Добавить в избранное

<ԱՐՏԱՔԻՆ ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐՏԱՔԻՆ ՀԵՏԱԽՈՒԶՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ> ՕՐԵՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ԱՐՏԱՔԻՆ ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐՏԱՔԻՆ ՀԵՏԱԽՈՒԶՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

ԳԼՈՒԽ 1

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

1. Սույն օրենքը կարգավորում է արտաքին հետախուզական գործունեության իրականացման բնագավառում ծագող իրավահարաբերությունները, արտաքին հետախուզական գործունեության նպատակները, սկզբունքները, արտաքին հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների համակարգը, դրանց իրավունքներն ու պարտականությունները, ինչպես նաև սահմանում է Հայաստանի Հանրապետության արտաքին հետախուզության ծառայության (այսուհետ՝ նաև Ծառայություն) լիազորությունները, համակարգը և կառուցվածքը, կազմավորման, գործունեության, ծառայության անցնելու, պաշտոն զբաղեցնելու, ծառայությունից և պաշտոնից ազատելու, ծառայությունը կրելու կարգն ու պայմանները, պաշտոնների ու հատուկ կոչումների դասակարգումը, ծառայողների իրավունքները, պարտականությունները և պատասխանատվությունը, իրավական ու սոցիալական երաշխիքները և ծառայության հետ կապված մյուս հարաբերությունները:

Հոդված 2. Արտաքին հետախուզությունը և արտաքին հետախուզական գործունեությունը

1.Արտաքին հետախուզությունը Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովման համակարգի բաղկացուցիչ մասն է, որն ուղղված է արտաքին սպառնալիքներից անձի, հասարակության և պետության պաշտպանությանը:
2.Արտաքին հետախուզական գործունեությունն արտաքին հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների կողմից իրականացվող գործունեությունն է, որն ուղղված է Հայաստանի Հանրապետության կենսական շահերին առնչվող տեղեկատվություն ստանալուն և մշակելուն, Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության, ռազմաքաղաքական, տնտեսական, գիտատեխնիկական, բնապահպանական և կենսական այլ ոլորտներում պետական քաղաքականության իրականացմանն աջակցելուն:

Հոդված 3. Արտաքին հետախուզական գործունեության իրականացման իրավական հիմքը

1. Արտաքին հետախուզական գործունեությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, Հայաստանի Հանրապետության համապատասխան միջազգային պայմանագրերի, սույն օրենքի, այլ օրենքների և իրավական ակտերի հիման վրա։

Հոդված 4. Արտաքին հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների համակարգը

1. Արտաքին հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների համակարգը բաղկացած է Հայաստանի Հանրապետության արտաքին հետախուզության բնագավառի պետական կառավարման լիազորված մարմնից՝ Ծառայությունից՝ կենտրոնական և մարզային կառուցվածքային ստորաբաժանումներից, հատուկ նշանակության և այլ ստորաբաժանումներից, ինչպես նաև արտաքին հետախուզական գործունեություն իրականացնող այլ մարմիններից (պետական կառավարման համակարգի մարմիններում արտաքին հետախուզական գործունեություն իրականացնող ստորաբաժանումներից):

ԳԼՈՒԽ 2

ԱՐՏԱՔԻՆ ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ,
ՆՊԱՏԱԿՆԵՐԸ, ՄԵԹՈԴՆԵՐԸ, ՁԵՎԵՐՆ ՈՒ ՄԻՋՈՑՆԵՐԸ

Հոդված 5. Արտաքին հետախուզական գործունեության հիմնական սկզբունքները

1. Արտաքին հետախուզական գործունեությունը հիմնված է օրինականության, մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները հարգելու և պաշտպանելու, արտաքին հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների աշխատակիցների, աշխատանքի ձևերի, մեթոդների, ուժերի և միջոցների գաղտնապահության, արտաքին հետախուզական գործունեության աղբյուրների անվտանգության անվերապահ ապահովման, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված գործունեության բացահայտ և գաղտնի մեթոդների ու միջոցների համակցության սկզբունքների վրա:


Հոդված 6. Արտաքին հետախուզական գործունեության նպատակները

1.Արտաքին հետախուզական գործունեության նպատակներն են՝
1) Վարչապետին քաղաքական, անվտանգային, տնտեսական, պաշտպանական, գիտատեխնիկական, տեխնոլոգիական և բնապահպանական բնագավառներում որոշումներ կայացնելու համար անհրաժեշտ տեղեկատվությամբ ապահովումը.
2) Հայաստանի Հանրապետության անվտանգության ոլորտի պետական քաղաքականության մշակման համար անհրաժեշտ պայմանների ստեղծումը, ինչպես նաև նույն քաղաքականության իրականացման ապահովումը.
3) Հայաստանի Հանրապետության արտաքին անվտանգության ապահովմանը, պաշտպանունակությանը, տնտեսական զարգացմանը, գիտատեխնիկական և ռազմաարդյունաբերական առաջընթացին աջակցումը.
4) արտաքին հետախուզական գործունեություն, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովման խնդիրներ իրականացնող այլ մարմիններին արտաքին հետախուզական ոլորտի համապատասխան տեղեկատվությամբ ապահովումը:
2.Արտաքին հետախուզական գործունեությունը չի կարող իրականացվել սույն օրենքով չնախատեսված նպատակներին հասնելու համար:

Հոդված 7. Արտաքին հետախուզական գործունեության մեթոդները, ձևերն ու միջոցները

1.Արտաքին հետախուզական գործունեության ընթացքում արտաքին հետախուզական գործունեություն իրականացնող մարմինները կարող են օգտագործել բացահայտ և գաղտնի մեթոդներ, ձևեր ու միջոցներ։
2. Արտաքին հետախուզական գործունեություն իրականացնող մարմինները հետախուզական գործունեության նպատակին հասնելու համար իրավասու են օգտագործել տեղեկատվական համակարգեր, տեսա-ձայնագրություններ, լուսանկարահանումներ, բաց և փակ կապի տեխնիկական միջոցներ, տեղեկատվության ստացման հրապարակային և ոչ հրապարակային հասանելի աղբյուրներ այդ թվում՝ բաց աղբյուրներից, գործակալական, ռադիոտեխնիկական, տեսապատկերային և այլ հետախուզության արդյունքում ստացված տեղեկատվությունները։
3. Արտաքին հետախուզական գործունեության գաղտնի մեթոդների, ձևերի և միջոցների օգտագործման կարգը սահմանվում է օպերատիվ-հետախուզական գործունեությունը կանոնակարգող Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և արտաքին հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների իրավական ակտերով։
4. Արտաքին հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների կողմից սեփական անվտանգության ապահովումը իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Հոդված 8. Հատուկ տեխնիկական միջոցները

1. Արտաքին հետախուզական գործունեության շրջանակներում օգտագործվող հատուկ տեխնիկական միջոցների ցանկը հաստատում է արտաքին հետախուզական գործունեություն իրականացնող մարմնի ղեկավարը՝ համաձայնեցնելով Վարչապետի հետ:
2. Արտաքին հետախուզական միջոցառումների անցկացման ընթացքում կիրառվող հատուկ տեխնիկական միջոցները չպետք է վնաս պատճառեն մարդկանց կյանքին ու առողջությանը, ինչպես նաև շրջակա միջավայրին:
3. Արգելվում է արտաքին հետախուզական գործունեության ոլորտում գաղտնի տեղեկություններ ստանալու համար նախատեսված (մշակված, ծրագրված, հարմարեցված) հատուկ տեխնիկական և այլ միջոցների օգտագործումը և արտաքին հետախուզական միջոցառումների անցկացումը սույն օրենքով չլիազորված պետական մարմինների, ստորաբաժանումների կամ ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից:

Հոդված 9. Արտաքին հետախուզական գործունեության արդյունքում ձեռք բերված տեղեկատվության տրամադրումը

1. Արտաքին հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների կողմից արտաքին հետախուզական գործունեության արդյունքում ձեռք բերված տեղեկատվությունը տրամադրվում է Վարչապետին՝ վերջինիս սահմանած կարգով։
2. Վարչապետի սահմանած կարգով արտաքին հետախուզական տեղեկատվությունը կարող է տրամադրվել նաև պետական այլ մարմիններին։
3. Արտաքին հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների ղեկավարները պատասխանատու են տեղեկատվության ժամանակին տրամադրման, դրա հավաստիության և անաչառության համար։
4. Արտաքին հետախուզական գործունեության արդյունքում ձեռք բերված տեղեկատվությունը համարվում է պետական կամ ծառայողական գաղտնիք, որը պաշտպանվում (պահպանվում), գաղտնազերծվում և արխիվացվում է օենսդրությամբ սահմանված կարգով:

Հոդված 10. Արտաքին հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների համագործակցությունը Հայաստանի Հանրապետության պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների և օտարերկրյա պետությունների, հատուկ ծառայությունների, իրավապահ մարմինների ու կազմակերպությունների հետ

1. Հայաստանի Հանրապետության արտաքին հետախուզական գործունեություն իրականացնող մարմիններն իրենց իրավասությունների շրջանակներում համագործակցում են Հայաստանի Հանրապետության պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և այլ պետական կազմակերպությունների հետ։
2. Հայաստանի Հանրապետության պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն իրենց իրավասությունների սահմաններում աջակցում են արտաքին հետախուզական գործունեություն իրականացնող մարմիններին։
3. Հայաստանի Հանրապետության արտաքին հետախուզության մարմինների և օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների իրավապահ մարմինների և կազմակերպությունների միջև համագործակցությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի, ոլորտային համագործակցությունը կանոնակարգող փաստաթղթերի, իսկ բացառիկ դեպքերում՝ փոխադարձության հիման վրա։
ԳԼՈՒԽ 3

ԱՐՏԱՔԻՆ ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ
ՄԱՐՄԻՆՆԵՐԸ

Հոդված 11. Արտաքին հետախուզական գործունեություն իրականացնող մարմինները

1. Օրենքով իրենց վերապահված լիազորությունների շրջանակներում արտաքին հետախուզական գործունեություն իրականացնելու իրավունք ունեն՝
1) Ծառայությունը.
2) պաշտպանության բնագավառի պետական լիազոր մարմնի հետախուզության ստորաբաժանումը՝ ռազմական, ռազմաքաղաքական, ռազմատեխնիկական և ռազմա-տնտեսական ոլորտներում.
3) Ազգային անվտանգության ծառայության հետախուզության ստորաբաժանումը:
2. Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված արտաքին հետախուզական գործունեություն իրականացնող մարմիններին վերապահվում են սույն օրենքով Ծառայությանը վերապահված լիազորությունները՝ վերաբերող մասով:
3. Արտաքին հետախուզական գործունեություն իրականացնող մարմինները ֆինանսավորվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցներից:

Հոդված 12. Արտաքին հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների իրավունքները

1. Արտաքին հետախուզական գործունեություն իրականացնող մարմիններն իրենց առջև դրված խնդիրներն իրականացնելիս իրավունք ունեն`
1) բացահայտ կամ գաղտնի մեթոդների, ձևերի ու միջոցների օգտագործմամբ իրականացնելու սույն օրենքով նախատեսված արտաքին հետախուզական գործունեություն.
2) հատուցմամբ կամ անհատույց, պայմանագրով կամ առանց դրա համագործակցելու արտաքին հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների հետ համագործակցելու ցանկություն հայտնած անձանց հետ.
3) օգտագործելու արտաքին հետախուզական գործունեություն իրականացնող մարմիններին հատկացված (ամրացված) շինությունները, հատուկ և այլ տեխնիկական ու տրանսպորտային միջոցները.
4) Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված կարգով ու շրջանակներում համագործակցել օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների, իրավապահ մարմինների և կազմակերպությունների հետ:

Հոդված 13. Արտաքին հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների պարտականությունները

1. Արտաքին հետախուզական գործունեություն իրականացնող մարմինները պարտավոր են`
1) հանցավոր ոտնձգություններից պաշտպանել իրենց աշխատակիցներին, այդ մարմինների հետ համագործակցող անձանց, նրանց ընտանիքների անդամներին, ինչպես նաև իրենց տրամադրության տակ գտնվող տեխնիկական, տրանսպորտային, կապի և այլ միջոցները, տեղեկատվական և այլ համակարգերը, շենքերն ու շինությունները.
2) իրենց լիազորություններն իրականացնելիս համագործակցել իրավապահ մարմինների հետ` նրանցից ստանալով վերջիններիս հայտնի դարձած և այդ մարմինների իրավասությանը վերաբերող տեղեկությունները.
3) համատեղ ընդունված իրավական ակտերով սահմանված կարգով համագործակցել արտաքին հետախուզական միջոցառումներ անցկացնելիս:

Հոդված 14. Արտաքին հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների հետ համագործակցող անձինք

1. Արտաքին հետախուզական գործունեություն իրականացնող մարմինները կարող են հատուցմամբ կամ անհատույց, պայմանագրով կամ առանց դրա համագործակցային հարաբերություններ հաստատել չափահաս գործունակ անձանց հետ, ովքեր համաձայնություն են տվել ցուցաբերել գաղտնի աջակցություն արտաքին հետախուզական գործունեություն իրականացնող մարմիններին։ Սույն կետում նշված անձանց հետ պայմանագրի կնքման, վերջիններիս իրավունքներն ու պարտականությունները, նրանց կողմից իրականացվող միջոցառումների շրջանակն ու իրականացման կարգը հաստատում է Վարչապետը։
2. Արտաքին հետախուզական գործունեություն իրականացնող մարմիններն իրավունք չունեն որպես համագործակցող անձ ներգրավելու Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներին, Կառավարության անդամներին, Անվտանգության խորհրդի քարտուղարին, Բարձրագույն դատական խորհրդի անդամներին, Հայաստանի Հանրապետության դատարանների դատավորներին, դատախազներին, Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանին, ազգային անվտանգության մարմինների, ոստիկանության, զինված ուժերի աշխատակիցներին, քրեակատարողական ծառայողներին, բացառությամբ օրենքով սահմանված կարգով իրականացվող հետախուզական գործունեության իրականացման նպատակով ներգրավման, ինչպես նաև քննչական մարմինների և այլ օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների օպերատիվ ստորաբաժանումների աշխատակիցներին։
3. Ծառայությանը և արտաքին հետախուզական գործունեություն իրականացնող այլ մարմիններին գաղտնի աջակցություն ցուցաբերող (ցուցաբերած) անձանց մասին տեղեկությունները հանդիսանում են պետական գաղտնիք և ենթակա չեն գաղտնազերծման նույնիսկ պետական գաղտնիք հանդիսացող տեղեկությունների գաղտնագրման առավելագույն թույլատրելի ժամկետի սպառման դեպքում։ Նշյալ տեղեկությունները հասանելի են միայն Ծառայության և արտաքին հետախուզական գործունեություն իրականացնող այլ մարմինների ղեկավարներին և նրանց կողմից դրա համար լիազորված արտաքին հետախուզական գործունեություն իրականացնող համապատասխան մարմնի աշխատակիցներին՝ վերաբերելի մասով:
4. Արտաքին հետախուզական գործունեություն իրականացնող մարմիններին գաղտնի աջակցություն ցուցաբերող (ցուցաբերած) անձանց և նրանց ընտանիքների անդամների անվտանգությունն ապահովելու նպատակով կարող են անցկացվել նրանց պաշտպանությանն ուղղված հատուկ միջոցառումներ։ Սույն մասում նշված միջոցառումների անցկացումը թույլատրվում է արտաքին հետախուզական գործունեություն իրականացնող մարմնի ղեկավարի կողմից՝ համաձայնեցնելով Վարչապետի հետ։
ԳԼՈՒԽ 4

ԱՐՏԱՔԻՆ ՀԵՏԱԽՈՒԶՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ, ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 15. Ծառայությունը

1. Ծառայությունը «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված արտաքին հետախուզության ոլորտում գործող Վարչապետին ենթակա մարմին է, որն իրականացնում է սույն օրենքով և մյուս համապատասխան իրավական ակտերով իրեն վերապահված լիազորություններ:
2. Ծառայությունում ծառայությունը պետական ծառայության տեսակ է, որի առանձնահատկությունները սահմանվում են սույն օրենքով, այլ օրենքներով և իրավական ակտերով:
3. Ծառայությունը բաղկացած է կենտրոնական և մարզային կառուցվածքային ստորաբաժանումներից, ուսումնական կենտրոններից, հատուկ և այլ ստորաբաժանումներից:

Հոդված 16. Ծառայության լիազորությունները, պատվիրակված գործառույթների իրականացումը

1. Սույն օրենքով սահմանված նպատակներով Ծառայությունը արտաքին հետախուզական գործունեության շրջանակներում՝
1) կամավոր համաձայնություն տված անձանց հետ գաղտնի հիմունքներով հաստատում է համագործակցային հարաբերություններ.
2) իրականացնում է անձնակազմի ծածկագրման և դրա գործունեության կազմակերպմանն ուղղված միջոցառումներ՝ այդ նպատակով այլ մարմինների և կազմակերպությունների հնարավորությունների օգտագործմամբ.
3) օրենքով սահմանված կարգով իրականացնում է օպերատիվ-հետախուզական միջոցառումներ.
4) սահմանված կարգով պատրաստում է օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների պաշտոնատար անձանց, հաստիքային գաղտնի աշխատողներին և այդ մարմինների հետ գաղտնի հիմունքներով համագործակցող անձանց, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների կողմից ստեղծված կազմակերպությունները, հիմնարկները, շահագործվող շինությունները, հատուկ տեխնիկական և տրանսպորտային միջոցները քողարկող փաստաթղթեր.
5) ներթափանցում է հետախուզական և հատուկ ծառայություններ ու այլ գործունեություն իրականացնող կազմակերպություններ, ինչպես նաև հանցավոր խմբավորումներ, որոնց գործունեությունը կարող է վնասել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգությանը.
6) հետախուզական տեղեկություններ է հավաքում Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովման, նրա տնտեսական, գիտատեխնիկական և պաշտպանական ներուժի հզորացման, պետության անվտանգության ամրապնդման նպատակով.
7) ստանում, մշակում և վերլուծում է Հայաստանի Հանրապետության անվտանգության սպառնալիքների մասին տեղեկատվությունը, կանխատեսում վտանգները, իրականացնում է առկա և հնարավոր սպառնալիքների նախականխման և կանխմանն ուղղված միջոցառումներ.
8) ռադիոհաճախականությունների բաշխումը և նշանակումը տնօրինող կազմակերպություններից ստանում է ռադիոհաճախականությունների տիրույթներ, ինչպես նաև վարձակալում է Հայաստանի Հանրապետության համապատասխան կազմակերպություններից կապի գծերն ու կապուղիները՝ Հայաստանի Հանրապետությունում և նրա տարածքից դուրս կառավարական կապի ու հատուկ կապի այլ տեսակների բացառիկ օգտագործման համար.
9) արտաքին հետախուզական գործունեության համակարգման և արդյունքների ամփոփման համար ստեղծում է կապի, տեղեկատվական և տվյալների փոխանցման համակարգեր, տեղեկատվության պաշտպանության միջոցներ (այդ թվում՝ նաև կրիպտոգրաֆիկական պաշտպանության միջոցներ), Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան՝ սահմանում Ծառայության գործունեությանը վերաբերող օպերատիվ, արխիվային և այլ նյութերի հաշվառման, պահպանման ու օգտագործման կարգը.
10) ծառայողական պարտականությունների կատարմամբ պայմանավորված օգտագործում է պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին պատկանող կապի և դրա հայտնաբերման միջոցները, իսկ անհետաձգելի դեպքերում` նաև կազմակերպություններին ու ֆիզիկական անձանց պատկանող կապի և դրա հայտնաբերման միջոցները` համարժեք հատուցմամբ.
11) սահմանված կարգով պետական մարմիններ և կազմակերպություններ է ներկայացնում առաջարկություններ կամ միջնորդություններ անվտանգության սպառնալիքների և այն հանցագործությունների կատարմանը նպաստող պատճառների ու պայմանների վերացման մասին, որոնց բացահայտումը, կանխումն ու խափանումը վերապահված են համապատասխան մարմնի իրավասությանը.
12) պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից, կազմակերպություններից, օրենքով սահմանված կարգով, ստանում է այնպիսի տեղեկություններ (այդ թվում` առցանց), որոնք անհրաժեշտ են արտաքին հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների վրա դրված պարտականությունների կատարման համար, բացառությամբ այն դեպքերի, երբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ տեղեկությունների ստացման հատուկ կարգ է սահմանված.
13) արտաքին հետախուզական գործունեություն իրականացնելու համար կարող է ունենալ տեղեկատվական համակարգեր, վերլուծության, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական նպատակներով տեսագրման, ձայնագրման, կինոնկարահանման, լուսանկարահանման և այլ տեխնիկական միջոցառումների կենտրոններ.
14) իր իրավասության սահմաններում, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի, ոլորտային համագործակցությունը կանոնակարգող փաստաթղթերի, իսկ բացառիկ դեպքերում` փոխադարձության հիման վրա, համագործակցում է օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների և իրավապահ մարմինների հետ ու սահմանված կարգով, փոխգործակցության հիման վրա, նրանց հետ փոխանակում օպերատիվ տեղեկություններ, հատուկ տեխնիկական և այլ միջոցներ.
15) Ծառայության աշխատակիցների, ստորաբաժանումների, շինությունների և տրանսպորտային միջոցների քողարկման նպատակով օգտագործում է պետական մարմինների և կազմակերպությունների փաստաթղթերը, այլ միջոցները, որոնք անհրաժեշտ են քողարկման համար.
16) իրականացնում է փաստաթղթերի քողարկում՝ Ծառայության և արտաքին հետախուզական գործունեություն իրականացնող այլ մարմինների աշխատակիցների և կամավոր համաձայնություն տված անձանց գործունեությանն առնչվող, շինությունների, տրանսպորտային միջոցների գերատեսչական պատկանելիության վերաբերյալ տեղեկատվության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պետական տեղեկատվական համակարգերում և/կամ պետական մարմինների տվյալների շտեմարաններում տեղեկատվության ծածկագրման նպատակով.
17) համագործակցում է արտաքին հետախուզական և հակահետախուզական, ինչպես նաև ազգային անվտանգության ապահովման բնագավառում գործունեություն իրականացնող այլ իրավասու մարմինների հետ.
18) արտաքին հետախուզական գործունեություն իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու կազմակերպությունների հետ կնքում է համապատասխան համաձայնագրեր.
19) իր լիազորությունների շրջանակներում՝ ապահովում է Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գտնվող Հայաստանի Հանրապետության հաստատություններում առկա արտաքին հետախուզական գործունեության արդյունքում ձեռք բերված պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների պաշտպանությունը.
20) ապահովում է Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գտնվող Հայաստանի Հանրապետության պետական հաստատությունների աշխատակիցների և նրանց ընտանիքների անդամների, ինչպես նաև օտարերկրյա պետություններ գործուղված Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիների և նրանց ընտանիքների անդամների անվտանգությունը, ովքեր իրենց գործունեության բնույթով ունեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ պետական գաղտնիք կազմող տեղեկություններին առնչվելու թույլտվություն.
21) համագործակցում է այլ պետությունների հետախուզական և հակահետախուզական ծառայությունների հետ.
22) իրականացնում է սեփական անվտանգության ապահովում՝ սեփական ուժերի, միջոցների և տեղեկատվության պաշտպանություն հակաիրավական գործողություններից և սպառնալիքներից.
23) Ծառայության գործունեության համար ստեղծում է անհրաժեշտ կազմակերպական կառույցներ (ստորաբաժանումներ և կազմակերպություններ).
24) իրականացնում է սույն օրենքով և մյուս համապատասխան իրավական ակտերով իրեն վերապահված արտաքին հետախուզական ոլորտի այլ լիազորություններ:
2.Ծառայությունն իր գործունեության իրականացման համար կարող է օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռք բերել, մշակել, ստեղծել և շահագործել տեղեկատվական, տվյալների փոխանցման և կապի համակարգեր, ինչպես նաև տեղեկատվության պաշտպանության և արտահոսքի կանխման հատուկ միջոցներ։
3.Ծառայությունն իրավասու է պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից, կազմակերպություններից անհատույց կերպով ստանալ հասանելիություն իր գործունեության համար անհրաժեշտ տեղեկատվական համակարգերին և/կամ տվյալների շտեմարաններին, այդ թվում՝ հեռակա հասանելիության ռեժիմում։
4.Ծառայությունն ունի ծառայողների մասնագիտական պատրաստության և որակավորման բարձրացման նպատակով, օրենքով սահմանված կարգով, համապատասխան ուսումնական և որակավորման բարձրացման հաստատություններ, գիտահետազոտական կազմակերպություններ և արխիվներ, հատուկ հրատարակությունների թողարկում:
5.Ծառայությունն իրավունք ունի կանխելու իր օբյեկտների օդային տարածքում անօդաչու թռչող սարքերի գտնվելը՝ հակաիրավական գործողություններից և սպառնալիքներից սեփական ուժերի, միջոցների և տեղեկատվության պաշտպանության նպատակով։ Այդպիսի կանխումն իրականացվում է անօդաչու թռչող սարքերի հեռավար կառավարման ազդանշանների խլացման կամ ձևափոխման միջոցով, դրանց կառավարման վահանակների վրա ազդեցության, ինչպես նաև տվյալ անօդաչու թռչող սարքերի վնասման կամ ոչնչացման միջոցով։ Սույն մասում նշված նպատակով Ծառայության օբյեկտների օդային տարածքում անօդաչու թռչող սարքերի գտնվելու կանխման մասին որոշում ընդունելու կարգը, ինչպես նաև նման որոշում կայացնելու համար լիազորված պաշտոնատար անձանց ցանկը սահմանվում է Ծառայության պետի հրամանով։

Հոդված 17. Զենքի, հատուկ միջոցների և ֆիզիկական ուժի կիրառումը

1. Ծառայության ծառայողներին թույլատրվում է կրել և պահել հաշվեցուցակային զենք ու հատուկ միջոցներ: Նրանք իրավունք ունեն օրենքով նախատեսված դեպքերում և կարգով ֆիզիկական ուժ, այդ թվում` ձեռնամարտի հնարքներ, ինչպես նաև զենք ու հատուկ միջոցներ կիրառել:

 

 

ԳԼՈՒԽ 5

ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

Հոդված 18. Ծառայության կառուցվածքը

1. Ծառայության կառուցվածքին վերաբերող հարցերը կարգավորվում են սույն օրենքով և Ծառայության կանոնադրությամբ:
2. Ծառայության կառուցվածքի, անձնակազմի թվաքանակի և հաստիքացուցակի վերաբերյալ տեղեկատվությունը հանդիսանում է պետական գաղտնիք:

Հոդված 19. Ծառայության պետը

1. Ծառայության անմիջական ղեկավարումն իրականացնում է ծառայության պետը (այսուհետ` Ծառայության պետ): Ծառայության պետն անմիջականորեն ենթակա և հաշվետու է Վարչապետին:
2. Ծառայության պետը`
1) ապահովում է Ծառայության բնականոն գործունեությունը.
2) օրենքով, այլ իրավական ակտերով նախատեսված գործունեության բնագավառին, նպատակներին ու խնդիրներին համապատասխան՝ առաջարկություններ է ներկայացնում Վարչապետին.
3) օրենքով նախատեսված դեպքերում և կարգով նշանակում և ազատում է Ծառայության աշխատակիցներին, նրանց նկատմամբ կիրառում խրախուսանքի ու կարգապահական տույժի միջոցներ, ներկայացնում է առաջարկություններ Ծառայության աշխատակիցներին պետական պարգևներով պարգևատրելու նպատակով.
4) կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում Ծառայության պետին անմիջական հաշվետու անձանց՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող իրավական ակտերը.
5) Վարչապետին է ներկայացնում Ծառայության գործունեության մասին տարեկան ֆինանսական հաշվետվություններն ու տարեկան հաշվեկշիռը, հաստատում Ծառայության տարեկան պահպանման ծախսերի նախահաշիվը, դրա կատարողականը և ֆինանսական հաշվետվությունների արժանահավատության վերստուգման արդյունքները.
6) վերահսկողություն է իրականացնում Ծառայությանն ամրացված պետական սեփականության պահպանության ու օգտագործման նկատմամբ.
7) Վարչապետի հաստատմանն է ներկայացնում Ծառայության աշխատակիցների թիվը, հաստիքացուցակը, կանոնադրությունը, ինչպես նաև դրա կառուցվածքային փոփոխությունների և վերակազմակերպման վերաբերյալ հարցերը.
8) ձևավորում է աշխատանքային խմբեր.
9) ընդունում է անհատական և ներքին իրավական ակտեր, արձակում է հրամաններ, տալիս հանձնարարականներ, կարգադրություններ, ցուցումներ, վերահսկում դրանց կատարման ընթացքը.
10) ներկայացնում է Ծառայությունը Հայաստանի Հանրապետությունում, ինչպես նաև օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների հետ հարաբերություններում.
11) կարող է դիմել պետական մարմիններին ու կազմակերպություններին (այդ թվում՝ ոչ պետական) Ծառայության գործունեության ոլորտին առնչվող անհրաժեշտ տեղեկատվություն և նյութեր, գրավոր կամ բանավոր պարզաբանումներ ստանալու նպատակով.
12) սահմանում է Ծառայության կառուցվածքային ստորաբաժանումների գործառույթները, իրավասության սահմանները.
13) իրականացնում է սույն օրենքով, մյուս համապատասխան իրավական ակտերով, ինչպես նաև օրենքով Վարչապետին ենթակա մարմնի ղեկավարին վերապահված այլ լիազորություններ:
Գ Լ ՈՒ Խ 6

ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՊԱՇՏՈՆՆԵՐԸ, ՊԱՇՏՈՆԻ ՆՇԱՆԱԿԵԼԸ, ՏԵՂԱՓՈԽԵԼԸ, ԿԱԴՐԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅԱՆ ՏԱԿ ԹՈՂՆԵԼԸ ԵՎ ԱՏԵՍՏԱՎՈՐԵԼԸ

Հոդված 20. Ծառայության պաշտոնները

1. Ծառայության ծառայողների պաշտոնները դասակարգվում են խմբերի` ելնելով այդ պաշտոնները զբաղեցնող անձանց աշխատանքի կազմակերպման և ղեկավարման պատասխանատվության, որոշումներ կայացնելու իրավասության, գործունեության ազդեցության, շփումների և ներկայացուցչության, խնդիրների բարդության և դրանց լուծման, ինչպես նաև մասնագիտական գիտելիքների և կոմպետենցիաների տեսանկյունից ներկայացվող պահանջներից:
2. Ծառայության ծառայողների պաշտոնները դասակարգվում են հետևյալ խմբերի.
1) ծառայության բարձրագույն պաշտոններ.
2) ծառայության գլխավոր պաշտոններ.
3) ծառայության ավագ պաշտոններ.
4) ծառայության միջին պաշտոններ.
5) ծառայության կրտսեր պաշտոններ:
3. Ծառայության պաշտոնների բարձրագույն, գլխավոր, ավագ, միջին և կրտսեր խմբերը բաժանվում են ենթախմբերի, որտեղ առաջին ենթախումբը համարվում է տվյալ պաշտոնների ամենաբարձր ենթախումբը:
4.Ծառայության կոնկրետ պաշտոններին համապատասխանող կոչումները և դրանց ստորին ու վերին սահմաններն ու շնորհման կարգը սահմանում է Վարչապետը:
5. Ծառայության հաստիքները ենթակա են համալրման նաև պայմանագրային հիմունքներով քաղաքացիական աշխատանք կատարող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց կողմից, որոնք ծառայողներ չեն և նրանց աշխատանքային հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ:

Հոդված 21. Ծառայությունում պաշտոնի նշանակմանը ներկայացվող պահանջները

1.Ծառայությունում պաշտոն կարող է զբաղեցնել միայն Հայաստանի Հանրապետության այն քաղաքացին, ով`
1) տիրապետում է հայերենին.
2) իր գործնական, անձնական, բարոյական հատկանիշներով, կրթությամբ, առողջական վիճակով և ֆիզիկական պատրաստականությամբ ունակ է կատարելու Ծառայության ծառայողի պարտականությունները:
2. Ծառայությունում թափուր պաշտոն առաջանալու դեպքում ծառայության կարող են ընդունվել նաև ազգային անվտանգության, զինված ուժերի, ոստիկանության, փրկարար ծառայության, քրեակատարողական ծառայության մարմինների, հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողներ, դատախազներ, քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձինք (այդ թվում՝ նշված մարմիններում և պաշտոններում նախկինում ծառայած կամ աշխատած անձինք), որոնք բավարարում են տվյալ պաշտոնին նշանակվելու համար Ծառայության ծառայողներին ներկայացվող պահանջները:
3. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված պետական մարմինների և Ծառայության պաշտոնների համապատասխանությունը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
4. Ծառայությունում ծառայության անցնելու համար թեկնածուների ընտրության, ուսումնասիրման կարգը, ինչպես նաև նրանց ներկայացվող մասնագիտական (այդ թվում՝ օտար լեզվի իմացության), ֆիզիկական պատրաստականության, առողջական վիճակի հետ կապված և այլ պահանջները, ինչպես նաև պաշտոնի նշանակման, Ծառայության ծառայողներին ծառայության նոր վայր տեղափոխման, այլ պետական մարմիններ գործուղման, կադրերի ռեզերվում ընդգրկվելու պայմաններն ու կարգերը սահմանում է Վարչապետը:
5. Ծառայությունում ծառայության չի կարող անցնել այն քաղաքացին, ով`
1) դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.
2) դատական կարգով զրկվել է քաղաքացիական կամ այլ ծառայությունում պաշտոն զբաղեցնելու իրավունքից.
3) դատապարտվել է հանցագործություն կատարելու համար.
4) չի համապատասխանում սույն հոդվածի առաջին մասով սահմանված պահանջներին.
5) ում նկատմամբ իրականացվում է քրեական հետապնդում.
6) միաժամանակ հանդիսանում է այլ պետության քաղաքացի կամ ունի (ունեցել է) այլ պետությունում կացության կարգավիճակ, բացառությամբ ուսման, բուժման, ընտանեկան հանգամանքների բերումով տրամադրված կացության կարգավիճակի:

Հոդված 22. Ծառայությունում ընդգրկված լինելու տարիքային սահմանափակումները

1. Ծառայությունում ծառայության պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքը 65 տարին է:
2. Ծառայությունում ծառայության պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքը լրանալու դեպքում տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի որոշմամբ պետական ծառայողի պաշտոնավարումը կարող է երկարաձգվել մինչև երկու տարի ժամկետով, իսկ Ծառայության ուսումնական հաստատության դասախոսական կազմինը` մինչև 5 տարի ժամկետով:

Հոդված 23. Ծառայության պաշտոնի նշանակումը

1. Ծառայության պետին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Վարչապետը:
2. Ծառայության պետի տեղակալներին Ծառայության պետի առաջարկությամբ պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Վարչապետը:
3. Ծառայության ծառայողների գլխավոր, ավագ, միջին, կրտսեր խմբերի պաշտոններում նշանակում ու պաշտոնից ազատում է Ծառայության պետը:
4.Սույն հոդվածով նախատեսված պաշտոններում նշանակելիս պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի կողմից միաժամանակ կարող է շնորհվել տվյալ պաշտոնին համապատասխան հատուկ կոչում, եթե տվյալ անձը չունի նախատեսված կոչումից բարձր կոչում:

Հոդված 24. Ծառայության ծառայողների ատեստավորումը

1. Ծառայության ծառայողների ընտրության, մասնագիտական ունակությունների գնահատման, զբաղեցրած պաշտոնին համապատասխանության և առաջխաղացման հեռանկարը որոշելու նպատակով կատարվում է ատեստավորում, որի անցկացման կարգն ու պայմանները սահմանում է Վարչապետը:
2. Ատեստավորում անցկացնելու համար Ծառայության պետի հրամանով ստեղծվում է ատեստավորման հանձնաժողով (հանձնաժողովներ):
3. Արտաքին հետախուզական խնդիրների իրականացման, պլանավորման և վերահսկման, ինչպես նաև հետախուզական տեղեկատվության վերլուծության, օպերատիվ-հետախուզական և հատուկ գործողությունների իրականացման գործառույթներ ունեցող պաշտոններ զբաղեցնող Ծառայության ծառայողներին հավելավճար հաշվարկելու նպատակով իրականացվող ատեստավորման կարգը և արտաքին հետախուզական խնդիրների իրականացման, պլանավորման և վերահսկման, ինչպես նաև հետախուզական տեղեկատվության վերլուծության, օպերատիվ-հետախուզական և հատուկ գործողությունների իրականացման գործառույթների շրջանակը սահմանում է Վարչապետը:

ԳԼՈՒԽ 7

ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ

Հոդված 25. Ուսումնական կենտրոնը

1. Ծառայության համակարգում գործում է ուսումնական հաստատություն (ուսումնական կենտրոն):
2. Ծառայության ուսումնական կենտրոնի գործունեությունը կարգավորվում է սույն օրենքով, իր կանոնադրությամբ և այլ իրավական ակտերով:
3.Ուսումնական կենտրոն ընդունելության, ուսումնական կենտրոն ընդունվելիս համապատասխան պայմանագիր կնքելու, ուսումնական կենտրոնն ավարտելուց հետո հետագա ծառայության նվազագույն ժամկետի և ժամկետից շուտ ծառայությունն ավարտելու (այդ թվում՝ ուսման ծախսերի փոխհատուցման) հետ կապված հարցերը կարգավորվում են Վարչապետի սահմանած կարգով:
4.Ուսումնական կենտրոնը ֆինանսավորվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից:

Հոդված 26. Ծառայության բժշկական հանձնաժողովը

1. Ծառայության պետը ձևավորում է բժշկական հանձնաժողով, որի ձևավորման ու գործունեության կարգն ու պայմանները սահմանում է Վարչապետը:

Գ Լ ՈՒ Խ 8

ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀԱՏՈՒԿ ԿՈՉՈՒՄՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ՇՆՈՐՀՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

Հոդված 27. Ծառայության ծառայողների հատուկ կոչումները

1. Ծառայության ծառայողների համար սահմանվում են հետևյալ հատուկ կոչումները.
1) արտաքին հետախուզության ծառայության գեներալ-գնդապետ.
2) արտաքին հետախուզության ծառայության գեներալ-լեյտենանտ.
3) արտաքին հետախուզության ծառայության գեներալ-մայոր.
4) արտաքին հետախուզության ծառայության գնդապետ.
5) արտաքին հետախուզության ծառայության փոխգնդապետ.
6) արտաքին հետախուզության ծառայության մայոր.
7) արտաքին հետախուզության ծառայության կապիտան.
8) արտաքին հետախուզության ծառայության ավագ լեյտենանտ.
9) արտաքին հետախուզության ծառայության լեյտենանտ.
10) արտաքին հետախուզության ծառայության ավագ ենթասպա.
11) արտաքին հետախուզության ծառայության ենթասպա:
2. Ծառայության ծառայողը հատուկ կոչումից զրկվում է ծառայությունից սույն օրենքի 42-րդ հոդվածի առաջին մասի 2-րդ, 5-րդ և 10-րդ կետերով նախատեսված հիմքերով արձակվելու դեպքերում:
3. Ծառայության ծառայողներին հատուկ կոչումներ շնորհելու ընդհանուր պայմանները, այդ թվում՝ հերթական հատուկ կոչում շնորհելու, հատուկ կոչումն իջեցնելու և վերականգնելու և դրա հետ կապված այլ հարաբերությունները սահմանում է Վարչապետը:

Գ Լ ՈՒ Խ 9

ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ՎԻՃԱԿԸ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ

Հոդված 28. Արտաքին հետախուզության ծառայության ստաժը

1. Հայաստանի Հանրապետության արտաքին հետախուզական գործունեություն իրականացնող այլ մարմինների ծառայողներին, ինչպես նաև սույն օրենքի 21-րդ հոդվածի պահանջները բավարարող այլ անձանց Ծառայության համապատասխան ստորաբաժանումներում պաշտոնի նշանակելիս համապատասխան (նախկին) մարմիններում նրանց ունեցած ստաժը հաշվարկվում է Ծառայությունում պաշտոն զբաղեցնելու ստաժի մեջ:

Հոդված 29. Ծառայության ծառայողի անձնական գործը

1. Ծառայության ծառայողի ծառայության ընթացքն արտացոլվում է նրա անձնական գործում, որի վարման կարգը սահմանում է Ծառայության պետը:

Հոդված 30. Ծառայության ծառայողի համազգեստը և
ծառայողական վկայականը

1. Ծառայության ծառայողների համար սահմանվում է համազգեստ, որի ձևը և կրելու կարգը սահմանում է Վարչապետը:
2.Ծառայության ծառայողին տրվում է ծառայողական վկայական, որի ձևը, տրամադրման, ոչնչացման, անվավեր ճանաչման և կրելու կարգը հաստատում է Ծառայության պետը:

Հոդված 31. Ծառայության ծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական երաշխիքները

1. Ծառայության ծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական պաշտպանությունը երաշխավորվում է պետության կողմից։
2. Ծառայության ծառայողները և նրանց ընտանիքների անդամները պետության պաշտպանության ներքո են: Ծառայության ծառայողի, նրա ընտանիքի անդամների կամ նրա զբաղեցրած բնակելի և ծառայողական տարածքների անձեռնմխելիության նկատմամբ ոչ իրավաչափ ներգործության սպառնալիքի դեպքում Ծառայության ծառայողն անվտանգությունն ապահովելու նպատակով իրավունք ունի դիմելու Ծառայության պետին:
3.Սույն հոդվածում նշված անձանց սոցիալական երաշխիքների տրամադրման կարգն ու պայմանները սահմանում է Վարչապետը:

Գ Լ ՈՒ Խ 10.

ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՆԳՍՏԻ ԺԱՄԱՆԱԿԸ, ԱՐՁԱԿՈՒՐԴԸ


Հոդված 32. Ծառայության ծառայողի արտաժամյա ծառայությունը

1. Ծառայության ծառայողը կարող է ներգրավվել արտաժամյա ծառայության`
1) պետության անվտանգության ապահովման համար.
2) պետության պաշտպանության անհրաժեշտության դեպքում.
3) Ծառայության վրա դրված խնդիրների և գործառույթների իրականացման համար, որոնք, իրենց առանձնահատկություններով պայմանավորված, չեն կարող կասեցվել կամ դադարեցվել.
4) ուսումնավարժական հավաքների կամ միջոցառումների ժամանակ, ինչպես նաև օրենքով նախատեսված այլ դեպքերում:
2. Ծառայության ծառայողին օրական 8 ժամից ավելի արտաժամյա ծառայության ներգրավել չի թույլատրվում: Օրվա ընթացքում ծառայության տևողությունն արտաժամյա ծառայության հետ չպետք է գերազանցի 16 ժամը: Ծառայության ծառայողի արտաժամյա ծառայության տևողությունը տարվա ընթացքում չպետք է գերազանցի 300 ժամը:

Հոդված 33. Ծառայության ծառայողին ծառայության ներգրավելը հանգստյան և տոն օրերին

1. Սույն օրենքի 32-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված դեպքերում Ծառայության ծառայողը կարող է ծառայության ներգրավվել հանգստյան և տոն օրերին:
2. Հանգստյան և տոն օրերի ծառայության համար տրվում է հավելավճար` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով և պայմաններով:
3. Հանգստյան և տոն օրերին, ինչպես նաև արտաժամյա ծառայության հաշվարկման կարգը սահմանում է Ծառայության պետը:

Հոդված 34. Հերթապահության ժամանակը

1. Հերթապահության ժամանակի տևողությունը յուրաքանչյուր ամսվա համար չպետք է գերազանցի 100 ժամը:
2. Հերթապահության ժամանակի հաշվարկման կարգը սահմանում է Ծառայության պետը:

Հոդված 35. Ծառայության ծառայողների արձակուրդը

1. Ծառայության ծառայողն ունի ամենամյա նվազագույն և ամենամյա լրացուցիչ արձակուրդի իրավունք:
2. Ծառայության ծառայողի ամենամյա արձակուրդի տևողությունը 20 աշխատանքային օր է, իսկ լրացուցիչ արձակուրդի տևողությունը` չորս աշխատանքային օր:
3. Ծառայության ծառայողին հերթական և (կամ) լրացուցիչ արձակուրդը տրամադրվում է այնպես, որ չխոչընդոտի տվյալ կառուցվածքային ստորաբաժանման բնականոն գործունեությանը:
4. Առանձին դեպքերում, անձնական կամ ընտանեկան հանգամանքներից ելնելով, Ծառայության ծառայողին կարող է մեկ տարվա ընթացքում տրամադրվել չվճարվող արձակուրդ՝ ոչ ավելի, քան երեսուն օր:

Հոդված 36. Ծառայության ծառայողի արձակուրդի տեսակները

1. Ծառայության ծառայողին վարձատրության պահպանմամբ տրվում են`
1) ամենամյա արձակուրդ.
2) ուսումնական արձակուրդ.
3) լրացուցիչ (կարճաժամկետ) արձակուրդ.
4) հիվանդության պատճառով արձակուրդ.
5) հղիության և ծննդաբերության, ինչպես նաև մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար արձակուրդ:
2. Սույն հոդվածի առաջին մասի 2-5-րդ կետերում նշված արձակուրդները ծառայողի ամենամյա արձակուրդում չեն հաշվվում:
3.Ծառայության ծառայողին արձակուրդ տրամադրելու կարգը և պայմանները սահմանում է Վարչապետը:

Գ Լ ՈՒ Խ 11

ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԽՐԱԽՈՒՍՈՒՄԸ ԵՎ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 37. Ծառայության ծառայողների խրախուսումը

1. Երկարամյա ծառայության, ինչպես նաև ծառայողական պարտականությունները և (կամ) սահմանված կարգով տրված հանձնարարականներն ու առաջադրանքները գերազանց կատարելու համար Ծառայության ծառայողների նկատմամբ կարող են կիրառվել խրախուսանքի հետևյալ տեսակները.
1) շնորհակալության հայտարարում.
2) միանվագ դրամական պարգևատրում.
3) հուշանվերով պարգևատրում.
4) լրացուցիչ վճարովի տասնօրյա արձակուրդի տրամադրում.
5) մեդալով կամ կրծքանշանով պարգևատրում.
6) զբաղեցրած պաշտոնին հասանելիք առավելագույն կոչումից մեկ աստիճան բարձր հատուկ կոչման շնորհում:
2. Սույն հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով նախատեսված խրախուսանքի տեսակը Ծառայության ծառայողների նկատմամբ ծառայության ամբողջ ընթացքում կարող է կիրառվել միայն մեկ անգամ:
3.Ծառայության ծառայողների նկատմամբ խրախուսանք կիրառում է պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող անձը:
4. Երկարամյա ծառայության և (կամ) ծառայողական պարտականությունները և (կամ) հանձնարարականները (առաջադրանքները) բարեխղճորեն կատարելու համար Ծառայության ծառայողը պարգևատրվում է մեդալով կամ կրծքանշանով:
5. Ծառայությունը թողարկում է գերատեսչական մեդալներ և կրծքանշաններ, որոնց տեսակները, ձևերը և շնորհման կարգը սահմանում է Ծառայության պետը:

Հոդված 38. Ծառայության ծառայողների նկատմամբ կիրառվող
կարգապահական տույժերը

1. Կարգապահական խախտման ծանրությունից ելնելով` Ծառայության ծառայողների նկատմամբ կարող են կիրառվել հետևյալ կարգապահական տույժերը.
1) նախազգուշացում.
2) նկատողություն.
3) խիստ նկատողություն.
4) հատուկ կոչման իջեցում` մեկ աստիճանով.
5) պաշտոնի իջեցում մեկ աստիճանով.
6) ծառայության (լիազորությունների) դադարեցում:
2. Ծառայության ծառայողի նկատմամբ հատուկ կոչման իջեցում մեկ աստիճանով կարգապահական տույժը ծառայության ամբողջ ընթացքում կարող է կիրառվել միայն մեկ անգամ` հատուկ կոչումը շնորհած պաշտոնատար անձի կողմից:
3. Ծառայողների նկատմամբ կարգապահական տույժ կիրառում է պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող անձը: Ծառայության պետի հրամանով որոշ կարգապահական տույժերի նշանակման լիազորությունը կարող է պատվիրակվել այլ պաշտոնատար անձանց:

Հոդված 39. Ծառայության ծառայողին կարգապահական պատասխանատվության ենթարկելու կարգը

1. Կարգապահական տույժը նշանակվում է, եթե վեց ամսից ավելի չի անցել կարգապահական խախտումը հայտնաբերելու օրվանից՝ չհաշված հիվանդության կամ արձակուրդում գտնվելու ժամանակաշրջանը. ընդ որում, նշանակվող տույժը պետք է համապատասխանի կատարված խախտման բնույթին:
2. Կարգապահական յուրաքանչյուր խախտման համար կարող է նշանակվել մեկ կարգապահական տույժ:
3. Կարգապահական տույժի մասին Ծառայության ծառայողը տեղեկացվում է դրա նշանակումից հետո` հնգօրյա ժամկետում:
4. Եթե կարգապահական տույժ նշանակվելու օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, Ծառայության ծառայողը նոր կարգապահական տույժի չի ենթարկվել, ապա այն համարվում է մարված: Սույն մասի դրույթները չեն տարածվում սույն օրենքի 57-րդ հոդվածի 1-ին մասի 4-6-րդ կետերով նախատեսված կարգապահական տույժերի վրա:
5. Ծառայության ծառայողի նկատմամբ կարգապահական տույժերը կարող են կիրառվել միայն ծառայողական քննության արդյունքների հիման վրա:
6. Ծառայողական քննության ժամանակահատվածում Ծառայության ծառայողի լիազորությունները կարող են ժամանակավորապես կասեցվել, եթե բավարար հիմքեր կան ենթադրելու, որ, պաշտոնում մնալով, նա կխոչընդոտի ծառայողական քննության անցկացումը: Այդ դեպքում Ծառայության ծառայողի վարձատրությունը պահպանվում է:
7. Ծառայության ծառայողի նկատմամբ քրեական հետապնդում հարուցված լինելու դեպքում նրա պաշտոնավարումը կարող է կասեցվել Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված դեպքերում և կարգով:
8. Ծառայության ծառայողն իրավունք ունի իր նկատմամբ նշանակված կարգապահական տույժի մասին որոշումն օրենքով սահմանված կարգով բողոքարկելու դատարան:
9. Կարգապահական տույժի ենթարկված Ծառայության ծառայողը չի ազատվում նույն արարքի համար օրենքով սահմանված քաղաքացիական, վարչական կամ քրեական պատասխանատվությունից:

Հոդված 40. Ծառայողական քննությունը

1. Սույն օրենքով նախատեսված դեպքերում պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը նշանակում է ծառայողական քննություն:
2. Ծառայողական քննություն անցկացնելու կարգը սահմանում է Վարչապետը:

Գ Լ ՈՒ Խ 12

ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼԸ
ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՐՁԱԿԵԼՈՒ ՀԻՄՔԵՐԸ

Հոդված 41. Ծառայության ծառայողին պաշտոնից ազատելը

1. Ծառայության ծառայողներն զբաղեցրած պաշտոնից ազատվում են`
1) հաստիքների կրճատման, ստորաբաժանման լուծարման կամ վերակազմակերպման դեպքում Ծառայությունում այլ պաշտոնի նշանակվելիս.
2) հաստիքների կրճատման, ստորաբաժանման լուծարման կամ վերակազմակերպման դեպքում, եթե ծառայողին համապատասխան պաշտոնում նշանակելը հնարավոր չէ, և հաստիքների կրճատումը պայմանավորված է Ծառայության հաստիքների ընդհանուր թվի կրճատմամբ.
3) ատեստավորման արդյունքների հիման վրա այլ պաշտոնի նշանակվելիս.
4) իր դիմումի համաձայն.
5) Ծառայողի ծառայության լիազորությունները դադարեցնելիս:
2. Ծառայողին պաշտոնից ազատում է նրան պաշտոնի նշանակելու իրավունք ունեցող ղեկավարը:

Հոդված 42. Ծառայողի ծառայության լիազորությունները դադարեցնելու հիմքերը

1. Ծառայության ծառայողի լիազորությունները դադարում են՝
1) տարիքի կապակցությամբ` Ծառայությունում ծառայության մեջ գտնվելու և սահմանային տարիքի հասնելու դեպքում.
2) Հայաստանի Հանրապետության քաղաքացիության դադարեցման, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիության հետ միաժամանակ այլ պետության քաղաքացիություն ձեռք բերելու կամ այլ պետությունում կացության կարգավիճակ ստանալու դեպքերում.
3) դատական կարգով անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչվելու դեպքում.
4) դատական կարգով Ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունքից զրկվելու դեպքում.
5) իր նկատմամբ դատարանի մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու դեպքում.
6) հաստիքների կրճատման դեպքում, եթե համաձայն չէ նշանակվելու այլ պաշտոնի.
7) ծառայողական անհամապատասխանության պատճառով` ատեստավորման կարգով.
8) այլ աշխատանքի անցնելու կամ ընտանեկան հանգամանքների կապակցությամբ.
9) կադրերի ռեզերվում գտնվելու ժամկետը լրանալու դեպքում, եթե համաձայն չէ նշանակվելու առաջարկվող պաշտոնին.
10) համապատասխան կարգապահական տույժի ենթարկվելու դեպքում.
11) նրա մահվան դեպքում:
2. Ծառայության ծառայողին ծառայությունից արձակում է նրան համապատասխան պաշտոնին նշանակելու իրավունք ունեցող ղեկավարը:
3.Ծառայությունից արձակվող ծառայողն արձակվելու օրը ստանում է վերջնահաշվարկ:
Գ Լ ՈՒ Խ 13

ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ, ՏԱՐԲԵՐԱՆՇԱՆԸ ԵՎ ԿՆԻՔԸ

Հոդված 43. Ծառայության ծառայողի վարձատրությունը

1.Ծառայության ծառայողների վարձատրության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեց¬նող անձանց վարձատրության մասին» օրենքով:

Հոդված 44. Ծառայությունից արձակված ծառայողներին տրվող վճարումները, արտոնությունները և կենսաթոշակի ապահովումը

1.Ծառայությունից արձակված ծառայողներին տրվող վճարումները, արտոնությունները, կենսաթոշակի ապահովումը և կենսաթոշակ նշանակելու պայմանները, տեսակները, կենսաթոշակի անցնելու կապակցությամբ տրվող դրամական օգնությունը և վճարումները, կենսաթոշակի իրավունք տվող ստաժի հաշվարկման կարգը, ինչպես նաև սոցիալական ապահովության հետ կապված մյուս հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքով սահմանված կարգով, «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և իրավական այլ ակտերով:

Հոդված 45. Ծառայության տարբերանշանը և կնիքը

1. Ծառայությունն ունի տարբերանշան, որի ձևը հաստատում է Վարչապետը:
2.Ծառայությունն ունի իր տարբերանշանի պատկերով կնիք:

Հոդված 46. Սույն օրենքը խախտելու համար պատասխանատվությունը

1. Սույն օրենքը խախտող անձինք պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

ԳԼՈՒԽ 14
ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄԱՍ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 47. Օրենքի ուժի մեջ մտնելը և այլ դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:
2. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` վեցամսյա ժամկետում, իսկ այդպիսի իրավական ակտերի բացակայության դեպքում Ծառայությունն իր լիազորություններն իրականացնում է միայն օրենքով սահմանված կարգավորումների շրջանակում։

Հոդված 48. Ծառայության ծառայողների առաջին ատեստավորումը

1.Ծառայության ծառայողների առաջին ատեստավորումն անցկացվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց տասներկու ամիս հետո:

  • Обсуждалось

    04.11.2022 - 19.11.2022

  • Тип

    Закон

  • Область

    Безопасность

  • Министерство

    Служба национальной безопасности

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 7170

Принт

Связанные документы / ссылки

Предложения

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն

18.11.2022

1.Արտաքին հետախուզության ծառայության (այսուհետ՝ Ծառայություն) ձևավորման և արտաքին հետախուզական գործունեություն իրականացնող այլ մարմիններիգործունեության նպատակահարմարության վերաբերյալ. Առաջարկ •Նախագծով ամրագրել, որ նոր Ծառայության ձևավորումից հետո ԱԱԾ արտաքին հետախուզական գործունեություն իրականացնող ստորաբաժանումը պետք է լուծարվի՝ գործառույթների ուղղվածության կրկնողությունը բացառելու և ոլորտի արդյունավետ և կենտրոնացված կառավարման համակարգ ներդնելու նպատակով, •նախագծի անցումային դրույթներում ամրագրել, որ Ծառայությունը սկսում է գործել Ծառայության ուսումնական կենտրոնում պատրաստում և վերապատրաստում անցած ապագա առաջին փուլն անցած ծառայողների՝ ուսումնառությունն ավարտելուց հետո: 2.Ծառայության կազմավորման իրավակարգավորումների վերաբերյալ. Առաջարկ •Նախագծի 19-րդ հոդվածում ամրագրել, որ Ծառայությունն իր գործունեության արդյունքների վերաբերյալ հաշվետու է նաև խորհրդարանի առջև և փակ ռեժիմով ներկայացնում է կիսամյակային և տարեկան զեկույց, •քննարկել Ծառայության ղեկավարի նշանակման հարցում խորհրդարանի դրական եզրակացության ստացման հարցը՝ սահմանադրական բարեփոխումների լույսի ներքո: Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ

Գևորգ Մանուչարյան

10.11.2022

Օրենքի նախագծի 6-րդ հոդվածի 4-րդ մասում ասվում է, որ արտաքին հետախուզական գործունեության նպատակներն են՝ արտաքին հետախուզական գործունեությունը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովման խնդիրներ իրականացնող այլ մարմիններին արտաքին հետախուզական ոլորտի համապատասխան տեղեկատվությամբ ապահովումը, իսկ 9-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն արտաքին հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների կողմից արտաքին հետախուզական գործունեության արդյունքում ձեռք բերված տեղեկատվությունը տրամադրվում է Վարչապետին՝ վերջինիս սահմանած կարգով։ Այստեղ առկա է հակասություն և առաջարկում եմ, որ 9-րդ հոդվածի 2-րդ մասը միացնել 9-րդ հոդվածի 1-ին մասին որպես՝ արտաքին հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների կողմից արտաքին հետախուզական գործունեության արդյունքում ձեռք բերված տեղեկատվությունը տրամադրվում է Վարչապետին, ինչպես նաև վերջինիս սահմանած կարգով նաև պետական այլ մարմիններին։ Հոդված 2-ում՝ Արտաքին հետախուզությունը և արտաքին հետախուզական գործունեությունը մասում առաջարկում եմ ավելացնել նաև 3-րդ մաս, այն է՝ Հայաստանի Հանրապետության կենսական շահերին առնչվող օտարերկրյա պետությունների, կազմակերպությունների եւ քաղաքացիների գաղտնի պլանների, մտադրությունների, իրական եւ հնարավոր գործողությունների մասին տեղեկատվության հայթհայթման մասին։ Հոդված 3-ի 1-ին մասում գրված է՝ Արտաքին հետախուզական գործունեությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, Հայաստանի Հանրապետության համապատասխան միջազգային պայմանագրերի, սույն օրենքի, այլ օրենքների և իրավական ակտերի հիման վրա։ Սակայն առաջանում է հարց․ եթե Հայաստանի Հանրապետության վավերացված միջազգային պայմանագրերում սահմանվում են այլ նորմեր, քան նախատեսված է սույն օրենքով, ապա ո՞ր նորմերն են կիրառվում։ Հոդված 5-ում Արտաքին հետախուզական գործունեության հիմնական սկզբունքներին առաջարկում եմ ավելացնել նաև պետության անվտանգության ապահովման գործում իրավասու այլ մարմինների հետ համագործակցության սկզբունքը։ Հոդված 42-ում առաջարկում եմ ավելացնել Արտաքին հետախուզության աշխատակցի ՀՀ-ից դուրս գործունեության խափանման դեպքում վերջինիս հանդեպ Պետության պարտավորվածությունից, այն է՝ Արտաքին հետախուզության մարմնի աշխատակցի Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս հետախուզական գործունեության իրականացման հետ կապված, կալանքի, ձերբակալության, ազատազրկման դեպքում, պետությունը պարտավոր է միջազգային իրավունքի նորմերին համապատասխան աջակցել նրան։ Ինչպես նաև նույն հոդվածում ավելացնել, որ Արտաքին հետախուզության մարմնի աշխատակիցը իրավախախտման համար կրում է պատասխանատվություն օրենքով սահմանված կարգով։ Հոդված 42-ի 1-ին մասի 8-րդ կետում նշվում է այլ աշխատանքի անցնելը կամ ընտանեկան հանգամանքների կապակցությամբ ծառայողի ծառայության լիազորությունները դադարեցնելու հիմք, սակայն օրենքում հստակ չի արտացոլվում, որ Արտաքին հետախուզության մարմինների կադրային կազմի աշխատակիցները իրավասու չեն համատեղությամբ զբաղվելու այլ վճարովի աշխատանքով, այդ թվում մանկավարժական, գիտական կամ ստեղծագործական գործունեությամբ, եթե դա թելադրված չէ ծառայողական անհրաժեշտությամբ։

Վարդան Մկրտչյան

05.11.2022

«Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀԱՐԱԿԻՑ նախագծում նախատեսվում է նշված օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել 7-րդ կետով («արտաքին հետախուզության ծառայությունը»): ԱՌԱՋԱՐԿ՝ նույն օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել նաև հետևյալ բովանդակությամբ 8-րդ կետով. «պաշտպանության բնագավառի պետական լիազոր մարմնի հետախուզության ստորաբաժանումը՝ ռազմական, ռազմաքաղաքական, ռազմատեխնիկական և ռազմա-տնտեսական ոլորտներում»: Առաջարկը բխում է. (1) «Արտաքին հետախուզական գործունեության և արտաքին հետախուզության ծառայության մասին» ՀՀ օրենքի նածագծի 11-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի բովանդակությունից, (2) Նախկին ԽՍՀՄ բոլոր հանրապետությունների (բացառությամբ Հայաստանի Հանրապետության) օրենսդրական պրակտիկայից:

Узнать больше