Добавить в избранное

««ԳՆԱՀԱՏՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

««ԳՆԱՀԱՏՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ

 

 

  1. Առկա իրավիճակը

   Ներկայումս «Գնահատման գործունեության մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք)
20-րդ հոդվածով սահմանվում է Կադաստրի կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) կողմից ստեղծվող որակավորման հանձնաժողովում ընդգրկվող մասնագետների շրջանակը, որում, ի թիվս Կոմիտեի աշխատակիցների, ընդգրկվում են նաև գնահատողների ինքնակարգավորվող կազմակերպություններից յուրաքանչյուրի առաջարկությամբ առնվազն հինգ տարվա գնահատողի աշխատանքային փորձ ունեցող մեկական գնահատող` իրենց համաձայնությամբ, ռոտացիոն կարգով, առնվազն մեկ տարի ժամկետով։

   Օրենքի 20-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված է, որ գնահատաման որակավորման քննություններին կարող են մասնակցել բարձրագույն կրթություն ունեցող ֆիզիկական անձինք, որոնք վերջին վեց ամսվա ընթացքում մասնակցել են Հայաստանի Հանրապետության տարածքում գործող գնահատողների ինքնակարգավորվող կազմակերպություններից որևէ մեկի անցկացրած վերապատրաստման դասընթացի և ստացել համապատասխան հավաստագիր։

   Օրենքի 24-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ ինքնակարգավորվող կազմակերպությունը հաշվառվում է որպես գնահատողների ինքնակարգավորվող կազմակերպություն միայն այն դեպքում, երբ այդ կազմակերպությանն անդամակցում է լիազոր մարմնում հաշվառված Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող գնահատողների քանակի առնվազն 30 տոկոսը։

   Գործնականում օրենքի կիրարկման տեսանկյունից ներկայումս հաճախ են դժվարություններ առաջանում հանձնաժողովում գնահատողների ներգրավման տեսանկյունից՝ հաշվի առնելով սահմանված մասնագիտական աշխատանքային փորձի բարձր շեմը: Բացի այդ, որոշակի դժգոհությունների տեղիք է տալիս նաև այն հանգամանքը, որ որակավորման քննություններին մասնակցելու համար պարտադիր պահանջ ներկայացված է վերջին վեց ամսվա ընթացքում Հայաստանի Հանրապետության տարածքում գործող գնահատողների ինքնակարգավորվող կազմակերպություններից որևէ մեկի անցկացրած վերապատրաստման դասընթացի մասնակցության և համապատասխան հավաստագիր ունենալու վերաբերյալ, քանի որ հնարավոր են դեպքերը, երբ լիազոր մարմնի կողմից հայտարարված լինի որակավորման քննություն, սակայն ինքնակարգավորվող կազմակերպությունը համապատասխան դասընթաց անցկացրած չլինի և անձի կողմից որակավորում ստանալը դառնա գործնականում այդ փուլում անհնար և ժամանակավրեպ:

   Միևնույն ժամանակ, անհրաժեշտություն է առաջացել վերանայելու ինքնակարգավորվող կազմակերպության համար լիազոր մարմնում հաշվառված Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող գնահատողների քանակի առնվազն 30 տոկոսի անդամակցություն ունենալու պահանջը՝ նպատակ ունենալով զարգացնելու ինքնակարգավորվող կազմակերպությունների ինստուտը և բացառելու ոլորտում մենաշնորհային դիրք ստեղծելու հնարավորությունը:

  1. 2. Ակնկալվող արդյունքը

   Նախագծով նախատեսվում է որակավորման հանձնաժողովում ընդգրկվող գնահատողի հինգ տարվա գնահատողի աշխատանքային փորձի շեմը նվազեցնել՝ դարձնելով երկու տարի, նպատակ ունենալով հանձնաժողովի աշխատանքներին ներգրավել գործող գնահատողների առավել լայն շրջանակ։

   Նախագծով նախատեսվում է նաև գնահատողի որակավորման քննությանը մասնակցելու համար Օրենքով սահմանված վերջին վեց ամսվա ընթացքում Հայաստանի Հանրապետության տարածքում գործող գնահատողների ինքնակարգավորվող կազմակերպություններից որևէ մեկի անցկացրած վերապատրաստման դասընթացին մասնակցելու և համապատասխան հավաստագիր ստանալու պահանջը վերացնել, որը թույլ կտա խուսափել ինքնակարգավորվող կազմակերպությունների կողմից դասընթացների ընթացքում հնարավոր սուբյեկտիվ մոտեցումներ ցուցաբերելու ռիսկերից։ Բացի այդ, ներկայումս Կոմիտեի կողմից մշակվում է համապատասխան նախագծերի փաթեթ, որոնց ընդունման արդյունքում կագրավորվելու են ինքնակարգավորվող կազմակերպությունների կողմից անցկացվող դասընթացների ընթացակարգն ու պայմանները, ինչպես նաև հստակեցվելու են վերջիններիս իրավական կարգավիճակը և գործառույթների շրջանակները։

   Ինքնակարգավորվող կազմակերպությունների առավելագույն քանակի սահմանումը հիմնված է որակավորված մասնագետների քանակի վրա և նպատակ է հետապնդում բացառելու ոլորտում մենաշնորհային դիրք ստեղծելու հնարավորությունը և մրցակցության միջոցով ապահովելու ոլորտների զարգացման համար լավագույն արդյունք:

   Կոմիտեում նոր ինքնակարգավորվող կազմակերպությունների հաշվառման առավել դյուրին ընթացակարգ և պայմաններ ստեղծելու նպատակով Նախագծով առաջարկվում է նվազեցնել ինքնակարգավորվող կազմակերպությունների հաշվառման համար պահանջվող՝ Կոմիտեում հաշվառված ՀՀ քաղաքացի հանդիսացող գնահատողների քանակի նվազագույն շեմը, դարձնելով այն 10 տոկոս։

   3․Նախագիծը մշակվել է Կադաստրի կոմիտեի կողմից:

   4․Նախագծի ընդունման կապակցությամբ ՀՀ պետական բյուջեի եկամուտների ավելացումներ կամ նվազեցումներ չեն նախատեսվում:

   5․Նախագիծը չի բխում ՀՀ կառավարության կողմից որդեգրված ռազմավարական ծրագրերից:

  • Обсуждалось

    17.04.2024 - 03.05.2024

  • Тип

    Закон

  • Область

    Кадастр

  • Министерство

    Kомитет кадастра

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 2265

Принт

Предложения

Արարատ Պապոյան

02.05.2024

Գնահատողների ինքնակարգավորվող կազմակերպության լիազոր մարմնում հաշվառվելու շեմի նվազեցումը գնահատողների քանակի 30 տոկոսից քիչ (առաջարկվում է 10 տոկոս) ներկա պահին գտնում եմ չհիմնավորված, քանի որ գործող օրենքը հնարավորություն է տալիս ևս երկու Ինքնակարգավորվող կազմակերպությունների գրանցում, սակայն գնահատողների կողմից նման անհրաժեշտություն չի դրսեւորվում, այլապես արդեն գնահատողների որոշ մասը միավորված կլինեին այլ նոր մեկ կամ երկու նոր ինքնակարգավորվող կազմակերպությունների շուրջ: Ի նկատի ունենալով այն խնդիրների ծավալները, որոնց լուծմանը պետք է նպաստի ինքնակարգավորվող կազմակերպությունը, ավելի արդյունավետ կլինի մարդկային մասնագիտական ներուժի կենտրոնացումը համեմատաբար մեծաքանակ անդամներով ինքնակարգավորվող կազմակերպություններում:

Արարատ Պապոյան

02.05.2024

Առաջարկում եմ որակավորման և մասնագիտական հանձնաժողովներում ընդգրկվող գնահատողների մասնագիտական ստաժի նվազագույն շեմը սահմանել 5 տարի (այսինքն թողնել անփոփոխ): Նմանատիպ հանձնաժողովներում արդյունավետ աշխատելու համար էական նշանակություն ունի մասնագիտական ստաժը: Տարիների փորձը ցույց է տալիս, որ քննական խնդիրներ և հարցաշարեր կազմելու համար ( որն` ըստ օրենքի, արվելու է որակավորման հանձնաժողովի անդամների կողմից), ինչպես նաև գնահատման հաշվետվությունների վերաբերյալ մասնագիտական կարծիք տրամադրելու համար անհրաժեշտ են մասնագիտական գիտելիքների բավականին խոր իմացություն, մասնագիտական հմտությունների տիրապետում: Կարծում եմ, որ երկու տարվա մասնագիտական փորձը դրա համար բավարար չէ:

Հմայակ Հակոբյան

25.04.2024

Ամփոփելով, ուզում եմ նշել, որ Գնահատման ոլորտը վերջին տարիներին հասել է որոշակի բարձր մակարդակի, գնահատողների, գնահատման կազմակերպությունների և նրանց կատարած աշխատանքի հանդեպ արդեն իսկ կա որոշակի վստահություն, որի մակարդակը գնալով աճում է։ Որոշակի վստահության աճ է նկատվում նաև գործող ինքնակարգավորվող կազմակերպության հանդեպ։ Այս ամենին հասել ենք բոլորիս (թե լիազոր մարմնի աշխատակիցների, թե գնահատողների) քրտնաջան, նվիրված և անշահախնդիր աշխատանքի արդյունքում։ Իրականում Օրենքը կարիք ունի լավարկման, սակայն Օրենքի Ձեր ներկայացրած փոփոխությունները կբերեն ոլորտի դեգրադացման։ Այսօր լիազոր մարմնի ղեկավար կազմում (բաժնի պետ և բարձր) չկա որևէ պաշտոնյա, որը տեղյակ է կամ տիրապետում է ոլորտի խնդիրներին, ուստի, վերոնշյալ ձեռքբերումները պահպանելու և ավելացնելու համար անհրաժեշտ է Օրենքի փոփոխությունները քննարկել բացառապես ոլորտի փորձառու և բանիմաց մասնագետների հետ և չառաջնորդվել նեղ անձնական շահերով: Առաջարկում եմ Օրենքում կատարվող փոփոխությունների նախագիծը մինչ ՀՀ կառավարություն ուղարկելը կազմակերպել բովանդակային քննարկում ոլորտի մասնագետների հետ, ինչը չի արվել մինչ նախագիծը այս հարթակում տեղադրելը։

Узнать больше