ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 1069-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 28-Ի N 1908-Ն, 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31-Ի N 1701-Ն, 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1292-Ն, 2012 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 2-Ի N 1009-Ն, 2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 28-Ի N 1905-Ն, 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 20-Ի N 104-Ն, 2015 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 2-Ի N 381-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ « ԳՈՒՅՔԸ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ
ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)
Հայաստանի Հանրապետության վարչապետի № 02/10.3/37766-2021 հանձնարարականի 3-րդ կետի համաձայն՝ պետական մարմինների ղեկավարներին հանձնարարվել է գույքագրել իրենց կողմից ղեկավարվող մարմնի գործունեության ոլորտին առնչվող Կառավարության և վարչապետի այն որոշումները, որոնց ընդունման համար օրենքով սահմանված լիազորող նորմ չի գործել և նախաձեռնել դրանց իրավական հիմքն ապահովող օրենսդրական փոփոխություններ:
Ազգային ժողովի կողմից 2022 թվականի հունիսի 9-ին ընդունվել է «Սոցիալական աջակցության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-277-Ն օրենքը, որի կիրառումն ապահովելու նպատակով Վարչապետի 2022 թվականի օգոստոսի 18-ի N 948-Ա որոշմամբ հաստատվել է «Սոցիալական աջակցության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը»: Նշված ցանկի 3-րդ կետի համաձայն անհրաժեշտ է մշակել և ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 1069-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» կառավարության որոշման նախագիծը:
Բացի այդ 2022 թվականի հունիսի 9-ին ընդունված «Սոցիալական աջակցության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-277-Ն օրենքով նոր խմբագրությամբ է սահմանվել «Սոցիալական աջակցության մասին» օրենքի 12-րդ հոդվածը («Կացարանով ապահովելը»):
1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները
«Սոցիալական աջակցության մասին» օրենքի 12-րդ հոդվածի համաձայն՝
- օրենսդրությամբ սահմանված սոցիալական բնակարանային ֆոնդից՝ անհատույց կամ վարձակալական հիմունքներով կացարան տրամադրվում է
- բնակելի տարածություն ստանալու իրավունք ունեցող սոցիալապես անապահով և հատուկ խմբերին դասված այն անձանց (ընտանիքներին), որոնք բնակվում են ժամանակավոր կացարանում, հասարակական նշանակության այլ օբյեկտներում, չունեն սեփականության իրավունքով իրենց պատկանող բնակելի տարածություն և չեն օտարել բնակարան (բնակելի տուն)` կացարանով ապահովելու համար հաշվառման վերցնելու և կացարան տրամադրելու ժամկետներին նախորդող հինգ տարիների ընթացքում.
- հրատապ արձագանք պահանջող՝ ռազմական կամ արտակարգ դրությամբ կամ արտակարգ իրավիճակով կամ անձի կյանքին կամ առողջությանը վտանգ սպառնացող կամ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված այլ հանգամանքներով պայմանավորված իրավիճակներում հայտնված անձանց (ընտանիքներին).
- կացարան տրամադրվում է նաև Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված չափորոշիչները բավարարող անձանց (ընտանիքներին)՝ նվիրաբերության միջոցով.
- Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին տրվել է լիազորություն՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված դեպքերում և կարգով, անձին (ընտանիքին) արտահերթ կարգով ապահովել կացարանով.
- կացարանով ապահովելու կարգը, չափորոշիչները, պայմանները, տրամադրման ժամկետները, հատուցելի պայմանագրերի գումարի չափը, բնակելի տարածություն ստանալու իրավունք ունեցող՝ սոցիալապես անապահով և հատուկ խմբերին դասված անձանց ցանկը հաստատում է կառավարությունը:
Համապատասխան սոցիալական խմբին պատկանող անձանց (ընտանիքներին) սոցիալական բնակարանային ֆոնդից անհատույց օգտագործման կամ վարձակալության պայմանագրի հիման վրա կացարանի տրամադրման հետ կապված իրավահարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 1069-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) N 1, N 2, N 5, N 6 հավելվածներով:
Սոցիալական բնակարանային ֆոնդից անհատույց օգտագործման կամ վարձակալության պայմանագրի հիման վրա կացարանի տրամադրման ոլորտում առկա բացերն ու խնդիրներն են՝
- Անհրաժեշտ է վերանայել անհատույց կամ վարձակալական հիմունքներով սոցիալական բնակարանային ֆոնդից կացարան ստանալու իրավունք ունեցող սոցիալական խմբերի ցանկը՝ ընդգրկելով սոցիալապես անապահով և առավել խոցելի թիրախային խմբերին.
