ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 8-Ի N1909-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
- Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 դեկտեմբերի 8-ի N1909-Ն որոշմամբ հաստատված է Հրազանի ջրավազանային կառավարման տարածքի 2022-2027 թվականների պլանը, ինչը հանդիսանում է և՛ մակերևութային, և՛ ստորերկրյա ջրային ռեսուրսների համապարփակ կառավարման փաստաթուղթ վեցամյա ժամանակահատվածի համար։
Հրազդանի ջրավազանային կառավարման տարածքը ներառում է 2 գետավազանային տարածք՝ Հրազդանի և Քասախի և 6 վարչական տարածքներ ՝ ք.Երևան, Կոտայքի, Գեղարքունիքի, Արագածոտնի, Արարատի և Արմավիրի մարզերը: Հրազդանի ջրավազանային կառավարման տարածքը ընդգրկում է Արարատյան դաշտի կետրոնական մասը, որտեղ իրականացում է ստորերկրյա ջրային ռեսուրսների ինտենսիվ օգտագործում, հատկապես ոռոգման և ձկնաբուծական նպատակով։
Հրազդանի ջրավազանային կառավարման տարածքի 2022-2027 թվականների պլանի 22-րդ կետով հաստատված են արգելված կամ որոշակի սահմանափակումներով իրականցվող գործուեությունների տեսակներ, որոնք ուղղված են Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման և պահպանությանը։
Կառավարության որոշման սույն նախագծով առաջարկվում է արգելել գրունտային ջրերի օգտագործումը, ձկնաբուծական նպատակով, իսկ այլ նպատակներով միայն ջրախնայող համակարգերի առկայության դեպքում։
- Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
Իրականացված ուսումնասիրությունների արդյունքները ցույց են տալիս, որ Արարատյան դաշտում տեղի է ունենում ստորերկրյա ջրերի հյուծում և աղտոտում՝ անընդհատ իջնում են ստորերկրյա ջրերի ճնշումները և մակարդակները, ինչի հետևանքով նաև բարձրանում են դրանց ընդհանուր հանքայնացումը և կոշտությունը: Նման պայմաններում ստորերկրյա ջրերի շահագործումը կհանգեցնի ավազանի ստորերկրյա ջրերի շատրվանող գոտու անհայտացմանը և դրանց աղտոտմանը, ինչի արդյունքում ջրերը կդառնան խմելու համար ոչ պիտանի:
Վերը նշված խնդիրները հանգեցրել են նաև գրունտային ջրային ռեսուրսների հյուծմանը, ինչի համար առաջարկվում է արգելել ձկնաբուծական նպատակով ջրօգտագործման թույլտվությունների տրամադրումը, իսկ այլ նպատակներով ջրօգտագործման թույլտվությունները տրամադրել միայն ջրախնայող համակարգերի ներդրումը։
- Կարգավորման նպատակը և բնույթը
Կառավարության որոշման սույն նախագծի ընդունումը խթան կհանդիսանա ջրօգտագործողների կողմից ջրախնայող համակարգերի` կաթիլային կամ անձրևացման եղանակով ոռոգման համակարգերի և ջրի շրջանառու համակարգերի ներդրմանը, ինչը հանգեցնելու է ստորերկրյա ջրային ռեսուրսների պահպանության և վերականգմանը։
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 8-ի N1909-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը մշակվել է Շրջակա միջավայրի նախարարության կողմից։
- Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը
Կառավարության որոշման սույն նախագծի ընդունման արդյունքում հնարավոր կլինի խնայել ստորերկրյա ջրային ռեսուրսները և խթանել ջրախնայող համակարգերի` կաթիլային կամ արձրևացման եղանակով ոռոգման համակարգերի և ջրի շրջանառու համակարգերի ներդրումը։ Նշված դրույթների կիրառման արդյունքում հնարավոր կլինի կարգավորել ստորերկրյա ջրային ռեսուրսներից՝ այդ թվում գրունտային ջրերի օգտագործումը։
- Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 8-ի N1909-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազում չի ակնկալվում:
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.
Կառավարության որոշման նախագիծը ռազմավարական փաստաթղթերից չի բխում։