Добавить в избранное

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» և «Առևտրի և ծառայությունների մասին Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծեր

Հիմնավորում

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Առևտրի և ծառայությունների մասին Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի ընդունման վերաբերյալ

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

Ներկայացվող նախագծերի փաթեթի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետությունում սև և (կամ) գունավոր մետաղների կամ դրանց համաձուլվածքների ջարդոնի կամ թափոնների առևտրի կանոնակարգման, կարևորագույն նշանակության օբյեկտներից հանցավոր ճանապարհով ստացված  գույք ձեռք բերելու, իրացնելու կամ իրացմանն աջակցելու, ինչպես նաև երկաթուղային տրանսպորտում,  երկաթուղային գծանցներում երթևեկության կարգի պահպանման  և անվտանգության, երթևեկության կանոնների խախտումների համար առավել խիստ պատասխանատվություն նախատեսելու եղանակով հանցագործությունների/զանցանքների նվազեցման, կանխման անհրաժեշտությամբ։  

2 Ներկա վիճակը

Ներկայումս Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքի 295-րդ հոդվածը  քրեական պատասխանատվություն է նախատեսում հանցավոր ճանապարհով ստացված գույք ձեռք բերելու, իրացնելու կամ իրացմանն աջակցելու համար։ Նշված հոդվածի 1-ին և 2-րդ մասերը ոչ մեծ ծանրության հանացագործություններ են, իսկ 3-րդ մասը՝ միջին ծանրության, հետևաբար դրանց սանկցիաները մեղմ են: Նախատեսված չէ այնպիսի ծանրացնող հանգամանքներով հանցակազմ, որը թույլ կտա առավել խիստ պատժել հանցավորին, եթե վերջինս ձեռք է բերում, իրացնում է  կարևորագույն նշանակության օբյեկտից հանցավոր ճանապարհով ստացված գույքը կամ աջակցում է դրա իրացմանը:

Կարևորագույն նշանակության օբյեկներ են այն օբյեկտները, որոնք ունեն ստրատեգիական նշանակություն, այդպիսիք են՝ Հայկական ատոմային էլեկտրակայան ՓԲԸ, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ և այլն: Վերջին տարիներին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ից գույքի հափշտակության, գույքը վնասելու, ոչնչացնելու դեպքերի աճ է արձանագրվել: Կատարված հանցագործությունները խաթարում են ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների անվտանգությունը, ինչի հետևանքները երբեմն  անդառնալի են, նյութական վնաս են հասցնում ընկերությանը, որը յուրաքանչյուր դեպքում սեփական միջոցներով վերականգնում է պատճառված  վնասը՝ չսպասելով օրենսդրությամբ սահմանված կարգով դրա փոխհատուցմանը, քանի որ ոչ միշտ է, որ պարզվում է հանցանք կատարած անձի ինքնությունը, իսկ եթե նույնիսկ պարզվում  է, ապա ոչ բոլոր դեպքերում է, որ վնասը փոխհատուցվում է:

        2020թ. ընթացքում «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ին առնչվող 44 դեպք է արձանագրվել, որից 33-ով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քրեական վարույթները հիմնականում վերաբերել են «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի ենթակառուցվածքային օբյեկտներից կատարված գողության դեպքերին: «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ին պատճառված վնասը կազմել է  20.276.319  դրամ:

        2021թ. ընթացքում արձանագրվել է 97 դեպք, որից 48-ով նախաձեռնվել է քրեական վարույթ: Քրեական վարույթները հիմնականում վերաբերել են «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ ենթակառուցվածքային օբյեկտներից կատարված գողության դեպքերին: «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ին պատճառված վնասը կազմել է  536.745  դրամ:

        2022թ. ընթացքում արձանագրվել է 63 դեպք, որից 43-ով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քրեական վարույթները հիմնականում վերաբերել են «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ ենթակառուցվածքային օբյեկտներից կատարված գողության դեպքերին: «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ին պատճառված վնասը կազմել է  1.907.157  դրամ:

        2023թ. մայիսի 2-ի դրությամբ արձանագրվել է 9 դեպք, որից 6-ով նախաձեռնվել է քրեական վարույթ։ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ին պատճառված վնասը կազմել է  554.322  դրամ:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 115-րդ (Երթևեկության կարգի պահպանման և անվտանգության կանոնների խախտումը երկաթուղային տրանսպորտում) և 125-րդ հոդվածներն (Երկաթուղային գծանցներում տրանսպորտային միջոցների երթևեկության կանոնները վարորդների կողմից խախտելը)  ունեն վտանգավորության նույնական աստիճան, կապված են առավել վտանգի աղբյուրի հետ, սակայն ներկայումս գործող օրենսդրությամբ դրանց համար նախատեսված են բավականին մեղմ սանկցիաներ, ինչն իրավաչափ չէ և չի բխում վարչական պատասխանատվության տրամաբանությունից:

           Առևտրի և ծառայությունների մասին Հայաստանի Հանրապետության օրենքում ներկայումս   սև  և (կամ) գունավոր մետաղների կամ դրանց համաձուլվածքների ջարդոնի կամ թափոնների ընդունման կետերի վերաբերյալ առկա չեն օրենսդրական համապատասխան կարգավորումներ, այդ թվում՝ ընդունման  կետերի գործունեության և առևտրի իրականացման պայմանների և այլ հարցերի վերաբերյալ, ինչն էլ պարարտ հող է ստեղծում  հափշտակված թափոնի կամ ջարդոնի ընդունման համար՝ զարկ տալով նոր հանցագործություններիի կատարմանը:

3 Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունմամբ՝

Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 295-րդ հոդվածը կլրացվի նոր՝ 4-րդ մասով, որը պատասխանատվություն կնախատեսի անձի կողմից շահադիտական դրդումներով այլ անձի կողմից հանցավոր ճանապարհով ստացված գույքը նախապես չխոստացված ձեռք բերելու կամ իրացնելու կամ իրացմանն աջակցելու համար, եթե կատարողի համար ակնհայտ է եղել գույքը կարևորագույն նշանակության օբյեկտից հանցավոր ճանապարհով ստացված լինելու հանգամանքը: Սանկցիան նախատեսում է ազատազրկման ձևով պատիժ՝ հինգից ութ տարի ժամկետով (ծանր հանցագործություն է), ինչը հնարավորություն կտա պատժի սպառնալիքով հասնել քննարկվող հանցագործությունների նվազեցմանը, կանխմանը:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 115-րդ (Երթևեկության կարգի պահպանման և անվտանգության կանոնների խախտումը  երկաթուղային տրանսպորտում)  և  125-րդ հոդվածներով (Երկաթուղային գծանցներում տրանսպորտային միջոցների երթևեկության կանոնները վարորդների կողմից խախտելը) նախատեսված վարչական իրավախախտումների համար առավել խիստ պատիժ սահմանելու պարագայում կզսպվեն նման իրավախախտումների դեպքերը:

       Առևտրի և ծառայությունների մասին Հայաստանի Հանրապետության օրենքով կսահմանվեն    սև  և (կամ) գունավոր մետաղների կամ դրանց համաձուլվածքների ջարդոնի կամ թափոնների ընդունման կետերի վերաբերյալ օրենսդրական համապատասխան կարգավորումներ, այդ թվում՝ ընդունման  կետերի գործունեության և առևտրի իրականացման պայմանների և այլ հարցերի վերաբերյալ:

4.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի կողմից:

5.Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.

Նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամտային և ծախսային մասերում փոփոխություններ չեն սպասվում:

6.Իրավական ակտի ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը.

Այլ իրավական ակտերում փոփոխությունների և/կամ լրացումների անհրաժեշտությունը չի առաջանում:

7.Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ, «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. Ծրագիր», ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.

           Նախագծի ընդունումը չի բխում Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագրից, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններից: 

    8.Պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների վերաբերյալ.

    Նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

 

Քննչական կոմիտե

  • Обсуждалось

    14.06.2023 - 29.06.2023

  • Тип

    Закон

  • Область

    Юстиция, Безопасность, Охрана природы

  • Министерство

    Министерство юстиции

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 2920

Принт