Добавить в избранное

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1420-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ                                                                                                                                                   

N________Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1420-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

         Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ  է.

          1․ Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց բազային աշխատավարձի և պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման գործակիցների փոփոխության նպատակով` ըստ մասնագիտությունների ու տարածքների աշխատանքի շուկայի վերլուծության իրականացման կարգը և այդ վերլուծության համար անհրաժեշտ տեղեկատվությունը ներկայացնելու ձևերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի N 1676-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» N 1420-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները․

      1) վերնագիրը «ՁԵՎԵՐԸ» բառից հետո լրացնել «, ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ ՀԱՏԿԱՑՎԱԾ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ, ՊԱՐԳԵՎԱՏՐՄԱՆ ՖՈՆԴԵՐԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ, ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՖՈՆԴԻՑ ՎՃԱՐՎՈՂ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՊԱՅՄԱՆԱՆԻՇԵՐԸ» բառերով.

      2) նախաբանը «4-րդ մասը,» բառերից հետո լրացնել «27․1-ին հոդվածի 1-ին մասը,» բառերով․

      3) 1-ին կետում՝

      ա) 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«2) պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց աշխատավարձերի չափերի, ինչպես նաև պետական մարմիններին հատկացված աշխատավարձի, պարգևատրման ֆոնդերի վերլուծության համար անհրաժեշտ տեղեկատվությունը ներկայացնելու ձևերը` համաձայն N 2 հավելվածի․»․

      բ) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ և 4-րդ ենթակետերով․

«3) պետական մարմիններին հատկացված աշխատավարձի, պարգևատրման ֆոնդերի վերլուծության կարգը՝ համաձայն N 3 հավելվածի.

4) աշխատավարձի և աշխատավարձի ֆոնդից տրվող բոլոր վճարների պայմանանիշերը՝ համաձայն N 4 հավելվածի։»․

      4) 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«2․ Հանձնարարել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարին, Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի մարմինների ղեկավարներին, Հայաստանի Հանրապետության մարզպետներին և առաջարկել Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարին, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարին, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահին, անկախ պետական մարմինների և ինքնավար մարմինների ղեկավարներին, Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանին, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին, քննչական մարմինների ղեկավարներին ապահովել տվյալ տարվա համար պետական մարմնին հատկացված աշխատավարձի ֆոնդի ցուցանիշների (ներառյալ թափուր պաշտոնների) վերաբերյալ տեղեկատվությունը, պետական բյուջեում վերաբաշխում կատարելու դեպքում այդ ցուցանիշների փոփոխության վերաբերյալ տեղեկատվությունը, ինչպես նաև  յուրաքանչյուր ամիս պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված փորձագետներին, քաղաքացիական աշխատանք կատարող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց վճարված վարձատրության վերաբերյալ տեղեկատվությունը հաշվապահական հաշվառման ծրագրերից արտահանելու և մինչև հաջորդ ամսվա 20-րդ աշխատանքային օրը քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակ ներբեռնելու գործընթացը:»․

      5) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2․1-ին կետով․

«2․1․ Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության պաշտպանության, ազգային անվտանգության, պետական պահպանության, ոստիկանության մարմիններում զինվորական ծառայության պաշտոն զբաղեցնողների, ինչպես նաև արտաքին հետախուզական ծառայության ծառայողների վերաբերյալ սույն որոշման 2-րդ կետով պահանջվող տեղեկատվությունը (բացառությամբ աշխատավարձի ֆոնդի միջոցների վերաբերյալ տեղեկատվության) Ֆինանսների նախարարությանը և Վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակին է փոխանցվում «Պետական գաղտնիքի մասին» օրենքի պահանջներին համապատասխան։»․

      6) 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ և 4-րդ ենթակետերով․

«3) սույն որոշման N 2 հավելվածի Ձև N 1-ի 2-12-րդ կետերով նախատեսված տեղեկատվությունը աղյուսակում ինքնաշխատ լրացվում է քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակում առկա տվյալների հիման վրա, իսկ 13-26-րդ կետերով նախատեսված տեղեկատվությունը՝ ինքնաշխատ եղանակով լրացվում է սույն որոշման 2-րդ կետով սահմանված կարգով քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակ ներբեռնվող  տվյալների հիման վրա․

4) սույն որոշման N 2 հավելվածի Ձև N 1-ով նախատեսված տեղեկատվությունը համապատասխան մարմինները քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակ են ներբեռնում մինչև Հայաստանի Հանրապետության կառավարության ֆինանսների կառավարման տեղեկատվական համակարգի գործարկումը։»․

      7) 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«5. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավարին` պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց բազային աշխատավարձի և պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման գործակիցների փոփոխության նպատակով յուրաքանչյուր տարի մինչև հունիսի 1-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել զեկույց՝ ըստ մասնագիտությունների և տարածքների աշխատանքի շուկայի վերլուծության, ինչպես նաև պետական մարմիններին հատկացված աշխատավարձի, պարգևատրման ֆոնդերի վերլուծության արդյունքների ամփոփմամբ և զեկույցը հրապարակել քաղաքացիական ծառայության գրասենյակի պաշտոնական կայքէջում: Զեկույցում ներկայացված՝ բազային աշխատավարձի և (կամ) գործակիցների  փոփոխությանը վերաբերող առաջարկությունները քննարկվում են պետական միջնաժամկետ ծախսային ծրագրի նախապատրաստման ժամանակ:»․

      8) լրացնել հետևյալ բովանդակությամբ 7․1-ին կետով․

«7․1․ Առաջարկել պետական մարմիններում հաշվապահական հաշվառման ծրագրեր սպասարկող ընկերությունների ղեկավարներին հաշվապահական հաշվառման ծրագրերում վարձատրության տեսակների կոդավորումն ապահովել սույն որոշման N 4 հավելվածով հաստատված պայմանանիշերի համաձայն։»։

      9) N 1 հավելվածում՝

      ա) 1-ին և 2-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«1․ Պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց բազային աշխատավարձի և պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման գործակիցների փոփոխության անհրաժեշտությունը գնահատելու, ինչպես նաև դրանց չափերի վերաբերյալ առաջարկություններ մշակելու նպատակով «Պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող` Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմինը (այսուհետ` լիազոր մարմին) յուրաքանչյուր տարի իրականացնում է` ըստ մասնագիտությունների և տարածքների աշխատանքի շուկայի վերլուծություն, որի արդյունքների հիման վրա զեկույց է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարություն:

2․ Լիազոր մարմինն ըստ մասնագիտությունների և տարածքների աշխատանքի շուկայի վերլուծության իրականացման համար Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1420-Ն որոշման 2-րդ կետով սահմանված կարգով քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակ ներբեռնվող տեղեկատվության հիման վրա վերլուծում է պետական պաշտոն զբաղեցնող անձանց և պետական բոլոր ծառայողների (բացառությամբ զինծառայողների, արտաքին հետախուզության ծառայության ծառայողների) աշխատավարձերի չափերը, ինչպես նաև նրանց վարձատրությանն ուղղված այլ միջոցները։»․

      բ) 3-րդ կետը ուժը կորցրած ճանաչել․

      գ) 4-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4․1-4․9-րդ ենթակետերով

«4․1) պետական ծառայողների միջին աշխատավարձը՝ ըստ սեռի.

4․2) պետական պաշտոն զբաղեցնող անձանց միջին աշխատավարձը՝ ըստ սեռի․

4․3) աշխատավարձի մեդիանան պետական ծառայության համակարգում․

4.4) պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց թիվը՝ ըստ պաշտոնների տեսակների․

4․5)  պետական թափուր պաշտոնների և պետական ծառայության թափուր պաշտոնների թիվը․

4.6) պետական ծառայողների թիվը պաշտոնների խմբերում՝ ըստ սեռի․

4․7) պետական ծառայողների միջին աշխատավարձը՝ ըստ տարիքային խմբերի․

4․8) ամենաբարձր և ամենացածր աշխատավարձ ստացող պետական ծառայողների աշխատավարձերի չափերի հարաբերակցությունը՝ ըստ պաշտոնների խմբերի․

4․9) նախորդ տարվա արդյունքներով կատարողականի հիման վրա պարգևատրված պետական ծառայողների թիվը՝ ըստ պաշտոնների խմբերի․»․

      դ) 4-րդ կետի 5-րդ ենթակետը ուժը կորցրած ճանաչել, իսկ 6-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

« 6) թափուր պաշտոնների թիվը:»․

      ե) լրացնել հետևյալ բովանդակությամբ 4․1-ին կետով․

«4․1․ Պետական ծառայողների հոսունության մակարդակը լիազոր մարմինը վերլուծում է՝ հիմք ընդունելով քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակում պետական ծառայողների (բացառությամբ զինծառայողների, արտաքին հետախուզության, քրեակատարողական և փրկարար ծառայության ծառայողների) պաշտոնից ազատման հիմքերի վերաբերյալ  առկա տվյալները։».

      զ) 5-րդ և 6-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«5․ Լիազոր մարմինը, անձնավորված հաշվառման տեղեկատվական բազայից առցանց եղանակով ստացված տվյալների հիման վրա ուսումնասիրում և վերլուծում է ոչ պետական հատվածի առնվազն 2000 կազմակերպությունում (յուրաքանչյուր մարզից՝ միջինը 100 փոքր,միջին և խոշոր, Երևան քաղաքից` 1000 միջին և խոշոր)` բարձրագույն կրթություն ունեցող աշխատողների աշխատավարձերի չափերը և հաշվարկում է աշխատավարձի մեդիանան ոչ պետական հատվածում:

6․ Սույն կարգի 5-րդ կետով նախատեսված վերլուծության, ինչպես նաև պետական ծառայողների և ոչ պետական հատվածի աշխատողների աշխատավարձերի վերլուծության արդյունքում, լիազոր մարմինը, համեմատում է աշխատավարձի մեդիանայի չափերը պետական ծառայության համակարգում և ոչ պետական հատվածում, ինչպես նաև հաշվարկում է աշխատավարձերի նվազագույն, միջին և առավելագույն մակարդակները և գնահատում առկա շեղումները` հաշվի առնելով  պետական և ոչ պետական հատվածներում աշխատողների զբաղեցրած պաշտոնների համադրելիությունը, աշխատանքային ծանրաբեռնվածությունները (աշխատաժամանակի ռեժիմները):»․

      է) 8-րդ կետը «կառավարություն է ներկայացնում» բառերից հետո լրացնել «զեկույց, որը ներառում է» բառերով․

      10) N 2 հավելվածում՝

      ա) Ձև N 1-ը շարադրել՝ համաձայն N 1 հավելվածի․

      բ) Ձև N 2-ը ուժը կորցրած ճանաչել։

      2․ Որոշումը լրացնել N 3 հավելվածով՝ համաձայն N 2 հավելվածի։

      3․ Որոշումը լրացնել N 4 հավելվածով՝ համաձայն N 3 հավելվածի։

      4․ Ըստ մասնագիտությունների և տարածքների աշխատանքի շուկայի վերլուծության, ինչպես նաև պետական մարմիններին հատկացված աշխատավարձի, պարգևատրման ֆոնդերի վերլուծության վերաբերյալ զեկույցը լիազոր մարմինը առաջին անգամ Հայաստանի Հանրապետության կառավարություն է ներկայացնում մինչև 2026 թվականի հունիսի 1-ը 2025 թվականի արդյունքների հիման վրա։

      5․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2024 թվականի

 N___Ն որոշման

 

«Հավելված N 3

ՀՀ կառավարության 2014 թվականի

դեկտեմբերի 18-ի N 1420-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ ՀԱՏԿԱՑՎԱԾ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ, ՊԱՐԳԵՎԱՏՐՄԱՆ ՖՈՆԴԵՐԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ

 

1․ Պետական մարմինների՝ մարդկային ռեսուրսների պահպանման ծախսերի արդյունավետությունը գնահատելու և դրա հիման վրա վարձատրության քաղաքականության բարելավման միջոցառումներ մշակելու նպատակով պետական մարմիններում վարձատրության քաղաքականությունը մշակող լիազոր մարմինը (այսուհետ` լիազոր մարմին) յուրաքանչյուր տարի իրականացնում է պետական մարմիններին հատկացված աշխատավարձի, պարգևատրման ֆոնդերի վերլուծություն։

2․ Պետական մարմիններին հատկացված աշխատավարձի, պարգևատրման ֆոնդերի վերլուծությունը ֆինանսների ոլորտում Կառավարության լիազոր մարմինը կիրառում է պետական մարմինների աշխատավարձի ծախսերի պլանավորման և վերահսկողության նպատակով։

3․ Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1420-Ն որոշման 2-րդ կետով սահմանված կարգով տրամադրված տեղեկատվության վերլուծության արդյունքում լիազոր մարմինը հաշվարկում և (կամ) գնահատում է պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված փորձագետներին, քաղաքացիական աշխատանք կատարող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց աշխատավարձի, պարգևատրման ֆոնդերից տրված վարձատրությունը՝ ըստ հետևյալ տեսակների

1) հիմնական և լրացուցիչ աշխատավարձի վճարմանն ուղղված միջոցներ, որից՝

ա) աշխատավարձի ֆոնդից հիմնական աշխատավարձի (պաշտոնային դրույքաչափի) վճարմանն ուղղված միջոցների չափը,

բ) աշխատավարձի ֆոնդից լրացուցիչ աշխատավարձի վճարմանն ուղղված ընդհանուր միջոցների չափը, ըստ լրացուցիչ աշխատավարձի տեսակների,

2) պարգևատրմանն ուղղված միջոցների չափը, որից՝

ա) աշխատավարձի ֆոնդի տնտեսված միջոցներից պարգևատրմանն ուղղված միջոցների ընդհանուր չափը, պարգևատրում ստացած աշխատողների թիվը՝ ըստ պաշտոնների տեսակների, պարգևատրման միջին չափը,

բ) կատարողականի կամ հաշվետվության հիման վրա պարգևատրմանն ուղղված միջոցների ընդհանուր չափը և պարգևատրված պետական ծառայողների թիվը,

գ) օրենքով չարգելված այլ աղբյուրներից պարգևատրմանն ուղղված միջոցների չափը, պարգևատրում  ստացած անձանց թիվը և պարգևատրման միջին չափը,

դ) աշխատանքների փորձարարական կազմակերպման համար օպտիմալացված միջոցներից պարգևատրմանն ուղղված միջոցների չափը, պարգևատրում ստացած քաղաքացիական ծառայողների թիվը և պարգևատրման միջին չափը,

3) արձակուրդների վճարմանն ուղղված միջոցների չափը, որից՝

ա) ամենամյա արձակուրդի վճարմանն ուղղված միջոցների չափը,

բ) լրացուցիչ միանվագ արձակուրդային վճարին ուղղված միջոցների չափը,

գ) ուսումնական արձակուրդի վճարմանն ուղղված միջոցների չափը,

դ) պետական կամ հասարակական պարտականությունների կատարման համար տրամադրվող արձակուրդի վճարմանն ուղղված միջոցների չափը և այդ արձակուրդից օգտված անձանց թիվը,

ե) հայրության արձակուրդի վճարմանն ուղղված միջոցների չափը  և այդ արձակուրդից օգտված անձանց թիվը,

4) վերջնահաշվարկին ուղղված միջոցների չափը, որից՝

ա) չօգտագործած արձակուրդի հատուցման վճարմանն ուղղված միջոցների չափը և հատուցում ստացած անձանց թիվը,

բ) արձակման նպաստի վճարմանն ուղղված միջոցների չափը և արձակման նպաստ ստացած անձանց թիվը,

5) կադրերի ռեզերվում գտնվելու ընթացքում պետական ծառայողների վարձատրությանն ուղղված միջոցների չափը և այդ անձանց թիվը,

6) այլ հատուցումների վճարմանն ուղղված միջոցների չափը, որից՝

ա) հարկադիր պարապուրդի համար հատուցմանն ուղղված միջոցների չափը և այդ անձանց թիվը,

բ) մեղադրյալի կարգավիճակ ունեցողին տրվող հատուցումների վճարմանն ուղղված միջոցների չափը և այդ անձանց թիվը,

գ) դատական կարգով արդարացվածին կամ ռեաբիլիտացնող այլ հիմքով տրվող հատուցումների վճարմանն ուղղված միջոցների չափը և այդ անձանց թիվը,

7) սոցիալական այլ երաշխիքների վճարմանն ուղղված միջոցները, որից՝

ա) օտարերկրյա պետությունում ծառայության հետ կապված ծախսերի հատուցմանն ուղղված միջոցների չափը և հատուցում ստացած անձանց թիվը,

բ) համատեղ բնակվող ընտանիքի անդամների համար հատուցումների վճարմանն ուղղված միջոցների չափը և հատուցում ստացած անձանց թիվը,

գ) դիվանագետի հետ բնակվող երեխաների՝ հանրակրթական ուսումնական հաստատությունում ուսման ծախսերը հոգալու նպատակով հատուցմանն ուղղված միջոցների չափը և հատուցում ստացած անձանց թիվը,

դ) բնակարանի համար հատուցում,

ե) Հայաստանի Հանրապետությունից օտարերկրյա պետություն մեկնելու և օտարերկրյա պետությունից Հայաստանի Հանրապետություն վերադառնալու ծախսերի համար հատուցումներին ուղղված միջոցների չափը և հատուցում ստացած անձանց թիվը,

զ) Հայաստանի Հանրապետությունում արձակուրդն անցկացնելու համար ճանապարհածախսի հատուցումներին ուղղված միջոցների չափը և հատուցում ստացած անձանց թիվը,

է) դրամական օգնությունների վճարմանն ուղղված միջոցների չափը և դրամական օգնություն ստացած անձանց թիվը,

ը) ժամանակավոր անաշխատունակության նպաստի վճարմանն ուղղված միջոցների չափը և ժամանակավոր անաշխատունակության նպաստ ստացած անձանց թիվը,

թ) մայրության նպաստի վճարմանն ուղղված միջոցների չափը և մայրության նպաստ ստացած անձանց թիվը:

4․ Սույն կարգի 3-րդ կետով սահմանված ցուցանիշների վերաբերյալ ամփոփ գնահատումները լիազոր մարմինը ներկայացնում է ըստ յուրաքանչյուր պետական մարմնի, ըստ պետական ծառայության ամբողջ համակարգի և պետական ծառայության առանձին տեսակների Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1420-Ն որոշման N 1 հավելվածով նախատեսված զեկույցում։

5․ Սույն կարգի 3-րդ կետի 1-ին ենթակետի ա) և բ), 2-րդ ենթակետի ա) և գ), 3-րդ ենթակետի ա), գ,) դ), ե) պարբերություններով, 4-րդ և 6-րդ ենթակետերով, 7-րդ ենթակետի ը) և թ) պարբերություններով  սահմանված ցուցանիշները լիազոր մարմինը պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված փորձագետների, քաղաքացիական աշխատանք կատարող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց համար հաշվարկում և գնահատում է ըստ սույն կետում նշված պաշտոնների տեսակների, ինչպես նաև փորձագետների համար։»։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2024 թվականի

 N___Ն որոշման

«Հավելված N 4

ՀՀ կառավարության 2014 թվականի

դեկտեմբերի 18-ի N 1420-Ն որոշման

ՑԱՆԿ

ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՖՈՆԴԻՑ ՎՃԱՐՎՈՂ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՊԱՅՄԱՆԱՆԻՇԵՐԻ

