Վահան Սարգսյան
12.04.2023
Խոսք չկար, կարծես թե, բրայլյան դասագրքերի տպագրության և դրանցով, ըստ անհրաժեշտության, դպրոցների ապահովման մասին:
Լրամշակման փուլում է
11 - Կողմ
3 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
----- ------------- 2023 թվականի N ------Լ
ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՍՈՑԻԱԼԱԿԱՆՆԵՐԱՌՄԱՆ
2023-2027 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՄԱԼԻՐ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «ա» ենթակետով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1) հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2023-2027 թվականների համալիր ծրագիրը` համաձայն N 1 հավելվածի.
2) հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2023-2027 թվականների համալիր ծրագրի իրականացումն ապահովող միջոցառումների ցանկը` համաձայն N 2 հավելվածի:
1) Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2023-2027 թվականների համալիր ծրագրով և ծրագրի իրականացումն ապահովող միջոցառումների ցանկով նախատեսվող միջոցառումների ֆինանսավորման հնարավորության հարցին անդրադառնալ յուրաքանչյուր տարվա` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ.
2) մինչև յուրաքանչյուր տարվան հաջորդող փետրվարի 15-ը Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին ներկայացնել հաշվետվություն Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2023-2027 թվականների համալիր ծրագրի և ծրագրի իրականացումն ապահովող միջոցառումների ցանկով նախատեսված միջոցառումների իրականացման ընթացքի մասին:
1) ամփոփել սույն նախագծի 2-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված տեղեկատվությունը, ինչպես նաև իր կողմից իրականացված միջոցառումների վերաբերյալ հաշվետվությունը և մինչև յուրաքանչյուր տարվան հաջորդող մարտի 15-ը հրապարակել նախարարության պաշտոնական կայքէջում.
2) մինչև յուրաքանչյուր տարվան հաջորդող մարտի 15-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել հաշվետվություն Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2023-2027 թվականների համալիր ծրագրով և ծրագրի իրականացումն ապահովող միջոցառումների ցանկով նախատեսված միջոցառումների իրականացման ընթացքի մասին։
Հավելված N 1
ՀՀ կառավարության 2023 թվականի
_____________ ____-ի N _____-Լ որոշման
ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆԵՐԱՌՄԱՆ
2023-2027 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՄԱԼԻՐ ԾՐԱԳԻՐԸ
1) Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանություն, հավասար հնարավորությունների և մատչելի պայմանների ապահովում, խտրականության բացառում, մասնավորապես․
ա. Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՀՀ օրենքի ընդունումը համարելով որպես օրենսդրական բարեփոխումների սկիզբ և հիմք ընդունելով վերջինիս սահմանած պետական քաղաքականության հիմնական սկզբունքները՝ անհրաժեշտ է ապահովել բոլոր իրավական ակտերի համապատասխանությունը ՄԱԿ-ի կոնվենցիային։
բ. Հարկ է օրենսդրական նախաձեռնությունների միջոցով պատշաճ արձագանքել առկա մարտահրավերներին՝ բացառել իրավական ակտերում հաշմանդամության հիմքով խտրականությունը, ապահովել իրավաստեղծ գործունեությունում հաշմանդամություն ունեցող անձանց մասնակցությունը։ Այս խնդրի տրամաբանական շրջանակներում պետք է միջգերատեսչական համագործակցությամբ մշակել և ընդունել անհրաժեշտ իրավական ակտերի նախագծեր, որոնք կապահովեն հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելիության և խելամիտ հարմարեցումների իրավունքը։ Կարևոր է նաև հանրությանն իրազեկել ոլորտոում ամրագրված օրենսդրության և իրականացվող միջոցառումների վերաբերյալ։
գ. Հաշմանդամություն ունեցող անձանց քաղաքական և հանրային կառավարմանը մասնակցության համար պետք է ձևավորել նպաստավոր մթնոլորտ, ինչը մեծապես կախված է քաղաքական երկխոսության ընդհանուր միջավայրից։ Կառավարությունը պետք է շարունակի բարելավել ընտրական օրենսդրությունը, ապահովել հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները ոչ միայն որպես ընտրողներ, այլ նաև ընտրվողներ՝ խրախուսելով հատկապես տեղական ինքնակառավարման մակարդակում հաշմանդամություն ունեցող անձանց ակտիվ մասնակցությանը։
դ. Հաշմանդամություն ունեցող անձանց անկախ կյանքը և համայնքում ներառումը մեծապես կախված է միջավայրից, որի հիմքում դիտարկվում են քաղաքաշինական, տեղեկատվական և հաղորդակցական համակարգերը, հաշմանդամություն ունեցող անձանց կողմից այդ համակարգերում առկա անհաղթահարելի խոչընդոտները: Կոնվենցիան, ինչպես նաև բոլոր ռազմավարական փաստաթղթերը, կոչ են անում վերացնել նման խոչընդոտները՝ որպես հաշմանդամություն ունեցող անձանց հավասարության իրավունքի հիմնական քայլ:
ե. Օրենսդրության զարգացման միջոցով պետք է երաշխավորել, որ բոլոր ապրանքները և ծառայությունները ձևավորվեն համընդհանուր դիզայնի սկզբունքներով, իսկ արդեն ձևավորված ծառայությունները ողջամիտ ժամկետներում դառնան մատչելի։
զ. Համընդհանուր դիզայնը մշակույթի մաս դարձնելու նպատակով այն պետք է ներդրվի մասնագիտական կրթության բոլոր փուլերում՝ նպաստելու ոչ միայն միջավայրերի, այլ նաև բոլոր գործընթացների, այդ թվում՝ քաղաքականությունների և ծրագրերի մատչելիությանը:
է. Մինչև 2027 թվականը պետք է տարբեր խնդիրներով հաշմանդամություն ունեցող անձանց համար հնարավորինս մատչելի դառնան արդեն կառուցված շենքերը, պատմության և մշակույթի հուշարձանների տարածքները, ինչի ուղղությամբ կառավարությունը ջանքեր է գործադրում՝ բարձրացնելու հանրության իրազեկվածությունը մատչելիության պահանջների վերաբերյալ։ Այս նպատակով կվերանայվեն քաղաքաշինական նորմերը, կմշակվի պլան-ժամանակացույց հասարակական, արտադրական նշանակության շենք-շինությունների աստիճանական հարմարեցումն ապահովելու համար։
2) Հաշմանդամություն ունեցող անձանց՝ որակյալ ներառական կրթության իրավունքի ապահովում կրթության բոլոր մակարդակներում, մասնավորապես․
ա. Կրթությունը պետք է ուղղված լինի յուրաքանչյուր անձի անհատականության, ստեղծագործականության, ինչպես նաև առավելագույնս նրա հոգեկան ու մտավոր, ֆիզիկական և հաղորդակցական կարողությունների զարգացմանը։
բ. Նախադպրոցական, միջնակարգ, նախնական, միջին և բարձրագույն մասնագիտական և մյուս բոլոր ուսումնական պետական և ոչ պետական հաստատությունների շինարարական ընթացիկ և պլանավորվող ծրագրերը պետք է ամբողջությամբ համապատասխանեցվեն համընդհանուր դիզայնի չափանիշներին։
