В стадии разработки
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԻԾ
-
8 - За
-
5 - Против
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. 1998 թվականի մայիսի 5-ի Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 98-րդ հոդվածի 3-րդ մասում «հաշվանցով» բառից հետո լրացնել «, բացառությամբ սույն օրենսգրքի 886.2-րդ հոդվածով սահմանված դեպքերի» բառերը:
Հոդված 2. Օրենսգրքի 111-րդ հոդվածի 4-րդ մասում «բացառությամբ» բառից հետո լրացնել «սույն օրենսգրքի 886.2-րդ հոդվածով կամ» բառերը:
Հոդված 3. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 886.2-րդ հոդվածով.
«Հոդված 886.2. Փոխարկելի փոխառություն
- Փոխառության պայմանագրով, որի համաձայն փոխառու է հանդիսանում բաժնետիրական կամ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն, կարող է նախատեսվել, որ փոխառության գումարի կամ դրա մասի վերադարձի և տոկոսների կամ դրանց մի մասի վճարուման պարտավորության փոխարեն փոխառության պայմանագրով սահմանված դեպքերում, կարգով և պայմաններով փոխառուն պարտավոր է փոխատուի օգտին տեղաբաշխել համապատասխանաբար պայմանագրով սահմանված կարգով որոշված քանակի, տեսակի և դասի բաժնետոմսեր կամ տրամադրել բաժնեմասեր (փոխարկելի փոխառության պայմանագիր):
- Փոխարկելի փոխառության պայմանագրում բաժնետոմսերի կամ բաժնեմասերի փոխարկման իրավունքը կամ պարտավորությունը պետք է սահմանված լինի պայմանագրի կնքման պահին:
- Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 39․1 հոդվածի 1-ին մասով նախատեսված ֆինանսական կազմակերպությունները կարող են կնքել փոխարկելի փոխառության պայմանագրեր ֆինանսական կազմակերպությունների գործունեությունը կարգավորող օրենքներով կամ Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված դեպքերում, կարգով և պայմաններով։
- Ի կատարումն փոխարկելի փոխառության պայմանագրի` բաժնետիրական ընկերության կողմից բաժնետոմսերի թողարկման և տեղաբաշխման կարգը սահմանվում է «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքով:
- Ի կատարումն փոխարկելի փոխառության պայմանագրի` սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության բաժնեմասի տրամադրման կարգը սահմանվում է «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» օրենքով:
- Արտարժույթով տրամադրված փոխարկելի փոխառության դեպքում փոխառու ընկերության կանոնադրական կապիտալում դրամական (փողային) ներդրումներն իրականացված է համարվում Հայաստանի Հանրապետության դրամով` փոխարկման մասին պահանջը փոխառու ընկերության կողմից ստանալու (կամ ստացված համարվելու) օրը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հրապարակած` արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքով: Արտարժույթով տրամադրված փոխարկելի փոխառության պայմանագրով պետք է նաև սահմանվի, որ փոխարկման մասին պահանջը փոխառու ընկերության կողմից ստանալու (կամ ստացված համարվելու) օրը փոխառությունը նորացվում է ու փոխարինվում է դրամային փոխառությամբ, որի շրջանակներում փոխառության գումարը փոխարկվում է Հայաստանի Հանրապետության դրամի նույն օրվա համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հրապարակած` արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքով։ Ընդ որում, փոխառության պայմանագրով կարող է նախատեսվել նորացման ավելի ուշ ժամկետ, որը սակայն չի կարող ավելի ուշ լինել, քան փոխարկման եղանակով ավանդների ներդրման արդյունքները հաստատելու կամ բաժնետոմսերը տեղաբաշխելու որոշումը կայացնելու պահը։ Նորացման դեպքում դրա պահի դրությամբ հաշվեգրված տոկոսների հաշվարկը չի դադարում:»:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: Սույն օրենքի գործողությունը տարածվում է սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո կնքված պայմանագրերից ծագող հարաբերությունների վրա:
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» 2001 թվականի հոկտեմբերի 24-ի ՀՕ-252 օրենքը (այսուհետ` Օրենք) լրացնել 33.1-ին հոդվածով հետևյալ բովանդակությամբ.
«Հոդված 33.1. Ի կատարումն փոխարկելի փոխառության պայմանագրի Ընկերության կանոնադրական կապիտալի ավելացման կարգը
- Ընդհանուր ժողովն ընկերության բոլոր մասնակիցների միաձայն որոշմամբ, կարող է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 886.2-րդ հոդվածով սահմանված փոխարկելի փոխառության պայմանագիր կնքելու մասին որոշում ընդունել, որով ընկերությունը հանդիսանում է փոխառու` այդ թվում այն դեպքում, երբ նման գործարքը հանդիսանում է խոշոր գործարք: Ընկերության կողմից կնքված փոխարկելի փոխառության պայմանագրում, որով ընկերությունը հանդիսանում է փոխառու, փոփոխություններ կատարելու վերաբերյալ որոշումը կայացնում է Ընդհանուր ժողովն ընկերության բոլոր մասնակիցների միաձայն որոշմամբ:
- Ի կատարումն փոխարկելի փոխառության պայմանագրի, որով ընկերությունը հանդիսանում է փոխառու` ընկերության կանոնադրական կապիտալի ավելացումը տեղի է ունենում ընկերության մասնակիցների ընդհանուր ժողովի որոշմամբ:
- Ի կատարումն փոխարկելի փոխառության պայմանագրի, որով ընկերությունը հանդիսանում է փոխառու` բաժնեմասի տրամադրման համար սահմանված պայմանները վրա հասնելուց հետո փոխատուն ընկերության գործադիր մարմնին է ներկայացնում դիմում` ընկերության մասնակից հանդիսացող փոխատուի դեպքում` ընկերության կանոնադրական կապիտալի ավելացման վերաբերյալ` փոխատուի կողմից փոխարկելի փոխառությամբ սահմանված գումարի չափով լրացուցիչ ավանդի ներդրման հիման վրա նրա բաժնեմասի անվանական արժեքի` այդ չափով ավելացման և փոխարկման եղանակով ավանդների ներդրման արդյունքների հաստատման մասին որոշում կայացնելու, իսկ ընկերության մասնակից չհանդիսացող փոխատուի դեպքում` նրան ընկերություն ընդունելու, ընկերության կանոնադրական կապիտալի ավելացման, և փոխատուի կողմից փոխարկելի փոխառությամբ սահմանված գումարի չափով ավանդի ներդրման հիման վրա բաժնեմաս տրամադրելու (փոխարկման եղանակով ավանդների ներդրման արդյունքների հաստատման) մասին որոշում կայացնելու մասին: Փոխարկելի փոխառության պայմանագրով կարող է սահմանվել, որ սույն մասում նշված դիմումը համարվում է ներկայացված` պայմանագրով սահմանված պայմանների վրա հասնելու դեպքում:
- Ի կատարումն փոխարկելի փոխառության պայմանագրի, որով ընկերությունը հանդիսանում է փոխառու` բաժնեմասի տրամադրման համար սահմանված պայմանները վրա հասնելուց և սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված դիմումը ընկերության գործադիր մարմնի կողմից ստացվելուց (պայմանագրով սահմանված դեպքում` ներկայացված համարվելուց) հետո երկամսյա ժամկետում ընկերությունը պարտավոր է կայացնել սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված որոշումները:
- Սույն հոդվածով սահմանված դեպքերում մասնակցի կամ երրորդ անձի (Ընկերության մասնակից չհանդիսացող փոխատուի) ավանդը համարվում է լրիվ ծավալով վճարված` ընկերության կանոնադրական կապիտալի ավելացման և փոխարկման եղանակով ավանդների ներդրման արդյունքների հաստատման մասին որոշումն ընդունելու պահին:
- Ընկերությունը չի կարող փոխարկելի փոխառության պայմանագիր կնքել ընկերության մասնակից չհանդիսացող անձի հետ, եթե ընկերության կանոնադրությամբ արգելված է ընկերության կանոնադրական կապիտալի ավելացումը երրորդ անձանց ավանդների հաշվին:»:
Հոդված 2. Օրենքի 30-րդ հոդվածի 2-րդ պարբերությունը լրացնել հետևյալ բովանդակությամբ երկրորդ նախադասությամբ.
«Սույն պարբերության պահանաջները չեն տարածվում փոխարկելի փոխառության պայմանագրի հիման վրա բաժնեմասի փոխարկման դեպքերի վրա:»:
Հոդված 3. Օրենքի 47-րդ հոդվածի 2-րդ մասը «ընդհանուր ձայների թվի մեծամասնությամբ» բառերից հետո լրացնել «բացառությամբ սույն հոդվածով սահմանված գործարք հանդիսացող փոխարկելի փոխառության պայմանագրի, որով ընկերությունը հանդիսանում է փոխառու և որի կատարման մասին որոշումը ընդունվում է ընդհանուր ժողովի կողմից ընկերության գործարքի կատարման մեջ չշահագրգռված մասնակիցների միաձայնությամբ» բառերով:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: Սույն օրենքի գործողությունը տարածվում է սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո կնքված պայմանագրերից ծագող հարաբերությունների վրա:
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Բաժնետիրական ընկերությունների մասին» 2001 թվականի սեպտեմբերի 25-ի ՀՕ-232 օրենքը (այսուհետ` Օրենք) լրացնել նոր 35.1-ին հոդվածով` հետևյալ բովանդակությամբ.
«Հոդված 35.1. Ի կատարումն փոխարկելի փոխառության պայմանագրի Ընկերության կանոնադրական կապիտալի ավելացման կարգը
- Ընկերությունը կարող է կնքել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 886.2-րդ հոդվածով սահմանված փոխարկելի փոխառության պայմանագիր:
- Ի կատարումն փոխարկելի փոխառության պայմանագրի, որով Ընկերությունը հանդիսանում է փոխառու, փոխարկման համար փոխարկելի փոխառության պայմանագրով սահմանված պայմանները վրա հասնելուց հետո փոխատուն Ընկերության գործադիր մարմնին է ներկայացնում այդ պայմանները վրա հասնելու վերաբերյալ գրավոր ծանուցում, իսկ եթե փոխարկումը պայմանավորված է միայն փոխատուի պահանջով` փոխարկման գրավոր պահանջ: Փոխարկելի փոխառության պայմանագրով կարող է սահմանվել, որ սույն մասում նշված սահմանված խանուցումը կամ պահանջը համարվում է ներկայացված` պայմանագրով սահմանված պայմանների վրա հասնելու դեպքում:
- Ի կատարումն փոխարկելի փոխառության պայմանագրի, որով Ընկերությունը հանդիսանում է փոխառու, լրացուցիչ բաժնետոմսերի թողարկման և փոխատուի օգտին դրանց տեղաբաշխման համար սահմանված պայմանները վրա հասնելուց և սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված ծանուցումն Ընկերության գործադիր մարմնի կողմից ստացվելուց հետո 60-օրյա ժամկետում Ընկերությունը պարտավոր է փոխարկելի փոխառության պայմանագրի համաձայն սահմանված տեսակի, դասի և քանակի բաժնետոմսերը թողարկել և տեղաբաշխել փոխատուի օգտին:
- Փոխարկելի փոխառության պայմանագրի (որով Ընկերությունը հանդիսանում է փոխառու) կնքման, և ի կատարումն այդ պայմանագրի, բաժնետոմսերի թողարկման և փոխատուի օգտին տեղաբաշխման դեպքում Ընկերության այլ բաժնետերերի կամ Ընկերության կողմից բաժնետոմսերը ձեռք բերելու նախապատվության իրավունքը չի կիրառվում։
- Ի կատարումն փոխարկելի փոխառության պայմանագրի, որով Ընկերությունը հանդիսանում է փոխառու, բաժնետոմսերը թողարկվում են Ընկերության կանոնադրությամբ սահմանված` հայտարարված բաժնետոմսերի քանակի և անվանական արժեքի սահմաններում:
- Ի կատարումն փոխարկելի փոխառության պայմանագրի, որով Ընկերությունը հանդիսանում է փոխառու, թողարկված բաժնետոմսերը համարվում են վճարված դրանց տեղաբաշխման պահին:»:
Հոդված 2. Օրենքի 42-րդ հոդվածի 5-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ երկրորդ նախադասությամբ.
«Սույն մասի պահանաջները չեն տարածվում փոխարկելի փոխառության պայմանագրի հիման վրա բաժնետոմսերի փոխարկման դեպքերի վրա:»:
Հոդված 3. Օրենքի 44-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ «զ» կետով.
«զ) Ընկերությունը փոխարկելի փոխառության պայմանագրի հիման վրա տեղաբաշխում է բաժնետոմսեր:»:
Հոդված 4. Օրենքի 61-րդ հոդվածի առաջին մասը «սահմանված չէ» բառերից հետո լրացնել «բացառությամբ խոշոր գործարք հանդիսացող փոխարկելի փոխառության պայմանագրի, որով Ընկերությունը հանդիսանում է փոխառու և որի կնքելու մասին որոշումը ընդունում է ժողովը` Ընկերության ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի բոլոր սեփականատերերի միաձայնությամբ» բառերով:
Հոդված 5. Օրենքի 61.2-րդ հոդվածի առաջին և երկրորդ մասերում «այլ բան նախատեսված չէ» բառերից հետո լրացնել «բացառությամբ Ընկերության գույքի ձեռքբերման կամ օտարման հետ կապված այլ գործարք հանդիսացող փոխարկելի փոխառության պայմանագրի, որով Ընկերությունը հանդիսանում է փոխառու և որի կնքելու մասին որոշումը ընդունում է ժողովը` Ընկերության ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի բոլոր սեփականատերերի միաձայնությամբ» բառերով:
Հոդված 6. Օրենքի 64-րդ հոդվածը լրացնել նոր 2.1-ին մասով` հետևյալ բովանդակությամբ`
«2.1. Եթե փոխարկելի փոխառության պայմանագրի կնքումը հանդիսանում է սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով սահմանված գործարք, ապա այն ենթակա է նաև հաստատման ժողովի կողմից` Ընկերության ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի բոլոր սեփականատերերի միաձայնությամբ:»:
Հոդված 7. Օրենքի 64-րդ հոդվածի երրորդ մասի չորրոդ պարբերությունում «Գործարքը կնքելու մասին որոշումն ընդունվում է քվեարկող բաժնետոմսերի սեփականատեր և գործարքի կատարման մեջ շահագրգռվածություն չունեցող բաժնետերերի ձայների մեծամասնությամբ» բառերից հետո լրացնել «բացառությամբ սույն հոդվածով սահմանված գործարք հանդիսացող փոխարկելի փոխառության պայմանագրի, որով Ընկերությունը հանդիսանում է փոխառու և որի կնքելու մասին որոշումը ընդունում է ժողովը` Ընկերության ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի սեփականատերերի և գործարքի կատարման մեջ շահագրգռվածություն չունեցող բաժնետերերի միաձայնությամբ» բառերով:
Հոդված 8. Օրենքի 67-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել նոր «25.2)» կետով` հետևյալ բովանդակությամբ.
«25.1) Ընկերության կողմից փոխարելի փոխառության պայմանագրի կնքման մասին որոշման ընդունումը, որով Ընկերությունը հանդիսանում է փոխառու, ինչպես նաև այդպիսի պայմանագրում փոփոխություն կատարելու մասին որոշման ընդունումը.»:
Հոդված 9. Օրենքի 68-րդ հոդվածը լրացնել նոր «4.2)» մասով` հետևյալ բովանդակությամբ.
«4.2. Սույն օրենքի 67-րդ հոդվածի 1-ին մասի 25.2-րդ կետով սահմանված հարցով որոշումներն ընդունում է ժողովը` Ընկերության ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի բոլոր սեփականատերերի միաձայնությամբ:»
Հոդված 10. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: Սույն օրենքի գործողությունը տարածվում է սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո կնքված պայմանագրերից ծագող հարաբերությունների վրա:
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. 2016 թվականի հոկտեմբերի 4-ի Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 142-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում «մեթոդով» բառերից հետո լրացնել «, ընդ որում փոխարկելի փոխառության պայմանագրի հիման վրա վճարման ենթակա տոկոսները բաժնետոմսի կամ բաժնեմասի փոխարկման դեպքում տոկոսները համարվում են վճարված փոխարկման պահին» բառերով:
Հոդված 2. Օրենսգրքի 150-րդ հոդվածը լրացնել նոր 14.2.-րդ մասով` հետևյալ բովանդակությամբ.
«14.2. Սույն հոդվածի 14-րդ և 14.1-ին հոդվածների կիրառման նպատակով եթե անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց փոխարկելի փոխառության պայմանագրի հիման վրա վճարման ենթակա տոկոսները բաժնետոմսի կամ բաժնեմասի փոխարկվում են մինչև տոկոսների ստացման իրավունքը ձեռք բերելու հարկային տարվան հաջորդող 12 ամիսների լրանալը, ապա տոկոսները համարվում են վճարված փոխարկման պահին, իսկ եթե փոխարկելի փոխառության պայմանագրի հիման վրա վճարման ենթակա տոկոսները բաժնետոմսի կամ բաժնեմասի փոխարկվում են տոկոսների ստացման իրավունքը ձեռք բերելու հարկային տարվան հաջորդող 12 ամիսներից հետո, ապա տոկոսները համարվում են վճարված մինչև տոկոսների ստացման իրավունքը ձեռք բերելու հարկային տարվան հաջորդող 12 ամիսների լրանալը:»
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
-
Обсуждалось
04.06.2024 - 19.06.2024
-
Тип
Закон
-
Область
Экономика, Финансовая, Экономическая
-
Министерство
Министерство экономики
Просмотры 1974
Принт