0 Աշխատավարձ

01 Հիմնական աշխատավարձ (պաշտոնային դրույքաչափ)

02 Լրացուցիչ աշխատավարձ   

21 Հավելավճար

211 Դասային աստիճանի համար        

212 Դիվանագիտական աստիճանի համար   

213 Կոչման համար

214 Օտար լեզուների իմացության համար     

215 Աշխատանքային և (կամ) ծառայության ստաժի համար

216 Ատեստավորման արդյունքներով որակավորման համար 

217 Կատարողականի հիման վրա

218 Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոն զբաղեցնելու համար

22 Հավելում

221 Առողջության համար վնասակար, ծանր կամ առանձնապես ծանր,

222 Առանձնապես վնասակար աշխատանքի համար        

223 Բարձրլեռնային վայրերում աշխատելու համար 

224 Ծառայության առանձնահատկություններով պայմանավորված

225 Արտաժամյա, գիշերային կամ հանգստյան կամ տոնական օրերին աշխատանքի համար         

226 Առանձնակի ռիսկայնության, ինչպես նաև հատուկ մասնագիտացման առանձնահատկություններով պայմանավորված

227 Վճռաբեկ դատարանի դատավորի պաշտոն զբաղեցնելու համար

228 Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոն զբաղեցնելու համար

229 Վերաքննիչ քրեական դատարանի, վերաքննիչ քաղաքացիական դատարանի, վերաքննիչ վարչական դատարանի դատավորի պաշտոն զբաղեցնելու համար

230 Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոն զբաղեցնելու համար

231 Սնանկության դատարանի դատավորի պաշտոն զբաղեցնելու համար

232 Վարչական դատարանի դատավորի պաշտոն զբաղեցնելու համար

03 Լրավճար

04 Պարգևատրում

41 Կատարողականի կամ հաշվետվության հիման վրա     

42 Աշխատավարձի ֆոնդի տնտեսված միջոցներից

43 Օրենքով չարգելված այլ աղբյուրներից     

44 Աշխատանքների փորձարարական կազմակերպման համար օպտիմալացված միջոցներից         

1 ԱՅԼ ՎՃԱՐՆԵՐ

05 Արձակուրդային վճար

51 Ամենամյա արձակուրդի համար

52 Լրացուցիչ միանվագ արձակուրդային վճար       

53 Ուսումնական արձակուրդի համար 

54 Պետական կամ հասարակական պարտականությունների կատարման համար տրամադրվող արձակուրդի համար       

55 Հայրության արձակուրդի համար   

06 Վերջնահաշվարկ

61 Չվճարված աշխատավարձ

62 Չօգտագործած արձակուրդի հատուցում

07 Արձակման նպաստ    

08 Կադրերի ռեզերվում գտնվելու ընթացքում վարձատրություն

09 Հատուցում

91 Հարկադիր պարապուրդի համար   

92 Մեղադրյալի կարգավիճակ ունեցողին     

93 Դատական կարգով արդարացվածին      

94 Օտարերկրյա պետությունում ծառայության հետ կապված ծախսերի համար        

95 Համատեղ բնակվող ընտանիքի անդամների համար

96 Դիվանագետի հետ բնակվող երեխաների՝ հանրակրթական ուսումնական

հաստատությունում ուսման ծախսերը հոգալու նպատակով

97 Բնակարանի համար

98 Հայաստանի Հանրապետությունից օտարերկրյա պետություն մեկնելու և օտարերկրյա պետությունից Հայաստանի Հանրապետություն վերադառնալու ծախսերի համար

99 Հայաստանի Հանրապետությունում արձակուրդն անցկացնելու համար ճանապարհածախս

10 Դրամական օգնություն

11 Ժամանակավոր անաշխատունակության նպաստ

12 Մայրության նպաստ»։ 

  • Обсуждалось

    08.10.2024 - 23.10.2024

  • Тип

    Pешение

  • Область

    Гражданская служба

  • Министерство

    Офис гражданской службы Аппарата Премьер-министра

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 618

Принт

Связанные документы / ссылки