Добавить в избранное
Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2023-2025 թվականների գործողությունների ծրագրի նախագիծ
-
5 - За
-
0 - Против
Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней
project.digest.no | Автор предложения, дата получения | Содержание предложения | Заключение | Сделанные изменения |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Ժողովրդավարության զարգացման հիմնադրամ 28.03.2023 16:59:16 | 2․6 կետով նախատեսված վերապատրաստումներում անհրաժեշտ է ներառել նաև քննիչներին և դատավորներին։ Միևնույն կետով նախատեսված ակնկալվող 3-րդ արդյունքը չի վերաբերում գործողությանը, այլ վերաբերում է սույն ռազմավարության առաջին մասով նախատեսված գործողություններին։ | ||
2 | Ժողովրդավարության զարգացման հիմնադրամ 28.03.2023 16:59:16 | 2․8 կետով ամրագրված գործողությունը նախատեսում է բացառապես հաստիքների ավելացում ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության խոշտանգումների և պաշտոնատար անձանց կողմից բռնություն գործադրելով լիազորությունները չարաշահելու կամ անցնելու հանցագործությունների քննության վարչությունում։ Սակայն նշված գործողության արդյունքում ակնկալվում է, թե այդ գործողությամբ կբացառվեն խոշտանգումների վերաբերյալ չբացահայտված դեպքերը և կասեցված քրեական վարույթները, ինչպես նաև քննությունը կիրականացվի միջազգային-իրավական չափանիշների պահպանմամբ։ Անհասկանալի է, թե ինչպես է երկու հաստիքների ավելացումը հանգեցնելու խոշտանգումների քննության ոլորտում էական և համակարգային խնդիրների լուծմանը։ Միաժամանակ, անհրաժեշտ է վերոնշյալ վարչության քննիչների բարձր մակարդակով, ինտենսիվ և թիրախային վերապատրաստում, ինչպես նաև վերջիններիս՝ օտարերկրյա գործընկերների հետ փորձի փոխանակման գործողություններ խոշտանգումների և վատ վերաբերմունքի դեպքերի քննության պրակտիկ էլեմենտի, վատ վերաբերմունքի այլ դրսևորումների որակման, Ստամբուլյան արձանագրության կիրառման և այլ հարցերի շուրջ։ | ||
3 | Ժողովրդավարության զարգացման հիմնադրամ 28.03.2023 16:59:16 | 2․12 կետով նախատեսված «ֆիզիկական ուժեղ ցավ» և «հոգեկան տառապանք» եզրույթների մեկնաբանման կիրառման վերաբերյալ ուղեցույցը պետք է ներառի նաև վատ վերաբերմունքի մյուս ձևերի՝ անմարդկային և նվաստացուցիչ վերաբերմունքի մեկնաբանման, ճիշտ որակման վերաբերյալ ուսումնասիրություններ և case study: | ||
4 | Ժողովրդավարության զարգացման հիմնադրամ 28.03.2023 16:59:31 | 3.7 կետով 2024թ․ երկրորդ կիսամյակի համար նախատեսված գործողությունից անհրաժեշտ է հանել «և անհրաժեշտության դեպքում» բառերը, մասնավորապես, հաշվի առնելով 2010թ․ Սահմանադրական դատարանի ՍԴՈ-906 որոշումը, և հասարակական կազմակերպությունների համար սահմանել դատարան դիմելու իրավունք հանրային նշանակության, կարևորության հարցերով։ Միևնույն կետով անհրաժեշտ է նախատեսել ոչ միայն վարչական և քրեական, այլ նաև քաղաքացիական վարույթներով դատարան դիմելու իրավունքը։ | ||
5 | Ժողովրդավարության զարգացման հիմնադրամ 28.03.2023 16:59:40 | 3․8 կետով 2024թ․-ի երկրորդ և 2025թ․-ի առաջին կիսամյակների համար նախատեսված կատարողականի թիրախներից առաջարկում ենք հանել «անհրաժեշտության դեպքում» բառերը և ապահովել ներպետական իրավական համակարգում amicus curie հասկացությունը և դրա ներկայացման կանոններն ու կարգի ներդրումը, հաշվի առնելով արդեն իսկ առկա միջազգային հարուստ փորձը։ Առաջարկում ենք գործողությունների ծրագրի 7-րդ մասով նախատեսված կրթության իրավունքին վերաբերող գործողությունները համապատասխանեցնել ««ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը» հաստատելու մասին» օրենքից բխող գործողությունների ծրագրին՝ կրկնությունները և հակասությունները բացառելու նպատակով։ | ||
6 | Ժողովրդավարության զարգացման հիմնադրամ 28.03.2023 16:59:48 | 3․12 գործողության արդյունքային ցուցանիշներում առաջարկում ենք ավելացնել նաև չափորոշիչներ տեսաձայնագրառման սարքավորումների օգտագործման համար, ինչպես նաև նման սարքերի տեխնիկական չափանիշները իրավական ակտով մանրամասն սահմանելու պահանջը, որպեսզի դրանց օգտագործումը չլինի կամայական։ | ||
7 | Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ 28.03.2023 16:59:31 | Առաջարկում ենք գործողությունների ծրագրի համապատասխան բաժիններում ավելացնել հետևյալ գործողությունները/միջոցառումները․ ԿՅԱՆՔԻ ԻՐԱՎՈՒՆՔ - Մշակվել և ընդունել զինված ուժերում առերևույթ ոչ կանոնադրային հարաբերությունների հետևանքով մահվան (ներառյալ ենթադրյալ ինքնասպանությունների) դեպքերով քննության մեթոդաբանություն/ուղեցույց քննիչների համար։ - Սպա հոգեբանների ինստիտուտին զուգահեռ կամ դրա փոխարեն քաղաքացիական հոգեբանների (համակարգից դուրս) ինստիտուտի ներդնում զինված ուժերում։ ԳՈՐԾԻ ԱՐԴԱՐ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ - Ապահովել անվճար իրավաբանական օգնություն տրամադրելու մեխանիզմների արդյունավետությունը՝ դատական ներկայացուցչության իրականացման օրենսդրական սահմանափակումների իրավաչափության ապահովման նպատակով: - Վերանայել անգործունակ ճանաչված անձանց՝ դատարանի մատչելիության իրավունքին առնչվող կարգավորումները՝ բացառելով իրենց իրավունքներին և շահերին առնչվող այլ խնդիրներով դատարան դիմելու կամ լսված լինելու իրավունքի անհամաչափ սահմանափակումները: - Գործի քննության ողջամիտ ժամկետի խախտման դեպքոմ ոչ նյութական վնասի հատուցման կառուցակարգերի կատարելագործում: - Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից ՀՀ-ի նկատմամբ կայացված՝ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի խախտում արձանագրող վճիռներից բխող խախտումները բացառելու և կանխարգելելու նպատակով անհրաժեշտ օրենսդրական և իրավակիրառ բնույթի գործողությունների ձեռնարկում: ՀԱՎԱՔՆԵՐԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ Անուղղակիորեն հավաքը դադարեցնելուն/ցրելուն ուղղված վարչական բերման և/կամ վարչական ձերբակալման ոչ իրավաչափ պրակտիկան բացառելու նպատակով օրենսդրական կարգավորումների վերանայում/հստակեցում (այդ թվում՝ վարչական բերման և ձերբակալման հիմքերի հստակեցում և տարանջատում, վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմելու նպատակով ոստիկանության բաժին բերման ենթարկելու արգելքի սահմանում /արձանագրությունը կարող է կազմվել հավաքի վայրում/), ինչպես նաև նման պրակտիկան կանխարգելելուն ուղղված վերապատրաստումների իրականացում՝ Ներքին գործերի նախարարության մասնագիտացված ստորաբաժանումների (հասարակական կարգի պահպանությանն առնչվող) ղեկավարների և ծառայողների շրջանում: ԿԱՐԾԻՔԻ ԱՐՏԱՀԱՅՏՄԱՆ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ - Պետական գաղտնիքի մասին ՀՀ օրենքի կարգավորումների վերանայում՝ տեղեկատվության ոչ իրավաչափ գաղտնագրման, տեղեկատվության ազատության իրավունքի ապահովման, ինչպես նաև հայեցողական լիազորությունների չարաշահման դեմ երաշխիքների ապահովման նպատակով: Իրավական պատասխանատվության միջոցների նախատեսում տեղեկատվության ոչ իրավաչափ գաղտնագրման, սահմանված ժամկետներում չգաղտնազերծման դեպքերում: - Տեղեկատվության ազատության իրավունքի լիարժեք ապահովման նպատակով անկախ արտադատական մասնագիտացված մարմնի ստեղծում: | ||
8 | ՓԻՆՔ իրավապաշտպան հասարակական ՀԿ 28.03.2023 17:39:15 | Առաջարկում ենք 4.8 կետում կատարել լրացում՝ ավելացնելով ատելության հիմքով հանցագործությունների քննության վերաբերյալ ուղեցույցի մշակումը: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը 2022թ-ի մայիսի 17-ին հրապարակեց Օգանեզովան ընդդեմ Հայաստանի գործով վճիռը, որով ճանաչվել դիմումատուի իրավունքների խախտում հենց ատելության հիմքով հանցոգործության ոչ արդյունավետ քննության մասով։Պետությունը, այժմ պարտավորված է մի կողմից ապահովել իրավական պաշտպանության արդյունավետ միջոց եր օրենսդրական մակարդակում, իսկ մյուս կողմից դրանց կիրառում իրավապահ մարմինների կողմից։ Ատելության հիմքով հանցագործությունների արդյունավետ քննության խնդիրը մինչ օրս բարձրաձայնվել է նաև մարդու իրավունքների պաշտպանության միջազգային մեխանիզմների կողմից, ինչպիսիք են Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ եվրոպական հանձնախումբը, ՄԱԿ-ի Համընդհանուր պարբերական դիտարկման աշխատանքային խումբը, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեն իր եզրափակիչ դիտարկումներում, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը։ Ատելության հիմքով հանցագործությունները պատշաճ քննության չեն ենթարկվում նախ և առաջ դրանց առանձնահատկությունների վերաբերյալ մասնագիտական կարողությունների բացակայության պատճառով։ Իրավակիրառ մարմինների վերապատրաստում այս նպատակով իրականացվել է 2022թ-ին՝ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի կողմից իրականացված ծրագրի շրջանակներում, ինչը, սակայն, բավարար չէ՝ հաշվի առնելով մասնակիցների սահմանափակ քանակը։ Գտնում ենք, դասընթացները պետք է լինեն պարբերական և դրանց համար պետք է մշակվի հատուկ ուղեցույց՝ փորձագետների ներգրավմամբ։ | ||
9 | ՓԻՆՔ իրավապաշտպան հասարակական ՀԿ 28.03.2023 18:12:29 | Առաջարկում ենք 4-րդ բաժնում լրացում կատարել՝ որպես անհրաժեշտ գործողություն նշելով ատելության հիմքով հանցագործությունների արձանագրման ընթացակարգի ներդնում և վիճակագրության վարումը։ Պետությունը տարիներ շարունակ հրաժարվել է ընդունել, որ Հայաստանի Հանրապետությունում առկա են ատելության շարժառիթով կատարվող հանցագործություններ և որ անհրաժեշտ է դրանց որակման և քննության նկատմամբ առանձնահատուկ մոտեցում։ Չնայած նրան, որ պետությայն կողմից երբեք որևէ տվյալ չի ներկայացվել ատելության հիմքով հանցագործութունների վերաբերյալ, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կողմից ամեն տարի ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ին է ներկայացվել իրենց կողմից արձանագրած ատելության հիմքով հանցագործությունների վերաբերյալ զեկույց։ «Փինք» իրավապաշտպան ՀԿ-ի կողմից 2016թ-ին անցկացված հետազոտությունը ցույց տվեց, որ ատելության հիմքով հանցագործությունների քանակը երկրում շատ է և դրանցից տուժողները հաճախ չեն վստահում իրավապահ մարմիններին և այդ պատճառով չեն դիմում իրավական պաշտպանության։ Ունենալու համար հստակ տվյալներ ատելության հիմքով հանցագործությունների և դրանց քննության ընթացքի վերաբերյալ՝ Եվրոպայի խորհուրդը ևս 2021թ-ին իրականացված հետազոտության արդյունքում Հայաստանին առաջարկել է ներդնել արձանագրման և տվյալների հավաքագրման մեխանիզմներ։ (https://rm.coe.int/situational-analysis-armenia-eng/16809e49f1) | ||
10 | ՓԻՆՔ իրավապաշտպան հասարակական ՀԿ 28.03.2023 18:31:30 | 5-րդ բաժնում կատարեկ հետևյալ լրացումը. «Ձևավորել տրանսգենդեր անձանց առողջապահական խնամքի համակարգ, որը կներառի անհրաժեշտ բուժսպասարկման տրամադրում, ներառյալ՝ հորմոնալ թերապիա, սեռափոխության վիրահատություններ, հոգեբանական թերապիա, ինչպես նաև պատշաճ վերահսկողություն հորմոնալ թերապիա ստացող և/կամ սեռափոխության վերահատություն անցած անձանց առողջական վիճակի վերահսկողություն»։ Հիմնավորումըհետևյալն է՝ Տրանսգենդեր անձանց առողջության իրավունքի ապահովումը Հայաստանում գտնվում է շատ ցածր մակարդակում, ինչը պայմանավարոված է երկու հիմնական հանգամանքներով՝ • Բժշկական օգնության և սպասարկման վերաբերյալ օրենսդրությամբ նախատեսված չեն բուժհաստատությունների կողմից տրամադրվող այն ծառայությունները, որոնք առանցքային են տրանսգենդեր անձանց առողջության տեսանկյունից, • Բժիշկ մասնագետները չունեն համապատասխան մասնագիտական պատրաստվածություն տրանսգենդեր անձանց բժշկական սպասարկում տրամադրելու համար, ինչը ներառում է ինչպես հարգալից և ոչ խտրական վերաբերմունքը, այնպես էլ անձի առողջությանը չվնասելու սկզբունքը։ Բուժսպասարկում իրականացնող մարմինների կողմից տրամադրվող ծառայությունների ցանկում նախ և առաջ նախատեսված չէ սեռափոխության վիրահատությունը։ Սեռափոխության անհնարինությունը կարող է վնասել տրանսգենդեր անձանց ինչպես ֆիզիկական, այնպես էլ հոգեկան առողջությանը։ Որոշ բուժհաստատություններ իրականացնում են արականից իգական սեռափոխության վիրահատություններ, ինչը պաշտոնական մատյաններում արձանագրվում է որպես «մարմնի դեֆորմացիայի շտկում»։ Այսպիսի ձևակերպումը նախ և առաջ հանգեցնում է վիրահատություն իրականացնող բժշկի կողմից ոչ պատշաճ հետվիրահատական հսկողության։ Ավելին, բուժսպասարկում տրամադրող հաստատությունների կողմից սեռափոխության իրականացումը առանց օրենքով սահմանված ընթացակարգերի և առանց համապատասխան մասնագիտական պատրաստվածության հանգեցնում է այնպիսի իրավիճակի, երբ սեռափոխության կարիք ունեցող անձը անցնում է հորմոնալ թերապիա առանց մասնագետի ուղորդման և վերահսկողության։ Երբեմն էնդոկրինոլոգ բուժաշխատողները, ովքեր տալիս են համապատսխան չափաբաժնով հորմոնն ընդունելու ցուցում, անձին նախապես չեն ուղորդում բուժզննության և հետևաբար չեն գնահատում հորմոնաթերապիայի ազդեցությունը անձի օրգանիզմի վրա։ Արդյունքում անձը կարող է ձեռք բերել որոշակի օրգանների աշխատանքի խանգարում։ Սեռափոխության կարիք ունեցող տրանսգենդեր անձինք չեն անցնոււմ նաև հոգեբանական թերապիա, ինչը անձի սեռը փոխելու ընթացքում վերջինիս հոգեկան առողջության կայուննության և հոգեպես պատրաստվածության կարևոր բաղադրիչներից է։ Հոգեբանի աջակցություն չի տրամադրվում ոչ նախքան սեռափոխության վիրահատության իրականացումը՝ անձին իր մարմնի նման փոփոխությանը պատրաստ լինելու հանգամանքը պարզելու համար, ոչ էլ հետվիրահատական շրջանում՝ կանխելու համար ֆիզիկական փոփոխությունից հետո անձի հնարավոր հոգեբանական անկայուն դրությունը։ Հասարակական կազմակերպությունների կողմից տրամադրվող հոգեբանի աջակցությունը՝ լինելով սահմանափակ ռեսուրս, բավարար չէ բոլոր տրանսգենդեր անձանց ապահովելու համար։ Ավելին, տրանսգենդեր անձանցից շատերը կամ չունեն հասանելիություն հասարակական կազմակերպություններին, կամ չեն ցանկանում դիմել։ Հոգեբանական աջակցության կարիք ունեն ոչ միայն սեռափոխության կարիք ունեցող, այլ նաև դրա կարիքը չունեցող տրանսգենդեր անձինք։ Պետության կողմից չի տրամադրվում նաև սոցիալական աշխատողի ծառայություն այն տրանսգենդեր անձանց, ովքեր ընտանիքում ունեն խնդիր՝ կապված իրենց գենդերային ինքնության և/կամ սեռափոխության հետ։ | ||
11 | Դավիթ Ասատրյան 28.03.2023 17:49:06 | Դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարության մեջ սահմանված էր որոշակի ժամանակացույց և կարգ, որի համաձայն՝ դատարանները պետք է ապահովված լինեին հաշմանդամություն ունեցող անձանց արդարադատության հաղորդակցային և ֆիզիկական մատչելիությանը: Ռազմավարական ծրագիրը ավարտվեց, սակայն պլանավորված գործողությունները չկատարվեցին: Այնուհետև Դատական և իրավական բարեփոխումների 2023-2026 թվականների ռազմավարության մեջ չներառվեց այդ կարգավորումները այն պատճառաբանությամբ, որ դրանք կսահմանվեն ապագայում ընդունվելիք Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության մեջ: Սակայն, ինչպես տեսնում ենք հրապարակված նախագծից առկա չէ հիշատակված գործողությունների ծրագիրը նաև այդ ծրագրում: Այժմ անհասկանալի է, թե ինչպես և երբ է պետությունը պլանավորում կարգավորել հիշյալ խնդիրները: Եվրասիա համագործակցության հիմնադրամի հետ համագործակցությամբ իրականացրել էինք հաշմանդամություն ունեցող անձանց արդարադատության մատչելիության վերաբերյալ հետազոտական աշխատանք (bit.ly/42H7Ymp), որի արդյունքներից բխում է, որ Հայաստանը պատշաճ չի կատարում իր ներպետական և միջազգային պարտավորությունները հաշմանդամություն ունեցող անձանց արդարադատության մատչելիությունը ապահովելու հարցում: Առաջարկում ենք նախատեսել հիշատակված գործողությունները ծրագիրը: | ||
12 | Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա 28.03.2023 19:23:11 | Հավելվածի գործողություն 9.6-ը. « աշխատակիցների համար, » բառերիից հետո լրացնել «ուղեցույցների մշակման գործընթացում ներառելով նաև հասարակական կազմակերպություններին» բառերը։ | ||
13 | Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն 28.03.2023 19:38:18 | Միավորումների ազատության իրավունքի իրացում Հայաստանում միավորման ազատության և քաղաքացիական հասարակության միավորումների զարգացման ու արդյունավետ գործունեության համար առկա է բավականին բարենպաստ միջավայր, սակայն առկա են որոշ կարգավորումներ ու բացեր, որոնք առաջացնում են խոչընդոտներ միավորման ազատության իրավունքի լիարժեք իրացման համար։ Իրականացված հետազոտությունը մասնավորապես փաստում է, որ հիմնական խնդիրներն առնչվում են քաղհասարակության կառույցների պետական գրանցման դժվարություններին, ֆինանսավորման սուղ հնարավորություններին, կանոնադրական նպատակների շրջանակում դատական պաշտպանություն իրականացնելու անհնարինությանը։ Առաջարկություն • Մշակել և ընդունել քաղաքացիական հասարակության զարգացմանը միտված միջոցառումների ճանապարհային քարտեզ, այդ թվում՝ o դյուրինացնել կազմակերպությունների գրանցման գործընթացները․ o խթանել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ֆինանսական կայունությունը, այդ թվում՝ դյուրինացնելով բարեգործական գործունեության համար վարչարարությունը, այլ կառույցների համեմատ ապահովելով ոչ պակաս բարենպաստ հարկային ռեժիմ, ապահովելով պետական դրամաշնորհների տրամադրման թափանցիկությունն ու հաշվետվողականությունը, հստակեցնելով կամավորական աշխատանքի կանոնակարգումները և այլն։ | ||
14 | Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն 28.03.2023 19:38:18 | Հավաքների ազատություն ՄԱԿ-ի խաղաղ հավաքների և միավորումների ազատության իրավունքի հարցերով հատուկ զեկուցողի 2018 նոյեմբերի 16-ի հայտարարության համաձայն առկա են մի շարք խնդիրներ խաղաղ հավաքների ազատության իրավունքի իրացման առումով։ Խնդիրները ներառում են հավաքների անցկացման սահմանափակումը պետական մի շարք մարմինների մերձակա տարածքներում, ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառումը, այդպիսի դեպքերի ոչ պատշաճ քննությունը և դրանով պայմանավորված՝ հանրային վստահության պակասը։ Արձանագրված խախտումների մեծ մասը մինչ օրս արդիական է։ Հավաքների ազատության իրավակարգավորումը ներկայումս չի արգելում ատելության բորբոքումը՝ ընդհանուր առմամբ, այլ սահմանափակված է միայն ազգային, ռասայական և կրոնական ատելություն բորբոքելու արգելքով։ Առկա են դեպքեր, երբ հանրային տարածքում կազմակերպվող խաղաղ հավաքները ապօրինաբար սահմանափակվում են մասնավոր ընկերությունների պահնորդական ծառայությունների կողմից։ Առաջարկություն • վերանայել Հավաքների ազատության մասին օրենքը։ Մասնավորապես՝ o ընդլայնել հավաքների ազատության համար արգելքների շրջանակը՝ ներառելով հասարակության ցանկացած խմբի նկատմամբ ատելության քարոզի արգելքը․ o հստակեցնել պետական օբյեկտների (ՀՀ Նախագահի, Ազգային ժողովի, կառավարության նստավայրեր, դատարաններ կամ քրեակատարողական հիմնարկներ) «բնականոն գործունեության» և դրա նկատմամբ «սպառնալիքի» չափանիշները․ • իրականացնել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների պարբերական վերապատրաստում խաղաղ հավաքների և դրանց շրջանակում հասարակական կարգի ապահովման, համաչափ միջոցների կիրառման և ցուցարարների հսկողության ոչ բռնի մեթոդների վերաբերյալ․ • ուսումնասիրել և վերլուծել վերջին 10 տարիների ընթացքում արձանագրված խաղաղ հավաքների իրավունքի ոտնահարման, ոստիկանական անհամաչափ ուժի կիրառման, անօրինական եղանակով բերման ենթարկելու վերաբերյալ ստացված բողոքները և, ըստ հնարավորության, համապատասխան ընթացք տալ դրանց՝ ապահովելու պատասխանատվություն ապօրինի գործողությունների համար և վերականգնելու հանրային վստահությունը իրավապահ մարմինների նկատմամբ։ | ||
15 | Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն 28.03.2023 19:38:18 | Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարում Հայաստանում բացառիկ՝ գերակա հանրային շահի ճանաչման գործընթացները և դրանց հետևանքները շարունակում են ոտնահարել քաղաքացիների բազմաթիվ իրավունքներ, այդ թվում՝ սոցիալ-տնտեսական, մշակութային, առողջ շրջակա միջավայրում ապրելու իրավունքները։ Այդ որոշումները կայացվում են ոչ թափանցիկ, բացարձակ հայեցողականության պայմաններում, առանց պատշաճ հիմնավորման, առանց պատշաճ մասնակցայնության ապահովման, հետագայում նաև հանգեցնելով արդարադատության խնդիրների։ Ծագող խնդիրների զգալի մասը պայմանավորված է «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» խնդրահարույց կարգավորումներով կամ բացերով։ Առաջարկություն • Վերանայել «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքը։ Մասնավորապես՝ o սահմանել հստակ և օբյեկտիվ չափանիշներ մասնավոր սեփականությունը բացառիկ հանրային շահ ճանաչելու համար․ o նախատեսել պահանջ և հիմքեր որոշումների ընդունման, այդ թվում՝ հանրային շահի բացառիկությունը գնահատելու, գործընթացների վաղ փուլերում սեփականատերերի, ինչպես նաև՝ կենսագործունեության միջավայրի փոփոխության առումով շահագրգիռ հասարակության ներկայացուցիչների մասնակցության համար․ o նախատեսել բացառիկ՝ գերակա հանրային շահի անվան տակ օտարվող գույքի ձեռքբերողների նախկին գործունեության ստուգում (due diligence) և դրա թափանցիկության ապահովում․ o ապահովել ձեռքբերողների կողմից պետությանը ներկայացվող ֆինանսական երաշխիքների վերաբերյալ տեղեկատվության հրապարակայնությունը․ o երաշխավորել պետության հանդես գալը որպես կողմ և պատասխանատվության ստանձնումը՝ ձեռքբերողների պարտականությունների պատշաճ կատարման ապահովման և քաղաքացիների իրավունքների պաշտպանության նպատակով։ | ||
16 | Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն 28.03.2023 19:38:18 | Իրավապաշտպանների պաշտպանություն Մարդու իրավունքների ռազմավարության գործողությունների պլանում չկան իրավապաշտպանների պաշտպանությանն ուղղված միջոցառումներ, մինչդեռ Հայաստանում վերջին տարիներին խնդրահարույց և վտանգավոր է դարձել իրավապաշտպանությամբ և հասարակական գործունեությամբ զբաղվելը։ Առկա են էթնիկ փոքրամասնությունների, կանանց հարցերով, շրջակա միջավայրի և ժողովրդավարության պաշտպանությամբ զբաղվող հասարակական կառույցների և գործիչների նկատմամբ հետապնդումների դեպքեր։ Չնայած որ հետապնդումները հիմնականում իրականացվում են մասնավոր անձանց կողմից, պետությունը դրսևորում է անգործություն և չի իրականացնում իրավապապաշտպաններին պաշտպանելու իր պարտավորությունը, որը սահմանված է Իրավապաշտպանների պաշտպանության հայտարարագրում։ Չկա խնդիրների արձանագրման համապատասխան համակարգ, որը հնարավորություն կտար բացահայտել իրավապաշտպան անհատների և կազմակերպությունների նկատմամբ հարձակումների կամ այլ հանցագործությունների դեպքերը, առավել ևս որ նրանք բավականին խոցելի են հարձակումների, ատելության խոսքի նկատմամբ։ Հարկ է նշել, որ ՄԱԿ-ի Կայուն զարգացման 16-րդ նպատակի իրացումը գնահատելիս ևս նախատեսվում է օգտագործել իրավապաշտպանների, լրագրողների, արհմիությունների ու ԶԼՄ-ների ներկայացուցիչների դեմ հանցագործությունների վերաբերյալ ցուցանիշները։ Առաջարկություն • վարել մարդու դեմ ուղղված հանցագործությունների վիճակագրություն` ըստ ենթադրյալ տուժողի սեռի, էթնիկ խմբի, հաշմանդամության և հաշմանդամության տեսակի, քաղաքացիական գործունեություն ծավալելու, համապատասխան կարգավիճակի և ենթադրյալ խտրականության այլ հիմքերի․ • ուսումնասիրել իրավապաշտպան անհատների և կազմակերպությունների նկատմամբ ատելության խոսքի, բռնության կոչերի և խտրականության հիմքով հանցագործությունների վերաբերյալ վերջին 5 տարիների ընթացքում ստացված բողոքները, վերլուծել դրանց հետաքննությունը, դատական գործերի ընթացքը, վերհանել խնդիրները, որոնք ռիսկի տակ են դնում իրավապաշտպանների գործունեությունը, ինչպես նաև ձեռնարկել համապատասխան գործողություններ՝ ապահովելու պատշաճ պաշտպանություն․ • պատշաճ պաշտպանություն և արդյունավետ հետաքննություն ապահովել ՔՀԿ-ների դեմ ատելության խոսքի, խտրականության հիմքով հանցագործությունների դեպքում, իրականացնել պատշաճ և անկողմնակալ հետաքննություն․ • ապահովել մարդու իրավունքների վերաբերյալ կրթության կազմակերպումը հանրակրթական ծրագրերում և խթանել համապատասխան կրթությունը բուհերում․ • աջակցել իրավապաշտպան գործունեության վերաբերյալ հանրային իրազեկման միջոցառումներին։ • մշակել ապատեղեկատվության դեմ պայքարի՝ միջազգային չափորոշիչներին համապատասխանող մեխանիզմներ: | ||
17 | Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն 28.03.2023 19:38:18 | Հանրության մասնակցություն կառավարման գործընթացներում Հայաստանում իրավաստեղծ գործընթացը այլ ոլորտների օրենսդրության համեմատ զգալիորեն կարգավորված է, սակայն հետազոտությունը ցույց է տալիս, որ դրա ժողովրդավարական բնույթի ապահովման տեսանկյունից առկա են զգալի բացեր։ Արդյունքում, անբավարար մասնակցայնության հետևանքները հաճախ դրսևորվում են շահագրգիռ հանրության խմբերի կողմից անհամաձայնության, հրապարակային արտահայտվող բողոքների, իրավական ակտերի տարընթերցման ու հակասական մեկնաբանումների միջոցով: Առաջարկություն • գործադիրի իրավաստեղծ և այլ որոշումների ընդունման գործընթացներում բարելավել հանրային մասնակցության մեխանիզմները․ • հանրության մասնակցության պահանջը խախտելու համար սահմանել և կիրառել պատժամիջոցներ և իրավական հետևանքներ։ | ||
18 | Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն 28.03.2023 19:38:18 | Տեղեկատության ազատություն Հայաստանում տեղեկատվության ազատության վիճակը շարունակում է մնալ խնդրահարույց և ինչպես պետական մարմինները, այնպես էլ՝ մասնավոր կազմակերպությունները։ Առաջարկություն • նախատեսել տեղեկատվության ազատության վերաբերյալ օրենքի դրույթների կատարման վերահսկողություն իրականացնող անկախ մարմին՝ որոշումներ կատարողի լիազորությամբ․ • ազդեցիկ պատժամիջոցներ նախատեսել հարցումներին չպատասխանելու, պատասխանները ուշացնելու, թերի տրամադրելու, ինչպես նաև օրենքով պահանջվող տեղեկությունները ժամանակին և լիարժեք չհրապարակելու համար․ • հատուկ հարթակ նախատեսել հարցումների և բողոքների միասնական վիճակագրության համար (ներառելով ուշացած պատասխանների քանակը ըստ գերատեսչությունների), որը կվարի վերոնշյալ անկախ մարմինը՝ հրապարակային հետադարձ կապի ու տեղեկատվության ուշացած, թերի տրամադրման կամ չտրամադրման վերաբերյալ բողոքների հնարավորություն տալով հանրությանը և հրապարակային արձագանք տրամադրելով այդ բողոքների վերաբերյալ նախաձեռնված քայլերի մասին։ | ||
19 | Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ 28.03.2023 22:44:22 | Զինված ուժերում մահվան դեպքերի նախականխման միջոցառումների հայեցակարգում և միջոցառումների իրականացման ուղեցույցում ներառել սպանության, մարտական ծառայություն կրելու կանոնների, զենքի օգտագործման կանոնների խախտման, առողջական խնդիրների, ավտովթարի դեպքերի ուսումնասիրության հարցերը (Գործողություն 1.1)։ | ||
20 | Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ 28.03.2023 22:44:22 | Կյանքի իրավունքի թեմայով վերապատրաստվողների ցանկում ավելացնել նաև ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության տարաժքային ստորաբաժանումների և Զինված ուժերի ռազմաբժշկական հանձանաժողովների աշխատակիցներին (Գործողություն 1.3)։ | ||
21 | Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ 28.03.2023 22:44:22 | Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող գործողությունների ծրագիրը հանդիսանում է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ստանձնաց պարտավորությունների կատարման գործիքներից մեկը։ Գործողությունների ծրագրով պետք է սահմանված լինեն այն հիմնական քայլերը, որոնց կատարումը նպաստելու է մարդու իրավունքների հարգմանն ու պաշտպանությանը։ Մարդու իրավունքների պաշտպանության ազգային մեխանիզմներն առաջնային դերակատարություն ունեն իրավունքների արդյունավետ իրականացման և վերջիններիս խախտումների կանխարգելման գործում։ Հետևաբար Ռազմավարության նպատակներից պետք է լինի նաև մարդու իրավունքների պաշտպանության նոր ինստիտուտների և մեխանիզմների ձևավորումը և գործող կառուցակարգերի բարելավումը։ Ոլորտը համակարգային լուրջ բարեփոխման կարիք ունի, անհրաժեշտ է այն դարձնել ՀՀ կառավաարության հանրային քաղաքականության ուղղություն։ Ստորև ներկայացնում ենք գորոծողություններ, որոնց կատարման արդյունքում ապահոված է լինելու մարդու իրավունքների պաշտպանության ազգային մեխանիզմների հզորացումը։ | ||
22 | Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ 28.03.2023 22:44:22 | Ներդնել անկախ ռազմական օմբուդսմենի ինստիտուտը։ Ապահովել քաղաքացիական հասարակության մասնակցությունը ռազմական օմբուդսմենի ներդրման աշխատանքներում։ Մարդու իրավունքների պաշտպանության ազգային մեխանիզմների զարգացումը պետք է ուղեկցվի մասնագիտացված օմբուդսմենների ձևավորմամբ։ 2016 թվականին հրապարակված ՀՔԱՎ գրասենյակի առաջարկությունը՝ ռազմական օմբուդսմենի ստեղծման անհրաժեշտության մասին, շարունակում է մնալ արդիական (http://archive.hcav.am/wp-content/uploads/2016/12/%D5%84%D4%BB%D5%8A-%D6%85%D6%80%D5%A5%D5%B6%D6%84%D5%AB-%D5%A3%D5%B6%D5%A1%D5%B0%D5%A1%D5%BF%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%80%D5%94%D4%B1%D5%8E.pdf), քանի որ ԶՈւ-երում իրավունքների պաշտպանության խնդիրները մինչ օրս կրում են համակարգային բնույթ։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ պաշտպանական ոլորտը համարվում է «փակ համակարգ», որտեղ մարդու իրավունքները ենթարկվում են որոշակի սահմանափակումների, իսկ համակարգի շուրջ իրավահարաբերությունները պարունակում են գաղտնիություն, անհրաժեշտություն է առաջանում ստեղծել զինված ուժերում մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների արդյունավետ պաշտպանության մեխանիզմներ (Տե՛ս ավելի մանրմասն ռազմական օմբուդսմենի ինստիտուցիոնալ կառույցի արդյունավետության վերաբերյալ ՀՔԱՎ գրասենյակի ուսումնասիրությունը, 2020: Հասանելի է հետևյալ հղումով՝ https://hcav.am/ombudsman-military-2020/): | ||
23 | Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ 28.03.2023 22:44:22 | Օրենսդրությամբ ապահովել Ազգային ժողովի պատգամավորների և խմբակցությունների կողմից մշակվող օրեսդրական ակտերի նախագծերի հանրային քննարկումը՝ տեղադրելով դրանք e-draft.am հարթակում։ | ||
24 | Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ 28.03.2023 22:44:22 | Ձևավորել ՆԳՆ կից հասարակական դիտորդների խումբ որպես ՁՊՎ-երում, միգրանտների ապաստարաններում մարդու իրավունքների մշտադիտարկման հասարակական դիտորդության իրականացման մեխանիզմ։ | ||
25 | Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ 28.03.2023 22:44:22 | Օրենսդրությամբ նախատեսել ՀՀ պաշտպանության նախարարի կողմից ՀՀ Ազգային ժողովում պարտադիր տարեկան զեկույցի/հաղորդման ներկայացումը զինված ոժերում մարդու իրավունքների վիճակի թեմայով։ |