В стадии разработки
«Հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծ
-
4 - За
-
0 - Против
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Ներկայումս ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված են ԱԱՀ-ից ազատման արտոնությունների շրջանակները, որոնք վերաբերում են դպրոցական գրերի և նոտայի տետրերի, նկարչական ալբոմների, մանկական և դպրոցական գրականության, դպրոցական ուսումնական հրատարակությունների, բուհերի, մասնագիտացված գիտական կազմակերպությունների, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի հրատարակած գիտական և ուսումնական հրատարակությունների օտարմանը։
Նախագծով առաջարկվում է հայերեն տպագրված գրքերի բոլոր տեսակների օտարումն ազատել ԱԱՀ-ից, ինչը կբերի գրքի գնի նվազեցմանը և հրատարակվող գրքերի քանակի ավելացմանը։
Պետության ներդրումային քաղաքականության հիմնական նպատակներն են՝ ներդրումային և գործարար բարենպաստ միջավայրի ձևավորումը, կարգավորվող ոլորտների թափանցիկության բարձրացումը, երկրի մրցակցային առավելությունների բացահայտումը, երկրում ներդրումների ծավալի մեծացումը, շուկայական ենթակառուցվածքների զարգացումը, մարդկային կապիտալի զարգացումը, արտադրողականության բարձրացումը և այդ բոլորի հիման վրա` տնտեսական կայուն աճի ապահովումը։
Գործարար և ներդրումային միջավայրի բարելավման խթան կարող է դառնալ գործարարությամբ զբաղվելու և ներդրումների իրականացման համար նպաստավոր պայմանների ստեղծումը, ինչին համապատասխան նաև գործարար ոլորտում պետական անհարկի միջամտության կրճատումը: Գործարար միջավայրի բարելավման ուղղություններից է հարկային բեռի կրճատումը, այդ թվում՝ հարկերի դրույքաչափերի կրճատումը և առանձին հարկերի վերացումը, հարկերի տարբերակված դրույքաչափերի կիրառումը, մաքսավճարների կրճատումը և առանձին մաքսավճարների վերացումը, հարկային վարչարարության պարզեցումը և թափանցիկության բարձրացումը, մրցակցային միջավայրի բարելավումը:
Վերջին տարիներին աշխարհի բազմաթիվ երկրներ նվազեցրել են տնտեսավարողների գրքերի հրատարակչության և իրացման հետ կապված հարկային բեռը` ընդհուպ մինչև առանձին հարկատեսակների վերացում։
Այսպես, օրինակ, Հրատարակիչների միջազգային ասոցիացիան 2018 թվականին հրապարակել է տպագիր գրքերի համար նախատեսված ավելացված արժեքի հարկի չափերի վերաբերյալ տվյալները։ Համաձայն ասոցիացիայի տվյալների՝ աշխարհի հետևյալ երկրներում, ինչպիսիք են, օրինակ, Մեքսիկան, Ալբանիան, Մեծ Բրիտանիան[1], Իռլանդիան, Ուկրաինան[2], Նորվեգիան[3], Լիբանանը, Հորդանանը, Հնդկաստանը, Թայլանդը, Մալայզիան, Ֆիլիպինները, Հարավային Կորեան, Հարավային Ամերիկայի երկրները, տպագրված գրքերի համար սահմանվում է 0 տոկոս ավելացված արժեքի հարկ[4]։ Աշխարհի որոշ երկրներում, ինչպիսիք են, օրինակ, Իսլանդիան[5], Չինաստանը, Կանադան, եվրոպական մի շարք երկրներ՝ Բելգիան, Կիպրոսը, Գերմանիան, Ֆրանսիան, Իսպանիան, Իտալիան, Հունաստանը, Թուրքիան, տպագրված գրքերի համար սահմանվում է նվազեցված ավելացված արժեքի հարկ[6]։
Ներկայում, տնտեսության ակտիվության պահպանման, բնակչության վճարունակ պահանջարկի ընդլայնման, տնտեսության մեջ ներդրումների խթանման համար անհրաժեշտություն է առաջանում նվազեցնել գրքերի տպագրությամբ և իրացմամբ զբաղվող գործարարների հարկային բեռը։
ԱԱՀ–ն, հանդիսանալով պետական բյուջեի եկամտային մասի ձևավորման հիմնական աղբյուր, բացի զուտ ֆիսկալ գործառույթից, ունի նաև կարգավորիչ գործառույթ։ Հանդիսանալով անուղղակի հարկ և ներառվելով ապրանքի գնագոյացման մեջ՝ այն ապրանքի շուկայական առաջարկի ու պահանջարկի ձևավորման կարևոր գործոն է և անմիջականորեն ազդում է արտադրության ու իրացման ծավալների վրա, գրքի նկատմամբ պահանջարկի ավելացման մասին անուղղակի վկայում է Գրքի միջազգային ստանդարտ համարների (ԳՄՍՀ) կամ ISBN տրամադրման կայուն քանակը վերջին 5 տարիների ընթացքում․
- 2018թ․ – 2424 հատ,
- 2019թ․ – 2444 հատ,
- 2020թ․ – 1953 հատ,
- 2021թ․ – 2486 հատ,
- 2022թ․ – 2348 հատ։
Գրքերի տպագրության ոլորտում ԱԱՀ-ին առնչվող կարևորագույն բարեփոխումներից մեկը կարող է դառնալ հայերեն գրքերի ԱԱՀ-ից ազատումը, ինչը կարող է էականորեն նպաստել գրքերի արտադրության և տպագրության ծավալների ընդլայնմանը և տպագիր գրքերի գների նվազեցմանը։ Նշվածը կարևոր քայլ կլինի տնտեսական ակտիվության պահպանման նպատակով։
Գրքերի օտարման պարագայում ԱԱՀ-ից ազատումը կնպաստի սոցիալ-տնտեսական, գիտելիքի տարածման և գրագիտության մակարդակի էական բարելավմանը, ինչպես նաև վճարունակ պահանջարկի ընդլայնմանը։ Գրքերի տպագրության և օտարման համար ԱԱՀ-ի դրույքաչափի վերացման հետևանքով բյուջետային մուտքերի նվազեցումը հնարավոր կլինի փոխհատուցել շնորհիվ այլ հարկատեսակներից գոյացած մուտքերի ավելացման։ Մասնավորապես‚ գների իջեցման շնորհիվ աճող պահանջարկը կարող է ավելացնել նաև արտադրության ծավալները‚ ինչը հանգեցնելու է արտադրողների ֆինանսական վիճակի բարելավման‚ շահույթի աճի և հետևաբար այդ մասով հարկային եկամուտների ավելացման։
Հարկ է նշել նաև, որ Կառավարության խնդիրներից է շուկայում հավասար մրցակցության ապահովումը, ինչով պայմանավորված է տնտեսության տարբեր ոլորտների համաչափ զարգացման խթանումը։
Միաժամանակ նախագծի ընդունման հիմքում ընկած է մարդկային կապիտալի զարգացման և գիտելիքահենք տնտեսության ձևավորելու տեսլականը, որի իրագործման համար անհրաժեշտ է մարդկային կապիտալի զարգացման և մարդկային տաղանդի առաջադիմության համար ձևավորել անհրաժեշտ նախադրյալներ։ Տնտեսական զարգացման գործընթացում գիտելիքի ստեղծման, ձեռք բերման և դրա կայուն ու արդյունավետ կիրառման գործընթացի շարունակական ապահովման համար կարևոր ենք համարում հայերեն տպագրված գրքերի օտարումը ԱԱՀ-ից ազատելու հանգամանքը, որը գիտության և կրթության բոլոր մակարդակներում էապես կբարձրացնի որակի և ռեսուրսների օգտագործման արդյունավետությունը և մարդկային տաղանդի առաջադիմության համար կստեղծի անհրաժեշտ նախադրյալներ։ Նախագծի ընդունումը կնպաստի հայերեն տպագրված գրքերի ծավալների մեծացմանը՝ դրանով Հայաստանին ապահովելով համաշխարհային տնտեսության մեջ համապատասխան ոլորտում ունենալու մրցունակ դերակատարում։
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է Էկոնոմիկայի նախարարության կողմից:
- Ակնկալվող արդյունքը
Նախագծով առաջարկվող լրացումների իրականացումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետությունում հրատարակչական գործի զարգացման, բարեկիրթ քաղաքացիական հասարակության ձևավորման, տնտեսական գործունեության ազատության և տնտեսական մրցակցության երաշխավորման, գործարար միջավայրի բարելավման, փոքր և միջին բիզնեսի շահերի պաշտպանության, պետության սոցիալ-տնտեսական վիճակի էական բարելավման և վճարունակ պահանջարկի ընդլայնման անհրաժեշտությամբ։
4․ Իրավական ակտի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի էական ավելացման կամ նվազեցման մասին․
Նախագծի ընդունման արդյունքում նախատեսվում է ՀՀ պետական բյուջեի եկամուտների նվազեցում։
5․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.
Նախագծի ընդունումը չի բխում ՀՀ կառավարության 18.11.2021թ. «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրից։
[1]Տե´ս Value Added Tax Act 1994 (UK) https://socialsciences.exeter.ac.uk/media/universityofexeter/collegeofsocialsciencesandinternationalstudies/politics/research/statorg/uk/party/Tax_Law-Value_Added_Tax_Act_1994.pdf
[2]Տե´ս https://www.wto.org/english/thewto_e/acc_e/ukr_e/WTACCUKR143A5_LEG_1.pdf
[3]Տե´ս VAT act of 19 June 2009 no. 58 – Unofficial English translation Updated May 2014 (Norway), https://www.skatteetaten.no/globalassets/bedrift-og-organisasjon/avgifter/merverdiavgift/refusjon-av-mva---avgiftsinfo/vat-act---oversatt-versjon-av-merverdiavgiftsloven-updatet-may-2014.pdf
[4]Տե´ս https://www.internationalpublishers.org/our-work/vat-and-fixed-book-price/printed-books-and-vat-gst
[5]Տե´ս Value-added tax consolidation act 2010 (Ireland), http://www.irishstatutebook.ie/eli/2010/act/31/enacted/en/pdf
[6]Տե´ս https://www.internationalpublishers.org/our-work/vat-and-fixed-book-price/printed-books-and-vat-gst
-
Обсуждалось
19.04.2023 - 04.05.2023
-
Тип
Закон
-
Область
Государственные доходы
-
Министерство
Министерство экономики
Просмотры 2683
Принт