Добавить в избранное

Проект принят

ՀՈՐԱՏԱՆՑՔԻ ՄԻՋՈՑՈՎ ՍՏՈՐԵՐԿՐՅԱ ՔԱՂՑՐԱՀԱՄ ՋՐԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՁԿՆԱԲՈՒԾԱՐԱՆՆԵՐՈՒՄ ՓԱԿ ՇՐՋԱՆԱՌՈՒ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՆՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ" ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՆԱԽԱԳԻԾ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

«__» «______» 2023 թվականի N ___ Ն

 

ՀՈՐԱՏԱՆՑՔԻ ՄԻՋՈՑՈՎ ՍՏՈՐԵՐԿՐՅԱ ՔԱՂՑՐԱՀԱՄ ՋՐԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՁԿՆԱԲՈՒԾԱՐԱՆՆԵՐՈՒՄ ՓԱԿ ՇՐՋԱՆԱՌՈՒ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՆՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով 2023 թվականի նոյեմբերի 22-ի «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-379-Ն օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ կետով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Սահմանել հորատանցքի միջոցով ստորերկրյա քաղցրահամ ջրերի օգտագործում իրականացնող ձկնաբուծարաններում փակ շրջանառու համակարգի ներդնման կարգը՝ համաձայն հավելվածի։
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

 

 

 

 

 

 

 

 

Հավելված

Կառավարության 2023 թվականի

______________   ____________ -ի

N___________ - Ն  որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՀՈՐԱՏԱՆՑՔԻ ՄԻՋՈՑՈՎ ՍՏՈՐԵՐԿՐՅԱ ՔԱՂՑՐԱՀԱՄ ՋՐԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՁԿՆԱԲՈՒԾԱՐԱՆՆԵՐՈՒՄ ՓԱԿ ՇՐՋԱՆԱՌՈՒ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՆՄԱՆ

 

  1. Սույն կարգով կարգավորվում են հորատանցքի միջոցով ստորերկրյա քաղցրահամ ջրերի օգտագործում իրականացնող ձկնաբուծարանների գործունեության հետևանքով ստորերկրյա ջրային ռեսուրսների ջրային հաշվեկշռի անհավասարակշռության վերականգնման և պահպանման նպատակով փակ շրջանառու համակարգի ներդնման հետ կապված հարաբերությունները (Այսուհետ` Փակ շրջանառու համակարգ):
  2. Փակ շրջանառու համակարգը ջրախնայող համակարգ է, որն ապահովում է ձկնաբուծարանի ելքային ջրերի առնվազն 40 տոկոս մաքրումից հետո կրկին օգտագործումը նույն ձկնաբուծարանի նույն ավազաններում` հորատանցքից իրականացնելով ջրօգտագործման թույլտվությամբ սահմանված ծավալի առավելագույնը 60 տոկոս ջրառ և ապահովելով ձկնաբուծարանի մուտքային ջրերի առնվազն 40 տոկոս ջրախնայողություն:
  3. Ջրօգտագործման թույլտվությամբ սահմանված ջրառի ծավալի առավելագույնը 60 տոկոսի օգտագործումը չի առաջացնի ձկնաբուծարանի արտադրողականության կրճատում: Ձկնաբուծարանի ելքային ջրերի առնվազն 40 տոկոսը մաքրումից հետո կրկին օգտագործվելու է նույն ձկնաբուծարանի նույն ավազաններում՝ ապահովելով մինչ այդ ջրօգտագործման թույլտվությամբ սահմանված ջրառի ծավալի 100 տոկոսը:
  4. Փակ շրջանառու համակարգի ներդնման ժամանակ ձկնաբուծարանի ելքային ջրերի առնվազն 40 տոկոսը մաքրումից հետո հարստացվում է թթվածնով և վերադարձվում է կրկնակի օգտագործման:
  5. Փակ շրջանառու համակարգի ձեռքբերման, տեղադրման, շահագործման և սպասարկման ծախսերը կատարում են ջրօգտագործողները իրենց միջոցների հաշվին։
  6. Փակ շրջանառու համակարգի ներդնման պահից ջրօգտագործողը եռօրյա ժամկետում տեղադրման և շահագործման վերաբերյալ տեղեկատվություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարություն և Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին:
  7. Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարությունը Փակ շրջանառու համակարգի ներդնման և շահագործման վերաբերյալ տեղեկատվության հիման վրա վերանայում է ջրօգտագործման թույլտվությունը՝ այն համապատասխանեցնելով սույն կարգի 2-րդ կետին։
  8. Փակ շրջանառու համակարգի պահպանության և անխափան աշխատանքի ապահովման պատասխանատվությունը կրում է ջրօգտագործողը:
  9. Փակ շրջանառու համակարգը չներդնելը կամ աշխատանքի խափանումն առաջացնում են պատասխանատվություն՝ օրենքով սահմանված կարգով։
  • Обсуждалось

    11.12.2023 - 03.01.2024

  • Тип

    Pешение

  • Область

    Охрана природы

  • Министерство

    Министерство окружающей среды

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 3363

Принт

Предложения

Գոռ Գրիգորյան

21.12.2023

Ձկնաբուծությունը հանրապետության այն եզակի ոլորտներից է, որն ինքնաբավ է: ՀՀ-ում տարեկան արտադրվում է մոտ 25 000 տոննա ձուկ (ծիածանախայտ և թառափ), որի 60 տոկոսն արտահանվում է, իսկ մնացած 40 տոկոսն ամբողջությամբ բավարարում է տեղական շուկայի պահանջարկը: Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների ՀՀ 2022 թվականին ձկնաբուծության համախառն արտադրանքի արժեքը կազմել է շուրջ 60․26 մլրդ դրամ, ինչը նախորդ տարվա համեմատ աճել է ավելի քան 26․9 %-ով ։ Նույն աղբյուրի համաձայն՝ ձկան արտադրության ծավալը 2022 թվականին կազմել է 25 հազար տոննա կամ նախորդ տարվա ցուցանիշը գերազանցել է 5․3 հազար տոննայով։ Հետևաբար նախագծի հիմնավորումներում ոլորտը ներկայացնել անշահավետ դա առնվազն մերկապարանոց և անպատասխանատու հայտարարություն է: Նախագծի և դրան նախորդող ՀՀ ջրային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու օրենսդրական նախաձեռնության հիմնական նպատակը Արարատյան արտեզյան ավազանի պաշարների վերականգնումն է: Ըստ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության կողմից իրականացված գույքագրման արդյունքների Արարատի և Արմավիրի մարզերում առկա են 971 տիրազուրկ և ապօրինի հորեր, որոնց մի մասն ինքնաշատրվանող է: Ըստ շրջակա միջավայրի նախարարության կողմից տրամադրված տեղեկատվության Արարատյան դաշտի վերականգնվող ստորերկրյա ջրային ռեսուրսները տարեկան կազմում են 1.1 մլրդ մ3, իսկ տրամադրված ջրօգտագործման թույլտվություններով ներկայումս Արարատյան արտեզյան ավազանից իրականացվող ջրառը տարեկան կազմում է 1,096 մլրդ մ3: Ըստ ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից ֆինանսավորվող ԳԱՏՕ ծրագի ուսումնասիրության արդյունքների Արարատյան արտեզյան ավազանից իրականացվող փաստացի ջրառը տարեկան կազմում է 1,6 մլրդ մ3: Արդյունքում ստացվում է, որ տարեկան մոտ 0,5 մլրդ մ3 ջուրն օգտագործվում կամ վատնվում է անօրինական և առկա պայմաններում Արարատյան արտեզյան ավազանի մտահոգիչ վիճակը կապել ձկնաբուծության հետ, դա առնվազն անտրամաբանական է, քանի որ լիազոր մարմինը պատշաճ կերպով չի իրականացնում իր գործառույթներ, որի հետևանքով առկա են մոտ 1000 տիրազուրկ և ապօրինի հորեր, որոնց միջոցով տարեկան մոտ 0,5 մլրդ մ3 ջուրն անարդյունավետ մսխվում է և որևէ եկամուտ պետությանը չի ապահովում: Առկա պայմաններում կրճատելով ձկնաբուծարանների կողմից օգտագործվող ջրաքանակկը հնարավոր չի լինելու հասնել այն նպատակին, որին ուղղված են օրենսդրական կարգավորումները, դրա վառ ապացույցը կայանում է նրանում, որ ՀՀ կառավարության 18.09.2014թ-ի թիվ 1111-Ն որոշման ընդունումից հետո ձկնաբուծարանները սեփական նախաձեռնությամբ 30 տոկոսով կրճատեցին իրենց կողմից օգտագործվող ջուրը, իսկ տիրազուրկ և աօօրինի հորորը շարունակեցին գործել, տեղի ունեցավ ավազանի չնչին բարձրացում, մինչև 2021թ-ը, երբ լիազոր մարմնի կողմից տրվեց 4000լ/վ ջրօգտագործման թույլտվություն, որից հետո ազավանը կրկին սկսեց նվազել: Հետևաբար առանց տիրազուրկ և ապօրինի հորերի խնդիրը լուծելու նվազեցնել գյուղատնտեսության ոլորտում գերակա ճյուղ ճանաչված ոլորտի կողմից օգտագործվող ջրի ծավալը, անտրամաբանական է, քանի որ այդ կրճատված ջուրը ոչ թե մնալու է ընդերքում, այլ հոսելու է տիրազուրկ և ապօրինի հորերի միջոցով (հաղորդակից անոթների մասին օրենք): Քննարկվող նախագիծը զուրկ է անասնաբուժական եզրակացությունից (մասնագիտական կարծիք): Քանի որ նախագծով նախատեսվում է ձկնաբուծարանից դուրս եկող ջրի առնվազն 40 տոկոսը մաքրելուց հետո կրկին օգտագործել նույն ավազաններում, ապա պետք է հաշվի առնել այն հանգամանքը, թե հետ բերված ջուրը, որքանով է համապատասխանում կենդանի ձկան համար բարենպաստ պայմաններին և որքանով է դա անվտանգ վերջինիս միջավայրի համար` կապված տարվա տարբեր եղանակային պայմանների հետ, քանի որ ձկնաբուծարանները տեղակայված են բաց երկնքի տակ: Այս հանգամանքը հաշվի չառնելը և այն քննարկման առարկա չդարձնելը հղի է անդառնալի հետևանքներով: Նախագծի հիմնավորմամբ նշվում է, որ մեջբերում. «Հորատանցքի միջոցով ստորերկրյա քաղցրահամ ջրերի օգտագործում իրականացնող ձկնաբուծարաններում գործունեությունը կիրականացվի ջրախնայող համակարգի միջոցով, ինչը կնպաստի ստորերկրյա ջրային ռեսուրսների ջրային հաշվեկշռի վերականգնմանը և պահպանմանը, միաժամանակ չնվազեցնելով ձկնաբուծարանի արտադրողականությունը:» Այն, որ համակարգի ներդրումը չի նվազեցնելու ձկնաբուծարանի արտադրողականությունը, որևէ գիտական կամ տեսական հիմնավորում չունի, դրան հակառակ պետք է փաստել, որ առանց համապատասխան եզրակացության և առանց պիլոտային ծրագրի իրականացման, համակարգի ներդրման պարագայում վտանգվում է ամբողջ ձկնաբուծարանի գործունեությունը, ինչը կհանգեցնի տնտեսվարողի սնանկացմանը: Նախագիծը զուրկ է նաև տնտեսական հաշվարկից, ինչը չափազանց կարևոր է ցանկացած տեսակի արտադրության համար: Մասնավորապես առկա չէ որևէ հաշվարկ, թե համակարգի ներդրումն ինչպիսի ազդեցություն կունենա արտադրանքի ինքնարժեքի վրա, արտադրանքը կարող է մրցակցային լինել ՌԴ շուկայում այլ երկրների կողմից ներկայացվող նմանատիպ ապրանքի հետ, թե ոչ և դա այն դեպքում, որ ԵԱՏՄ անդամ երկրներում պետությունը ահռելի սուբսիդիաներ է տրամադրում ձկնաբուծության համար: Անհիմն է նաև, որ նախագծի ընդունման պարագայում պետական բյուջեի եկամուտներում փոփոխություն չի առաջանալու: Վերը նշաված ռիսկերի պայմաններում տեղի է ունենալու առնվազն արտադրության 40 տոկոսի նվազում, ինչը հանգեցնելու է նույնքան հարկերի պակաս վճարում, նույնքան աշխատատեղերի կրճատում և սա միայն ձկնաբուծության ոլորտում, դրան կավելանա նաև ոլորտին փոխկապակցված ոլորտների, մասնավորապես` ձկան կերի արտադրության, ներմուծման, բեռնափոխադրումների, արտահանման, վերամշակման գործարանների, ձկան սպանդանոցների գործունեության անկում: ԱՌԱՋԱԿՈՒԹՅՈՒՆ: Հրատապ կոնսերվացնել և/կամ լուծարել տիրազուրկ և ապօրինի բոլոր հորերը: Փականային ռեժիմի բերել ոռոգման նպատակով օգտագործվող բոլոր հորերը և դրանք օգտագործել բացառապես ոռոգման սեզոնին, սահմանել խիստ հսկողություն ապօրինի ջրօգտագործման մասով առանց խտրականության` ֆիզիկական անձ թե տնտեսվարող: Նշված միջոցառումներն իրականացնելուց մեկ տարի հետո իրականացնել մոնիթորինգ` դրական արդյունքի դեպքում միջոցներ ձեռնարկել պահպանել վիճակը, բացասական արդյունքի դեպքում` 10 տոկոսով նվազեցնել ձկնաբուծարանների կողմից օգտագործվող ջրաքանակը` առանց որևէ համակարգի պարտադրման:

Մուշեղ Հարությունյան

11.12.2023

Առաջին հերթին փակել անօրինական և տիրազուրկ հորերերը:

Արսեն Համբարձումյան

11.12.2023

Տնտեսվարողների կողմից ջրառը իրականացվում է արդեն իսկ օրենքով նախատեսված կարգով, այսինք տնտեսվարողները ջուրը գնում են և այն արդեն իրենց սեփականությունն է , ինչպես նպատակահարմար գտնեն այնպես էլ կոգտագործեն և այս պարագայում փակ շրջանառու համակարգին պարտավորեցնելը հակասահմանադրական է: Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, մեջբերում եմ. Դիտարկումները ցույց են տալիս, որ շարունակվում է ստորերկրյա ջրերի մակարդակների և ճնշումների իջեցումները, ինչը վկայում է, որ փաստացի ջրառը կատարվում է թույլատրելի սահմանից ավելի:... ...Վերոնշյալ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ պայմանավորված բնակլիմայական պայմաններով և մարդու անհաշվենկատ ու անխնա գործունեությամբ Արարատյան արտեզյան ավազանում տեղի է ունենում ստորերկրյա ջրերի հյուծում (սպառում, աղտոտում), ինչը շատ կարճ ժամանակահատվածում կբերի համընդհանուր բնապահպանական և սոցիալ-տնտեսական աղետի, ուստի անհրաժեշտ է իրականացնել ստորերկրյա ջրային ռեսուրսների գերշահագործման կանխմանն ուղղված միջոցառումներ։ Մեջբերման ավարտ: Անհեթեթություն է, ստացվում է որ պետությունը սահմանում է ջրառի առավելագույն չափ, հետո տրամադրում է հորատանցք բացելու, ջրաչափ տեղադրելու և ջրառ իրականացնելու թույլտվություն: Ձկնաբուծարաններ են հիմնվում, ոլորտը կտրուկ զարգանում է և ձուկը դառնում է Հայաստանի Հանրապետության ռազմավարական նշանակության պարենային ապրանք: Պարզ, մարդկային լեզվով ասած, աշխարհում սով լինի մենք սովից չենք մահանա, ձուկ կուտենք: Հետո ինչոր ԱՄՆ ՄԶԳ ԳԱՏՕ ծրագրի շրջանակներում առկա տվյալների օգտագործմամբ, միջազգայնորեն ընդունված մեթոդաբանությունով և ժամանակակից տեխնոլոգիաների կիրառությամբ հաշվարկներ է կատարում և հայտնում է, որ փաստացի ջրառը կատարվում է թույլատրելի սահմանից ավելի և պետք է պարտավորեցնել ձկնաբուծական տնտեսություններին իրենց միջոցներով ներդնել փակ շրջանառու համակարգ, որը միլիոնավոր դոլարների ներդրում է և իրենց կարող են թույլ տալ միայն խոշոր ձկնաբուծարանները: Նախագծի ընդունման արդյունքում շարքային քաղաքացու համար ձուկը կդառնա դեֆիցիտ և 5 անգամ թանկ դելիկատես: Բոլորին հայտնի է որ ստորգետնյա ջրերը հոսում են, և հաշվի առնելով որ մեր պարագայում դրանք հոսում են Արարատյան դաշտից այն կողմ՝ դեպի Թուրքիա, այս նախագիծը ձեռնատու է միայն թուրքերին, քանի որ հավանաբար նրանց մոտ հորատանցքերը սկսել են չժայթքել մեր ձկնաբույծների <<անխնա>> ջրօգտագործման հետևանքով: Նախագծին դեմ եմ քվեարկում, քանի որ կարծում եմ այն հակասում է մեր ազգային շահերին և բխում է մեր հարևան երկրի շահերից: Եթե այս նախագիծը դրվել է շրջանառության մեջ առանց այս ամենը գիտակցելու, խորհուրդ եմ տալիս հետ կանչել, ոլորտի առաջատար մասնագետների և շահագրգիռ կողմերի հետ համատեղ մշակել նոր նախագիծ և հետո նոր դնել հանրային քննարկման: Հակառակ դեպքում պարզապես ամոթալի նախագիծ է:

Узнать больше