Добавить в избранное

В стадии разработки

«ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը (նպատակը).

«Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի մարտի 7-ի ՀՕ-148 օրենքի լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի՝ ներկայացված նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) ընդունումը պայմանավորված է էներգետիկայի բնագավառում էլեկտրական էներգիայի և բնականի գազի մատակարարի (այդ թվում նաև՝ երաշխավորված մատակարարի) և սպառողի հարաբերություններում առաջացած խնդիրներին իրավական կարգավորում տալու անհրաժեշտությամբ՝ «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում (այսուհետ՝ Օրենք) լրացում կատարելու միջոցով։

Նախագծի նպատակը սպառված էլեկտրական էներգիայի կամ բնական գազի դիմաց վճարների ստացման արդյունավետ իրավական միջոցների ապահովումն է, ինչպես նաև վճարումից խուսափելու նպատակով հնարավոր չարաշահումների կանխումը։

1.1 Կարգավորման ենթակա հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

  • Իրավական կարգավորման ներկայիս վիճակը

Առկա իրավական կարգավորմամբ էլեկտրական էներգիայի կամ բնական գազի մատակարարման պայմանագիր կնքել ցանկացող յուրաքանչյուր անձ պետք է մատակարարին ներկայացնի դիմում:

Նոր պայմանագրի կնքումը, որպես կանոն, պայմանավորված է լինում սպառման համակարգի տեղակայման տարածքի սեփականատիրոջ փոփոխությամբ։ Մյուս դեպքերում սպառողի փոփոխությունը պայմանավորված չի լինում սեփականատիրոջ փոփոխությամբ (օրինակ, երբ տարածքը հանձնվում է վարձակալությամբ և վարձակալն է ցանկանում դառնալ սպառող)։

Նոր մատակարարման պայմանագիր կնքելու և նոր սպառող դառնալու նպատակով դիմումին կից ներկայացվող փաստաթղթերի ցանկը ներառում է նաև տարածքի նկատմամբ իրավունքները հավաստող փաստաթուղթ։

Ընդ որում, տարածքի նկատմամբ իրավունքները հավաստող փաստաթուղթ է համարվում ոչ միայն իրավունքների պետական գրանցումը հավաստող փաստաթուղթը՝ մասնավորապես Կադաստրի կոմիտեի կողմից տրված վկայականը, այլ նաև Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) կողմից սահմանված կանոններով նախատեսված դեպքերում այլ բնույթի փաստաթղթերը (օրինակ, պայմանագիր կամ բնակության վերաբերյալ տեղեկանք)։

Դիմումը և պահանջվող փաստաթղթերը ստանալուց հետո մատակարարը դիմող անձի հետ պարտավորվում է կնքել մատակարարման պայմանագիր: Մատակարարը պարտավոր է նաև էլեկտրական էներգիա կամ բնական գազ մատակարարել յուրաքանչյուր սպառողի, որի հետ Հանձնաժողովի կանոններով սահմանված կարգով կնքել է մատակարարման պայմանագիր:

Սպառողը սպառված էլեկտրական էներգիայի և բնական գազի արժեքը պարտավոր է վճարել իր կողմից սպառված էլեկտրական էներգիայի և բնական գազի քանակի և արժեքի մասին սահմանված կարգով և ժամկետներում տեղեկացված լինելուց հետո: Վճարման համար հատկացված ժամկետի խախտման դեպքում մատակարարն իրավունք ունի դադարեցնել սպառողի մատակարարումը:

Գործող կարգավորումների համաձայն՝ նախորդ սպառողի պարտքի դիմաց դադարեցված մատակարարումը նոր սպառողի պահանջով վերականգնվում է՝ անկախ այն հանգամանքից, թե նախորդ սպառողի կողմից սպառված էլեկտրական էներգիայի կամ բնական գազի դիմաց վճարումներն ամբողջությամբ կատարվել են, թե ոչ։

  • Առկա խնդիրները

Գործող իրավական կարգավորումները տրամադրում են մատակարարին իրավունքների պաշտպանության ինչպես օպերատիվ, այնպես էլ կանխարգելիչ միջոցներ՝ սպառված էլեկտրական էներգիայի կամ բնական գազի դիմաց վճարումները ժամանակին ստանալու նպատակով։

Մասնավորապես, մատակարարն իրավունք ունի դադարեցնել մատակարարումը, քանի դեռ պարտքը չի վճարվել ամբողջությամբ։

Մեկ այլ պարագայում, բացառությամբ բնակչության, խախտումների կրկնվելու դեպքում  մատակարարն իրավունք ունի նաև պահանջել վճարել կանխավճար կամ ներկայացնել իր համար ընդունելի վճարման այլ երաշխիք։ 

Պարտքի դիմաց մատակարարումը դադարեցված պահելը, որպես իրավունքների պաշտպանության օպերատիվ միջոց, էական դեր է կատարում պարտքի կուտակումը կանխելու և վճարումները սահմանված ժամկետում ապահովելու համար, քանի որ սպառողները հարկադրված են լինում բարեխիղճ կատարել վճարումները, հակառակ պարագայում մատակարարումը կդադարեցվի՝ սպառողի համար դրանից բխող բացասական հետևանքներով։

Առանց այդ իրավունքի իրացման, մատակարարը հնարավորություն չի ունենա արդյունավետ եղանակով և ժամանակին ապահովել վճարումների կատարումը, քանի որ այն սպառողների մոտ, ովքեր կարող են տեղյակ լինել, որ իրենց պարտքի դիմաց մատակարարումը չի դադարեցվի, մեծանում է պարտավորության խախտման և կուտակված պարտքի չվճարման ռիսկը։

Սակայն ոչ բոլոր դեպքերում է, որ մատակարարը կարող է պարտքի դեպքում սպառման համակարգի տեղակայման տարածքի մատակարարումը դադարեցված պահել մինչև պարտքի վճարումը։

Իրավական նորմերով հատուկ կարգավորման չեն ենթարկվել այն հարաբերությունները, երբ սպառողի փոփոխության ժամանակ նախորդ սպառողը դեռևս ունի չկատարված վճարային պարտավորություններ։ Արդյունքում՝ մատակարարը նման դեպքում պարտավոր է կնքել նոր սպառողի հետ պայմանագիրը և վերականգնել մատակարարումը, որը թեկուզև դադարեցված էր նախորդ սպառողի վճարային պարտավորությունների պատճառով։

Ներկայացված իրավիճակում անխուսափելիորեն առաջանում են հետևյալ խնդիրները։

Այսպես, եթե մատակարարման դադարեցված լինելու պայմաններում,  սպառման համակարգի տեղակայման տարածքի իրավատերը փոխվում է նոր անձով (օրինակ, նոր սեփականատեր կամ նոր վարձակալ), ապա վերջինս իրավունք ունի դիմել մատակարարին՝ մատակարարման գործով պայմանագիրը հին իրավատիրոջ հետ լուծելու և նոր պայմանագիր կնքելու նպատակով։ Նման դեպքում մատակարը ստիպված է լինում հին իրավատիրոջ հետ լուծել պայմանագիրը, թեկուզև առկա է ժամկետանց վճարային պարտավորություն։ Բաժանորդի փոփոխության արդյունքում նոր բաժանորդն իրավունք ունի պահանջել վերականգնել իր մատակարարումը։

Այս իրավիճակը կարող է հանդիպել ինչպես իրավատիրոջ սովորական փոփոխությունների դեպքում, այնպես այն ժամանակ, երբ հին բաժանորդը նպատակ է հետապնդում դիտավորյալ եղանակով խուսափել պարտքի վճարումից, իսկ իրավատիրոջ փոփոխությունը կրում է ձևական բնույթ։

Վերջին ներկայացված իրավիճակի օրինակներից մեկը կարող է համարվել հետևյալը․

Անշարժ գույքը հանդիսանում է համատեղ սեփականություն և առկա է կնքված պայմանագիր համատեղ սեփականատերերից մեկի հետ, որը իր հերթին վճարումներ չկատարելու հետևանքով ձևավորում է պարտք և մատակարարը դադարեցնում է մատակարարումը: Մատակարարին է դիմում համատեղ սեփականատերերից մեկ այլ անձ՝ ներկայացնելով տարածքի նկատմամբ իր իրավունքները հաստատող փաստաթուղթը և պահանջելով  կնքել պայմանագիր իր հետ, ինչպես նաև վերականգնել մատակարումը: Մատակարարը կրկին պարտավորվում է բավարարել դիմումը և վերականգնել մատակարարումը:

Մեկ այլ դեպքում, անշարժ գույքի բաժանորդ իրավաբանական անձը (օրինակ, վարձակալը) վճարումներ չկատարելու հետևանքով ձևավորում է պարտք, որի արդյունքում մատակարարումը դադարեցվում է և բաժանորդը հնարավորություն չի ունենում շարունակել իր տնտեսական գործունեությունը տվյալ տարածքում: Հետագայում տարածքը վարձակալությամբ է տրվում մեկ այլ իրավաբական անձի, որը իր հերթին, որպես անշարժ գույքի նոր իրավատեր, դիմում է մատակարարին՝ պահանջելով կնքել իր հետ մատակարարման պայմանագիր և վերականգնել մատակարարումը: Ընդ որում, անշարժ գույքի սեփականատերը համարվում է հին և նոր վարձակալ իրավաբանական անձանց հետ փոխկապակցված անձ։

Մատակարարը, կաշկանդվելով գործող կարգավորմամբ, անկախ նշված հասցեի նկատմամբ պարտքի առկայությունից, պարտավորվում է բավարարել դիմումը և վերականգնել մատակարարումը:

Անկախ այն հանգամանքից, թե վերը նշված դեպքերից որն է առկա, երկու դեպքում էլ մատակարարը զրկվում է մատակարարված էլեկտրական էներգիայի կամ բնական գազի դիմաց պարտքը վճարելու օրենքով իրեն վերապահված օպերատիվ միջոցը (այն է, մատակարարումը դադարեցված պահելը, քանի դեռ պարտքը չի վճարվել) կիրառելու իրավունքից` իրենից անկախ պատճառներով։

Նման պայմաններում նախորդ բաժանորդի ձևավորած պարտք այլ իրավական միջոցներով բռնագանձելը դառնում է ոչ արդյունավետ ոչ միայն դատավարական երկար ժամկետների, այլ նաև նախորդ սպառողի գույքի բացակայության, անվճարունակ դառնալու և այլ հանգամանքներով: 

Արդյունքում՝ նույնանման պայմաններում մատակարարման դիմաց մի դեպքում բաժանորդները պատշաճ կատարում են վճարումները՝ պարտքը սահմանված ժամկետում չվճարելու դեպքում մատակարարման դադարեցման ռիսկը գիտակցելու ուժով, իսկ մեկ այլ դեպքում բաժանորդները, օգտվելով իրավական համապատասխան կարգավորումների բացակայությունից, գիտակցաբար կամ ոչ գիտակցաբար շրջանցում են վճարման պարտավորությունների կատարումը:

 

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Հաշվի առնելով սպառված էլեկտրական էներգիայի կամ բնական գազի դիմաց վճարների պատշաճ իրականացման ապահովման գործընթացում առկա վերը նշված խնդիրները՝ Նախագծով առաջարկվում է կատարել լրացում, որի միջոցով քննարկվող հարցը կստանա իրավական կարգավորում։

Մասնավորապես, Նախագծով առաջարկվում է սահմանել, որ նոր սպառողի հետ էլեկտրական էներգիայի և/կամ բնական գազի մատակարարման պայմանագիրը կնքվում է նախորդ սպառողի կողմից սպառված էլեկտրական էներգիայի և բնական գազի դիմաց վճարային պարտավորությունները (այդ թվում նաև՝ տույժ, տուգանք) ամբողջությամբ կատարված դեպքում։

Ինչպես արդեն իսկ նշվեց, հիմնականում նոր սպառողի հետ էլեկտրական էներգիայի կամ բնական գազի մատակարարման պայմանագիրը կնքվում է այն ժամանակ, երբ տեղի է ունենում սեփականության կամ օգտագործման և տիրապետման իրավունքի փոխանցում, իսկ անշարժ գույքի դեպքում այդ փոխանցումը ենթակա է գրանցման Կադաստրի կոմիտեի կողմից։

Նման պարագայում առաջարկվում է, որպես պետական գրանցման նախապայման, սահմանել տվյալ անշարժ գույքի սպառման համակարգով սպառված էլեկտրական էներգիայի կամ բնական գազի դիմաց վճարային պարտավորություններ (այդ թվում նաև՝ տույժ, տուգանք) չունենալու վերաբերյալ տեղեկանքի ներկայացումը։

Տեղեկանքը տրամադրվում է մատակարարի կողմից, որն ուժի մեջ է 5 աշխատանքային օր:

Անշարժ գույքի գրանցման համար պարտքի բացակայության տեղեկանքի ներկայացման համար բացառություն են սահմանվում այն դեպքերը, երբ օտարումը կատարվում է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության, սնանկության կառավարչի կողմից կամ գրավառուի կողմից՝ հաշվի առնելով այդ հարաբերությունների առանձնահատկությունները։

Ընդ որում, ներկայումս ՀՀ հարկային օրենսգրքի 236-րդ հոդվածի 4-րդ մասով, որպես հարկային պարտավորություններով վճարների ապահովման միջոց, սահմանվել է անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքների պետական գրանցման (իրավունքների փոխանցման) նմանատիպ արգելքն այն դեպքերի համար, երբ առկա են չկատարված հարկային պարտավորություններ:

Նախագծով առաջարկվող փոփոխության կատարման պարագայում անշարժ գույքի ձեռք բերման գործընթացում վաճառողը նախապես ձեռնամուխ կլինի իր սպառված էլեկտրական էներգիայի կամ բնական գազի դիմաց պատշաճ վճարումները կատարելուն՝ հաշվի առնելով այն, որ չկատարումը հետագայում կխոչընդոտի պետական գրանցմանը: Իր հերթին գնորդը նախապես կձեռնարկի միջոցներ՝ պարզելու նշված անշարժ գույքի վերաբերյալ առկա պարտավորությունները, որի արդյունքում կխուսափի հետագա խնդիրներից:

Հանձնաժողովի կողմից սահմանված են բացառություններ, երբ տարածքի նկատմամբ որպես իրավահավաստող փաստաթուղթ կարող է հիմք ընդունվել Կադաստրի կողմից տրող իրավունքների գրանցման վերաբերյալ վկայականից տարբերվող այլ փաստաթուղթ։

Այսինքն, նման պարագայում պարտադիր չէ, որ նոր մատակարարման պայմանագրի կնքմանը նախորդի անշարժ գույքի նկատմամբ իրավունքների գրանցումը։

Հետևաբար, հարցն ամբողջական և համապարփակ կարգավորելու նպատակով զուգահեռ սահմանվում է նաև ընդհանուր կանոն, որի համաձայն՝ նոր սպառողի (բաժանորդի) հետ էլեկտրական էներգիայի կամ բնական գազի մատակարարման պայմանագիրը կնքվում է նախորդ սպառողի կողմից սպառված էլեկտրական էներգիայի կամ բնական գազի դիմաց վճարային պարտավորությունները (այդ թվում նաև՝ տույժ, տուգանք) ամբողջությամբ կատարված լինելու դեպքում։

Նման պայմաններում հարցը ստանում է ամբողջական և համապարփակ կարգավորում, քանի որ մյուս դեպքերում ևս, երբ իրավունքների պետական գրանցում տեղի չի ունենում, սակայն կարող է կնքվել նոր մատակարարման պայմանագիր, կիրառվում է ընդհանուր կանոնը, որի համաձայն, քանի դեռ նախորդ սպառողի վճարային պարտավորությունները չեն կատարվել, նոր մատակարարման պայմանագիր չի կնքվում։

Նման կարգավորման առավելությունը կայանում է նրանում, որ մի կողմից նախորդ բաժանորդի պարտավորությունը չի փոխանցվում նոր բաժանորդին և յուրաքանչյուրը կրում է պատասխանատվություն իր հետ կնքված պայմանագրերի շրջանակներում, մյուս կողմից գործարքի մասնակիցներին պարտավորեցնում է նախապես համաձայնեցնել առկա պարտքի վճարման հարցը, քանի որ առանց այդ պարտավորության կատարման նոր մատակարարման պայմանագիր չի կարող կնքվել կամ իրավունքների գրանցում չի կարող տեղի ունենալ։

Հատկանշական է, որ ի տարբերություն նոր մատակարարման պայմանագրի կնքման փուլի, երբ պարտադիր նախապայման է տարածքի նկատմամբ իրավունքները հավաստող փաստաթղթի առկայությունը, հետագա փուլում՝ արդեն իսկ պայմանագրի գործողության ընթացքում, տարածքի սեփականատիրոջ փոփոխությունն ինքնին իրավական հետևանքներ չի առաջացնում։ Մասնավորապես, տարածքի իրավատիրոջ փոփոխության դեպքում, անգամ եթե այդ մասին տեղյակ է մատակարարը, վերջինս իրավունք չունի միակողմանի լուծել պայմանագիրը կամ պահանջել սպառողի փոփոխության կատարում։

Նման իրավիճակում, մատակարարը շարունակում է փաստացի մեկ անձի էներգիա մատակարարել մեկ այլ անձի հետ կնքված պայմանագրի հիման վրա և շրջանակներում, քանի դեռ պայմանագրի լուծման նախաձեռնությամբ հանդես չի եկել պայմանագրի կողմը կամ նոր իրավատերը։

Նման կարգավորումը պատահական չէ, քանի որ ի սկզբանե օրենսդրի տրամաբանությունը կայացել է հետևյալում, որ պայմանագրի կնքումից հետո մատակարարի համար նշանակություն չի ունենալու իրավատիրոջ փոփոխության փաստը, քանի որ վճարումները կարող են կատարվել պատշաճ նաև այդ ժամանակ։ Իսկ եթե անգամ վճարումները ուշացվեն, ապա մատակարարը իրավունք ունի դադարեցնել մատակարարումը՝ ստիպելով փաստացի տարածքը տիրապետող անձին վճարել պարտքը, թեկուզև վերջինս չի համարվում պայմանագրի կողմ։

Նույն տրամաբանությունը պետք է գործի նաև Նախագծով ներկայացվող խնդիրը կարգավորելիս, որի ուժով տարածքի իրավատիրոջ փոփոխությունը չպետք է հանգեցնի այնպիսի իրավիճակի, որի պայմաններում մատակարարը չկարողանա բռնագանձել ձևավորված պարտքը։ 

  1. Կարգավորման առարկան

Նախագծով առաջարկվում է Օրենք 47-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ՝ 1.1-ին մասով.

  • Նոր սպառողի հետ էլեկտրական էներգիայի կամ բնական գազի մատակարարման պայմանագիրը կնքվում է նախորդ սպառողի կողմից սպառված էլեկտրական էներգիայի և բնական գազի դիմաց վճարային պարտավորությունները (այդ թվում նաև՝ տույժ, տուգանք) ամբողջությամբ կատարված լինելու դեպքում:
  • Բացառությամբ այն դեպքերի, երբ օտարումը կատարվում է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության, սնանկության կառավարչի կամ գրավառուի կողմից՝ Կադաստրի կոմիտեն անշարժ գույքի նկատմամբ իրավունքների (սեփականության, վարձակալության, անհատույց օգտագործման, կառուցապատման) պետական գրանցումն իրականացնում է էլեկտրական էներգիայի և բնական գազի մատակարարի (երաշխավորված մատակարարի) կողմից տրված` տվյալ անշարժ գույքի սպառման համակարգով սպառված էլեկտրական էներգիայի և բնական գազի դիմաց պարտավորություններ (այդ թվում նաև՝ տույժ, տուգանք) չունենալու վերաբերյալ տեղեկանքի հիման վրա, որն ուժի մեջ է 5 աշխատանքային օր։
  • :

 

Սահմանվում է օրենքի ուժի մեջ մտնելու ընդհանուր կանոն՝ այն է, օրենքն ուժի մեջ է մտնելու պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

  1. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Նախագիծն ընդունվելու պարագայում իրավական կարգավորում կստանա մատակարարման հարաբերություններում առկա քննարկվող հարցը՝ մասնավորապես, կբացառվի ձևավորված պարտքի դիմաց վճարումից խուսափելը նոր մատակարարման պայմանագրի կնքման ժամանակ, ինչպես նաև կապահովվի բաժանորդների նկատմամբ միատեսակ մոտեցման դրսևորումը պարտքի դիմաց էլեկտրական էներգիայի կամ բնական գազի մատակարարումը դադարեցնելու հարցում։

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ:

  1. Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.

Նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

  1. 6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.

Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ:

Որոշման նախագիծը չի բխում վերոնշյալ փաստաթղթերից։

  • Обсуждалось

    27.05.2024 - 12.06.2024

  • Тип

    Закон

  • Область

    Энергетика и природные ресурсы

  • Министерство

    Министерство территориального управления и инфраструктур

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1508

Принт

Предложения

«Էներէքս» ՓԲԸ

07.06.2024

ԷՄԱ կանոնների 25 կետի համաձայն՝ Սպառողի նախաձեռնությամբ Երաշխավորված մատակարարի փոխարեն այլ Մատակարարի ընտրությունը կամ ընտրված Մատակարարի փոփոխությունն իրականացվում է ԷՄԱ կանոնների համաձայն՝ օրացուցային տարվա ընթացքում ոչ ավելի, քան 4 անգամ: Մատակարարի կամ Երաշխավորված մատակարարի փոփոխությունը հաշվառվում է Բաշխողի կողմից՝ այդ մասին նշում կատարելով Սպառողի համար բացված անհատական հաշվառման քարտում (այսուհետ` Հաշվառման քարտ): ԷՄԱ կանոնների 59 կետով սահմանվում է, որ Մատակարարի կամ Բաշխողի (Երաշխավորված մատակարարի) նկատմամբ Սպառողի ունեցած պարտքն արգելք չէ այլ Մատակարարի հետ կնքելու Մատակարարման պայմանագիր: Հաշվի առնելով վերը նշված կետերի սահմանումները, ինչպես նաև այն փաստը, որ առաջարկվող նախագծով նախատեսված չէ տեղեկանքի ձև, որով կարտացոլվի հնարավոր Մատակարարների (այդ թվում Երաշխավորված մատակարարի) մոտ Սպառողի էլեկտրաէներգիայի դիմաց վճարային պարտավորությունները, առաջանում է ռիսկ, երբ Երաշխավորված մատակարարի (կամ որևէ այլ Մատակարարի) և բաշխողի կողմից ներկայացված տեղեկանքով (առանց հիմնավորման որ որևիցե այլ Մատակարարի մոտ չմարված պարտավորություն չկա) հնարավոր է դառնում օտարված անշարժ գույքի պետական գրանցումը և նոր Սպառողի հետ էլեկտրական էներգիայի մատակարարման պայմանագրի կնքումը։

Manush Mirzoyan

04.06.2024

Կարծում եմ, հանրային ծառայություններ մատուցող կազմակերպություններից «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի մոտ նույնպես նման խնդիրներ կարող են առաջանալ, ուստի նպատակահարմար կլինի հարցին տալ համապարփակ և ամբողջական լուծում՝ սահմանելով արդյունավետ իրավական միջոցներ խմելու ջրամատակարարման և ջրահեռացման մատուցված ծառայությունների դիմաց վճարների ստացման համար ևս: Ուստի, ցանկալի է փաթեթում ներառել նաև Ջրային օրենքսգրում լրացում կատարելու մասին օրինագիծ, և ըստ այդմ՝ օրենսգրքի 47.2-րդ հոդվածը լրացնել նոր պարբերությամբ հետևյալ բովանդակությամբ. «Նոր սպառողի հետ խմելու ջրամատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման պայմանագիրը կնքվում է նախորդ սպառողի կողմից սպառված խմելու ջրամատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների դիմաց վճարային պարտավորությունները (այդ թվում նաև՝ տույժ, տուգանք) ամբողջությամբ կատարված լինելու դեպքում: Բացառությամբ այն դեպքերի, երբ օտարումը կատարվում է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության, սնանկության կառավարչի կամ գրավառուի կողմից՝ Կադաստրի կոմիտեն անշարժ գույքի նկատմամբ իրավունքների (սեփականության, վարձակալության, անհատույց օգտագործման, կառուցապատման) պետական գրանցումն իրականացնում է խմելու ջրամատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատակարարի կողմից տրված` տվյալ անշարժ գույքի սպառման համակարգով սպառված խմելու ջրամատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների դիմաց պարտավորություններ (այդ թվում նաև՝ տույժ, տուգանք) չունենալու վերաբերյալ տեղեկանքի հիման վրա, որն ուժի մեջ է 5 աշխատանքային օր։»:»

Hayk Hwvsepyan

31.05.2024

<<Էներգետիկայի մասին>> ՀՀ օրենքով չեք կարող կարգավորել գույքի պետական գրանցմանը վերաբերող իրավահարաբերություն։

Узнать больше