Добавить в избранное

В стадии разработки

ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՍՈՑԻԱԼԱԿԱՆՆԵՐԱՌՄԱՆ 2023-2027 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՄԱԼԻՐ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

-----   ------------- 2023 թվականի N ----- 

ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՍՈՑԻԱԼԱԿԱՆՆԵՐԱՌՄԱՆ

2023-2027 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՄԱԼԻՐ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «ա» ենթակետով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հաստատել՝

1) հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2023-2027 թվականների համալիր ծրագիրը` համաձայն N 1 հավելվածի.

2) հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2023-2027 թվականների համալիր ծրագրի իրականացումն ապահովող միջոցառումների ցանկը` համաձայն N 2 հավելվածի:

  1. Սույն որոշման N 2 հավելվածի համաձայն պատասխանատու կատարող հանդի­սա­ցող մարմինների ղեկավարներին`

1) Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2023-2027 թվա­կան­ների համալիր ծրագրով և ծրագրի իրականացումն ապահովող միջոցառումների ցանկով նախատեսվող միջոցառումների ֆինանսավորման հնարավորության հարցին անդրադառնալ յուրաքանչյուր տարվա` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ.

2) մինչև յուրաքանչյուր տարվան հաջորդող փետրվարի 15-ը Հայաստանի Հանրա­պետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին ներկայացնել հաշվետվություն Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2023-2027 թվականների համալիր ծրագրի և ծրագրի իրականացումն ապահովող միջոցառումների ցանկով նախատեսված միջոցառումների իրականացման ընթացքի մասին: 

  1. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին`

1) ամփոփել սույն նախագծի 2-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված տեղեկատվությունը, ինչպես նաև իր կողմից իրականացված միջոցառումների վերաբերյալ հաշվետվությունը և  մինչև յուրաքանչյուր տարվան հաջորդող մարտի 15-ը հրապարակել նախարարության պաշտոնական կայքէջում.

2) մինչև յուրաքանչյուր տարվան հաջորդող մարտի 15-ը Հայաստանի Հանրապե­տու­թյան կառավարություն ներկայացնել հաշվետվություն Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2023-2027 թվականների համալիր  ծրագրով և ծրագրի իրականացումն ապահովող միջոցառումների ցանկով նախատեսված միջոցառումների իրականացման ընթացքի մասին։

  1. Առաջարկել Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարներին ցուցա­բերել աջակցություն Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառ­ման 2023-2027 թվականների համալիր ծրագրի և ծրագրի իրականացումն ապահովող միջո­ցա­ռումների ցանկով նախատեսված միջոցառումների իրականացման աշխատանքներին:

  

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2023 թվականի

_____________  ____-ի N _____-Լ որոշման

 

ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆԵՐԱՌՄԱՆ

2023-2027 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՄԱԼԻՐ ԾՐԱԳԻՐԸ

1. Ներածություն

  1. Հաշմանդամություն ունեցող անձանց բոլոր իրավունքների լիարժեք ապահովումը ազգային առաջնահերթություն է, որը պահանջում է ակտիվ, նպատակային և հետևողական քաղաքականություն, ջանքերի համատեղում և քաղաքացիական հասարակության ակտիվ մասնակցություն:
  2. Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2023-2027 թվականների համալիր ծրագիրը (այսուհետ՝ Համալիր ծրագիր) առանցքային ռազմավարական փաստաթուղթ է, որը սահմանում է առաջնահերթություններ և միջոցառումներ՝ ուղղված հաշմանդամություն ունեցող անձանց կյանքի որակի բարելավմանը, հաշմանդամության հիմքով խտրականության բացառմանը, բոլոր ոլորտներում նրանց լիարժեք և արդյունավետ մասնակցության ապահովմանը:
  3. Համալիր ծրագիրը նաև միջոց է՝ ապահովելու Միավորված Ազգերի Կազմակերպության (այսուհետ՝ ՄԱԿ) «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիայի (այսուհետ՝ կոնվենցիա) և մարդու իրավունքների միջազգային մյուս գործիքների իրականացումը Հայաստանի Հանրապետության տարածքում։
  4. Համալիր ծրագիրը չի հավակնում անդրադառնալ հաշմանդամություն ունեցող անձանց բոլոր իրավունքներին՝ հաշվի առնելով դրանց ապահովման և պաշտպանության համար անհրաժեշտ գործողությունների բազմազանությունը։ Ուստի, Համալիր ծրագիրը պետք է դիտարկել ընդհանուր և «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքի համատեքստում։ 
  1. 2. Ներկա իրավիճակի վերլուծությունը
  2. Հայաստանի Հանրապետությունը վավերացրել է ՄԱԿ-ի կոնվենցիան 2010 թվականին։ Կոնվենցիայի վավերացմամբ պետությունը պարտավորվել է ապահովել հավասար հնարավորություններ և մատչելի պայմաններ հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման և իրավունքների պաշտպանության նպատակով։
  3. 2017 թվականին Հայաստանի Հանրապետության կառավարությունն ընդունել է «Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2017-2021 թվականների ծրագիրը, որով հաշմանդամություն ունեցող անձանց հարցերն աստիճանաբար ընդգրկվեցին կյանքի բոլոր ոլորտներում։
  4. 2021 թվականին ընդունվեցին «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» և «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքները, որով օրենսդրական մակարդակում Հայաստանի Հանրապետությունը հրաժարվեց հաշմանդամության բժշկական մոտեցումից՝ անցում կատարելով մարդու իրավունքների վրա հիմնված մոտեցման։
  5. Հասարակական կյանքի բոլոր ոլորտներում հաշմանդամություն ունեցող անձանց ցածր մասնակցությունը խիստ բացասաբար է անդրադառնում հասարակությունների և անհատների վրա։ Աշխարհի բնակչության 15%-ը՝ շուրջ մեկ միլիարդ անձ, ունի հաշմանդամություն և բախվում է կրթական, առողջապահական և սոցիալ-տնտեսական բազմաթիվ դժվարությունների։
  6. Հայաստանի Հանրապետությունում 2023 թվականի հունվարի 1-ի դրությամբ հաշվառված է 193086 հաշմանդամություն ունեցող անձ, որը կազմում է բնակչության 6.6 %-ը։ Ընդունելով, որ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերն առնչվում են բոլորին, հասկանալով մարտահրավերների աճող թիվը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը հանձնառություն է ստանձնում ապահովելու Համալիր ծրագրի արդյունավետ իրականացումը և հաշմանդամություն ունեցող անձանց ակտիվ մասնակցությունը կյանքի բոլոր ոլորտներում։ 

3. Համալիր ծրագրի նպատակը և հիմնական առաջնահերթությունները

  1. Համալիր ծրագրի նպատակն է խթանել հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների իրացումը կյանքի բոլոր ոլորտներում, համապատասխան միջոցառումների իրականացման միջոցով ապահովել նրանց անկախ կյանքը և սոցիալական ներառումը։
  2. Հաշմանդամություն ունեցող անձանց կյանքի որակի վրա ազդող խոչընդոտները հաղթահարելու նպատակով սահմանվում են Համալիր ծրագրի հիմնական առաջնահերթությունները։ Յուրաքանչյուր առաջնահերթության շրջանակներում նախատեսվել են այնպիսի միջոցառումներ, որոնք նպաստում են հաշմանդամություն ունեցող անձանց վերաբերյալ կարծրատիպերի և խտրական վերաբերմունքի դեմ պայքարին, նրանց իրավունքների վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը, բոլոր ոլորտներում հաշմանդամություն ունեցող անձանց վերաբերյալ վիճակագրական տվյալների մշակմանը:
  3. Հիմնվելով Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2017-2021 թվականների համալիր ծրագրի հիմնական ուղղությունների վրա, հաշվի առնելով ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակները՝ սահմանվել են հետևյալ 7 առաջնահերթությունները, որոնց միջոցով հնարավոր է բարելավել հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների իրավիճակը Հայաստանի Հանրապետությունում։

1) Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանություն, հավասար հնարավորությունների և մատչելի պայմանների ապահովում,  խտրականության բացառում, մասնավորապես

ա. Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՀՀ օրենքի ընդունումը համարելով որպես օրենսդրական բարեփոխումների սկիզբ և հիմք ընդունելով վերջինիս սահմանած պետական քաղաքականության հիմնական սկզբունքները՝ անհրաժեշտ է ապահովել բոլոր իրավական ակտերի համապատասխանությունը ՄԱԿ-ի կոնվենցիային։

բ. Հարկ է օրենսդրական նախաձեռնությունների միջոցով պատշաճ արձագանքել առկա մարտահրավերներին՝ բացառել իրավական ակտերում հաշմանդամության հիմքով խտրականությունը, ապահովել իրավաստեղծ գործունեությունում հաշմանդամություն ունեցող անձանց մասնակցությունը։ Այս խնդրի տրամաբանական շրջանակներում պետք է միջգերատեսչական համագործակցությամբ մշակել և ընդունել անհրաժեշտ իրավական ակտերի նախագծեր, որոնք կապահովեն հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելիության և խելամիտ հարմարեցումների իրավունքը։ Կարևոր է նաև հանրությանն իրազեկել ոլորտոում ամրագրված օրենսդրության և իրականացվող միջոցառումների վերաբերյալ։

գ. Հաշմանդամություն ունեցող անձանց քաղաքական և հանրային կառավարմանը մասնակցության համար պետք է ձևավորել նպաստավոր մթնոլորտ, ինչը մեծապես կախված է քաղաքական երկխոսության ընդհանուր միջավայրից։ Կառավարությունը պետք է շարունակի բարելավել ընտրական օրենսդրությունը, ապահովել հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները ոչ միայն որպես ընտրողներ, այլ նաև ընտրվողներ՝ խրախուսելով հատկապես տեղական ինքնակառավարման մակարդակում հաշմանդամություն ունեցող անձանց ակտիվ մասնակցությանը։

դ. Հաշմանդամություն ունեցող անձանց անկախ կյանքը և համայնքում ներառումը մեծապես կախված է միջավայրից, որի հիմքում դիտարկվում են  քաղաքաշինական, տեղեկատվական և հաղորդակցական համակարգերը, հաշմանդամություն ունեցող անձանց կողմից այդ համակարգերում  առկա անհաղթահարելի խոչընդոտները: Կոնվենցիան, ինչպես նաև  բոլոր ռազմավարական փաստաթղթերը,  կոչ են անում վերացնել նման խոչընդոտները՝ որպես հաշմանդամություն ունեցող անձանց հավասարության իրավունքի հիմնական քայլ:

ե. Օրենսդրության զարգացման միջոցով պետք է երաշխավորել, որ բոլոր ապրանքները և ծառայությունները ձևավորվեն համընդհանուր դիզայնի սկզբունքներով, իսկ արդեն ձևավորված ծառայությունները ողջամիտ ժամկետներում դառնան մատչելի։

զ. Համընդհանուր դիզայնը մշակույթի մաս դարձնելու նպատակով այն պետք է ներդրվի մասնագիտական կրթության բոլոր փուլերում՝ նպաստելու ոչ միայն միջավայրերի, այլ նաև բոլոր գործընթացների, այդ թվում՝ քաղաքականությունների և ծրագրերի մատչելիությանը:

է. Մինչև 2027 թվականը պետք է տարբեր խնդիրներով հաշմանդամություն ունեցող անձանց համար հնարավորինս մատչելի դառնան արդեն կառուցված շենքերը, պատմության և մշակույթի հուշարձանների տարածքները, ինչի ուղղությամբ կառավարությունը ջանքեր է գործադրում՝ բարձրացնելու հանրության իրազեկվածությունը մատչելիության պահանջների վերաբերյալ։ Այս նպատակով կվերանայվեն քաղաքաշինական նորմերը, կմշակվի պլան-ժամանակացույց հասարակական, արտադրական նշանակության շենք-շինությունների աստիճանական հարմարեցումն ապահովելու համար։

2) Հաշմանդամություն ունեցող անձանց՝ որակյալ ներառական կրթության իրավունքի ապահովում կրթության բոլոր մակարդակներում, մասնավորապես

ա. Կրթությունը պետք է ուղղված լինի յուրաքանչյուր անձի անհատականության, ստեղծագործականության, ինչպես նաև առավելագույնս նրա հոգեկան ու մտավոր, ֆիզիկական և հաղորդակցական կարողությունների զարգացմանը։

բ. Նախադպրոցական, միջնակարգ, նախնական, միջին և բարձրագույն մասնագիտական և մյուս բոլոր ուսումնական պետական և ոչ պետական հաստատությունների շինարարական ընթացիկ և պլանավորվող ծրագրերը պետք է ամբողջությամբ համապատասխանեցվեն համընդհանուր դիզայնի չափանիշներին։

գ. Կառավարությունը պետք է շարունակի իր ջանքերը կրթության բոլոր ձևերը, այդ թվում՝ առցանց կրթությունը մատչելի դարձնելու համար։ Բացի այդ, պետք է գործողություններ իրականացնել կույր և թույլ տեսողություն ունեցող սովորողներին Բրայլյան գիր սովորելու, այլընտրանքային հաղորդակցության մեթոդներից օգտվելու, կողմնորոշման և տեղաշարժման հմտություններ փոխանցելու համար։ Այդ նպատակով ներդրումներ պետք է արվեն հայալեզու աջակցող միջոցների մշակման և արտադրության նպատակով։ Խուլ կամ թույլ լսողություն ունեցող սովորողները պետք է հնարավորություն ունենան առանց մեկուսացման և վաղ մանկությունից սովորելու ժեստերի լեզուներ և պետությունը պետք է խթանի նրանց լեզվական ինքնությունը, լեզվի պահպանումը և զարգացումը։ Կույր և խուլ երեխաների կրթությունից դուրս մնալը բացառելու նպատակով պետք է իրականացնել մի շարք համակցված գործողություններ, որոնք կբերեն նրանց հայտնաբերմանը, կրթության կազմակերպման առավելագույն անհատականացմանը և սոցիալականացմանը։ Մտավոր հաշմանդամություն ունեցող սովորողները պետք է հնարավորություն ունենան ստանալ զարգացման առանձնահատկություններին համապատասխան հարմարեցված ուսումնական նյութեր, որոնց տրամադրման հարցը պետք է կանոնակարգվի համապատասխան իրավական ակտով միջազգային լավագույն փորձի ուսումնասիրմամբ։

դ. Կրթության բոլոր մակարդակներում աշխատողների, այդ թվում՝ վարչական աշխատողների և ուսուցիչների կարողությունները պետք է զարգացնել ներառական կրթության միջավայրն արդյունավետ ձևավորելու նպատակով։ Այս նպատակով պետք է ամրապնդել ոչ միայն ուսումնական հաստատություն-Տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոն, հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոն կապը, այլ նաև ուսումնական հասատատությունների միջև, համալսարանների և հաշմանդամություն ունեցող անձանց կազմակերպությունների հետ գործակցությունը:

3) Հաշմանդամություն ունեցող անձանց արդյունավետ զբաղվածության և արժանապատիվ աշխատանքի ապահովում, մասնավորապես.

ա. Աշխատանքը մարդկանց բարեկեցության հիմնասյուներից է: Եկամուտ ապահովելուց բացի, աշխատանքը կարող է ճանապարհ հարթել ավելի լայն սոցիալական և տնտեսական առաջընթացի համար՝ ամրապնդելով անհատների, նրանց ընտանիքների և համայնքի հնարավորությունները:

բ. Հաշմանդամություն ունեցող աշխատողների աշխատանքային իրավունքների պաշտպանության նպատակով պետք է հզորացվի առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կարողությունները։ Իրավունքների պաշտպանության նպատակով պետք է կարողությունների զարգացման հնարավորություն ընձեռնվի քաղաքացիական հասարակության կազմակերպություններին, հատկապես արհեստակցական միություններին և հաշմանդամություն ունեցող անձանց կազմակերպություններին։

գ. Կառավարությունը պետք է միջոցներ ձեռնարկի հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության, ինքնազբաղվածության, ձեռներեցության խթանման ուղղությամբ։ Այս համատեքստում կարևոր աջակցություն կլինի աջակցող միջոցների  ստարտափ ընկերություններին ֆինանսական աջակցության ցուցաբերումը, որը կխթանի նորարարական մոտցումների և մեխանիզմների  ներդրման գործընթացը։

4) Ֆիզիկական և հոգեկան առողջության իրավունքի հնարավոր առավելագույն մակարդակով ապահովում, մասնավորապես

ա. Առողջապահության օրենսդրությունը պետք է վերանայվի հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների իրացման տեսանկյունից: Դրույթները, որոնք բացառում կամ սահմանափակում են հաշմանդամություն ունեցող անձանց առողջապահական ծառայություններից օգտվելը, ներառյալ սեռական և վերարտադրողական առողջության ծառայությունները, պետք է փոփոխվեն՝ ապահովելու դրանց համընդհանուր հասանելիությունը:

բ. Շարունակաբար պետք է բարելավել առողջական խնդիրների վաղ հայտնաբերման և միջամտության գործիքակազմը՝ տրամադրելով անհրաժեշտ աջակցություն հաշմանդամություն ունեցող անձանց և երեխաների ընտանիքներին, այդ թվում՝ տեղեկատվական և կրթական ծառայությունների միջոցով։ Հիգիենայի և սնուցման, հոգեկան առողջության և ինքնախնամքի հարցերը պետք է ինտեգրվեն ներառական կրթության ծրագրերում՝ համարվելով առաջնահերթ բոլոր երեխաների, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող աղջիկների, բազմակի և մտավոր հաշմանդամություն ունեցող երեխաների համար իրենց զարգացող հնարավորություններին համապատասխան։

5) Մշակութային իրավունքների խթանում և ապահովում, մասնակցություն սպորտին և ժամանցին, մասնավորապես

ա. Մշակույթին հաղորդակցվելու իրավունքի իրացման ապահովումը չի կարող սահմանափակվել միայն հատուկ միջոցառումների կազմակերպմամբ և դրանցում հաշմանդամություն ունեցող անձանց ընդգրկմամբ: Մշակույթին լիիրավ մասնակցությունը ենթադրում է հստակ մեխանիզմների ներդրում, որոնց միջոցով կապահովվի հաշմանդամություն ունեցող անձանց՝ արվեստի և մշակութային գործունեության մասնակցությունը թե՛ որպես մշակութային բարիքի սպառող, և թե՛ որպես այդ բարիքը ստեղծող:

բ. Հաշմանդամություն ունեցող անձանց մշակութային իրավունքների խթանման, ապահովման նպատակով մշակութային դրամաշնորհային ծրագրերի չափորոշիչներում պետք է սահմանել ներառականության բաղադրիչը, որի առկայությունը կստեղծի բարենպաստ պայմաններ հաշմանդամություն ունեցող անձանց ստեղծագործական ունակությունների զարգացման գործում, ինչպես նաև նրանց հաղորդակցությանը մշակույթին և արվեստին։

գ. Կառավարությունը պետք է շարունակի «Կույրերի, տեսողական խնդիրներ ունեցող կամ ընթերցանության հետ կապված այլ դժվարություններ ունեցող անձանց համար հրատարակված ստեղծագործությունների մատչելիությունը դյուրացնելու մասին» Մարաքեշի պայմանագրով և ՀՀ օրենսդրությամբ նախատեսված սահմանափակումների և բացառությունների վերաբերյալ հանրային իրազեկումը, խրախուսի ստեղծագործությունների ստեղծումը մատչելի ձևաչափերով։

դ. Հայաստանի Հանրապետության ազգային պարալիմպիկ կոմիտեի հետ համատեղ  պետք է գործողություններ ձեռնարկել պարալիմպիկ մարզաձևերի զարգացման համար՝ նպատակ ունենալով ապահովել հայաստանցի մարզիկների, այդ թվում՝ կանանց, հաջող մասնակցությունը ամառային և ձմեռային պարալիմպիկ խաղերին։ Այս նպատակով ոլորտի համար պատասխանատու հասարակական կազմակերպությունների հետ համատեղ պետք է իրականացվեն մարզիչների, բժիշկների և մարզիկների վերապատրաստման, սպորտային աջակցող տեխնոլոգիաների հասանելիության միջոցառումներ, ապահովվեն մարզասրահների մատչելիությունը և համապատասխանությունը համընդհանուր դիզայնի սկզբունքներին, ստեղծվի հաշմանդամություն ունեցող մարզիկների խրախուսման և ֆինանսավորման մեխանիզմ։

ե. Կրթության բոլոր մակարդակներում ֆիզիկակական կրթությունը պետք է հնարավորինս մատչելի և ներառական լինի հաշմանդամություն ունեցող բոլոր երեխաների և չափահասների համար։ Ֆիզկուլտուրայի (սպորտի) ուսուցիչները ևս պետք է վերապատրաստումներ անցնեն՝ բարելավելու հաշմանդամություն ունեցող սովորողների հետ աշխատելու հմտությունները։

6) Հաշմանդամություն ունեցող անձանց մատուցվող ծառայությունների բարելավում, խնամքի ծառայությունների փոխակերպում և անկախ կյանքի ապահովում, մասնավորապես՝

ա. 2023 թվականի փետրվարի 1-ից ներդրվել և գործում է անձի ֆունկցիոնալության գնահատման համակարգը, որն արդյունավետ նախադրյալներ կստեղծի անձի կարիքների բազմակողմանի գնահատման համար և ըստ այդմ կորոշվեն յուրաքանչյուր անձի կարիքից բխող հասցեական ծառայությունները։ Գնահատման արդյունքում հավաքագրված տեղեկատվությունը հզոր հիմք կհանդիսանա մատուցվող ծառայությունների վերանայման և զարգացման, նոր ծառայություններ ներդնելու, ինչպես նաև ծառայությունների մատուցման նոր՝ հավաստագրման մեխանիզմներ ամրագրելու համար։ Այսպիսի մոտեցումը կամրապնդի միջգերատեսչական համագործակցությունը, կնպաստի տարբեր գերատեսչությունների կողմից մատուցվող ծառայությունների հստակ սահմաններ ուրվագծելուն։

բ. Նաև, հաշվի առնելով միջազգային փորձը, անհրաժեշտ  է ընդլայնել հաշմանդամություն ունեցող անձանց տրամադրվող աջակցող միջոցների տեսակները և ծառայություննները՝ նպատակ ունենալով ապահովել անձի համար հարմար բոլոր աջակցող միջոցները և ծառայությունների տրամադրումը և հստակեցնել աջակցող միջոցների տրամադրման ցանկերը՝ ըստ գերատեսչությունների։ Այս նպատակով պետք է, ապահովելով ներդրումների անհրաժեշտ հոսքը, խթանել ինչպես որակյալ աջակցող սարքերի ներմուծումը, այնպես էլ արտադրությունը և նորարարությունը։

գ. Կառավարությունը ջանքեր է գործադրում նաև ապաինստիտուցիոնալացման քաղաքականության իրականացման ուղղությամբ։ Խնամքի մեծ հաստատություններում, որտեղ ապրում են 100 և ավելի անձինք, աշխատակազմի թիվը և կարողությունները, հմտությունները բավարար չեն շահառուներին պատշաճ սպասարկելու համար, ոչ ճիշտ վերաբերմունքի, իրազեկվածության ցածր մակարդակի և այլ գործոնների պատճառով հնարավոր չէ ապահովել անկախ  կյանք, մարդու իրավունքների և հիմնական ազատությունների  պաշտպանությունը: Կոնվենցիայի կատարման Հայաստանի սկզբնական զեկույցի վերաբերյալ եզրափակիչ դիտարկումներում (կետ 32) Կոմիտեն իր մտահոգությունն  է հայտնել երկրում ապաինստիտուցիոնալացման դանդաղ առաջընթացի, ինչպես նաև համայնքում անկախ ապրելուն ուղղված ծառայությունները կամ աջակցությունը սահմանափակ լինելու առնչությամբ: Միաժամանակ, Կոմիտեն հանձնարարել է արագացնել ապաինստիտուցիոնալացմանն ուղղված գործողությունները, մասնավորապես, նախաձեռնել համապատասխան իրավական միջոցներ, հատկացնել ռեսուրսներ համայնքային ծառայությունները զարգացնելու նպատակով, որոնք պայմաններ կստեղծեն հաշմանդամություն ունեցող անձանց համայնքում ապրելու համար: Կոմիտեն նաև կարևորել է հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող կազմակերպությունների ներգրավվածությունը այս գործընթացում:

դ. Հայաստանում  հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց շուրջօրյա խնամքի ծառայություններ մատուցում են Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատը (450 շահառու), «Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոնը  (130 շահառու),  Խարբերդի մասնագիտացված մանկատունը (232 շահառու), Երևանի Մարի Իզմիրլյանի անվան հատուկ մանկատունը 110 շահառու), Սպիտակի համայնքային խնամքի տունը (16 շահառու), «Ջերմիկ անկյուն» հիմնադրամի 3 համայնքային փոքր տները  (32 շահառու)։ Այսպիսով, հոգեկան առողջության խնդիրներ ունեցող շուրջ 1000 անձ ստանում է շուրջօրյա խնամքի ծառայություններ:

ե. Բացի բնակվողներից, խնամքի հաստատություններ ընդունվելու համար բավականին մեծ է նաև հերթագրվածների թիվը՝ շուրջ 92 անձ: «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» և «Երևանի «Մարի Իզմիրլյանի անվան մանկատուն» պետական ոչ առևտրային կազմակերպություններում 2022 թվականի դրությամբ շարունակում է ապրել 18 տարին լրացած շուրջ 211 անձ: Եվս 40 հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձ ապրում են ընդհանուր տիպի տուն-ինտերնատներում։  Այսպիսով, խնդրահարույց է 343 անձի խնամքի կազմակերպումը տուն-ինտերանտներում և մանկատներում։

զ․ Միջազգային փորձը վկայում է, որ առավել նպատակահարմար է ծառայությունների մատուցումը կազմակերպել ընտանիքում կամ ընտանեկանին մոտ միջավայրում: Հետևաբար, ապաինստիտուցիոնալացման քաղաքականության համատեքստում նպատակահարամար է ստեղծել համայնքահեն ծառայություններ՝ հնարավորություն տալով հաշմանդամություն ունեցող անձանց ապրելու իրենց համայնքում։

է․ Հիմք ընդունելով «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքը և Կոնվենցիան (մասնավորապես 19-րդ հոդվածը), այս գործընթացում պետք է առաջնորդվել այն սկզբունքով, որ  մեծ հաստատություններից համայնքահենք ծառայությունների մոդելին անցնելը բավարար պայման չէ հաշմանդամություն ունեցող անձի անկախ կյանքն ապահովելու համար, եթե  այն իր մեջ ներառում է ինստիտուցիոնալացման տարբեր բաղադրատարրեր՝ համայնքից մեկուսացում, ինքնուրույն որոշումներ կայացնելու սահմանափակում, խիստ և հատուկ ռեժիմ, որտեղ հաշվի չեն առնվում անձի անհատական նախասիրությունները, ցանկությունները և այլն:

ը․ Հետևաբար, խնամքի ծառայությունների փոխակերպման գործընթացը չի ենթադրում զուտ մեծ հաստատությունների փակում: Այն լիարժեք կազմակերպելու համար անհրաժեշտ է ներդնել համայնքահեն ծառայություններ՝ ապահովելով հաշմանդամություն ունեցող անձանց անկախ կյանքի իրավունքը և կանխարգելելով նրանց մուտքը խնամքի մեծ հաստատություններ: Մասնավորապես, ստեղծել անկախ կյանքի կենտրոններ, ներդնել անձնական օգնականի ծառայություններ, մատչելի տաքսի կամ սոցիալական տաքսի ծառայություններ և այլն։ Անձը պետք է որոշումներ կայացնի իր կյանքի վերաբերյալ, վերահսկի իր կյանքը և ընտրի այն աջակցության տեսակը, որը նա կստանա։

թ․ Այս համատեքստում շահառուին որևէ ծառայություն առաջարկելուց առաջ պետք է իրականացվի նրա կարիքների գնահատում։ Միաժամանակ, պետք է իրականացվեն նաև ծառայություն մատուցողների վերապատրաստումներ՝ հոգեկան առողջության և մտավոր խնդիրներ ունեցող անձանց վերաբերող միջազգայնորեն ընդունված առաջադեմ մոտեցումների կամ իրենց գործնական աշխատանքի առանձնահատկությունների վերաբերյալ:

7) Արտակարգ իրավիճակում կամ ռազմական դրության ժամանակ հաշմանդամություն ունեցող անձանց պաշտպանության և անվտանգության ապահովում, մասնավորապես

ա․ Նախատեսվում է խթանել հաշմանդամություն ունեցող անձանց համար անվտանգության ահազանգման մատչելի (լուսային, ձայնային, վիբրացիոն) համակարգերի հասանելիությունը հայաստանյան շուկայում։

բ․ Պետք է մշակվեն և պարբերաբար թարմացվեն աղետների ռիսկի կառավարման  պլանները՝ դրանցում հաշվի առնելով հաշմանդամություն ունեցող անձանց կարիքները։ Պարբերաբար պետք է ամրապնդել և ստուգել տեղական ինքնակառավարման մարմինների՝ վտանգավոր տարածքներից հաշմանդամություն ունեցող անձանց տարհանման, պատսպարման համալիր միջոցառումները զգայուն կերպով իրականացնելու կարողությունները։

գ․ Կառավարությունը պետք է հետևողականորեն բարձրացնի բնածին և տեխնածին վտանգավոր երևույթների, աղետների ռիսկի կառավարման՝ մասնավորապես արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության վերաբերյալ՝ հաշմանդամություն ունեցող անձանց և նրանց ներկայացնող կամ ծառայություններ մատուցող կազմակերպությունների իրազեկվածության մակարդակը։ Հաշմանդամություն ունեցող անձանց և նրանց ներկայացնող կամ ծառայություններ մատուցող կազմակերպությունների համար պետք է իրականացվեն անվտանգության վարքականոների վերաբերյալ փոխազդող և մատչելի դասընթացներ և անցկացվեն ուսումնական տագնապ-վարժանքներ։ Զանգվածային լրատվության միջոցների հետ անհրաժեշտ է իրականացնել ակտիվ աշխատանքներ՝ կապված հաշմանդամություն ունեցող անձանց պարզ և մատչելի տեղեկատվության հետ, որոնք ուղղված կլինեն աղետների ռիսկի նվազեցմանը։

  1. Համալիր ծրագրի իրականացումը
  2. Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2023-2027 թվականների համալիր ծրագիրն իրականացնում են Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության և տարածքային կառավարման մարմինները՝ տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների և շահագրգիռ այլ կողմերի հետ համագործակցությամբ։
  3. Համալիր ծրագիրն իրականացվում է ՀՀ վարչապետի 2008 թվականի փետրվարի 25-ի N 98-Ն որոշմամբ հաստատված՝ Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի (այսուհետ՝ Ազգային հանձնաժողով) առաջնորդությամբ՝ հաշմանդամություն ունեցող անձանց և նրանց ներկայացնող կազմակերպությունների ակտիվ մասնակցությամբ։ Ազգային հանձնաժողովը յուրաքանչյուր տարի քննարկում է համալիր ծրագրի իրականացման ընթացքի մասին հաշվետվությունը, առաջարկությունների վերաբերյալ կազմվում է արձանագրություն և ուղարկվում է միջոցառումների կատարող մարմիններին։
  4. Համալիր ծրագրի իրականացման արդյունավետության և որակի բարձրացման նպատակով կարող են ստեղծվել թեմատիկ աշխատանքային խմբեր, ներգրավվել տեղական և միջազգային փորձագետներ, փորձնակներ և կամավորներ։
  5. Համալիր ծրագիրն իրականացվում է «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՀՀ օրենքով սահմանված՝ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման, խթանման և պաշտպանության պետական քաղաքականության հիմնական սկզբունքների խստագույնս պահպանմամբ։
  6. Իրականացման ամբողջ ընթացքում ապահովվում է աշխատանքների թափանցիկությունը և հաշվետվողականությունը, այդ թվում՝ Համալիր ծրագրի իրականացման վերաբերյալ տեղեկությունների պարբերական հանրայնացման միջոցով։ Համալիր ծրագրի ընդունումից հետո եռամսյա ժամկետում ապահովվում է Համալիր ծրագրի մատչելի ձևաչափերով, այդ թվում՝ հեշտ ընթերցվող տարբերակի հրապարակումը աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պաշտոնական կայքում։
  7. Որպես իրականացման արդյունավետության երաշխիք՝ բոլոր գործողությունները պետք է իրականացվեն հաշմանդամություն ունեցող անձանց և նրանց հարցերով զբաղվող կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ համագործակցությամբ՝ խորհդակցությունների և ակտիվ մասնակցության միջոցով։ Համալիր ծրագրի իրականացման համար պատասխանատու մարմինները, յուրաքանչյուրն իր մասով, պետք է ապահովեն հաշմանդամություն ունեցող անձանց մասնակցությունը՝ անկախ խորհրդակցական այլ մարմինների առկայությունից։ 

5. Համալիր ծրագրի մշտադիտարկումը և գնահատումը

  1. Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2023-2027 թվականների համալիր ծրագրի իրականացման մշտադիտարկման համար առաջնային պատասխանատվությունը կրում է յուրաքանչյուր միջոցառման համար պատասխանատու պետական մարմինը:
  2. Համալիր ծրագրի մշտադիտարկման և գնահատման առանցքում հաշմանդամություն ունեցող անձինք են և իրենց իրավունքները։ Մշտադիտարկումը և գնահատումը պետք է միտված լինեն դեպի արդյունքները և լուծումները, հիմնված լինեն փաստերի վրա, ապահովեն հաշմանդամություն ունեցող անձանց բոլոր խմբերի ուղղակի և միջնորդավորված մասնակցությունը, նպաստեն թափանցիկությանը և հաշվետվողականությանը։
  3. Համալիր ծրագրի մշտադիտարկման և գնահատման գործընթացում ներգրավված բոլոր կողմերը պետք է սերտորեն խորհրդակցեն և ակտիվորեն ներգրավեն հաշմանդամություն ունեցող անձանց, հարգեն, խթանեն և պաշտպանեն մշտադիտարկմանը մասնակցության սկզբունքը և իրավունքը, այդ թվում՝ կարծիքների բազմազանությանը նպաստող միջավայրի ստեղծմամբ և տեղեկատվության մատչելիության ապահովմամբ։
  4. Համալիր ծրագրի մշտադիտարկումն և գնահատումնն իրականացվում է Համալիր ծրագրի մշտադիտարկման և գնահատման աշխատանքային խմբի (այսուհետ՝ աշխատանքային խումբ) կողմից։
  5. Աշխատանքային խմբի կազմը հաստատվում է սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում ՀՀ վարչապետի 2008 թվականի փետրվարի 25-ի N 98-Ն որոշմամբ ստեղծված Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի կողմից (այսուհետ՝ Հանձնաժողով) կողմից։ Աշխատանքային խումբը հաշվետու է Հանձնաժողովին, իսկ խմբի աշխատանքները համակարգում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը:
  6. Աշխատանքային խումբը ձևավորվում է Հայաստանի Հանրապետության նախարարությունների, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի, կողմից թեկնածուների նշանակման, համալիր ծրագրի իրականացման աշխատանքներում ուղղակիորեն չներգրավված և Հանձնաժողովում չներկայացված հասարակական կազմակերպությունների և այլ շահագրգիռ կազմակերպությունների ու մարմինների ներկայացուցիչներից և անկախ փորձագետների առաջադրմամբ (ինքնաառաջադրմամբ)։ Աշխատանքային խմբի անդամների թիվը չպետք է պակաս լինի հինգից և չպետք է գերազանցի տասը: Աշխատանքային խմբի անդամության թեկնածուներ առաջադրելիս նախապատվությունը պետք է տրվի այն անձանց, որոնք ունեն մշտադիտարկման և գնահատման փորձ, իրենց ծառայության (աշխատանքային գործունեության) ընթացքում առավել հաճախ են առնչվում հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման հարցերին։ Աշխատանքային խմբի կազմում հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներն ընդգրկվում են հայտարարության հիման վրա ներկայացված հայտերի հիման վրա։
  7. Աշխատանքային խմբի ձևավորումից հետո 3 ամսվա ընթացքում աշխատանքային խումբը մշակում է մշտադիտարկման և գնահատման աշխատանքային պլանը և ներկայացնում Հանձնաժողովի կարծիքին: Աշխատանքային պլանը պետք է ի թիվս այլ բաղադրիչների ներառի մշտադիտարկման և գնահատման ցուցիչները, տվյալների հավաքման, ստուգման և վերլուծման ժամանակացույցը։
  8. Աշխատանքային խումբը մշտադիտարկման և գնահատման համար անհրաժեշտ տվյալները հայցում է տվյալ միջոցառման համար պատասխանատու գերատեսչություններից։
  9. Աշխատանքային խումբը հանդիպումներն իրականացնում է ըստ անհրաժեշտության։
  10. Աշխատանքային խումբը պետք է յուրաքանչյուր տարի առնվազն մեկ խորհրդակցական հանդիպում անցկացնի այն կազմակերպությունների և անհատների հետ, որոնք ցանկանում են ներդրում ունենալ Համալիր ծրագրի իրականացումը բարելավելու հարցում։
  11. Աշխատանքային խումբը կատարողներից ստացված տվյալների հիման վրա յուրաքանչյուր կիսամյակի ավարտին ներկայացնում է հաշվետու ժամանակում իրականացված աշխատանքների ընթացքի և արդյունքների վերաբերյալ ամփոփ տեղեկանք, որտեղ ներկայացվում են նաև ընթացիկ ռիսկերը և խնդիրները, դրանց հաղթահարման և լուծման առաջարկները։ Ամփոփ տեղեկանքը ներկայացվում է Հանձնաժողովի նիստի ընթացքում, ըստ անհրաժեշտության, առաջարկությունները ներկայացվում են կատարողներին։
  12. Համալիր ծրագրի գնահատումն իրականացնելու նպատակով` համալիր ծրագրի իրականացման ավարտից հետո աշխատանքային խումբը ամփոփում է աշխատանքները և Ազգային հանձնաժողովին ներկայացնում զեկույցի նախագիծ: Հանձնաժողովի բոլոր անդամները ստանում են գնահատման զեկույցի նախագծի վերաբերյալ գրավոր առաջարկություններ և դիտողություններ ներկայացնելու հնարավորություն։ Աշխատանքային խումբը դիտարկում է բոլոր առաջարկները, ընդունում, ընդունում ի գիտություն կամ մերժում դրանք, վերջնական տարբերակը ներկայացնում Ազգային հանձնաժողովի հաստատմանը։ Զեկույցի վիճելի դրույթները դրվում են քվեարկության։ Ազգային հանձնաժողովը քննարկման արդյունքում ընդունում է որոշում զեկույցը հաստատելու մասին։ Մեծամասնության կարծիքի հետ չհամաձայնող Ազգային հանձնաժողովի անդամը պետք է գրավոր շարադրի իր հատուկ կարծիքը։ Զեկույցը և, առկայության դեպքում, հատուկ կարծիքը Ազգային հանձնաժողովը ներկայացնում է վարչապետին։
  13. Մշտադիտարկման ու գնահատման ընթացիկ և վերջնական արդյունքները հանրայնացվում են, այդ թվում՝ մատչելի ձևաչափերով, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կայքէջում։
  14. Կառավարությունը խրախուսում է միջազգային գործընկերների և հաշմանդամություն ունեցող անձանց կազմակերպությունների փոխգործակցությունը՝ Համալիր ծրագրի ամբողջական կամ մասնակի մշտադիտարկում և գնահատում իրականացնելու նպատակով, այդ թվում՝ հանրային կարծիքի ուսումնասիրության միջոցով։ Կառավարությունը նաև չի բացառում այլ ձևաչափերով համագործակցությունը շահագրգիռ կողմերի հետ Համալիր ծրագրի արտաքին մշտադիտարկման և գնահատման նպատակով:
  • Обсуждалось

    27.03.2023 - 12.04.2023

  • Тип

    Pешение

  • Область

    Социальное обеспечение

  • Министерство

    Министерство труда и социальных вопросов

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 4427

Принт

Связанные документы / ссылки

Предложения

Վահան Սարգսյան

12.04.2023

Խոսք չկար, կարծես թե, բրայլյան դասագրքերի տպագրության և դրանցով, ըստ անհրաժեշտության, դպրոցների ապահովման մասին:

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ

12.04.2023

Մեզ համար սկզբունքորեն անընդունելի է խնամքի ծառայությունների փոխակերպման (ապաինստիտուցիոնալացման) առանձին ծրագրի մտքից հրաժարվելու Կառավարության որոշումը։ Բացի այդ, գործողություններն առանց բովանդակային համապատասխանեցումների և համատեքստի մանրամասն նկարագրության Համալիր ծրագրում ընդգրկելը չի կարող բերել ապաինստիտուցիոնալացման նպատակի նվաճմանը։ Ուստի, այս մասով ևս առաջարկում ենք վերադառնալ նախագծի առաջին տարբերակին և ընդունել ապաինստիտուցիոնալացման համար առանձին ծրագիր՝ համապատասխանող Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով ՄԱԿ-ի կոմիտեի՝ ապաինստիտուցիոնալացման (այդ թվում՝ արտակարգ իրավիճակներում) մասին ուղեցույցին (2022 թ.,CRPD/C/5)։

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ

12.04.2023

Տարբեր դերակատարների փոփոխությունների առաջարկների ընդունման հետևանքով նախագծի այս տարբերակում տեղ են գտել մի շարք տեխնիկական և էական (բովանդակային) թերություններ, որոնք ենթակա են վերանայման, այդ թվում՝ գործողությունների ժամկետների համապատասխանեցումը, այնպիսի գործողությունների բացառումը, որոնք արդեն իրականացված են կամ գտնվում են իրականացման վերջին փուլում։ Հաշվի առնելով վերոնշյալը` հավելված 2-ի մասին մանրամասն առաջարկներ ներկայացնելու փոխարեն առաջարկում ենք վերադառնալ նախագծի առաջին տարբերակին։ Վերջինս մշակվածության տեսանկյունից համարում ենք առավել համակարգված, ժամանակահատվածի պլանավորման առումով առավել տրամաբանական, չափելի և համապատասխան։

Узнать больше