- Արցախյան 44-օրյա պատերազմը ցույց տվեց, որ անհրաժեշտ է ընդլայնել սոցիալական բնակարանային ֆոնդից կացարան ստանալու իրավունք ունեցող անձանց (ընտանիքների) շրջանակը և կարգավորել հրատապ արձագանք պահանջող իրավիճակներում հայտնված անձանց (ընտանիքներին) կացարանով ապահովման առանձնահատկությունները.
- Չնայած գործող Որոշման մեջ նախատեսված է համապատասխան սոցիալական խմբերին պատկանող անձանց սոցիալական բնակարանային ֆոնդից վարձակալության հիմքով կացարանի տրամադրման հնարավորությունը, սակայն վարձավճարի չափը կարգավորող Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի փետրվարի 22-ի N 125 որոշումը ճանաչվել է ուժը կորցրած, որի արդյունքում այժմ հնարավոր չէ կնքել վարձակալության պայմանագրեր.
- Անհրաժեշտ է վերանայել կացարանով ապահովման ժամկետները՝ անձին (ընտանիքին) կյանքի դժվարին իրավիճակից դուրս բերելու և նրանց սոցիալական խնամառությունը բացառելու նպատակով.
- Հիմք ընդունելով Սոցիալական նախարարական կոմիտեի 06.09.2022թ. նիստի N ԿԱ/257-2022 արձանագրության 1-ին կետը անհրաժեշտ է մշակել մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտներից և առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին դասված առանձին անձանց բնակարաններ նվիրաբերելու կարգը.
- Որոշման N 2 հավելվածով կարգավորվում են բնակելի տարածություն ստանալու իրավունք ունեցող՝ սոցիալապես անապահով և հատուկ խմբերին դասված անձանց (ընտանիքներին) հաշվառելու և կացարան տրամադրելու կարգը, իսկ N 5 հավելվածով հատուկ խմբերին դասված որոշակի կատեգորիայի անձանց կացարանով ապահովելու կարգը և պայմանները: Նշված երկու հավելվածներով առկա են կացարանի տրամադրման հետ կապված առանձին իրավակարգավորումներ: Ընդ որում, սոցիալապես անապահով և հատուկ խմբերին դասված անձանց (ընտանիքներին) կացարանում տեղավորման և կացարանի տրամադրման գործառույթն այժմ իրականացնում է «Երևանի N 1 տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ը, իսկ հատուկ խմբերին դասված որոշակի կատեգորիայի անձանց կացարանում տեղավորման և կացարանի տրամադրման գործառույթը՝ «Տնային պայմաններում միայնակ տարեցների և հաշմանդամների սոցիալական սպասարկման կենտրոն» ՊՈԱԿ-ը: Արդյունքում ստացվում է, որ սոցիալական բնակարանային ֆոնդից անհատույց օգտագործման կամ վարձակալության պայմանագրի հիման վրա կացարանում տեղավորման և կացարանով ապահովման գործառույթն իրականացնում են երկու առանձին ՊՈԱԿ-ներ, այնինչ՝ անհրաժեշտ է նշված գործառույթը վերապահել մեկ կազմակերպությանը՝ ապահովելով նաև սոցիալական բնակարանային ֆոնդից անհատույց օգտագործման կամ վարձակալության իրավունքով կացարանի տրամադրման մեկ միասնական ընթացակարգ:
1.2. Առկա խնդրի առաջարկվող լուծումը
Սոցիալական բնակարանային ֆոնդից անհատույց օգտագործման կամ վարձակալության պայմանագրի հիման վրա կացարանի տրամադրման ոլորտում առկա խնդիրների լուծման նպատակով մշակվել են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների նախագծեր՝ նպատակ հետապնդելով կատարելագործել սոցիալական բնակարանային ֆոնդից կացարանի տրամադրման ոլորտը կարգավորող իրավական դաշտը: Մասնավորապես մշակվել են հետևյալ իրավական ակտերի նախագծերը՝
- «Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 1069-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը.
- «Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 28-ի N 1908-Ն, 2002 թվականի հոկտեմբերի 31-ի N 1701-Ն, 2015 թվականի հոկտեմբերի 29-ի N 1292-Ն, 2012 թվականի օգոստոսի 2-ի N 1009-Ն, 2002 թվականի նոյեմբերի 28-ի N 1905-Ն, 2005 թվականի հունվարի 20-ի N 104-Ն, 2015 թվականի ապրիլի 2-ի N 381-Ն որոշումներում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը.
- «Գույքը հետ վերցնելու և ամրացնելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը:
Այսպիսով, նախագծերի ընդունումը կնպաստի այն օրենսդրական բացերի լրացմանը, որոնք ներկայումս առկա են սոցիալական բնակարանային ֆոնդից կացարան տրամադրելու ոլորտում:
- Կարգավորման առարկան
Նախագծերով առաջարկվում է
- վերանայել բնակելի տարածություն ստանալու իրավունք ունեցող՝ սոցիալապես անապահով և հատուկ խմբերին դասված անձանց ցանկը.
- սահմանել հրատապ արձագանք պահանջող իրավիճակներում հայտնված անձանց ցանկը.
- Որոշման N 5 հավելվածն ուժը կորցրած ճանաչել և բնակելի տարածություն ստանալու իրավունք ունեցող՝ սոցիալապես անապահով և հատուկ խմբերին դասված անձանց, հրատապ արձագանք պահանջող իրավիճակներում հայտնված անձանց կացարանով ապահովելու կարգը, պայմանները, տրամադրման ժամկետները կարգավորել N 2 հավելվածով՝ միասնականացնելով սոցիալական բնակարանային ֆոնդից կացարանի տրամադրման գործընթացը.
- այսուհետ սոցիալական բնակարանային ֆոնդից անհատույց օգտագործման կամ վարձակալության պայմանագրի հիման վրա կացարանով ապահովման գործառույթի իրականացումը վերապահել մեկ կազմակերպությանը՝ «Տնային պայմաններում միայնակ տարեցների և հաշմանդամների սոցիալական սպասարկման կենտրոն» ՊՈԱԿ-ին, որը վերանվանվել է «Օթևան» ՊՈԱԿ-ի: Ընդ որում նշված կազմակերպությունը 2024 թվականի հունվարի 1-ից իրականացնելու է բացառապես սոցիալական բնակարանային ֆոնդի սպասարկման և կացարանով ապահովման գործառույթը, իսկ մինչ այդ իրականացնելու է նաև խնամքի կարիք ունեցող, չաշխատող (բացառությամբ՝ տնային պայմաններում աշխատող) տարեց և (կամ) հաշմանդամություն ունեցող անձանց տնային պայմաններում օրենսդրությամբ սահմանված սոցիալական սպասարկման տրամադրումը: Նշվածի արդյունքում վերանայվել են «Երևանի N 1 տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ի (վերանվանված ««Հաղթանակ» շուրջօրյա խնամքի կենտրոն» ՊՈԱԿ), «Օթևան» ՊՈԱԿ-ի գործունեության առարկան, նպատակները և ձեռնարկատիրական գործունեության տեսակները.
- սահմանել սոցիալական բնակարանային ֆոնդից տրամադրվող կացարանի վարձակալության պայմանագրի վարձավճարի չափը և առավել մանրամասն կարգավորել վարձակալության տրամադրման ընթացակարգը.
- վերանայել սոցիալական բնակարանային ֆոնդից տրամադրվող կացարանի օգտագործման կամ վարձակալության պայմանագրերի ժամկետները.
- հաստատել մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտներից և առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին դասված առանձին անձանց բնակարաններ նվիրաբերելու կարգը:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից:
4. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է կատարելագործել սոցիալական բնակարանային ֆոնդից անհատույց օգտագործման կամ վարձակալության պայմանագրի հիման վրա կացարանի տրամադրման ոլորտի իրավական դաշտը, վերանայել թիրախային խմբերի ցանկը, կարգավորել որոշակի հարաբերություններ, որոնք կարգավորված չեն, իսկ որոշակի կարգավորված հարաբերություններում կատարել փոփոխություններ:
5. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում ու ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին
Նախագծերի ընդունման պարագայում լրացուցիչ ֆինանսական միջոցներ անհրաժեշտ չեն և պետական բյուջեում եկամուտների և ծախսերի փոփոխություններ չեն ակնկալվում։
6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
Նախագծերը բխում են ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի թիվ 1363-Ա որոշմամբ հավանության արժանացած ՀՀ կառավարության ծրագրի 4-րդ՝ «Մարդկային կապիտալի զարգացում» կետի 4.6 ենթակետի չորրորդ պարբերությունով սահմանված նպատակից, այն է՝ իրականացվելու են ծրագրեր՝ ուղղված կացարանի կարիք ունեցող ընտանիքների բնակարանային խնդիրների լուծմանը: