- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
«Էներգետիկայի ոլորտում կլիմայի փոփոխության հարմարվողականության ծրագիրը (ԿՓՀ) և 2023-2027 թվականների միջոցառումների ցանկը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է 2021 թվականի մայիսի 13-ի «Կլիմայի փոփոխության հարմարվողականության ազգային գործողությունների ծրագիրը և 2021-2025 թվականների միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N 749-Լ որոշումից, որն ընդունվել է ի կատարումն Փարիզյան համաձայնագրով ՀՀ ստանձնած պարտավորությունների, ՀՀ կառավարության 2021 թվականի հունվարի 14-ի «Հանրապետության էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարական ծրագրին (մինչև 2040 թվականը), Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարական ծրագրի (մինչև 2040 թվականը) իրագործումն ապահովող ծրագիր-ժամանակացույցին հավանություն տալու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 48-Լ որոշումից և ՀՀ կառավարության 2022 թվականի մարտի 24-ի «էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի 2022-2030 թվականների ծրագրին, էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի 2022-2030 թվականների ծրագրի առաջին փուլի (2022-2024 թվականներ) իրագործումն ապահովող ծրագիր-ժամանակացույցին հավանություն տալու մասին» N 398-Լ որոշման: 2021 թվականի մայիսի 13-ի N 749-Լ որոշման 9-րդ գլխում նախատեսվում է կլիմայի փոփոխության հարմարվողականության մի շարք ոլորտային ծրագրերի, այդ թվում՝ Էներգետիկայի ոլորտում (1.3 կետ) հարմարվողականության ծրագրի ընդունում, որոնք հնարավորություն կտան առավել խոցելի ոլորտների կառավարման գործընթացներում ու փաստաթղթերում ներդնել կլիմայի փոփոխության հարմարվողականության նկատառումները:
Հայաստանի Հանրապետության Էներգետիկայի ոլորտը խոցելի է կլիմայի փոփոխության նկատմամբ, ուստի ոլորտում կլիմայի փոփոխության հարմարվողականությանն ուղղված գործողությունների համակարգված իրականացումն անհրաժեշտ է կլիմայի փոփոխության հետևանքով բնակչությանը և տնտեսությանը հասցվող վնասները նվազեցնելու համար:
Էներգետիկայի բնագավառում ԿՓՀ ծրագիրը վեր է հանում որոշակի բացեր, որոնք խոչընդոտում են կլիմայի փոփոխության նկատմամբ էներգետիկ ոլորտի հարմարվողականությանը:
2․ Առաջարկվող կարգավորման բնույթը
Սույն նախագծի ընդունմամբ ուղղորդվելու է Էներգետիկայի ոլորտում կլիմայի փոփոխության հարմարվողականության միջոցառումների իրականացումը՝ հնարավորություն տալով բացահայտել, լուծել ու վերանայել հարմարվողականության կարիքները, խնդիրները, առաջնահերթությունները և անհրաժեշտ ռեսուրսները: Այն հանդիսանալու է նաև Ազգային մակարդակով սահմանված գործողությունների/ներդրումների (ԱՍԳՆ) ձևավորման և ներդրման բնականոն շարունակություն:
Էներգետիկ ոլորտում կլիմայի փոփոխության հարմարվողականության ծրագրի ընդունումը և 2023-2027թթ. առաջարկվող միջոցառումների իրականացումը մեծապես կնպաստեն էներգետիկայի բնագավառում գիտելիքների և հարմարվողականության կարողությունների զարգացմանը, պլանավորման քաղաքականության պատշաճ համակարգմանը և կիրարկմանը, ինչպես նաև կխթանեն կայուն և հուսալի էներգամատակարարման և էներգասպառման ապահովումը փոփոխվող կլիմայի պայմաններում` միաժամանակ հաշվի առնելով նաև գենդերային տեսանկյունը:
3․ Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը
Որոշման նախագիծը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, ՀՀ շրջակա միջավայրի նախարարության և Կանաչ կլիմայի հիմնադրամի կողմից ֆինանսավորվող և ՄԱԶԾի օժանդակությամբ իրականացվող «Հարմարվողականության ազգային ծրագիր՝ Հայաստանում միջնաժամկետ և երկարաժամկետ հարմարվողականության պլանավորման առաջխաղացման համար» ծրագրի շրջանակներում:
4․ Ակնկալվող արդյունքները
Ակնկալվում է, որ ժամանակի ընթացքում էներգետիկայի ոլորտում կլիմայի փոփոխության հարմարվողականության (ԿՓՀ) ծրագրի մոտեցումներն ինտեգրվելու են զարգացման պլանավորման գործընթացի շրջանակներում պետական քաղաքականության, կարգավորման, էներգամատակարարման և վերջնասպառման մակարդակներում՝ ապահովելով շարունակական և պարբերական ուշադրություն էներգահամակարգին սպառնացող ԿՓ ռիսկերի նկատմամբ։
5․ Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին
«Էներգետիկայի ոլորտում կլիմայի փոփոխության հարմարվողականության ծրագիրը և 2023-2027 թվականների միջոցառումների ցանկը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազում չի ակնկալվում:
6․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
Սույն նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի հունվարի 14-ի «Հանրապետության էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարական ծրագրին (մինչև 2040 թվականը), Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարական ծրագրի (մինչև 2040 թվականը) իրագործումն ապահովող ծրագիր-ժամանակացույցին հավանություն տալու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 48-Լ որոշումից և ՀՀ կառավարության 2022 թվականի մարտի 24-ի «էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի 2022-2030 թվականների ծրագրին, էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի 2022-2030 թվականների ծրագրի առաջին փուլի (2022-2024 թվականներ) իրագործումն ապահովող ծրագիր-ժամանակացույցին հավանություն տալու մասին» N 398-Լ որոշումից և 2021 թվականի մայիսի 13-ի «Կլիմայի փոփոխության հարմարվողականության ազգային գործողությունների ծրագիրը և 2021-2025 թվականների միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N 749-Լ որոշումից: