Добавить в избранное

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ օրենքի նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

«ՀԱՅԱՍՏԱՄԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ

ԸՆԴՈՒՆՄԱՆ

  1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

         «Հայաստանի Հանրապետության Հարկային օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունմամբ անհրաժեշտ է և նպատակ է հետապնդում հարկային քաղաքականության բարելավմամբ և առավել արդարացի հարկային քաղաքականությամբ նպաստել․

  • Հայաստանի զբոսաշրջության ոլորտում բարեխիղճ մրցակցային միջավայրի ապահովմանն ու գործարար-ներդրումային միջավայրի բարելավմանը,
  • Համաշխարհային շուկայում Հայաստանի ու հայկական զբոսաշրջային արդյունքի մրցունակության ամրապնդմանն ու շարունակական բարձրացմանը,
  • Կազմակերպված զբոսաշրջության (որն առավել կայուն և պատասխանատու զբոսաշրջություն է) վերականգնմանը, ամրապնդմանն ու կայուն զարգացմանը,
  • Զբոսաշրջության ոլորտում         ԱԱՀ        համակարգի        գործողության կատարելագործմանն ու գործարար շրջանակներում ընդհանուր կարգով հարկման համակարգի գրավչության բարձրացմանը,
  • Գործարար շրջանակներում թափանցիկ և պատշաճ հաշվետվողական քաղաքականության գրավչության բարձրացմանն ու հարկման բազային ընդլայնմանը,
  • Հայաստանում կայուն, պատասխանատու և համընդհանուր հասանելի զբոսաշրջության զարգացմանը,
  • Մշակութային և տեղեկատվական անվտանգության մակարդակի բարձրացմանը։

         Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նաև հայկական զբոսաշրջային արդյունքի մրցունակ գնի ձևավորման (մասնավորապես՝ տարածաշրջանի մյուս երկրների նկատմամբ) հրամայականով։

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.

Հայտնի է, որ ճգնաժամային իրավիճակները, մարտահրավերները, բացի բացասական ազդեցությունից, նաև հնարավորություններ են ծնում։

Կորոնավիրուսից հետո նորովի վերաձևավորվող համաշխարհային շուկան կարիք ունի նոր, մրցունակ զբոսաշրջային արդյունքների (առաջարկների) և զբոսաշրջավայրերի։ Ընդ որում, ՄԱԿ Զբոսաշրջության գնահատականներով 2023 թվականին համաշխարհային զբոսաշրջային այցելությունների թիվը հասել է շուրջ 1.3 միլիարդի՝ կազմելով մինչկորոնավիրուսյան 2019 թվականի ցուցանիշի 88% -ը և միտում ունենալով 2024 թվականին հասնել շուրջ 1.5 միլիարդի և հաջորդ տարիներին նույնպես աճել, իսկ զբոսաշրջային այցելություններից ստացված եկամուտը հասել է 1.4 տրիլիոն ԱՄՆ դոլարի (յուրաքանչյուր այցելությունից ստացված եկամուտը՝ միջինը շուրջ 1100 ԱՄՆ դոլար) և նույնպես աճելու միտում ունի։ Մյուս կողմից, առկա են զգալի ու բազմազան, և դեռևս ոչ լիարժեք օգտագործվող ռեսուրսներ:

Նշանակում է՝ մրցունակ զբոսաշրջային արդյունքներ առաջարկելու դեպքում հնարավորություն է ստեղծվում ամրապնդելու և ընդլայնելու մեր դիրքերը համաշխարհային զբոսաշրջային շուկայում և ապահովելու ներգնա զբոսաշրջային այցելությունների քանակի և որակի կայուն ու դինամիկ աճ։

Համաշխարհային շուկայում Հայաստանի և հայկական զբոսաշրջային արդյունքի մրցունակությունն ապահովելու համար անհրաժեշտ է համալիր լուծել հետևյալ հիմնական խնդիրները՝

  1. պայմաններ ապահովել ռեսուրսների առավել արդյունավետ ու լիարժեք օգտագործմամբ հայկական զբոսաշրջային արդյունքի և Հայաստանի շուկաների բազմազանեցման (դիվերսիֆիկացման) համար,
  2. նպաստել ծառայությունների որակի ամրապնդմանն ու շարունակական բարձրացմանը,
  3. իրականացնել արդյունավետ և նպատակային մարկետինգ ու խթանում,
  4. ապահովել Հայաստանի ու հայկական զբոսաշրջային արդյունքի հասանելիությունը համաշխարհային շուկային,
  5. նպաստել հայկական զբոսաշրջային արդյունքի մրցունակ գնի ձևավորմանը։

2023 թվականի դեկտեմբերի 22-ին ընդունվել է «Զբոսաշրջության մասին» ՀՀ օրենքը՝ դրան առնչվող մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների փաթեթով (այսուհետ՝ Օրենք), ինչն էապես նպաստում է 1-ն և 2-րդ խնդիրների լուծմանը։ Մասնավորապես Օրենքով նախատեսվում է

  • ձևավորել և վարել զբոսաշրջային ռեսուրսների գրանցամատյան, ինչը ենթադրում է ռեսուրսների գույքագրում, դասակարգում, տվյալների բազայի ձևավորում, պարբերաբար թարմացում և պաշտոնական կայքում հրապարակում՝ ի նպաստ 1-ին խնդրի լուծման՝ նոր, բազմազան զբոսաշրջային արդյունքների ձևավորման, հայկական զբոսաշրջային արդյունքի դիվերսիֆիկացման,
  • ծանուցման և պարտադիր որակավորման ենթակա սահմանել մի շարք զբոսաշրջային ծառայություններ, ծառայությունների նկատմամբ սահմանել որակավորման պայմաններ և պահանջներ՝ այդպիսով նպաստելով 2-րդ խնդրի լուծմանը։

Զբոսաշրջության զարգացման 2025-2029թթ․ ռազմավարության նախագիծը ևս (արդեն ներկայացվել է ՀՀ վարչապետի աշխատակազմ) ուղղված է ներկայացված խնդիրների լուծմանը և հետագա տարիներին ուղենիշային փաստաթուղթ է լինելու զբոսաշրջության ոլորտի քաղաքականության մշակման համար։ 

2024 թվականի պետական բյուջեով Զբոսաշրջության աջակցության տարեկան ծրագրի համար հատկացվող գումարը բազմապատկվել է: 2024 թվականի բյուջեն կազմում է 1.5 միլիարդ ՀՀ դրամ, 2023 թվականի 1 միլիարդի և 2022 թվականի 200 միլիոնի փոխարեն և հաջորդ տարիներին ավելանալու միտում ունի։ Արդյունավետ և նպատակային օգտագործելու դեպքում այն էապես կնպաստի 3-րդ և 1-ին խնդիրների լուծմանը։

4-րդ խնդրի լուծման նպատակով անհրաժեշտ է դյուրացնել սահմանային անցման գործընթացները, գործի դնել դիվանագիտական խողովակները, բարելավել ճանապարհային և տրանսպորտային ենթակառուցվածքները, միջոցառումներ իրականացնել տարբեր ուղղություններով ուղիղ չվերթներ ապահովելու ուղղությամբ՝ այդ թվում օգտագործելով նաև ավելացող բյուջեյի միջոցները։ Ի դեպ այս խնդրի լուծմանը կարող ենք նպաստել մեկ այլ հնարավորության արդյունավետ օգտագործմամբ, այն է հնարավոր ապաշրջափակումը տնտեսական և օրենսդրական գործիքակազմով կառավարելով։

Ակնհայտ է, որ ձեռնարկվող վերոնշյալ միջոցառումներն ամբողջական և համալիր չեն լինի և լիովին չեն նպաստի Հայաստանի և հայկական զբոսաշրջային արդյունքի ձևավորմանը առանց 5-րդ խնդրի լուծման՝ հայկական զբոսաշրջային արդյունքի մրցունակ գնի ապահովման, ինչը ներկայացված նախագծով լուծման ենթակա խնդիրներից մեկն է։

Խնդիրն այն է, որ առկա գնաճի և արտարժույթի նկատմամբ հայկական դրամի զգալի արժևորման պայմաններում հայկական զբոսաշրջային արդյունքի գինն արտարժույթով թանկացել է առնվազն 50 %-ով։ Ցավոք, համաշխարհային շուկայում այսօր առկա խիստ մրցակցային պայմաններում այս երևույթը կարող է բացասական անդրադառնալ ինչպես ներգնա զբոսաշրջային այցելությունների աճի տեմպի, այնպես էլ համաշխարհային շուկայում և տարածաշրջանում Հայաստանի դիրքերի ընդլայնման և նույնիսկ պահպանման գործընթացի վրա։

Չնայած այն հանգամանքին, որ վիճակագրական տվյալներով 2023 թվականին Հայաստան ներգնա զբոսաշրջային այցելությունների թիվը կազմել է ավելի քան 2.3 միլիոն՝ շուրջ 39%-ով ավելի, քան 2022 թվականին և 25%-ով ավելի, քան 2019 թվականին, սակայն նկատելի է, որ

  • արդեն 2024 թվականի 1-ին եռամսյակում նախնական տվյալներով ներգնա զբոսաշրջային ացելությունների թիվը կազմել է շուրջ 436․000՝ 2023 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ նվազելով շուրջ 3․3%-ով․
  • ընդհանուր այցելությունների մեջ Ռուսաստանի մասնաբաժինը շուրջ 50 % է, այն դեպքում, երբ Հայաստանի համար ոչ պակաս կարևոր շուկաներից ինչպիսիք Իրանից այցելությունները կազմել են ընդամենը 6.5% (ի դեպ 2022թ․ համեմատ նվազել է 0.5%-ով), ԱՄՆ-ից 5% (-0.5%), Եվրոպայից 7% (-1%), ԱՄԷ-ից 0.3% (-0.2%), Ճապոնիայից 0.1% : Սա նշանակում է խիստ կախվածություն մեկ շուկայից, ինչը նույնպես խնդիր է։ Ակնհայտ է, որ որևէ պատճառով (ռուսաստանցի զբոսաշրջիկների համար այլընտրանքային հնարավորությունների ավելացում, Ռուսաստանում տնտեսական իրավիճակի վատթարացում և այլն) Ռուսաստանից զբոսաշրջային այցելությունների նվազման դեպքում մենք լուրջ խնդիրներ կունենանք․
  • կազմակերպված զբոսաշրջության մասնաբաժինն ընդհանուր այցելություններում չնչին է՝ շուրջ 5% (հիմնականում այցելություններն անհատական են), ինչը նույնպես խիստ կարևոր խնդիր է։ Առավել կայուն և պատասխանատու զբոսաշրջությունը կազմակերպված զբոսաշրջությունն է։ Կազմակերպված զբոսաշրջությունը ծրագրային է, դրա շրջանակներում այցելություններն իրականացվում են հանրապետության ողջ տարածքով, եկամուտները բաշխվում են հնարավորինս համաչափ, Հայաստանը և հայկական պատմամշակութային ժառանգությունը ներկայացվում են առավել պատասխանատու և պրոֆեսիոնալ ձևով՝ նպաստելով համաչափ տարածքային տնտեսական զարգացմանը, մշակութային ժառանգության պահպանությանը, զարգացմանը, պատշաճ ներկայացմանն ու հանրահռչակմանը, Հայաստանի ու հայ ժողովրդի միջազգային հեղինակության ամրապնդմանն ու շարունակական բարձրացմանը։ Առանց կազմակերպված զբոսաշրջության, զբոսաշրջությունն առավել քանակական է, քան որակյալ։

Հաջորդ խնդիրն այն է, որ ոլորտում մրցակցային միջավայրը վտանգված է։ Հարյուրավոր սուբյեկտներ, մեծամասամբ նույնիսկ առանց պետական գրանցման, զբաղվում են զբոսաշրջային օպերատորի գործունեությամբ, մատուցում ցածրորակ ծառայություններ՝ ներգրավելով նաև ցածրորակ զբոսավարներ, Հայաստանն ու հայկական մշակութային ժառանգությունը ներկայացնում են իրենց կարողությունների ու պատկերացումների շրջանակներում, որպես կանոն, աշխատակիցներ չունեն և աշխատատեղեր չեն էլ ստեղծում, հարկեր չեն վճարում, բնականաբար ծառայություններն առաջարկում են անհամեմատ ավելի ցածր գներով, քան բարեխիղճ գործարարները, որոնք արդեն կանգնած են շուկայից դուրս մղման վտանգի առաջ։ Նույնպիսի բացասական ազդեցություն ունեն օտարերկրյա անբարեխիղճ գործարարները, որոնք, բացի տնտեսական բացասական ազդեցությունից, միջազգային զբոսաշրջիկներին Հայաստանը ներկայացնում են իրենց պատկերացումներին և շահերին համապատասխան։ Արդյունքում, բացի խիստ բացասական տնտեսական հետևանքներից, ունենք նաև մշակութային և տեղեկատվական անվտանգության խնդիր։ Խնդրի կարգավորման համար հնարավորություն և հիմքեր է ստեղծվել Օրենքի ընդունմամբ։ Սակայն, ստեղծված հնարավորություններն արդյունավետ օգտագործելու համար անհրաժեշտ է իրականացնել համալիր միջոցառումներ, այդ թվում նաև ապահովել արդարացի և բարենպաստ հարկային քաղաքականություն։

Հնարավոր ապաշրջափակումը և միջազգային համագործակցության դիվերսիֆիկացումը մեկ այլ լավ հնարավորություն է՝ այս անգամ Համաշխարհային շուկային Հայաստանի հասանելիության բարձրացման և շուկաների դիվերսիֆիկացման համար։ Սակայն խոսքը գնում է օրենսդրական և տնտեսական գործիքակազմով կառավարելի ապաշրջափակման մասին։ Հակառակ պարագայում այս հնարավորությունը կարող է լուրջ խնդիր և, նույնիսկ, մարտահրավեր դառնալ՝ ստեղծելով սպառնալիքներ թե մրցակցային միջավայրի և թե մշակութային ու տեղեկատվական անվտանգության համար։ Վերոնշյալ Օրենքի ընդունմամբ նաև ապաշրջափակումն ու միջազգային համագործակցությունն արդյունավետ կառավարելու օրենսդրական և տնտեսական գործիքակազմ ձևավորելու հնարավորություն և հիմքեր են ստեղծվել, սակայն այս դեպքում նույնպես անհրաժեշտ են համալիր միջոցառումներ, այդ թվում՝ արդարացի և բարենպաստ հարկային քաղաքականություն։

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը և նպատակը

Ձևավորված հնարավորությունների (այդ թվում՝ զգալի աշխատանքների իրականացման արդյունքում) պայմաններում առկա խնդիրները լուծելու և ցանկալի արդյունքների հասնելու նպատակով անհրաժեշտ են համալիր միջոցառումներ, այդ թվում՝ արդարացի և բարենպաստ հարկային քաղաքականություն։ Այս դեպքում, համալիր միջոցառումների շղթայում, որպես կարևոր օղակ, առաջարկվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ծանուցված և հաշվառված զբոսաշրջային օպերատորների կողմից ներգնա զբոսաշրջային փաթեթների իրացման նկատմամբ սահմանել ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափ, պայմանով, որ այդ փաթեթների շրջանակներում օտարերկրյա զբոսաշրջիկներին զբոսաշրջային ծառայությունները մատուցվեն Հայաստանի Հանրապետության տարածքում։

Համոզված ենք կհամաձայնեք, որ առաջարկվող նախագիծը հարկային արտոնություն չի ենթադրում։ Ներգնա զբոսաշրջային փաթեթը զբոսաշրջային արդյունք/ապրանք է, որն ըստ էության արտահանվում է (իրացվում է օտարերկրյա զբոսաշրջիկներին), և արդարացի է, եթե այդ ապրանքի իրացման նկատմամբ կիրառվի ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափ (ինչպես ընդունված է կիրառել ապրանքների արտահանման նկատմամբ)՝ դրանով նպաստելով նաև համաշխարհային շուկայում Հայաստանի ու հայկական զբոսաշրջային արդյունքի մրցունակության բարձրացմանն ու արտահանման խթանմանը, ինչպես նաև վերոնշյալ մյուս խնդիրների լուծմանը։

Ներկայումս ՀՀ հարկային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 48-րդ կետով իրականության մեջ ներգնա զբոսաշրջային փաթեթի շրջանակներում օտարերկրյա զբոսաշրջիկներին Հայաստանի Հանրապետության տարածքում զբոսաշրջային ծառայություններ մատուցելու դեպքում այդ փաթեթի իրացումն ազատված է ԱԱՀ-ից։ Նման քաղաքականությունը պայմանավորված է այդ գիտակցությամբ, որ ներգնա զբոսաշրջային փաթեթը զբոսաշրջային արդյունք/ապրանք է, որն ըստ էության արտահանվում է, և անհրաժեշտ է վարել համապատասխան քաղաքականություն, և այդ քաղաքականությունն իր էական դրական ազդեցությունն ու դերակատարումն ունեցել է Հայաստանում զբոսաշրջության զարգացման վրա։ Սակայն ակնհայտ է նաև, որ գործող մեխանիզմը դեռևս ԱԱՀ համակարգի արտահանման քաղաքականության լիարժեք տրամաբանության մեջ չէ։ Այսօր իրականությունը փոխվել է, մարտահրավերները, խնդիրները և հնարավորությունները փոխվել են։ Հարկային բարեփոխումների արդյունքում ԱԱՀ զրոյական դրույքաչափի կիրառման (ներառյալ ԱԱՀ վերադարձի) մեխանիզմը գործարար շրջանակներում արդյունավետ է գործում, Օրենքով արդեն զբոսաշրջային օպերատորի գործունեությունը սահմանված է ծանուցման ենթակա և դրա իդենտիֆիկացման ու վերահսկելիության խնդիրը լուծվում է։ Արդեն հնարավոր է և անհրաժեշտ կատարելագործել հարկային քաղաքականությունը և նպաստել խնդիրների լուծմանը։

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք.

Նախագիծը մշակվել է «Տուրիզմի հայկական ֆեդերացիա» ՀԿ և «Հայաստանյան զբոսաշրջային ուղղությունը կառավարող ընկերությունների և ներգնա տուրօպերատորների ասոցիացիա» ՀԿ աջակցությամբ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի կողմից:

  1. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքները
  2. 2024-2029 թվականների ընթացքում Հայաստան ներգնա զբոսաշրջային այցելությունների թիվը կհասնի առնվազն 3 միլիոնի, ընդ որում՝
    • Ներգնա զբոսաշրջային այցելություններից ստացվող համախառն եկամուտը կհասնի տարեկան առնվազն 3 մլրդ ԱՄն դոլարի՝ պետական բյուջե ապահովելով շուրջ 600 մլն ԱՄՆ դոլարին համարժեք եկամուտ,
    • Էապես կփոխվի ներգնա զբոսաշրջային այցելությունների աշխարհագրական կառուցվածքը, կվերանա կախվածությունը մեկ, երկու շուկաներից,
    • Կազմակերպված զբոսաշրջության (որն առավել կայուն, պատասխանատու և վերահսկելի է) մասնաբաժինն ընդհանուր այցելություններում կհասնի առնվազն 30%-ի։ Հայաստանի Հանրապետության սահմանային անցման կետերում 2023 թվականի հունվարից մինչև 2024 թվականի հունվար ընկած ժամանակահատվածում իրականացված միջազգային այցելությունների երրորդ հետազոտության արդյունքներով կազմակերպված զբոսաշրջության մասնաբաժինը 5․1% է։
  3. Կստեղծվեն ավելի քան 20.000 լրացուցիչ որակյալ աշխատատեղեր։ Ընդ որում գյուղական բնակավայրերում, բացի գյուղատնտեսականից, կստեղծվեն նաև ոչ գյուղատնտեսական աշխատատեղեր։
  4. Պետական բյուջեի եկամուտները զգալիորեն կավելանան (2027 թվականին շուրջ 340 մլն ԱՄՆ դոլարին համարժեք)՝ հաշվի առնելով նաև հարկման բազայի ընդլայնումը և զբոսաշրջության մուլտիպլիկատիվ էֆեկտը։
  5. Կայուն և պատասխանատու զբոսաշրջությունը կնպաստի
    • կայուն և համաչափ տարածքային տնտեսական զարգացմանը,
    • մշակութային ժառանգության պահպանմանը, զարգացմանը և պատշաճ ներկայացմանն ու հանրահռչակմանը,
    • Հայաստանի ու հայ ժողովրդի միջազգային հեղինակության ամրապնդմանն ու շարունակական բարձրացմանը, միջմշակութային երկխոսությանը, միջազգային համերաշխության ու ինտեգրացման գործընթացներին Հայաստանի դերի բարձրացմանն ու խաղաղության ապահովմանը։

Ի վերջո, զբոսաշրջությունը ֆենոմեն է, որ սնում է տնտեսության մնացած բոլորը ճյուղերը և սնվում դրանցից, հայտնի է տնտեսության շարժիչ ուժ հանդիսանալու բացառիկ առանձնահատկությամբ, ինչպես նաև ունի ոչ պակաս կարևոր սոցիալական, մշակութային և քաղաքական բացառիկ նշանակություն։

  1. Այլ տեղեկություններ

Նախագծի ընդունման դեպքում պետական բյուջեում կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների ավելացումներ կամ նվազեցումներ չեն նախատեսվում:

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

Նախագծերը բխում են Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050-ի 16-րդ «Ճանաչված, հարգված և հյուրընկալ Հայաստան» մեգանպատակից և «Վերափոխենք հարյուր միլիոնավոր օտարերկրացիների և նրանց առաջնորդների վերաբերմունքը Հայաստանի հանդեպ» «Զանգվածային վերափոխման իմաստը»-ից (հղում՝ https://www.primeminister.am/u_files/file/Haytararutyunner/Armenia2050_7_5.pdf, 28-րդ և 70-րդ էջեր), Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների ծրագրի «2 ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ» կետի «Արտաքին տնտեսական քաղաքականություն և արտահանման խթանում» բաժնի 1-ին, 4-րդ, 5-րդ, 6-րդ պարբերություններից և «2.5 Զբոսաշրջություն» բաժնից (հղում՝ https://www.arlis.am/Annexes/6/2021_N1363hav.pdf, 27-րդ, 28-րդ և 38-39-րդ էջեր) և ՀՀ կառավարության 2021թ. նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշմամբ հաստատված հավելված 1-ի «Էկոնոմիկայի նախարարություն» բաժնի 10․2 կետ (հղում՝ https://www.arlis.am/Annexes/6/2021_N1902hav.1.pdf 231-232-րդ էջ)։  

 

 

 

  • Обсуждалось

    20.05.2024 - 05.06.2024

  • Тип

    Закон

  • Область

    Экономика

  • Министерство

    Министерство экономики

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1907

Принт

Предложения

Վլադիմիր Գևորգյան

28.05.2024

Հարգելի Սեդա, պետք է նշել, որ խտրական մոտեցման մասին խոսք չի կարող լինել, քանի որ շատ դեպքերում անհրաժեշտություն կա, որպեսզի բոլոր տնտեսվարողները գործեն նույն հարկատեսակի դաշտում, հետևապես այս օրենսդրական նախաձեռնությունը կխթանի, որ շատերը շահագրգռված լինեն աշխատել ԱԱՀ-ով: Բացի այդ նախագծին կից «Հիմնավորման» մեջ հստակ հիմնավորված է նախագծի ընդունման անհրաժեշտությունը։ Համոզված ենք, որ նախագծի ընդունումը մեծապես նպաստելու է Հայաստանի ու հայկական զբոսաշրջային արդյունքի մրցունակության բարձրացանը, Հայաստանում մրցակցային, ինչպես նաև գործարար-ներդրումային միջավայրի բարելավմանը, կայուն և պատասխաատու զբոսաշրջության զարգացմանը և այդպիսով կայուն ու համաչափ տնտեսական զարգացմանը, հարկման բազայի և հարկային եկամուտների ավելացմանը։ Զբոսաշրջային արդյունքի (ապրանքի) արտահանման նկատմամբ ԱԱՀ-ի 0-ական դրույքաչափ կիրառելը հարկային արտոնոթյուն չէ, այն հարկային բարեփոխում է ԱԱՀ համակարգի լիարժեք տրամաբանության մեջ և, ի թիվս վերոնշյալ կարևոր արդյունքների նպաստելու է նաև ընդհանուր կարգով հարկման համակարգի գրավչության բարձրացմանը՝ առանց արտոնյալ համակարգելի նկատմամբ խտրականության։ Ի վերջո ներկայացված նախագիծը զբոսաշրջության ոլորտում իրականացվող ինստիտուցիոնալ բարեփոխումների (այդ թվում նաև Զբոսաշրջության մասին նոր օրենքի փաթեթի) կարևոր բաղկացուցիչ մաս է կազմում և առանց դրա ընդունման բարեփոխումները կիսատ կմնան։

Սեդա Աղբալյան

23.05.2024

Հարկային օրենսգրքում առաջարկվող փոփոխությունները հիմնավորված չեն: «Պարզաբանում» անվամբ առդիրում ներկայացված օրինակը պրակտիկ չէ: Հարկ է նշել, որ ներկայումս ներգնա զբոսաշրջությամբ զբաղվող ընկերությունները ազատված են ԱԱՀ-ից: Զրոյական ԱԱՀ-ով աշխատելու պարագայում վերոնշյալ ընկերություններին պետությունը պետք է հաշվանցում կատարի ԱԱՀ չափով: Այս դեպքում, ԱԱՀ-ով աշխատող կազմակերպությունների համար զբոսաշրջային արդյունքի (պրոդուկտի) արժեքը կնվազի ԱԱՀ չափով: Այսպիսով, շրջանառության հարկով աշխատող կազմակերպությունների ձևավորված զբոսաշրջային արդյունքը ավելի բարձր արժեք կունենա: Ստացվում է, որ մոտեցումը խտրական է, կան ռիսկեր, որ դաշտից դուրս կմնան ՓՄՁ ընկերությունները, ինչը հակասում է ՀՀ փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ռազմավարությանը, տնտեսության ոլորտում ՀՀ վարած քաղաքականությանը:

Բագրատ Մովսեսյան

21.05.2024

Իսկ որ կարգավորումներ են սահմանված օպերատորների համար?! Նոր օրենքի թերի կողմերը վերացրեք, նոր հարկային օրենսդրության մասին խոսեք

Узнать больше