ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Տնտեսական աճի և գործարարության զարգացման, ինչպես նաև քրեական օրենսգրքով միայն հանրային վտանգավորության որոշակի աստիճան ունեցող արարքների նախատեսման և քրեադատավարական ռեսուրսների խնայողության նպատակով անհրաժեշտություն է առաջացել ապաքրեականացնել տնտեսական գործունեության դեմ ուղղված որոշ հանցագործություններ: Այդ նպատակով ՀՀ վարչապետը ՀՀ կառավարության 2017 թվականի նոյեմբերի 30-ի նիստին տվել է համապատասխան հանձնարարական:
Տնտեսական որոշ հանցագործությունների ապաքրեականացման անհրաժեշտությունը բազմիցս ընդգծվել է ինչպես ՀՀ վարչապետին կից գործող փոքր և միջին ձեռնարկատիրության խորհրդում, այնպես էլ գիտական շրջանակներում: Իսկ ՀՀ նոր քրեական օրենսգրքի նախագծով մի շարք հանցավոր արարքներ արդեն նախատեսված չեն:
- Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
Գործող քրեական օրենսգրքի տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գլուխը բավականին ծանրաբեռնված է և պարունակում է հանցանքներ, որոնք ընկնում են քրեական օրենսգրքի այլ հանցակազմերի ներքո, ինչպես նաև ցածր հանրային վտանգավորության պատճառով կարող են արդյունավետորեն կարգավորվել քաղաքացիաիրավական կամ վարչական պատասխանատվության դաշտում: Մասնավորապես, կեղծ գովազդի հոդվածով, ըստ www.court.am կայքում հրապարակված դատական վիճակագրության, վերջին տարիներին որևէ քրեական գործ դատարան չի տարվել: Ավելին, ըստ ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կոնտրոնի տրամադրած տվյալների, 2015-2017 թվականներին անգամ որևէ հանցադեպ չի գրանվել: Բացի այդ, նշված բնագավառի նկատմամբ արդեն իսկ գործում են պետական վերահսկողության արդյունավետ կառուցակարգեր, ուստի, նպատակահարմար է նշված արարքը տանել վարչական պատասխանատվության տիրույթ:
Բացառապես քաղաքացիաիրավական բնույթ ունեն ապրանքային նշանի ապօրինի օգտագործման և վարկի ոչ նպատակային օգտագործման հետ կապված հարաբերությունները, որոնց հետ կապված ևս քրեական գործեր գրեթե չեն քննվում դատարանների կողմից: Մասնավորապես, ապրանքային նշանի ապօրինի օգտագործման հետ կապված 2014-2017 թվականներին գրանցված մի քանի դեպքից որևէ մեկով գործը դատարան չի հասել՝ քրեական գործի հարուցումը մերժելու, բողոքի բացակայության, գործը կասեցնելու կամ հանցադեպի բացակայության պատճառով հաշվառումից հանվելու պատճառով: Բացի այդ, ապրանքային նշանն ապօրինի օգտագործելը, ըստ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 183-րդ հոդվածի, մասնավոր մեղադրանքի գործ է, ուստի ակնհայտ է, որ օրենսդիրը այն դասում է նվազ հանրային վտանգավորություն ունեցող արարքների շարքին և այն կարող է կարգավորվել քաղաքացիաիրավական հարաբերությունների միջոցով: Ինչ վերաբերում է վարկը ոչ նպատակային օգտագործելուն, ապա այդ հոդվածով 2012-2017 թվականների ընթացքում քննվել է ընդամենը 2 գործ: Դրա քրեաիրավական պաշտպանության անհրաժեշտության բացակայության մասին է վկայում նաև այն, որ վարկը ոչ նպատակային օգտագործելը նախատեսված չէ օրինակ Էստոնիայի, Գերմանիայի և Կանադայի քրեական օրենսգրքերով:
Բացի այդ, անհասկանալի է, թե ինչու է օրենսգիրքը նախատեսում հենց կեղծ գինի, օղի կամ այլ ալկոհոլային խմիչք պատրաստելը կամ դրանցով մարդու առողջությանը վնաս պատճառելը: Սա ավելորդ կարգավորում է: Ավելի նպատակահարմար է նշված արարքի համար քրեական պատասխանատվության ենթարկել ընդհանուր կարգով, ինչպես դա արվում է արտասահմանյան երկրների քրեական օրենսգրքերով:
210-213-րդ հոդվածների վերաբերյալ առաջարկվող փոփոխությունների և լրացումների հիմնավորումը ներկայացված է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության կողմից 29.01.2018թ. ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացված 01/17.3/597-18 թվակիր գրությամբ:
- Կարգավորման նպատակը և բնույթը
Նախագծերի փաթեթով առաջարկվող փոփոխությունների համաձայն որոշ արարքներ քրեական պատասխանատվության դաշտից կտեղափոխվեն վարչական պատասխանատվության դաշտ, իսկ որոշներն էլ՝ քաղաքացիաիրավական:
- Ակնկալվող արդյունքը
Նախագծերի փաթեթի ընդունման դեպքում իրավական հիմքեր կստեղծվեն գործարարության զարգացման և խրախուսման, քրեական օրենսգրքի բեռնաթափման, ցածր հանրային վտանգավորություն ունեցող արարքների ապաքրեականացման և քրեադատավարական ռեսուրսների խնայողության համար: