Հիմնավորում
«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ
- Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը).
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ 2017 թվականի մայիսի 16-ին ժամը 10:00-ին կայացած՝ Հայաստանի Հանրապետությունում պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի մշակման մշտապես գործող բարձրագույն խորհրդի նիստի N23.16/[406030]-17 արձանագրության 2-րդ կետով հանձնարարվել է քննարկել հարկային և մաքսային օրենսդրական դաշտի վերանայման այն մեխանիզմները, որոնք կնպաստեն ստվերային տնտեսությունները հարկային դաշտ բերելուն, սեփական եկամուտներն ավելացնելուն: Նախագծի ընդունման նպատակը նշված հանձնարարականի կատարումն ապահովելն է:
- Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները.
Ներկա վիճակում տնտեսության մեջ առկա ստվերային շրջանառությունները կրճատելու նպատակով առաջարկվում են նոր մոտեցումներ: Մասնավորապես՝
- ԵՏՄ անդամ երկրներից իրականացվող ներմուծումների նկատմամբ պատշաճ հսկողություն իրականացնելու նպատակով նախագծով առաջարկվում է ԵՏՄ անդամ պետություններից ՀՀ տարածք ներմուծվող ապրանքների տեղափոխումն իրականացնել ապրանքների հետագծելիությունն ապահովող և հարկային մարմին տեղեկատվություն հաղորդող էլեկտրոնային սարքերի կիրառությամբ:
- Նախագծով առաջարկվում է հսկիչ դրամարկղային մեքենաների բացակայության կամ կիրառության կանոնների խախտումներն արձանագրել նաև տեսանկարահանման սարքերի օգտագործմամբ:
Նախագծով առաջարկվում է, որ հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառության կանոնների խախտումների համար սահմանված պատասխանատվության միջոցները կիրառվեն նաև երրորդ կողմի հետ իրականացված դրամական հաշվարկների դեպքում՝ վերջինիս տրամադրված հսկիչ դրամարկղային մեքենայի կտրոնի վրա Օրենսգրքին համապատասխան տպագրված տեղեկատվությունը հարկային մարմին ուղարկված տեղեկատվության հետ չհամապատասխանելու դեպքում:
Նախագծով առաջարկվում է սահմանել, որ հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառության կանոնների խախտմամբ հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառության համար կազմակերպությունը, անհատ ձեռնարկատերը կամ նոտարը նախազգուշացվում է: Նշված խախտումն արձանագրվելուց հետո` խախտումն առաջին և ավելի անգամ կրկնելու դեպքում նախատեսվում է սահմանել տուգանք՝ կազմակերպության, անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի նախորդ եռամսյակի ընթացքում գործունեության բոլոր տեսակների մասով իրացման շրջանառության երկու տոկոսի չափով, բայց ոչ պակաս երկու միլիոն դրամից: Միաժամանակ, բարձրացվում են նաև տեսանկարահանմամբ արձանագրված՝ հսկիչ դրամարկղային մեքենաների բացակայության, ինչպես նաև շահագործման կանոնների խախտման դեպքերում նախատեսված տուգանքների չափերը:
- Նախագծով առաջարկվում է բարձրացնել նաև ՀՀ հարկային օրենսգրքի 410-րդ հոդվածով սահմանված ապրանքների մատակարարման կամ տեղափոխության գործարքների փաստաթղթավորման պարտադիր պահանջները խախտելու համար կիրառվող տուգանքների չափերը:
- Նախագծով դրոշմավորման նպատակով հստակեցվել են որոշ ապրանքային դիրքեր՝ 3211 (պատրաստի չորարարներ), 3212 (գունանյութեր (ներառյալ մետաղական փոշիներ և փաթիլներ)՝ ոչ ջրային միջավայրում դիսպերսված, հեղուկ կամ մածուկանման, որոնք օգտագործվում են ներկերի արտադրության մեջ (ներառյալ արծնները), փայլաթիթեղ դրոշմատպման համար, ներկանյութեր եւ ներկող այլ նյութեր՝ բաժնեծրարված կամ փաթեթավորմամբ՝ մանրածախ վաճառքի համար): Միաժամանակ, դրոշմավորման ենթակա ապրանքների ցանկում առաջարկվում է 2018թ. հուլիսի 1-ից ներառել ավտոմեքենաների պահեստամասեր ապրանքախումբը:
- Առկա խնդիրների առաջարկվող լուծումները.
Նախագծով նախատեսվում է՝
- ԵՏՄ անդամ պետություններից ՀՀ տարածք ներմուծվող ապրանքների համար կիրառել ապրանքների հետագծելիությունն ապահովող և հարկային մարմին տեղեկատվություն հաղորդող էլեկտրոնային սարքեր,
- հսկիչ դրամարկղային մեքենաների բացակայության կամ կիրառության կանոնների խախտումները արձանագրել նաև տեսանկարահանման սարքերի օգտագործմամբ,
- հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառության կանոնների խախտման 1-ին դեպքի համար կազմակերպությանը, անհատ ձեռնարկատիրոջը կամ նոտարին նախազգուշացնել՝ ներկայումս գործող կարգի համաձայն տուգանք կիրառելու փոխարեն,
- հստակեցնել և այդ առումով դրոշմավորման ենթակա ապրանքների ցանկը լրացնել նույն ապրանքային դիրքին դասվող որոշ ապրանքներով, որոնք ներառված չեն ՀՀ հարկային օրենսգրքի 390-րդ հոդվածի՝ դրոշմավորման ենթակա ապրանքների աղյուսակում (3211 (պատրաստի չորարարներ), 3212 (գունանյութեր (ներառյալ մետաղական փոշիներ եւ փաթիլներ)՝ ոչ ջրային միջավայրում դիսպերսված, հեղուկ կամ մածուկանման, որոնք օգտագործվում են ներկերի արտադրության մեջ (ներառյալ արծնները), փայլաթիթեղ դրոշմատպման համար, ներկանյութեր եւ ներկող այլ նյութեր՝ բաժնեծրարված կամ փաթեթավորմամբ՝ մանրածախ վաճառքի համար),
- դրոշմավորման ենթակա ապրանքների ցանկում 2018թ. հուլիսի 1-ից ներառել ավտոմեքենաների պահեստամասեր ապրանքախումբը,
- կատարել հստակեցնող նշանակության այլ փոփոխություններ և լրացումներ:
- Կարգավորման առարկան.
Նախագծի կարգավորման առարկան՝
- ԵՏՄ անդամ պետություններից ՀՀ տարածք ներմուծվող ապրանքների հետագծելիությունն ապահովող և հարկային մարմին տեղեկատվություն հաղորդող էլեկտրոնային սարքերն են,
- հսկիչ դրամարկղային մեքենաների բացակայության կամ կիրառության կանոնների խախտումները տեսանկարահանման սարքերի օգտագործմամբ արձանագրումն է, հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառության կանոնների խախտումների 1-ին դեպքի համար պատասխանատվության միջոցների մեղմացումն է,
- դրոշմավորման ենթակա ապրանքների ցանկի հստակեցումը և լրացումն է նույն ապրանքային դիրքին դասվող որոշ ապրանքներով,
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Նախագիծը մշակվել է ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի կողմից:
- Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը.
Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է բարձրացնել ստվերային տնտեսության դեմ պայքարի արդյունավետությունը և հստակեցնել օրենսգրքով տրված որոշ կարգավորումներ:
Տեղեկանք
«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման առնչությամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտության վերաբերյալ
«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունմամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն չի առաջանում:
Տեղեկանք
«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունմամբ պետական բյուջեի եկամուտների նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին
«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունմամբ պետական բյուջեի եկամուտների նվազեցում կամ ծախսերի ավելացում չի ակնկալվում: