ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
ԱՐՏԱՔԻՆ ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐՏԱՔԻՆ ՀԵՏԱԽՈՒԶՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը
ՀՀ կառավարության 2021-2026 թթ․ ծրագրով ամրագրված է արտաքին հետախուզական ծառայություն ունենալու հրամայականը: Բացի այդ, 2019թ. օգոստոսի 5-ին, այնուհետև՝ Հայաստանի Անկախության 29-րդ տարեդարձի միջոցառումների շրջանակում, Հայաստանի Հանրապետության վարչապետը ներկայացրել է Հայաստանի վերափոխման՝ մինչև 2050թ. Ռազմավարությունը, որտեղ նույնպես խոսվել է աշխարհի 10 ամենաարդյունավետ հետախուզական ծառայություններից մեկն ունենալու մասին: Հաշվի առնելով արցախյան 2016թ. և 2020թ. պատերազմների ընթացքում հետախուզական մարմինների կողմից տեղեկատվության տրամադրման գործընթացում առկա խնդիրները, հետախուզական տեղեկատվության օպերատիվության և որակի բարելավման անհրաժեշտությունը՝ Հայաստանն ունի նոր որակի Հետախուզություն ունենալու և սեփական հետախուզական դպրոցը ձևավորելու հրամայական՝ հետախուզական գործունեության անընդհատության և ոլորտի բարելավման ապահովման նպատակով: Հետախուզության առանձին կառույցի ստեղծման անհրաժեշտության մասին է վկայում նաև այն հանգամանքը, որ տարածաշրջանում միայն Հայաստանն է, որ առայժմ չունի առանձին հետախուզական ծառայություն:
2. Առաջարկվող կարգավորման բնույթը
Որպես առանձին կառույց ՀՀ Արտաքին Հետախուզության ստեղծման անհրաժեշտությունը բխում է՝
• հետախուզական և հակահետախուզական բնույթի գործունեության արդյունավետության բարձրացման,
• դրանցում ֆունկցիոնալ տարանջատման սկզբունքի հետևողական իրականացման,
• տեխնոլոգիական տեսանկյունից՝ բազմատեսակ, գործունեության էության տեսանկյունից՝ բազմաբնույթ Հետախուզական Հանրության բնականոն ստեղծման
հրամայականներից:
Այն համահունչ է համաշխարհային փորձին՝ թե՛ աշխարհի առաջատար երկրների, թե՛ տարածաշրջանի երկրների, թե՛ մեր անմիջական հարևանների օրինակով:
ՀՀ Արտաքին Հետախուզության ստեղծումը ոչ միայն կնպաստի ԱԱԾ գործառութային արդունավետության բարձրացմանը՝ հնարավորություն ընձեռնելով կենտրոնանալ հակահետախուզության և ահաբեկչության դեմ պայքարի ուղղություններով, այլև հնարավորություն կընձեռի ավելի ճկուն ու համարժեք արձագանքել հարաճուն փոփոխվող աշխարհի ու տարածաշրջանի մարտահրավերներին:
3. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները
Նախագծերի փաթեթը մշակվել է Անվտանգության խորհրդի գրասենյակի կողմից՝ շահագրգիռ այլ մարմինների հետ համագործակցությամբ:
4. Ակնկալվող արդյունքը
Նախագծերի ընդունման դեպքում նախատեսվում է ունենալ ժամանակակից ենթակառուցվածքներով և նյութատեխնիկական ապահովածությամբ Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովման գործընթացում ուրույն դերակատարում ունեցող, Հայաստանի Հանրապետության վարչապետին ենթակա մասնագիտացված արտաքին հետախուզական գործունեություն իրականացնող ծառայություն:
5. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում ու ծախսերում սպասվելիք փոփոխությունները
Նախագիծը պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում կհանգեցնի փոփոխությունների:
6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.
Նախագծերի ընդունումը բխում է ՀՀ կառավարության 2021-2026 թթ․ ծրագրի՝ «Անվտանգություն և արտաքին քաղաքականութուն» վերտառությամբ 1-ին կետից: