Добавить в избранное

«Միջազգային քրեական դատարանի հետ Հայաստանի Հանրապետության համագործակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՀԵՏ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

1998 թվականի հուլիսի 17-ին ստորագրված` Միջազգային քրեական դատարանի Հռոմի Կանոնադրությունը (այսուհետ՝ Կանոնադրություն) վավերացնելու և Կանոնադրության 12-րդ հոդվածի 3-րդ մասի հիմքով «Հայաստանի Հանրապետության կողմից Միջազգային քրեական դատարանի իրավազորությունը հետադարձորեն ճանաչելու մասին» հայտարարություն ընդունելու մասին 2023 թվականի հոկտեմբերի 3-ին ընդունված ՀՀ օրենքով վավերացվել է 1998 թվականի հուլիսի 17-ին ստորագրված՝ Միջազգային քրեական դատարանի Հռոմի Կանոնադրությունը, ինչի հիման վրա Հայաստանի Հանրապետությունը հետադարձորեն ճանաչել է 1998 թվականի հուլիսի 17-ին ստորագրված՝ Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության 12-րդ հոդվածի 3-րդ մասի հիմքով Միջազգային քրեական դատարանի իրավազորությունը Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության 6-րդ, 7-րդ և 8-րդ հոդվածներով նախատեսված՝ ցեղասպանության, մարդկության դեմ ուղղված և պատերազմական հանցագործությունների նկատմամբ 2021 թվականի մայիսի 10-ի ժամը 00:00-ից ի վեր:

1998 թվականի հուլիսի 17-ին ստորագրված՝ Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության վավերացումից հետո հրատապ է ներպետական իրավական համակարգում այնպիսի իրավակարգավորումներ նախատեսելը, որոնք վերաբերում են Միջազգային քրեական դատարանի հետ Հայաստանի Հանրապետության համագործակցության հիմունքներին, համագործակցության համար լիազորված մարմիններին և նրանց գործառույթներին, ինչպես նաև համագործակցության ընթացքում իրավական օժանդակության ձևերին:

Նախագծի մշակման ընթացքում ուսումնասիրվել է Միջազգային քրեական դատարանի՝ Հռոմի Կանոնադրության դրույթները, վերաբերելի մասով դրանք զետեղվել են սույն օրենքի համապատասխան հոդվածներում, չեն ներառվել այնպիսի դրույթներ, որոնք ուղղակի կամ անուղղակի հակասության մեջ կարող են գտնվել Կանոնադրության դրույթների հետ, ինչով էլ պայմանավորված՝ նախագծի ընդունման դեպքում անհրաժեշտություն է առաջանալու վերաբերելի մասով փոփոխություններ կատարել ոլորտային օրենսդրական ակտերում՝ հաշվի առնելով Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության ավելի բարձր իրավաբանական ուժը ներպետական օրենսդրության նկատմամբ: Որպես նշվածի հիմնավորում հարկ է հիշատակել Կանոնադրության 1-ին հոդվածը, որտեղ սահմանում է, որ Միջազգային քրեական դատարանը լիազորված է իր իրավազորությունն իրականացնել միջազգային հանրության մտահոգությունը հարուցող ամենածանր հանցագործությունների կատարման համար պատասխանատու անձանց նկատմամբ, ինչպես նախատեսված է սույն Կանոնադրությամբ, և լրացնում է քրեական իրավազորության ազգային համակարգերը: Դատարանի իրավազորությունն ու գործունեությունը կարգավորվում են Կանոնադրության դրույթներով:

Բացի այդ, նախագծի մշակման անհրաժեշտությունը բխում է նաև նրանից, որ Միջազգային քրեական դատարանի վերաբերյալ միջազգային փորձի ուսումնասիրության ընթացքում պարզվել է, որ տարբեր երկրներ 1998 թվականի հուլիսի 17-ին ստորագրված` Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը վավերացնելուց հետո իրենց ներպետական օրենսդրությունում ընդունել են Միջազգային քրեական դատարանի հետ տվյալ երկրի համագործակցության մասին օրենքը, ինչի շնորհիվ ներպետական մակարդակում հնարավոր է եղել կանոնակարգել այնպիսի դրույթներ, որոնք վերաբերում են Միջազգային քրեական դատարանի հետ համագործակցության հիմունքներին, համագործակցության համար լիազորված մարմիններին և նրանց գործառույթներին, ինչպես նաև համագործակցության ընթացքում իրավական օժանդակության ձևերին:

Նշված հանգամանքներով էլ պայմանավորված է Միջազգային քրեական դատարանի հետ Հայաստանի Հանրապետության համագործակցության մասին օրենքի ընդունման անհրաժեշտությունը:

 

  1. 2. Առաջարկվող կարգավորման բնույթը.

