Добавить в избранное

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԴՐԱՆԻՑ ԲԽՈՂ 2023-2026 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней

project.digest.no Автор предложения, дата получения Содержание предложения Заключение Сделанные изменения
1 2 3 4
1 Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն 18.08.2023 12:04:08 27. «Բարեվարքության համակարգի շարունակական կատարելագործում» ուղղության գործողությունների ծրագրի 1․27 կետում նախատեսված է «Իրականացնել պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններում բարեվարքության համար հաշվետվողականության միասնական մեխանիզմների ներդրման ուղղված քայլեր»։ Մինչդեռ, ռազմավարության նախագծի համապատասխան բաժնում պետական և ՏԻՄ մարմիններում բարեվարքության համար հաշվետվողականության միասնական մեխանիզմների մասին ոչ մի դրույթ արձանագրված չի կամ խնդիրներ բացահայտված չեն։ Ընդ որում, բացակայում են «բարեվարքության համար հաշվետվողականության միասնական մեխանիզմների ներդրման» հստակ պատկերացումներն ու բովանդակությունը: Ըստ այդմ, գործողությունների ծրագրի 1․27 կետում նույն կերպ անորոշ են «Իրականացվել է ուսումնասիրություն․․․․», «Ուսումնասիրության հիման վրա, ըստ անհրաժեշտության, մշակվել են իրավական ակտերի նախագծեր», «Նախագծերը ներկայացվել են ՀՀ Կառավարությանը և Կառավարության որոշմամբ հավանության են արժանացել» կատարողական թիրախները։ Առաջարկություն • Հստակեցնել ռազմավարության նախագծի գործողությունների ծրագրի 1․27 կետով սահմանված գործողության բովանդակությունը և համապատասխան խնդիրներն արձանագրել ռազմավարության նախագծի «Բարեվարքության համակարգի շարունակական կատարելագործում» ուղղության ներքո։
2 Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն 18.08.2023 12:04:08 ՆՊԱՏԱԿ 2. ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ՀԱԿԱԶԴՈՒՄ 28. «Հակակոռուպցիոն հակազդման իրավապահ մարմինների ինստիտուցիոնալ հզորացում» ռազմավարական ուղղության ներքո կարևորվում է Հակակոռուպցիոն կոմիտեի ինստիտուցիոնալ և գործառութային անկախության երաշխիքների ամրապնդման, նրա գործունեության հաշվետվողականության և թափանցիկության բարձրացման խնդիրը: Տվյալ ռազմավարական ուղղությունը լիարժեքորեն չի արտացոլում այն բոլոր խնդիրները, որոնք վեր են հանվել իրավական և գործնական դաշտում։ Այսպես, Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը նշանակվում է վեց տարի ժամկետով, միևնույն ժամանակ օրենքը սահմանում է նույն անձին երկու անգամ անընդմեջ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնում նշանակելու հնարավորություն։ Մինչդեռ, Կոմիտեի նախագահի վերանշանակվելու հնարավորությունը կարող է նշանակող մարմնի կողմից Կոմիտեի նախագահի անկախության սահմանափակման ռիսկեր պարունակել՝ ազդելով նաև վերջինիս անկաշկանդ գործելու հնարավորությունների վրա: Վերընտրվելու կամ վերանշանակվեու արգելք նախատեսող սկզբունքն առավելապես կիրառվում է անկախության բարձր չափանիշներ ենթադրող պետական պաշտոնատար անձանց դեպքում և հանդիսանում է նրանց անկախ և անաչառ գործունեության ապահովման կարևոր երաշխիք: Ուստի, անհրաժեշտ է վերանայել երկու անգամ անընդմեջ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնում վերանշանակվելու հնարավորության վերաբերյալ կարգավորումը՝ զուգահեռ երկարացնելով կոմիտեի նախագահի պաշտոնավարման ժամկետը, օրինակ՝ մինչև 7 տարի։ Բացի այդ, Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալներին «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով պաշտոնի է նշանակում վարչապետը՝ մրցույթում հաղթող ճանաչված հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալի թեկնածության վերաբերյալ Կոմիտեի նախագահի առաջարկության հիման վրա: Նշված ընթացակարգը չի բխում հակակոռուպցիոն կոմիտեի անկախության, Կոմիտեի նախագահի ինքնուրույնության ապահովման սկզբունքներից։ Հաշվի առնելով նախագահի տեղակալների գործառույթները և դերը Հակակոռուպցիոն կոմիտեի բնականոն գործունեության ապահովման բնագավառում՝ նրանց նշանակման և պաշտոնից ազատման գործընթացները պետք է վերապահված լինեն Կոմիտեի նախագահին՝ բացառելով գործադիր իշխանության ցանկացած, ներառյալ ընթացակարգային բնույթի միջամտություն։ Ելնելով վերոգրյալից՝ անհրաժեշտ է վերանայել Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավար կազմի նշանակման գործընթացը՝ կոմիտեի ինստիտուցիոնալ և գործառութային անկախության երաշխիքներն ամրապնդելու նպատակով, ինչպես նաև սահմանել Հակակոռուպցիոն կոմիտեի գործունեության հաշվետվողականության և թափանցիկության բարձրացմանն ուղղված լրացուցիչ կարգավորումներ, քանի որ գործող կարգավորումները չեն նախատեսում ներկայացվող հաշվետվությունների բովանդակությանը ներկայացվող պահանջները և ներառվող տեղեկությունները։ Դրան զուգահեռ, անհրաժեշտ է շարունակական քայլեր ձեռնարկել Հակակոռուպցիոն կոմիտեի կարողությունների զարգացման ուղղությամբ։ Առաջարկություն Ռազմավարության նախագծում և գործողությունների ծրագրի 2․1 և 2․2 կետերում ավելացնել հետևյալ գործողությունները՝ • Վերանայել երկու անգամ անընդմեջ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնում նշանակվելու հնարավորության վերաբերյալ կարգավորումը՝ զուգահեռ երկարացնելով կոմիտեի նախագահի պաշտոնավարման ժամկետը։ • Վերանայել Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալների նշանակման և ազատման կարգը՝ բացառելով այս գործընթացում գործադիր իշխանության մասնակցությունը և վերապահելով այս լիազորությունը կոմիտեի նախագահին։ • Սահմանել Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի կողմից Կառավարություն և Ազգային ժողով ներկայացվող՝ նախորդ տարվա գործունեության մասին գրավոր հաղորդման, ինչպես նաև կիսամյակային կտրվածքով Կոմիտեի գործունեության մասին հրապարակվող ամփոփ տեղեկատվության բովանդակությունը և առաջադրվող պահանջները։ • «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով և «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» ՀՀ օրենքով նախատեսել Կոմիտեի նախագահի կողմից միջանկյալ հաշվետվություն ներկայացնելու հնարավորություն, որի անհրաժեշտությունը կարող է պայմանավորված Ազգային ժողովում կոմիտեի նախագահի տարեկան հաղորդման քննարկման արդյունքներով։
3 Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն 18.08.2023 12:04:08 29. Նախագծի 2․3-րդ գործողության ներքո նախատեսվում է իրականացնել Հակակոռուպցիոն կոմիտեի, ինչպես նաև ՀՀ գլխավոր դատախազության հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության և ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարչության գործունեության թվայնացմանն ուղղված միջոցներ, որը կապվում է նաև ԿԿՀ աշխատանքային գործիքների թվայնացման և միասնական համակարգի ստեղծման գաղափարին։ Տպավորություն է, որ այս երեք կառույցների կարիքները գնահատվում են մասնակի և նրանց համար առանձին լուծումներ են մշակվում, հետո համակցվում: Եվրոպական տարբեր պետություններում առկա է հենց նման կենտրոնացված էլեկտրոնային համակարգ։ Առաջարկություն • Կիրառել համընդգրկուն մոտեցում, ԿԿՀ, հակակոռուպցիոն կոմիտեի և դատախազության առնչվող կարիքները գնահատել համատեղ և արդյունքում ստեղծել միասնական մեկ համակարգ ստեղծվի արդյունքում։
4 Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն 18.08.2023 12:04:08 30. Նախագծի Գործողություն 2.4.-ով նախատեսվում է անցկացնել կոռուպցիայի դեմ պայքարի թեմաներով մասնագիտական վերապատրաստումներ և պատրաստումներ Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչների, ՀՀ գլխավոր դատախազության հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարչության դատախազների համար։ Քանի որ տարբեր միջազգային կառույցներ և դոնորներ աշխատում են տվյալ կառույցների կարողությունների զարգացման ուղղությամբ տեխնիկական աջակցության ծրագրերի միջոցով, կարելի է ցուցաբերել ավելի ռազմավարական մոտեցում և գույքագրել կոնկրետ ուղղությունները, որով պետք է անցկացվեն վերապատրաստումները․ օրինակ՝ փողերի լվացման, բարդ ֆինանսական հանցագործությունների քննություն, բաց աղբյուրների միջոցով որոնումներ։ Նույն գործողության որակական և քանակական ցուցանիշներով նախատեսված է «Վերապատրաստման/պատրաստման ծրագրերը ներդրվել և գործում են Կոռուպցիայի հակազդման իրավապահ մարմիններում»։ Կարիք կա միասնականացնել ծրագրերը և իրականացնել համապատասխան մասնագիտացած կառույցի միջոցով, օրինակ՝ ՀՀ Արդարադատության ակադեմիայի: Առաջարկություն • Գույքագրել Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչների, ՀՀ գլխավոր դատախազության հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարչության դատախազների վերապատրաստման կարիքները և կոնկրետ ուղղությունները: • Իրավապահ մարմիններում նախատեսվող վերապատրաստման ծրագրերը նախատեսել ՀՀ Արդարադատության ակադեմիայի միջոցով:
5 Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն 18.08.2023 12:04:08 31. «Հակակոռուպցիոն դատարանների ինստիտուցիոնալ հզորացում» ռազմավարական ուղղության ներքո ներկայացված խնդիրներից մեկը անմիջականորեն չի առնչվում տվյալ ռազմավարական ուղղությանը և ավելի նպատակահարմար է այդ խնդիրը արտացոլել այլ ռազմավարական ուղղության ներքո։ Այսպես, նշված խնդիրը ձևակերպել հետևյալ կերպ․ «Բացի այդ, Հայաստանի կողմից միջազգային պարտավորությունների զգալի մասի ցածր գնահատականը պայմանավորված է վիճակագրական տվյալների բացակայությամբ, ինչը արտացոլված չէ ռազմավարության նախագծում: Մյուս կողմից, տվյալների անբավարար լինելը թույլ չի տալիս վերլուծելու մի շարք ոլորտներում իրականացվող միջոցառումների արդյունավետությունը: Ուստի, ռազմավարությամբ կարևոր խնդիր պետք է դիտարկվի կոռուպցիոն հանցագործությունների քննության, բացահայտման, դատապարտման, ապօրինի ծագմամբ գույքի կառավարման և վերականգնման վերաբերյալ տվյալների հավաքագրումն ու վերլուծության համակարգի ստեղծումը: Արդյունավետ վիճակագրական համակարգի ներդնումը կբարձրացնի հակակոռուպցիոն կառույցների հաշվետվողականությունը և հանրային վստահությունը՝ կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետության նկատմամբ: Այս առնչությամբ անհրաժեշտություն է առաջանում ընդունել իրավական ակտ, որով կապահովվի գործերի կենտրոնացված, միասնական քաղաքականության հիման վրա վիճակագրության վարումը մեկ պատասխանատու մարմնի կողմից։ Մասնավորապես, քրեական վարույթների մասով կարևորվում է վիճակագրության վարումը առնվազն ըստ՝ o հանցատեսակի, o սուբյեկտի, o հանցագործությունների վերաբերյալ տեղեկատվության ստացման աղբյուրների, o հանցագործությամբ պատճառված վնասի, o քրեական գործի հարուցումը մերժելու դեպքերի, o քրեական գործերի քննության արդյունքների (նախաքննության փուլում գործի կասեցում, կարճում, արդարացման կամ մեղադրական դատավճռի կամ այլ որոշման կայացում) o դատարանների կողմից կիրառված պատիժների տեսակների և չափի o կոռուպցիոն հանցագործություններից ստացված եկամուտների, o արգելադրված գույքերի, վերականգնված վնասների, բռնագանձված գույքի, o գործերի տևողության, o օտարերկրյա տարրի մասնակցությամբ կոռուպցիոն հանցագործություններով վերջնական մեղադրական դատավճիռների, իսկ իրավաբանական անձանց մասով՝ ըստ o կիրառված պատիժների տեսակների և չափերի, o հանցագործությունը կանխելու համար ողջամտորեն անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելը (due diligence (compliance)) որպես մեղմացնող հանգամանք կամ պատասխանատվությունից ազատելու միջոց կիրառելու։ Ի հավելումն հիմնական չափորոշիչների նախատեսվում է վարել վիճակագրություն նաև բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից կոռուպցիոն հանցագործությունների կատարման վերաբերյալ, այդ թվում. o Բարձրաստիճան պաշտոնյաների կողմից կոռուպցիայի համար դատապարտված լինելու վերաբերյալ վիճակագրություն o Բարձրաստիճան պաշտոնյաների դատապարտված լինելու վերաբերյալ վիճակագրություն, որոնք պաշտոնավարել են քննությունը սկսելիս o Արտասահմանում կոռուպցիոն եկամուտների բռնագանձման վերաբերյալ վիճակագրություն Վիճակագրության թափանցիկությունն ապահովելու նպատակով պետք է ապահովվի դրա՝ հանրության համար մատչելի հասանելիությունը»: Առաջարկություն Ելնելով վերոնշյալից ռազմավարության նախագծում և գործողությունների ծրագրով նախատեսված 2․11 գործողությունը տեղափոխել այլ՝ խնդրո առարկային առնչվող ռազմավարական ուղղության ներքո՝ նշելով հետևյալը՝ • Ընդունել իրավական ակտ, որով կապահովվի կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ քրեական վարույթներով հստակեցված ցուցիչներով և գործերի կենտրոնացված, միասնական քաղաքականության հիման վրա վիճակագրության վարումը մեկ պատասխանատու մարմնի կողմից։ Վիճակարգրության վարումը իրականացվում է ըստ բոլոր կարևոր ցուցիչների։
6 Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն 18.08.2023 12:04:08 32. «Հակակոռուպցիոն դատարանների ինստիտուցիոնալ հզորացում» ռազմավարական ուղղության ներքո ներկայացված խնդիրները չեն արտացոլում իրավական և գործնական ոլորտի վերհանված խնդիրները, ուստի անհրաժեշտ է ավելի մանրամասն ներկայացնել ոլորտին առնչվող հիմնախնդիրները։ Մասնավորապես, Հակակոռուպցիոն դատարանի բոլոր ատյանների դատավորների թեկնածուներ են ընտրվել նաև Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից բացասական եզրակացություն ստացած անձինք: Անհրաժեշտ է փաստել, սակայն, որ ՀՀ Նախագահի կողմից որոշ թեկնածուների վերաբերյալ Բարձրագույն դատական խորհրդին են ներկայացվել առարկություններ՝ առաջարկելով «... ըստ էության ուսումնասիրման և քննարկման առարկա դարձնել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի և փորձագետների կողմից տրամադրված խորհրդատվական եզրակացություններն ու կարծիքները...»: Նաև ՀՀ Նախագահի առարկության հիման վրա Բարձրագույն դատական խորհրդի կողմից մի շարք թեկնածուներ հանվել են դատավորների, ինչպես նաև դատավորների առաջխաղացման թեկնածուների ցանկից: Հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգին գնահատականների մասում միջազգային պարտավորությունների գնահատման զեկույցների շրջանակներում առանձին անդրադարձ չկա հակակոռուպցիոն դատարաններին, ըստ էության, դրանց առնչվող խնդիրները և լուծումները դիտարկելով ընդհանուր դատական համակարգի բարեփոխումների շրջանակում: Միջազգային կազմակերպությունների առաջարկություններում հակակոռուպցիոն դատարաններին ուղղակիորեն վերաբերելի խնդիրներից են վճռաբեկ դատարանի դատավորների «նշանակումները» ԱԺ կողմից, դատական գործերի սուբյեկտիվ եղանակով բաշխման պրակտիկան: Կարևոր խնդիր է ՏՀԶԿ այն արձանագրումը, որ իրավապահ մարմինները՝ ոստիկանություն, դատախազություն, խուսափում են քրեական վարույթ նախաձեռնել դատավորների նկատմամբ՝ վերջիններիս հետ հարաբերություններ չփչացնելու ակնկալիքով, որը հետագա դիտարկման ենթակա խնդիր է: Ինչ վերաբերում է հակակոռուպցիոն դատարանի կայացմանն ու արդյունավետությանը, դրանց գնահատման համար անհրաժեշտ է մանրամասն դիտարկել համապատասխան կոռուպցիոն և ապօրինի գույքի վերադարձին առնչվող գործերի դատավարությունը և արդար դատաքննության սկզբունքների ապահովումը: Հարկ է ընդգծել, որ հակակոռուպցիոն դատարանների նկատմամբ ձևավորվել են բարձր ակնկալիքներ և ստանդարտներ, ուստի վերհանված խնդրները այս դատարանների հեղինակազրկման էական վտանգ են ներկայացնում՝ հակակոռուպցիոն դատավորների քաղաքականացված լինելու, ինչպես նաև պետական համակարգի կոռումպացված պաշտոնյաների հետ հնարավոր կապերի վտանգների համատեքստում: Այս առումով խնդիր է առաջացնում նաև քաղաքական գործիչների, ինչպես նաև մարդու իրավունքների խախտումների պրակտիկայով աչքի ընկած դատավորների՝ հակակոռուպցիոն դատարանի դատավորներ նշանակվելու դեպքերը: Առաջարկություն Ռազմավարության նախագծում և գործողությունների ծրագրում ավելացնել հետևյալ գործողությունները՝ • Դատական իշխանության մարմիններում ընտրության/նշանակման գործընթացի և չափանիշների վերանայում՝ նվազեցնելով դրանց քաղաքականացված և կողմնակալ լինելու վտանգները, այդ թվում՝ նախատեսելով առնվազն վերջին երկու-երեք տարիների ընթացքում որևէ կուսակցության անդամ հանդիսանալու կամ քաղաքական ակտիվ գործունեությամբ զբաղվելու սահմանափակում: • ԲԴԽ դատավոր և ոչ դատավոր անդամների՝ արժանիքների հիման վրա և թափանցիկ ընտրության ընթացակարգերի երաշխավորում: • Բարձրագույն դատական խորհրդի կողմից դատավորների թեկնածուների, դատավորների առաջխաղացման ցուցակների կազմման, ինչպես նաև դատարանների նախագահների պաշտոններում ընտրության գործընթացի թափանցիկության և որոշումների հիմնավորվածության և հրապարակայնության ապահովում: • Դատական մարմիններում շահերի բախման սահմանման վերանայում, ինքնաբացարկի/բացարկի պրակտիկայի ընդլայնում:
7 Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն 18.08.2023 12:04:08 33. «Հակակոռուպցիոն միջոցառումները դատական համակարգում» ռազմավարական ուղղության ներքո ներկայացված խնդիրներն ու գործողությունները խիստ թերի են և կրկնվող։ Մասնավորապես, անհասկանալի է, թե ինչ տրամաբանությամբ են հենց նշված երեք գործողություններն ընտրվել ու ներառվել Հակակոռուպցիոն ռազմավարությունում ու գործողությունների ծրագրում, եթե Դատական և իրավական բարեփոխումների ռազմավարությամբ նույնպես այդպիսի գործողություններ մասնակիորեն նախատեսված են: Մյուս կողմից առաջարկվող հակակոռուպցիոն միջոցառումները բավարար չեն դատական համակարգում կոռուպցիան կանխարգելելու համար: Գործողությունների ծրագրի նախագծի 2․12-րդ գործողությամբ նախատեսում է արդիականացնել դատարաններում գործերի բաշխման էլեկտրոնային համակարգը, որն ամբողջությամբ կրկնում է ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2022-2026թթ. ռազմավարության և դրանից բխող գործողությունների ծրագրի 10-րդ կետը, որով նախատեսվում է «Արդիականացնել դատարաններում գործող դատական գործերի էլեկտրոնային մակագրության և բաշխման համակարգը, ինչպես նաև կատարելագործել դատական ակտերի պաշտոնական հրապարակման համակարգը։ Նախագծի 2․13-րդ գործողությամբ նախատեսվել է կատարելագործել դատավորների` այդ թվում հակակոռուպցիոն մասնագիտացման դատավորների, գործունեության գնահատման կառուցակարգերը։ Ընդ որում, դատավորների գնահատման կառուցակարգերի ներդրման ուղղությամբ ներկայումս արդեն իսկ աշխատանքներ են տարվում միջազգային ծրագրերի հետ համատեղ։ Նախագծի 2․14-րդ գործողությամբ նախատեսված է բարձրացնել դատարանների աշխատակազմերի և դատավորների աշխատակազմի վարձատրության չափը, ընդ որում՝ Դատաիրավական բարեփոխումների ռազմավարության 4-րդ կետով արդեն իսկ նախատեսված էր 2022թ․ մշակել օրենսդրական փոփոխություններ` ուղղված դատավորների 2021 թվականին տարբեր դատական ատյաններում (հակակոռուպցիոն առաջին ատյան, վերաքննիչ) աշխատավարձերի բարձրացմանը: Կարծում ենք, որ պահանջվում է ցուցաբերել առավել համալիր մոտեցում և ամրագրել բոլոր ատյանների դատավորների (սկսած առաջին ատյանի դատավորներից, այլ ոչ հակառակը) և աշխատակազմի աշխատավարձերի համահունչ բարձրացում։ Ընդունելով այս միջոցառումների կարևորությունը, գտնում ենք, որ անընդունելի է մի ոլորտային ռազմավարությամբ նախատեսված գործողությունները միևնույն ժամանակ նախատեսել մեկ այլ ռազմավարական փաստաթղթում։ Առաջարկություն • Ռազմավարության նախագծում և գործողությունների ծրագրում դատաիրավական ոլորտի ներկայացված խնդիրներն ու գործողությունները ավելի համապարփակ նախատեսել առնչվող փաստաթղթում՝ Դատական և իրավական բարեփոխումների ռազմավարությամբ, զուգահեռաբար հեռացնելով դրանք, ինչպես նաև կրկնությունները հակակոռուպցիոն ռազմավարության նախագծից։
8 Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն 18.08.2023 12:04:08 34. Ռազմավարության նախագծի 5-րդ էջում նշվում է․ «2024 թվական հունվարի 1-ից կստեղծվի Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը, որը իրականացնելու է նշյալ գործերով վերաքննության կարգով քննությունը։ Նշված դատավորների բարեվարքությունը ևս օրենքով սահմանված կարգով ստուգվել է»։ Նույն փաստաթղթի 38-րդ էջում նշվում է․ «Միաժամանակ, 2024 թվականի հունվարի 1-ից կսկսի գործել Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանը»: Տվյալ պնդումները անհասկանալի են, քանի որ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը արդեն իսկ գործում է։ Առաջարկություն • Հանել կամ վերանայել ռազմավարության նախագծի 5-րդ և 38-րդ էջերում նշված պնդումները։
9 Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն 18.08.2023 12:04:08 35. «Կոռուպցիոն հանցագործությունների արդյունքում ձեռք բերված, ինչպես նաև ապօրինի ծագում ունեցող գույքի վերադարձի և կառավարման կառուցակարգերի կատարելագործում» ռազմավարական ուղղության ներքո ներկայացված վիճակագրությունը նպատակահարմար է ներկայացնել ավելի հակիրճ՝ մեկ պարբերությամբ, չծանրաբեռնելով ռազմավարությունը մեկ էջ վիճակագրական տվյալներով, որոնք առավել ևս ներկայացված են 2019-2022թթ․ ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության 2019-2022 թվականների միջոցառումների ծրագրի մոնիթորինգի և գնահատման եզրափակիչ զեկույցում։ Բացի այդ, տվյալ ուղղության ներքո արտացոլված են միայն միջազգային և անդրազգային հարթությունում կոռուպցիայի հակազդման մեխանիզմների ընդլայնման և արդիականացման, միջազգային փոխօգնության մեխանիզմների կատարելագործման խնդիրները: Նախ, անհրաժեշտ է նկատի ունենալ, որ նշվածից բացի իրականությունում առկա են բազմաթիվ այլ խնդիրներ, որոնք նույնպես պետք է իրենց արտացոլումը գտնեն ռազմավարության ծրագրում։ Այսպես, պետք է կարևորել շահագրգիռ անձանց՝ արդար դատաքննության իրավունքի արդյունավետ երաշխիքների ընդլայնումը, այդ թվում նրանց կողմից ապացույցների ձեռքբերման առումով հավելյալ երաշխիքների ապահովումն (օրինակ՝ տեղեկատվության հարցումներ իրականացնելիս ուսումնասիրություն իրականացնող իրավասու մարմնի օժանդակության ապահովումը) ու գույքի գնահատման փորձաքննությունների իրականացման ժամկետների կրճատումը։ ՏՀԶԿ Հակակոռուպցիոն բարեփոխումները Հայաստանում․ Ստամբուլյան հակակոռուպցիոն գործողությունների ծրագրի պիլոտային մոնիթորինգի 5-րդ փուլի վերաբերյալ 2022 թվականի զեկույցի դիտարկումներով ուշադրության է արժանացել կոռուպցիոն և ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթներով ապահովման ենթակա կամ բռնագանձված ակտիվների կառավարման թափանցիկությունն ու կանոնավոր աուդիտի իրականացումը (ցուցիչ 11.5.1) ։ Նշվածի համատեքստում, հաշվի առնելով նաև քաղաքացիական հասարակության առաջարկությունները, կարևորվում է մի շարք կառուցակարգերի ներդրումը։ Քննարկման է ենթակա պետական (կամ հավատարմագրային) կառավարման հանձնված ակտիվների շտեմարանի ստեղծման նպատակահարմարությունը, որը կներառի տվյալներ առնվազն դրանց գտնվելու վայրի և արժեքի մասին և կհրապարակվի առցանց: Բացի այդ, ներկայումս առկա չէ որևէ իրավական կարգավորում, որը հանրությանը թույլ կտա հետևել և մասնակցել կոռուպցիոն գործերով և ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթներով հօգուտ պետության բռնագանձված գույքի կառավարման/ծախսման գործընթացին և գնահատել դրա արդյունավետությունը։ Տարեկան պետական բյուջեն չի արտացոլում, թե մասնավորապես ինչ նպատակով են ծախսվելու կառավարության կողմից նշված ակտիվները։ Նշվածի համատեքստում, հաշվի առնելով այն, որ անօրինական ճանապարհով ակտիվներ ձևավորելու արդյունքում տուժել է նաև լայն իմաստով հանրությունը՝ պետք է կարևորել նաև հասարակական ներգրավվածությունը վերադարձված ակտիվների կառավարման գործընթացին։ Կարևոր է ստեղծել բռնագանձված գույքի կառավարման մասնակցային և հաշվետվողական մոդել, որը հնարավորություն կստեղծի դրա կառավարման վերաբերյալ որոշումներ կայացնելիս հաշվի առնել նաև հանրության կարծիքը։ Տվյալ ոլորտում տարբեր պետություններ արդեն կուտակել են հարուստ փորձ, որն արժանի ուսումնասիրության սույն ռազմավարության նպատակներով։ Վերոգրյալից բացի, «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքը (5-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետ) թույլ է տալիս հնարավորություն նախաձեռնված քրեական վարույթի հետ համընթաց՝ մեղադրյալին կամ իր հետ փոխկապակցված անձին ապօրինի ծագում ունեցող գույք պատկանելու վերաբերյալ կասկածների առկայության պարագայում իրականացնել նաև ապօրինի ծագում ունեցող գույքի վերաբերյալ ուսումնասիրություն։ Սկզբունքորեն քրեական վարույթի նախաձեռնման և իրականացման հիմքերի առկայության պայմաններում, երբ դեռ չի առաջացել ենթադրաբար քրեական հանցագործության կատարման արդյունքում ձեռքբերված գույքի բռնագրավման անհնարինությունը, նպատակահարմար չէ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի զուգահեռ իրականացումը։ Նշվածի հաշվառմամբ առաջանում է նաև քրեական վարույթի շրջանակում գույքի բռնագրավման և անձին քրեական պատասխանատվության ենթարկելու հիմքերի պարագայում քրեական արդարադատության մեխանիզմը պատշաճորեն չգործարկելու և դրա փոխարեն ապացուցման բեռի բաշխվածության տեսանկյունից պետության համար ավելի բարենպաստ՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման կառուցակարգի կիրառման ռիսկը։ Նշված ռիսկը չեզոքացնելու նպատակով պետք է բացառել համապատասխան հանցագործությունների փաստի առթիվ ընթացող քրեական վարույթներին զուգահեռ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի՝ ուսումնասիրության նախաձեռնումը։ Նախագծի 2․19 գործողությամբ նախատեսվում է ընդլայնել և արդիականացնել Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ միջազգային և անդրազգային հարթությունում կոռուպցիայի հակազդման մեխանիզմները, ինչպես նաև կատարելագործել միջազգային փոխօգնության մեխանիզմները: Կարևոր է նշել, որ ՖԱԹՖ հանձնարարականների, ՄԱՆԻՎԱԼ-ի գնահատման զեկույցների և միջազգային փորձի ուսումնասիրությամբ պարզ է դառնում, որ առավել արդյունավետ է պետությունների իրավասու մարմինների մեջ ուղիղ հաղորդակցումը փոխադարձ իրավական օգնության շրջանակներում։ Այս կապակցությամբ անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել ՀՀ համար հանցագործությունների բացահայտման և ապօրինի գույքի բռնագանձման շրջանակներում հատուկ կարևորություն ունեցող պետությունների որոշումը, վերջիններիս և ՀՀ իրավասու մարմինների միջև աշխատանքային հարաբերությունների հաստատումը, երկկողմ հուշագրերի կամ փոխադարձ իրավական օգնության պայմանագրերի ստորագրումը։ Նաև չափազանց կարևոր է իրավասու մարմինների վերապատրաստումը փոխադարձ իրավական օգնության հարցումներ իրականացնելու մեթոդների վերաբերյալ։ Օտարերկրյա պետություններից շատերն ունեն փոխադարձ իրավական օգնության վերաբերյալ ընթացակարգային կանոններ, որոնք կարող են ներառել փոխադարձ իրավական օգնության հարցմամբ տրված տեղեկատվության լիարժեքության, մանրամասնության, փաստաթղթերի ամբողջականության և այլնի վերաբերյալ պահանջներ։ Կարևոր են հարցումն ուղարկող իրավասու մարմնի աշխատակիցների գիտելիքները՝ հարցումներին ժամանակին և լիարժեք պատասխաններ ստանալու տեսանկյունից։ Առաջարկություն Ռազմավարության նախագծում և գործողությունների ծրագրի 2․16-2․19 կետերում նախատեսել հետևյալ գործողությունները՝ • Ընդլայնել շահագրգիռ անձանց՝ արդար դատաքննության իրավունքի արդյունավետ երաշխիքները, այդ թվում՝ նրանց կողմից ապացույցների ձեռքբերման առումով հավելյալ երաշխիքների ապահովման (օրինակ՝ տեղեկատվության հարցումներ իրականացնելիս ուսումնասիրություն իրականացնող իրավասու մարմնի օժանդակության ապահովման) և գույքի գնահատման փորձաքննությունների իրականացման ժամկետների կրճատման միջոցով՝ մասնագիտացված կարողությունների զարգացման և այդ բնագավառում գնումների գործընթացի բարելավման միջոցով: • Ստեղծել պետական (կամ հավատարմագրային) կառավարման հանձնված ակտիվների շտեմարան, որը կներառի տվյալներ առնվազն դրանց գտնվելու վայրի և արժեքի մասին և կհրապարակվի առցանց: • Ստեղծել բռնագանձված գույքի կառավարման մոդել՝ նախանշելով որոշ հստակ որակական բնութագրեր և պահանջներ։ Մասնավորապես՝ ստեղծվող մարմինը պետք է օժտված լինի հաշվետվողականության բարձր մակարդակով, բռնագանձված գույքի և միջոցների հետագա օգտագործման հարցերով որոշումներ կայացնելիս օրենսդրությամբ ամրագրվի ոլորտային ՀԿ-ների, կոռուպցիայից տուժած կոնկրետ խմբերի հետ խորհրդակցելու պարտադիր պահանջ և այլն։ • Գործարկել ինտեգրված հարթակ, որը կապահովի ակտիվների վերադարձման մասնագետների, հետախուզության ստորաբաժանումների, քննչական և դատախազական մարմինների միջև տեղեկատվության ակտիվ և անվտանգ փոխանակումը: Ստեղծել հասանելիության հնարավորություն նաև այլ պետական մարմինների տվյալների բազաներին։ • Կատարել փոփոխություններ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքում՝ բացառելով համապատասխան հանցագործությունների փաստի առթիվ ընթացող քրեական վարույթներին զուգահեռ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի՝ ուսումնասիրության նախաձեռնումը։ • Նախատեսել գործողություններ ամրապնդելու հանցագործությունների բացահայտման և ապօրինի գույքի բռնագանձման շրջանակներում առանցքային պետությունների հետ միջազգային համագործակցության հիմքերը, ինչպես նաև զարգացնելու իրավասու մարմինների համապատասխան կարողությունները։
10 Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն 18.08.2023 12:04:08 36. Ռազմավարության նախագծով նախատեսվում է ազդարարման համակարգի կատարելագործում և արդիականացում, ընդ որում՝ ողջունելի է, որ նախատեսվում է վերանայել ազդարարման համակարգի ներկայիս մոդելը, որը փաստացի անարդյունավետ է։ Միաժամանակ, պետք է նշել, որ 2022թ․-ին «Ազդարարման համակարգի մասին» ՀՀ օրենքում կատարվել են մի շարք դրական փոփոխություններ, սակայն հարակից օրենքներում նշված փոփոխություններից բխող փոփոխություններ չեն կատարվել։ Այս մոտեցումը չի նպաստում ազդարարման ինստիտուտի կայացմանը և դրա նկատմամբ հանրային վստահությանը։ Ռազմավարության նախագծով որպես ազդարարման համակարգի խնդիր նշվում է, որ դեռևս ներդրված չէ ազդարարման խրախուսմանն ուղղված որևէ կառուցակարգ։ Իսկ նախագծի 2․23 գործողությամբ առաջարկվում է դիտարկել ազդարարման խրախուսման մեխանիզմների նախատեսման նպատակահարմարությունը։ «Խրախուսում» բառը տպավորություն է ստեղծում, որ խոսքը դրամական փոխհատուցման մասին է, ինչը ամբողջությամբ խեղաթյուրում է ազդարարման նպատակն ու դրա հանրային կարևորությունը։ Ազդարարումը պետք է հիմնվի մարդու ազնվության, դեպի արդարությունը ձգտելու, հանրության ու պետության առջև պատասխանատվություն ստանձնելու, այլ ոչ թէ՝ նյութական մոտիվացիայի վրա։ Այս առումով, խրախուսման մեխանիզմների ներդրումը կարող է հանգեցնել կոռուպցիոն ռիսկերի և փաստացի չարաշահումների։ Իսկ եթե խոսքը մոտիվացիոն այլ գործիքների մասին է, ապա ընտրված եզրույթը խնդրահարույց է։ Բացի վերոնշյալը, խնդրահարույց են ազդարարման որոշ ավելորդ կանոնակարգումներ, որոնք խոչընդոտում են ինստիտուտի կայացմանը։ Մասնավորապես՝ ազդարարման համակարգի մասին ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն «ազդարարը գործում է բարեխղճորեն, եթե ազդարարելու պահին նա կոռուպցիոն բնույթի դեպքի կամ շահերի բախման կամ վարքագծի կանոնների կամ անհամատեղելիության պահանջների կամ այլ սահմանափակումների կամ հայտարարագրման հետ կապված խախտման կամ հանրային շահերին ուղղված այլ վնասի կամ դրանց սպառնալիքի վերաբերյալ ունի կասկածի ողջամիտ հիմքեր, նրա համոզմամբ տեղեկությունը ճշմարտացի է, և եթե նախքան ազդարարումը նա իր իրական հնարավորությունների սահմաններում միջոցներ է ձեռնարկել ստուգելու տեղեկության ճշտությունը և ամբողջականությունը»: Հատկանշական է, որ միջազգային չափանիշների համաձայն պաշտպանության ենթակա են այն անհատները, ովքեր հաղորդում են իրենց աշխատավայրում կոռուպցիայի հետ կապված այնպիսի խախտման մասին, որն իրենց համոզմամբ ճիշտ է հաղորդում ներկայացնելու պահին։ Տեղեկության ճշմարտացիությունը և ամբողջականությունը ստուգելը չափազանց մեծ բեռ է դնում ազդարարի վրա, և չի կարող լինել վերջինիս պարտականությունը։ Ազդարարի վրա նման բեռ դնելը և դրա չիրականացման համար վերջինիս պաշտպանությունից զրկելը չի խթանում ազդարարման համակարգի կայացմանը, ավելին, անձանց ետ է պահում խախտման մասին ազդարարելուց։ Առաջարկություն • Վերանայել կամ հստակեցնել ազդարարման «խրախուսման» մոդելը և օգտագործել ճիշտ մեխանիզմներ ու արտահայտություններ՝ տարընթերցումներից ու տարակարծություններից խուսափելու և «ազդարարման» կոնցեպտը չխեղաթյուրելու համար։ • Վերանայել ազդարարման նկատմամբ պահանջները՝ հնարավոր ազդարարներին ազատելով ավելորդ ծանրաբեռնվածությունից՝ ստուգելու տեղեկության ճշմարտացիությունը և ամբողջականությունը, ինչը ինքնին կարող է խթան ստեղծել ազդարարման պրակտիկան տարածելու համար։
11 Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն 18.08.2023 12:04:08 37. «Իրավաբանական անձանց քրեական պատասխանատվության ինստիտուտի կատարելագործման տեսլականի ուրվագծում» ռազմավարական ուղղության ներքո ներկայացված խնդիրը լիարժեքորեն չի արտացոլում միջազգային պարտավորություններից բխող խնդրո առարկան։ Մասնավորապես, «Հիմք ընդունելով նույն զեկույցի (այստեղ խոսքը ՏՀԶԿ ստամբուլյան հակակոռուպցիոն գործողությունների ծրագրի պիլոտային մոնիթորինգի 5-րդ փուլի վերաբերյալ Հայաստանի զեկույցի մասին է) դիտարկումները` անհրաժեշտ է նաև իրականացնել իրավաբանական անձանց նկատմամբ սանկցիաներ կիրառելիս համաչափության սկզբունքի երաշխավորման առնչությամբ առկա վիճակի գնահատում և ըստ անհրաժեշտության՝ բարեփոխումների իրականացում: Զեկույցի դիտարկումներին (ցուցիչ 9.2) համապատասխան առաջարկվում է խստացնել կոռուպցիոն հանցագործությունների համար նախատեսված պատիժները և դատավորների վերապատրաստման և դատավորների թեկնածուների հավակնորդների ուսումնական դասընթացների մշակման շրջանակում հատուկ ուշադրություն դարձնել, կոռուպցիոն հանցագործությունների համար պատիժ նշանակելիս, որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու, որպես լրացուցիչ պատժի, կիրառելիության հարցերին։ Առաջարկություն • Գործնականում ապահովել քննչական գործողությունները կատարելիս տեխնիկական միջոցների պարտադիր կիրառման օրենսդրական պահանջի կիրառումը՝ քննչական մարմնի անհրաժեշտ նյութատեխնիկական կարողությունների ապահովման և զարգացման, ինչպես նաև քննիչների շարունակական վերապատրաստումների, դատավարական նոր ընթացակարգի արդյունավետ կիրառման հմտությունները զարգացնելու միջոցով։ • Կատարել ՀՀ քրեական օրենսգրքի փոփոխություն՝ նախատեսելով, որ իրավաբանական անձանց քրեական պատասխանատվությունը կարող է վրա հասնել նաև հանցանքը իրավաբանական անձի նկատմամբ իրական (փաստացի) վերահսկողություն իրականացնող անձանց կողմից կատարված լինելու դեպքում։ • Վերանայել Քրեական օրենսգրքով իրավաբանական անձանց նկատմամբ տուգանք պատժամիջոցի կիրառման սկզբունքները՝ վերացնելով տարեկան համախառն եկամտի 20% ավել տուգանք նշանակելու արգելքը և տուգանքի չափը սահմանելով որպես ապօրինի ստացված եկամուտի բազմապատկիչ։
12 Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն 18.08.2023 12:04:08 ՆՊԱՏԱԿ 3․ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ԻՐԱԶԵԿՈՒՄ 38. Գործողությունների ծրագրի «Հակակոռուպցիոն կրթություն և հանրային իրազեկում» բաժնի 3․1-3․5 և 3․9 գործողություններում գործողություններով՝ իրականացված ծրագրերի արդյունքների գնահատում նախատեսվում է իրականացնել 2025թ․ և 2026թ․ ավարտին։ Մինչդեռ թիրախային և արդյունավետ իրականացման նկատառումներով կարիք կա իրականացնելու արդյունքների գնահատում հատկապես առաջին՝ պիլոտային փուլի ավարտին, այնուհետ՝ վեր հանված կարիքների և արդյունքների հիման վրա կատարել ծրագրերի բարելավում, հետո միայն ընդլայնել դրանց ներդրման ծավալները։ Կարևոր է նաև գնահատման փուլում մասնագիտացված ՔՀԿ-ների ներգրավման հստակ մեխանիզմների նախատեսումը։ Առաջարկություն • «Հակակոռուպցիոն կրթություն և հանրային իրազեկում» բաժնի 3․1-3․5 և 3․9 գործողություններում իրականացված ծրագրերի արդյունքների մասնակցային եղանակով գնահատում նախատեսել նաև 2024 թվականին իրականացվելիք պիլոտային ծրագրերի ավարտին։
13 Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն 18.08.2023 12:04:08 39. Նույն բաժնում 3․2 և 3․4 գործողությունների «Ուղղակի արդյունքային քանակական և որակական ցուցանիշներ» հատվածում նշված է, որ վերապատրաստման ծրագիրը ներդրվել և գործում է ուսումնական հաստատություններում։ Քանի որ վերապատրաստման ծրագրերն իրականացվում են ԿԳՄՍՆ-ի կողմից երաշխավորվող վերապատրաստող կազմակերպությունների կողմից, ուստի դրանք չեն կարող ներդրվել և գործել ուսումնական հաստատություններում Առաջարկություն • Գործողությունը վերաձևակերպել և նշել, որ վերապատրաստման ծրագրերը կազմակերպվում են ուսումնական հաստատությունների համար։
14 Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն 18.08.2023 12:04:08 40. Նույն բաժնում 3․6 գործողության 2025 և 2026 թվականների կատարողականի թիրախներում սահմանվում են, որ «Ծրագիրը իրականացվել է առնվազն 10 հետբուհական ուսումնական հաստատություններում, որոնցից կեսը գյուղական համայքներում»։ Հայաստանյան հետբուհական ուսումնական հաստատությունները տեղակայված են բացառապես քաղաքներում, ուստի գյուղական հետբուհական ուսումնական հաստատություններում իրականացնելու պահանջը հնարավոր չէ ապահովել։ Առաջարկություն • Նշված գործողության 2025 և 2026 թվականների կատարողականի թիրախներից հեռացնել «որոնցից կեսը գյուղական համայնքներում» հատվածը։
15 Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն 18.08.2023 12:04:08 41. Նույն բաժնի 3․7 գործողության 2026 թվականի կատարողականի թիրախներում նախատեսվում է ներդնել հակակոռուպցիոն թեմատիկ գրականության աղբյուրների համար նախատեսված հարթակ, իսկ «Ուղղակի արդյունքային քանակական և որակական ցուցանիշներ» հատվածում նախատեսվում է, որ «հարթակում գրանցված և դրանցից օգտվող անձանց թվաքանակը հասնում է 1000-ի»։ Կատարողականի թիրախներում նախատեսված չեն հարթակի իրազեկման նպատակով իրականացվող գործողություններ, ինչի պատճառով հարթակում գրանցված 1000 անձանց թվականակի ապահովումը կարող է լինել անիրատեսական։ Առաջարկություն • Նախատեսել գործողություն՝ թիրախային խմբերի շրջանում իրականացնելով իրազեկման աշխատանքներ հարթակի մասին։
16 Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն 18.08.2023 12:04:08 42. Նախագծի 3․11-րդ գործողությունն ուղղված է հակակոռուպցիոն ոչ ֆորմալ կրթական ծրագրերի իրականացմանը՝ դպրոցներում հիմնելով աշակերտական հակակոռուպցիոն ակումբներ, իսկ ԲՈՒՀ-երում՝ Հակակոռուպցիոն լաբորատորիաներ (R&D)՝ հակակոռուպցիոն հետազոտություններ, իրավական ակտերի հակակոռուպցիոն փորձաքննություն անցկացնելու և հակակոռուպցիոն ծրագրերին հետազոտական և անալիտիկ բնույթի այլ աջակցություն տրամադրելու նպատակով։ Թեև տվյալ գործողությունն իր էությամբ բավականին առաջադեմ է, կա մտահոգություն, որ դրանց ստեղծումը կարող է լինել արհեստական ու ոչ կայուն կամ պետության համար ռեսուրսատար՝ այն դեպքում, երբ դրանք տվյալ փուլում առաջնահերթ չեն։ Փոխարենը, կարծում ենք, հարկավոր է ձևավորել առավել ճկուն և պետության համար ավելի քիչ պարտավորեցնող համակարգ, որը սակայն կկարողանա ապահովել հակակոռուպցիոն կրթական միջոցառումների տարածումը։ Օրինակ կարող են հանդիսանալ նախագծային ուսուցման շրջանակներում հակակոռուպցիոն թեմաներով իրականացվող նախագծերը, դասղեկական ժամերի ընթացքում սահմանված թեմաների քննարկման ցանկում հակակոռուպցիոն թեմաների ներառումը, ուսանողական և աշակերտական խորհուրդների կողմից կազմակերպվող հակակոռուպցիոն ծրագրերը և այլն։ Առաջարկություն • Մշակել ու գործարկել մոտիվացիոն համակարգ՝ խրախուսելու ուսումնական հաստատությունների նախաձեռնողականությունը և հակակոռուպցիոն ոլորտում սեփական ծրագրերը։
17 Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն 18.08.2023 12:04:08 43. Նույն բաժնի 3․12 գործողության «Ուղղակի արդյունքային քանակական և որակական ցուցանիշներ» հատվածում նախատեսվում է «Հասարակության լայն շրջանակը հանրային հաղորդակցության և իրազեկման գործողությունների ծրագրով սահմանված կայուն պարբերականությամբ տեղեկացվում է հակակոռուպցիոն քաղաքականության, պետական մարմինների հետ հարաբերակցվելիս իրենց իրավունքների և պարտականությունների, ազդարարման համակարգի, իրավաբանական անձանց քրեական պատասխանատվության, իրական շահառուների, գնումների և այլ թիրախային թեմաների վերաբերյալ, հետևողականորեն քայլեր են ձեռնարկվում հանրային իրազեկվածության մակարդակի բարձրացման ուղղությամբ»։ Նշված ցուցանիշը չափելի չէ և բացակայում են քանակական ցուցիչները։ Առաջարկություն • Վերախմբագրել 3․12 գործողության «Ուղղակի արդյունքային քանակական և որակական ցուցանիշներ» հատվածը, այն դարձնել չափելի, ներառել քանակական ցուցիչներ։
18 Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն 18.08.2023 12:04:08 44. Նախագծի 3․13-րդ գործողության համաձայն՝ զարգացվելու են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կարողությունները հակակոռուպցիոն ոչ ֆորմալ կրթության և հանրային իրազեկման ոլորտում։ Ընդհանրապես կարողությունների զարգացման բաղադրիչը կայուն չի լինի, եթե դրան զուգահեռ ԿԿՀ-ին աջակցություն չտրամադրվի մշակելու հստակ գործողությունների պլան, մոնիտորինգային ցուցանիշներ և բյուջե, որով տվյալ մարմինը կիրականացնի այդ իրազեկումն ու ոչ ֆորմալ կրթությունը։ Առաջարկություն • Լրամշակել տվյալ գործողությունն ու վերջնարդյունքը՝ նախատեսելով աջակցություն ԿԿՀ-ին ոչ ֆորմալ կրթության զարգացման և հանրային իրազեկման ուղղությամբ գործողությունների պլան և բյուջե կազմելու համար։
19 Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն 18.08.2023 12:04:08 45. Նախագծի 3․14 գործողությամբ առաջարկվում է զարգացնել ՔՀԿ-ների և ՔՀԿ-ների ցանցերի կարողությունները հակակոռուպցիոն ոչ ֆորմալ կրթության և հանրային իրազեկման ծրագրերի իրականացման, մշտադիտարկման և գնահատման նպատակով։ Նույն կերպ, առաջարկվում է Գործողություն 5.2.3-ը, որով նախատեսվում է զարգացնել Հակակոռուպցիոն ոլորտի ՔՀԿ-ների կարողությունները մասնագիտական վերապատրաստումների եղանակով։ Հաշվի առնելով, որ պետության ռեսուրսները սուղ են, մինչդեռ ՔՀԿ-ները կարող են ոչ ֆորմալ կրթության և իրազեկման նպատակով գումարներ հայթայթել դոնոր կազմակերպություններից՝ ցանկալի է, որ պետությունն իր վրա բեռ չվերցնի և առկա սուղ ռեսուրսները ծախսի առավել արդյունավետ։ Առաջարկություն • Նախագծից հանել նշված գործողությունները, իսկ քաղհասարակության կրթության կամ իրազեկման նպատակով խրախուսել դոնոր կազմակերպությունների աջակցությունը։
20 Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն 18.08.2023 12:04:08 ՆՊԱՏԱԿ 4. ԳՈՐԾԱՐԱՐ ԲԱՐԵՎԱՐՔՈՒԹՅՈՒՆ, ԳՈՐԾԱՐԱՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԳՈՐԾԱՐԱՐ ՎԱՐՉԱՐԱՐՈԻԹՅԱՆ ԴՅՈՒՐԱՑՈՒՄ 46. «Իրավաբանական անձանց իրական շահառուների բացահայտման ինստիտուտի կատարելագործում» ռազմավարական ուղղության առնչությամբ, հարկ է արձանագրել, որ գործող օրենսդրությամբ առկա են որոշակի կարգավորումներ, որոնք ուղղված չեն իրական շահառուների բացահայտման համակարգի արդյունավետության ապահովմանը՝ չհիմնավորված կերպով կրկնակի ֆինանսական բեռ դնելով հայտարարագիր ներկայացնող անձանց վրա։ Այսպես, «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» ՀՀ օրենքի 60.4-րդ հոդվածի համաձայն՝ Իրական շահառուների փոփոխության գրանցման համար գործակալություն է ներկայացվում՝ 1) իրավաբանական անձի իրական շահառուների վերաբերյալ նոր հայտարարագիր, 2) պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ։ Այսինքն՝ այն դեպքերում, երբ իրական շահառուի փոփոխությունը տեղի է ունենում իրավաբանական անձի մասնակցի կամ գործադիր մարմնի փոփոխությամբ պայմանավորված (ինչը գործնականում տեղի է ունենում դեպքերի ճնշող մեծամասնության պարագայում), իրավաբանական անձանց պետական ռեգիստրում մասնակցի (ինչը մեծամասամբ տեղի է ունենում նաև կանոնադրության մեջ փոփոխություն կատարելու հետ զուգահեռ, որի համար գանձվում է առանձին պետական տուրք) կամ գործադիր մարմնի փոփոխությունը գրանցելու համար գանձվում է պետական տուրք։ Ի լրումն դրան, 40-օրյա ժամկետում իրավաբանական անձը պարտավոր է ներկայացնել իրական շահառուի վերաբերյալ նոր հայտարարագիր, որով կրկին կարձանագրվի մասնակցի կամ գործադիր մարմնի (կախված կոնկրետ հանգամանքներից) փոփոխությամբ պայմանավորված իրական շահառուի վերաբերյալ տվյալների փոփոխությունը։ Նույնը վերաբերում է համապատասխան անձանց անձնագրային կամ այլ տվյալների փոփոխությանը, որը ևս պետք է անցնի կրկնակի գործընթացի միջով։ Գտնում ենք, որ իրական շահառուի տվյալների փոփոխության դեպքում նոր հայտարարագիր ներկայացնելու համար պետական տուրքի գանձման պահանջը իրավաչափ չէ, քանի որ պետական ռեգիստրում նույն տվյալի/տեղեկության փոփոխության գրանցման համար տարբեր ընթացակարգերի շրջանակներում անձին առաջադրվում է կրկնակի պետական տուրք վճարելու պահանջ, որը արդարացված չէ և չի նպաստում իրական շահառուների բացահայտման ինստիտուտի զարգացմանը։ Առաջարկություն • Օրենսդրական փոփոխությունների կատարման միջոցով վերացնել իրական շահառուի տվյալների փոփոխության դեպքում նոր հայտարարագիր ներկայացնելու համար պետական տուրքի վճարման պահանջը։ 2. «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի և դրա հիման վրա ընդունված ենթաօրենսդրական ակտերի վերլուծությունը ցույց է տալիս, որ գույքի, ինչպես նաև շահերի հայտարարագրերում, դրանց կիրառումն ապահովող այլ ակտերում բավարար չափով չի արտացոլվել իրական շահառուի հայտարարագրման ինստիտուտը՝ հաճախ նույնացնելով այն ֆորմալ բաժնեմասնակցության հետ։ Օրինակ՝ ՀՀ կառավարության 30.01.2020թ.-ի թիվ 102-Ն որոշմամբ բավարար չափով արտացոլված չեն համապատասխան իրավաբանական անձի իրական շահառու հանդիսանալու հիմքերը, իսկ հայտարարատու պաշտոնատար անձի գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի, նրա ընտանիքի անդամների գույքի, եկամուտների և ծախսերի հայտարարագրերի լրացման ԿԿՀ-ի կողմից ընդունված ուղեցույցը ուղղակիորեն նույնացնում է իրական շահառուի ինստիտուտը բաժնեմասնակցության ձեռքբերման հետ: Առաջարկություն • ՀՀ կառավարության 30.01.2020թ.-ի թիվ 102-Ն որոշման և Հայտարարատու պաշտոնատար անձի գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի, նրա ընտանիքի անդամների գույքի, եկամուտների և ծախսերի հայտարարագրերի լրացման ԿԿՀ-ի կողմից ընդունված ուղեցույցի մեջ փոփոխություններ կատարելու միջոցով՝ պատշաճ կերպով սահմանել իրավաբանական անձի իրական շահառու հանդիսանալու բոլոր հիմքերը:
21 Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն 18.08.2023 12:04:08 47. «Պետական գնումների գործընթացում բարեվարքության, հաշվետվողականության և թափանցիկության կատարելագործում» ուղղության ներքո ռազմավարության նախագծում կարևորվում է գնումների գործընթացում կոռուպցիայի կանխարգելման շրջանակներում շահերի բախման և բարեվարքության կառուցակարգերի շարունակական կատարելագործումը։ Հանրային գնումների գործընթացում շահերի բախման իրավիճակների կառավարման գործիքակազմերի ներդրման տեսանկյունից, ռազմավարության նախագծի գործողությունների ծրագրի 4․12-րդ կետով նախատեսվում է ուսումնասիրել «պետական բարձրաստիճան պաշտոնատար անձանց ուղղակի և անուղղակի մասնակցությունը ու ազդեցությունը պետական գնումների գործընթացներում բացառելուն, շահերի բախման կառուցակարգերը կատարելագործելուն» միջոցառումը, որի հիման վրա պետք է մշակվեն օրենսդրական կարգավորումներ։ Անհրաժեշտ է նկատի ունենալ, որ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի հոդված 42-ի շահերի հայտարարագրի բովանդակությունը վերտառությամբ հոդվածի 6-րդ մասով, հայտարարագրման ենթակա է «․․․Պաշտոն զբաղեցնող անձի և նրա ընտանիքի անդամների կողմից, ինչպես նաև նրանց մասնակցությամբ կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետության կամ համայնքների հետ կնքված պայմանագրերը, որոնց գինը (արժեքը) գերազանցում է հինգ միլիոն Հայաստանի Հանրապետության դրամը կամ դրան համարժեք արտարժույթը, պայմանագրի տեսակը, կողմերը, նրանց հասցեները, տվյալներ պայմանագրի կնքման գործընթացի մասին, պայմանագրի կնքման օրը, ամիսը, տարին, գործողության ժամկետը, ինչպես նաև գինը (արժեքը)»։ Այդուհանդերձ, օրենսդրությամբ հանրային պաշտոն զբաղեցնող անձանց ու ծառայողների համար սահմանված չէ որևէ արգելք կամ սահմանափակում՝ պաշտոնատար անձի և նրա ընտանիքի անդամների կողմից, ինչպես նաև՝ նրանց մասնակցությամբ կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետության կամ համայնքների կողմից հայտարարված գնումների մրցույթներին մասնակցության մասով։ Միջազգային պրակտիկայում նման սահմանափակումները լայնորեն կիրառվում են, որոնք հանդիսանում են գնումների գործընթացում շահերի բախման կանխարգելման լավագույն գործիք։ Առաջարկություն Ելնելով վերոնշյալից ռազմավարության նախագծում և գործողությունների ծրագրի 4․12 կետում նախատեսել՝ • «Հանրային ծառայության մասին» կամ «Կոռուպցիայի կանխարգելման մասին» վերտառությամբ մշակվող օրենքի նախագծով, հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և նրանց ընտանիքի անդամ հանդիսացող անձանց մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների համար սահմանափակել այն պատվիրատու մարմնի գնման գործընթացին մասնակցելու հնարավորությունը, որտեղ հանրային պաշտոն զբաղեցնող անձը պաշտոնավարում է կամ համակարգում է այդ ոլորտի գործունեությունը: • ԿԿՀ-ին վերապահել պետական և համայնքային գնումների գործընթացում ներգրավված կազմակերպություններում հանրային պաշտոն զբաղեցնող անձի և նրա ընտանիքի անդամի մասնակցությամբ գնումների գործընթացներում ներգրավվածության վերաբերյալ վերահսկողություն իրականացնելու գործառույթ։ • Այդ գործառույթի շրջանակներում օրենսդրորեն ԿԿՀ-ին լիազորել կասեցնելու կամ առաջարկություն ներկայացնելու առոչինչ ճանաչելու պետական կամ համայնքային գնումների գործընթացում կնքվելիք կամ կնքված այն պայմանագրերը, որոնցում կողմ հանդիսացող կազմակերպություններում ներգրավված են պաշտոնատար անձը կամ նրա ընտանիքի անդամը։
22 Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն 18.08.2023 12:04:08 48. Նախագծի 4․17-րդ գործողության համաձայն՝ կոռուպցիոն բնույթի տնտեսական իրավախախտումների բացահայտման արդյունավետության բարձրացման նպատակով շարունակաբար պետք է զարգացվեն և կատարելագործվեն ինստիտուցիոնալ կառուցակարգերը և մեխանիզմները։ Որպես տվյալ գործողության թիրախ 2026թ․ համար նախատեսված է «Հզորացվել են գլխավոր դատախազության, հակակոռուպցիոն կոմիտեի, քննչական կոմիտեի, հաշվեքննիչ պալատի, պետական վերահսկողության ծառայության, մրցակցության պաշտպանության հանձնաժողովի պաշտոնատար անձանց կարողութունները կոռուպցիոն բնույթի տնտեսական իրավախախտումների բացահայտման ուղղությամբ։ Կազմակերպվել և անցկացվել են առնվազն վերապատրաստման 8 դասընթացներ»։ Առաջարկում ենք սույն գործողության ներքո բացի վերապատրաստումներից նաև մշակել քննության վարման ուղեցույցներ և պրոտոկոլներ, որպեսզի քննչական գործողությունների միատեսակ պրակտիկա ձևավորվի տվյալ մարմիններում։
23 Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն 18.08.2023 12:04:08 ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՒՅԹԻ ՆԿԱՏԱՌՈՒՄՆԵՐ ԵՎ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ 49. Ռազմավարության նախագծի գործողությունների ծրագիրը վերնագրված է «ՀՀ հակակոռուպցիոն ազգային ռազմավարությունից բխող 2023-2026 թվականների գործողությունների ծրագիր», որտեղ «ազգային» բառը ավելացնելու նպատակը անհասկանալի է։ Ռազմավարության նախագծի վերնագրում այն բացակայում է, նաև «Հայաստանի Հանրապետություն» եզրույթը կարծես թե ինքնին բնորոշում է փաստաթղթի ազգային լինելու հանգամանքը։ Հաշվի առնելով ՀՀ Հակակոռուպցիոն ռազմավարության և դրանից բխող 2023-2026 թվականների գործողությունների ծրագրի նախագծի հաստատման և ներդրման ժամկետները, կասկածի տակ է դրվում 2023թ․ երկրորդ եռամյսակում նախատեսված գործողությունների իրատեսականությունը։ Ինչպես և նշվել էր վերևում կոռուպցիայի կանխարգելման օրինակով (տես՝ Նպատակ 1. Կոռուպցիայի կանխարգելման բաժին, կետ 8), ռազմավարության նախագծում սահմանված չեն հակակոռուպցիոն քաղաքականության հիմնական բաղադրիչների (փաստաթղթում դրանք ներկայացված են որպես նպատակներ) ուղղությամբ 2023-2026 թվականների ռազմավարության նպատակները, ակնկալվող արդյունքները և դրանց գնահատման ցուցիչները։ Առաջարկություն • Ռազմավարության նախագծի գործողությունների ծրագրի վերնագրից դուրս բերել «ազգային» բառը։ • Առավել իրատեսական պլանավորման միջոցով իրականացնել գործողությունների վերաբաշխում ըստ տարիների՝ պակասեցնելով 2023թ․ նախատեսված ծանրաբեռնվածությունը, իսկ գործողությունների իրականացումը բաշխել այնպես, որպեսզի մինչև 2026 թվականի վերջ կանխատեսելի լինեն գործնականում հիմնախնդրի լուծման ակնկալվող արդյունքները։ • Ռազմավարության նախագծում սահմանել ռազմավարության հիմնական բաղադրիչների 2023-2026 թվականների հիմնական նպատակները, ակնկալվող արդյունքները և դրանց գնահատման ցուցիչները։
