թվականից ի վեր իրականացվել են մի շարք բարեփոխումներ և այդ են վկայում նաև երկրի կողմից ներկայացված հինգերերոդ և վեցերերոդ պարբերական զեկույցները, սակայն անհերքելի է, որ Երեխայի իրավունքների պաշտպանության կոմիտեի կողմից արձանագրված մի շարք խնդիրներ շարունակում են մնալ արդիական և համակարգային բարեփոխումների բացակայությունն ակամա նվազեցնում է ընթացիկ կարիքահեն ծրագրերի արդյունավետությունը՝ հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ ներդրված լավագույնս մշակված ծրագրերն իրագործման մակարդակում բախվում են մարդկային և ֆինանսական ռեսուրսների ոչ բավարար քանակի, իսկ երբեմն նաև բացակայության։ 2020 թվականից պետությունը հասարակական կազմակերպություններին պատվիրակման միջոցով սկսեց ծառայություններ տրամադրել կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաներին և նրանց ընտանիքներին։ 2022 թվականին ՀՀ կառավարության 2014 թվականի հուլիսի 17-ի N 743-Ն որոշման մեջ իրականացվեցին փոփոխություններ և լրացումներ՝ այդ թվում նպատակ հետապնդելով ոլորտային կազմակերպությունների և համայնքի, դեպք վարողների փոխգործելիությունն ամրապնդել՝ խթանելով դեպքերի վաղ բացահայտումը։ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության (այսուհետ՝ նաև Լիազոր մարմին) կողմից նշված միջոցառման ընթացիկ մոնիթորինգները ցույց են տալիս, որ շատ դեպքերում, թեև սոցիալական աշխատողների կողմից առկա է համագործակցության պատրաստակամություն, սակայն օբյեկտիվորեն այն լիարժեք չի կարող գնահատվել՝ հաշվի առնելով այդ մասնագետների բազմաթիվ այլ գործառույթները։

Լիազոր մարմնի կողմից վերջին հինգ տարիներին ներդրված ջանքերը ցույց են տվել, որ հետևողական աշխատանքի, միջոլորտային համագործակցության ակտիվության արդյունքում հնարավոր է հզորացնել երեխայի պաշտպանության գործընթացը, գրանցել դրական արդյունքներ, սակայն համայնքային մակարդակում դեպքերի նկատմամբ շարունակական հսկողությունը, պրոակտիվ բացահայտումները, երեխաների կյանքին և առողջությանը վտանգ սպառնացող իրավիճակների կանխարգելումը ոչ միայն չի կարող համարվել բավարար, այլ երբեմն դառնում է ռիսկային՝ հաշվի առնելով, որ փաստացի համայքային մակարդակում առկա չէ որևէ մասնագիտական ստորաբաժանում։

Դեռևս 2017թ.-ին Մարդու իրավունքների պաշտպանը՝ խնամակալության և հոգաբարձության մարմինների ու խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովների (ԽՀՀ) վերաբերյալ իր արտահերթ զեկույցում ամրագրել է բազմաթիվ թերություններ, ներառյալ՝ օրենսդրական: Ինչպես այս, այնպես էլ Եվրասիա Համագործակցության Հիմնադրամի կողմից 2020 թվականիին իրականացված «Խնամակալության և հոգաբարձության մարմինների գործունեության արդյունավետության բարձրացման նպատակով ինստիտուցիոնալ բարեփոխումների վերաբերյալ» հետազոտությունը մատնանշել են պրոֆեսիոնալ սոցիալական աշխատողների ու ԽՀՀ կողմից մասնագիտացված ու արհեստավարժ մոտեցման պակասը, որը հանգեցնում է ոչ մասնագիտական կայացված որոշումների և դրա հետ կապված հնարավոր ռիսկերի երեխաների և նրանց ընտանիքների համար։ Մատնանշվել է նաև ԽՀՀ-ի խորհրդակցական բնույթը, ինչպես սահմանված է օրենսդրությամբ, սակայն փաստացի երեխաների պաշտպանության ոլորտում հստակ լիազորությունների իրականացմանը մասնակցության իրավական հակասությունը, ինչպես նաև գործունեության կամավորական բնույթին։

ԽՀՀ-ների գործունեության արմատական փոփոխությունների անհրաժեշտությանն անդրադարձ է կատարվել նաև ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ 2018 թվականին իրականացված մասնակցային գնահատման հաշվետվությամբ[4]։ Նշվել է, որ չկան ճգնաժամային իրավիճակներում գտնվող ընտանիքների վաղ հայտնաբերման հստակ կանոնակարգեր, ինչպես նաև կանխարգելման ծառայություններ։ ԽՀՀ-ները պատասխանատու են այդպիսի կանխարգելման ծառայությունների մատուցման համար, սակայն գործնականում սա խիստ հազվադեպ է տեղի ունենում։

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» և «Սոցիալական արդարություն» հասարակական կազմակերպությունները համատեղ 2018 թվականին իրականացրել են առանց ծնողական խնամքի մնացած երեխաների պաշտպանության ոլորտում կոռուպցիոն ռիսկերի գնահատում։ Գնահատման արդյունքներն արտացոլող զեկույցում նշվում է, որ պրակտիկան ցույց է տալիս, որ ԽՀՀ կազմում ընգրկված են նաև ոլորտից անտեղյակ անձինք՝ առանց հաշվի առնելու նրանց ցանկությունը, մոտիվացիան, մասնագիտական որևէ փորձառության առկայությունը։ Նույն զեկույցում խոսվում է ոչ միայն համայնքային, այլ մարզային մակարդակում մասնագիտական ներուժի ոչ բավարար մակարդակի մասին, մասնավորապես հիշատակվում է սոցիալական աշխատողների, հոգեբանների սակավ թիվը կամ ընդհանրապես բացակայությունը մարզային մակարդում։ Մասնագիտական պատրաստվածություն չունեցող պաշտոնատար անձինք առավել խոցելի են ազդեցությունների նկատմամբ, ինչը բարձրացնում է անհիմն և անօրինական որոշումների կայացման հնարավորությունը[5]:

Այս ուսումնասիրությունները միայն մեկ մասն են ոլորտի զարգացման այն տասնյակ խոչընդոտների, որոնք արձանագրվել և շարունակվում են արձանագրվել թե՛ Լիազոր մարմնի, թե՛ ոլորտային համագործակցող կառույցների կողմից։ Մասնագիտական ներուժի բացակայությունը կամ ոչ բավարար լինելը հանգեցրել է մի իրավիճակի, երբ երեխաների՝ դժվարին իրավիճակում հայտնվելու ռիսկը ժամանակին չկանխարգելելը դառնում է կյանքին, առողջությանը վտանգ սպառնացող իրավիճակների հիմք և որպես պահի լավագույն լուծում ծառայում է երեխային ընտանիքից դուրսբերումը։ Պետության պարտավորություններից է ապահովել երեխայի պաշտպանությունը և հետևաբար սույն օրենսդրական նախաձեռնությունների փաթեթի անհրաժեշտությունը հիմնվում է այս անքակտելի պարտավորության վրա, որն իր արտացոլումն է գտնել նաև Հայաստանի վերափոխման մինչև 2050 ռազմավարության մեջ, որտեղ պետությունը ևս մեկ անգամ պարտավորվում է ապահովել ամբողջական և լիարժեք հոգածություն երեխաների նկատմամբ: Ավելին, Կառավարությունն իր 2021-2026 թվականների ծրագրով ևս շեշտարդել է երեխաների իրավունքների լիարժեք իրացման համար՝ երեխաների իրավունքների պաշտպանության մեխանիզմների հզորացման կարևորությունը՝ ամրագրելով սույն օրենսդրական փաթեթը մինչև 2024 թվականի ավարտը կառավարության կողմից հավանություն տալու մասին որոշման ընդունման պահանջ։

Օրենսդրական փաթեթի ընդունման մեկ այլ անհրաժեշտություն է երեխայի՝ ընտանեկան միջավայրում ապրելու և զարգանալու իրավունքի իրացմանն ուղղված ծրագրերի բարելավումը, որը ևս կառավարության ծրագրով սահմանվել է որպես կատարման ենթակա միջոցառում և որին անհնար է հասնել օրենքով անհրաժեշտ ամրագրումների բացակայության պարագայում։ Երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքն ամրագրված է միջազգային մի շարք փաստաթղթերում, մասնավորապես՝ Երեխայի իրավունքների մասին հռչակագրում, Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայի 9-րդ, 18-րդ, 21-րդ հոդվածներում, Երեխաների պաշտպանության և օտարերկրյա որդեգրումների բնագավառում համագործակցության մասին կոնվենցիայի 1-ին, 4-րդ հոդվածներում և այլն։ Այլընտրանքային խնամքի ծառայություններում երեխայի խնամքի, ինչպես նաև որդեգրման օրենսդրական կարգավորումները, քաղաքականությունները և պրակտիկան պետք է հիմնվեն այն հիմնական սկզբունքների վրա, որոնք բխում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունից, Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորություններից և միջազգային չափանիշներից։ Օրենսդրական կարգավորումները պետք է լինեն որոշակի՝ կամայականություններից խուսափելու համար, սակայն միևնույն ժամանակ ճկուն՝ ընձեռելով անհատականացման և տարբերակման սկզբունքը կիրառելու հնարավորություն:

21.12.2017թ.-ին Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում իրականացված փոփոխությունները բարելավեցին համապատասխան օրենսդրությունը, սակայն ամբողջությամբ չկարգավորեցին որոշ հարցեր, օրինակ՝ ընտանիքի վերամիավորման, որդեգրման ընթացքում որդեգրել ցանկացող անձի և որդեգրվող երեխայի համադրման ընդհանուր պայմանների և փուլերի, որդեգրման և խնամատարության համար խոչընդոտ հանդիսացող պայմանների, որդեգրման դեպքում երեխայի՝ իր ծնողներին ճանաչելու իրավունքի, փաստացի խնամակալությանը և հոգաբարձությանն ու բազմաթիվ այլ հարցերի առնչությամբ:

Այն, որ երեխայի համար լավագույնն իր կենսաբանական ընտանիքում պատշաճ խնամք և դաստիարակություն ստանալն է, անվիճելի է, սակայն եթե ընտանիքը չի կարող իրականացնել կամ չի ցանկանում լատարել այդ կարևոր գործառույթը, պետությունը նախևառաջ պարտավոր է ապահովել, որ երեխան ստանա պատշաճ դաստիարակություն ու խնամք իր կենսաբանական ընտանիքում, իր կենսաբանական ծնողների հետ, իսկ միայն դրա անհնարինության դեպքում՝ պետք է դիտարկվեն խնամքի այլընտրանքային ձևերը՝ նախապատվությունը տալով ընտանեկան կապերին փոխարինող այլ ընտանեկան միջավայրում երեխայի խնամքի կազմակերպմանը։ Ինչպես ներկայացվում է երեխայի այլընտրանքային խնամքի ՄԱԿ-ի ուղեցույցով՝ այլընտրանքային խնամքում գտնվող երեխայի հետագա խնամքի կազմակերպումը պարբերաբար պետք է դիտարկվի, վերանայվի, սակայն ներկայում բազմաթիվ են այն դեպքերը, երբ երեխան համայնքից դուրս գալուց և ինստիտուցիոնալ կառույցում հայտնվելուց հետո չի ունենում իր նախկին բնակության համայնքից իր շահերը պաշտպանող որևէ մասնագիտական ներուժ, որը ստանձնելով պատասխանատվություն երեխային կկարողանա հանել այդ իրավիճակից և վերադարձնել համայնք։ Թվային ցուցանիշները ցույց են տալիս, որ թեև ապաինստիտուցիոնալացման ուղղությամբ վերջին տարիներին ներդրվել են ջանքեր, փակվել են հաստատություններ, այնուամենայնիվ՝ 2023 թվականի դրությամբ մանկատներ և ճգնաժամային հաստատություններ ընդունվող և դուրսգրվող երեխաների հարաբերակցությունը խիստ փոքր է (մանկատուն և ճգնաժամային կենտրոն ընդունվել են համապատասխաբար 78, 80 և դուրս են գրվել 97, 100 երեխաներ)։ Երկրում ամենալայն տարածում ունեցող այլընտրանքային խնամքի եղանակը խնամակալությունը և հոգաբարձությունն է, սակայն թե՛ խնամակալների և հոգաբարձուների, և թե՛ նրանց ընտանիքներում խնամք ստացող երեխաների հաշվառում չի իրականացվում և չնայած նրան, որ ընտանիքահեն խնամքի այս ձևն առավել նախապատվելի է ինստիտուցիոնալ ցանկացած կառույցից՝ այնուամենայնիվ ստացվում է մի իրավիճակ, երբ լիազոր մարմինը, մարզպետի աշխատակազմը կամ Երևան քաղաքում՝ Երևանի քաղաքապետարանը տեղեկատվության որևէ աղբյուր չունեն անգամ հստակ արձանագրելու խնամքի այս եղանակում խնամվող երեխաների թիվը։ Ավելին, համայնքը, որը խնամքի այս եղանակի սահմանման պատասխանատուն է նույնպես չի վարում որևէ շտեմարան և չի իրականացնում կանոնավոր վերահսկողություն այս խնամքի ձևով խնամվող երեխաների խնամքի որակի նկատմամբ։ Ուսումնասիրությունը փաստում է, որ վերջին երեք տարիների ընթացքում յուրաքանչյուր տարի շուրջ 320 երեխա համալրում է խնամակալ կամ հոգաբարձու ընտանիքներում բնակվող երեխաների շարքերը։ Քանի որ փաստացի առանց ծնողական խնամքի մնացած երեխաների բացահայտման հիմնական գործառույթն իրականացվում է համայնքում, ապա անհրաժեշտ է համապատասխան օրենսդրական ամրագրում, որ այդ երեխաների հայտնաբերման պատասխանատուն համայնքի սոցիալական աշխատողն է, ում այդ հարցում աջակցում են տարբեր պետական և տեղական ինքնակառավարման մարմիններ ու կազմակերպություններ և դրանց պաշտոնատար անձինք:

Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված, հատկապես՝ առանց ծնողական խնամքի մնացած, երեխաների բացահայտման առանձնահատկությունները, այդ գործընթացում պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և հասարակական կազմակերպությունների համագործակցությունը, ինչպես նաև երեխաների ու նրանց վերաբերյալ տեղեկատվության ուղղորդման մեխանիզմները Հայաստանի Հանրապետությունում համակարգված, իսկ որոշ դեպքերում` նաև կարգավորված չեն, և իրականացվում են այնքանով, որքանով դրանք առնչվում են կոնկրետ դերակատարների հիմնական գործառույթներին: Այդ ամենը հանգեցնում է երեխայի իրավունքների խախտման դեպքերի չբացահայտելուն, իսկ բացահայտման դեպքում այն կարող է չստանալ պատշաճ ուղղորդում և արձագանք: Հետևաբար անհրաժեշտություն է առաջանում ամրագրել համապատասխան կարգը սահմանող լիազորող նորմ, իսկ կարգը հետագայում սահմանել Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:

Երեխայի իրավունքների պաշտպանության կոմիտեն ընդգծել է նաև որդեգրման գործընթացի արդյունավետության բարձրացման անհրաժեշտությունը, որն անշուշտ ավելին է ենթադրում, քան մասնագիտական ներուժի ընդլայնումն ու զարգացումը։ ՀՀ կառավարությունը ևս 2019 թվականի հերթական նիստի շրջանակներում անդրադարձել է որգերման գործընթացի բարեփոխման կարևորությանը, որը չի կարող իրականացվել հատվածային՝ առանց համակարգային բարեփոխման՝ հաշվի առնելով դերակատարների, գործընթացների կազմակերպման հիմնովին փոփոխության անհրաժեշտությունը, որն առաջարկվում է սույն փաթեթով։ Վերջին երեք տարիների ուսումնասիրությամբ փաստվում է, որ տարեկան շուրջ 97 որդեգրված երեխայի խնամքի նկատմամբ պետք է իրականացնել վերահսկողություն։ Երեխայի որդեգրման և որդեգրման գործընթացի գաղտնիքն արդյունավետորեն պաշտպանելու համար վերանայման անհրաժեշտություն ունի նաև այդ գաղտնիքը կրող անձանց շրջանակը՝ սահմանելով համապատասխան տեղեկատվություն հրապարակելու արգելքը:

Ինչ վերաբերում է խնամատարությանը՝ ապա ոլորտային ակտիվ քաղաքականության արդյունքում խնամատար ընտանիքների թիվը կտրուկ աճ է գրանցել և ներկայում շուրջ 155 երեխա խնամք է ստանում խնամատար ընտանիքում։ Երեխաների իրավունքների կոմիտեն կոչ է արել պետություններին ապաինստիտուցիոնալացման քաղաքականության շրջանակներում ներդնել ծրագրեր, որոնք կաջակցեն հաշմանդամություն ունեցող երեխաներին ապրել իրենց՝ ընդլայնված կամ խնամատար ընտանիքներում, մինչդեռ Հայաստանում թեև պետության կողմից ներդրված ջանքերին, մշակված ընթացակարգերին և պետական երաշխիքներին՝ շուրջ յոթ երեխաներ են խնամք ստանում խնամատար ընտանիքներում։ Երևույթի պատճառներից մեկն էլ համայքում այն ներուժի բացակայությունն է, որն իրազեկման, ուղղորդման, ապա կայուն և շարունակական աջակցության միջոցով ընտանիքից բաժանվող հաշմադամություն ունեցող երեխայի հետագա խնամքը կկարողանա կազմակերպել մասնագիտացված խնամատար ընտանիքում։ Հատկանշական է, որ համայնքը որևէ գործառույթ չունի թե՛ որդեգրող ընտանիքների, թե՛ խնամատար ընտանիքների առնչությամբ, ինչն ինքնին անիրատեսական է դարձնում ժամանակին պատշաճ աջակցության ցուցաբերումը։ Կարևոր է ընդգծել, որ թե՛ խնամատարությունը, և թե՛ խնամակալությունը ժամանակավոր խնամքի ձևեր են, սակայն պրակտիկան ցույց է տալիս, որ խնամքի այս ձևերում ընդգրկված երեխաների ճնշող մեծամասնությունը տարիներ ի վեր շարունակում է նույն խնամքը ստանալ։ Հավելենք, որ Մարդու իրավունքների պաշտպանին 2020 թվականի ընթացքում հասցեագրվել է  85 գրավոր և բանավոր բողոք՝ 87 անձից՝ Երևանի տարբեր վարչական շրջանների և ՀՀ բոլոր մարզերի համայնքների ԽՀՀ-ների՝ երեխաների իրավունքների պաշտպանության բնագավառում գործունեության վերաբերյալ: Մարդու իրավունքների պաշտպանը 2020 թվականի տարեկան իր զեկույցում ևս մեկ անգամ շեշտել է տևական ժամանակ խնամակալության և հոգաբարձության մարմինների վերաբերյալ բարձրացվող խնդիրներին լուծում տալու անհրաժեշտությունը։[6] Նույն զեկույցում մեջբերվում է Տավուշի մարզի Խաշթառակ գյուղում բնակվող երեխաների հետ տեղի ունեցած դեպքի մանրամասներ՝ հստակ ընդգծելով կանխարգելիչ աշխատանքների բացակայությունը։ Ցավոք հիշյալ դեպքը միակը չէ և Լիազոր մարմինը յուրաքանչյուր ամիս բախվում է երեխաների կյանքին, առողջությանը վտանգ սպառնացող իրավիճակների, որոնք վաղ փուլում չբացահայտվելու, չկանխարգելվելու արդյունքում երեխային առնվազն պատճառում են հոգեբանական խնդիրներ, իսկ երբեմն դառնում ծանր հետևանքների պատճառ կամ հանգեցնում անդառնալի ելքերի։

Երեխաների իրավունքների պաշտպանության ինստիտուցիոնալացումը կարևոր է նաև բռնության դեպքերի կանխագելման և բացահայտման տեսանկյունից։ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի տվյալների համաձայն՝ աշխարհի մոտ երեք հարյուր միլիոն երեխայի նկատմամբ վերջիններիս խնամողների կողմից մշտապես դրսևորվում են բռնարար դաստիարակչական մեթոդներ[7]։

ՀՀ-ում մասնակի է ներդրված երեխայի նկատմամբ բռնության ահազանգման և երեխաների ուղղորդման մեխանիզմը, ոլորտում ներգրավված դերակատարների միջև չկա հստակ դերաբաշխում երեխաների պաշտպանության համատեքստում: Ավելին, այն որ երեխայի նկատմամբ բռնության, երեխայի անտեսման, բուլինգի և անկյունաքարային տարաբնույթ սահմանումներ դեռ նախատեսված չեն ՀՀ օրենսդրությունում ոչ միայն երկրորդային պլան են մղում այդ ծայրահեղ բացասական երևույթների դեմ պայքարը, այլ նաև օրենսդրական բաց են ձևավորում՝ անտեսելով նաև միջազգային ստանձնած պարտավորությունների իրականացումը:

 Թեև երեխաների նկատմամբ բռնության առնչությամբ առանձին վիճակագրություն չի վարվում, այնուամենայնիվ երեխաների նկատմամբ առհասարակ քննված վարույթները ցույց են տալիս, որ հաճախ մեղադրյալները լինում են երեխայի ընտանիքի անդամները։ 2022 թվականի ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի վարույթում քննվել է երեխաների նկատմամբ կատարված հանցագործությունների վերաբերյալ 545 քրեական վարույթ[8], իսկ 2023 թվականին՝ 1159 քրեական վարույթ[9], իսկ  2024 թվականի առաջին կիսամյակում՝ արդեն 1032 քրեական վարույթ[10]։ Ընդ որում 2023 թվականին դատարան ուղարկված վարույթներով մեղադրյալների 35%-ը հանդիսացել են անչափահաս տուժողի ընտանիքի անդամներ։

Ինչպես նշվում է Մարդու իրավունքների պաշտպանի 2023 թվականի տարեկան հաղորդմամբ[11]՝ մեկ այլ կարևոր խնդիր է բռնության ենթարկված երեխայի վերամիավորումից հետո մասնագիտական մշտադիտարկումը։ Պաշտպանը, մեջբերելով մեկ օրինակ, ցույց է տվել համակարգային խնդիր։ Մասնավորապես՝ նշվել է, որ արձանագրվել է դեպք, երբ երեխայի նկատմամբ հայրը սեռական բռնություն է գործադրել, վերջինիս նկատմամբ դեպքի առթիվ հարուցվել է քրեական հետապնդում։ Երեխան, որոշ ժամանակ մնալով երեխայի խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատությունում, վերադարձվել է ընտանիք, երկար ժամանակ շարունակել է ապրել մոր հետ։ Այնուհետև համացանցում տարածվել է տեսանյութ և պարզ է դարձել, որ երեխայի մայրը, նույնպես, պարբերաբար բռնության է ենթարկել երեխային: Նույն հաղորդման մեջ նշվել է, որ 2023 թվականին շարունակում են արդիական մնալ Խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովների անդամների պատշաճ մասնագիտական որակավորման և պարտադիր վերապատրաստման, միջգերատեսչական համագործակցության ապահովման, վերջիններիս լիազորությունների ոչ պատշաճ իրականացման դեպքում՝ պատասխանատվության հստակ միջոցների սահմանման, աշխատանքային ժամերից հետո աշխատանքի կազմակերպման հնարավորության նախատեսման հետ կապված, ինչպես նաև Մարդու իրավունքների պաշտպանի կողմից այս ինստիտուտի կայացման հարցում բազմիցս հիշատակված խնդիրները։

Հավելենք, որ Կոմիտեն իր դիտարկումներում կարևորել է նաև երեխաների իրավունքների պաշտպանության ռազմավարությունների արդյունավետ իրագործման համար պետության կողմից համապատասխան մարդկային և ֆինանսական ռեսուրսների ներդրումը՝ ընդգծելով պետության պարտավորությունը տեղական մակարդակում երեխաների պաշտպանության մասնագիտական ներուժի ներգրավման և հզորացման հարցում։ Կոմիտեն վերը նշված և մի շարք այլ դիտարկումներով անդրադարձ է կատարել երեխայի պաշտպանության համակարգի բարելաման խիստ կարևորությանը։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ պետական քաղաքականությունն ուղղված է ծառայությունները դարձնել ընտանիքին և մասնավորապես՝ երեխային, առավել մոտ՝ ակնհայտ է, որ ոլորտային օրենսդրության փոփոխության առանցքում պետք է լինի նախևառաջ համայնքում երեխայի պաշտպանության գործընթացի հզորացումը, սակայն ոչ պակաս կարևոր է տարածքային մակարդակում երեխայի պաշտպանության համակարգային փոփոխությունները քանի որ մարզպետի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների և Երևանի քաղաքապետարանի երեխաների և սոցիալական պաշտպանության վարչության գործառույթներում ևս ամրագրվում են արդիականացման, արդյունավետության բարձրացման անհրաժեշտություն, որոնք հնարավորություն կտան համայնքի հետ առավել սերտ կապի միջոցով ապահովել երեխայի լավագույն շահը, երեխայի պաշտպանության բարդ դեպքերում հստակ որոշել երեխայի լավագույն շահը և ձեռնարկել համապատասխան միջոցներ։ Տարածքային մակարդակում չկա բազմամասնագիտական խորհուրդ, որը հնարավորություն կունենա դիտարկել դեպքերը, առաջարկություններ ներկայացնել համապատասխան մարմիններին, սակայն պետք է ի նկատի ունենալ, որ տարածքային մակարդակում կայացվող որոշումներն էական նշանակություն ունեն երեխայի կյանքում։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ընդհանուր առմամբ մարզպետների աշխատակազմերի երեխաների իրավունքների պաշտպանության գործառույթ ունեցող 34 աշխատակիցներից միայն 6-ն են սոցիալական աշխատողներ, համեմատության համար նշենք, որ Երևան քաղաքում երեխաների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող սոցիալական աշխատողների թիվը 53 է։

Անդրադարձ կատարելով երեխայի իրավունքների պաշտպանության երրորդ աստիճանին, նշենք, որ միջգերատեսչական սկզբունքով կազմված Երեխայի իրավունքների պաշտպանության ազգային հանձնաժողովի գործունեությունը կրում է խորհրդակցական բնույթ, իսկ աշխատանքները կազմակերպվում են քննարկումների ձևաչափով: Հաշվի առնելով մի շարք երկրների հաջողված փորձի ուսումնասիրությունը՝ հանրապետական մակարդակում երեխայի իրավունքների պաշտպանության համակարգի գործունեության և երեխայի լավագույն շահի պաշտպանության ապահովման նպատակով պետական միասնական քաղաքականության մշակման համար անհրաժեշտ է այս հանձնաժողովի լիազորությունների շրջանակի, նպատակների և խնդիրների, գործունեության իրականացման կարգի հստակեցում, գործունեության արդյունավետության բարձրացում: Երեխաների իրավունքների պաշտպանության ազգային հանձնաժողովի առջև դրված նպատակի իրագործման հարցում կարևոր է նաև վերջինիս օժտել անհրաժեշտ մարդկային, ֆինանսական և տեխնիկական ռեսուրսներով։ Ընդ որում՝ նման դիրքորոշում է հայտնել է նաև Երեխայի իրավունքների կոմիտեն իր՝ 2013 թվականին Հայաստանի Հանրապետության վերաբերյալ ներկայացրած ամփոփիչ դիտարկումներում։

Օրենսդրական սույն նախաձեռնության անհրաժեշտությունը բխում է նաև երեխայի լսված լինելու իրավունքն ապահովելու կարևորությունից։ Հայաստանի Հանրապետության 2015 թ. փոփոխություններով Սահմանադրությամբ երեխայի իրավունքների սահմանադրաիրավական պաշտպանության ամրագրումը կարևոր քայլ էր Հայաստանի Հանրապետության օրենսդրությունում, սակայն հետագա քայլերը ոչ բավարար էին՝ ամրագրված դրույթներն ամբողջական իրականացնելու համար: Գործող սահմանադրաիրավական կարգավորումից ակնհայտ է, որ երեխայի կարծիքը հաշվի է առնվում հիմք ընդունելով ոչ միայն երեխայի տարիքը, այլև հասունության մակարդակը, որն ուղղակիորեն անդրադառնում է ձևավորած կարծիքի բովանդակության վրա։ Երեխաների լավագույն շահն ամրագրվել է Հայաստանի Հանրապետության օրենսդրությունում 2017թ.-ից, երբ լրամշակվեց Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքի 1-ին հոդվածը: Այդ փոփոխությունից հետո չեն մշակվել հստակ չափորոշիչներ կամ չափանիշներ, որոնք իրավակիրառողի մոտ կձևավորեն հմտություններ երեխայի լավագույն շահը հաշվի առնելու առնչությամբ, ինչը գործնականում տարաբնույթ մեկնաբանման և երեխային վերաբերող որոշ հարցերի առնչությամբ հավելյալ կարգավորումների անհրաժեշտություն առաջացրեց: Ավելին, նույն օրենսգրքում առկա որոշ նորմեր չեն անդրադարձել լավագույն շահի առանձնահատկություններին նախատեսված գործընթացների շրջանակներում՝ փաստացի այդ նորմերը չդարձնելով երեխայազգայուն և երեխայակենտրոն ու խոչընդոտելով այդ նորմի լիարժեք իրականացմանը:

Բացի այդ, Հայաստանի Հանրապետության սահմանադրության 37-րդ հոդվածը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքի 44-րդ և «Երեխայի իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության գործող օրենքի 10-րդ հոդվածները սահմանում են երեխայի՝ սեփական կարծիքն արտահայտելու իրավունքը, որի իրականացումը գործնականում ևս բարդություններ է առաջացնում: Առավել ևս, որ այս հոդվածներն ունեն որոշակի հակասություններ, որոնց շտկման առնչությամբ արդեն նախաձեռնվել են սույն օրենսդրական փոփոխությունները:

Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքի 44-րդ հոդվածի 1.1-րդ մասի համաձայն՝ երեխան իրավունք ունի ազատ արտահայտելու իր կարծիքը, որը, երեխայի տարիքին և հասունության մակարդակին համապատասխան, հաշվի է առնվում իրեն վերաբերող հարցերում: Երեխայի կարծիքը լսելիս իրավասու մարմինն օրենքով նախատեսված դեպքերում ներգրավում է մանկական հոգեբանի կամ մանկավարժի կամ սոցիալական աշխատողի: Սակայն, նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ տասը տարին լրացած երեխայի կարծիքը հաշվի առնելը պարտադիր է` կապված խղճի ազատության հետ, որոշակի միջոցառումներին մասնակցելու, արտադպրոցական կրթություն ստանալուց հրաժարվելու, ծնողներից որևէ մեկի հետ ապրելու, հարազատների հետ շփվելու, օրենքով նախատեսված այլ դեպքերում: Այսինքն, ստացվում է, որ տարիքային հատկանիշը որոշ դեպքերում բավարար է կարծիքը հաշվի առնելու համար՝ անտեսելով երեխայի հասունությունը, իսկ ներգրավվող մասնագետների շրջանակը վերանայման կարիք ունի:

Եթե երեխան՝ անկախ տարիքից, հասել է զարգացման այն աստիճանին, որ կարող է գիտակցված որոշումներ կայացնել և արտահայտվել, ապա դա պետք է որոշվի՝ երեխայի նկատմամբ անհատական մոտեցում դրսևորելով և նրա անհատական հատկանիշները հաշվի առնելով՝ կշռադատելով երեխայի կարծիքը և այն օգտագործելով երեխային վերաբերող որոշումներ կայացնելիս:

Նման մասնակի, չհամակարգված և դրվագային մոտեցումները չեն ապահովում Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունների կատարումը և պրակտիկայում երեխայի լավագույն շահերի իրացումը:

Ելնելով Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում իրականացված փոփոխություններից՝ անհրաժեշտություն առաջացավ միաժամանակ լրացումներ կատարել նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում, մասնավորապես՝ Հայաստանի Հանրապետության 1998 թվականի մայիսի 5-ի քաղաքացիական օրենսգրքում համապատասխան փոփոխություններ են իրականացվել եզրույթների համահունչությունն ապահովելու, միասնական տերմիններ կիրառելու համար:

Հաշվի առնելով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն դիմած քաղաքացիների բանավոր և գրավոր դիմումների ուսումնասիրությունների արդյունքները՝ անհրաժեշտ է փոփոխություն կատարել նաև «Անկանխիկ գործարքների մասին» ՀՀ օրենքում, որտեղ հարկ է փոփոխել և լրացնել ալիմենտի վճարման վերաբերյալ դրույթը և հոդվածի առանձին մասով նշել, որ ալիմենտի վճարների ընդունումն իրականացվում է անկանխիկ ձևով։

Երեխայի որդեգրման գործընթացը երեխայի համար քիչ տրավմատիկ և սթրեսային դարձնելու համար առաջարկվում է լրացում կատարել նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում։ Երեխան պետք է մասնակցի որդեգրման գործերով դատավարությանը միայն անհրաժեշտության դեպքում և երեխայի ու դեպքի անհատական կարիքները հաշվի առնելով, իսկ համապատասխան դատական ակտի կայացման ժամկետը պետք է լինի հնարավորինս կարճ:

Հայաստանի Հանրապետությունում երեխաների որդեգրման օրենսդրության ուսումնասիրության ու վերանայման անհրաժեշտությունը մատնանշվել է ինչպես պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների, այնպես էլ միջազգային կազմակերպությունների կողմից:

Երեխայի մասնակցությունը ցանկացած դատավարության հանդիսանում է տրավմատիկ և սթրեսային գործոն, ու միջազգային լավագույն փորձը միտված է հնարավորինս նվազեցնել երեխայի մասնակցությամբ դատավարությունների ֆորմալիզացիան ու հնարավորության դեպքում երեխային պետք է չհրավիրել դատական նիստերի դահլիճ: Երեխան դատական նիստերի դահլիճ կարող է հրավիրվել միայն բացառիկ դեպքերում, ելնելով այն անհրաժեշտությունից, որ միայն երեխան կարող է հայտնել որոշակի տեղեկություններ, որոնք անհրաժեշտ են դատավորին դիրքորոշում հայտնելու և համոզմունք ձևավորելու համար:

Գործող օրենսդրության համաձայն 14 տարեկանը լրացած երեխաները պարտադիր պետք է մասնակցեն որդեգրման գործերով դատավարություններին, ինչը հաճախ ձևական բնույթ է կրում ու լոկ սահմանափակվում է երեխայի՝ դատարանի դահլիճում գտնվելով ու նախկինում բացահայտված ու ակնհայտ տեղեկությունների վերահաստատմամբ: Մինչդեռ 14 տարեկանը լրացած երեխաներն անգամ չպետք է մասնակցեն դատավարություններին, եթե դա որևէ նշանակություն չի ունենա գործն ըստ էության լուծելու համար: Բացի այդ, 14 տարեկանը չլրացած երեխաները նույնպես պետք է ունենան հնարավորություն մասնակցել դատական նիստին՝ ելնելով կոնկրետ գործի առանձնահատկություններից:

Անկախ որդեգրման գործով երեխայի անմիջական մասնակցությունից՝ որդեգրվող երեխան իրավունք ունի ազատ արտահայտելու իր կարծիքը, որը, դատարանը հաշվի է առնում երեխայի տարիքին և հասունության մակարդակին համապատասխան: Կարծիքը կարող է ներկայացվել գրավոր, բանավոր կամ տեսաձայնագրությամբ: Երեխայի կարծիքը վերարտադրելիս կամ լսելիս դատարանը ներգրավում է մանկական հոգեբանի, մանկավարժի կամ սոցիալական աշխատողի: Երեխայի գրավոր կարծիքը ներկայացվում է մանկական հոգեբանի, մանկավարժի կամ սոցիալական աշխատողի գրավոր կարծիքի հետ միասին:

Բացի այդ, կառուցվածքային և բովանդակային փոփոխություններ են իրականացվել երեխայի և սոցիալական պաշտպանության ոլորտում, ինչը հանգեցրել է նոր դերակատարների առաջացման, որոշ դերակատարների գործառույթների վերանայման, համագործակցության անհրաժեշտության և այլ հարցերի: Օրինակ, ստեղծվել է միասնական սոցիալական ծառայությունը և դրա տարածքային կենտրոնները, որոնք իրականացնելու են ընտանիքի սոցիալական գնահատումը, որը հաշվի է առնվելու կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխայի խնամքն ու դաստիարակությունը կազմակերպելիս, իսկ այդ հարցին անդրադարձ Հայաստանի Հանրապետության գործող ընտանեկան օրենսդրությունը չի իրականացնում:

Անդրադառնալով առաջարկվող նոր «Երեխայի իրավունքների և երեխայի պաշտպանության համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին և այդ օրենքով «Երեխայի իրավունքների մասին» օրենքը փոխարինելուն, ապա կարևոր է հիշատակել, որ գործող օրենքն ընդունվել է 1996թ-ին և ամբողջական արդիականացման անհրաժեշտություն ունի՝ հաշվի առնելով միջազգային կոնվենցիոն առաջարկություններն ու դիտարկումները։ Նաև գործող օրենսդրությունը չի նախատեսում երեխայի պաշտպանության համակարգը, դրա ներդրման և հստակ դերաբաշխման կարգավորումները։ Հարկ է նշել, որ հետխորհրդային Հայաստանում ներդրվեց երեխաների իրավունքների պաշտպանության համակարգ` երեխաների իրավունքներին առնչվող միջազգային համապատասխան փաստաթղթերի վավերացումով և երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտի իրավակարգավորումներին ուղղված օրենսդրության ձևավորմամբ, սակայն այն չէր արդիականացվել՝ առավել ևս հաշվի առնելով թե՛ միջազգային միտումները, թե՛ ՀՀ կողմից վավերացված նոր կոնվենցիաները, օրինակ՝ Երեխաներին սեռական բռնությունից և սեռական շահագործումից պաշտպանության մասին Լանզարոտեի կոնվենցիան:

Գործող օրենսդրությամբ նախատեսված երեխայի իրավունքների մի մասը ձևակերպված են դեկլարատիվ՝ առանց մանրամասնելու դրանց բովանդակությունը, իսկ երբեմն նաև սխալ եզրույթների կիրառմամբ, ինչը բարդացնում էր թե՛ օրենքի կիրառելիությունը, թե՛ մեկնաբանությունը, թե՛ այդ օրենքից բխող միջոցառումների իրականացումը կամ ենթաօրենսդրական ակտերի նախագծումը:

Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսդրության և վերը թվարկված այլ իրավական ակտերի վերանայման, ինչպես նաև «Երեխայի իրավունքների և երեխայի պաշտպանության համակարգի մասին» առաջարկվող նոր օրենքի ընդունման նախագծերը պայմանավորված է նաև այն փաստով, որ առկա գործնական բացերը հնարավոր չէ կարգավորել առանց օրենսդրական փոփոխությունների և համապատասխան լիազորող նորմերի նախատեսման, ինչը կհանգեցնի հետագայում Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշումների և Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հրամանների ընդունման կամ վերանայման: 

Երեխայի պաշտպանության եռաստիճան համակարգի նման կարգավորման համար հիմք են ծառայում միջազգային փորձի այնպիսի օրինակներ, ինչպիսիք են Շվեդիայի[12] և Չեխիայի[13] փորձը, ինչպես նաև հետխորհրդային մի շարք երկրների, այդ թվում՝ Էստոնիայի[14], Լիտվայի[15] փորձը, որոնք ունեն ՀՀ-ի հետ պատմական նույն ակունքները։

Վերոնշյալ երկրների փորձի ուսումնասիրությունը փաստում է, որ երեխաների պաշտպանությունն իրականացվում է հիմնականում նույն տրամաբանությամբ և համակարգն ընդգրկում է հետևյալ մարմինները.

  • Կառավարությունը, որի խնդիրն է մշակել երեխաների պաշտպանության օրենսդրական նախագծեր և ազգային ռազմավարություններ։ Էստոնիայի օրինակում տեսնում ենք, որ այն իրականացնում է նաև բյուջետային պլանավորում։
  • Սոցիալական հարցերի կամ Զբաղվածության կամ Սոցիալական ապահովության և աշխատանքի նախարարությունը,
  • Արդարադատության նախարարությունը,
  • Կրթության և գիտության նախարարությունը,
  • Առողջապահության նախարարությունը,
  • Երեխաների պաշտպանության հարցերով զբաղվող հատուկ խորհուրդը կամ հանձնաժողովը, որի էությունը համանման է ՀՀ-ում տվյալ գործառույթն իրականացնող հանձնաժողովի հետ։ Դրանք կոլեգիալ մարմիններ են, որոնց գործունեության հիմնական նպատակն է իշխանության, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, հասարակական կազմակերպությունների, իրավաբանական և ֆիզիկական անձանց համագործակցության ապահովումը` ինչպես երկրի ներսում, այնպես էլ դրա սահմաններից դուրս, երեխայի պաշտպանության համակարգի կազմակերպումը և համակարգումը, երեխաների իրավունքների պաշտպանության բնագավառում օրենսդրության կենսագործումը: Այստեղ երեխաների պաշտպանության վերաբերյալ բոլոր տեղեկություններն ուղղվում են երեխաների և ընտանիքների նկատմամբ քաղաքականության և ռազմավարությունների մշակմանը։
  • Սոցիալական ապահովագրության խորհուրդը (Social Insurance Board), որը գործում է Էստոնիայում՝ սահմանում է պետական նպաստներ, արտոնություններ և այլ ծառայություններ երեխաների համար։ Սոցիալական ապահովագրության խորհրդի Երեխաների պաշտպանության դեպարտամենտը (Child Protection Department) աջակցում է երեխաների հետ աշխատող մասնագետներին և ղեկավարում է միջճյուղային պրոֆիլակտիկան և համագործակցությունը (սոցիալական ոլորտ, կրթություն, բժշկություն, իրավական պաշտպանություն): Երեխաների պաշտպանության դեպարտամենտն ազգային գործադիր մարմին է, որը ստեղծվել է 2016 թվականին՝ նպատակ ունենալով տեղական իշխանություններին աջակցել երեխաների պաշտպանության և տեղական մակարդակում երեխաների պաշտպանությանն ուղղված աշխատանքների որակի բարձրացման գործում։
  • Լիտվայի Հանրապետությունում Սոցիալական անվտանգության և աշխատանքի նախարարությունը մասնակցում է երեխայի իրավունքների պաշտպանության քաղաքականության մշակմանը, պատասխանատու է այդ քաղաքականության համար և համակարգում է դրա իրականացումը, մշակում է ընտանիքի ամրապնդմանն ուղղված քաղաքականությունը և համակարգում դրա իրականացումը։ Նախարարությունը, ի թիվս այլ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և հաստատությունների՝ ապահովում է երեխայի իրավունքների արդյունավետ պաշտպանությունը՝ օրենքի պահանջներին համապատասխան, վերլուծում է երեխայի իրավունքների պաշտպանության վերաբերյալ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև այլ հաստատությունների կողմից ներկայացվող տեղեկատվությունը, գնահատում է երեխայի իրավունքների պաշտպանության իրավիճակը երկրում, պատրաստում է իրավական ակտերի նախագծեր և դրանք ներկայացնում Կառավարությանը, հանձնարարություններ է տալիս Երեխայի իրավունքների պաշտպանության և որդեգրման պետական ծառայությանը՝ կապված երեխայի իրավունքների պաշտպանության իրացման հետ, առաջարկներ է ներկայացնում համայնքային իշխանություններին՝ կապված երեխայի իրավունքների պաշտպանության արդյունավետ ապահովման հետ, ֆինանսավորում է ընտանիքի ամրապնդման և երեխայի բարեկեցության ապահովմանն ուղղված ծրագրերը և համագործակցում է այլ մարմինների հետ՝ երեխայի իրավունքների արդյունավետ պաշտպանության ապահովման նպատակով[16]։ Լիտվայի Հանրապետությունում գործող միասնական կենտրոնական մարմինը՝ Երեխայի իրավունքների պաշտպանության և որդեգրման պետական ծառայությունը, երեխայի իրավունքների ապահովման և պաշտպանության կենտրոնական հաստատությունն է, որը կենսագործում է Երեխայի իրավունքների պաշտպանության քաղաքականությունը համայնքի տարածքում և մասնակցում է Երեխայի իրավունքների պաշտպանության ոլորտում պետական քաղաքականության մշակմանը՝ ինքնուրույն կամ իր տարածքային ստորաբաժանումների միջոցով[17]։

Այսպիսով՝ զուգահեռներ կարող ենք անցկացնել ՀՀ-ում ազգային հանձնաժողովի հետ, քանի որ այն խորհրդակցական մարմին է, և դրա գործունեության հիմնական նպատակը երեխայի շահերի պաշտպանության միասնական պետական քաղաքականության մշակմանը նպաստելն է։

Ինչ վերաբերում է մշտադիտարկման մեխանիզմին, ապա մի շարք երկրներում, օրինակ՝ Իսլանդիայում[18], դա իրականացվում է միջգերատեսչական հանձնաժողովի, Չեխիայում, Մոնտենեգրոյում՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության[19], Նորվեգիայում՝ Երեխաների և հավասարության պաշտպանության նախարարության[20], Հունգարիայում, Բոսնիա-Հերցեգովինայում[21]՝ Մարդու իրավունքների հարցերով նախարարության ստորաբաժանման, Բուլղարիայում՝ Երեխաների պաշտպանության պետական գործակալության[22] , Վրաստանում՝ տեղական ինքնակառավարման մարմնի կողմից՝ իր լիազորությունների սահմաններում ստեղծված պատասխանատու գրասենյակի (կառուցվածքային միավորի) կողմից[23]:

