Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ
02.05.2023
Տեղեկատվության ազատության իրավունքի պաշտպանության վերաբերյալ գործերի քննության համար ՀՀ քաղաքացիական և վարչական դատավարության օրենսգրքերով նախատեսված չեն հատուկ՝ առավել սեղմ դատավարական ժամկետներ և ընթացակարգեր, ինչի հետևանքով նշված խմբի գործերի տևական քննությունը հաճախ զրկում է անձին արդյունավետ իրավական պաշտպանության միջոցից: Դատական պրակտիկայի ուսումնասիրությունը 1 ցույց է տալիս, որ տեղեկատվության տրամադրման մերժումը դատական կարգով վիճարկելու դեպքում դատական գործերի մի մասի քննությունը միայն Վարչական դատարանում տևել է 1-4 տարի, իսկ բողոքարկման պարագայում առանձին դեպքերում նույնիսկ գերազանցել է այդ ժամանակահատվածը 2 : Նման իրավակիրառ պրակտիկան բովանդակազրկում է տեղեկատվության ազատության իրավունքը և անձին զրկում տեղեկատվության ազատության իրավունքի խախտման դեպքում արդյունավետ իրավական պաշտպանության միջոցի հնարավորությունից, քանի որ տեղեկատվության մատչելիության իրավունքի արդյունավետ իրականացումը պայմանավորված է առաջին հերթին տեղեկատվության տրամադրման սեղմ ժամկետներով: 2009 թ.-ի հունիսի 18-ի Եվրոպայի խորհրդի Պաշտոնական փաստաթղթերի մատչելիության մասին կոնվենցիայի 8-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերի, ինչպես նաև դրա բացատրական զեկույցի 64-րդ և 66-րդ կետերի համաձայն՝ անձը, որի հարցումը մերժվել է ամբողջությամբ կամ մասնակի, պետք է ունենա դատարանի կամ արտադատական կարգով՝ անկողմնակալ և անկախ մարմնի կողմից այդ որոշման վերանայման հնարավորություն՝ արագ և ոչ թանկարժեք ընթացակարգով: Ելնելով վերոգրյալից՝ առաջարկվում է ՀՀ վարչական ու քաղաքացիական դատավարության օրենսգրքերում ամրագրել տեղեկատվության ազատության իրավունքի պաշտպանության վերաբերյալ գործերի վարույթը որպես առանձին վարույթի տեսակ՝ սահմանելով հայցադիմումի քննության 30-օրյա ժամկետ, ինչը զգալիորեն կնպաստի տեղեկատվության ազատության և արդյունավետ դատական պաշտպանության իրավունքների հետագա խախտումների կանխարգելմանը: