В стадии разработки
«Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մաuին»
-
3 - За
-
28 - Против
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ»
ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
ՀՀ հարկային օրենսգրքով (այսուհետ՝ Օրենսգիրք) պետական սեփականություն համարվող բնական պաշարների (այդ թվում՝ կենսապաշարների) արդյունավետ և համալիր օգտագործման, ինչպես նաև դրանց օգտագործումը փոխհատուցելու նպատակով այդ պաշարների օգտագործման համար սահմանված է ՀՀ պետական բյուջե վճարվող բնօգտագործման վճար։
ՀՀ կենդանական աշխարհի օբյեկտ հանդիսացող կենսապաշարների օգտագործման համար բնօգտագործման վճարի դրույքաչափերը սահմանված են եղել ՀՀ կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 30-ի «Բնօգտագործման վճարի դրույքաչափերի մասին» N864 որոշմամբ, որոնք վերջին անգամ վերանայվել են 2006 թվականին։ Այդ թվում ավելացվել է նաև՝ սիգ ձկնատեսակի համար սահմանված բնօգտագործման վճարը՝ 30 դրամից դառնալով 50 դրամ։
2018 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ է մտել ՀՀ հարկային օրենսգրիրքը, որով նախատեսվել է դրույթ, համաձայն որի` կենդանական աշխարհի օբյեկտ հանդիսացող կենսապաշարների օգտագործման համար բնօգտագործման վճարի գործող դրույքաչափերի նկատմամբ կիրառվել են աճողական գործակիցներ, մասնավորապես, 2018 թվականից՝ 1.1, 2019 թվականից՝ 1.2, իսկ 2020 թվականից՝ 1.3 գործակցի արտադրյալ, հետևաբար, կենսապաշարների օգտագործման համար բնօգտագործման վճարի դրույքաչափերն այդ կենսապաշարների իրական արժեքի համեմատությամբ էականորեն չեն ավելացել։ Մասնավորապես` սիգի օգտագործման համար բնօգտագործման վճարի դրույքաչափը կազմում է 65 դրամ և 2006 թվականից մինչ օրս ավելացել է ընդամենը 15 դրամով։
Ըստ ուսումնասիրությունների՝ հանրապետությունում 1 կիլոգրամ սիգ ձկնատեսակի մանրածախ վաճառքի միջին գինը կազմում է մոտ 1000 դրամ, իսկ սառեցված սիգն արտահանվում է մեկ կիլոգրամը մոտ 1400 դրամով։ Բնօգտագործման վճարը միջինում կազմում է սիգի վաճառքի գնի ընդամենը 5.7 տոկոսը։ Հետևաբար՝ գործող բնօգտագործման վճարի ցածր դրույքաչափը չի նպաստում կենսապաշարների՝ մասնավորապես սիգ ձկնատեսակի ողջամիտ օգտագործմանը։
Հարկ է նշել նաև, որ համաձայն ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների՝ 01.01.2006թ.- 31.12.2023թ ժամանակահատվածի համար գնաճը կազմել է 99.85 տոկոս:
Օրենսգրքի 203-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի «գ» ենթակետում հղում է արվում լիցենզիայով սահմանված կենսապաշարների օգտագործման ծավալներին։ Սակայն, 2022 թվականի մարտի 23-ին «Կենդանական աշխարհի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-74-Ն օրենքով լիցենզիայի պահանջը վերացվել է։
Համաձայն Օրենսգրքի 208-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ, 5-րդ և 6-րդ մասերի՝ Օրենսգրքի 203-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված՝ բնօգտագործման վճարի բազայի չափաքանակները գերազանցելու, ինչպես նաև զրոյական չափաքանակների դեպքում կիրառվում են սույն հոդվածի 1-ին և 4-րդ մասերով սահմանված են դրույքաչափերի եռապատիկից տասնապատիկ մեծությունները։ Սակայն, հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերոնշյալ չափաքանակների գերազանցումը կամ զրոյական չափաքանակների դեպքում կենսապաշարների օգտագործումը հանդիսանում են բնապահպանական իրավախախտումներ, որոնց դեպքում «Բնապահպանական իրավախախտումների հետևանքով կենդանական և բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագների մասին» օրենքով կամ Քրեական օրենսգրքով սահմանված են կենդանական և բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագներ կամ քրեական պատասխանատվություն։
Համաձայն Օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին մասի՝ անտառանյութի օգտագործման համար պետական բյուջե վճարման ենթակա բնօգտագործման վճարը հաշվարկվում է հաշվետու ժամանակաշրջանում օգտագործված պաշարների ծավալների հիման վրա, իսկ կենսապաշարների մնացած տեսակների համար պետական բյուջե վճարման ենթակա բնօգտագործման վճարը հաշվարկվում է օգտագործված պաշարների ծավալների հիման վրա և պետական բյուջե է վճարվում յուրաքանչյուր անգամ` մինչև կենսապաշարների տեղափոխումը: Վերոնշյալ կարգավորումների հետևանքով, հաշվի առնելով այն հանգամանքը, որ կենսապաշարների հավաքը, որսը (ձկնորսությունը) հիմնականում իրականացվում է բնակավայրերից, հետևաբար նաև բանկերից և վճարային տերմինալներից մեծ հեռավորությունների վրա, գործնականում խնդրահարույց է դառնում կենսապաշարների համար պետական բյուջե վճարման ենթակա բնօգտագործման վճարի (մինչև դրանց տեղափոխումը) վճարման իրականացումը, ինչպես նաև վճարման նկատմամբ վերահսկողության ապահովումը։
Օրենսգրքի 219-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված է շրջակա միջավայրի մարմնի պատասխանատվություն՝
- կենսապաշարների օգտագործման համար հայտում նշված պայմանների համար, սակայն վերոնշյալ հայտում էական պայմաններ չեն ամրագրվում։ Կենսապաշարների օգտագործման պայմանները նախատեսվում են կենսապաշարների օգտագործման պայմանագրերով, որով կողմերը հաստատում են պայմանների՝ իրենց առնչվող դրույթները,
- վճարման փաստը հաստատող անդորրագրի իսկության համար, որը դուրս է թույլտվություն տրամադրող մարմնի լիազորություններից, ու արդի վճարային առցանց համակարգերի, ինչպես նաև «Client-treasury» համակարգի առկայության պարագայում՝ ոչ նպատակահարմար։
Օրենսգրքի 219-րդ հոդվածի 3-րդ մասով ամրագրված է, որ բնական պաշարների օտարման ու սպառման վայրում վճարի հաշվարկման և վճարման նկատմամբ վերահսկողությունն ընտրանքային կարգով իրականացնում է հարկային մարմինը: Կենսապաշարների գերակշիռ մասի դեպքում (օրինակ՝ սիրողական որսի ու ձկնորսության արդյունքում որսված՝ կենդանական աշխարհի օբյեկտներ) գործնականում անհնար է հստակեցնել դրանց օտարման ու սպառման վայրը, որը կարող է էականորեն խոչընդոտել դրանց մասով բնօգտագործման վճարի հաշվարկման և վճարման նկատմամբ վերահսկողության իրականացումը։
Օրենսգրքի 208-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված է դրույթ, համաձայն որի` բուսական և կենդանական աշխարհի օբյեկտ հանդիսացող կենսապաշարների օգտագործման համար բնօգտագործման վճարի գործող դրույքաչափերի նկատմամբ կիրառվել են աճողական գործակիցներ, մասնավորապես, 2018 թվականից՝ 1.1, 2019 թվականից՝ 1.2, իսկ 2020 թվականից՝ 1.3 գործակցի արտադրյալ։ Կենդանական աշխարհի օբյեկտ հանդիսացող կենսապաշարների օգտագործման համար բնօգտագործման վճարի դրույքաչափերի առաջարկվող վերանայումը հաշվի առնելով (առաջարկվող դրույքաչափերում արդեն իսկ ներառվել է 1.3 գործակիցը)՝ բացակայում է վերոնշյալ գործակիցների՝ կենդանական աշխարհի օբյեկտ հանդիսացող կենսապաշարների մասով այսուհետ կիրառման անհրաժեշտությունը։
- Առաջարկվող կարգավորման բնույթը
Նախագծով առաջարկվում է.
- հիմք ընդունելով՝ հանրապետությունում վերջին տասնամյակների գնաճը, կենսապաշարների հանդեպ ձևավորված սպառողական վերաբերմունքը, որոշ կենդանատեսակների (մասնավորապես՝ սիգի և խեցգետնի) պաշարների նվազման միտումները, ինչպես նաև դրանց շուկայական գները, ինչպես նաև որոշ կենդանատեսակների հանդեպ՝ միջազգային առևտրի տեսանկյունից հետաքրքրության բարձրացումը, վերանայել կենդանական աշխարհի օբյեկտ հանդիսացող կենսապաշարների օգտագործման համար բնօգտագործման վճարի դրույքաչափերը՝ դրանք ավելացնելով առնվազն 2 անգամ,
- որոշ կենդանատեսակների (մասնավորապես՝ սիգի) օգտագործման համար բնօգտագործման վճարի դրույքաչափերի ավելացումն ունի առանցքային նշանակություն։ Սիգի բնականոն վերարտադրության պահանջից ելնելով՝ կիրառելով գործող տնտեսական մեխանիզմի կարգավորիչ գործոնը, անհրաժեշտություն է առաջացել բարձրացնել դրույքաչափը՝ սահմանելով 1 կիլոգրամի համար 200 դրամ,
- Հարկային օրենսգրքի 203-րդ հոդվածից հանվել են «և լիցենզիայով» բառերը՝ հիմք ընդունելով ունենալով 2022 թվականի մարտի 23-ին «Կենդանական աշխարհի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-74-Ն օրենքով լիցենզիայի պահանջի վերացումը,
- Օրենսգրքի 208-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ, 5-րդ և 6-րդ մասերի գործողությունը դադարեցնել, հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերոնշյալ դեպքերում կենսապաշարների օգտագործումը հանդիսանում են բնապահպանական իրավախախտումներ, որոնց դեպքում «Բնապահպանական իրավախախտումների հետևանքով կենդանական և բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագների մասին» օրենքով կամ Քրեական օրենսգրքով սահմանված են կենդանական և բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագներ կամ քրեական պատասխանատվություն։ Օրենսգրքի 208-րդ հոդվածը լրացնել նոր մասով, համաձայն որի՝ Օրենսգրքի 203-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված՝ բնօգտագործման վճարի բազայի չափաքանակները գերազանցումը կամ հոդվածի 2-րդ մասով սահմանված՝ բնօգտագործման վճարի բազայի զրոյական չափաքանակների դեպքում կենսապաշարների օգտագործումը կհամարվեն կենդանական և բուսական աշխարհին վնաս պատճառող իրավախախտումներ, որն էլ հիմք կհանդիսանա «Բնապահպանական իրավախախտումների հետևանքով կենդանական և բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագների մասին» օրենքի կամ Քրեական օրենսգրքի դրույթների կիրառման համար,
- Օրենսգրքի 208-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված՝ կենդանական աշխարհի օբյեկտ հանդիսացող կենսապաշարների օգտագործման համար բնօգտագործման վճարի գործող դրույքաչափերի նկատմամբ կիրառվող 1.3 գործակիցը հանել, քանի որ նախագծով առաջարկվող դրույքաչափերում արդեն իսկ ներառվել է 1.3 գործակիցը,
- Օրենսգրքի 219-րդ հոդվածով՝ կենսապաշարների համար (բացի անտառանյութից) պետական բյուջե վճարման ենթակա բնօգտագործման վճարը հաշվարկման համար հիմք ընդունել կենսապաշարների օգտագործման պայմանագրով սահմանված ծավալները,
- նույն հոդվածում ներառել դրույթ, համաձայն որի՝ կենսապաշարների օգտագործման համար բնօգտագործման վճարը պետական բյուջե կվճարվի կենսապաշարների օգտագործման պայմանագրերի կնքումից հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում։ Կենսապաշարների՝ պայմանագրերով սահմանված և փաստացի օգտագործված ծավալների դրական տարբերության դեպքում պետական բյուջե վճարված բնօգտագործման վճարի գումարը վճարողին վերադարձման ենթակա չի լինի,
- կենսապաշարների համար բնօգտագործման վճարի հաշվարկման և վճարման գործընթացի արդյունավետ վերահսկողության ապահովման նպատակով վերոնշյալ հոդվածից հանել կենսապաշարների օտարման ու սպառման վայրում վճարի հաշվարկման և վճարման նկատմամբ վերահսկողություն նախատեսող դրույթը, քանի որ նախագծով նախատեսվում է կենսապաշարների օգտագործման համար բնօգտագործման վճարի վճարում պայմանագրերի կնքումից հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում։
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները
Նախագիծը մշակվել է շրջակա միջավայրի նախարարության կողմից:
- Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունման արդյունքում նպաստավոր պայմաններ կստեղծվեն կենդանական աշխարհի օբյեկտ հանդիսացող կենսապաշարների գերօգտագործման ծավալների էական կրճատման, դրանց օգտագործման արդյունավետության բարձրացմանը։
Հնարավորինս կպարզեցվի և կհստակեցվի կենսապաշարների համար բնօգտագործման վճարի հաշվարկման և վճարման գործընթացի արդյունավետ վերահսկողության գործընթացը։
Կբացառվեն կամ առնվազն էականորեն կնվազեն քաղաքացիների և տնտեսվարողների կողմից ներկայացվող ոչ բավարար հիմնավորվածությամբ հայտերը, էականորեն կմեծանա կենսապաշարների օգտագործման արդյունավետությունը։
Կենսապաշարների օգտագործման մասով կնվազեցվեն օրենսդրական հակասությունները, որ կարող էին տարընկալումների և անորոշությունների տեղիք տալ, Օրենսգրքով սահմանված՝ բնօգտագործման վճարի բազայի չափաքանակները գերազանցումը կամ հոդվածի 2-րդ մասով սահմանված՝ բնօգտագործման վճարի բազայի զրոյական չափաքանակների դեպքում կենսապաշարների օգտագործումը կհամարվեն կենդանական և բուսական աշխարհին վնաս պատճառող իրավախախտումներ, կկիրառվեն «Բնապահպանական իրավախախտումների հետևանքով կենդանական և բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագների մասին» օրենքի կամ Քրեական օրենսգրքի դրույթները։
- Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները
Նախագծի ընդունմամբ առնվազն կրկնակի կավելանան վերոնշյալ վճարների մասով պետական բյուջեի եկամուտները։ Մասնավորապես՝ սիգի օգտագործման համար բնօգտագործման վճարի դրույքաչափի ավելացման արդյունքում ՀՀ պետական բյուջեի եկամուտները, հաշվի առնելով Սևանա լճում սիգի արդյունագործական որսի 2024 թվականի համար սահմանված առավելագույն 257 տոննա չափաքանակը, կավելանան 34.7 մլն դրամով։
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
Նախագիծը բխում է Հարկային օրենսգրքով սահմանված կենդանական աշխարհի օբյեկտ հանդիսացող կենսապաշարների օգտագործման համար սահմանված բնօգտագործման վճարի դրույքաչափերի վերանայման նպատակով՝ Կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշման 1-ին հավելվածի «5.6 Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը Կառավարության հավանությանն արժանանալու վերաբերյալ Կառավարության որոշման ընդունում» միջոցառման կետի պահանջից։
-
Обсуждалось
01.07.2024 - 21.07.2024
-
Тип
Закон
-
Область
Государственные доходы, Охрана природы, Финансовая
-
Министерство
Министерство окружающей среды
Просмотры 2454
Принт