Добавить в избранное

В стадии разработки

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 1381-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 1381-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

«Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով կարգավորումներից ելնելով՝ ՀՀ  կառավարությունը 2019 թվականին ընդունել է «Ընտանիքում բռնության դեպքերի կենտրոնացված հաշվառման կարգը հաստատելու մասին» որոշումը, որի պահանջների իրականացումն առաջացրեց բազմաթիվ բարդություններ, ինչից ելնելով առ այսօր հնարավոր չի եղել ամփոփել այն վիճակագրությունը, որը նախատեսվում էր ունենալ ընտանիքում բռնությունների վերաբերյալ։ Գործնական կիրառության ընթացքում ի հայտ եկած մի շարք խնդիրներ պայմանավորված են վկայակոչված իրավահարաբերությունների կանոնակարգման նպատակով հստակեցումներ ներառելու և ավելորդ տեղեկատվություն չպահանջելու անհրաժեշտությունը։ Գործող կարգին առնչվող ախտորոշված խնդիրները հիմնականում հանգում են հետևյալին.

  1. պահպանված չեն անձնական տվյալների պահպանության կանոնները, առկա իրավակարգավորումները թույլ են տալիս բռնության ենթարկված անձանց անհատական տվյալների շրջանառություն, որոնք հնարավորություն են տալիս ուղղակիորեն նույնականացնել անձին։ Բացի այդ, շրջանառվում են այնպիսի տվյալներ, որոնք անհրաժեշտ չեն ամփոփ հաշվետվության ամբողջականությունն ապահովելու համար։ Այլ կերպ ասած՝ մարդու անձնական տվյալները մշակվում և հրապարակվում են առանց դրա անհրաժեշտության և առանց համաչափության կանոնների պահպանության․
  2. տեղեկատվական առկա համակարգը երբեմն հնարավորություն չի տալիս հետևելու յուրաքանչյուր դեպքի ընթացքին և գործի ելքին արդարադատության համակարգում, ինչն անհրաժեշտ է ընտանիքում բռնության ենթարկված անձանց համար արդարադատության մատչելիության և պատասխանատվության անխուսափելիության գնահատման տեսանկյունից և դեպքերի կրկնակի հաշվառումը բացառելու համար․
  3. էլեկտրոնային հարթակի բացակայության պայմաններում պատասխանատու մարմինները ստիպված են համապատասխան տվյալները ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը ներկայացնել թղթային տարբերակով և առանց մշակման, ինչը չափազանց բարդեցնում, իսկ որոշ դեպքերում՝ անգամ դարձնում անհնարին, և ժամանակատար է դարձնում տվյալների ամփոփումը և վերլուծությունը։ Այդ պատճառով մինչ այժմ հնարավոր չի եղել ամփոփել և հրապարակել 2019-2022 թվականների վերաբերյալ տեղեկությունները, ինչը բազմաթիվ բացասական հետևանքներ է առաջացնում ընտանիքում բռնության դեմ պայքարն արդյունավետորեն իրականացնելու համար։

Վերոգրյալ և այլ խնդիրները հաշվի առնելով՝ անհրաժեշտություն է առաջացել կատարել համապատասխան լրացումներ և փոփոխություններ ընտանիքում բռնության դեպքերի կենտրոնացված հաշվառմանն առնչվող իրավահարաբերությունները կանոնակարգող իրավական ակտում՝ հիմնված ժամանակակից լավագույն փորձի և եվրոպական չափանիշների վրա, ինչպես նաև հաշվի առնելով գործնականում ծառացած խնդիրներին արդյունավետ լուծումներ տալու հրամայականը։

 2. Առաջարկվող իրավակարգավորման բնույթը.

Նախագծով առաջարկվում է՝

  • ներդնել ընտանիքում բռնության դեպքերի կենտրոնացված հաշվառման համար հատուկ էլեկտրոնային համակարգ, որը թույլ կտա մարդկային և ժամանակային ռեսուրսների արդարացված խնայողության պայմաններում հավաքագրել և վերլուծել վերաբերելի տվյալներ, ինչպես նաև ամփոփել տվյալներն ըստ տարբեր ցուցանիշների և հատկանիշների.
  • առաջարկվող համակարգը հնարավորություն կտա ապահովել անձնական տվյալների պաշտպանությունը՝ դրանց ծանոթանալը թույլատրելով միայն հատուկ հասանելիություն ունեցող աշխատակիցներին և միայն իրենց պարտականությունների կատարման համար անհրաժեշտ չափով՝ սահմանելով անհրաժեշտ սահմանափակումներ.
  • նոր համակարգը թույլ կտա նաև հետևել արդարադատության համակարգում անձի կարգավիճակին և գործի ընթացքին՝ թույլ տալով գնահատել ընտանիքում բռնության համար պատասխանատվության անխուսափելիությունը, պատասխանատվության միջոցները և խստությունը, պաշտպանության միջոցների կիրառման և կատարման նկատմամբ հսկողության արդյունավետությունը և այլ անկյունաքարային նշանակության տվյալներ,
  • վերանայել ընտանիքում բռնության դեպքերի կենտրոնացված հաշվառման վերաբերյալ հաշվետվության բովանդակությունը, որը պարունակելու է ոչ միայն քանակական, այլև որակական վերլուծություն՝ ուղղված առկա համակարգային խնդիրների վերհանմանը և դրանց հաղթահարման ուղղությամբ գործողությունների ձեռնարկմանը,
  • պարզեցնել տեղեկատվություններ լրացնելու կարգը, մասնավորապես՝ Թերթիկ N 2-ը, Թերթիկ N 3-ը և Թերթիկ N 4-ն ուժը կորցրած ճանաչել, իսկ Թերթիկ N 1-ը վերաշարադրել, որի առանձին դաշտերը լրացվելու են տարբեր մարմինների կողմից։

Նախագիծը մշակվել է՝ հաշվի առնելով ժամանակակից խոստումնալից պրակտիկաները և եվրոպական փորձը։ Մասնավորապես, ուսումնասիրված եվրոպական փորձը հանգում է հետևյալին․ Կանանց դեմ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 11-րդ հոդվածը պահանջում է, որպեսզի պետությունները կանոնավոր պարբերականությամբ դասակարգված վերաբերելի վիճակագրական տվյալներ հավաքեն Կոնվենցիայի առարկա հանդիսացող բռնության բոլոր ձևերի դեպքերի մասին։ Ըստ կոնվենցիայի բացատրական զեկույցի,  hավաքված վիճակագրությունը պետք է արտացոլի առնվազն հետևյալ տվյալները՝ բռնության ենթարկված և բռնություն գործադրած անձանց սեռը, տարիքը, փոխհարաբերությունների բնույթը, բռնության տեսակը։ Արժեքավոր տեղեկություն են նաև հաշմանդամության կամ այլ հատուկ կարգավիճակի մասին տվյալները։ Հավաքագրված տեղեկատվությունը պետք է արտացոլի դատապարտման մակարդակը Կոնվենցիայով նախատեսված բռնության բոլոր տեսակների համար, ինչպես նաև կիրառված պաշտպանական որոշումների թիվը։

Եվրոպայի խորհրդի՝[1] ընտանիքում բռնությանն առնչվող տվյալների վարչական հավաքագրման վերաբերյալ հետազոտության համաձայն նվազագույնը ոստիկանությունը, դատախազությունը, առաջին ատյանի դատարաննեը՝ ինչպես քրեական, այնես էլ քաղաքացիական, մահվան պատճառը հետաքննող հետաքննիչները, առողջապահական և սոցիալական ծառայությունները պետք է հավաքագրեն հետևյալ տեղեկությունները՝ տարբերակել ընտանիքում բռնության գործերն այլ գործերից, ընտանիքում բռնության ենթարկված և ընտանիքում բռնություն գործադրած անձանց տարիքը և սեռը, նրանց միջև հարաբերությունների բնույթը, բռնության տեսակը։ Ի լրումն, ոստիկանությունը, դատախազությունը և դատարանները պետք է հավաքագրեն նաև տվյալներ գործերի ելքերի վերաբերյալ։[2]

Բացի այդ, ԳՐԵՎԻՈՆ, որը Կոնվենցիայի պահանջների իրականացման նկատմամբ մշտադիտարկում իրականացնող փորձագիտական խումբն է, խորհուրդ է տալիս գրանցել նաև զոհի մահվամբ ավարտված բռնության դեպքերը։ ԳՐԵՎԻՈՆ խորհուրդ է տվել մի շարք երկրների ֆեմիցիդի վերաբերյալ տվյալներն օգտագործել հետազոտություններ և վերլուծություններ իրականացնելու համար, որոնք նպատակաուղղված են՝

  • բռնությանը համակարգային արձագանքի բնագավառում առկա հնարավոր համակարգային բացերը գնահատելուն և
  • ապագայում ֆեմիցիդի կանխարգելմանն ուղղված առաջարկություններ ներկայացնելուն։

Այս վերլուծությունը պետք է ընդգրկի օրինակ հետևյալ տեղեկությունը. արդյո՞ք շարունակական ռիսկի գնահատում է կատարվել, արդյո՞ք զոհի վերաբերյալ առկա էր պաշտպանության որոշում, արդյո՞ք բռնություն գործադրած անձը խախտել է պաշտպանության որոշման պահանջները, նախաքննության և քրեական հետապնդման արդյունքը, արդյո՞ք զոհին պաշտպանելու միջոցները պատշաճ կերպով իրականացվել են, արդյո՞ք կիրառվել է կալանավորումը որպես խափանման միջոց և այլն։  

Անդրադառնալով ընտանիքում բռնության դեպքերի վերաբերյալ տվյալների հավաքագրման բնագավառում եվրոպական երկրներում առկա փորձին՝ հարկ է նշել, որ ամենախոստումնալից պրակտիկաներից մեկը գործում է Իսպանիայում։ Այս երկրում կենտրոնական ռեգիստրը գործում է արդարադատության նախարարությունում։

Ռեգիստրն ընդգրկում է տվյալներ բռնի հանցանքների երկու տեսակի մասին՝ գենդերային բռնության և ընտանիքում բռնության։ Այն պարունակում է տվյալներ բռնության ենթարկված անձի (ներառյալ սեռը, տարիքը և կապը բռնություն գործադրած անձի հետ), բռնությություն գործադրած անձի, արգելված արարքի, դեպքի վայրի և ժամանակավոր միջոցի (օրինակ՝ պաշտպանական որոշման) և դատավճռի մասին։  Ազգային վիճակագրական ինստիտուտը հավաքագրում է երկու տեսակի տվյալներ, որոնք այն ստանում է արդարադատության նախարարությունից՝ պաշտպանական որոշումների և եզրափակիչ դատական ակտերի մասին։ Տվյալները հավաքագրվում են յուրաքանչյուր տարի ողջ երկրի մակարդակով։[3] Իսպանիայի վերաբերյալ 2020 թվականի զեկույցում ԳՐԵՎԻՈՆ ընդգծում է, որ Գենդերային Բռնության Կառավարական պատվիրակությունն ապահովում է մի շարք տվյալների հավաքագրումը, օրինակ՝ զուգընկերների/նախկին զուգընկերների կողմից սպանված կանանց թիվը, պաշտպանության որոշումների պահանջների պահպանությունը, ազգային թեժ գծին զանգերի թիվը, ֆինանսական աջակցության շահառուների թիվը և այլ տվյալներ։

Դանիան կապել է իր վիճակագրական տվյալների շտեմարաններն անձանց նույնականացման համարների հետ, ինչը հնարավորություն է տալիս հետևել միևնույն անձի փորձին տարբեր վարչական համակարգերում։ Ընտանիքում բռնության վերաբերյալ վարչական վիճակագրությունը հավաքված է համապատասխան շտեմարաններում, որոնք արտացոլում են բռնության ենթարկված անձանց կողմից հանրային ծառայություններից օգտվելուն առնչվող տեղեկությունները, այդ թվում՝ ոստիկանության կողմից գրանցված հանցանքները և դատարանների դատավճիռները, բժշկական հաստատությունների պացիենտները, մահվան պատճառը, ապաստարանների օգտագործումը։ Ոստիկանության վարչական համակարգը միավորում է տվյալները հանցանքների (քրեական օրենսգրքի համապատասխան բաժինը), բռնարարի և զոհի[4] (տարիքը և սեռը) վերաբերյալ՝ ըստ բռնարարի և զոհի նույնականացման համարների։ Բացի այդ, համակարգը նաև պարունակում է տվյալներ դատարանների դատավճիռների մասին և թարմացվում նախաքննության և դատաքննության ընթացքում մեղադրանքի փոփոխություններին համապատասխան։

 Պորտուգալիայում[5] տեղեկությունները հավաքագրվում են ոստիկանությունում բողոքի կամ հաղորդման ստացման պահից մինչև դատարանի կողմից դատավճռի կայացումը։ Նման մոդելը հնարավորություն է տալիս բացահայտելու՝

  • ոստիկանությունը մերժու՞մ է որոշ հաղորդումներ/բողոքներ։ Արդյո՞ք զոհերի շատ հաղորդումներ երբեք չեն հասնում դատարան,
  • դատախազներն արդյո՞ք կարճում են շատ քրեական գործեր,
  • տարբեր մարմինների միջև համագործակցությունն արդյո՞ք թույլ է,
  • արդյո՞ք դատարանները հիմնականում իրացնում են կասեցված պատիժները,
  • դատարանների պատժիչ քաղաքականությունն արդյո՞ք շատ մեղմ է (արդյո՞ք դատարանները սովորաբար բռնություն գործադրած անձանց դատապարտում են մինչև մեկ տարվա ազատազրկման, թե՞ ընտրում են ավելի խիստ պատիժներ)։

Ավստրիայում իրավապահ մարմինների կողմից հավաքագրվող տվյալները ներառում են՝

  • ոստիկանության կողմից միջամտությունների թիվը՝ տարբերակված ըստ «Մեծ Հինգ»-ի (ըստ Կոնվենցիայի կողմից պահանջվող հինգ գործոնների՝ բռնություն գործադրած և բռնության ենթարկված անձանց տարիքը և սեռը, նրանց միջև փոխհարաբերությունների բնույթը, բռնության տեսակը և վայրը)։ Այս թիվը ներառում է բոլոր միջամտությունները, այդ թվում՝ թեժ համարին զանգերը և տուժողների կողմից ոստիկանության ստորաբաժանումներ այցերը,
  • կրկնվող միջամտությունների թիվը,
  • հանցագործությունների վերաբերյալ հաղորդումների թիվը՝ տարբերակված ըստ վերը նշված հինգ չափանիշների,
  • անհետաձգելի միջամտության որոշումների թիվը՝ կրկին ըստ վերը վկայակոչված հինգ չափանիշների,
  • վերը նշված թվի հիման վրա մշակվել է Ավստրիայում000 բնակչությանը բաժին հասնող անհետաձգելի միջամտության որոշումների թվի ցուցիչը, ինչի հիման վրա կատարվում է վերլուծություն, թե որքան հաճախ է այդ միջոցը կիրառվում յուրաքանչյուր գավառում/շրջանում,
  • անհետաձգելի միջամտության որոշումների տևողությունը և դրանց պահանջների խախտման դեպքերը,
  • նշված որոշումների պահանջների խախտումների համար պատասխանատվության միջոցների տեսակները և թիվը,
  • անհետաձգելի միջամտության կրկնակի որոշումներ և դրանց կրկնակի խախտումներ (որը կարող է դիտարկվել որպես լուրջ բռնության սպառնալիքի մասին վկայող գործոն),
  • բռնության զոհերին պաշտպանելու նպատակով ոստիկանության կողմից կիրառված ձերբակալումները,
  • ոստիկանության կողմից կիրառված պաշտպանության այլ միջոցները։[6]

