ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ՄԱՍՆԱՎՈՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՄԱՍԻՆ
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Հայաստանի Հանրապետության կառավարությունն ստանձնել է պետություն-մասնավոր գործընկերության (այսուհետ՝ ՊՄԳ) ամբողջական, համակարգային մոտեցման և Հայաստանում դրանց իրականացման համար ամուր հիմքերի մշակման հանձնառություն:
Կառավարության նպատակն է մասնավոր հատվածի ուժեղ կողմերի և հնարավորությունների համախմբման միջոցով նպաստել տնտեսական և սոցիալական զարգացմանը Հայաստանում, միաժամանակ ժամանակակից տեխնոլոգիաների ներգրավման, երկկողմ պարտավորությունների սահմանման միջոցով խթանել միջազգային լավագույն չափանիշներին համապատասխանող հայկական ընկերությունների կայացումը։
ՊՄԳ կիրառումը լավ հնարավորություն է նպաստելու երկրի ենթակառուցվածքների զարգացմանը, օտարերկրյա ուղղակի ներդրումների ներգրավմանը, մասնավոր հատվածի ֆինանսական և ոչ միայն ֆինանսական հնարավորությունների կենտրոնացմանը, պետություն-մասնավոր հատված երկխոսության արդյունավետ իրագործմանն ու ապահովմանը:
2017թ․ նոյեմբերի 9-ի նիստում ՀՀ կառավարության կողմից հավանության է արժանացել «Հայաստանի Հանրապետության պետություն-մասնավոր գործընկերության քաղաքականություն» փաստաթուղթը, որը ՀՀ կառավարության առաջին քայլն էր` ուղղված ՊՄԳ իրավական հիմքերի ստեղծմանը: Այսպիսով Կառավարությունն ստանձնեց հայաստանյան ՊՄԳ ծրագրերում և՛ տեղական, և՛ օտարերկրյա մասնավոր հատվածների մասնակցությունը խրախուսելու համար նպաստավոր միջավայր ստեղծելու հանձնառություն:
Սույն նախագծի ընդունմամբ, որպես առաջնային օրենսդրության հիմնական գործիք, կարգավորվում են պետություն-մասնավոր գործընկերության հարաբերությունները: Օրենքը նախատեսում է Հայաստանում ՊՄԳ-ների սահմանման, շնորհման և իրականացման մասով կիրառելի կանոնների և ընթացակարգերի հստակ համախումբ, որը կօժանդակի ՊՄԳ նոր համակարգն ավելի ամբողջական դարձնելու և վերջինիս համար հստակ, ուժեղ իրավական շրջանակ ապահովելու հարցում:
Կառավարության նպատակն է կիրառել և խթանել ՊՄԳ-ներն այն դեպքերում, երբ վերջիններս կարող են տնտեսությանը և հասարակությանն ավելի մեծ օգուտ բերել, քան հանրային հատվածի ավանդական ծրագրերը: ՊՄԳ-ները կկիրառվեն, եթե ողջամտորեն ցույց տրվի, որ վերջիններիս ծախսային արդյունավետությունն ավելի բարձր է, քան ավանդական պետական գնումներինը, կամ առանձին հանգամանքներում հանրային նշանակության ենթակառուցվածքների ստեղծման և հանրային ծառայությունների մատուցման համար ամենագրավիչ հիմքն են հանդիսանում՝ համաձայն Կառավարության կողմից դրանց համար սահմանված այլ չափանիշների:
- Կարգավորման նպատակը և բնույթը
Նախագծի ընդունման նպատակն է Հայաստանում հաջողակ ՊՄԳ ծրագրի ստեղծման, խթանման և պահպանման նպատակով անհրաժեշտ օրենսդրական և ինստիտուցիոնալ հիմքերի սահմանումը և ՊՄԳ միջազգային լավագույն փորձի ներդրման խրախուսումը, որը կնպաստի պետություն–մասնավոր գործընկերությունը որակական նոր հարթություն տեղափոխելուն, ներդրումային ակտիվության բարձրացմանը և կայուն տնտեսական զարգացման ապահովմանը:
Առաջարկվող իրավական ակտով կարգավորվում են պետություն-մասնավոր գործընկերության իրականացման ընթացակարգերը, կառավարման ինստիտուցիոնալ շրջանակը և կիրառելի սկզբունքները:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված են Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը և «Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն» հիմնադրամը՝ խորհրդատուների աջակցությամբ:
- Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է պետություն-մասնավոր գործընկերության մեխանիզմների կիրառման համար անհրաժեշտ իրավական դաշտի ստեղծում, որը կապահովի ՀՀ ՊՄԳ քաղաքականության սահմաններում ՊՄԳ ծրագրերի կառավարումն ապահովող օրենսդրական և ինստիտուցիոնալ շրջանակի կայացումը:
ՏԵՂԵԿԱՆՔ
«ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ՄԱՍՆԱՎՈՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
«Պետություն-մասնավոր գործընկերության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ այլ օրենքներում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չի առաջանում:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ՄԱՍՆԱՎՈՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՆՎԱԶՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
«Պետություն-մասնավոր գործընկերության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ պետական բյուջեում եկամուտների նվազում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում: