Добавить в избранное

««Չափումների միասնականության ապահովման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի փաթեթը:

                 ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

«ՉԱՓՈՒՄՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Չափումների միասնականության ապահովման մասին» 2012 թվականի փետրվարի 8-ի ՀՕ-22-Ն օրենքը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

 

ՉԱՓՈՒՄՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ

Գ Լ ՈՒ Խ 1

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1.   Օրենքի կարգավորման առարկան

  1. Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետությունում չափումների միասնականության ապահովման իրավական հիմքերը, չափումների, մեծությունների չափման միավորների, չափանմուշի (էտալոն), ստանդարտ նմուշի, չափման միջոցի նկատմամբ պահանջների սահմանման և պահպանման ժամանակ, ստանդարտ նմուշի, չափման միջոցի, չափման մեթոդիկայի (մեթոդի) կիրառման ժամանակ, ինչպես նաև չափումների միասնականության ապահովման ոլորտին (այսուհետ՝ չափագիտության) առնչվող (ներառյալ աշխատանքների կատարումը և ծառայությունների մատուցումը) հարաբերությունները:

Հոդված 2. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

  1. Սույն օրենքում օգտագործված են հետևյալ հիմնական հասկացությունները`
  • չափագիտություն`գիտություն չափումների և դրանց կիրառման մասին.
  • չափումների միասնականություն` չափումների այնպիսի վիճակ, որի արդյունքներն արտահայտված են մեծությունների ընդունված միավորներով, իսկ չափումների առավելագույն թույլատրելի սխալանքը հայտնի հավանականությամբ դուրս չի գալիս սահմանված տիրույթից.
  • ստանդարտ նմուշ՝ հատկորոշված բնութագրերի նկատմամբ բավարար համասեռ ու կայուն նյութ, որը ճանաչվել է պիտանի չափումների կամ անվանական բնութագրերի ուսումնասիրության ժամանակ.
  • չափանմուշ (էտալոն)` տվյալ մեծության սահմանման նյութականացում` մեծության հաստատված (որոշված) արժեքով և չափման անորոշությամբ, օգտագործվում է որպես ելակետ։
  • ազգային չափանմուշ (ազգային էտալոն)` չափանմուշ, որը չափագիտության ազգային մարմնի կողմից ճանաչվել է որպես հիմք և օգտագործվում է պետության կամ տնտեսության մեջ տվյալ տեսակի մեծության այլ չափանմուշներին արժեք վերագրելու համար:
  • աշխատանքային չափանմուշ (աշխատանքային էտալոն)՝ չափանմուշ, որը կանոնավոր կերպով օգտագործվում է չափման միջոցների կամ չափիչ համակարգերի տրամաչափարկման կամ ստուգաչափման համար.
  • գիտական պահապան՝ չափագիտության ազգային մարմնի կողմից նշանակված՝ ազգային չափանմուշի պահպանման համար պատասխանատու անձ.
  • միավորների միջազգային ՍԻ (SI) համակարգ` մեծությունների միջազգային համակարգի միավորների վրա հիմնված, Կշռի և չափի գերագույն համաժողովի (ԿՉԳՀ/CGPM) կողմից ընդունված միավորների համակարգ, դրանց անվանումները և պայմանանշանները, ներառյալ նախածանցների շարքերը, անվանումները և պայմանանշանները` օգտագործման կանոնների հետ միասին.
  • չափագիտական հետևելիություն՝ չափման արդյունքի հատկություն, որի համաձայն արդյունքը կարող է հարաբերակցվել համեմատության հիմքի հետ' փաստաթղթավորված շարունակական անխախտ տրամաչափարկման շղթայի միջոցով, որոնցից յուրաքանչյուրը ներդրում ունի չափումների անորոշության մեջ.
  • չափագիտական հետևելիության շղթա (հետևելիության շղթա)` չափանմուշների և տրամաչափարկումների հաջորդականության շղթա, որն օգտգործվում է չափման արդյունքը չափանմուշի հետ փոխկապակցելու համար.
  • չափագիտության լիազոր մարմին` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմին, որը Հայաստանի Հանրապետության տարածքում իրականացնում է չափումների միասնականության ապահովման պետական կառավարում.
  • չափագիտության ազգային մարմին՝ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված մարմին, որն իրեն վերապահված իրավասությունների շրջանակներում չափագիտության ոլորտում իրականացնում է պետական քաղաքականություն.
  • չափման միջոց` սարք, որն օգտագործվում է չափումներ կատարելու համար, առանձին կամ մեկ կամ մի քանի օժանդակ սարքերի հետ միասին (ունի սոցիալական և կենսական կարևոր նշանակություն)․
  • կապարակնքում՝ միջոց, որը նախատեսված է չափման միջոցը փոփոխությունից, վերակարգավորումից, մասերի հեռացնելուց, ծրագրային ապահովմանը միջամտելուց և այլ ցանկացած չարտոնված գործողություններից պաշտպանելու համար
  • չափման միջոցի տրամաչափարկում (կալիբրավորում)՝ գործողություն, որը տրված պայմաններում առաջին փուլում սահմանում է կապը մեծության արժեքների ու համապատասխան ցուցմունքների` վերաբերելի (համապատասխան) չափումների անորոշություններով, և չափանմուշներից ստացված չափման անորոշությունների միջև, իսկ երկրորդ փուլում այդ տեղեկությունն օգտագործվում է ցուցմունքից չափման արդյունք ստանալու կապը սահմանելու համար:
  • չափման միջոցի ստուգաչափում` գործողությունների ամբողջություն, որն ապահովվում է օբյեկտիվ տվյալներ այն մասին, որ չափման միջոցը բավարարում է կամ չի բավարարում սահմանված չափագիտական պահանջներին և արդյունքում տրամադրվում է չափման միջոցի ստուգաչափման դրական կամ բացասական արդյունքը հավաստող փաստաթուղթ: Չափման միջոցի ստուգաչափումը լինում է ընտրանքային, առաջնային, կրկնակի, պարտադիր պարբերաբար կատարվող և կամավոր.
  • չափման միջոցի ստուգաչափման դրական կամ բացասական արդյուքները հավաստող փաստաթուղթ՝ վկայական, QR կոդ (արագ արձագանքման կոդ, որը պարունակում է նույն տեղեկատվությունն, ինչ վկայականը կամ ինքնակպչուն դրոշմը), ստուգաչափման դրոշմի արտատիպի պատկեր, բարձր պաշտպանվածության համարակալված ինքնակպչուն դրոշմ, նշան կամ նշանների համակցություն, որոնք առանձին կամ համատեղ կիրառմամբ հավաստում են, որ կատարվել է չափման միջոցի ստուգաչափում և հաստատվել է դրա համապատասխանությունը սահմանված պահանջներին կամ ծանուցագիր, դրոշմի արտատիպի մարման պատկեր, որոնք առանձին կամ համատեղ կիրառմամբ հավաստում են անհամապատասխանությունը սահմանված պահանջներին․
  • չափման միջոցի ստուգաչափման դրոշմի մարում՝ չափման միջոցի ստուգաչափման դրոշմի չեղարկում չափման միջոցի օրենսդրական պահանջներին այլևս չհամապատասխանելու դեպքում.
  • չափման միջոցի փորձաքննություն` չափման միջոցի ստուգաչափում, որն իրականացվում է դատարանի, դատախազության, արբիտրաժի, Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած չափագիտական վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի, սպառողների և նրանց իրավունքները պաշտպանող կազմակերպությունների գրավոր առաջարկով կամ պահանջով.
  • չափում` փորձարարական գործընթացով մեկ կամ քանի մեծությունների արժեքների ստացում, որոնք կարելի է ողջամտորեն վերագրել մեծությանը.
  • չափման մեթոդ` չափման մեջ օգտագործվող գործողությունների տրամաբանական կազմակերպման ընդհանուր նկարագրություն.
  • չափման մեթոդիկա` չափման մոդելի վրա հիմնված մեկ կամ մի քանի չափման սկզբունքների և տվյալ չափման մեթոդի համաձայն չափման մանրամասն նկարագրություն, որն իր մեջ ներառում է չափման արդյունքը ստանալու համար յուրաքանչյուր հաշվարկ.
  • չափման ռեֆերենս մեթոդիկա` չափման մեթոդիկա, որը նույն տեսակի մեծությունների չափման այլ մեթոդիկաներից ստացված չափվող մեծության արժեքների չափման ճշտությունը գնահատելիս, տրամաչափարկելիս կամ ստանդարտ նմուշների բնութագրերը որոշելիս ընդունված է որպես ըստ նշանակության օգտագործման համար պիտանի չափման արդյունքներ տրամադրող․
  • չափման մեթոդիկայի (մեթոդ) վկայագրում՝ չափումների մեթոդիկայի (մեթոդի) հետազոտություն և հավաստում, որ այն համապատասխանում է չափումների նկատմամբ սահմանված չափագիտական պահանջներին.
  • տեսակի հաստատում` իրավական նշանակություն ունեցող որոշում` հիմնված տեսակի գնահատման ուսումնասիրության վրա, առ այն, որ չափման միջոցի տեսակը համապատասխանում է օրենքով սահմանված համապատասխան պահանջներին և որի արդյունքում տրվում է տեսակի հաստատման սերտիֆիկատ.
  • տեսակի հաստատման սերտիֆիկատ՝ փաստաթուղթ, որը հավաստում է չափման միջոցի և (կամ) ստանդարտ նմուշի տեսակի հաստատված լինելը.
  • տեսակի հաստատման ճանաչում՝ կողմի կայացրած որոշում, կամավոր կամ երկկողմ կամ բազմակողմ պայմանավորվածության հիման վրա, որով մյուս կողմի կողմից հաստատված տեսակը ճանաչվում է որպես օրենսդրական պահանջներին համապատասխանող, նոր տեսակի հաստատման սերտիֆիկատի տրամադրմամբ.
  • օրենսդրական չափագիտական հսկողություն`չափման միջոցների տեսակի հաստատում, չափման միջոցի նախնական և հետագա ստուգաչափում, փորձաքննություն.
  • չափագիտական վերահսկողություն՝ չափումների միասնականության ապահովման բնագավառը կանոնակարգող օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված չափագիտական կանոնների և նորմերի խախտումների կանխարգելման, բացահայտման և վերացման նպատակով տեսակը չհաստատված, չստուգաչափված, տեսակը հաստատված և ստուգաչափված, սակայն չափագիտական կանոններին և նորմերին չհամապատասխանող չափման միջոցի շուկայահանման և (կամ) շահագործման, չափումների կատարման վկայագրված մեթոդիկաների առկայության, չափումների միասնականության ապահովման բնագավառում տեխնիկական կանոնակարգերի պահանջների պահպանմանն ուղղված վերահսկողություն.
  • չափագիտական վերահսկողություն իրականացնող տեսչական մարմին` Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած չափագիտական վերահսկողություն իրականացնող տեսչական մարմին (այսուհետ՝ տեսչական մարմին)․
  • շուկայահանում՝ չափման միջոցը կամ չափածրարված արտադրանքն առաջին անգամ շուկայահանելը.
  • չափածրարված արտադրանք՝ առանց գնորդի ներկայության փաթեթավորված և շուկայահանված արտադրանք, որի պարունակությունն ունի նախասահմանված արժեք և այն հնարավոր չէ փոխել առանց փաթեթը բացելու կամ զգալի փոփոխությունների ենթարկելու.
  • չափագիտության խորհուրդ՝ չափագիտության ազգային մարմնին աջակցող խորհրդատվական խորհուրդ.
  • չափագիտական վկայագրում՝ իր կազմում մեկից ավելի չափիչ սարք ունեցող կամ լրացուցիչ սարքերի հետ համատեղ աշխատող չափման միջոցների համալիրների ստուգաչափում.

2․ Սույն օրենքում չսահմանված հասկացությունները ունեն Օրենսդրական չափագիտության միջազգային կազմակերպության «Օրենսդրական չափագիտության եզրույթների միջազգային բառարան» ՕԻՄԼ Հ 1 (OIML V 1) և «Չափագիտության միջազգային բառարան. Հիմնական և ընդհանուր հայեցակարգեր ու հարակից եզրույթներ» ՕԻՄԼ Բ2 (OIML V 2) բառարաններով սահմանված հասկացությունների իմաստը:

     Հոդված 3. Չափումների միասնականության ապահովման ոլորտում հարաբերությունների իրավական կարգավորումը

  1. Հայաստանի Հանրապետության չափագիտության ոլորտում հարաբերությունները կարգավորվում են սույն օրենքով, վավերացված միջազգային պայմանագրերով և այլ իրավական ակտերով:
  2. Եթե Հայաստանի Հանրապետության վավերացված միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա գործում են վավերացված միջազգային պայմանագրերի նորմերը:

 

Գ Լ ՈՒ Խ 2

ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ, ՏԱՐԱԾՄԱՆ ՈԼՈՐՏՆԵՐԸ ԵՎ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

Հոդված 4. Օրենսդրական չափագիտության նպատակները

  1. Օրենսդրական չափագիտության հիմնական նպատակն է.
  • քաղաքացիների, հասարակության և պետության իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը ոչ հավաստի չափման արդյունքների բացասական հետևանքներից.
  • պետության պաշտպանության և անվտանգության, այդ թվում՝ տնտեսական անվտանգության ապահովման, քաղաքացիների կյանքի և առողջության, շրջակա միջավայրի պահպանության, կենդանական և բուսական աշխարհի պաշտպանության նպատակով օգտագործվող չափումների օբյեկտիվ, հավաստի և համադրելի արդյունքներ ստանալը.
  • Հայաստանի Հանրապետության տնտեսության զարգացմանը և գիտատեխնիկական առաջընթացին նպաստելը.
  • միջազգային առևտրի պահանջների պահպանումը:

 

Հոդված 5. Օրենսդրական չափագիտության տարածման ոլորտները

  1. Օրենսդրական չափագիտության պահանջները տարածվում են այն չափումների վրա, որոնց արդյունքներն օգտագործվում են՝
  • գնորդի և վաճառողի միջև առևտրային գործողություններում, արտադրողի և իրացնողի միջև հաշվարկներում, այդ թվում ապրանքի չափածրարման ժամանակ.
  • առողջապահության բնագավառում.
  • անասնաբուժական գործունեության իրականացման ժամանակ.
  • շրջակա միջավայրի պահպանության, աշխատավայրում անվտանգության ապահովման, պատահարների կանխման և արտակարգ իրավիճակների ժամանակ.
  • գեոդեզիական և հիդրոօդերևութաբանական գործունեության իրականացման ժամանակ.
  • ճանապարհային երթևեկության վերահսկման և տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակը գնահատելու ժամանակ.
  • պետական կառավարման մարմինների, արբիտրաժի, դատախազության, դատական մարմինների հանձնարարությամբ կիրառվող չափումների ժամանակ.
  • վտանգավոր արտադրական օբյեկտների շահագործման և հսկողության իրականացման ժամանակ.
  • ծառայությունների մատուցման ոլորտում.
  • պաշտոնական մարզական մրցումների անցկացման ժամանակ։

 

Հոդված 6. Օրենսդրական չափագիտության գործառույթները

  1. 1. Օրենսդրական չափագիտության գործառույթներն են՝

1) չափման միջոցի և ստանդարտ նմուշի տեսակի հաստատումը.

2) չափման միջոցի ստուգաչափումը և չափագիտական վկայագրումը.

3) չափումների կատարման մեթոդիկայի վկայագրումը.

4) չափման միջոցների չափագիտական փորձաքննությունը:

 

ԳԼՈՒԽ 3.

ՉԱՓՈՒՄՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

Հոդված 7. Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորությունները չափագիտության ոլորտում

  1. Հայաստանի Հանրապետության կառավարությունը սահմանում է.
  • Հայաստանի Հանրապետությունում չափագիտության ոլորտում չափագիտության ազգային մարմինը.
  • Սոցիալական և կենսական կարևոր նշանակություն ունեցող չափման միջոցներին ներկայացվող պահանջները (ԷմԱյԴի/MID) և դրանց շուկայահանման կարգը.
  • մեծությունների միավորի, չափումների սանդղակների հայերեն անվանումը, նշագրումը, գրելաձևը և կիրառման կանոնները.
  • չափագիտության ազգային մարմնի կողմից չափանմուշը որպես ազգային չափանմուշ ճանաչելու, պահպանելու, կատարելագործելու և դրա ճանաչումը դադարեցնելու մասին կարգը.
  • չափածրարված արտադրանքին ներկայացվող չափագիտական պահանջները և դրանց շուկայահանման կարգը.
  • որպես չափիչ անոթ օգտագործվող շշերին ներկայացվող չափագիտական պահանջները և դրանց շուկայահանման կարգը.
  • ոչ ավտոմատ գործողության կշռող սարքերին ներկայացվող պահանջները և դրանց շուկայահանման կարգը.
  • օրենսդրական չափագիտական հսկողության ենթակա չափման միջոցների ցանկը.
  • Հայաստանի Հանրապետության օրենսդրական չափագիտական հսկողության ենթակա չափման միջոցի ներմուծման, ներմուծող կազմակերպության, չափման միջոցի ծագման և արտահանման երկրի վերաբերյալ Պետական եկամուտների կոմիտեի կողմից չափագիտության ազգային մարմնին և չափագիտական վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնին տեղեկատվություն տրամադրելու կարգը:

 

Հոդված 8. Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմինը

  1. Հայաստանի Հանրապետությունում օրենսդրական չափագիտության տարածման ոլորտներում չափումների միասնականության ապահովման պետական կառավարումն իրականացնում է չափագիտության լիազոր մարմինը:
  2. Չափագիտության լիազոր մարմինը`

1) մշակում և համակարգում է պետական քաղաքականության իրականացումն օրենսդրական չափագիտության ոլորտում.

2) համակարգում է չափագիտության ազգային մարմնի գործունեությունը.

3) ներկայացնում է Հայաստանի Հանրապետությունը միջազգային կազմակերպություններում.

4) սահմանում է չափման միջոցի տեսակի հաստատման կարգը՝ օրենսդրական չափագիտության միջազգային կազմակերպության սահմանած ուղեցույցների հիման վրա, տեսակի հաստատման համար ներկայացվող հայտի, չափման միջոցի և ստանդարտ նմուշի տեսակի հաստատման սերտիֆիկատի ձևերը, տեսակի հաստատման նշանի պատկերը.

5) սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափման միջոցների ստուգաչափման պարբերականությունը․

6) սահմանում է չափման միջոցի տեսակի հաստատման գրանցամատյանի վարման կարգը.

7) սահմանում է չափման միջոցի ստուգաչափման, փորձաքննության կազմակերպման և իրականացման կարգը՝ Օրենսդրական չափագիտության միջազգային կազմակերպության ուղեցույցների հիման վրա, չափման միջոցի ստուգաչափման համար ներկայացվող հայտի ձևը, ստուգաչափման վկայականի ձևը, որը կարող է լինել QR կոդի տեսքով (արագ արձագանքման կոդ, որը պարունակում է նույն տեղեկատվությունն, ինչ վկայականը կամ ինքնակպչուն դրոշմը), ստուգաչափման դրոշմի արտատիպի պատկերը, դրոշմի արտատիպի մարման պատկերը,  բարձր պաշտպանվածության համարակալված ինքնակպչուն դրոշմի արտատիպի պատկերը, չափման միջոցը ոչ պիտանի ճանաչելու ընթացակարգը և ծանուցագրի ձևը.

8) սահմանում է չափագիտության կառավարման խորհրդի անհատական կազմը և գործունեության կարգը.

9) իրականացնում է չափագիտության ազգային մարմնի գործունեության մշտադիտարկումը.

10) ընդունում և գործողության մեջ է դնում Օրենսդրական չափագիտության միջազգային կազմակերպության և Չափի և կշռի միջազգային բյուրոյի (ՉԿՄԲ/BIPM) ուղեցույցային փաստաթղթերի հայերեն տարբերակները:

 

Հոդված 9. Չափագիտության ազգային մարմինը

  1. Չափագիտության ազգային մարմինն իրեն վերապահված իրավասությունների շրջանակներում չափագիտության ոլորտում իրականացնում է պետական քաղաքականությունը:
  2. Չափագիտության ազգային մարմինը`
    • ճանաչում, պահպանում և կատարելագործում է ազգային չափանմուշը, ինչպես նաև դադարեցնում է դրա ճանաչումը.
    • նշանակում է ազգային չափանմուշի գիտական պահապան.
    • իրականացնում է չափագիտության ազգային մարմնում գտնվող ազգային չափանմուշի աշխատանքային կարգավիճակի պահպանումը և չափագիտական հետևելիության ապահովումը մինչև միավորների միջազգային ՍԻ (SI) համակարգ.
    • իր իրավասության շրջանակներում անդամակցում է միջազգային և տարածաշրջանային կազմակերպություններին.
    • իրականացնում է շահագործման մեջ գտնվող չափման միջոցի չափագիտական բնութագրերի փորձաքննություն.
    • իրականացնում է տրամաչափարկման աշխատանքներ չափագիտական հետևելիությունն ապահովելու նպատակով.
    • իրականացնում է չափումներ և օրենսդրական չափագիտության տարածման ոլորտներում չափումների կատարման մեթոդիկաների չափագիտական վկայագրում.
    • հաստատում է չափման միջոցի և ստանդարտ նմուշի տեսակը.
    • սահմանում է չափման միջոցի և ստանդարտ նմուշի տեսակի հաստատման սերտիֆիկատի գործողության ժամկետը.
    • սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում չընդգրկված չափման միջոցի ստուգաչափման պարբերականությունը՝ տեսակի հաստատման ժամանակ.
    • վարում է տեսակը հաստատված չափման միջոցի և ստանդարտ նմուշի գրանցամատյանը. իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վավերացված Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան ընդունված իրավական ակտերով նախատեսված տեխնիկական կանոնակարգերի նախագծերի չափագիտական փորձաքննություն:
    • իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վավերացված Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան ընդունված իրավական ակտերով նախատեսված տեխնիկական կանոնակարգերի նախագծերի չափագիտական փորձաքննություն․
    • ապահովում է հուսալի չափագիտական հիմք հավատարմագրման ազգային համակարգի համար, տրամադրում է փորձագետներ գնահատումների իրականացման համար.
    • իրականացնում է չափման միջոցի ստուգաչափում և չափագիտական վկայագրում.
    • չափագիտության ոլորտում կազմակերպում և իրականացնում է ինչպես կադրերի ուսուցում, մասնագիտացում, վերապատրաստում, օրենսդրական չափագիտության ոլորտում ստուգաչափում իրականացնող մասնագետների ուսուցում, այնպես էլ վերոգրյալ ոլորտում համապատասխանության գնահատման մարմիների անձնակազմի վերապատրաստում, հավատարմագրման փորձագետների ուսուցում և շնորհում է համապատասխան վկայագրեր.
    • ստեղծում է չափագիտության խորհուրդ և սահմանում գործունեության կարգը։

 

Հոդված 10.

 

Ներմուծված չափման միջոցների վերաբերյալ տեղեկատվությունը

 

 

1․ Սույն օրենքի 3-րդ Գլխի 7-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով սահմանված ցանկի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրական չափագիտական հսկողության ենթակա չափման միջոցների ներմուծման, ներմուծող կազմակերպության, չափման միջոցի ծագման և արտահանման երկրի վերաբերյալ տեղեկատվությունը Պետական եկամուտների կոմիտեն տրամադրում է Չափագիտության ազգային մարմնին և տեսչական մարմնին՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

 

