В стадии разработки
«ԽԱՂԱՂ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՆՎՏԱՆԳ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» և «ԱՎԻԱՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ
-
1 - За
-
3 - Против
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԽԱՂԱՂ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՆՎՏԱՆԳ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԱՎԻԱՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
- Կարգավորմանենթակա ոլորտի կամ խնդրի սահմանումը.
Գործող օրենսդրության համաձայն՝ «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության միջուկային և (կամ) ճառագայթային վթարների դեպքում իոնացնող ճառագայթման վնասակար ազդեցությունից բնակչության պաշտպանության միջոցառումների և դրանց ապահովմանն ուղղված պահանջները սահմանվում են ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 22-ի N 2328-Ն որոշմամբ, իսկ ՀՀ քաղաքացիական ավիացիայի օդանավակայանների և ՀՀ պետական կառավարման մարմինների գործողություններն ու փոխհամագործակցության ուղղությունները՝ ՀՀ տարածքում առաջացած արտակարգ իրավիճակների արձագանքման, մարդասիրական օգնության և միջազգային փրկարարական ստորաբաժանումների ընդունման, ինչպես նաև ՀՀ կողմից մարդասիրական օգնության ու փրկարարական ստորաբաժանումների՝ այլ երկիր ուղարկման հիմնահարցերը սահմանվում են ՀՀ կառավարության 2017 թվականի փետրվարի 2-ի N 105-Ն որոշմամբ, որոնք իրենց հերթին չեն պարունակում որևէ լիազորող նորմ։ Առաջացած խնդրին լուծում տալու և գործնականում լիազորող նորմի բացակայությամբ ընդունված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի առկայությունը բացառելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել մշակել սույն նախագիծը և «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» և «Ավիացիայի մասին» օրենքներում ավելացնել համապատասխան լիազորող նորմեր:
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը․
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝
«1. (…) Ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտը ունենում է նախաբան, որում նշվում է օրենսդրական իրավական ակտի հոդվածը կամ մասը, որը ներառում է Սահմանադրության 6-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված լիազորող նորմեր: (…)»:
Նշված իրավակարգավորումից բխում է, որ յուրաքանչյուր ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտ իր նախաբանում պետք է պարունակի այն իրավական նորմի հղումը, որը լիազորում է համապատասխան ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ընդունող մարմնին ընդունել այն:
Նշվածի համատեքստում անդրադառնալով ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 22-ի N 2328-Ն և ՀՀ կառավարության 2017 թվականի փետրվարի 2-ի N 105-Ն որոշումներին՝ հարկ է նկատել, որ դրանց ընդունման պահին գործել է «Իրավական ակտերի մասին» օրենքը, որում լիազորող նորմի նշման վերաբերյալ համապատասխան պահանջ նախատեսված չլինելու պայմաններում գործնականում բացակայել է նախաբանում լիազորող նորմին հղում տալու պարտադիր պահանջը, բացի այդ գործող օրենսդրությամբ չկա որևէ օրենսդրական իրավական ակտի իրավական նորմ, որը Կառավարությանը լիազորում է ընդունել ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 22-ի N 2328-Ն և ՀՀ կառավարության 2017 թվականի փետրվարի 2-ի N 105-Ն որոշումները և կարող է լիազորող նորմ հանդիսանալ վերջինիս համար:
Այսպես.
Սահմանադրության 6-րդ հոդվածի համաձայն՝
«1. Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով:
2․Սահմանադրության և օրենքների հիման վրա և դրանց իրականացումն ապահովելու նպատակով Սահմանադրությամբ նախատեսված մարմինները կարող են օրենքով լիազորվել ընդունելու ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր: Լիազորող նորմերը պետք է համապատասխանեն իրավական որոշակիության սկզբունքին:(…)»:
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն՝
«3) ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտ՝ Սահմանադրության և օրենքների հիման վրա և դրանց իրականացումն ապահովելու նպատակով օրենքով լիազորված լինելու դեպքում Սահմանադրությամբ նախատեսված մարմինների ընդունած նորմատիվ իրավական ակտ:»:
Նշված կարգավորումներից բխում է, որ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունման համար անհրաժեշտ է, որ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունման լիազորությունը հստակ սահմանված լինի օրենքով: Հետևաբար՝ առաջացած խնդրին հնարավոր է լուծում տալ միայն առկա օրենսդրության մեջ լրացում կատարելու միջոցով:
Հիմք ընդունելով վերոնշյալը՝ սույն նախագծով առաջարկվում է համապատասխան նորմերը ավելացնել․
«Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» օրենքի՝ «Ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում Կառավարության իրավասությունը» վերտառությամբ 7-րդ հոդվածում՝ լրացնելով հետևյալ բովանդակությամբ «իդ» կետ՝
«իդ) հաստատում է հայկական ատոմային էլեկտրակայանի միջուկային և (կամ) ճառագայթային վթարների դեպքում բնակչության պաշտպանության ազգային պլանը (հայկական ատոմային էլեկտրակայանի արտաքին վթարային պլան)։»,
«Ավիացիայի մասին» օրենքի՝ «Օդանավակայանները և աերոդրոմները» վերտառությամբ 12-րդ հոդվածում՝ լրացնելով հետևյալ բովանդակությամբ 16-րդ մաս՝
«16․ Արտակարգ իրավիճակներում քաղաքացիական ավիացիայի օդանավակայանների գործելու և Հայաստանի Հանրապետության պետական մարմինների հետ փոխհամագործակցության կարգը սահմանում է Կառավարությունը։»։
- Կարգավորման նպատակը, ակնկալվող արդյունքները.
Նախագծի նպատակն է լուծում տալ առաջացած խնդրին և գործնականում բացառել լիազորող նորմի բացակայությամբ ընդունված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի առկայությունը:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք․
Նախագիծը մշակվել է Ներքին գործերի նախարարության կողմից։
- Նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք․ փոփոխությունները.
Նախագծի ընդունմամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
Նախագծի ընդունման կապակցությամբ առկա է ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 22-ի N 2328-Ն և ՀՀ կառավարության 2017 թվականի փետրվարի 2-ի N 105-Ն որոշումների մեջ փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն:
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.
Նախագիծը չի բխում ռազմավարական փաստաթղթերից:
ՀՀ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
-
Обсуждалось
23.02.2024 - 09.03.2024
-
Тип
Закон
-
Область
Чрезвычайные ситуации
-
Министерство
Министерство внутренних дел
Просмотры 1943
Принт