24 Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն 18.08.2023 12:04:08 50. Ռազմավարության նախագծի «Կանխարգելման նպատակ» բաժնի ներքո շարադրված են կանխարգելման ոլորտի խնդիրները, մինչդեռ դրանց լուծման ռազմավարական լուծումները բացակայում են։ Շարադրանքում բացակայում է կոնկրետությունը, պարզ չէ, թե ինչ ենք ուզում ստանալ, ինչի ենք ձգտում հասնել։ Համանման տրամաբանությամբ էլ կառուցված են տվյալ նպատակի ներքո առաջարկվող գործողությունները։ Մասնավորապես, նշված գործողությունների ծրագրի կանխարգելման բաժնի 27 գործողություններից միայն 7-ի (1․3,1․4,1․10,1․18,1․20,1․21,1․26) կատարողական թիրախների ներքո է առկա կոնկրետ սահմանված բովանդակային անելիքներ։ Մյուս բոլոր գործողությունների դեպքում առաջարկվում է իրականացնել կարիքների գնահատում, միջազգային փորձի ուսումնասիրություն, քննարկումներ և իրավական ակտերի նախագծերի մշակում ու ՀՀ կառավարություն ներկայացում։ Արդյունքում՝ ստացվում է, որ առաջիկա երեք տարիների ընթացքում ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությամբ պետք է ընդամենը փորձենք բացահայտել առաջադրված խնդիրների լուծումները և մշակենք իրավական ակտերի նախագծեր։ Ընդ որում, այս գործողությունների վերջնարդյունքները հիմնականում սահմանափակվում են օրենսդրական ակտերի նախագծերի ՀՀ կառավարության կողմից ընդունմամբ և ՀՀ Աժ-ին ներկայացման գործընթացով, իսկ գործնականում կիրարկման գործողություն և դրա արդյունքներ չեն նախատեսվում։ Նաև, համապատասխանաբար, առկա չեն գործողությունների գործնականում կիրառման գնահատման (վերջնական և միջանկյալ) քանակական ու որակական ցուցիչները։ Կոռուպցիայի կանխարգելման նպատակով առաջարկվող գործողությունների շարքում 2026 թվականի համար կատարողականի թիրախներ հիմնականում նախատեսված չեն և արդյունքներ չեն ակնկալվում։ 2025 թվականի համար՝ կատարողականի թիրախներով բովանդակային տեսանկյունից ամբողջությամբ ծանրաբեռնված է ընդամենը 4 գործողություն (1.1, 1.3, 1.4, 1.16), մասնակի՝ 2 գործողություն (1.6 և1.7)։ Տասը գործողությունների մասով արձանագրված է միայն «Նախագծերը ներկայացվել են ՀՀ Կառավարությանը և Կառավարության որոշմամբ հավանության են արժանացել» ակնկալվող արդյունքը, իսկ 11 գործողությունների մասով կատարողական ոչ մի թիրախ պլանավորված չէ։ Արդյունքում՝ 27 գործողությունների հիմնական մասի իրականացումը նախանշված է ավարտին հասցնել 2024 թվականին, որը նշանակում է, որ ռազմավարական, միջնաժամկետ ծրագրի փոխարեն ձևավորել ենք կարճաժամկետ՝ իրավիճակային լուծում պահանջող, օպերատիվ գործողությունների պլան, որում գործողությունների կոնկրետ սպասվող վերջնական (միջանկյալ) արդյունքները չեն ապահովում ռազմավարական խնդիրների լուծումը։ Ռազմավարության նախագծի կանխարգելման բաժնում արձանագրված խնդիրների լուծման ուղիների վերաբերյալ առաջարկությունների բացակայությունը իր հետքն է թողել գործողությունների ծրագրում վերջնական, միջանկյալ արդյունքների քանակական և որակական ոչ գնահատելի ցուցիչների սահմանման վրա։ Նման մոտեցմամբ ռազմավարության նախագծի և դրանից բխող գործողությունների ծրագրի կառուցումը, կատարողականի գնահատման և մոնիտորինգի իրականացման տեսանկյունից գնահատելի չէ։ Առկա են խնդիրներ նաև պատասխանատու կառույցների առումով։ Այսպես, Ռազմավարության նախագծի գործողությունների ծրագրի «կանխարգելման բաժնի» պատասխանատու կատարող մարմինների մասով՝ 27 գործողություններից 24-ի համար ԿԿՀ-ը ճանաչված է որպես առաջին պատասխանատու կատարող։ Մինչդեռ, 27 գործողություններից 17-ի մասով որպես վերջնական արդյունք ակնկալվում է օրենսդրական նախագծերի մշակում, որի՝ ինչպես և առհասարակ հակակոռուպցիոն քաղաքականության պատասխանատու մարմինը Հայաստանում ՀՀ արդարադատության նախարարությունն է։ Միաժամանակ, ըստ հակակոռուպցիոն ռազմավարության գործողությունների ծրագրի նախագծի՝ ՀՀ արդարադատության նախարարությունը պատասխանատու է կոռուպցիայի կանխարգելմանն ուղղված ընդամենը 3 գործողությունների ( 1.21, 1.22 և 1.23)՝ օրենսդրական ակտերի մշակման համար։ Բացի այդ, հարկ է նշել, որ ԿԿՀ-ի կողմից օրենսդրական ակտերի նախագծերի մշակմանը ներգրավվելը ուղղակիորեն չի բխում ԿԿՀ-ի մանդատից։ «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» ՀՀ օրենքի հոդված 23-ով հանձնաժողովին վերապահված է «4) կոռուպցիայի դեմ պայքարին առնչվող քաղաքականության մշակմանը մասնակցելու» գործառույթ, ինչը սակայն չի նշանակում կոռուպցիայի կանխարգելման ոլորտում հակակոռուպցիոն քաղաքականության մշակման պատասխանատու հանդիսանալը։ ԿԿՀ-ը պատասխանատու է կոռուպցիայի կանխարգելման իրականացման համար, որի առումով նախատեսվող գործողությունները թերի են, իսկ Ռազմավարության նախագծի գործողությունների ծրագրով օրենսդրական մեծածավալ աշխատանքի վերապահումը ԿԿՀ-ին խնդրահարույց է և ռիսկային։ Առաջարկություն • Ռազմավարության նախագծում, մասնավորապես՝ «կանխարգելման» բաժնի շարադրանքում առանձնացված հիմնախնդիրների ներքո ներկայացնել նաև դրանց լուծման ուղիները և ակնկալվող արդյունքները։ • Ռազմավարության նախագծի գործողությունների ծրագրում գործողությունները խմբավորել ըստ ռազմավարության տեքստում բացահայտված հիմնախնդիրների և ներկայացնել միջացառումների տեսքով, իսկ «կատարողական թիրախները» վերածել գործողությունների։ Որպես օրինակ, բարեվարքության ուսումնասիրության հիմնախնդրի 1․12-ից 1․16-րդ գործողությունները միավորել մեկ միջոցառման ներքո, իսկ դրանցից բխող գործողությունները ներկայացնել կատարողականի թիրախների փոխարեն՝ ըստ տարիների, սահմանելով ուղղակի արդյունքներ։ • Ռազմավարության նախագծի միջոցառումների ծրագրում գործողությունների ուղղակի, միջանկյալ և վերջնական ցուցիչները սահմանել հիմնախնդիրների լուծման գործնականում ակնկալելի քանակապես և որակապես գնահատելի արդյունքներով։ • Միջոցառումների ծրագրում միջանկյալ արդյունքները սահմանել կանխարգելման բաժնի ռազմավարական ուղղությունների համար, իսկ վերջնական արդյունքները՝ կանխարգելման ողջ ուղղության կամ ենթանպատակի համար։ Նման մոտեցումը հնարավորություն կտա ռազմավարության և դրա իրականացման միջոցառումների ծրագրի մոնիտորինգի ժամանակ համակողմանիորեն գնահատել ռազմավարության բոլոր մակարդակներում կատարողականը։ • Վերանայել ռազմավարության նախագծի գործողությունների ծրագրի կանխարգելման բաժնի պատասխանատու կատարողների շրջանակը՝ այն հաշվով որ օրենսդրական ակտերի նախագծերի մշակման հիմնական (առաջին) պատասխանատու կատարող հանդես գա ՀՀ արդարադատության նախարարությունը, իսկ ԿԿՀ-ն, որպես հակակոռուպցիոն քաղաքականության մշակմանը մասնակցության գործառույթի կրող՝ կարող է օժանդակել նման իրավական ակտերի նախագծերի մշակմանը։
25 Իրավաբանների հայկական ասոցիացիա 21.08.2023 23:57:42 07.12.2022 թվականին կատարված օրենսդրական փոփոխությունների արդյունքում Մարդու իրավունքների պաշտպանին (այսուհետ՝ ՄԻՊ) են վերապահվել ազդարարների պաշտպանության իրականացմանը հետևելու և ազդարարման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու լիազորություններ: Միևնույն ժամանակ, ՄԻՊ-ին տրամադրած ազդարարների պաշտպանությունն ապահովելու գործիքակազմը չի բավարարում միջազգային ստանդարտներին, մասնավորապես՝ ՏՀԶԿ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների հակակոռուպցիոն ցանցի Ստամբուլյան հակակոռուպցիոն գործողությունների ծրագրի մոնիթորինգի 5-րդ փուլի առնչությամբ սահմանված «Ազդարարների պաշտպանությունն ապահովելու համար պատասխանատու մարմնի» թեստին։ Այսպես․ Համաձայն Ստամբուլյան հակակոռուպցիոն գործողությունների ծրագրի մոնիթորինգի 5-րդ փուլի ազդարարման ոլորտի թիվ 3.1. հենանիշի` «Առկա է ազդարարների պաշտպանությունն ապահովելու համար պատասխանատու գործակալություն, ստորաբաժանում կամ մասնագիտացված աշխատակազմ», որը մոնիթորինգային ուղեցույցի համաձայն մեկնաբանվում է որպես «գործակալություն, ստորաբաժանում կամ մասնագիտացված աշխատակազմ, որն իրականացնում է բացառապես որոշակի գործառույթ(ներ) և չի կատարում այլ պարտականություններ»։ Մինչդեռ, ՄԻՊ-ն իրականացնում է այլ գործառույթներ և ՄԻՊ-ում առկա չէ ազդարարների պաշտպանությունն ապահովելու համար պատասխանատու ստորաբաժանում կամ մասնագիտացված աշխատակազմ։ Բացի այդ, ըստ ՏՀԶԿ վերոնշյալ մոնիթորինգի ազդարարման ոլորտի թիվ 3.2. հենանիշի, ազդարարների պաշտպանությունն ապահովելու համար պատասխանատու գործակալության ստորաբաժանման կամ աշխատակազմի հիմնական լիազորությունները ներառում են «ազդարարների դեմ հաշվեհարդարի (վնասակար գործողությունների) դեպքերի վերաբերյալ բողոքների ստացում և քննություն», որի առնչությամբ մոնիթորինգային ուղեցույցը սահմանում է «օրենսդրությամբ հստակ և միանշանակորեն ամրագրված լինելու պահանջ»։ Մինչդեռ, «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքի` բողոքի ուսումնասիրության կամ քննարկման ընթացքում Պաշտպանի իրավասությունները սահմանող 24-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետն, այն է՝ «լիազորված է դիմելու իրավասու պետական կամ տեղական ինքնակառավարման մարմին, պաշտոնատար անձին կամ կազմակերպություն՝ առաջարկելով ձեռնարկել ազդարարի խախտված իրավունքների պաշտպանության և վերականգնման ուղղությամբ միջոցառումներ», օգտագործում է ընդհանրական ձևակերպում, որը չի համապատասխանում վերոնշյալ «օրենսդրությամբ հստակ և միանշանակորեն ամրագրված լինելու» թեստին։ 3.2. հենանիշը սահմանում է նաև ազդարարների պաշտպանությունն ապահովելու համար պատասխանատու գործակալության ստորաբաժանման կամ աշխատակազմի հետևյալ հիմնական լիազորությունը՝ «արտաքին և ներքին ազդարարման եղանակներով ներկայացված ազդարարումներին պատշաճ ընթացք չտալու դեպքերի, ինչպես նաև ազդարարների պաշտպանության օրենսդրության այլ պահանջների խախտումների վերաբերյալ բողոքների ստացում և գործողությունների ձեռնարկում»։ Մոնիթորինգային ուղեցույցը «գործողությունների ձեռնարկում» եզրույթը մեկնաբանում է որպես «պատասխանատու մարմնի կողմից առնվազն առաջարկություններ կամ հրամաններ տալը համապատասխան մարմիններին՝ վերջ դնելու ազդարարների պաշտպանության օրենսդրության խախտումներին», որի կապակցությամբ կրկին սահմանվում է «օրենսդրությամբ հստակ և միանշանակորեն ամրագրված լինելու» պահանջ։ Մինչդեռ, «ՄԻՊ-ի մասին» օրենքի 30.2.-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է՝ «Պաշտպանն ազդարարների պաշտպանության ոլորտում (…) հետևում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և պաշտոնատար անձանց, կազմակերպությունների կողմից ազդարարների իրավունքների և ազատությունների պահպանմանը, նպաստում է ազդարարների իրավունքների և ազատությունների վերականգնմանը», իսկ նույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ «Պաշտպանն ազդարարների պաշտպանության իրականացման նպատակով իրավասու է՝ հետևելու պաշտպանական և վերականգնողական միջոցառումների իրականացմանը»։ Ինչպես տեսնում ենք, այս պարագայում ևս օրենքում տեղ են գտել ընդհանրական ձևակերպումներ, որի արդյունքում հասկանալի չէ, արդյոք սա վերահսկիչ լիազորություն է, թե վերջինս վերաբերում է միայն տեղեկատվության հավաքագրմանը և թույլ չի տալիս արձագանքել օրենսդրական պահանջների խախտումների դեպքերին։ Ազդարարների պաշտպանության ուղղված ՀՀ օրենսդրության համապատասխանությունը ՏՀԶԿ մոնիթորինգի վերոնշյալ՝ 3.2. հենանիշին հատկապես կարևորվում է ազդարարման ոլորտի թիվ 3.3. հենանիշի համապատասխանության քննարկման համատեքստում։ Վերջինս սահմանում է, որ ազդարարների պաշտպանությունն ապահովելու համար պատասխանատու մարմնի լիազորությունը՝ «կիրառել պատասխանատվության միջոցներ կամ ազդարարների՝ հաշվեհարդարից (վնասակար գործողություններից) պաշտպանության այլ միջոցներ կամ նախաձեռնել դրանց կիրառումը», որը մոնիթորինգային ուղեցույցի համաձայն մեկնաբանվում է որպես «մարմնի կողմից պատասխանատվության միջոցի կիրառում կամ դատական գործընթացի նախաձեռնում կամ այլ իրավասու մարմնի կողմից պատասխանատվության միջոցի կիրառման պահանջ», որի կապակցությամբ կրկին սահմանվում է «օրենսդրությամբ հստակ և միանշանակորեն ամրագրված լինելու» պահանջ։ Մինչդեռ, «ՄԻՊ-ի մասին» օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի և 5-րդ մասի վերլուծության արդյունքում պարզ է դառնում, որ Պաշտպանը բողոքի կամ սեփական նախաձեռնությամբ սկսված քննարկման արդյունքում պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի, դրանց պաշտոնատար անձի կամ կազմակերպության կողմից մարդու իրավունքների կամ ազատությունների խախտում հայտնաբերելու դեպքում ընդունում է մարդու իրավունքների կամ ազատությունների խախտման առկայության մասին որոշում, և օրենքով կամ այլ իրավական ակտով նախատեսված հիմքերի առկայության դեպքում, կարող է պետական կամ տեղական ինքնակառավարման իրավասու մարմնին առաջարկել պատասխանատվության ենթարկել պաշտոնատար այն անձին, որի որոշմամբ կամ գործողությամբ (անգործությամբ) խախտվել են մարդու իրավունքները և ազատությունները, իսկ պատասխանատվության ենթարկելու առաջարկով դիմել իրավասու վարչական մարմիններին՝ Կազմակերպության կողմից մարդու իրավունքների կամ ազատությունների խախտում հայտնաբերելու դեպքում։ Ինչպես տեսնում ենք, իրավախախտին պատասխանատվության ենթարկելու հարցում ՄԻՊ գործիքակազմը սահմանափակվում է առաջարկի ներկայացմամբ, որը չի համապատասխանում ՏՀԶԿ նվազագույն ստանդարտին, այն է՝ պատասխանատվության ենթարկելու պահանջի ներկայացմանը։ Նմանապես, «ՄԻՊ-ի մասին» օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով սահմանված Պաշտպանի՝ իրավասու պետական կամ տեղական ինքնակառավարման մարմին, պաշտոնատար անձին կամ կազմակերպությանը դիմելու՝ ազդարարի խախտված իրավունքների պաշտպանության և վերականգնման ուղղությամբ միջոցառումներ ձեռնարկելու առաջարկով դիմելու իրավասությունը ևս չի կարող որակվել որպես «պատասխանատվության միջոցների կամ ազդարարների՝ հաշվեհարդարից (վնասակար գործողություններից) պաշտպանության այլ միջոցների կիրառում կամ նախաձեռնում»։ Միևնույն ժամանակ, Ռազմավարության նախագծում արձանագրվել է, որ չնայած «Ազդարարման համակարգի մասին» ՀՀ օրենքում կատարված վերջին փոփոխություններին, հստակ չեն իրավասու մարմինները դերերը, դրանց բաշխումը։ Բացի այդ, որպես ազդարարման համակարգի խնդիր է սահմանվել նաև ազդարարման հարցերով պատասխանատուների վերապատրաստման, մասնագիտական աճի հարցերով վերապատրաստում իրականացնող պատասխանատու կառույցների բացակայությունը: Այդ համատեքստում, Նախագծով առաջարկվում է հստակեցնել ազդարարման հարցերով պատասխանատու մարմինների դերերը և ապահովել ազդարարման հարցերով պատասխանատուների մասնագիտական գործունեության համակարգումը և նրանց վերապատրաստման կազմակերպումը՝ ճանաչելով ՀՀ արդարադատության նախարարությանը որպես լիազոր մարմին: Ելնելով վերոգրյալից՝ գտնում ենք, որ Ռազմավարության նախագիծը պետք է արտացոլի նաև վերոնշյալ խնդիրները և դրանց անդրադառնա նաև գործողությունների ծրագրում` դիտարկելով առանձին գործողության նախատեսումը, այն է՝ ՄԻՊ-ին տրամադրած ազդարարների պաշտպանությունն ապահովելու գործիքակազմը չի բավարարում միջազգային, մասնավորապես՝ ՏՀԶԿ՝ «Ազդարարների պաշտպանությունն ապահովելու համար պատասխանատու մարմնի» ստանդարտներին, մասնավորապես՝ գործող իրավական և կազմակերպական կառուցակարգերի համաձայն՝ • ՄԻՊ գրասենյակում առկա չէ ստորաբաժանում կամ մասնագիտացված աշխատակազմ, որն իրականացնում է բացառապես ազդարարների պաշտպանությանն ուղղված գործառույթ(ներ) և չի կատարում այլ պարտականություններ, • օրենսդրությամբ հստակ և միանշանակորեն ամրագրված չեն վերջինիս կողմից՝ ազդարարների դեմ հաշվեհարդարի (վնասակար գործողությունների) դեպքերի վերաբերյալ բողոքների ստացման և քննության, ինչպես նաև արտաքին և ներքին ազդարարման եղանակներով ներկայացված ազդարարումներին պատշաճ ընթացք չտալու դեպքերի և ազդարարների պաշտպանության օրենսդրության այլ պահանջների խախտումների նկատմամբ վերջինիս վերահսկիչ գործառույթը, • վերջինս իրավասու չէ կիրառել պատասխանատվության միջոցներ կամ ազդարարների՝ հաշվեհարդարից (վնասակար գործողություններից) պաշտպանության այլ միջոցներ կամ նախաձեռնել դրանց կիրառումը պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի, դրանց պաշտոնատար անձի կամ կազմակերպության կողմից խախտում հայտնաբերելու դեպքում։ Բացի այդ, ելնելով այն հանգամանքից, որ, մի կողմից, ազդարարների պաշտպանությունն ապահովելու համար պատասխանատու մարմինը, տվյալ դեպքում՝ ՄԻՊ-ը, իրականացնելու է ներքին և արտաքին ազդարարմամբ ստացված ազդարարումներին պատշաճ ընթացք տալու և ազդարարների պաշտպանության օրենսդրության այլ պահանջների նկատմամբ վերահսկողություն, այսինքն՝ այդ թվում նաև ազդարարման հարցերով պատասխանատուների գործունեության նկատմամբ, իսկ, մյուս կողմից, անհրաժեշտ է ապահովել ազդարարման հարցերով պատասխանատուների մասնագիտական գործունեության համակարգումը, որը, Ռազմավարության նախագծով, առաջարկվում է իրականացնել ՀՀ արդարադատության նախարարության կողմից, հաշվի առնելով սույն գործառույթների փոխկապակցված բնույթը և Ռազմավարության նախագծով սահմանված՝ ազդարարման հարցերով պատասխանատու մարմինների դերերի հստակեցմանն ուղղված ենթագործողությունը, գտնում ենք, որ անհրաժեշտ է քննարկել դրանց՝ տարբեր մարմինների կողմից իրականացման նպատակահարմարության հարցը։ Գտնում ենք, որ այդ նպատակով անհրաժեշտ է իրականացնել հավելյալ վերլուծություններ և միջազգային փորձի ուսումնասիրություն՝ քննարկելով նաև այնպիսի համապարփակ մոդել, երբ ազդարարման համակարգի համար պատասխանատու լիազոր մարմնի գործունեությունը կներառի թե ազդարարման հարցերով պատասխանատուների մասնագիտական գործունեության համակարգման, թե՝ վերջիններիս գործունեության նկատմամբ վերահսկողության իրականացման գործուն մեխանիզմներ։