Հոդված 11. Կառավարման խորհուրդը

  1. Կառավարման խորհուրդը (այսուհետ` Խորհուրդ) չափագիտության ազգային մարմնի կառավարման մարմինն է, որը կազմված է Խորհրդի նախագահից, 10 անդամներից` չափագիտության գերակա ոլորտներում ներգրավված շահագրգիռ 5 պետական կառավարման մարմինների և 5 ոչ պետական կազմակերպությունների ներկայացուցիչներից:
  2. Չափագիտության ազգային մարմնի տնօրենը Խորհրդի քարտուղարն է և չի կարող հանդես գալ որպես Խորհրդի նախագահ:
  3. Խորհրդի նիստն իրավազոր է, եթե ներկա է քվեարկության ձայնի իրավունք ունեցող Խորհրդի անդամների առնվազն 2/3-ը:
  4. Խորհրդի նախագահն ընտրվում է Խորհրդի անդամների կողմից:
  5. Խորհրդի նիստերը հրավիրվում են ըստ անհրաժեշտության, բայց ոչ ուշ, քան եռամսյակը մեկ անգամ: Խորհրդի նիստերը կարող են անցկացվել նաև հեռավար՝ առցանց եղանակով: Հեռավար նիստերի ժամանակ քվեարկությունը կատարվում է էլեկտրոնային հաղորդակցման միջոցներով։
  6. Խորհրդի նիստերի որոշումներն ընդունվում են նիստին ներկա անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Նիստին ներկա անդամների ձայների հավասարության դեպքում Խորհրդի նախագահի ձայնը վճռորոշ է:
  7. Խորհուրդը`

1) ընդունում է որոշումներ չափագիտության ազգային մարմնի գործունեության պլանավորման և գործունեության հետ կապված խնդիրների կանոնակարգման վերաբերյալ,

2) հաստատում է չափագիտության ազգային մարմնի աշխատանքային ծրագրերը և հեռանկարային գործունեության հնգամյա ռազմավարությունները,

3) դիմում է շահագրգիռ կողմերին` տարբեր հարցերի շուրջ կարծիք արտահայտելու առաջարկով,

4) քննարկում է չափագիտության ազգային մարմնի հաջորդ տարվա բյուջեի նախագիծը և ներկայացնում է առաջարկություն` այն լիազորված պետական կառավարման մարմնի հաստատմանը ներկայացնելու վերաբերյալ,

5) քննարկում, հաստատում և հրապարակում է չափագիտության ազգային մարմնի գործունեության տարեկան արդյունքները,

6) ներկայացնում է առաջարկություններ միջազգային լավագույն փորձին ներդաշնակ Հայաստանի Հանրապետությունում չափագիտության ոլորտում պետական քաղաքականության իրականացման հեռանկարային ռազմավարության վերաբերյալ,

7) ապահովում է չափագիտության ազգային համակարգի համապատասխանությունն ազգային տնտեսության շահերին, նյութատեխնիկական բազայի ներկա վիճակին և գիտատեխնիկական առաջընթացին,

8) համակարգում է Հայաստանի Հանրապետությունում ազգային, միջազգային և տարածաշրջանային չափագիտական աշխատանքները` այդ աշխատանքների կատարմանը ներգրավելով շահագրգիռ կողմերին և համապատասխան փորձագետների։

 

Հոդված 12. Չափագիտության խորհուրդը

  1. Չափագիտության խորհուրդը.
  • Հայաստանի Հանրապետության չափումների միասնականության ապահովման համակարգի զարգացման վերաբերյալ տալիս է փորձագիտական եզրակացություններ,
  • առաջարկություններ է ներկայացնում չափագիտության ազգային մարմնին չափագիտության ոլորտի օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ,
  • առաջարկում է գիտական և կրթական ծրագրեր չափագիտության ոլորտում,
  • առաջարկում է առաջնահերթություններ չափագիտության ոլորտում գիտական հետազոտությունների և զարգացման նախագծերում,
  • աջակցում է չափագիտության ազգային մարմնին,
  • խորհրդատվություն է տրամադրում չափագիտության ոլորտի զարգացման, արդիականացման, չափագիտական կարիքները բացահայտելու վերաբերյալ,
  • ծանոթանում է չափագիտության ազգային մարմնի ղեկավարի կողմից ներկայացված տարեկան հաշվետվությանը:

 

Գ Լ ՈՒ Խ 4

ՄԵԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՆԵՐԻՆ, ԱԶԳԱՅԻՆ ԵՎ ԱՇԽՏԱՆՔԱՅԻՆ ՉԱՓԱՆՄՈՒՇԻՆ, ՉԱՓՄԱՆ ՄԻՋՈՑԻՆ, ՍՏԱՆԴԱՐՏ ՆՄՈՒՇԻՆ, ՉԱՓՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԵԹՈԴԻԿԱՅԻՆ, ՉԱՓՄԱՆ ՄԻՋՈՑԻ ՏՐԱՄԱՉԱՓԱՐԿՄԱՆԸ, ՏԵՍԱԿԻ ՀԱՍՏԱՏՄԱՆԸ, ՍՏՈՒԳԱՉԱՓՄԱՆԸ ԵՎ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

Հոդված 13. Մեծությունների չափման միավորներին ներկայացվող պահանջները

  1. Հայաստանի Հանրապետությունում կիրառվում են Չափի և կշռի միջազգային բյուրոյի (ՉԿՄԲ/BIPM) կողմից ընդունված և Օրենսդրական չափագիտության միջազգային կազմակերպության (ՕՉՄԿ/OIML) կողմից միավորների միջազգային ՍԻ (SI) համակարգի մեծությունների չափման միավորները և չափումների սանդղակները:
  2. Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված՝ սույն հոդվածի 1-ին մասով երաշխավորված մեծությունների չափման միավորների հետ համահավասար կարող են կիրառվել մեծությունների արտահամակարգային միավորները` հարաբերված միջազգային համակարգի միավորների հետ:

3․ Արտահանվող արտադրանքի, այդ թվում՝ չափման միջոցի բնութագրերը և չափորոշիչները կարող են արտահայտվել պատվիրատուի հետ կնքված պայմանագրով նախատեսված մեծությունների չափման միավորներով:

  1. Հայաստանի Հանրապետությունում կարող են կիրառվել համընդհանուր ընդունված հատուկ միավորներ, որոնք անհրաժեշտ են`

1) միջազգային առևտրի համար,

2) օդային և ծովային նավագնացության, առողջապահության, ռազմական նպատակների և անվտանգության համար:

  1. Առևտրում, գովազդում, հրապարակումներում, դասագրքերում արգելվում է կիրառել Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված՝ սույն հոդվածի 1-ին մասով երաշխավորված մեծությունների չափման միավորներից տարբեր միավորներ, բացառությամբ այն դեպքերի, երբ՝
  • հրապարակումներում և ուսուցման ժամանակ հիշատակվում են պատմականորեն օրենքով չսահմանված միավորներ,
  • փաստաթղթերը կամ հրապարակումները նախատեսված են միավորների տարբեր համակարգեր ունեցող երկրների օգտագործողների համար․
  • եթե երաշխավորված միավորներից տարբեր միավորների հետ համատեղ նշված է դրանց համարժեք երաշխավորված միավորների արժեքները։

    

Հոդված 14. Ազգային և աշխատանքային չափանմուշներին ներկայացվող պահանջները

  1. Ազգային չափանմուշների համակարգը ստեղծվում է կիրառման երաշխավորված միավորների պահպանման, տարածման և տնտեսության պահանջարկը բավարարելու նպատակով և բաղկացած է չափագիտության ազգային մարմնի և այլ կազմակերպությունների չափանմուշներից:
  2. Մեծությունների չափման միավորները, ազգային և աշխատանքային չափանմուշները չափումների միասնականության ապահովման ազգային համակարգի տեխնիկական հիմքն են: Դրանք Հայաստանի Հանրապետության տարածքում նախատեսված են մեծությունների միավորների չափերի վերարտադրման և պահպանման համար, ինչպես նաև տվյալ մեծությունների աշխատանքային չափման միջոցներին դրանց չափի փոխանցման համար:
  3. Ազգային չափանմուշները պետք է ապահովեն չափագիտական հետևելություն միավորների միջազգային ՍԻ (SI) համակարգին, միջազգային hամատեղելիություն և ճանաչում: Ազգային չափանմուշների չափագիտական հետևելիության ապահովման պատասխանատվությունը կրում է չափանմուշ պահպանող կառույցը։
  4. Հայաստանի Հանրապետությունում կիրառվող աշխատանքային չափանմուշները պետք է ապահովեն չափագիտական հետևելիություն միավորների միջազգային ՍԻ (SI) համակարգի հետևելի չափանմուշներին։
  5. Ազգային չափանմուշը պահպանվում է չափագիտության ազգային մարմնի նշանակած գիտական պահապանների կողմից:
  6. Ազգային չափանմուշի պահպանման և կիրառման կանոններին հետևելն իրականացվում են այն կառույցներում, որտեղ պահվում են չափանմուշը։
  7. Չափագիտության ազգային մարմնում պահվող և կիրառվող ազգային չափանմուշները պետության սեփականությունն են:

 

Հոդված 15. Չափման միջոցին ներկայացվող պահանջները

  1. Չափման միջոցը նախատեսված է չափում կատարելու համար և կարող է կիրառվել առանձին կամ օժանդակ սարքերի հետ համատեղ։
  2. Չափման միջոցի չափագիտական բնութագրերը, ինչպես նաև տվյալ չափման միջոցին ներկայացվող շահագործման պահանջները սահմանվում են տվյալ չափման միջոցն արտադրողի կողմից:
  3. Օրենսդրական չափագիտության տարածման ոլորտներում տեսակը չհաստատված և ստուգաչափում չանցած չափման միջոցի կիրառումն արգելվում է։
  4. Օրենսդրական չափագիտության տարածման ոլորտներում կիրառվող չափման միջոցը պետք է համապատասխանի սույն օրենքով, դրա կիրարկումն ապահովող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերով, ինչպես նաև չափագիտության ոլորտը կարգավորող օրենսդրությամբ սահմանված պահանջներին:
  5. Հայաստանի Հանրապետության օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի դրույթները, որոնք վերաբերում են սույն օրենքի կարգավորման առարկային, կիրառվում են այն մասով, որով չեն հակասում սույն օրենքին և դրա կիրարկումն ապահովող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերին:

 Հոդված 16 Ստանդարտ նմուշին ներկայացվող պահանջները

  1. Ստանդարտ նմուշը նախատեսված է նյութերի բաղադրության կամ հատկությունների բնութագրերը վերարտադրելու, պահելու և փոխանցելու համար՝ Հայաստանի Հանրապետությունում օգտագործման համար հաստատված մեծությունների միավորների արժեքներով:
  2. Օրենսդրական չափագիտության տարածման ոլորտներում կիրառվող ստանդարտ նմուշը ենթակա է տեսակի հաստատման, եթե չունի չափագիտական հետևելիությունը հավաստող փաստաթուղթ։

 

Հոդված 17. Չափումների կատարման մեթոդիկային ներկայացվող պահանջները

  1. Չափման մեթոդիկան (մեթոդ), այդ թվում ռեֆերենս մեթոդիկան հատուկ նկարագրված գործողությունների ամբողջություն է, որի իրականացումն ապահովում է չափման արդյունքների ստացումը ճշգրտության սահմանված ցուցանիշներով։
  2. Չափման մեթոդիկան ներառում է չափումների կատարման նախապատրաստման կանոնները, չափման գործընթացը, տեխնիկական միջոցները, ինչպես նաև չափման արդյունքի մշակման և հաշվարկման կարգը:
  3. Օրենսդրական չափագիտության տարածման ոլորտներում կիրառվող չափումների կատարման մեթոդիկաները ենթակա են չափագիտական վկայագրման, եթե միջազգայնորեն ճանաչված չեն։

 

Հոդված 18. Չափման միջոցի տրամաչափարկմում

  1. Չափման միջոցի տրամաչափարկումը չափման միջոցի չափագիտական բնութագրերի իրական արժեքները որոշելու նպատակով կատարվող գործողությունների ամբողջություն է։
  2. Օրենսդրական չափագիտության ոլորտներում չկիրառվող չափման միջոցը կարող է ենթարկվել տրամաչափարկման:

 

Հոդված 19. Չափման միջոցի տեսակի հաստատմանը ներկայացվող պահանջները

  1. Օրենսդրական չափագիտության տարածման ոլորտում կիրառվող և սույն օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով սահմանված չափման միջոցները ենթակա են տեսակի հաստատման:
  2. Չափման միջոցի տեսակի հաստատված լինելը հավաստվում է չափման միջոցի տեսակի հաստատման սերտիֆիկատով, որի ձևը սահմանում է չափագիտության լիազոր մարմինը:
  3. Չափման միջոցի տեսակի հաստատումն իրականացնում է չափագիտության ազգային մարմինը:

 

Հոդված 20. Չափման միջոցի ստուգաչափմանը ներկայացվող պահանջները

  1. Օրենսդրական չափագիտության տարածման ոլորտում կիրառվող և սույն օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով սահմանված չափման միջոցները ենթակա են ստուգաչափման:
  2. Սույն օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանած չափման միջոցի ստուգաչափման պարբերականությունը սահմանվում է չափագիտության լիազոր մարմնի կողմից:
  3. 3. Չափման միջոցի ստուգաչափում իրականացնող մասնագետները ենթակա են վկայագրման` որպես ստուգաչափող:
  4. Չափման միջոցի ստուգաչափման, չափագիտական վկայագրման դրական արդյունքները վավերացվում են համապատասխան փաստաթղթի տրամադրմամբ։
  5. Չափման միջոցի ստուգաչափման բացասական արդյունքների դեպքում ստուգաչափողը մարում է ստուգաչափման դրոշմի արտատիպը և տալիս է ծանուցագիր չափման միջոցը ոչ պիտանի ճանաչելու մասին:
  6. Չափագիտության ազգային մարմինը չափման միջոցը սահմանված կարգով ստուգաչափման ներկայացնելու համար ծանուցում է իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին:
  7. Չափման միջոցի ստուգաչափման դրոշմը համարվում է անվավեր, եթե այն վնասված է:

8․ Չափման միջոցի ստուգաչափում, բացառությամբ հանրային ծառայությունների կարգավորվող ոլորտի, կարող են իրականացնել Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով հավատարմագրված իրավաբանական անձինք:

 

Հոդված 21. Չափման միջոցի փորձաքննությանը ներկայացվող պահանջները

  1. Չափման միջոցի փորձաքննությունն իրականացվում է դատարանի, դատախազության, արբիտրաժի, Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած չափագիտական վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի, սպառողների և նրանց իրավունքները պաշտպանող կազմակերպությունների գրավոր առաջարկով կամ պահանջով՝ չափման միջոցի չափագիտական բնութագրերը որոշելու նպատակով:
  2. Չափման միջոցի փորձաքննությունն իրականացնում է Չափագիտության ազգային մարմինը:

 

Գ Լ ՈՒ Խ 5

ՉԱՓԱԳԻՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 22. Չափագիտական վերահսկողության նպատակները և խնդիրները

  1. Չափագիտական վերահսկողության նպատակներն են չափագիտության ոլորտը կանոնակարգող օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված չափագիտական կանոնների և նորմերի խախտումների կանխարգելումը և դրանց բացահայտումն ու վերացումը։
  2. Չափագիտական վերահսկողությունը տարածվում է սույն օրենքի 5-րդ հոդվածով սահմանված օրենսդրական չափագիտական ոլորտների, ինչպես նաև սույն օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ, 5-7-րդ մասերով սահմանված պահանջների վրա:
  3. Չափագիտական վերահսկողության խնդիրներն են`

1) տեսակը հաստատված և ստուգաչափված չափման միջոցի կիրառումը,

2) չափումների կատարման վկայագրված մեթոդիկայի առկայությունը,

3) չափագիտության ոլորտում նորմատիվ իրավական ակտերի պահանջների պահպանումը:

 

Հոդված 23. Չափագիտական վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը և տեսչական մարմնի ծառայողը

 

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած տեսչական մարմինը չափագիտական վերահսկողություն է իրականացնում հետևյալ ուղղություններով.

1) տեսակը չհաստատված չափման միջոցների շուկայահանման կամ շահագործման նկատմամբ,

2) չստուգաչափված չափման միջոցի շուկայահանման կամ շահագործման նկատմամբ,

3) տեսակը հաստատված և ստուգաչափված, սակայն չափագիտական կանոններին և նորմերին չհամապատասխանող չափման միջոցի շուկայահանման կամ շահագործման նկատմամբ,

4) չափումների կատարման վկայագրված մեթոդիկաների նկատմամբ:

  1. Սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված վերահսկողության շրջանակներում լիազորված տեսչական մարմինը չափման միջոցի՝ չափագիտական կանոններին և նորմերին համապատասխանությունը որոշելիս (ստուգելիս) օգտագործում է ստուգաչափված չափման միջոց (չափագիտական հետևելիությունն ապահովող), համապատասխան չափման միջոցի օգտագործման անհնարինության դեպքում տեսչական մարմինը կարող է դիմել Չափագիտության ազգային մարմնին վերջինիս չափման միջոցը ժամանակավորապես օգտագործելու համար՝ համապատասխան փորձագետի տրամադրմամբ, և (կամ) փորձաքննություն անցկացնելու խնդրանքով։
  2. Վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի կարգադրագրի ձևը հաստատում է տեսչական մարմնի ղեկավարը:
  3. Տեսչական մարմնի ծառայողը`

1) կարգադրագրով արգելում է չափման միջոցների չափագիտական կանոններին ու նորմերին չհամապատասխանող խմբաքանակի իրացումը,

2) Օրեքով սահմանված կարգով իրականացվող ստուգման ընթացքում արձանագրված իրավախախտման հիման վրա տրված կարգադրագրի հետ մեկտեղ ըստ անհրաժեշտության կապարակնքում է չափման միջոցը,

3) ստուգում է տեսակը հաստատված, ստուգաչափված կամ վկայագրված չափման միջոցի համապատասխանությունը չափագիտական կանոններին ու նորմերին՝ անհրաժեշտության դեպքում հրավիրելով Չափագիտության ազգային մարմնի ներկայացուցչի,

4) անհրաժեշտության դեպքում կարող է տեսանկարահանել կամ լուսանկարել չափման միջոցների նկատմամբ վերահսկողության գործընթացը,

5) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ լիազորություններ:

 

Հոդված 24Չափագիտական կանոնների և նորմերի խախտման դեպքում կիրառվող կարգադրագրերը

 

  1. Կարգադրագիրը տեսչական մարմնի ղեկավարի կամ ծառայողի կողմից օրենքով սահմանված կարգով իրականացվող ստուգման ընթացքում կամ իրականացված ստուգման արդյունքներով արձանագրված իրավախախտման հիման վրա իրենց իրավասության սահմաններում ընդունված ակտ է, որն ուղղված է՝

1) տեսակը չհաստատված կամ հաստատված տեսակին կամ չափագիտական կանոններին ու նորմերին չհամապատասխանող չափման միջոցների իրացման արգելմանը` մինչև հայտնաբերված խախտումների վերացումը,

2) չափման միջոցի շահագործման արգելմանը, եթե այն չի անցել ստուգաչափում կամ չափագիտական վկայագրում, կամ տեսակը հաստատված չէ, կամ չի համապատասխանում հաստատված տեսակին,

3) չափագիտական կանոններին ու նորմերին չհամապատասխանող չափման միջոցների խմբաքանակի իրացման արգելմանը:

  1. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված կարգադրագրերով սահմանվում է հայտնաբերված խախտումների վերացման ժամկետ` համաձայնեցված տնտեսավարող սուբյեկտի հետ:
  2. Տնտեսավարող սուբյեկտը պարտավոր է կարգադրագրով սահմանված ժամկետում կարգադրագրի կատարման մասին տեղյակ պահել տեսչական մարմնին:
  3. Կարգադրագիրը չկատարելը, ոչ պատշաճ կատարելը կամ կատարման մասին սահմանված ժամկետում տեսչական մարմնին գրավոր չտեղեկացնելը համարվում է կարգադրագրի չկատարում, որն առաջացնում է պատասխանատվություն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

5․ Կարգադրագրի պահանջները սահմանված ժամկետում չպահպանելը և (կամ) առանց տեսչական մարմնի գրավոր համաձայնեցման չափագիտական վերահսկողություն իրականացնող ծառայողի կողմից դրված կապարակնիքը (դրոշմը) վնասելը կամ հանելը առաջացնում է պատասխանատվություն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

  1. Կարգադրագրերով նախատեսված պատասխանատվության միջոցները վերացնում է տեսչական մարմնի ղեկավարը` տնտեսավարող սուբյեկտի դիմումով կարգադրագրերի կատարման ստուգման դրական արդյունքների հիման վրա կամ տեսչական մարմին կարգադրագրի կատարումը հավաստող փաստաթղթեր ներկայացնելու դեպքում:

 

Գ Լ ՈՒ Խ 6

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԻ ԽԱԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ

 

Հոդված 25 Պատասխանատվությունը սույն օրենքը խախտելու համար

 

  1. Սույն օրենքի պահանջների խախտումն առաջացնում է պատասխանատվություն օրենքով սահմանված կարգով:

Գ Լ ՈՒ Խ 7

ՉԱՓՈՒՄՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ

 

Հոդված 26. Չափումների միասնականության ապահովման աշխատանքների ֆինանսավորումը

 

  1. Պարտադիր պետական ֆինանսավորման ենթակա են`
  • Չափագիտության ազգային մարմնի կազմում ազգային չափանմուշի (ազգային էտալոնի) ճանաչումը, պահպանումը, կատարելագործումը,
  • Չափագիտության ազգային մարմնի ազգային չափանմուշի (ազգային էտալոնի) չափագիտական հետևելիության ապահովումը միավորների միջազգային ՍԻ (SI) համակարգին,
  • Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վավերացված Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան ընդունված իրավական ակտերով նախատեսված տեխնիկական կանոնակարգերի նախագծերի չափագիտական փորձաքննության իրականացումը,

4) հիմնարար և կիրառական կարևոր հետազոտական աշխատանքների կատարումը չափագիտության ոլորտում,

5) Չափագիտության ազգային մարմնի վերազինման համար սարքավորումների ձեռքբերումը և պահպանումը,

6) չափագիտության միջազգային և տարածաշրջանային կազմակերպություններին անդամակցելու վճարները,

7) չափագիտության ոլորտի պետական գիտատեխնիկական ծրագրերի կատարման հետ կապված աշխատանքները:

  1. Սույն հոդվածի 1-ին մասում նշված աշխատանքների ֆինանսավորումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հաշվին` որպես դրամաշնորհ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
  2. Սույն հոդվածով նախատեսված աշխատանքների ֆինանսավորումը կարող է իրականացվել նաև օրենքով չարգելված այլ աղբյուրներից:

 

Հոդված 27. Չափագիտական աշխատանքների և մատուցված ծառայությունների համար վճարումը

  1. Չափագիտության ազգային մարմնի կողմից իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին մատուցված ծառայությունների համար վճարումը կատարվում է պայմանագրային հիմունքներով:
  2. Օրենսդրական չափագիտության տարածման ոլորտներում չափման միջոցի ստուգաչափման, չափագիտական վկայագրման աշխատանքները ենթակա են վճարման` տվյալ աշխատանքներն իրականացնող մարմնի կողմից սահմանած գներին համապատասխան, բացառությամբ հանրային ծառայությունները կարգավորող ոլորտների, որոնցում կիրառվող չափման միջոցների ստուգաչափման գները սահմանվում են լիազոր մարմնի կողմից։
  3. Պատվիրատու հանդես եկող տնտեսավարող սուբյեկտը փոխհատուցում է չափագիտական աշխատանքներ կատարողին չափագիտական աշխատանքների հետ կապված աշխատակիցների գործուղման, ստուգաչափման գործընթացի իրականացման համար անհրաժեշտ սարքավորումների և միջոցների` մինչև աշխատանքների կատարման վայրը փոխադրման ծախսերը:

 

 

Գ Լ ՈՒ Խ 8

ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԵՎ ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 28. Անցումային դրույթներ

 

1․ Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ ինն ամսվա ընթացքում, լիազորված պետական կառավարման մարմինը հաստատում է սույն օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերը:

  1. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ տասներկու ամսվա ընթացքում, Կառավարությունը սահմանում է սույն օրենքի 7-րդ հոդվածով նախատեսված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերը:

 

Հոդված 29. Օրենքի ուժի մեջ մտնելը

 

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության նախագահ

                                                                                                          Վ. Խաչատուրյան

 

 

2024 թ. ---------- --

 

Երևան

 

ՀՕ-   -Ն »:

  • Обсуждалось

    31.07.2024 - 18.08.2024

  • Тип

    Закон

  • Область

    Экономика

  • Министерство

    Министерство экономики

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 623

Принт