Добавить в избранное

«Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծեր

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ

 

  1. Կարգավորման ենթակա խնդիրը

«Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի (այսուհետ միասին՝ Նախագծեր) մշակումը բխում է վարչական դատարանի ծանրաբեռնվածության թեթևացման, ինչպես նաև վարչական դատարանի իրավակիրառ պրակտիկայում առաջացած խնդիրների լուծման անհրաժեշտությունից:

 

  1. Առկա իրավիճակը

Վարչական դատավարության օրենսգրքում փոփոխությունների մասով.

  1. Վարչական դատավարության օրենսգրքով (այսուհետ՝ Օրենսգիրք), ի տարբերություն քաղաքացիական դատավարության օրենսգրքի, նախատեսված չէ դատավարական իրավունքների չարաշահման դեպքում վարչական դատարանի կողմից հակազդման որևէ մեխանիզմ:
  2. Օրենգրքում որպես ապացույցի տեսակ նախատեսված չէ մասնագետի բացատրությունը: Մինչդեռ, վարչական դատավարության ընթացքում հաճախ անհրաժեշտություն է առաջանում ներգրավել մասնագետի՝ տեսական կամ կիրառական գիտելիքներ ունեցող ֆիզիկական անձի՝ գործի քննության համար նշանակություն ունեցող հարցերի վերաբերյալ առանց նախնական հետազոտությունների իրականացման մասնագիտական բացատրություններ տալու համար:
  3. Օրենսգրքի 57-րդ հոդվածի համաձայն՝ պետական տուրքի չափի, դրա վճարումից ազատելու, պետական տուրքի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետելու և դրա չափը նվազեցնելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով։

Սակայն հոդվածում մանրամասն կարգավորված չեն պետական տուրքի հետ կապված որոշակի հարցերը: Մասնավորապես, կարգավորված չեն դատական ակտը միայն դատական ծախսերի մասով բողոքարկելու, հիմնական պահանջից բացի, ածանցյալ պահանջներ ներկայացնելու դեպքում պետական տուրքի գանձնման հարցերը:

  1. Օրենսգրքի 3-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ վարչական դատարան կարող են դիմել նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմինները կամ պաշտոնատար անձինք` ընդդեմ վարչական մարմնի, եթե համարում են, որ այդ մարմնի վարչական ակտով, գործողությամբ կամ անգործությամբ խախտվել կամ անմիջականորեն կարող են խախտվել պետության կամ համայնքի այն իրավունքները, որոնց պաշտպանության լիազորությունը դրված է իրենց վրա, եթե այդ վեճը ենթակա չէ լուծման վերադասության կարգով։

Փաստորեն Օրենսգրքի 3-րդ հոդվածի 3-րդ մասում նշված սուբյեկտների կողմից հայց հարուցելու համար օրենսդիրը սահմանել է նախապայմաններ, որոնք հետևյալն են.

  • պետք է համարեն, որ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կամ պաշտոնատար անձանց վարչական ակտով, գործողությամբ կամ անգործությամբ խախտվել կամ անմիջականորեն կարող են խախտվել պետության կամ համայնքի իրավունքները,
  • այդ իրավունքների պաշտպանության լիազորությունը դրված է իրենց վրա և,
  • այդ վեճը ենթակա չէ լուծման վերադասության կարգով։

Այսինքն՝ Օրենսգրքի 3-րդ հոդվածի 3-րդ մասում նշված սուբյեկտների կողմից ներկայացված հարցի վարույթ ընդունելու հարցի լուծումը պայմանավորված է վերոգրյալ հանգամքների պարզմամբ, ուստի անհրաժեշտ է հայցադիմումին ներկայացվող պահանջների մեջ ավելացնել պահանջ առ այն, որ Օրենսգրքի 3-րդ հոդվածի 3-րդ մասում նշված սուբյեկտների կողմից ներկայացված հայցադիմումը պետք է պարունակի նաև վերոգրյալ տեղեկությունները:

  1. Օրենգքրի 80-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ հայցադիմումի ընդունումը մերժելու մասին որոշումը բողոքարկվելու և վերացվելու դեպքում հայցադիմումը համարվում է վարույթ ընդունված սկզբնական ներկայացման օրը։ Մինչդեռ, գործնականում լինում են դեպքեր, երբ վերաքննիչ վարչական դատարանն ընդունում է հայցադիմումի ընդունումը մերժելու մասին որոշումը վերացվելու մասին որոշում, սակայն առկա են լինում հայցադիմումը վերադարձնելու հիմքեր:
  2. Օրենսգրքի 123-րդ հոդվածի համաձայն՝ վարչական դատարանի (...) դատական ակտում առկա վրիպակների, գրասխալների և թվաբանական սխալների ուղղման, լրացուցիչ վճռի կայացման, վճռի պարզաբանման վրա տարածվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի համապատասխան կանոնները:

09.04.2018 թվականից ուժի մեջ մտած նոր Քաղաքացիական դատավարության օրենսգրքով վճռի պարզաբանման հնարավորություն նախատեսված չէ:

  1. Օրենսգրքով սահմանված չէ վերաքննիչ և Վճռաբեկ դատարանների որոշումների մեջ առկա վրիպակների, գրասխալների և թվաբանական սխալների ուղղման, լրացուցիչ որոշում կայացնելու հնարավորություն:
  2. Օրենսգրքի 152-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված է, որ դատավարական իրավունքի նորմերի խախտումը կամ սխալ կիրառումը դատական ակտի բեկանման հիմք է, եթե հանգեցրել է կամ կարող էր հանգեցնել գործի սխալ լուծման։ Դատարանի` ըստ էության ճիշտ դատական ակտը չի կարող բեկանվել միայն ձևական նկատառումներով։

Նույն հոդվածի 2-րդ մասում թվարկված են այն հիմքերը, որոնց առկայության դեպքում դատական ակտը բոլոր դեպքերում ենթակա է բեկանման:

Համանման կարգավորում նախատեսող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածում սահմանվել է որոշ հիմքերի առկայության պարագայում դատական ակտը՝ անկախ բողոքի հիմքերից և հիմնավորումներից անվերապահ բեկանելու կանոն, որպիսի կարգավորում առկա չէ Օրենսգրքում: Մինչդեռ, դատական ակտի անվերապահ բեկանման որոշ հիմքերի առկայության դեպքում անկախ բողոքի հիմքերից և հիմնավորումներից դատական ակտը պետք է բեկանվի:

  1. Օրենսգրքի 160-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ վճռաբեկ բողոքը թողնվում է առանց քննության, եթե վճռաբեկ բողոքը բերվել է սահմանված ժամկետը լրանալուց հետո, և բաց թողած ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը բացակայում է կամ մերժվել է:

Սահմանված ժամկետը լրանալուց հետո բերված լինելու և բաց թողած ժամկետը վերականգնելու մասին միջնորդություն ներկայացված չլինելու պարագայում, առանց բողոք բերող անձին բաց թողած ժամկետը վերականգնելու մասին միջնորդություն ներկայացնելու հնարավորություն ընձեռելու վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելն անհամաչափ սահմանափակում է բողոք բերած անձի դատարանի մատչելիության և դատական պաշտպանության իրավունքը:

Այսպես, օրինակ, Քաղաքացիական դատավարության օրենսգրքով բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին միջնորդության բացակայությամբ վճռաբեկ բողոքը սահմանված ժամկետը լրանալուց հետո բերված լինելը հանդիսանում է վճռաբեկ բողոքը վերադարձնելու հիմք:

  1. Օրենսգրքով սահմանված չէ, թե ինչ որոշում պետք է կայացնի Վճռաբեկ դատարանն այն դեպքում, երբ բողոք բերող անձը չի վերացրել վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին որոշման մեջ նշված թերությունները, կամ բողոքը կրկին ներկայացնելու դեպքում թույլ են տրվել նոր խախտումներ:
  2. Օրենսգրքով սահմանված չէ, թե ինչ որոշում պետք է կայացնի Վճռաբեկ դատարանն այն դեպքում, երբ մերժել է պետական տուրքի արտոնություն կիրառելու մասին միջնորդությունը:

Նշվածը հաշվի առնելով, ինչպես  նաև սահմանված ժամկետը լրանալուց հետո վճռաբեկ բողոք բերած անձին բաց թողած ժամկետը վերականգնելու մասին միջնորդություն ներկայացնելու հնարավորություն  ընձեռելու  համար անհրաժեշտ է Օրենսգրքի 160-րդ հոդվածի 2-րդ մասը փոփոխել:

  1. Օրենսգրքի «Վճռաբեկ բողոքի քննությունը դատական նիստում» վերտառությամբ 1-րդ հոդվածն ամբողջությամբ չի կարգավորում դատական նիստում վճռաբեկ բողոքի քննությունն իրականացնելու հարցերը:
  2. Նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտերի վերանայման դատավարական կանոնները սահմանված են Օրենսգրքի 4-րդ բաժնում (գլուխ 25, հոդվածներ 180-190):

Նշված բաժնի իրավակարգավորումների համաձայն՝ նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման համար ներկայացվում է դիմում, այլ ոչ թե բողոք:

Ընդ որում նույն բաժնում ներառված հոդվածներով են սահմանված նաև նոր երևան եկած և նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման հիմքերը, այդ հիմքերով դատական ակտի վերանայման դիմում ներկայացնելու իրավունք ունեցող սուբյեկտները, ժամկետները, դիմումի ձևին և բովանդակության ներկայացվող պահանջները, դիմում ներկայացնելու, դիմումը վարույթ ընդունելու, վերադարձնելու կարգը:

Միևնույն ժամանակ Օրենսգրքի 153-րդ հոդվածի համաձայն՝ Վճռաբեկ դատարանը վերաքննիչ դատարանի դատական ակտերը վերանայում է բողոքի հիման վրա:

Բացի այդ, Օրենսգրքի 158-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ վճռաբեկ բողոքում, ի թիվս այլնի, նշվում են նաև նոր երևան եկած կամ նոր հանգամանքների հետևանքով գործի վերանայման հիմքերը և դրանց հիմնավորումները, իսկ  վճռաբեկ բողոքը 158-րդ հոդվածի պահանջներին չհամապատասխանելը, Օրենսգրքի 160-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, վճռաբեկ բողոքը վերադարձնելու հիմք է հանդիսանում:

Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հիմքերը սահմանված են Օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասում, որի 2-րդ կետի համաձայն՝ վճռաբեկ բողոքն ընդունվում է քննության, եթե վճռաբեկ դատարանը գտնում է, որ` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում:  Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն, մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտման առերևույթ առկայություն է նաև նոր կամ նոր երևան եկած հանգամանքը:

Փաստորեն մի կողմից վերաքննիչ դատարանի դատական ակտերը Վճռաբեկ դատարանը վերանայում է միայն բողոքի հիման վրա և նոր երևան եկած կամ նոր հանգամանքների հետևանքով գործի վերանայման հիմքերը և դրանց հիմնավորումները պետք է նշվեն վճռաբեկ բողոքում, իսկ դրանք չնշելը, հիմք է վճռաբեկ բողոքը վերադարձնելու համար, մյուս կողմից նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման համար ներկայացվում է դիմում, այլ ոչ թե բողոք, իսկ Օրենսգրքի 188-րդ հոդվածով սահմանված են դիմումը վերադարձնելու ինքնուրույն, Օրենսգրքի 160-րդ հոդվածից տարբերվող հիմքեր: Այսպես օրինակ, Օրենսգրքի 160-րդ հոդվածի համաձայն՝  վճռաբեկ բողոքը վերադարձվում է, եթե այն չի համապատասխանում սույն օրենսգրքի 158-րդ հոդվածի պահանջներին, իսկ Օրենսգրքի 158-րդ հոդվածի պահանջներից է նաև վճռաբեկ բողոքի էլեկտրոնային տարբերակը (էլեկտրոնային կրիչը) վճռաբեկ բողոքին կցելը,  մինչդեռ նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման դիմումին վճռաբեկ բողոքի էլեկտրոնային տարբերակը (էլեկտրոնային կրիչը) կցելու կանոն Օրենսգրքի 186-րդ հոդվածով նախատեսված չէ, հետևաբար Օրենսգրքի 188-րդ հոդվածի կիրառմամբ ենթակա չէ վերադարձման:

Ուստի անհրաժեշտ է Օրենսգրքում կատարել համապատասխան փոփոխություններ՝ բացառելու համար միևնույն հարցի վերաբերյալ իրարից տարբերվող իրավակարգավորումները:

  1. Օրենսգրքի նորմատիվ իրավական ակտերի իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ հատուկ վարույթի կարգավորմանը նվիրված 26-րդ գլխում կան կարգավորումներ, որոնք «հին» են և չեն համապատասխանում օրենսդրական գործող կարգավարորումների տրամաբանությանը:

 

Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխությունների մասով.

          Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի ուսումնասիրությունից բխում է, որ նշված օրենսգրքով նախատեսված է անձանց վարչական պատասխանատվության ենթարկելու երկու կարգ` արտադատարանական, որն իրականացվում է նույն օրենսգրքով սահմանված` կոնկրետ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու դրանց պաշտոնատար անձանց կողմից, և դատական, որն իրականացվում է դատարանների կողմից: Վարչական կարգով վարչական պատասխանատվությունը կիրառվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով սահմանված կարգով՝ այդ օրենսգրքով նախատեսված ենթակայությանը համապատասխան: Դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկում է վարչական դատարանը Վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով վարչական դատարանի և համապատասխան վարչական մարմիների քննությանը վերապահված վարչական իրավախախտումների շրջանակների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ երբեմն նման տարբերակումը տրամաբանական հիմնավորում չունի, և վարչական դատարանին է վերապահված այնպիսի վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի քննությունը, որոնց համանման բնույթ ունեցող իրավախախտումների քննությունը վերապահված է վարչական մարմնին, կամ որոնք կարող էին վերապահվել իրավասու վարչական մարմնի քննությանը՝ ավելորդ չծանրաբեռնելով վարչական դատարանին: Այս համատեքստում հետաքրքրական է, որ իրավաբանական գրականության մեջ արտահայտվել է այն մոտեցումը, որ վարչական պատասխանատվությունը` որպես վարչական զանցանք կատարած անձի նկտամամբ օրենքով սահմանված կարգի պահպանմամբ հարկադրանքի միջոցների կիրառում, պետք է իրացնի համապատասխան վարչական մարմինը, որն այդ զանցանքի կապակցությամբ իրականացնում է վարչարարություն[1]:

Դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու ինստիտուտի առանձնահատկություններին անդրադարձել է Սահմանադրական դատարանն իր  2010 թ. փետրվարի 5-ի ՍԴՈ-864 որոշմամբ: Սահմանադրական դատարանը նշել է, որ անձի իրավունքները խախտած պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի պաշտոնատար անձին դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկելը հանդիսանում է անձի իրավունքի դատական պաշտպանության բաղադրատարր:

Անդրադառնալով վարչական պատասխանատվության նպատակին, վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված ողջ իրավակարգավորման հիմքում ընկած տրամաբանության, Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի, ինչպես նաև «անձի խախտված իրավունքների վերականգնում» հասկացության բովանդակության համատեքստում, Սահմանադրական դատարանը նշել է, որ վարչական պատասխանատվությունը` ընդհանրապես, և վարչական պատասխանատվության միջոց հանդիսացող վարչական տույժը` մասնավորապես, հետապնդում են այլ նպատակ, քան անձի խախտված իրավունքի դատական կարգով վերականգնումն է: Վարչական պատասխանատվության նպատակն առավելապես կրում է հանրային բնույթ, իրավախախտ անձը պատասխանատվություն է կրում հասարակության, այլ ոչ թե մասնավոր անձի առջև, վարչական պատասխանատվությունն առնչվում է ոչ այնքան մասնավոր, որքան հանրային շահերին:

Սահմանադրական դատարանը գտել է, որ դատական կարգով անձանց, այդ թվում՝ անձի իրավունքը խախտած պաշտոնատար անձանց վարչական պատասխանատվության ենթարկելը չի հանդիսանում անձի խախտված իրավունքների պարտադիր բաղադրատարր և, հետևաբար, անձանց՝ վարչական պատասխանատվության ենթարկելու հայցադիմումով դատարան դիմելու իրավասություն չվերապահելը չի կարող խոչընդոտել այդ անձի՝ դատարանի մատչելիության և դատական պաշտպանության, դատական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքների իրացմանը:

Նման դիրքորոշման մասին կարող է վկայել նաև այն փաստը, որ եվրոպական երկրներում կամ նախատեսված է վարչական պատասխանատվության միայն արտադատարանական կարգ, կամ առկա է դատական կարգով վարչական պատասխանատվության ինստիտուտից հրաժարվելու միտում:

Ամբողջ վերոնշվածի համատեքստում՝ նպատակ ունենալով թեթևացնել վարչական դատարանի ծանրաբեռնվությունը, անհրաժեշտութուն է առաջանում վերանայել վարչական դատարանի քննությանը վերապահված վարչական իրավախախոտւմների վերաբերյալ գործերի շրջանակը, և այն վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը, որոնք արդյունավետորեն կարող են քննվել իրավասու վարչական մարմնի կողմից, վերապահել վերջինիս: Այս համատեքստում հարկ է կարևորել այն հանգամանքը, որ ֆիզիկական և իրավաբանական անձանց դատական պաշտպանության իրավունքն այս դեպքում չի սահմանափակվում, քանի որ վարչական իրավախախտման վերաբերյալ վարույթի արդյունքով ընդունվող վարչական տույժ նշանակելու մասին վարչական մարմնի որոշումը կարող է վիճարկվել վարչական դատարան: 

                    

  1. Նախագծերի նպատակը և ակնկալվող արդյունքը

Նախագծի նպատակը վարչական դատարանի ծանրաբեռնվածության թեևթացումը և իրավակիրառ պրակտիկայում բարձրացված խնդիրների լուծումն է:

Նախագծերով նախատեսվում են հետևյալ հիմնական կարգավորումները՝

Վարչական դատավարության օրենսգրքում փոփոխությունների մասով.

  1. Դատավարական իրավունքների կամ այլ հնարավարությունների չարաշահման դեպքում դատական սանկցիաներ կամ օրենքով նախատեսված իրավական ներգործության այլ միջոցներ կիրառելու իրավական հնարավորություն:
  2. Որպես ապացույցի տեսակ նախատեվում է մասնագետի բացատրությունը:
  3. Կարգավորվում են դատական ակտը միայն դատական ծախսերի մասով բողոքարկելու, հիմնական պահանջից բացի, ածանցյալ պահանջներ ներկայացնելու դեպքում պետական տուրքի գանձնման հարցերը:
  4. Հայցադիմումին ներկայացվող պահանջների մեջ ավելացվում է պահանջ առ այն, որ Օրենսգրքի 3-րդ հոդվածի 3-րդ մասում նշված սուբյեկտների կողմից ներկայացված հայցադիմումը պետք է պարունակի այդ մասով նախատեսված տեղեկությունները:
  5. Նախատեսվում է, որ եթե վերաքննիչ վարչական դատարանն ընդունում է հայցադիմումի ընդունումը մերժելու մասին որոշումը վերացվելու մասին որոշում, ապա վարչական դատարանը հայցադիմումն ընդունում է վարույթ, եթե բացակայում են սույն օրենսգրքով նախատեսված հայցադիմումը վերադարձնելու հիմքերը:
  6. Սահմանվում է վերաքննիչ և Վճռաբեկ դատարանների որոշումների մեջ առկա վրիպակների, գրասխալների և թվաբանական սխալների ուղղման, լրացուցիչ որոշում կայացնելու հնարավորություն:
  7. Սահմանվում է որոշ հիմքերի առկայության պարագայում դատական ակտը՝ անկախ բողոքի հիմքերից և հիմնավորումներից անվերապահ բեկանելու կանոն:
  8. Բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին միջնորդության բացակայությամբ վճռաբեկ բողոքը սահմանված ժամկետը լրանալուց հետո բերված լինելը սահմանվում է վճռաբեկ բողոքը վերադարձնելու հիմք:
  9. Սահմանվում է, որ վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին որոշման մեջ նշված թերությունները չվերացվելու, բողոքը կրկին ներկայացնելու դեպքում նոր խախտումներ թույլ տալու, վճռաբեկ բողոքը սահմանված ժամկետը լրանալուց հետո բերվելու և բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը բացակայելու, պետական տուրքի գծով արտոնություն սահմանելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու դեպքում վճռաբեկ բողոքն առանց քննության է թողնվում.
  10. Կարգավորում են դատական նիստում վճռաբեկ բողոքի քննությունն իրականացնելու հարցերը:
  11. Նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտերի վերանայման դատավարական կանոնները համապատասխանեցվել են Օրենսգրքի գործող կարգավորումներին.
  12. Օրենսգրքի նորմատիվ իրավական ակտերի իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ հատուկ վարույթի կարգավորմանը նվիրված 26-րդ գլխում կարգավորումները համապատասխանեցվել են օրենսդրական գործող կարգավարորումների տրամաբանությանը:

 

Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխությունների մասով.

                Որոշ, մասնավորապես, միջուկային անվտանգության ապահովման, լեզվի և կրթության, պրոբացիայի ծառայության բնագավառների, հավաքներ անցակցնելու՝ օրենքով սահմանված կարգը խախտելու, ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու, պետական մարմնին (պաշտոնատար անձին) տեղեկատվություն չտրամադրելու վերաբերյալ վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի քննությունը վերապահվում է իրավասու վարչական մարմիններին:

 

  1. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է Արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի կողմից:        

  1. Օրենքների ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները

«Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը բացակայում է: «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի ընդունման կապակ­ցու­թ­յամբ պետական բյուջեի ծախսերի ավելացում կամ եկամուտբերի նվազում չի նախատեսվում։

 

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

Նախագծերի մշակումը բխում է Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարությունից բխող գործողությունների ծրագրից, որի Վարչական և վարչական դատավարության օրենսդրության բարեփոխումների 7-րդ նպատակում որպես գործողություն նախատեսված է Վարչական դատավարության օրենսգրքի կիրառման արդյունքում գույքագրված խնդիրների հիման վրա Վարչական դատավարության օրենսգրքում և, ըստ անհրաժեշտության, հարակից օրենքներում փոփոխություններ նախատեսող նորմատիվ իրավական ակտերի փաթեթ մշակում:

 

[1] Վարչական պատասխանատվության դինամիկ և ստատիկ ասպեկտների, վարչական պատասխանատվության ենթարկող սուբյեկտի վերաբերյալ ավելի մանրամասն, օրինակ, Бельский К.С., Администратиная ответственность: генезис, основные признаки, структура // Государство и право. N 9, 1999, էջ 15-16, 19:

  • Обсуждалось

    17.04.2023 - 02.05.2023

  • Тип

    Закон

  • Область

    Юстиция, Образование и наука, Пробация, Административные правонарушения, Инспекционная система

  • Министерство

    Министерство юстиции

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 2711

Принт

Предложения

Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ

02.05.2023

Տեղեկատվության ազատության իրավունքի պաշտպանության վերաբերյալ գործերի քննության համար ՀՀ քաղաքացիական և վարչական դատավարության օրենսգրքերով նախատեսված չեն հատուկ՝ առավել սեղմ դատավարական ժամկետներ և ընթացակարգեր, ինչի հետևանքով նշված խմբի գործերի տևական քննությունը հաճախ զրկում է անձին արդյունավետ իրավական պաշտպանության միջոցից: Դատական պրակտիկայի ուսումնասիրությունը 1 ցույց է տալիս, որ տեղեկատվության տրամադրման մերժումը դատական կարգով վիճարկելու դեպքում դատական գործերի մի մասի քննությունը միայն Վարչական դատարանում տևել է 1-4 տարի, իսկ բողոքարկման պարագայում առանձին դեպքերում նույնիսկ գերազանցել է այդ ժամանակահատվածը 2 : Նման իրավակիրառ պրակտիկան բովանդակազրկում է տեղեկատվության ազատության իրավունքը և անձին զրկում տեղեկատվության ազատության իրավունքի խախտման դեպքում արդյունավետ իրավական պաշտպանության միջոցի հնարավորությունից, քանի որ տեղեկատվության մատչելիության իրավունքի արդյունավետ իրականացումը պայմանավորված է առաջին հերթին տեղեկատվության տրամադրման սեղմ ժամկետներով: 2009 թ.-ի հունիսի 18-ի Եվրոպայի խորհրդի Պաշտոնական փաստաթղթերի մատչելիության մասին կոնվենցիայի 8-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերի, ինչպես նաև դրա բացատրական զեկույցի 64-րդ և 66-րդ կետերի համաձայն՝ անձը, որի հարցումը մերժվել է ամբողջությամբ կամ մասնակի, պետք է ունենա դատարանի կամ արտադատական կարգով՝ անկողմնակալ և անկախ մարմնի կողմից այդ որոշման վերանայման հնարավորություն՝ արագ և ոչ թանկարժեք ընթացակարգով: Ելնելով վերոգրյալից՝ առաջարկվում է ՀՀ վարչական ու քաղաքացիական դատավարության օրենսգրքերում ամրագրել տեղեկատվության ազատության իրավունքի պաշտպանության վերաբերյալ գործերի վարույթը որպես առանձին վարույթի տեսակ՝ սահմանելով հայցադիմումի քննության 30-օրյա ժամկետ, ինչը զգալիորեն կնպաստի տեղեկատվության ազատության և արդյունավետ դատական պաշտպանության իրավունքների հետագա խախտումների կանխարգելմանը:

Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ

02.05.2023

Վարչական դատավարության օրենսգիրքը չի սահմանում առաջին ատյանի դատարանում հարցաքննված վկային անհրաժեշտության դեպքում վերաքննիչ դատարանում հարցաքննելու և նրա ցուցմունքներն ուղղակի գնահատելու հնարավորություն։ Մասնավորապես օրենսգրքի 144-րդ հոդվածի դրույթների մեկնաբանության արդյունքում հնարավոր է բխեցնել ստորադաս ատյանում հետազոտված ապացույցները վերաքննիչ դատարանում կրկնակի հետազոտելու հնարավորությունը: Սակայն ամեն դեպքում հնարավոր չէ նույնացնել առաջին ատյանի դատարանում հետազոտված ապացույցները կրկին հետազոտելու և հարցաքննված վկաներին կրկին հարցաքննելու հնարավորությունը, քանի որ ապացույց է համարվում վկայի տված ցուցմունքը, իսկ վկային կրկին հարցաքննելու արդյունքում ձևավորվող ապացույցը նոր ցուցմունքն է՝ նոր ապացույց: Նմանապես թեև 144-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթը հստակ սահմանում է հնարավորություն՝ վերաքննիչ դատարան ներկայացնելու և հետազոտելու նաև ստորադաս ատյանում չներկայացված ապացույցները, գործող իրավակարգավորման պայմաններում այն չի կարող նույնացվել առաջին ատյանի դատարանում չհարցաքննված վկաներին հարցաքննելու հնարավորության հետ: Իրավակիրառ պրակտիկան ևս չի տարբերվում օրենսդրական կարգավորումներից, այլ կերպ ասած՝ Վերաքննիչ վարչական դատարանը գործնականում ևս չի ստեղծում հնարավորություն վերաքննիչ բողոքի քննության շրջանակում հարցաքննել վկաներին։ Նշված իրավակարգավորումների բացակայությունը խնդրահարույց է Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի 6-րդ հոդվածով սահմանված արդար դատաքննության իրավունքի պաշտպանության տեսանկյունից, ինչը, մասնավորապես, արձանագրվել է Ստեփանյանն ընդդեմ Հայաստանի (գանգատ թիվ 45081/04) գործով կայացված վճռով։ Հիմք ընդունելով նշվածը՝ առաջարկում ենք վարչական դատավարության օրենսգրքում կատարել լրացումներ՝ նախատեսելով հնարավորություն` անհրաժեշտության դեպքում վերաքննիչ դատարանում բողոքի քննության շրջանակում հրավիրելու և հարցաքննելու առաջին ատյանի դատարանում արդեն իսկ հարցաքննված, ինչպես նաև չհարցաքննված վկաներին։

Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ

02.05.2023

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգավորումների շրջանակներում Հարկադիր կատարումն ապահովող ծառայության գործողությունները, անգործությունը, ինչպես նաև վարչական ակտերը կարող են բողոքարկվել Վարչական դատարան: Այնուամենայնիվ, օրենսգիրքը չի նախատեսում կատարողական վարույթի արագացմանը միտված հատուկ կարգավորումներ Վարչական դատարանում գործի քննության շրջանակներում: Հարկ է նշել, որ Ավաքեմյանն ընդդեմ Հայաստանի գործով կայացված վճռով Մարդու իրավունքների եվրոպական դատարանն արձանագրել է, որ դիմումատուն չի ունեցել կատարողական վարույթներն արագացնելու համար իրավական պաշտպանության արդյունավետ միջոց, ինչը հիմք է հանդիսացել Կոնվենցիայի 13-րդ հոդվածի խախտման արձանագրման համար: Ելնելով վերոգրյալից՝ գտնում ենք, որ անհրաժեշտ է, ի թիվս այլ միջոցների, Վարչական դատավարության օրենսգրքով սահմանել Հարկադիր կատարումն ապահովող ծառայության անգործության վիճարկմանն առնչվող գործերի քննության հստակ և սեղմ ժամկետներ:

Узнать больше