Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի օգոստոսի 11-ի «Անձնական օգնականի ծառայություն տրամադրելու կարգը և պայմանները հաստատելու մասին» N 1264-Ն որոշումը գործում է 2024 թվականի հունվարի 1-ից:
Որոշման հավելվածի 3-րդ, 4-րդ և 5-րդ կետերից բխում է, որ անձնական օգնականի ծառայությունների մատուցման շրջանակներում կնքվում է երկկողմ պայմանագիր՝ շահառուի և անձնական օգնականի միջև, սակայն նշված ծառայության համար վճարումը կատարվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից՝ Միասնական սոցիալական ծառայությանը (այսուհետ՝ Ծառայություն) հատկացված միջոցների հաշվին:
Տվյալ իրավակարգավորումը գործնականում խնդիր է առաջացնում, քանի որ Ծառայությունը պետական բյուջեի միջոցների հաշվին վճարում է կատարելու մի պայմանագրի շրջանակներում, որի կողմը չի հանդիսանում։
Բացի այդ, ֆիզիկական անձ հանդիսացող շահառուն և անձնական օգնականը հարկային վճարումների տեսանկյունից ինքնուրույն սուբյեկտ չեն հանդիսանում և տվյալ դեպքում առկա է հարկային գործակալի անհրաժեշտություն, ուստի առկա իրավակարգավորման դեպքում խնդիր է առաջանալու նաև անձնական օգնականի ծառայությունների պայմանագրի հիման վրա հարկերի վճարման տեսանկյունից։
Հաշվի առնելով վերոգրյալը՝ անհրաժեշտություն է առաջացել ավելացնել պայմանագրի նոր ձև, որը կնքվելու է միասնական սոցիալական ծառայության և անձնական օգնականի միջև:
Շահառուի և անձնական օգնականի միջև Ձև N 2-ով կնքվող պայմանագրով սահմանված է, որ պայմանգիրն ուժի մեջ է մտնում կնքման պահից և գործում է մեկ տարի ժամկետով։ Այնինչ, ծառայությունը տրամադրվում է ԾԱԾ-ի հիման վրա, որի գործողության ժամկետը կարող է լինել ավելի երկար։ Հետևաբար ծառայությունը շարունակական ստանալու համար շահառուն ստիպված պետք է կրկին դիմի և ստանա ԾԱԾ:
Շահառուները և անձնական օգնականի թեկնածուները դիմում են տարբեր հարցերով, որոնք հստակեցման կարիք ունեն։
|