Վերը շարադրված միջազգային չափանիշները և օրինաչափությունները հաշվի առնելով՝ վերանայվել է նաև հավաքագրվող տվյալների շրջանակը։

 3. Ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունմամբ ակնկալվում է ներդնել ընտանիքում բռնության դեպքերի կենտրոնացված հաշվառման արդյունավետ համակարգ, որը թույլ կտա ընտանիքում բռնության դեպքերի տարածվածության, դրա առանձին տեսակների տոկոսային հարաբերակցության, ընտանիքում բռնություն գործադրած և բռնության ենթարկված անձանց փոխհարաբերությունների, սեռի, տարիքի, պաշտպանության և աջակցության միջոցների տրամադրման և ընթացքի, այլ վերաբերելի հանգամանքների վերհանման և վերլուծության հիման վրա մշակել և իրականացնել առավել թիրախային և առարկայական կանխարգելման, աջակցության և պաշտպանության միջոցներ և քաղաքականություններ։ Համակարգը հնարավորություն կընձեռի ոչ միայն ներկայացնել կիսամյակային և տարեկան հաշվետվություններ, այլ նաև ընթացիկ՝ ցանկացած ժամանակահատվածի համար, ինչպես նաև հնարավորություն կընձեռնվի ընտանիքում բռնության դեպքերի ցանկացած հատկանիշով ամփոփել տվյալներ և վերլուծել դրանք:

 4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Նախագիծը մշակել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը՝ ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի փորձագիտական աջակցությամբ: 

 5. Որոշման ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները.

Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջանում, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացում և նվազեցում չի նախատեսվում:

Նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերի ընդունման կամ դրանց փոփոխման անհրաժեշտությունը բացակայում է:

 6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.

Նախագծի մշակումը չի բխում որևէ ռազմավարությունից:

  

[1] Եվրոպական չափանիշներին վերաբերող փաստաթղթերից են՝ the Council of Europe stocktaking study in 2006 (Council of Europe 2006); the Council of Europe study of administrative data relevant to violence against women (Council of Europe 2008a); the Council of Europe monitoring reports on the implementation of Recommendation Rec(2002)5 (Council of Europe 2014b); the European Institute for Gender Equality study of administrative data (EIGE 2014a); the EIGE study of the provision of special- ised services to victims in EU member states (EIGE 2012); and the European Commission review of relevant EU legislation (European Commission 2010)։

[2] CoE, “ENSURING DATA COLLECTION AND RESEARCH ON VIOLENCE AGAINST WOMEN AND DOMESTIC VIOLENCE: ARTICLE 11 OF THE ISTANBUL CONVENTION”, 2016, հասանելի է հետևյալ հղումով՝ https://rm.coe.int/article-11/1680a0af3f, էջ 13։

[3] CoE, REPORT ON THE WEBINAR “Administrative Data Collection and Analysis on Violence against Women and Domestic Violence”, 2021, հասանելի է հետևյալ հղումով՝ https://rm.coe.int/webinar-report-eng-24-03-2021/1680a2040d, էջ 14:

[4] Կիրառվում է այդ պետության օրենսդրության տերմինաբանությունը:

[5] Տե՜ս հղում 3, էջեր 12-13։

[6] Տե՜ս հղում 3, Էջ 30։

  • Обсуждалось

    18.05.2023 - 05.06.2023

  • Тип

    Pешение

  • Область

    Социальное обеспечение

  • Министерство

    Министерство труда и социальных вопросов

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 2402

Принт