ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Ծառայության վայրում ծառայողական բնակարանով չապահովելու դեպքում պայմանագրային զինծառայողներին ամսական դրամական հատուցում վճարելու կարգը
և չափերը սահմանելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի նոյեմբերի 22-ի N 1321-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին»
ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման
- Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 13.04.2023թ. ՀO-126-Ն oրենքով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասի» օրենքի (այսուհետ՝ օրենք) 65-րդ հոդվածի 1-ին մասում կատարված փոփոխությունների համաձայն ծառայության վայրում բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող և ծառայողական բնակարանով չապահովված պայմանագրային զինծառայողներին և օրենքով նրանց հավասարեցված անձանց ամսական դրամական հատուցում վճարելու հետ կապված հարաբերությունները կարգավորելու անհրաժեշտությամբ: Որոշման նախագծի ընդունումը բխում է նաև ՀՀ վարչապետի .05.2023թ. N -Ա որոշման 2-րդ հավելվածով հաստատված ցանկի 9-րդ կետի կատարումն ապահովելու անհրաժեշտությունից:
- Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 13.04.2023թ. ՀO-126-Ն oրենքով օրենքի 65-րդ հոդվածի 1-ին մասում կատարված փոփոխությունների համաձայն՝ ծառայության վայրի վարչական տարածքից առնվազն 30 կիլոմետր հեռավորությամբ սեփականության իրավունքով բնակելի տարածություն կամ նույն հեռավորությամբ մշտական (փաստացի) հաշվառման վայր չունենալու հիման վրա պայմանագրային զինծառայողին ծառայության վայրում ծառայողական բնակարանով չապահովվելու դեպքում այլ բնակելի տարածություն վարձակալելու դիմաց վճարվում դրամական փոխհատուցման համակարգը փոխարինվել է նույն պայմանների առկայության դեպքում ամսական դրամական հատուցում վճարելու համակարգով՝ ՀՀ կառավարության սահմանած կարգով և չափերով: Այդ նպատակով սահմանվում են ամսական դրամական հատուցման չափերը՝ ըստ ծառայության վայրերի և զինծառայողի ընտանիքի անդամների թվի, օրենքով սահմանված ամսական դրամական հատուցում ստանալու իրավունք ունեցող անձանց շրջանակը՝ ըստ 65-րդ հոդվածի 1-ին մասի և 72-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի, ամսական դրամական հատուցման իրավունքի ծագման պայմանները, ամսական դրամական հատուցման վճարման համար անհրաժեշտ փաստաթղթերը և վճարման կարգը, ամսական դրամական հատուցման վճարումը և ամսական դրամական հատուցում ստանալու իրավունքը դադարելու հիմքերը: Առաջարկվող կարգավորումներն ընդհանուր առմամբ նույնական են պայմանագրային զինծառայողին ծառայության վայրում ծառայողական բնակարանով չապահովվելու դեպքում այլ բնակելի տարածություն վարձակալելու դիմաց դրամական փոխհատուցման վճարման կարգը սահմանող ՀՀ կառավարության 2018 թվականի նոյեմբերի 22-ի N 1321-Ն որոշման հետ, որը նաև ուժը կորցրած է ճանաչվում:
- Կարգավորման նպատակը և բնույթը
Որոշման նախագծի համաձայն սահմանվում են ծառայության վայրում ծառայողական բնակարանով չապահովվելու դեպքում պայմանագրային զինծառայողին վճարվող ամսական դրամական հատուցման չափերը, ամսական դրամական հատուցում ստանալու իրավունք ունեցող անձանց շրջանակը, ամսական դրամական հատուցման իրավունքի ծագման պայմանները, ամսական դրամական հատուցման վճարման համար անհրաժեշտ փաստաթղթերը և վճարման կարգը, ամսական դրամական հատուցման վճարումը և ամսական դրամական հատուցում ստանալու իրավունքը դադարելու հիմքերը, ինչպես նաև ուժը կորցրած է ճանաչվում ՀՀ կառավարության 22.11.2018թ. N 1321-Ն որոշումը:
- Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում ու ծախսերում սպասվելիք փոփոխությունները
Որոշման նախագծի ընդունումը պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխությունների չի հանգեցնում:
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
Որոշման նախագիծը կապված չէ ռազմավարական փաստաթղթերի հետ: