Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«ԽԱՂԱՂ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՆՎՏԱՆԳ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» և «ԱՎԻԱՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԽԱՂԱՂ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՆՎՏԱՆԳ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԱՎԻԱՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

  1. Կարգավորմանենթակա ոլորտի կամ խնդրի սահմանումը.

Գործող օրենսդրության համաձայն՝ «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության միջուկային և (կամ) ճառագայթային վթարների դեպքում իոնացնող ճառագայթման վնասակար ազդեցությունից բնակչության պաշտպանության միջոցառումների և դրանց ապահովմանն ուղղված պահանջները սահմանվում են ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 22-ի N 2328-Ն որոշմամբ, իսկ ՀՀ քաղաքացիական ավիացիայի օդանավակայանների և ՀՀ պետական կառավարման մարմինների գործողություններն ու փոխհամագործակցության ուղղությունները՝ ՀՀ տարածքում առաջացած արտակարգ իրավիճակների արձագանքման, մարդասիրական օգնության և միջազգային փրկարարական ստորաբաժանումների ընդունման, ինչպես նաև ՀՀ կողմից մարդասիրական օգնության ու փրկարարական ստորաբաժանումների՝ այլ երկիր ուղարկման հիմնահարցերը սահմանվում են ՀՀ կառավարության 2017 թվականի փետրվարի 2-ի N 105-Ն որոշմամբ, որոնք իրենց հերթին չեն պարունակում որևէ լիազորող նորմ։ Առաջացած խնդրին լուծում տալու և գործնականում լիազորող նորմի բացակայությամբ ընդունված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի առկայությունը բացառելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել մշակել սույն նախագիծը և «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» և «Ավիացիայի մասին» օրենքներում ավելացնել համապատասխան լիազորող նորմեր:

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը․

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝

«1. (…) Ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտը ունենում է նախաբան, որում նշվում է օրենսդրական իրավական ակտի հոդվածը կամ մասը, որը ներառում է Սահմանադրության 6-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված լիազորող նորմեր: (…)»:

Նշված իրավակարգավորումից բխում է, որ յուրաքանչյուր ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտ իր նախաբանում պետք է պարունակի այն իրավական նորմի հղումը, որը լիազորում է համապատասխան ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ընդունող մարմնին ընդունել այն:

Նշվածի համատեքստում անդրադառնալով ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 22-ի N 2328-Ն և ՀՀ կառավարության 2017 թվականի փետրվարի 2-ի N 105-Ն որոշումներին՝ հարկ է նկատել, որ դրանց ընդունման պահին գործել է «Իրավական ակտերի մասին» օրենքը, որում լիազորող նորմի նշման վերաբերյալ համապատասխան պահանջ նախատեսված չլինելու պայմաններում գործնականում բացակայել է նախաբանում լիազորող նորմին հղում տալու պարտադիր պահանջը, բացի այդ գործող օրենսդրությամբ չկա որևէ օրենսդրական իրավական ակտի իրավական նորմ, որը Կառավարությանը լիազորում է ընդունել ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 22-ի N 2328-Ն և ՀՀ կառավարության 2017 թվականի փետրվարի 2-ի N 105-Ն որոշումները և կարող է լիազորող նորմ հանդիսանալ վերջինիս համար:

Այսպես.

Սահմանադրության 6-րդ հոդվածի համաձայն՝

«1. Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով:

2․Սահմանադրության և օրենքների հիման վրա և դրանց իրականացումն ապահովելու նպատակով Սահմանադրությամբ նախատեսված մարմինները կարող են օրենքով լիազորվել ընդունելու ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր: Լիազորող նորմերը պետք է համապատասխանեն իրավական որոշակիության սկզբունքին:(…)»:

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն՝

«3) ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտ՝ Սահմանադրության և օրենքների հիման վրա և դրանց իրականացումն ապահովելու նպատակով օրենքով լիազորված լինելու դեպքում Սահմանադրությամբ նախատեսված մարմինների ընդունած նորմատիվ իրավական ակտ:»:

Նշված կարգավորումներից բխում է, որ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունման համար անհրաժեշտ է, որ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունման լիազորությունը հստակ սահմանված լինի օրենքով: Հետևաբար՝ առաջացած խնդրին հնարավոր է լուծում տալ միայն առկա օրենսդրության մեջ լրացում կատարելու միջոցով:

Հիմք ընդունելով վերոնշյալը՝ սույն նախագծով առաջարկվում է համապատասխան նորմերը ավելացնել․

«Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» օրենքի՝ «Ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում Կառավարության իրավասությունը» վերտառությամբ 7-րդ հոդվածում՝  լրացնելով հետևյալ բովանդակությամբ «իդ» կետ՝

«իդ) հաստատում է հայկական ատոմային էլեկտրակայանի միջուկային և (կամ) ճառագայթային վթարների դեպքում բնակչության պաշտպանության ազգային պլանը (հայկական ատոմային էլեկտրակայանի արտաքին վթարային պլան)։»,

«Ավիացիայի մասին» օրենքի՝ «Օդանավակայանները և աերոդրոմները» վերտառությամբ 12-րդ հոդվածում՝  լրացնելով հետևյալ բովանդակությամբ 16-րդ մաս՝

«16․ Արտակարգ իրավիճակներում քաղաքացիական ավիացիայի օդանավակայանների գործելու և Հայաստանի Հանրապետության պետական մարմինների հետ փոխհամագործակցության կարգը սահմանում է Կառավարությունը։»։

  1. Կարգավորման նպատակը, ակնկալվող արդյունքները.

Նախագծի նպատակն է լուծում տալ առաջացած խնդրին և գործնականում բացառել լիազորող նորմի բացակայությամբ ընդունված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի առկայությունը:

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք․

Նախագիծը մշակվել է Ներքին գործերի նախարարության կողմից։

  1. Նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք․ փոփոխությունները.

Նախագծի ընդունմամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

Նախագծի ընդունման կապակցությամբ առկա է ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 22-ի N 2328-Ն և ՀՀ կառավարության 2017 թվականի փետրվարի 2-ի N 105-Ն որոշումների մեջ փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն:

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.

Նախագիծը չի բխում ռազմավարական փաստաթղթերից:

 

ՀՀ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

  • Քննարկվել է

    23.02.2024 - 09.03.2024

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Արտակարգ իրավիճակներ

  • Նախարարություն

    Ներքին գործերի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1937

Տպել