Նախագծերով ներկայացված փոփոխությունները և լրացումներն, ընդհանուր առմամբ հանգում են հետևյալին.

  • Նախագծի 1-ին գլխում սահմանվել են ընդհանուր դրույթները, որոնց մեջ կանոնակարգվել են սույն օրենքի կարգավորման առարկային վերաբերող, ինչպես նաև Միջազգային դատարանի հետ Հայաստանի Հանրապետության համագործակցության իրավական հիմքերին վերաբերող հարցերը: Մասնավորապես՝ օրենքի կարգավորման առարկան ներառում է այնպիսի հարցերի շրջանակ, ինչպիսիք են Միջազգային քրեական դատարանի հետ Հայաստանի Հանրապետության համագործակցությունը, համագործակցության համար լիազորված մարմինները, ինչպես նաև համագործակցության ընթացքում իրավական օժանդակության ձևերը:
  • Նախագծի 2-րդ գլխում ներառվել են Միջազգային քրեական դատարանի հետ Հայաստանի Հանրապետության համագործակցության համար լիազորված մարմիններին, դրանց գործառույթներին, լիազոր մարմնի կողմից Միջազգային քրեական դատարանի հետ հարցման կապակցությամբ խորհրդակցություններ անցկացնելուն, ՀՀ պետական մարմինների կողմից հարցման կապակցությամբ կատարվելիք գործողություններին վերաբերող հարցերի վերաբերյալ կարգավորումներ: Մասնավորապես՝ օրենքով սահմանվել է, որ Միջազգային քրեական դատարանի հետ Հայաստանի Հանրապետության համագործակցության համար լիազորված մարմիններ են հանդիսանում Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը և Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչը: Ընդ որում, օրենքում հստակ տարանջատված ու կանոնակարգված են, թե կոնկրետ որ դեպքերում վերը նշված մարմիններից որն է իրավասու համագործակցել Միջազգային քրեական դատարանի հետ:
  • Նախագծի 3-րդ գլխում կանոնակարգվել են Միջազգային քրեական դատարանի իրավազորության հետ կապված հարցերը, մասնավորապես՝ սահմանվել է, թե որ դեպքերում է Հայաստանի Հանրապետության տարածքում կատարված հանցագործությունների վրա տարածվում Միջազգային քրեական դատարանի իրավազորությունը, ի՞նչ եղանակով է որոշվում Միջազգային քրեական դատարան գործի ընդունելության հետ կապված խնդիրները, սահմանվել են Միջազգային քրեական դատարանի իրավազորության վիճարկման մեխանիզմներ ՀՀ լիազոր մարմինների կողմից, վերջինիս կողմից Միջազգային քրեական դատարան ապացույցներ և տեղեկություններ ներկայացնելու կարգը, Լիազոր մարմնի կողմից Միջազգային քրեական դատարանի հետ քննարկումներ ունենալու և իրավիճակը ներկայացնելու կարգը:
  • Նախագծի 4-րդ գլխում սահմանվել են Միջազգային քրեական դատարանի հետ համագործակցության հարցումների վերաբերյալ իրավակարգավորումներ՝ սահմանելով համապատասխան հարցումների ձևին և բովանդակությանը վերաբերող պահանջները, հարցումները ստանալու եղանակները, հարցման ձևին և բովանդակությանը վերաբերող պահանջների խախտման դեպքում նախատեսվող գործողությունները, համագործակցության վերաբերյալ հարցումը ստանալուց հետո դրա քննարկման և կատարման կարգը:

          Հարկ է նկատի ունենալ նաև, որ իրավակարգավորումներ են նախատեսվել այն իրավիճակների համար, երբ համագործակցության վերաբերյալ հարցումը վերաբերում է ՀՀ ազգային անվտանգությանը կամ հարցումը կապված է այնպիսի անձի հետ, ով օժտված է անձեռնմխելիությամբ:

          Միևնույն ժամանակ, ներառվել են այնպիսի դրույթներ, որոնք վերաբերում են համագործակցության վերաբերյալ հարցմանն առնչվող անձի կողմից վարույթի նյութերին ծանոթանալու հնարավորությանը, Հայաստանի Հանրապետության կողմից ներկայացված հարցումներին ու դրանց ներկայացվող պահանջներին, Միջազգային դատարանի հարցումների կատարման հետ կապված ծախսերը վճարելուն, դրանք Միջազգային քրեական դատարանի և Հայաստանի Հանրապետության միջև բաշխելու ընթացակարգերին, համագործակցության վերաբերյալ հարցմանն առնչվող անձի կրած վնասների փոխհատուցման կանոններին, որոնք վերաբերում են վերջինիս ձերբակալությանը, կամ նրա նկատմամբ կատարված ցանկացած այլ անօրինական գործողություններին, անձին միջազգային դատարանին փոխանցելու իրավական հիմքերին, ինչպես նաև անձի կալանավորման և փոխանցման վերաբերյալ Միջազգային դատարանի հարցման բովանդակությանը և դրան կից փաստաթղթերին:

  • Նախագծի 5-րդ գլուխը վերաբերում է անձին միջազգային դատարանին փոխանցելուն, որով կանոնակարգվել են այնպիսի հարցերի շրջանակ, ինչպիսին են հետախուզման մեջ գտնվող անձի հետախուզման և ձերբակալման հարցման ու ապացույցների պահպանման վերաբերյալ հարցերը, սահմանվել են, թե կոնկրետ ինչ բովանդակություն պետք է ունենա անձի հետախուզման և ձերբակալման հարցումը, հարցումը ստանալուց և բավարարելուց հետո կատարվելիք գործողությունների շրջանակը՝ կապված ձերբակալման և հետախուզման լիարժեք իրականացման հետ, անձին փոխանցման նպատակով ձերբակալելուց հետո մինչև փոխանցումը կալանավորման կարգը, ժամկետները, կալանավորման որոշմանը ներկայացվող պահանջները, անձին կալանավորելուց հետո նրա նկատմամբ կատարվող թույլատրելի գործողությունները, կալանավորման որոշումը նշված անձի կողմից բողոքարկման կարգը, կալանքից ազատ արձակելու կարգը և պայմանները:

          Բացի այդ, սահմանվել են փոխանցման ենթակա անձի իրավունքների շրջանակը, փոխանցման թույլտվությունը ստանալու և փոխանցման կարգը, այդ թվում՝ ժամանակավոր: Նախատեսվել է նաև այնպիսի իրավակարգավորում, որը թույլ է տալիս փոխանցման ենթակա անձին Միջազգային քրեական դատարանի պահանջով Հայաստանի Հանրապետության տարածքով փոխադրել ինչպես ցամաքային, այնպես էլ օդային եղանակով՝ սահմանելով փոխադրման ընթացքում Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինների գործողությունները:

  • Նախագծի 6-րդ գլխում նախատեսվել են դրույթներ, որոնք վերաբերում են Միջազգային քրեական դատարանի հետ համագործակցության այլ ձևերին, մասնավորապես՝ սահմանվել են համագործակցության այլ ձևերը, ինչպիսիք են փաստաթղթեր, այդ թվում` դատական ​​ակտեր փոխանցելը, արգելանքի տակ գտնվող անձի ժամանակավոր փոխանցումը, վայրերի կամ օբյեկտների տեղակայումը պարզելը, խուզարկություն, առգրավում և արգելադրում իրականացնելը: Համագործակցության այլ ձևերից զատ, սահմանվել են նաև լիազոր մարմնի կողմից Կանոնադրությամբ սահմանված ժամանակավոր միջոցներ կիրառելու հնարավորություններ, իրավական կարգավորման են ենթարկվել Միջազգային քրեական դատարանի իրավասու սուբյեկտների կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում քննչական և այլ դատավարական գործողություններ իրականացնելու կարգը և պայմանները, նախատեսվել են հանցագործության կատարման մեջ մեղադրվող անձին հարցաքննելու հնարավորությունը և դատավարական կարգը, սահմանվել են Միջազգային դատարան ապացույցներ և դատավարական այլ փաստաթղթեր փոխանցելու կարգը, արգելանքի տակ գտնվող անձին ժամանակավոր փոխանցման հնարավորությունը, գույքի և ակտիվների բռնագրավման հնարավորությունները, բացի այդ, սահմանվել են նաև այնպիսի դրույթներ, որոնք թույլ են տալիս գործով անցնող վկային, փորձագետին կամ մասնագետին հրավիրել Միջազգային քրեական դատարան:
  • Նախագծի 7-րդ գլուխը վերաբերում է Միջազգային դատարանի հարցման առնչությամբ լիազոր մարմնի կողմից կայացված որոշման բողոքարկմանը և բողոքարկման ժամանակ Միջազգային դատարանի հարցման կատարման հետաձգմանը:
  • Նախագծի 8-րդ գլուխը նախատեսում է դրույթներ, որոնք կարգավորում են Միջազգային դատարանի որոշումների կատարման ընթացակարգը, կատարման պայմանները: Նախատեսվել են դրույթներ նաև, որոնք հնարավորություն են ընձեռում Միջազգային դատարանի կողմից կայացված որոշումները, որոնք վերաբերում են օրինակ ազատազրկման պատժատեսակին, կամ գույքի և ակտիվների բռնագրավմանը, ի կատար ածել նաև Հայաստանի Հանրապետությունում՝ միաժամանակ նախատեսելով նաև որոշումների կատարման ընթացքում ծախսերը Հայաստանի Հանրապետության և Միջազգային քրեական դատարանի միջև բաշխվածության վերաբերյալ դրույթներ:
  • Նախագծի 9-րդ գլուխը ներառում է եզրափակիչ դրույթները, որտեղ սահմանվել է, որ օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

  1. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

          Նախագիծը մշակվել է ՀՀ արդարադատության նախարարության կողմից:

 

  1. Ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունման դեպքում իրավական ամրագրում կստանա Հայաստանի Հանրապետության կողմից Միջազգային քրեական դատարանի հետ համագործակցությունը և համագործակցության նպատակով լիազորված մարմինների գործողությունները՝ համագործակցության ընթացքում ի հայտ եկած խնդիրների լուծման նպատակով:

 

  1. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.

Նախագծի ընդունմամբ ՀՀ պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում նախատեսվում են փոփոխություններ։

 

  1. Նախագծի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի նախագծերը կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին.

Նախագծի ընդունմամբ անհրաժեշտություն է առաջանալու փոփոխություններ կատարելու ոլորտային օրենսդրական ակտերում:

 

  1. Ռազմավարական փաստաթղթերի հետ նախագծի կապի մասին.

Նախագծի ընդունումը չի բխում ռազմավարական փաստաթղթերից:

  • Обсуждалось

    30.01.2024 - 14.02.2024

  • Тип

    Закон

  • Область

    Юстиция, Уголовное законодательство, Уголовный процесс

  • Министерство

    Министерство юстиции

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1969

Принт

Предложения

Արա Սաղումյան

31.01.2024

Օրենքի նախագծի տեքստը համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ և 7-րդ մասերի պահանջներին:

Արա Սաղումյան

31.01.2024

Օրենքի նախագծի տեքստը համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ և 7-րդ մասերի պահանջներին:

Արա Սաղումյան

31.01.2024

Առաջարկում եմ նախագծի 3-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետում, 10-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետում, 14-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետում, 20-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում և վերջին մասում, 21-րդ հոդվածի 3-րդ մասում «տեղեկատվություն» բառը փոխարինել «տեղեկություն» բառով: Ի դեպ, 3-րդ հոդվածի 11-րդ կետում, 7-րդ հոդվածի վերնագրում և 1-ին մասում, 21-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում, 22-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետում, 36-րդ հոդվածի նախավերջին պարբերության մեջ և 46-րդ հոդվածի 3-րդ մասում «տեղեկություն» եզրույթը ճիշտ է օգտագործված: ԼԵԶՎԻ ԿՈՄԻՏԵԻ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄԸ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ՝ նշանակում է՝ «լուր, ծանուցում, հաղորդում», իսկ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ-ը տեղեկություն տալն է։ Շատերը շփոթում են դրանք, և են ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ բառի փոխարեն գործածում ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ-ը, օրինակ․ «ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ կա, որ նախագահները շուտով կհանդիպեն»: Ճիշտ է ասել․ «ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ կա (տեղեկություններ կան), որ նախագահները շուտով կհանդիպեն»։ Կամ ասում են՝ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ստացանք կամ խնդրում ենք տրամադրել այս կամ այն ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ: Այս դեպքերում ճիշտ է կիրառել ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ բառը, իսկ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ-ը ճիշտ է գործածել այլ դեպքերում, օրինակ՝ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ միջոցներ, ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ազատություն, ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ բացակայություն բառակապակցություններում։

Узнать больше