գ. Կառավարությունը պետք է շարունակի իր ջանքերը կրթության բոլոր ձևերը, այդ թվում՝ առցանց կրթությունը մատչելի դարձնելու համար։ Բացի այդ, պետք է գործողություններ իրականացնել կույր և թույլ տեսողություն ունեցող սովորողներին Բրայլյան գիր սովորելու, այլընտրանքային հաղորդակցության մեթոդներից օգտվելու, կողմնորոշման և տեղաշարժման հմտություններ փոխանցելու համար։ Այդ նպատակով ներդրումներ պետք է արվեն հայալեզու աջակցող միջոցների մշակման և արտադրության նպատակով։ Խուլ կամ թույլ լսողություն ունեցող սովորողները պետք է հնարավորություն ունենան առանց մեկուսացման և վաղ մանկությունից սովորելու ժեստերի լեզուներ և պետությունը պետք է խթանի նրանց լեզվական ինքնությունը, լեզվի պահպանումը և զարգացումը։ Կույր և խուլ երեխաների կրթությունից դուրս մնալը բացառելու նպատակով պետք է իրականացնել մի շարք համակցված գործողություններ, որոնք կբերեն նրանց հայտնաբերմանը, կրթության կազմակերպման առավելագույն անհատականացմանը և սոցիալականացմանը։ Մտավոր հաշմանդամություն ունեցող սովորողները պետք է հնարավորություն ունենան ստանալ զարգացման առանձնահատկություններին համապատասխան հարմարեցված ուսումնական նյութեր, որոնց տրամադրման հարցը պետք է կանոնակարգվի համապատասխան իրավական ակտով միջազգային լավագույն փորձի ուսումնասիրմամբ։
դ. Կրթության բոլոր մակարդակներում աշխատողների, այդ թվում՝ վարչական աշխատողների և ուսուցիչների կարողությունները պետք է զարգացնել ներառական կրթության միջավայրն արդյունավետ ձևավորելու նպատակով։ Այս նպատակով պետք է ամրապնդել ոչ միայն ուսումնական հաստատություն-Տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոն, հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոն կապը, այլ նաև ուսումնական հասատատությունների միջև, համալսարանների և հաշմանդամություն ունեցող անձանց կազմակերպությունների հետ գործակցությունը:
3) Հաշմանդամություն ունեցող անձանց արդյունավետ զբաղվածության և արժանապատիվ աշխատանքի ապահովում, մասնավորապես.
ա. Աշխատանքը մարդկանց բարեկեցության հիմնասյուներից է: Եկամուտ ապահովելուց բացի, աշխատանքը կարող է ճանապարհ հարթել ավելի լայն սոցիալական և տնտեսական առաջընթացի համար՝ ամրապնդելով անհատների, նրանց ընտանիքների և համայնքի հնարավորությունները:
բ. Հաշմանդամություն ունեցող աշխատողների աշխատանքային իրավունքների պաշտպանության նպատակով պետք է հզորացվի առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կարողությունները։ Իրավունքների պաշտպանության նպատակով պետք է կարողությունների զարգացման հնարավորություն ընձեռնվի քաղաքացիական հասարակության կազմակերպություններին, հատկապես արհեստակցական միություններին և հաշմանդամություն ունեցող անձանց կազմակերպություններին։
գ. Կառավարությունը պետք է միջոցներ ձեռնարկի հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության, ինքնազբաղվածության, ձեռներեցության խթանման ուղղությամբ։ Այս համատեքստում կարևոր աջակցություն կլինի աջակցող միջոցների ստարտափ ընկերություններին ֆինանսական աջակցության ցուցաբերումը, որը կխթանի նորարարական մոտցումների և մեխանիզմների ներդրման գործընթացը։
4) Ֆիզիկական և հոգեկան առողջության իրավունքի հնարավոր առավելագույն մակարդակով ապահովում, մասնավորապես․
ա. Առողջապահության օրենսդրությունը պետք է վերանայվի հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների իրացման տեսանկյունից: Դրույթները, որոնք բացառում կամ սահմանափակում են հաշմանդամություն ունեցող անձանց առողջապահական ծառայություններից օգտվելը, ներառյալ սեռական և վերարտադրողական առողջության ծառայությունները, պետք է փոփոխվեն՝ ապահովելու դրանց համընդհանուր հասանելիությունը:
բ. Շարունակաբար պետք է բարելավել առողջական խնդիրների վաղ հայտնաբերման և միջամտության գործիքակազմը՝ տրամադրելով անհրաժեշտ աջակցություն հաշմանդամություն ունեցող անձանց և երեխաների ընտանիքներին, այդ թվում՝ տեղեկատվական և կրթական ծառայությունների միջոցով։ Հիգիենայի և սնուցման, հոգեկան առողջության և ինքնախնամքի հարցերը պետք է ինտեգրվեն ներառական կրթության ծրագրերում՝ համարվելով առաջնահերթ բոլոր երեխաների, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող աղջիկների, բազմակի և մտավոր հաշմանդամություն ունեցող երեխաների համար իրենց զարգացող հնարավորություններին համապատասխան։
5) Մշակութային իրավունքների խթանում և ապահովում, մասնակցություն սպորտին և ժամանցին, մասնավորապես․
ա. Մշակույթին հաղորդակցվելու իրավունքի իրացման ապահովումը չի կարող սահմանափակվել միայն հատուկ միջոցառումների կազմակերպմամբ և դրանցում հաշմանդամություն ունեցող անձանց ընդգրկմամբ: Մշակույթին լիիրավ մասնակցությունը ենթադրում է հստակ մեխանիզմների ներդրում, որոնց միջոցով կապահովվի հաշմանդամություն ունեցող անձանց՝ արվեստի և մշակութային գործունեության մասնակցությունը թե՛ որպես մշակութային բարիքի սպառող, և թե՛ որպես այդ բարիքը ստեղծող:
բ. Հաշմանդամություն ունեցող անձանց մշակութային իրավունքների խթանման, ապահովման նպատակով մշակութային դրամաշնորհային ծրագրերի չափորոշիչներում պետք է սահմանել ներառականության բաղադրիչը, որի առկայությունը կստեղծի բարենպաստ պայմաններ հաշմանդամություն ունեցող անձանց ստեղծագործական ունակությունների զարգացման գործում, ինչպես նաև նրանց հաղորդակցությանը մշակույթին և արվեստին։
գ. Կառավարությունը պետք է շարունակի «Կույրերի, տեսողական խնդիրներ ունեցող կամ ընթերցանության հետ կապված այլ դժվարություններ ունեցող անձանց համար հրատարակված ստեղծագործությունների մատչելիությունը դյուրացնելու մասին» Մարաքեշի պայմանագրով և ՀՀ օրենսդրությամբ նախատեսված սահմանափակումների և բացառությունների վերաբերյալ հանրային իրազեկումը, խրախուսի ստեղծագործությունների ստեղծումը մատչելի ձևաչափերով։
դ. Հայաստանի Հանրապետության ազգային պարալիմպիկ կոմիտեի հետ համատեղ պետք է գործողություններ ձեռնարկել պարալիմպիկ մարզաձևերի զարգացման համար՝ նպատակ ունենալով ապահովել հայաստանցի մարզիկների, այդ թվում՝ կանանց, հաջող մասնակցությունը ամառային և ձմեռային պարալիմպիկ խաղերին։ Այս նպատակով ոլորտի համար պատասխանատու հասարակական կազմակերպությունների հետ համատեղ պետք է իրականացվեն մարզիչների, բժիշկների և մարզիկների վերապատրաստման, սպորտային աջակցող տեխնոլոգիաների հասանելիության միջոցառումներ, ապահովվեն մարզասրահների մատչելիությունը և համապատասխանությունը համընդհանուր դիզայնի սկզբունքներին, ստեղծվի հաշմանդամություն ունեցող մարզիկների խրախուսման և ֆինանսավորման մեխանիզմ։
ե. Կրթության բոլոր մակարդակներում ֆիզիկակական կրթությունը պետք է հնարավորինս մատչելի և ներառական լինի հաշմանդամություն ունեցող բոլոր երեխաների և չափահասների համար։ Ֆիզկուլտուրայի (սպորտի) ուսուցիչները ևս պետք է վերապատրաստումներ անցնեն՝ բարելավելու հաշմանդամություն ունեցող սովորողների հետ աշխատելու հմտությունները։
6) Հաշմանդամություն ունեցող անձանց մատուցվող ծառայությունների բարելավում, խնամքի ծառայությունների փոխակերպում և անկախ կյանքի ապահովում, մասնավորապես՝
ա. 2023 թվականի փետրվարի 1-ից ներդրվել և գործում է անձի ֆունկցիոնալության գնահատման համակարգը, որն արդյունավետ նախադրյալներ կստեղծի անձի կարիքների բազմակողմանի գնահատման համար և ըստ այդմ կորոշվեն յուրաքանչյուր անձի կարիքից բխող հասցեական ծառայությունները։ Գնահատման արդյունքում հավաքագրված տեղեկատվությունը հզոր հիմք կհանդիսանա մատուցվող ծառայությունների վերանայման և զարգացման, նոր ծառայություններ ներդնելու, ինչպես նաև ծառայությունների մատուցման նոր՝ հավաստագրման մեխանիզմներ ամրագրելու համար։ Այսպիսի մոտեցումը կամրապնդի միջգերատեսչական համագործակցությունը, կնպաստի տարբեր գերատեսչությունների կողմից մատուցվող ծառայությունների հստակ սահմաններ ուրվագծելուն։
բ. Նաև, հաշվի առնելով միջազգային փորձը, անհրաժեշտ է ընդլայնել հաշմանդամություն ունեցող անձանց տրամադրվող աջակցող միջոցների տեսակները և ծառայություննները՝ նպատակ ունենալով ապահովել անձի համար հարմար բոլոր աջակցող միջոցները և ծառայությունների տրամադրումը և հստակեցնել աջակցող միջոցների տրամադրման ցանկերը՝ ըստ գերատեսչությունների։ Այս նպատակով պետք է, ապահովելով ներդրումների անհրաժեշտ հոսքը, խթանել ինչպես որակյալ աջակցող սարքերի ներմուծումը, այնպես էլ արտադրությունը և նորարարությունը։
գ. Կառավարությունը ջանքեր է գործադրում նաև ապաինստիտուցիոնալացման քաղաքականության իրականացման ուղղությամբ։ Խնամքի մեծ հաստատություններում, որտեղ ապրում են 100 և ավելի անձինք, աշխատակազմի թիվը և կարողությունները, հմտությունները բավարար չեն շահառուներին պատշաճ սպասարկելու համար, ոչ ճիշտ վերաբերմունքի, իրազեկվածության ցածր մակարդակի և այլ գործոնների պատճառով հնարավոր չէ ապահովել անկախ կյանք, մարդու իրավունքների և հիմնական ազատությունների պաշտպանությունը: Կոնվենցիայի կատարման Հայաստանի սկզբնական զեկույցի վերաբերյալ եզրափակիչ դիտարկումներում (կետ 32) Կոմիտեն իր մտահոգությունն է հայտնել երկրում ապաինստիտուցիոնալացման դանդաղ առաջընթացի, ինչպես նաև համայնքում անկախ ապրելուն ուղղված ծառայությունները կամ աջակցությունը սահմանափակ լինելու առնչությամբ: Միաժամանակ, Կոմիտեն հանձնարարել է արագացնել ապաինստիտուցիոնալացմանն ուղղված գործողությունները, մասնավորապես, նախաձեռնել համապատասխան իրավական միջոցներ, հատկացնել ռեսուրսներ համայնքային ծառայությունները զարգացնելու նպատակով, որոնք պայմաններ կստեղծեն հաշմանդամություն ունեցող անձանց համայնքում ապրելու համար: Կոմիտեն նաև կարևորել է հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող կազմակերպությունների ներգրավվածությունը այս գործընթացում:
դ. Հայաստանում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց շուրջօրյա խնամքի ծառայություններ մատուցում են Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատը (450 շահառու), «Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոնը (130 շահառու), Խարբերդի մասնագիտացված մանկատունը (232 շահառու), Երևանի Մարի Իզմիրլյանի անվան հատուկ մանկատունը 110 շահառու), Սպիտակի համայնքային խնամքի տունը (16 շահառու), «Ջերմիկ անկյուն» հիմնադրամի 3 համայնքային փոքր տները (32 շահառու)։ Այսպիսով, հոգեկան առողջության խնդիրներ ունեցող շուրջ 1000 անձ ստանում է շուրջօրյա խնամքի ծառայություններ:
ե. Բացի բնակվողներից, խնամքի հաստատություններ ընդունվելու համար բավականին մեծ է նաև հերթագրվածների թիվը՝ շուրջ 92 անձ: «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» և «Երևանի «Մարի Իզմիրլյանի անվան մանկատուն» պետական ոչ առևտրային կազմակերպություններում 2022 թվականի դրությամբ շարունակում է ապրել 18 տարին լրացած շուրջ 211 անձ: Եվս 40 հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձ ապրում են ընդհանուր տիպի տուն-ինտերնատներում։ Այսպիսով, խնդրահարույց է 343 անձի խնամքի կազմակերպումը տուն-ինտերանտներում և մանկատներում։
զ․ Միջազգային փորձը վկայում է, որ առավել նպատակահարմար է ծառայությունների մատուցումը կազմակերպել ընտանիքում կամ ընտանեկանին մոտ միջավայրում: Հետևաբար, ապաինստիտուցիոնալացման քաղաքականության համատեքստում նպատակահարամար է ստեղծել համայնքահեն ծառայություններ՝ հնարավորություն տալով հաշմանդամություն ունեցող անձանց ապրելու իրենց համայնքում։
է․ Հիմք ընդունելով «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքը և Կոնվենցիան (մասնավորապես 19-րդ հոդվածը), այս գործընթացում պետք է առաջնորդվել այն սկզբունքով, որ մեծ հաստատություններից համայնքահենք ծառայությունների մոդելին անցնելը բավարար պայման չէ հաշմանդամություն ունեցող անձի անկախ կյանքն ապահովելու համար, եթե այն իր մեջ ներառում է ինստիտուցիոնալացման տարբեր բաղադրատարրեր՝ համայնքից մեկուսացում, ինքնուրույն որոշումներ կայացնելու սահմանափակում, խիստ և հատուկ ռեժիմ, որտեղ հաշվի չեն առնվում անձի անհատական նախասիրությունները, ցանկությունները և այլն:
ը․ Հետևաբար, խնամքի ծառայությունների փոխակերպման գործընթացը չի ենթադրում զուտ մեծ հաստատությունների փակում: Այն լիարժեք կազմակերպելու համար անհրաժեշտ է ներդնել համայնքահեն ծառայություններ՝ ապահովելով հաշմանդամություն ունեցող անձանց անկախ կյանքի իրավունքը և կանխարգելելով նրանց մուտքը խնամքի մեծ հաստատություններ: Մասնավորապես, ստեղծել անկախ կյանքի կենտրոններ, ներդնել անձնական օգնականի ծառայություններ, մատչելի տաքսի կամ սոցիալական տաքսի ծառայություններ և այլն։ Անձը պետք է որոշումներ կայացնի իր կյանքի վերաբերյալ, վերահսկի իր կյանքը և ընտրի այն աջակցության տեսակը, որը նա կստանա։
թ․ Այս համատեքստում շահառուին որևէ ծառայություն առաջարկելուց առաջ պետք է իրականացվի նրա կարիքների գնահատում։ Միաժամանակ, պետք է իրականացվեն նաև ծառայություն մատուցողների վերապատրաստումներ՝ հոգեկան առողջության և մտավոր խնդիրներ ունեցող անձանց վերաբերող միջազգայնորեն ընդունված առաջադեմ մոտեցումների կամ իրենց գործնական աշխատանքի առանձնահատկությունների վերաբերյալ:
7) Արտակարգ իրավիճակում կամ ռազմական դրության ժամանակ հաշմանդամություն ունեցող անձանց պաշտպանության և անվտանգության ապահովում, մասնավորապես․
ա․ Նախատեսվում է խթանել հաշմանդամություն ունեցող անձանց համար անվտանգության ահազանգման մատչելի (լուսային, ձայնային, վիբրացիոն) համակարգերի հասանելիությունը հայաստանյան շուկայում։
բ․ Պետք է մշակվեն և պարբերաբար թարմացվեն աղետների ռիսկի կառավարման պլանները՝ դրանցում հաշվի առնելով հաշմանդամություն ունեցող անձանց կարիքները։ Պարբերաբար պետք է ամրապնդել և ստուգել տեղական ինքնակառավարման մարմինների՝ վտանգավոր տարածքներից հաշմանդամություն ունեցող անձանց տարհանման, պատսպարման համալիր միջոցառումները զգայուն կերպով իրականացնելու կարողությունները։
գ․ Կառավարությունը պետք է հետևողականորեն բարձրացնի բնածին և տեխնածին վտանգավոր երևույթների, աղետների ռիսկի կառավարման՝ մասնավորապես արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության վերաբերյալ՝ հաշմանդամություն ունեցող անձանց և նրանց ներկայացնող կամ ծառայություններ մատուցող կազմակերպությունների իրազեկվածության մակարդակը։ Հաշմանդամություն ունեցող անձանց և նրանց ներկայացնող կամ ծառայություններ մատուցող կազմակերպությունների համար պետք է իրականացվեն անվտանգության վարքականոների վերաբերյալ փոխազդող և մատչելի դասընթացներ և անցկացվեն ուսումնական տագնապ-վարժանքներ։ Զանգվածային լրատվության միջոցների հետ անհրաժեշտ է իրականացնել ակտիվ աշխատանքներ՝ կապված հաշմանդամություն ունեցող անձանց պարզ և մատչելի տեղեկատվության հետ, որոնք ուղղված կլինեն աղետների ռիսկի նվազեցմանը։
Քննարկվել է
27.03.2023 - 12.04.2023
Տեսակ
Որոշում
Ոլորտ
Սոցիալական ապահովություն
Նախարարություն
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն
Դիտումներ` 4423
Տպել12.04.2023
Խոսք չկար, կարծես թե, բրայլյան դասագրքերի տպագրության և դրանցով, ըստ անհրաժեշտության, դպրոցների ապահովման մասին:
12.04.2023
Մեզ համար սկզբունքորեն անընդունելի է խնամքի ծառայությունների փոխակերպման (ապաինստիտուցիոնալացման) առանձին ծրագրի մտքից հրաժարվելու Կառավարության որոշումը։ Բացի այդ, գործողություններն առանց բովանդակային համապատասխանեցումների և համատեքստի մանրամասն նկարագրության Համալիր ծրագրում ընդգրկելը չի կարող բերել ապաինստիտուցիոնալացման նպատակի նվաճմանը։ Ուստի, այս մասով ևս առաջարկում ենք վերադառնալ նախագծի առաջին տարբերակին և ընդունել ապաինստիտուցիոնալացման համար առանձին ծրագիր՝ համապատասխանող Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով ՄԱԿ-ի կոմիտեի՝ ապաինստիտուցիոնալացման (այդ թվում՝ արտակարգ իրավիճակներում) մասին ուղեցույցին (2022 թ.,CRPD/C/5)։
12.04.2023
Տարբեր դերակատարների փոփոխությունների առաջարկների ընդունման հետևանքով նախագծի այս տարբերակում տեղ են գտել մի շարք տեխնիկական և էական (բովանդակային) թերություններ, որոնք ենթակա են վերանայման, այդ թվում՝ գործողությունների ժամկետների համապատասխանեցումը, այնպիսի գործողությունների բացառումը, որոնք արդեն իրականացված են կամ գտնվում են իրականացման վերջին փուլում։ Հաշվի առնելով վերոնշյալը` հավելված 2-ի մասին մանրամասն առաջարկներ ներկայացնելու փոխարեն առաջարկում ենք վերադառնալ նախագծի առաջին տարբերակին։ Վերջինս մշակվածության տեսանկյունից համարում ենք առավել համակարգված, ժամանակահատվածի պլանավորման առումով առավել տրամաբանական, չափելի և համապատասխան։