Добавить в избранное

В стадии разработки

«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ 

 

1․ Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը․

Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունում ընթացող բարեփոխումների շրջանակում կարևոր ուղղություն է համարվում քրեական ոստիկանության կադրերի մասնագիտական պատրաստվածության էական բարելավումը և համալրումը։

Ներկայումս տարածքային մակարդակում օպերատիվ-հետախուզական գործունեության իրականացման միջոցով ծանրության բոլոր աստիճանների հանցագործությունների բացահայտման, դրանց կատարման համար հետախուզվողների հայտնաբերման   ուղիղ գործառույթները վերապահված են Ոստիկանության տարածքային բաժիններին (դրանց քրեական հետախուզության ստորաբաժանումներին):

Ոստիկանության տարածքային բաժինները գործում են մարզային վարչությունների (նաև Երևան քաղաքի վարչության) անմիջական ենթակայության, միաժամանակ նաև Քրեական ոստիկանության գլխավոր վարչության մեթոդական ղեկավարման ներքո, որն ըստ էության ենթադրում է կրկնակի ենթակայություն՝ առանց ղեկավարման լիազորությունների սահմանների հստակ տարանջատման:

Հարկ է արձանագրել, որ Ոստիկանության տարածքային բաժիններում, բացի քրեական հետախուզության ստորաբաժանումներից, գործում են նաև համայնքային ոստիկանության, անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման ու այլ ստորաբաժանումներ ևս: Ըստ էության, նշված ստորաբաժանումների, ինչպես նաև  անհրաժեշտության դեպքում հասարակական կարգի պահպանության և այլ գործառույթները Ոստիկանության տարածքային բաժիններում իրականացվում են զուգակցված, ինչը բացասաբար է անդրադառնում օպերատիվ-հետախուզական գործունեության արդյունավետության վրա՝ ինչպես մասնագիտական կարողությունների իրացման և կատարելագործման, այնպես էլ աշխատանքների համակարգման և ղեկավարման տեսանկյունից:

Գործող իրավակարգավորումների համաձայն՝ քրեական ոստիկանության միջին խմբի պաշտոններում կարող են նշանակվել ՆԳՆ ոստիկանության կրթահամալիրում պետական պատվերի շրջանակում «Իրավագիտության բակալավր» և «Իրավագիտության մագիստրոս» մասնագիտական որակավորում ստացած շրջանավարտները, ինչպես նաև ՀՀ կառավարության 23.01.2003թ. թիվ 175-Ն որոշմամբ նախատեսված համապատասխան մասնագիտություններով բարձրագույն կրթություն ունեցող անձինք՝ վերապատրաստման և փորձաշրջանի արդյունքներով։

Քրեական ոստիկանությունն առավել թիրախային կրթական ծրագրի շրջանավարտներով օպերատիվ կերպով համալրելու համար անհրաժեշտություն է առաջացել մշակելու և իրականացնելու քրեական ոստիկանի որակավորման մեկանգամյա նախնական կրթական ծրագիր, որին կարող են մասնակցել բարձրագույն կրթություն ունեցող քաղաքացիները և ոստիկանության գործող ծառայողները։ Դրանից հետո նախատեսվում է համապատասխան օրենսդրական փոփոխությունների միջոցով սահմանել, որ քրեական ոստիկանությունում պաշտոնի նշանակվելու պայմաններն են լինելու պարեկային ծառայության կոնկրետ պաշտոնում ծառայության որոշակի ստաժն ու ապագայում ներդրվելիք՝ քրեական ոստիկանի որակավորման միջին մասնագիտական կրթական ծրագրով կրթություն ստանալը։ Այլ կերպ ասած՝ ոստիկանությունում ներդրվելու է բազային և շարունակական կրթության գաղափարը։

 

2․ Առաջարկվող կարգավորման բնույթը և ակնկալվող արդյունքը․

Ունենալով նպատակ շարժվել պրոֆեսիոնալ և մասնագիտացված ծառայություն ստեղծելու ճանապարհով՝ մոտեցում է ձևավորվել մարզային մակարդակում (նաև Երևան քաղաք) ունենալ Քրեական ոստիկանության գլխավոր վարչության անմիջական ենթակայությամբ գործող տարածքային ստորաբաժանումներ (ինչպես այժմ գործում է Պարեկային ծառայությունը), որոնց կվերապահվի միայն ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների բացահայտման, օպերատիվ կանխարգելման և հետախուզվողների հայտնաբերման նպատակով օպերատիվ-հետախուզական գործունեության իրականացումը:

Գործառույթների նշված շրջանակի և գործունեության հիշյալ ուղղությունների սահմանումը պայմանավորված է նաև Ոստիկանության տարածքային մարմինների վերաիմաստավորման կոնցեպտի մեկ այլ բաղադրիչի շրջանակներում՝ Ոստիկանության Համայնքային ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ստեղծման հանգամանքով, որոնց համայնքային  /քաղաքային/ մակարդակում, ի թիվս   այլ  ոստիկանական  գործառույթների /համայնքային ոստիկանություն, անչափահասներ և ընտանիքում բռնության կանխարգելում/ վերապահվելու են բացառապես ոչ մեծ ու միջին ծանրության հանցագործությունների դեպքերով օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացման գործառույթներ:

Հատկանշական է, որ Քրեական ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ձևավորումից հետո ներկայիս մարզային վարչությունները լուծարվելու են:

Այսպիսով, մեկնարկած ռեֆորմների ամբողջական իրագործումից հետո, Քրեական ոստիկանության տարածքային ստորաբաժանումներից բացի, մարզային մակարդակում ներկայացված կլինեն նաև պարեկային ծառայության, ոստիկանության գվարդիայի և համայքային ոստիկանության տարածքային ստորաբաժանումները, որոնք նույնպես ուղղահայաց ենթարկվելու են իրենց գլխադասային ստորաբաժանումներին (նշված են հենասյունային ուղղությունները, բնականաբար ՕԿԿ-ն ևս ունի մարզային ներկայացվածություն):

Նախագծով իրավական հիմք է ստեղծվում քրեական ոստիկանության առավել թիրախային կրթական ծրագրի շրջանավարտներով օպերատիվ կերպով մեկանգամյա համալրման համար։ Ընդ որում, քրեական ոստիկանի նախնական մասնագիտական կրթություն ստացած, ինչպես նաև համապատասխան վերապատրաստում անցած ծառայողները համարվում են հավելավճարի ստացում նախատեսող ատեստավորում անցած։

Նախագծերով սահմանվում է, որ քրեական ոստիկանի պաշտոնում կարող են նշանակվել միայն Լիազոր մարմնի ուսումնական հաստատությունում քրեական ոստիկանի նախնական մասնագիտական կրթություն ստացած անձինք։  Ինչ վերաբերում է գործող ոստիկանության ծառայողներին, ապա նրանց նշանակումը քրեական ոստիկանության միջին, ավագ և գլխավոր խմբերի պաշտոններում կատարվելու է բացառապես Լիազոր մարմնի ուսումնական հաստատությունում համապատասխան վերապատրաստման դասընթացն ավարտելուց հետո։

Բացի այդ, նախատեսվում է սահմանել, որ Ոստիկանությունում պարեկային ծառայության, քրեական ոստիկանության և հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչությունների պետերն ի պաշտոնե կհանդիսանան ոստիկանության պետի տեղակալներ։

Նախագծի ընդունմամբ ակնկալվում է օպերատիվ կերպով լուծել քրեական ոստիկանությանն անհրաժեշտ մասնագիտական պատրաստվածություն ունեցող կադրերով համալրելու խնդիրը՝ մինչև բազային և շարունակական կրթության համակարգի ներդրումը:

 

3․ Նախագիծը մշակող մարմինը․

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության կողմից:

 

4․ Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները

Նախագծի ընդունման դեպքում պետական բյուջեում կառաջանան ծախսեր, որոնք ենթակա են հստակեցման սույն օրենքի կիրարկման շրջանակներում մշակման ենթակա ենթաօրենսդրական դաշտի լուծումների որոշարկման պայմաններում:

 

5 Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

Նախագծերի ընդունումը չի բխում ռազմավարական փաստաթղթերից:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

 

 

  • Обсуждалось

    11.04.2023 - 26.04.2023

  • Тип

    Закон

  • Область

    Управленческие правоотношениями

  • Министерство

    Министерство внутренних дел

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 5460

Принт