«ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԵՎ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ
-
7 - За
-
5 - Против
Նախագիծ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
------------------------ 2024 թվականի N --------- - - Ն
ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԵՎ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Զբոսաշրջության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝ որոշում է
- Սահմանել զբոսաշրջային օպերատորի համար պահանջները՝ համաձայն Հավելված 1-ի։
- Սահմանել զբոսաշրջային գործակալի համար պահանջները՝ համաձայն Հավելված 2-ի։
- Սահմանել զբոսաշրջային օպերատորի և զբոսաշրջային գործակալի կողմից զբոսաշրջային ծառայությունների մատուցման կանոնները՝ համաձայն Հավելված 3-ի։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
Հավելված N 1
ՀՀ կառավարության 2024 թվականի
___________-ի N ____ - Ն որոշման
ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ՕՊԵՐԱՏՈՐԻ ՀԱՄԱՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
- ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
- Սույն Հավելված 1-ում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.
1) զբոսաշրջային գործունեության սուբյեկտի ղեկավար՝ զբոսաշրջային գործունեության սուբյեկտի խորհրդի նախագահը, խորհրդի անդամները, գործադիր մարմնի ղեկավարը, նրա տեղակալները։
2) գրասենյակ` առնվազն 15 քառակուսի մետր մակերեսով սպառողների սպասարկման համար հարմարեցված որպես առանձին կադաստրային միավոր կամ դրա մաս հանդիսացող հասարակական տարածք կամ, անկախ տարածքի նպատակային նշանակությունից, մինչև «Զբոսաշրջության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն ուժի մեջ մտնելը զբոսաշրջային ծառայություններ մատուցելու համար սեփականության, վարձակալության կամ օգտագործման իրավունքներով օգտագործվող տարածք, որի նկատմամբ զբոսաշրջային գործունեության սուբյեկտի սեփականության, վարձակալության կամ անհատույց օգտագործման իրավունքները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստացել են պետական գրանցում կամ առանց պետական գրանցման այդ անշարժ գույքի տարածքում թույլատրվում է մատուցել ծառայություններ, և որն օգտագործվում է կամ նախատեսվում է օգտագործել որպես զբոսաշրջային գործունեության սուբյեկտի գործունեության վայր։
3) զբոսաշրջային գործունեության փորձ` 2003 թվականի դեկտեմբերի 17-ին ընդունված «Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով կամ «Զբոսաշրջության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով որպես իր առևտրային գործունեության մաս կամ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի N 874-Ն հրամանով հաստատված «տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի» (այսուհետ՝ ՏԳՍԴ) N (ԷՆ) խմբի 79.12 կամ 79.11 կոդով փաստացի զբոսաշրջային գործունեություն իրականացրած իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից իրականացված փաստացի գործունեություն՝ գործունեության սկիզբ համարելով Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեին առաջին հաշվետվություն ներկայացնելու ամսաթվին նախորդ ամսվա առաջին աշխատանքային օրը։
- Զբոսաշրջային գործունեության սուբյեկտի ղեկավարը չի կարող լինել՝
1) զբոսաշրջային գործունեության սուբյեկտի կողմից իրականացման ենթակա գործունեության ծանուցման օրվան նախորդող հինգ տարվա ընթացքում սնանկ ճանաչված և չմարված (չներված) պարտավորություններ ունեցող անձը.
2) Հայաստանի Հանրապետության իրավասու դատարանի կողմից կայացված և օրինական ուժի մեջ մտած վճռով՝ ֆինանսական, բանկային, հարկային, մաքսային, առևտրային, տնտեսական, իրավական ոլորտներում պաշտոններ վարելու իրավունքից զրկված անձը, եթե համապատասխան դատական ակտով սահմանված ժամկետը չի լրացել կամ լրացել է զբոսաշրջային գործունեության սուբյեկտի ղեկավարի վերաբերյալ պետական գրանցումն իրականացնելու օրվան նախորդող հինգ տարիների ընթացքում.
3) Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով սահմանված տնտեսական հանցագործությունների համար Հայաստանի Հանրապետության իրավասու դատարանի օրինական ուժի մեջ մտած դատական ակտի հիման վրա դատապարտված կամ դատվածություն ունեցող կամ այդ հանցագործությունների կատարման համար մեղադրյալի կարգավիճակ ունեցող անձը.
4) այն անձը, ում դեմ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով ներկայացված հայցադիմումի հիման վրա Հայաստանի Հանրապետության իրավասու դատարանի օրինական ուժի մեջ մտած դատական ակտով ապացուցված է համարվել տվյալ անձի գործողությունների կամ անգործության հետևանքով զբոսաշրջային գործունեության արդյունքում երրորդ անձանց վնաս պատճառելը։
- Ղեկավարի աշխատանքային փորձը կարող է հաստատվել պայմանագրերի, աշխատանքային գրքույկի կամ իրավասու մարմիններից ստացված տեղեկանքների, երաշխավորագրերի կամ ղեկավարի գործառույթներ կատարելու մասին փաստաթղթեր ներկայացնելու միջոցով։
- Բոլոր այն դեպքերում, երբ սույն Հավելված 1-ի 1-ին կետի 3-րդ ենթակետով սահմանված պայմաններին բավարարող անձը վերակազմակերպվում (վերակազմավորվում) է Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ թույլատրելի իրավահաջորդություն առաջացնող եղանակով կամ նախկինում որպես անհատ ձեռնարկատեր հանդես եկող անձը որպես միակ մասնակից հիմնադրում է իրավաբանական անձ, համապատասխան իրավաբանական անձի իրավանախորդի կամ իրավաբանական անձի հիմնադիր անհատ ձեռնարկատիրոջ կողմից իրականացված զբոսաշրջային գործունեությունը համարվում է իրավահաջորդ իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից որպես միակ մասնակից հիմնադրված իրավաբանական անձի զբոսաշրջային գործունեության փորձ։
- Մինչև «Զբոսաշրջության մասին» օրենքն ուժի մեջ մտնելն զբոսաշրջային ծառայություններ մատուցելու համար վարձակալության և օգտագործման հիմունքներով օգտագործվող գրասենյակի վարձակալության կամ օգտագործման պայմանագիրը պետք է համապատասխանեցվի սույն Հավելված 1-ի 7-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված պահանջներին։
- Սույն Հավելված 1-ում սահմանված պահանջներին համապատասխանությունը զբոսաշրջային օպերատորը պարտավոր է պահպանել իր գործունեության ողջ ընթացքում։
- ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ
- Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի N 874-Ն հրամանով հաստատված «տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի» (այսուհետ՝ ՏԳՍԴ) N (ԷՆ) խմբի 79.12 կոդով զբոսաշրջային օպերատորի գործունեություն իրականացնելու համար «Գործունեության իրականացման ծանուցման մասին» և «Զբոսաշրջային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով որպես զբոսաշրջային օպերատոր ծանուցելու պահին իրավաբանական անձը պարտավոր է.
1) ունենալ զբոսաշրջային գործունեության սուբյեկտի նվազագույնը 1 տարվա գործունեության փորձ (դասակարգիչներ խումբ N (ԷՆ)՝ կոդեր 79.11 և 79․12) կամ ծանուցող զբոսաշրջային գործունեության սուբյեկտի ղեկավարը գրանցվելու պահին պետք է ունենա որևէ զբոսաշրջային գործունեության սուբյեկտի հետ կամ վերջինիս օգտին աշխատանքային կամ քաղաքացիաիրավական պայմանագրով զբոսաշրջային ծառայությունների մատուցմանն ուղղված աշխատանք կատարելու կամ ծառայություն մատուցելու նվազագույնը 3 տարվա աշխատանքային ստաժ կամ փորձ.
2) սեփականության, վարձակալության կամ օգտագործման իրավունքով տիրապետել և օգտագործել գրասենյակ։ Վարձակալության կամ անհատույց օգտագործման մասին պայմանագիրը պետք է համապատասխանի հետևյալ նվազագույն պահանջներին.
ա. կնքված է առնվազն 1 տարի ժամկետով, եթե անժամկետ չէ.
բ. բացառում է վարձատուի կամ անհատույց օգտագործման տրամադրողի կողմից պայմանագրի միակողմանի վաղաժամկետ լուծումը, եթե այդ լուծման համար սահմանված ժամկետը երեք ամսից պակաս է,
3) սպառողներին զբոսաշրջային ծառայություններ մատուցելիս գրասենյակում սպառողների համար տեսանելի վայրում փակցնել և մշտապես պահել զբոսաշրջային օպերատորի ֆիրմային անվանման, հարկ վճարողի հաշվառման համարի, ծանուցման համարի և զբոսաշրջության գործունեության տեսակի (արտագնա, ներգնա կամ ներքին) մասին նվազագույնը հայերեն լեզվով ցուցատախտակ.
4) ներքին իրավական ակտերով սահմանված աշխատանքային ժամերի ընթացքում գրասենյակում մշտապես ապահովել աշխատողների հասանելիությունը ինտերնետին և էլեկտրոնային սարքավորումներին, որով հնարավոր կլինի առցանց եղանակով փնտրել տեղեկատվություն և անհրաժեշտության դեպքում էլեկտրոնային եղանակով կնքել զբոսաշրջային ծառայությունների մատուցման կամ զբոսաշրջային փաթեթի պայմանագիր.
5) առցանց եղանակով զբոսաշրջային ծառայություններ մատուցելիս, իրացնելիս կամ առաջարկելիս ունենալ և մշտապես թարմացված պահել գործող ինտերնետային կայք, որն առվազն պետք է.
ա. հասանելի լինի հայերենով.
բ. յուրաքանչյուր էջի վրա տեսանելի մասում պարունակի նշում էջի թարմացման տարվա, ամսի և ամսաթվի մասին.
գ. առանձանցված բաժնում ներառի տեղեկություններ զբոսաշրջային օպերատորի ֆիրմային անվանման, հարկ վճարողի հաշվառման հասցեի, հարկ վճարողի հաշվառման համարի, գրասենյակի հասցեի, կառավարման մարմինների և դրանց անդամների վերաբերյալ.
դ. զբոսաշրջային օպերատորի կողմից առաջարկվող զբոսաշրջային փաթեթների, տուրերի կամ այլ առանձին զբոսաշրջային ծառայությունների վերաբերյալ տեղեկատվությունը ներկայացնի՝ ենթաբաժիններում առանձնացնելով ներգնա, արտագնա կամ ներքին զբոսաշրջային ծառայությունների վերաբերյալ տեղեկությունները՝ ըստ վերաբերելիության.
ե. պարունակի նշում զբոսաշրջային օպերատորի հեռախոսահամարի կամ վերջինիս կողմից կարգաբերվող և տնօրինվող էլեկտրոնային հավելվածների միջոցով զբոսաշրջային օպերատորի հետ առցանց կապի հասանելիություն ապահովող հասցեների (հղումների) մասին.
զ. պարունակի նշում առցանց հայտերի ներկայացման և զբոսաշրջային օպերատորի կողմից դրանց հետագա հաստատման միջոցով կամ պաշտոնական էլեկտրոնային ստորագրության միջոցով զբոսաշրջային փաթեթի պայմանագիր կնքելու հնարավորության մասին.
է. առանձանցված բաժնում զետեղի զբոսաշրջային ծառայությունների պայմանագրի օրինակելի ձևը (առկայության դեպքում).
ը. սույն որոշմամբ հաստատված Հավելված 3-ին համապատասխան մշակված կանոնների հայերեն օրինակը՝ ինտերնետային կայքը հասանելիությունն ապահովող այլ լեզուներով թարգմանության զուգակցմամբ.
թ. ունենա հղում զբոսաշրջության բնագավառում պետական լիազոր մարմնի կայքի այն էջին, որի միջոցով կարող են ներկայացվել բողոքներ.
6) մշտապես ապահովել անորոշ ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրերով սահմանված աշխատանք կատարող նվազագույնը երկու աշխատողի, ներառյալ գործադիր մարմնի ղեկավարի առկայություն, որոնցից առնվազն մեկը պետք է ունենա զբոսաշրջության ոլորտի բարձրագույն կամ միջին մասնագիտական կամ այլ ոլորտի բարձրագույն կրթություն։
- Եթե զբոսաշրջային օպերատորն ինտերնետային կայքով չի իրացնում, մատուցում կամ առաջարկում զբոսաշրջային ծառայություններ, դրա նկատմամբ կիրառելի չեն սույն Հավելված 1-ի 7-րդ կետի 5-րդ ենթակետի «ե»-«է» պարբերություններով սահմանված պահանջները։
- ՏԳՏԴ N (ԷՆ) խմբի 79.12 կոդով ներգնա զբոսաշրջային գործունեություն իրականացնող զբոսաշրջային օպերատորի վրա չեն տարածվում սույն Հավելված 1-ի 7-րդ կետի 4-րդ ենթակետով սահմանված պահանջը, 5-րդ ենթակետի «դ» և «զ»-«ը» պարբերություններով սահմանված պահանջները։
- ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԾԱՆՈՒՑՄԱՆԸ ԿԻՑ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՊԱՀԱՆՋՆԵՐ
- ՏԳՏԴ N (ԷՆ) խմբի 79.12 կոդով զբոսաշրջային օպերատորի գործունեություն իրականացնելու համար «Գործունեության իրականացման ծանուցման մասին» և «Զբոսաշրջային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով որպես զբոսաշրջային օպերատոր ծանուցելու պահին իրավաբանական անձը պարտավոր է.
1) գրասենյակի նկատմամբ սեփականության իրավունքը հաստատող վկայականի անշարժ գույքի գրանցման մարմնի կայքից արտահանված փաստաթուղթը կամ վկայականի պատճենը, իսկ գրասենյակը վարձակալության կամ օգտագործման իրավունքով տիրապետելու և օգտագործելու դեպքում վարձակալության կամ օգտագործման պայմանագրի պատճենը՝ դրանից բխող իրավունքները պետական գրանցում ստանալու մասին փաստաթղթի հետ միասին կամ առանց պետական գրանցման գրասենյակի օգտագործման մասին պայմանագրի պատճենը.
2) սույն Հավելված 1-ի 1-ին կետի 3-րդ ենթակետով սահմանված պահանջներին համապատասխանությունը հավաստող փաստաթղթերի պատճենները կամ գործադիր մարմնի ղեկավարի կողմից ստորագրված հայտարարություն զբոսաշրջային գործունեության փորձ ունենալու մասին՝ դրանում մանրամասն բացատրելով ծանուցող իրավաբանական անձի՝ նախկինում ունեցած փորձը կամ ներկայացնելով զբոսաշրջային գործունեության ղեկավարի աշխատանքային փորձը հաստատող փաստաթղթեր.
3) «Զբոսաշրջության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 19-րդ կետով սահմանված դեպքում զբոսաշրջային գործունեության այլ սուբյեկտի միջոցով կամ զբոսաշրջային գործունեության մեկ այլ սուբյեկտի հետ համատեղ հանդես գալու դեպքում հայտարարություն այն մասին, որ տվյալ սուբյեկտն ապահովվել է «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ծանուցումը որպես զբոսաշրջային օպերատոր կամ զբոսաշրջային գործակալ.
4) «Զբոսաշրջության մասին» օրենքի 15-րդ հոդվածով սահմանված երաշխիք.
5) զբոսաշրջային գործունեության սուբյեկտի, ինչպես նաև զբոսաշրջային գործունեության սուբյեկտի գործադիր մարմնի ղեկավարի՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրով սահմանված տնտեսական հանցագործությունների կատարման համար դատվածություն չունենալու մասին իրավասու պետական մարմնից տրված համապատասխան տեղեկանք.
6) գործադիր մարմնի ղեկավարի կողմից ստորագրված հայտարարություն իրավաբանական անձի մոտ սնանկության հատկանիշների բացակայության վերաբերյալ.
7) գործադիր մարմնի ղեկավարի կողմից ստորագրված հայտարարություն զբոսաշրջային օպերատորի՝ ինտերնետային կայք ունենալու կամ դրա բացակայության վերաբերյալ՝ առկայության դեպքում նշելով ինտերնետային կայքի հասցեն և արդյոք առկա է առցանց կամ էլեկտրոնային եղանակով զբոսաշրջային պայմանագրեր կնքելու հնարավորություն.
8) գործադիր մարմնի ղեկավարի կողմից ստորագրված հայտարարություն զբոսաշրջային օպերատորի՝ սույն Հավելված 1-ի 8-րդ կետի 6-րդ կետով սահմանված պահանջներին համապատասխանության վերաբերյալ։
- Գործունեության իրականացման ծանուցման պահին գործադիր մարմնի ղեկավարի ստորագրությամբ հայտարարությունները կարող են ներկայացվել առանձին հայտարարություններով կամ մեկ հայտարարությամբ։ Մեկ հայտարարության ձևով ներկայացվելիս դրանում առանձին կետերով կամ բաժիններով առանձացվում են յուրաքանչյուր պահանջի մասով ներկայացվող հայտարարությունները։
- ՏԳՏԴ N (ԷՆ) խմբի 79.12 կոդով ներքին զբոսաշրջային գործունեություն իրականացնող զբոսաշրջային օպերատորի վրա չի տարածվում սույն Հավելված 1-ի 10-րդ կետի 4-րդ ենթակետով սահմանված պահանջը։
- ՏԳՏԴ N (ԷՆ) խմբի 79.12 կոդով ներգնա զբոսաշրջային գործունեություն իրականացնող զբոսաշրջային օպերատորի վրա չեն տարածվում սույն Հավելված 1-ի 10-րդ կետի 4-րդ և 7-րդ ենթակետերով սահմանված պահանջները։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Հավելված N 2
ՀՀ կառավարության 2024 թվականի
_____________-ի N _____ - Ն որոշման
ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ԳՈՐԾԱԿԱԼԻ ՀԱՄԱՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
- ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
- Սույն որոշմամբ հաստատված Հավելված 1-ում օգտագործվող հիմնական հասկացությունները վերաբերելի են զբոսաշրջային գործակալին այնքանով, որքանով սույն Հավելված 2-ով այլ բան սահմանված չէ և պայմանավորված չէ իրավաբանական անձի կարգավիճակից բխող առանձնահատկություններով։
- ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ
- ՏԳՏԴ N (ԷՆ) խմբի 79.11 կոդով զբոսաշրջային գործակալի գործունեություն իրականացնելու համար «Գործունեության իրականացման ծանուցման մասին» և «Զբոսաշրջության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով որպես զբոսաշրջային գործակալ ծանուցելու պահին դիմողը պարտավոր է բավարարել սույն որոշմամբ հաստատված Հավելված 1-ի 7-րդ կետով նշված պահանջները, բացառությամբ 4-րդ ենթակետով, 5-րդ ենթակետի «դ», «զ»-«ը» պարբերություններով սահմանված պահանջների։
- ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԾԱՆՈՒՑՄԱՆԸ ԿԻՑ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՊԱՀԱՆՋՆԵՐ
- Ներգնա զբոսաշրջային գործակալն իր կողմից իրականացման ենթակա գործունեության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ծանուցելիս պարտավոր է համապատասխան ծանուցման հետ միաժամանակ ներկայացնել սույն որոշմամբ հաստատված Հավելված 1-ի 10-րդ կետի 1-ին, 3-րդ, 5-8րդ ենթակետերով սահմանված փաստաթղթերը։
- Արտագնա զբոսաշրջային գործակալն իր կողմից իրականացման ենթակա գործունեության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ծանուցելիս պարտավոր է համապատասխան ծանուցման հետ միաժամանակ ներկայացնել սույն որոշմամբ հաստատված Հավելված 1-ի 10-րդ կետի 1-ին, 3-8-րդ ենթակետերով սահմանված փաստաթղթերը։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Հավելված N 3
ՀՀ կառավարության 2024 թվականի
__________-ի N -____ - Ն որոշման
ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ՕՊԵՐԱՏՈՐԻ ԵՎ ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ԳՈՐԾԱԿԱԼԻ ԿՈՂՄԻՑ ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ
- Զբոսաշրջային օպերատորը (ՏԳՏԴ N (ԷՆ) խումբ՝ կոդ 79.12) պետք է համապատասխանի հետևյալ կանոններին.
1) սպառողների հետ զբոսաշրջային փաթեթի պայմանագիր կնքելիս թղթային կամ էլեկտրոնային կարգով պարտավոր է վարել և մշտապես թարմացնել իր կողմից սպառողների հետ կնքված զբոսաշրջային փաթեթի պայմանագրերի հաշվառման մատյանը, որում, ըստ հերթականության, նշվում են՝
ա. պայմանագրի հաշվառման հերթական համարը.
բ. պայմանագրի կնքման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը.
գ. զբոսաշրջային փաթեթից օգտվող սպառողի անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան և հերթական համարը, հեռախոսահամարը, իսկ առկայության դեպքում՝ էլեկտրոնային փոստի հասցեն կամ կապի այլ միջոցներով անհատականացման վերաբերյալ տեղեկություններ.
դ. նշում պայմանագրով ծառայությունների մատուցման կարգավիճակի մասին (ընթացիկ, մատուցված կամ չեղարկված).
ե. կնքված պայմանագրերի փոփոխությունները՝ ըստ ժամանակագրության,
2) իրավաբանական անձանց հետ զբոսաշրջային ծառայությունների մատուցման վերաբերյալ պայմանագիր կնքելիս պարտավոր է թղթային կամ էլեկտրոնային կարգով վարել և մշտապես թարմացնել իր կողմից իրավաբանական անձանց հետ կնքված զբոսաշրջային փաթեթի պայմանագրերի հաշվառման մատյանը, որում, ըստ հերթականության, նշվում են՝
ա. պայմանագրի կողմ հանդես եկող իրավաբանական անձի ֆիրմային անվանումը և գտնվելու վայրը.
բ. պայմանագրի կնքման ամսաթիվը և հերթական համարը,
3) հնարավորության դեպքում նախքան սպառողի հետ զբոսաշրջային փաթեթի պայմանագիր կնքելը կամ այդ պայմանագրի կնքումն ակցեպտավորելը (առաջարկն ընդունելը) զբոսաշրջային օպերատորը կարող է սպառողի պահանջով գրավոր կամ էլեկտրոնային եղանակով վերջինիս տրամադրել սպառողին հետաքրքրող զբոսաշրջային ծառայության հիմնական բնութագրիչների վերաբերյալ տեղեկատվություն՝ ըստ վերաբերելիության, ներառյալ.
ա. ժամանման վայրը, երթուղին և այցելության ժամանակահատվածը (օրերի հաշվարկով), իսկ գիշերակացի հետ կապված ծառայություններ ներառված լինելու դեպքում՝ նաև գիշերակացի օրերի քանակը.
բ. տրանսպորտի տեսակը, կատեգորիան և բնութագիրը, մեկնման վայրը, ամսաթիվը, մեկնելու և վերադառնալու ժամերը, միջանկյալ կանգառների տևողությունը և վայրերը, ինչպես նաև տրանսպորտային կապակցումները (transport connections)։ Ժամերը հստակ որոշելու անհնարինության դեպքում տրամադրվում է մոտավոր տեղեկատվություն մեկնման և ժամանման ժամերի վերաբերյալ.
գ. գիշերակացի վայրը (հյուրանոցային տնտեսության օբյեկտի գտնվելու հասցեն), հիմնական բնութագրիչները և որակավորման կարգը (առկայության դեպքում).
դ. սննդի կազմակերպման և մատուցման հաճախականությունը, պայմանները, հանրային սննդի օբյեկտի որակավորման կարգը (առկայության դեպքում).
ե. զբոսաշրջային փաթեթի ընդհանուր գնի մեջ ներառված այցելությունները, զբոսանքները կամ այլ ծառայությունները.
զ. խմբային այցելությունների դեպքում՝ խմբի անդամների քանակը, իսկ այն որոշելու անհնարինության դեպքում՝ խմբի անդամների մոտավոր քանակը.
է. զբոսաշրջային ծառայությունների մատուցման ընթացքում կիրառվող հաղորդակցության լեզուն.
թ. հենաշարժողական խնդիրներ, հաշմանդամություն կամ հատուկ կարիքներ ունեցող անձանց համար ստույգ տեղեկատվություն այցելությունը հասանելի կամ ոչ հասանելի լինելու վերաբերյալ.
ժ. զբոսաշրջային փաթեթի ընդհանուր գնի մեջ ներառված հարկերը և տուրքերը, հավելյալ վճարները, գանձումները և այլ ծախսերը։ Եթե մինչև պայմանագրի կնքումը հնարավոր չէ ողջամտորեն ստույգ հաշվարկվել այդ ծախսերը, ապա նշում է կատարվում զբոսաշրջային ծառայություններից օգտվող անձի կողմից կրման ենթակա ծախսի բնույթի մասին.
ժա. վճարման կատարման պայմանները, ներառյալ մասերով վճարվելու դեպքում՝ կանխավճարի (առնվազն տոկոսային արտահայտությամբ) չափը և վճարման ենթակա մնացած գումարի վճարման ժամանակացույցը.
ժբ. մարդկանց ոչ բավարար քանակի պատճառով փաթեթը չեղյալ հայտարարելու մասին հաճախորդին տեղեկացնելու ժամկետը, եթե պայմանագրով փաթեթի իրականացման համար սահմանված է անհրաժեշտ նվազագույն քանակով մարդկանց առկայություն։ Այդ դեպքում վճարված ամբողջ գումարը ենթակա է վերադարձման՝ առանց տույժերի, եթե զբոսաշրջային օպերատորը չի կարող կատարել պայմանագրով ստանձնած իր պարտավորությունները արտառոց կամ անխուսափելի հանգամանքներում և ծանուցում է սպառողին պայմանագրի լուծման մասին անհապաղ նախքան զբոսաշրջային փաթեթի մեկնարկը, կամ զբոսաշրջային փաթեթում ընդգրկված անձանց թիվը պակաս է պայմանագրում նշված անձանց քանակից և զբոսաշրջային օպերատորը ծանուցում է պայմանագրի լուծման մասին պայմանագրով սահմանված ժամկետում, սակայն ոչ ուշ, քան սույն կետի «ժգ» պարբերությունում նշված ժամկետներում.
ժգ. սույն կետի «ժբ» ենթակետում նշված դեպքում զբոսաշրջային օպերատորը ծանուցում է պայմանագրի լուծման մասին զբոսաշրջային փաթեթի մեկնարկի օրվանից 20 օր առաջ, եթե այցելությունը տևելու էր ավելի քան 6 օր, զբոսաշրջային փաթեթի մեկնարկի օրվանից 7 օր առաջ, եթե այցելությունը տևելու էր 2-6 օր, կամ զբոսաշրջային փաթեթի մեկնարկի օրվանից 48 ժամ առաջ, եթե այցելությունը տևելու էր 2 օրից պակաս, եթե սպառողի հետ կնքված պայմանագրով այլ ժամկետ նախատեսված չէ.
ժդ. տեղեկատվություն սպառողի կողմից պայմանագիրը ցանկացած պահի լուծելու վերաբերյալ նախքան զբոսաշրջային փաթեթի մեկնարկը, որի դեպքում սպառողի կողմից նախապես վճարված գումարը ենթակա է վերադարձման սպառողին, իսկ պայմանագրով նախատեսված լինելու դեպքում զբոսաշրջային օպերատորին վճարելով պայմանագրով սահմանված համարժեք և արդարացի վճար պայմանագրի լուծման համար.
ժե. զբոսաշրջային օպերատորի ֆիրմային անվանումը, ապրանքանիշը, հասցեն, հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն կամ տրամադրել ինտերնետային կայքին հղումը, որում արտացոլված են այդ տվյալները.
ժզ. արտարժույթով վճարումների նկատմամբ Հայաստանի Հանրապետության դրամի փոխարժեքը՝ նշելով փոխարժեքի որոշման համար հիմք ընդունվող բանկի տվյալները և ամսաթիվը,
4) հնարավորության դեպքում, ըստ վերաբերելիության, սպառողի պահանջով վերջինիս կարող է տրամադրել նաև տեղեկություններ.
ա. անձնագրերի, ժամանման կամ տարանցիկ երկրների մուտքի և ելքի հետ կապված պահանջների ու ձևակերպումների (արտոնագրեր, սահմանային անցման, մաքսային և այլ ձևակերպումներ) մասին.
բ. կամավոր կամ պարտադիր ապահովագրության ծածկույթի և ապահովագրական դեպքերի վերաբերյալ, ներառյալ պատահարի, հիվանդության կամ մահվան դեպքում հայրենիք վերադարձնելը, եթե զբոսաշրջային գործունեության սուբյեկտն է ձեռք բերել ապահովագրությունը անձի համար.
գ. ժամանման կամ տարանցիկ վայրերում կամ երկրներում վարակիչ հիվանդությունների, առողջության սպառնալիքների և դրանց կանխարգելման, ինչպես նաև առողջության հետ կապված սահմանափակումների և պահանջների մասին.
դ. զբոսաշրջային գործունեության սուբյեկտի բանկային հաշվեհամարը, պետական գրանցման (ֆիզիկական անձի դեպքում պետական հաշվառման) և որպես ծանուցված գործունեություն հաշվառման համարը.
ե. զբոսաշրջության հետ առնչվող օրենքների և կենցաղավարության, տեղաբնակների սովորույթների, հասարակական և կրոնական ծիսակատարությունների, վարքագծի կանոնների, մշակութային, հնագիտական, ճարտարապետական, պատմական և բնական արժեքների, ապահովագրության և զբոսաշրջային ծառայությունների տրամադրման պայմանների մասին․
զ. ժամանակավոր կացության վայրում անվտանգության սպառնալիքի մասին․
է. կանխարգելիչ բժշկական պատվաստումների անհրաժեշտության մասին.
թ. զբոսաշրջության բնագավառում պետական լիազոր մարմնի սահմանած այլ տեղեկություններ,
5) պարտավոր է մշակել և ընդունել իր ղեկավարների և աշխատողների համար էթիկայի կանոններ, որոնք պետք է սահմանեն.
ա. սպառողին տրամադրվող տեղեկատվությունը պատշաճ և ամբողջական ներկայացնելը.
բ. սպառողին մոլորեցնող տեղեկատվություն տրամադրելը բացառելը.
գ. զբոսաշրջային ծառայությունների համար գործող զեղչերի մասին տեղեկատվություն տրամադրելը.
դ. սպառողի՝ ավելի բարձր գնային առաջարկներ ընդունելուն համոզելը՝ տրամադրելով ավելի ցածր առաջարկի համեմատությամբ ավելի բարձր գին ունեցող ծառայությունների մասին հավաստի տեղեկատվություն.
ե. սպառողների մասնավոր կյանքի մասին տեղեկությունների հավաքագրումը բացառելը, սպառողի հետ հաղորդակցվելիս ձեռնպահ մնալ որևէ արտահայտությունից, կատակից, վարքագծից, որը կարող է վիրավորել սպառողի կրոնական, ազգային արժեքները կամ որը կարող է ընկալվել որպես սեռական ոտնձգություն.
զ. որևէ տեսակի խտրականությունը բացառելը.
է. բացառել մրցակից կազմակերպությունների մասին բացասական տեղեկություններ տրամադրելը, հրապարակելը, այդ թվում՝ սոցիալական ցանցերի միջոցով, կամ նրանց մասին արատավորող կամ զրպարտող տեղեկություններ հայտնելը կամ տարածելը կամ որևէ կերպ երրորդ անձանց հասանելի դարձնելը.
ը. բացառել այլ մշակույթների կամ ավանդույթների մասին սպառողի հետ սպեկուլյատիվ բնույթի խոսակցություններ վարելը՝ առանց այդ տեղեկատվության մասին հավաստի աղբյուրներից բավարար գիտելիքներ ունենալու.
թ. Հայաստանի Հանրապետության, դրա պատմության կամ Հայաստանի Հանրապետությունում ապրող ազգային փոքրամասնությունների մասին տեղեկություններ տրամադրելիս չաղավաղել դրանք, ներկայացնել բացառապես հավաստի աղբյուրներից ձեռք բերված տեղեկություն.
ժ. ապահովել շարունակական կրթությունը.
ժա. էթիկայի կանոնները խախտելու համար կիրառվող պատասխանատվությունը,
6) պարտավոր է մշակել և ընդունել բողոքների ընթացակարգ, որն առվազն պետք է սահմանի.
ա. իր կողմից մատուցված ծառայությունների կամ իր կողմից մշակված զբոսաշրջային փաթեթների վերաբերյալ զբոսաշրջային գործակալների միջոցով ստացված բողոքների ընդունման ձևը.
բ. բողոքների քննության առավելագույն ժամկետը և հետադարձ կապի միջոցը բողոքի պատասխանի վերաբերյալ.
գ. սխալ ամրագրումների համար պատասխանատվության վերաբերյալ դրույթներ, ներառյալ՝ օպերատորի պատասխանատվությունը բացառող դեպքերը,
դ. ինտերնետային կայքի առկայության դեպքում առանձին բաժնում ներկայացնել նամակների և բողոքների արձագանքման ժամկետը.
ե. ինտերնետային կայքի առկայության դեպքում ապահովել կայքի միջոցով սպառողի՝ զբոսաշրջային օպերատորի հետ առցանց հետադարձ կապի հնարավորություն,
7) առաջարկվող զբոսաշրջային փաթեթների, տուրերի կամ այլ առանձին զբոսաշրջային ծառայությունների վերաբերյալ առցանց, էլեկտրոնային կամ թղթային եղանակով տեղեկություններ տրամադրելու դեպքում պարտավոր է տրամադրվող տեղեկությունների մեջ առնվազն ներառել.
ա. առաջարկվող զբոսաշրջային փաթեթների, տուրերի կամ այլ առանձին ծառայությունների աշխարհագրական ուղղությունները.
բ. առաջարկվող զբոսաշրջային փաթեթների, տուրերի կամ այլ առանձին ծառայությունների բազային գինը, իսկ հավելյալ ծառայությունների դեպքում՝ նաև այդ ծառայությունների գները.
գ. առաջարկվող փաթեթներում, տուրերում ընդգրկված զբոսաշրջային ծառայությունների (ուղևորափոխադրման, հյուրանոցային, էքսկուրսային, ավտոտրանսպորտային միջոցի վարձույթի, այլ) վերաբերյալ տեղեկատվությունը.
դ. զբոսաշրջային փաթեթի պայմանագրով սահմանված ծառայություններից միակողմ հրաժարվելու համար սահմանված ժամկետները.
ե. զբոսաշրջային փաթեթի պայմանագրից միակողմ վաղաժամկետ հրաժարվելու համար սահմանված ժամկետները, ինչպես նաև հրաժարման արդյունքում վրա հասնող նյութական պատասխանատվությունը (ծախսերը),
8) զբոսաշրջային ծառայություններ մատուցելիս կամ զբոսաշրջային փաթեթ ձևավորելիս պարտավոր է պատշաճ ձևով ապահովել իրավապայմանագրային փաստաթղթերը և համագործակցել միայն այնպիսի սուբյեկտների հետ, որոնք ունեն գործունեության այդ տեսակով զբաղվելու իրավունք,
9) պարտավոր է պահպանել գործընկերների հետ համագործակցության ընթացքում մրցակցային դաշտի հավասարությունը, ներառյալ՝ առանց օբյեկտիվ հիմնավորումների և բացատրությունների միմյանցից տարբերվող գներով զբոսաշրջային փաթեթները գործակալներին վաճառելու կամ իրացնելու համար հասանելի դարձնելը,
10) պարտավոր է լիազոր պետական մարմիններին տրամադրել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված տեղեկատվություն վարակիչ հիվանդությունների, անվտանգության և այլ միջոցառումների վերաբերյալ իրազեկման ապահովման աշխատանքների շրջանակում,
11) պարտավոր է մշակել և ընդունել զբոսաշրջային գործակալների հետ հարաբերությունների կանոններ, որոնք պետք է սահմանեն.
ա. որևէ զբոսաշրջային գործակալին այլ զբոսաշրջային գործակալի նկատմամբ խտրական հիմունքներով առավելություն տրամադրելու անթույլատրելիությունը, եթե տարբերակումը պայմանավորված չէ օբյեկտիվ հիմնավորմամբ կամ չի բխում տվյալ զբոսաշրջային գործակալի հետ ունեցած իրավապայմանագրային հարաբերությունների բնույթից.
բ. որևէ զբոսաշրջային գործակալին այլ զբոսաշրջային գործակալի նկատմամբ առավելություն տրամադրելու դեպքում սահմանել զբոսաշրջային գործակալների նկատմամբ տարբերակված մոտեցման համար օբյեկտիվ չափանիշներ կամ կատեգորիաներ՝ սահմանելով յուրաքանչյուր կատեգորիայի համար տրվող առավելությունները.
գ. զբոսաշրջային գործակալների միջոցով իր կողմից ձևավորված զբոսաշրջային փաթեթները իրացնելիս կամ վաճառելիս զբոսաշրջային գործակալին տրամադրել ամրագրվող ծառայությունների շրջանակներում ծառայությունների հասանելիության վերաբերյալ, ինչպես նաև սույն Հավելված 3-ի 1-ին կետի 3-4-րդ և 7-րդ ենթակետերով սահմանված հստակ և ամբողջական տեղեկատվություն,
12) անհրաժեշտության դեպքում իր միջոցների հաշվին ապահովել աշխատողների վերապատրաստումը։
- ՏԳՏԴ N (ԷՆ) խմբի 79.12 կոդով ներգնա զբոսաշրջային գործունեություն իրականացնող զբոսաշրջային օպերատորի վրա չեն տարածվում սույն Հավելված 3-ի 1-ին կետի 1-ին ենթակետով, 3-րդ ենթակետի «ժդ» պարբերությամբ, 4-րդ ենթակետի «բ» և «դ պարբերություններով, 6-րդ ենթակետի «բ»-«գ» պարբերություններով սահմանված պահանջները։
- Զբոսաշրջային գործակալի գործունեություն (ՏԳՏԴ N (ԷՆ) խումբ ՝ կոդ 79.11) իրականացնելու համար իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերը զբոսաշրջային ծառայություններ մատուցելու մասին պայմանագիր կնքելու պահին պետք է համապատասխանի սույն Հավելված 3-ի 1-ին կետի 1-11-րդ կետերով սահմանված պահանջներին, բացառությամբ 4-րդ ենթակետի «բ» և «դ» պարբերություններով, 6-րդ ենթակետի «բ»-«գ» պարբերությունների։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱ
-
Обсуждалось
27.05.2024 - 12.06.2024
-
Тип
Pешение
-
Область
Экономика
-
Министерство
Министерство экономики
Просмотры 1958
Принт