Հայաստանի Հանրապետությունում, ինչպես և Իսլանդիայում, որպես երեխաների իրավունքների պաշտպանության պետական օղակում գործող համակարգման և մշտադիտարկման կառուցակարգ, դիտարկվել է միջգերատեսչական մակարդակում գործող հանձնաժողովի գործունեությունը:

Օրենսդրական բարեփոխումների սույն փաթեթն անդրադարձ է կատարում նաև ծնողական իրավունքների զրկման և սահմանափակման հարցերին։ Ծնողական իրավունքների զրկումը՝ պայմանավորված քրոնիկ ալկոհոլամոլությամբ, թմրամոլությամբ, թունամոլությամբ կամ քրոնիկ հոգեկան հիվանդություններով, որոնց ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը, հակասում է Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիային, որի 23-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ Մասնակից պետություններն ապահովում են, որ երեխան չբաժանվի ծնողներից իր կամքին հակառակ` բացի այն դեպքերից, երբ դատական հսկողություն իրականացնող մարմինները, կիրառելի օրենսդրության ու ընթացակարգերի համաձայն, որոշում են կայացնում, որ նման բաժանումն անհրաժեշտ է` ելնելով երեխայի բարձրագույն շահերից: Ոչ մի դեպքում երեխան չպետք է բաժանվի ծնողներից երեխայի կամ ծնողներից մեկի կամ երկուսի հաշմանդամության պատճառով: «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքի 15-րդ հոդվածի 19-րդ մասի համաձայն՝ պետությունը ձեռնարկում է միջոցներ, որպեսզի երեխան չբաժանվի (չառանձնացվի) հաշմանդամություն ունեցող ծնողից (ծնողներից) նրա (նրանց) հաշմանդամության պատճառով՝ ծնողի (ծնողների) կամքին հակառակ, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի: Ելնելով այս հանգամանքից և առաջնորդվելով Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիայի 3-րդ հոդվածով, «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքի 7-րդ հոդվածով, անհատական մոտեցում դրսևորելը և կոնկրետ իրավիճակում մասնագիտական գնահատում իրականացնելով ծնողական իրավունքներից զրկելու կիրառումն իրականացնելն առաջնային է: Քրոնիկ ալկոհոլամոլությամբ, թմրամոլությամբ կամ թունամոլությամբ, ինչպես նաև քրոնիկ հոգեկան հիվանդություններով (ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը) հիվանդ լինելն ինքնին ծնողական իրավունքների զրկման հիմք հանդիսանալ չի կարող և խտրական վերաբերմունք է նախևառաջ հոգեկան առողջության խնդիր կամ կախվածություն ունեցող անձանց համար, որի դեպքում լոկ հիվանդության կամ այլ կախվածության առկայությունը հանդիսանում է նրա իրավունքների զրկման համար բավարար և միակ հիմքը: Այնինչ, ծնողական իրավունքներից զրկումը պետք է իրականացվի անհատական տարբերակով դեպքի վարման և գնահատման արդյունքում, որը պետք է պատասխանի հետևյալ և այլ հարցերի՝ արդյոք քրոնիկ ալկոհոլամոլությունը, թմրամոլությունը կամ թունամոլությունը, ինչպես նաև քրոնիկ հոգեկան հիվանդությունն անդրադառնում են այդ անձի կողմից ծնողական իրավունքների իրականացման վրա, թե՝ ոչ, ազդում են երեխայի նորմալ զարգացման վրա, թե՝ ոչ, բխում է երեխայի լավագույն շահերից, թե՝ ոչ: Հետևաբար, միայն կոնկրետ անձի մոտ առկա կոնկրետ հիվանդության և կախվածության բնույթը, դրա ծանրության աստիճանը և այլ հանգամանքները, ինչպես նաև դրանց ազդեցությունը ծնողական իրավունքների իրականացման վրա, կարող են առաջացնել ծնողական իրավունքների զրկում:

Ծնողական իրավունքների չարաշահման տարբեր դրսևորումներից խուսափելու համար անհրաժեշտ է հստակեցնել, որ ծնողական իրավունքները սահմանափակված ծնողն ունի երեխայի հետ կապ ունենալու արգելք, որը կարող է վիճարկել դատական կարգով։ Հաշվի առնելով երեխայի կարծիքը և լավագույն շահը՝ դատարանը կարող է մերժել հայցի բավարարումը՝ արգելելով ծնողական իրավունքները սահմանափակված ծնողի շփումը երեխայի հետ։

Օրենսդրորեն ընդլայնվելու են այն հանցագործությունները, որոնց համար դատվածության առկայությունը կամ հետապնդումը խոչընդոտելու են որդեգրմանը կամ խնամատարությանը: Ավելին շեշտվելու է, որ եթե անձը դատապարտվել է մարդու կամ հասարակական կարգի և բարոյականության դեմ ուղղված ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության, ընտանիքի և երեխայի շահերի դեմ ուղղված հանցագործության՝ անկախ դատվածությունը հանված կամ մարված լինելու հանգամանքից, նա չի կարողանա հանդիսանալ որդեգրող կամ խնամատար ծնող:

Բացի այդ, դատվածություն չունեցող անձի կողմից երեխա որդեգրելու գործընթացը պետք է դադարեցվի, եթե մինչև որդեգրման մասին վճռի կայացումը կամ խնամատարության պայմանագրի կնքումը վերջինիս նկատմամբ հարուցվում է քրեական հետապնդում: Քրեական հետապնդումը դադարեցվելուց հետո որդեգրել ցանկացող անձի կամ խնամատար ծնողի ընտրությունը, հաշվառումը, որակավորումը և վերապատրաստումն իրականացվում է ընդհանուր կարգով:

Երեխայի իրավունքների իրացման և պաշտպանության առնչությամբ ՀՀ-ում դեռ ստեղծված չեն արդյունավետ մեխանիզմներ, ինչից ելնելով նոր նախագծված «Երեխայի իրավունքների և երեխայի պաշտպանության համակարգի մասին» օրենքը բովանդակում է համապատասխան լիազորող նորմեր՝ ՀՀ կառավարության որոշումների, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի և այլ պետական լիազոր մարմինների հրամանների ընդունման համար:

 

  1. w/4613854?publication=0)
  • Продолжительность

    15.11.2024 02.12.2024
  • Тип

    Pешение

  • Область

    Социальное обеспечение

  • Министерство

    Министерство труда и социальных вопросов

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 343

Принт

Оставить предложение

Вы можете оставить комментарий только после регистрации в сайте и после в систему.

Ваш комментарий будет опубликован в течение 2 рабочих дней, после подтверждения администратором сайта.

Представленные предложения можно найти в разделе Краткое содержание .