Նախագծերը մշակվել են ՀՀ վարչապետի 18.08.2022թ. N 948-Ա որոշման հավելվածով հաստատված «Սոցիալական աջակցության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2022 թվականի հունիսի 9-ի ՀՕ-277-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկի 3-րդ կետի, ինչպես նաև «Սոցիալական աջակցության մասին» օրենքի 12-րդ՝ կացարանով ապահովման վերաբերյալ նոր խմբագրությամբ սահմանված հոդվածի կատարումն ապահովելու նպատակով:
Սոցիալական բնակարանային ֆոնդից անհատույց օգտագործման կամ վարձակալության պայմանագրի հիման վրա կացարանի տրամադրման հետ կապված իրավահարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 1069-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) N 1, N 2, N 5, N 6 հավելվածներով:
Նախագծերը նպատակ են հետապնդում լուծելու սոցիալական բնակարանային ֆոնդից անհատույց օգտագործման կամ վարձակալության պայմանագրի հիման վրա կացարանի տրամադրման ոլորտում առկա խնդիրները:
Նախագծերով առաջարկվում է՝
- վերանայել բնակելի տարածություն ստանալու իրավունք ունեցող՝ սոցիալապես անապահով և հատուկ խմբերին դասված անձանց ցանկը.
- սահմանել հրատապ արձագանք պահանջող իրավիճակներում հայտնված անձանց ցանկը.
- ՀՀ կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 1069-Ն որոշման N 5 հավելվածն ուժը կորցրած ճանաչել և բնակելի տարածություն ստանալու իրավունք ունեցող՝ սոցիալապես անապահով և հատուկ խմբերին դասված անձանց, հրատապ արձագանք պահանջող իրավիճակներում հայտնված անձանց կացարանով ապահովելու կարգը, պայմանները, տրամադրման ժամկետները կարգավորել N 2 հավելվածով՝ միասնականացնելով սոցիալական բնակարանային ֆոնդից կացարանի տրամադրման գործընթացը.
- սոցիալական բնակարանային ֆոնդից անհատույց օգտագործման կամ վարձակալության պայմանագրի հիման վրա կացարանով ապահովման գործառույթի իրականացումը վերապահել մեկ կազմակերպության՝ «Տնային պայմաններում միայնակ տարեցների և հաշմանդամների սոցիալական սպասարկման կենտրոն» ՊՈԱԿ-ին, որը վերանվանվել է «Օթևան» ՊՈԱԿ-ի: Ընդ որում նշված կազմակերպությունը 2024 թվականի հունվարի 1-ից իրականացնելու է բացառապես սոցիալական բնակարանային ֆոնդի սպասարկման և կացարանով ապահովման գործառույթը, իսկ մինչ այդ իրականացնելու է նաև խնամքի կարիք ունեցող, չաշխատող (բացառությամբ՝ տնային պայմաններում աշխատող) տարեց և (կամ) հաշմանդամություն ունեցող անձանց տնային պայմաններում օրենսդրությամբ սահմանված սոցիալական սպասարկման տրամադրումը: Նշվածի արդյունքում վերանայվել են «Երևանի N 1 տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ի (վերանվանված ««Հաղթանակ» շուրջօրյա խնամքի կենտրոն» ՊՈԱԿ), «Օթևան» ՊՈԱԿ-ի գործունեության առարկան, նպատակները և ձեռնարկատիրական գործունեության տեսակները.
- սահմանել սոցիալական բնակարանային ֆոնդից տրամադրվող կացարանի վարձակալության պայմանագրի վարձավճարի չափը և առավել մանրամասն կարգավորել վարձակալության տրամադրման ընթացակարգը.
- վերանայել սոցիալական բնակարանային ֆոնդից տրամադրվող կացարանի օգտագործման կամ վարձակալության պայմանագրերի ժամկետները.
- հաստատել մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտներից և առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին դասված առանձին անձանց բնակարաններ նվիրաբերելու կարգը: